Աիդա Հարությունյան | Հրաժեշտ տասնիննին

ՀՐԱԺԵՇՏ ՏԱՍՆԻՆՆԻՆ

Մեկ տարի քեզ հետ,
մեկ տարի անձրևում էր,
պատիճից դուրս եկած ծիլ էի,
քամին ձեռք էր տալիս,
դողում էի,
ինչպես այն ժամանակ,
երբ պարելիս գոտկատեղին է
սեղմված ձեռքը սիրեցյալի:
Մեկ տարի քեզ հետ,
մեկ տարի թափանցիկ էի, բարակ,
մարմինս ջրերի հետ ճամփորդում էր:
Լուսաբացներին,
երբ սովածություն էի զգում,
ձկները կերակրում էին,
լռության լեզվով խոսել սովորեցրին,
երբ սկսեցի վարժ խոսել,
հանկարծ երկնքից
մանյակներ թափվեցին
երկար վարսերիս վրա:
Ջրահարս դարձա,
իսկ ձկների թեփուկները
մեծանալ սկսեցին…
Մեկ տարի քեզ հետ
քայլեցի փոքր քայլերով,
դանդաղ՝
շերամի մետաքսաթելերից
հյուսած քողը երեսիս:
Աչքիս առաջ էր նուրբ կապույտում
առանձնացող ջրիմուռի
կանաչադեղնավուն երանգը,
իր աչքերում այդ
անսահմանությունը կրող
մի երիտասարդ
ինձնից սեր խնդրեց,
նորահարս դարձա,
համեստությունս
այնքան ուժեղ էր,
որ քաղցրահամ լիճը
աղի դարձավ.
քայլում ենք մինչև
սուրբծննդյան գիշեր,
լավ կլիներ,
եթե նավարկեինք,
ավազե ժամացույցի
հատիկները
հսկա քարեր կդառնային,
ջուրն աննկատ կսառցապատվեր՝
թողնելով մեզ
տարածության կենտրոնում
մոլորված, բայց և ճակատագրի
նախասահմանմանը շնորհակալ…
Ժամանակը տանում է ինձ,
քայլում եմ…

 

* * *

Որտեղ դու ես ապրում,
ամենուրեք եղևնիներ են,
քեզ հետ ամեն օրս
նոր տարի կլիներ…

 

ԵՐԿՈւ ՍԻԼՈւԵՏ

Երբ լռում էի,
իմ լեզվով էիր խոսում,
երբ սկսեցի խոսել,
երկուսով լռեցինք…

 

* * *

Քո լռությունը թթվածին է,
կարմիր վարդի թավշե թերթիկ,
օրվա մեջ մի քանի անգամ
կերպափոխվում եմ,
իսկ մարմնիս մեջ
կենսական գույնը
կորիզաչափ սրտեր է սերում:
Երբ ճիշտ ժամանակին
աշխարհ գանք,
մարմնակիցներ կդառնանք.
քո լռությունը թթվածին է:
Կանաչ-կանաչ ոտքերով
լիճ եմ հասնում,
Եվայի զգեստը հագիս
ջրի երեսին այս ու այն կողմ շարժվող
արտացոլանքս եմ գրկում:
Կռունջ մազերս երկարեցին՝
մորեմերկ մարմինս ծածկելով
մինչև քեզ հասնեմ:
Քո լռությունը թթվածին է,
զառամ ծառի բույն,
ականջ եմ դնում,
մարի եմ դառնում
ամենաբարակ ճյուղին նստած:
Ձեռքիդ հուրան է՝
պատրաստ կառուցելու
հողմակայուն տնակ,
իսկ ես պատրաստ եմ մայրանալ
ինքնակառույց օրրանում…

 

* * *

Ծառի՝ պատուհանից
ծիկրակող դալար ճյուղ,
քամին ճոճում է քեզ
վարանման պահին,
դու նման ես
այն երկմիտ
սիրահարին,
որի քայլերի ընթացքը
համաչափ տատանումն է…

 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆ

Աստծու հետ ձեռք էիր սեղմել,
խոստացել, որ արարումից հետո
կմնաս օրենքի սահմաններում:
Խնձորենին պտուղ տվեց,
գույնը մայրամուտի՝
հորիզոնին քսված
կարմիրին հասավ,
աչքի առաջ բարակեց,
երկարուկ սալորի
տեսք ստացավ,
ընկավ շեղջակույտի վրա,
կինը խյուս ստացավ խնձորից,
մշակեց տղամարդու կողի վերքը…

Կարինե Տոնապետյանին

* * *

Հանդիպելիս երկար նայեցինք իրար,
ես ավազե կույտ դարձա,
դու՝ ձյունագույն եզրերով ալիք,
ծալ-ծալ առաջ էիր գալիս,
փորձում սուզել ինձ քո մեջ.
երկինքը թարթեց տաք աչքը,
յոթ գույն փայլեց երեսիդ.
ուզեցի հրել,
պատճառավոր դարձա…

 

ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ

Տուն մտնելիս
միջանցքում
կոշիկի պահարանին եմ նայում,
հորս հողաթափերը չկան,
տանն է…

* * *
Երկու երազանք ունեմ.
առաջինը՝ դու,
երկրորդը՝ մենք…

 

ԿԱԹԻԼ

Շողակնի պես
փայլում է դալկացած տերևի վրա,
իսկ նուրբ մետաքսե,
ժանեկազարդ եզրերով
սփռոցի վրա
շնչահեղձ լինում…

 

* * *
Տաբատի շղթա,
զույգի մատների միջով
սահող և ամրացող
անխախտ սեր…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *