Խառն էր գլուխը: Խոհանոցի պես: Առավոտից կտուրից կախված հում օրը եկել կանգ էր առել խոհանցում՝ Սառայի ու լվացարանում իրար գլխի լցված կեղտոտ ամանների, սեղանին փշրված հացի, գազօջախին երեկվանից նեխած կանաչ լոբու միջև: Երեխան սպաս էր ուզել: Մեծ կաթսայում մաղով քամեց ու խառնեց մածունը, թթվասերը, ջուրը, ալյուրը, ձուն: Երբ կեղտոտ ափսեների վրա բացեց ջուրն ու մաղով ձավարը տակը պահեց, հանկարծ կոկորդում զգաց նույն գունդը: Ստուգել էր, գիտեր որ ուռուցք չի: Բայց հիմա հելիկոբակտերն էլ չէր: Արցունքներն անձայն հոսեցին ափսեում չորացած նախորդ օրվա սալաթից մնացած ձիթայուղի մեջ: Հավերը կչկչում էին: Շոգը հաճելի էր: Սառան պպզած նայում էր՝ ինչպես է տատը հավերին կուտ տալիս: Թաց ձավարի հոտն էր մանկություն տարել: Ու հիմա լռվել-մնացել էր հավերի ու տատի արանքում: Մաղով ձավարը հանեց ջրի տակից ու մինչ մածնաջրի մեջ լցնելը երկար նայում էր, հոտ քաշում: Հում օրը հիմա էլ բկին էր կանգնել: Կերչում մնացած պապը, որի մեծ լուսանկարը կախված էր հյուրասենյակի պատին: Կռացած տատը: Թթի օղին, որով պարտադիր սկսվում էր նրա օրը: Կորած ու անիմանալի: Հեռու մի տեղ մնացած: Ձավարը: Դրեց սեղանին: Չէր ուզում մանկությունը եփել:
Քաղաքը: Չէր սիրում: Ոչ ոք չէր սիրում: Ջղաձգվում էր սեփական փոշու ու չարության մեջ: Դիմապակին ճաքած, դարերով չլվացված ծխախոտահոտ տաքսիների շաբաթներով չլողացած ծխախոտահոտ տաքսիստները գոռում էին, երկար սիգնալ տալիս, հայհոյում ու շարունակ քշում առաջին գծով, որ ուղևոր բռնեն: Հետո բռնելուն պես խելք էին սովորեցնում: Ու ծամոնի պես ձգվում էին հայրենիքի ու դավաճանության մասին խոսակցությունները: Գրին քարտի, գնալ-մնալու, չմնալու, ոչ մի դեպքում չմնալու, տղաներին փախցնելու մասին խոսակցությունները: ԴՆԹ պատասխանի սպասող ծնողների ջուր կտրած աչքերի տակ ձգվում էին սառնարաններում իրար վրա դարսված դիակների, անհետ ու անհայտ կորածների, ծածանվող դրոշների, նորահայտ հուշարձանների ու գերեզմանաքարերի, անսկիզբ ու անվերջ ցանկերի մասին խոսակցությունները:
Քաղաքում, որտեղ արդեն երեք տասնամյակ է չկա արտադրություն, որտեղ չկա հարևան, որն ամեն առավոտ ժամը 7:30 տրամվայ կամ տրոլեյբուս կնստի, որը չունի բնականոն ռիթմ, չունի այսօր ու վաղը, չունի գետ, քաղաքում, որտեղ բոլորը կատաղած ու ջղային վազում են, օդում պարում են տոպրակները: Օդի աղտոտվածության մասին վաղուց չեն խոսում: Գրեթե չեն խոսում նաև հիվանդանոցներում շունչ տվող սարքերի տակ պառկածների մասին: Այստեղ ընդունված է մտածել, որ վիճակագրությունը սուտ է: Որ քեզ միշտ խաբում են: Բոլորը: Ու հատկապես իշխանությունները: Կառուցվում են նոր դատարկություններ ու լցվում դատարկություններով: Դատարկություն դատարկության վրա: Իրար գլխի հավաքված օտարներ, որոնք շարունակ խոսում են հայրենիքի մասին:
Ձեր սերունդն է մեղավոր: Ձեր սերունդը կորուսյալ սերունդ է: Վերցրիք իշխանությունն ու…
Ասում են դատարկության մեջ ծնված երեկվա պատանիները: Ու Սառան աչքերը չռած նայում է ձավարին, գրկում մանկությունը, ուզում կուչ գալ տատիկի տաք գրկում: Փակել աչքերը: Կախվել հում օրվա վզից ու ճոճվել: Անէանալ: Դատարկություն դատարկության վրա: Ու օդում կախված մեն-մի մայիս 9-ը, 1994 թվի, երբ առավոտ կանուխ 7:30 Հաղթանակի զբոսայգում անմար կրակի մոտ պապիկի լուսանկարն ու Կերչը գրկած փշաքաղվեց Շուշիի լուրից:
….Հայու Գենն ու Հայու Ոգին ձեզ ընկերության հայտ են ուղարկել: