ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | Որս

Լուսանկարը՝ Նարե Ղուկասյանի

Լուսանկարը՝ Նարե Ղուկասյանի

Որսորդը

#
Ես այս կողմերի որսորդն եմ –
միակը ի բնե, առկա այն տեղերում,
ուր իմ թակարդն ընկան կամ իմ անունը տվեցին:

#
Փրկիչ չեմ –
ամեն ինչ այնպես էլ հոսում է միակ հնարավոր հունով,
բանվոր չեմ –
ջանք չեմ գործադրում և անուններ չեմ դնում,
պահակ չեմ –
անհնար է պահպանել կյանքը մասին հիշողությամբ,
զինվոր չեմ կողմնապահ –
հավասար հմայիչ եմ գտնում՝
կարմիրն ու ոսկին սևի վրա
և երկնագույնն ու արծաթը՝ ճեփճերմակին,
դիտորդ չեմ –
թռչուններ կան, որ դեռ պիտի ճամփեմ գարուն,
ձիեր, որ պիտի սանրեմ,
մեղուներ, որոնց ընդառաջ ծաղկեմ պիտի –
մեղուն ղուն-ղուն ասի, հաֆուն՝ հաֆ-հաֆ:
Զվարթ է իմ հայտնությունը, երբ Աստղիկներ կան,
ում երազում ճանապարհ պիտի դառնամ
դեպի ծննդոց կաթ հեղող ակունքները:

#
Իմ չափերի համար չափազանց մեծ է
արարածներով և հիշողությամբ լցված
այս տարածությունը,
և հասցնելու համար ես այնտեղ եմ լինում միայն,
ուր որ թակարդ ունեմ ի տես
նրանց, որ սիրելու տարբեր ձևեր գիտեն՝
ինչպես որ վերցնելն ի ծնե,
տալն են սովորում, որպես ընթացքի իմաստություն
և լինելը, որպես ջրից ու արևից հասնելու կերպ:

Կամակոր չեմ – իմ կամքն այն է, ինչ լինում է
անհնարինը երազելու հեշտանքից:

#
Ազատություն ունեմ նաև դրանից զատ ու լիքը գործ –
անցնել բոլոր ջրերով ու քարերով,
լինել մեծերի մոտ ու փոքրերի հետ,
հասկանալի լինելով ինքնին՝ լեզու չդառնալ, բառ,
[որքան արարածներ կան համանիշ՝ նույնքան լեզուներ] նույնքան նշանագրեր չդառնալ՝
ընկալման սահմաններ չդառնալ
ի հնե միակության չափում:

#
Չդառնա՛լ:
Օրհնել գիշերներն ու ցերեկները նույն շնչով:

#
Սգավոր չեմ –
աշուններն ու գարունները,
առանձնյակների կենսագրությունը,
կյանքը և մահը
էությունից դրդված շնչառություն են:
Ես շունչն եմ:
#
Բնիկ չեմ – ես այստեղ չեմ եղել,
երբ բաժանվում էր պարարտն ու պատը,
ցուրտն ու ջերմը, առատն ու սուղը,
և ինձ համար
տեղորոշում ու ինքնություն չի սահմանվել:
Ճամփորդ եմ ուրիշ տեղերից եկած
և համատարած ուղևոր եմ
ինձ ու ինձ անվերջ ընդարձակվող,
ինքս ինձ անվերջ վերադարձող, ճշգրտող –
ուզում եմ լինել ավելի քան եմ՝
շոշափելով ավելի քան՝ է:

#
Ես երբեք չեմ լքում իմ եղած վայրերը:

#
Տերը չեմ – ինձ համար էլ նետ կա պահված՝
ինչպես այս կողմերում ամենայնիվ.
կհամընկնենք, երբ ճախրս ավելին լինի քան ես եմ –
պայծառ մտոք, մարմնով գեղանի ու ոգով զվարթ,
երբ ավելի ողջ էլ երբեք չեմ լինելու
և մահը արժանի որսորդ է,
սերը՝ արժանի թակարդ…
որսի և որսորդի կատարյալ միացումը սիրով –
ուտելն է:

#
Ես քո վախից արթնացած հրեշն եմ:
Ես քո տաքացրած օձն եմ:
Ես քո ունեցած-չունեցածն եմ:
Ես քո եղած-չեղածն եմ:
Ես քո որսորդն եմ:

Որսը

Վերջը… իմ արձակած նետն է… ո՛րս,

համ քո վրա, համ իմ սրտի թպրտոցի,
չորս արևներդ արնած՝ փափուկ մտիր փորըս,
համով մտիր որս, սև-պտավոր շորս կարմրոտիր –
ի՞նչ իմանաս հետո որ կողմ կապրենք որըս:

Վերջս տանում է… որս,
Դուռս տեսա, տեսա՝ լույս էր հորդում դուրս,
ջրի կապույտ փոշի՝ աղոտ քամու շնչին:

Աչքերս կարմիր լաթով կապած,
քաղցր պաչիկներով ինձ տար կամաց-կամաց,
փամփլիկ, փռչոտ իմ որս,
իմ քաղցր քուն,
ի՛մըս,
ոչ ոք չգա հետս,
ՄԻանալու միակ հնարավոր կետում –
մայրամուտվող արև՝ վերից իջիր ներսըս,
հանդարտ սուզվիր ներսըս,
իմ երգերով հիմա հետս խոսիր,
ծով դառնալու վերջին երազանքիս հանգույն՝
կարմիր, կարմիր, կարմիր արտահոսիր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *