Տղան դեղատան աշխատակցուհու հետ խոսում էր, աղաչում, թիթեռ-փողկապով մի երիտասարդի լուսանկարը ցույց տալիս նրան:
-Ճանաչո՞ւմ եք: Պետք է, որ տեսած լինեք:
-Չէ՛, չեմ ճանաչում, չեմ տեսել: Ո՞վ է:
-Նա իմ հայրն է՝ արվեստագետ է, դերասան, մեր ժամանակների ամենալավ դերասանը: Տարիներ շարունակ սերիալներում ու ֆիլմերում է խաղացել, վերջին դերը «Արդարադատ Անուշիրվան» բեմադրության մեջ էր, դուք երևի թատրոն չեք գնում, բայց նա հեռուստացույցում էլ է աշխատել, մի ժամանակ հաղորդավար էր՝ «Ապագայի արև» ծրագրում, որ ամեն երեկո ժամը իննից տասը հեռարձակվում էր, շատ հանդիսատես ուներ: Վստահ տեսած կլինեք նրան. Հոսեյն Օհեդի: Մի քիչ ձեր հիշողությունը լարեք՝ կհիշեք: Սերիալներում շատ է խաղացել, վերջինն էլ «Երիտասարդական հպարտությունն» էր: Հինգ տարի առաջ էր եթեր գնում: Իհարկե, այնքան էր մկրատվել ու կրճատվել, որ հայրս համարյա թե չէր երևում ֆիլմում:
-Չեմ տեսել, գլուխս խառն է,- տղայի ձեռքից դեղատոմսն առավ ու զննեց:
Տղան ասաց.
-Ես նրա տղան եմ, երկու տարի առաջ հիվանդացավ, սա էլ նրա դեղատոմսն է: Բոլորը ճանաչում են նրան, ինչպե՞ս է, որ դուք չեք ճանաչում, շատերն են ուզում նրանից ստորագրություն և լուսանկար ունենալ: Հիմա եթե ինքն այստեղ լիներ, բոլոր մարդիկ կհավաքվեին այստեղ՝ այս դեղատանը, որ գնումների պատրվակով նրան մոտիկից հանդիպեին: Եթե դեղեր էլ չառնեին, գոնե շամպուն, անձեռոցիկ և օդի խոնավացուցիչ կառնեին ձեզանից:
-Մենք այս դեղատոմսում գրված դեղերը չունենք: Ունեինք՝ վերջացավ: Ներեցե՛ք:
-Բոլորն ասել են, որ դուք ունեք, ես շատ եմ փնտրել: Շատերը ճանաչում էին իմ հորը, երբ իմացան նրա հիվանդության մասին՝ անհանգստացան, ձեռքները ծնկներին խփեցին, կանայք ձեռքի ափով զարկեցին իրենց այտերին, այնպես որ մատների հետքը մնաց երեսի վրա: Նրանք իմ հոր խաղացած «Դայի Ասադի» դերը տեսել էին, չեն մոռացել:
-Ես չեմ տեսել, սերիալ նայելու տրամադրություն չունեմ, ժամանակ էլ չունեմ, մինչև տուն եմ հասնում՝ կեսգիշեր է դառնում: Մեր տունն էլ Քարաջ քաղաքում է: Երբ տուն եմ հասնում՝ անշնչացած վեր եմ ընկնում: Մեր հեռուստացույցն էլ փչացել է:
-Քարաջ քաղաքում հո հեռուստացույց կա, չկա՞: Մի հատ առեք:
-Այս դեղատոմսը չունենք: Գնա ուրիշ տեղ փնտրիր, գուցե ունենան:
-Մի բան արեք էլի՜: Դայի Ասա՞դը, որ անմեղ աղջկան փրկում էր ստոր մարդկանց ձեռքի՞ց: Չեք հիշո՞ւմ: Այնտեղ մորուք ուներ, այս նկարում չունի: Նրա մորուքավոր նկարն էլ ունեմ, բայց շատ փոքր է:
Կինը վերցնում է շրջանակված լուսանկարը, ուշադիր նայում, իր գործընկերներին ցույց տալիս, որոնցից երկուսն օրորում են իրենց գլուխը՝ դրական պատասխանի իմաստով, այսինքն ծանոթ է գալիս, բայց անունը չեն հիշում, իսկ մյուս երեքը ուսերն են թոթվում, այսինքն չեն ճանաչում:
Տղան երբ տեսավ, որ երկու հոգի ճանաչում է իր հորը, ոգևորվեց: Նկարը հետ վերցրեց ու սիրալիր ժպտաց: Մոտեցավ նրանցից մեկին, մի ձեռքով շրջանակը պահեց, մյուս ձեռքով տոպրակից հանեց «Բյուրեղյա սիմորղի» [1] արձանը:
-Մրցանակ էլ է շահել նախարարի ձեռքից, հեռուստատեսության տնօրենի ձեռքից: Մեր տանը լիքը մրցանակներ կան: Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակ է շահել՝ «Բյուրեղյա սիմորղ» է ստացել, սա էլ իր «սիմորղն» է՝ առասպելական թռչնի արձանը: Մի քանի տարի առաջ փառատոնի առաջին մրցանակը պիտի տային՝ ամբողջ կյանքը գեղարվեստական աշխատանքներին նվիրելու պատվին: Գործընկերները միջամտեցին՝ չթողեցին ստանա: Գնացին մեկ առ մեկ հանդիպեցին ժյուրիի անդամներին, նրանց քվեները փոխել տվեցին, որովհետև հայրս դուդուկի տակ պարողներից չէր, միշտ քննադատում էր, հայհոյում համակարգին: Վայ էդ տեսակ գործընկերներին… Հայրս դառնացավ, համբուրեց ու մի կողմ դրեց կինոն, գնաց թատերական ասպարեզ և «Արդարադատ Անուշիրվանի» դերը մարմնավորեց:
Հիվանդները հավաքվեցին պատանու շուրջ, իրար ուսերի վրայից ծիկրակեցին, որ տեսնեն շրջանակի միջի սափրված ու փողկապավոր նկարը, ինչպես նաև նրա մորուքավոր նկարը՝ սիմորղի հետ:
Պատանի տղան կոշիկները հանեց ու կանգնեց աթոռի վրա: Հանդես բացեց.
-Շատ հայտնի մարդ է, հիմա եթե այստեղ լիներ, բոլորդ կուզեիք նկարվել նրա հետ:
Դեղատան ճրագների ուժեղ լույսերի ներքո հեքիաթային հավքը փայլփլում էր տղայի ձեռքում: Դեղատունը բազմամարդ էր, հիվանդներն ու հաճախորդները հավաքվեցին տղայի շուրջ, սկսեցին նայել, երբևէ մոտիկից սիմորղ չէին տեսել, սկսեցին քննարկել.
-Ես ինքս կենդանաբանական այգում սիմորղ տեսել եմ: Երեխաները աղի ձողիկ էին տալիս նրան, նա էսպիսի տեսք չուներ բոլորովին:
-Դա իսկի սիմորղ չի եղել: Սիմորդն ա՜յ էսքան մեծ է, չի տեղավորվի վանդակում:
-Սիմորղը առասպելական թռչուն է, շատ էլ թանկ է: Միայն մի հատ կար՝ Ֆիրդուսին ուներ, Շահնամեում ինքն է գրել՝ ես ունեմ: Իհարկե, բանաստեղծ Աթթար Նեյշաբուրին էլ մի հատ ունեցել է, բայց չէր վաճառում, ասում էր. «Սա հոգևոր է, վաճառվելիք չէ»:
-Մեր թաղամասում դեղաբույսերի, ավանդական բժշկության մի խանութ կա, որ սիմորղի ձու է ծախում:
Մի ծերուկ մարդ իր թևի տակի հենափայտով մոտեցավ սիմորղ տեսնելու և ասաց.
-Ես էլ եմ տեսել այդ խանութը, դռան վրա էլ գրություն էր փակցրել, թե՝ «Սիմորղի ձուն օգտակար է անքնության և մեջքացավի համար: Մենք ունենք»:
Դեղատան վերջնամասի սեղանի հետևում նստած տղամարդը, ում մազերը ճերմակել էին, կոճկեց իր սպիտակ խալաթը, վեր կացավ տեղից ու մոտ եկավ.
-Ի՞նչ է, ի՞նչ է պատահել: Տղա ջա՛ն, ի՜նչ ես դեղատունը խառնել իրար, բոլորին հավաքել ես շուրջդ, որ ի՞նչ:
Տղան պարոնի ձեռքը տվեց սիմորղն ու դեղատոմսը: Պարոնը մի կողմ հրեց սիմորղն ու սկսեց կարդալ դեղատոմսը.
-Չունենք ջա՛նս, պրծել ենք:
-Ասել են, բոլորն ասել են՝ դուք ունեք: Քաղաքի մյուս ծայրից եմ եկել, երեք տեղ ավտոբուս եմ փոխել՝ էստեղի հույսով: Հարգելի դոկտոր, իմ հայրը կարևոր ու հայտնի մարդ է: Դուք որ տուն գնաք, ձեր կնոջից ու երեխաներից հարցրեք, ասեք՝ «Դայի Ասադ», ձեր կինն ու երեխաները կճանաչեն նրան: Հետո ափսոսանքով ձեռքը ծնկին կզարկեք ու կասեք. «Է՜յ գիտի աշխարհ, ինչո՞ւ չճանաչեցի, դեղերը չտվեցի»:
-Բայց ի՜նչ անեմ, որ չունենք: Ման արի՝ գուցե գտնես, բայց մենք չունենք: Մի քանի օր է, սպառվել է շուկայում, հազվագյուտ է դարձել: Մենք էլ ունեինք, ամբողջը վաճառվեց, վերջացավ:
Տղան շրջանակը վերցրեց տարեց կնոջ ձեռքից, ում լացը չէր կտրվում, և ցույց տվեց դոկտորին.
-Դուք պիտի որ այս մարդուն ճանաչեք, ձեր հասակակիցն է:
-Ո՞վ է:
-Իմ հայրը:
-Բացի հայրդ լինելուց, ուրիշ էլ ի՞նչ է արել, ինչարա՞ր է: Ինչո՞ւ պետք է նրան ճանաչեմ:
-Այսինքն դուք չեք ճանաչու՜մ նրան… Ուշադիր նայեք, «Երիտասարդական հպարտություն« սերիալը, կինոնկարները, «Մայրիկ, օգնի՛ր ինձ» ֆիլմը: «Վերջին վտանգավոր առաջադրանքը«, «Մենավոր ծառը՝ փոթորկի դեմ»: Ոչ մեկը չեք տեսե՞լ: Հոսեյն Օհեդի՝ երկրի թատրոնի ամենալավ դերասանը: Տարվա լավագույն մրցանակ շահած պիեսի՝ «Արդարադատ Անուշիրվանի» դերակատարը:
-Իմ գործերով եմ զբաղված, հազար տեսակ հոգս ունեմ, ների՛ր: Էդ բաների ժամանակ չի մնում: Գնա ջա՛նս, քանի դեռ դեղատները չեն փակել, ման արի, հարցուփորձ արա: Աստված անի՝ գտնես…
…Տղան աթոռին նստած դանթում էր: Վիզը թեքվել էր, ձեռքերում հոր նկարի շրջանակն էր պահել, իսկ սիմորղի արձանը դրել՝ կողքի աթոռի վրա: Սիմորղն իր երկար պոչով, թևերով ու փետուրներով գրավել էր ամբողջ աթոռը: Մի տարեց ու գեր կին խնդրեց նրան՝ արձանը վերցնի, որ ինքը նստի: Տղան վերցրեց սիմորղը, դրեց իր ծնկներին, իսկ նկարը կրծքին սեղմեց: Նայում էր հաճախորդներին, դոկտորին և դեղատան աշխատողներին, գլուխը հակված էր, մտքերի մեջ էր ընկել, մերթ ընդ մերթ դանթում էր:
Դոկտորը բարձրացրեց ձայնը.
-Տղա ջա՛ն, ասացի՝ մենք չունենք: Գնա ջա՛նս:
Տղան վեր կացավ ու առաջ գնաց.
-Դեռ չեք մտաբերե՞լ: Զարմանո՜ւմ եմ, որ Հոսեյն Օհեդիին չեք ճանաչում: Բոլոր մարդիկ ճանաչում են նրան: Երկու տարի է, ինչ հիվանդացել է, տանն է մնում: Կուզեք՝ զանգեք ձեր տիկնոջը, նա անպայման կճանաչի: Կանայք ավելի շատ են սերիալ դիտում:
Եվ փղձկաց: Հաճախորդները հավաքվեցին նրա շուրջը: Նկարի միջից հայրը նայում էր հաճախորդներին ու հիվանդներին, ժպտում՝ դոկտորին: Սիմորղը նստել էր տղայի ոտերին, հենվել տղայի դատարկ ու ղռղռացող փորին, խոպոպը դրել նրա պորտի վրա, երկար պոչը ցախավելի նման բացվել և աթոռի կողքից հասել էր ներքև, փռվել դեղատան հատակին:
Դոկտորը բռնեց տղայի ձեռքն ու տարավ նստեցրեց իր գրասեղանի կողքի աթոռին.
-Դպրոց ես գնու՞մ, որերո՞րդ դասարան ես:
-Իններորդ:
Դոկտորը վերցրեց դեղատոմսն ու ինչ-որ մեկին զանգեց:
Տղան, աչքերը հառած դոկտորի բերանին, վեր ելավ տեղից: Ոգևորվել էր.
-Ունե՞ք: Գտնվե՞ց: Հենց այդ մարդուն, ում հետ հիմա խոսում եք, ասացեք՝ «Հոսեյն Օհեդի», վստահաբար կճանաչի: Իմ հայրը շատ հայտնի է: Զարմանում եմ, որ դուք չեք ճանաչում: Երանի՜ ճանաչեիք՝ դեղերը շուտ կգտնվեին:
-Նստիր, ամեն ինչ կդասավորվի: Աստված հասցրեց:
Դոկտորը նայեց բժշկական ապահովագրության գրքույքի առաջին էջի փոքր, անհաջող և խունացած լուսանկարին, տղային շոկոլադ հյուրասիրեց, վերցրեց շրջանակն ու նայեց նրա միջի լուսանկարին: Ուշադիր նայեց, կարծես թե ճանաչեց, թույլ ժպտաց.
-Պապայիդ հեռախոսահամարն ինձ տուր, իսկ ինքդ ինչո՞վ ես զբաղվում:
-Դաս եմ սովորում, դերասանությամբ էլ եմ զբաղվում, երկու ֆիլմում եմ խաղացել, որոնք դեռ չեն էկրանավորվել, գեղարվեստական գործեր են, մրցանակաբեր: Միայն բարձրարվեստ գործեր անող ռեժիսորների հետ եմ աշխատում: Հայրս ասում է՝ շնորհքդ գնահատիր, ամեն տեսակ գործ մի՛ ընդունիր, թեկուզ լավ փող առաջարկեն: Փողը կպրծնի, բայց մարդու պատիվը թե գնաց, էլ հետ չի գա, նորից ձեռք բերելը դժվար կլինի: Ռեժիսորներն իմ պապայի ընկերներն են:
Դոկտորը հավաքեց նրա պապայի հեռախոսահամարն ու խոսեց.
-Ձեր տղայի արժեքն իմացեք: Աստծով՝ կլավանաք…մի օր կգաս էստեղ ինձ մոտ, միասին թեյ կխմենք, կնկարվենք, մի ստորագրություն էլ ինձ կտաս: Այո՜, այո՛ …ես էլ մի հատիկ տղա ունեմ, տասներկու տարի է չեմ տեսել իրեն, միայն զանգում է: Մայրը աչքը մնաց դռան վրա, որ իր գրկի մեջ առնի նրան, վերջն էլ չտեսավ…մի խոսքով՝ գնա՜ց…
Ընկալուչը դրեց տեղը: Ձեռքը տարավ իր ճակատին, ճակատի կնճիռներին, սահեցրեց իր երկար ու սպիտակ բեղերի վրայով: Նայեց տղային:
Տղայի թշի մեջ շոկոլադ կար: Շոկոլադը յոթանասուն տոկոսով դառն էր և երեսուն տոկոսով՝ քաղցր:
Սիմորդը թառել էր տղայի ծնկներին և նայում էր դոկտորի սպիտակ ու երկար բեղերին:
[1] Իրանական առասպելական թռչնի անուն, որ հիշատակված է Ֆիրդուսու «Շահնամե» դյուցազներգության մեջ: Այն իմաստուն ու խոհեմ թռչուն է և գիտի ծածուկ գաղտնիքները, նա փայփայում է Ռուստամի հորը՝ դյուցազն Զալին, մշտապես իր թևերով հովանավորում նրան, օգնում է Ռուստամին Սպանդիարի դեմ մենամարտում: Պարսից բանաստեղծների համար սիմորղը հաճախ ոգեշնչման աղբյուր է եղել, ամենանշանավոր գրական ստեղծագործությունը՝ «Մանթեղ ալ Թեյր» պոեմը պատկանում է Աթթար Նեյշաբուրիի (1161-1238թթ.) գրչին:
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի