Ժամանակակից հունական պոեզիա

Մենելաոս Լուդեմիս

Սպասում

Սպասում եմ քեզ: Մի հարցրու ինչու
Մի հարցրու, թե ինչու է մեկը սպասում
Ով սպասելու ոչինչ չունի,
Եվ այնուհանդերձ սպասում է:
Որովհետև, թե չսպասի այլևս
Դադարելու է տեսնելն ասես,
Երկնքին նայելը
Հուսալը
Ապրելը:
Անտանելի ու դառն է շատ
Երբ ափին ես մոտենում դանդաղ
Բայց նավաբեկյալ չես դու
Ու ոչ էլ փրկարար,
Այլ ընդամենը մի ավերակ:

 

 

Օրեստիս Ալեքսակիս 

Ու մի հարցրու ինչու եմ տխուր

Ու մի հարցրու ինչու եմ տխուր
Պարզապես քո լռության հետևում
քարավաններն են ճամփորդում
մոռացվածների
Պարզապես քո աչքերում
ստվերներ են շարժվում մահացածների
դեմքեր սիրելիների
Պարզապես դու նման ես ճամփորդության
դեպի անեզրություն
Պարզապես ուրիշ ուղիներ ես ի հայտ բերում
Պարզապես դռներն ես փակում
ծուղակների
և արշալույսդ նոր հրաշք է
Պարզապես լուսացնում եմ քո լույսի տակ
ասես հավատում եմ, որ
դեռ կամ
Պարզապես շատ երկինք եմ քեզ պարտական
Իսկ ունեցածս մի քիչ հող է

 

Մանոլիս Անագնոստակիս

Շախմատ

Արի խաղանք:
Ես քեզ կնվիրեմ իմ թագուհուն:
(Նա իմ սիրելին էր մի Ժամանակ:
Հիմա չունեմ արդեն ես սիրելի)

Իմ նավակները Ես քեզ նվեր կտամ
(ընկերներիս վրա այլևս չեմ կրակում
Նրանք մահացել են ինձանից շատ առաջ)

Իսկ այս թագավորը երբեք իմը չի եղել:
Եվ հետո, ինչիս են պետք այսքան զինվորները
(կուրորեն առաջ են քշում, չեն երազում անգամ)

Բոլորը քեզ կտամ, ձիերս նույնպես:
Լոկ այս խենթին կպահեմ ես ինձ:
Որ մի գույնի վրայով գնալ գիտի միայն
Ցատկոտելով մի ծայրից դեպի մյուսը
Ծիծաղելով այդքան զենքուզրահիդ վրա
Հանկարծ հայտնվելով գծերիդ մեջ
Նեղելով ամուր զորաշարքերդ:

Ու խաղն այս վերջ չունի:

 

Նիկիֆորոս Վրետակոս

Եվ հեռանալով գալիս ես…

Հիմա դու գիտես, սարերը չեն կարող
մեզ բաժանել: Ու հեռանալով գալիս ես:
Ու հեռանալով գալիս եմ: Մեր տարածությունից դուրս
այլ տարածություն չկա: Եվ քամին
մեր ափերի շփումն է:
Երբ ճամփորդում ենք,
դու` դեպի հյուսիս, ես` դեպի հարավ,
նայելով արևին,
քո կողքին ես եմ
իմ կողքին` դու:

 

Թարգմանությունը հունարենից՝ Շամրիկ Խաչատրյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *