Հաղթանակը կյանքինն է, պարտությունը` մարդունը:
Մարդը պարտվում է հանուն կյանքի: Առանց պարտության, առանց ինքնազոհաբերման չի լինում:
Ոչ մի հաղթանակ չկա ինքնազոհաբերման մեջ, որովհետև մենք խոսում ենք մեկ մարդու մասին:
Հույն Զոռբան չի կարող հաղթել, նա դուրս է շպրտվում Կրետե կղզուց:
Բայց բոլորը տեսան նրան:
Մնաց սերմը:
Թեպետ մնաց ավազի վրա:
Զոռբայի պարարտ հողը Աղան է:
Բայց ո՞րն է Աղայի հաղթանակը:
Պատգամն է, սանթուրը, որ նվիրում է Աղային:
Բայց Աղան ուրիշ պարարտ հող չունի:
Մնում է գրականությունը, որը կյանքի «ներկայացուցիչ» է, ոչ թե` մարդու:
Զոռբան չի եկել զոհաբերվելու: Տարերքն այդպիսի առաքելություն չունի:
Շաղախդ զոհաբերվելը չէ: Բայց նա հանձնվելու է:
Զոռբան մարդու անունից չի խոսում, այլ` կյանքի, որը մարդու մեջ է: Նա բոլոր կյանքերի «վարակն» է:
Այս վեպը չէր կարող չլինել պարտության մասին, այն Րաֆֆու «Սամվել» չէ, ազգապահպան խնդիրներ չի լուծում, «Վարդանանք» չէ:
Մինչև չպարտվես, չի լինելու նա, որը կձևակերպի հաղթանակը:
Չեմ լինի ես, չեք լինի դուք: Եթե մարդը չպարտվի, կյանքն ավելի կպարտվի:
Բայց ոչ թե կյանքն է հաղթում մարդուն, այլ կյանքն իմաստ ունի մարդու պարտությամբ:
Ցանկացած հաղթանակ ավարտում է մարդուն, ինչպես, ի դեպ, սպանությունը, եթե այն զոհաբերություն չէ:
Բոլոր իմաստները բովանդակացվում են, եթե պարտվողը կա:
Քրիստոսը պարտվում է որպես մահկանացու, որպեսզի կյանքը ունենա իր Աստծուն:
Գրականության մեջ պարտությունը երբեք «մարզական» չէ:
Միշտ տեղ է թողնված նրա համար, որը վաղն է գալու:
Զոռբան չի հաղթում, չի հաղթում Հեմինգուեյի Ծերունին, Սերվանտեսի Դոն Կիխոտը, Շեքսպիրի Համլետը, ոչ մեկը չի հաղթում, բայց մենք, որ նրանցից ոչ մեկը չենք, հանկարծ դառնում ենք նրանց հողը:
Յուրաքանչյուրն իմաստ ունի որպես գրվածքի հող:
Զոռբան երազանքներ է կառուցում ուրիշների համար:
Մադամ Օրտանսին պիտի դարձնի 25 տարեկան, Աղային պիտի հարստացնի:
Շաղախը իր ազնվությունն է, ամբողջ մարդ լինելը:
«Հույն Զոռբան» մի գլոբալ պարտության մասին է, ինչպիսին է Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»:
Չի հաղթելու իշխան Միշկինը նախ, որովհետև հաղթանակ չի փնտրում, երկրորդ հեշտ չէ հասցնել կյանքի հետևից բոլորից տարբերվելով:
Դու իրավունք ունես լինել ինքդ, եթե համակարգի քանոնը քո պոռթկումներում շեղում չի տեսնում:
Համակարգը քանդակ է, ոչ ոք չի կարող այդ քանդակից այլ բան ստանալ:
Խենթությունը մտել է Կրետե կղզու մի գյուղ, որտեղ ամենքը քար են:
Սա բացի Զոռբայի ու Աղայի ներդաշնակ հակադրության պատմություն լինելուց, նաև պատմություն է համակարգի ու խենթի:
Զոռբային բավարարում են առօրյա հաճույքները, նրա լեզուն բնական է, կարելի է ասել` նրա ճշմարտությունները նախաասելիքային են, մինչդեռ այս գյուղի ճշմարտությունները քանոնով գծած են:
Քանոնով գծած է նույնիսկ Աղայի Բուդդան:
Այս գյուղի միակ խենթը գիժ է, այսինքն, մարդ, որը կրկին համակարգի մեջ է, որովհետև ինքն իրենով ոչ մեկն է:
Եվ ահա հայտնվում է Զոռբան:
Նա տարերքն է, բայց նա չի եկել քանդելու:
Ուղղակի նրա արարչական ներկայությունն ավերիչ է:
Նա ուղղակի իր ճշմարտություններով ընկել է մի միջավայր, որն ավազ է:
Այդ միջավայրը պիտի հիմք ունենա: Ու չի ունենում:
Փլվում են ճոպանի փայտե հենարանները, որոնցով ածուխը սարերից պիտի հասցնեին ներքև, քանդվում է մադամ Օրտանսը, քանդվում է այրին, այն ամենը, ինչին ձեռք է տալիս Զոռբան:
Զոռբան դառնում է Աղայի միակ նվաճումը, ցորենը, որը մինչև չմեռնի, բերք չի տա:
Զոռբան առաջին մարդ է, քայլող բնականություն, նա բնօրինակ է, անշաղախ մեկը (որովհետև ինքն է շաղախը), որը կա ամբողջ անցյալի առաջին ազդակներով:
Նա ՄԱՐԴՈՒ ամբողջ անցյալի պատմությունն է:
Նա առաջինն է, որ փորձում է մարդ լինել առանց Աստծո և Սատանայի («գրողի բաժին դառնամ, թե դրանց տարբերում եմ»):
Քարանձավային ինչ-որ բան կա նրա մեջ, իր իմաստությունը փորձից չէ, այլ` մարմնից:
Զոռբան սահմանափակված է իր մարմնով:
Ահա ինչու Աղան նրա խիստ հակապատկերն է` «Բուդդան», որը կարող է դուրս գալ մարմնից:
Երբ Զոռբան խոսում է պարի միջոցով զրույցը շարունակելու մասին, Աղան հասկանում է` իր Բուդդան պարտվել է, Զոռբան ընկալել է արարչությունը, նրա մարմինն արարչության առաջին օրից չի փոխվել, ապրում է որպես Աստծո կառույց, մինչդեռ ինչո՞վ է զբաղված Բուդդան:
Աղան ուզում է նմանվել Զոռբային` հոգիս մարմնով կլցնեի, մարմինս հոգով, ու ներսումս կհաշտեցնեի վերջապես այս երկու դարավոր թշնամիներին:
Զոռբան հոգի չունի կամ ունի միայն հոգի, մարմին չունի, կամ ունի միայն մարմին:
Նա այս երկու էությունների միաձուլումը չէ, նա այդ երկուսն է մեկ բովանդակության մեջ, մինչև մարդը դրանց անուն կտար ու մարմնին անունը ավելի կսևացներ որպես ագահության, ախտի, նյութամոլության պատճառ:
Միայն էդպիսի էությունը կտեսնի, որ քարն էլ, փայտն էլ, խմած գինին, տրորած հողը հոգի ունի, «ամեն ինչը»:
Զոռբան առաջին մարդ է, ահա սա հասկանալով է Աղան գլխի ընկնում, որ Բուդդան վերջին մարդն է` ահա մարդկության պատմությունը` Զոռբայից Բուդդա:
Զոռբան բնության «կռիվն» է մտահայեցման, այլ աշխարհների փնտրտուքի հետ` ապրեք այս կյանքը, այն կարող է անուն չունենալ, այն կարող է չձևակերպվել Բուդդայով, Քրիստոսով կամ Սատանայով, բայց դուք զվարճացեք և թույլ տվեք, որ ուրիշներն էլ զվարճանան:
Կրետեի այդ գյուղում ոչ ոք ոչինչ չի փնտրում, ամեն ինչ բուտաֆորիա է` եկեղեցին, Աստված, սերը, պարտությունը, ամեն ինչ:
Այրին, ըստ գյուղի, այրի է, եթե չի սիրում կամ սիրում է նրան, որին մատով ցույց կտա գյուղը:
Խելագարը խելագար է, եթե գյուղի համար իր օրակարգը չունի:
Զոռբան իրեն այս ամենը հաշիվ չի տալիս: Նա սպանել է, նա բռնաբարել է, սիրել է, տառապել է:
Բայց ինքն իրեն չի դավաճանել:
Նա չի եկել խաղալու որևէ մեկը, չի եկել ապրելու որպես Բուդդա, որը կյանքից հետո է, որպես Քրիստոս, որը կարիք ունի բավարարելու:
Բուդդան Նիրվանան է առանց կյանքի:
Զոռբայի Նիրվանան կյանքը մինչև վերջին կաթիլն ապրելն է:
Հ. Գ.-Եթե սպանված քահանայի երեխաներին տեսնելուց և այրու սպանությունից հետո Զոռբան «հաղթանակի մարմնացում» է, ուրեմն այս վեպը դեռ չի գրվել, առավելևս չի թարգմանվել հայերեն և նրա ընթերցողը բոլոր վեպերում միշտ կարդում է մի «հաղթանակ», որը գրականությունը դարձնում է «բոքս»: