Սամվել Խաչատրյան | Հյուրախաղեր Ջեք Բաղսարյանի հետ

Դեմքով նայել դեպի հյուսիս, ոտքերից մեկնումեկը գետնից կտրել, ձախ ձեռքը բարձրացնել, և աջը, որով էլ բռնել ես ձայնագրիչը (նույն հեռախոսն ու/կամ տամբուրը)՝ պահել թիկունքում։ Ռադիոհաճախականությունն իր գերազանց որակին հասնում է միայն այն դեպքում, երբ այդ դիրքում ես քարանում՝ դեպի նկուղ տանող քսանվեց աստիճաններից ութերորդի վրա։ Այդ դիրքում են վերջին երեք տարիների ընթացքում ձայնագրվել լուրերը, երաժշտությունը, գովազդը, եղանակի տեսությունն ու զրույցները, որոնք, միմյանց լրացնելով, ձևավորում ու սահմանում են տիգրանական արխիվները։ Ըստ նրա մտահղացման՝ տասնամյակներ անց ձայները կօգնեն վերակառուցել անցյալի իրականությունն ու վառ պահել հիշողությունը՝ հասարակական ու անձնական, այսինքն՝ քարոզվողն ու ցանկալին, ընդունելին ու այլընտրանքայինը, վատն ու լավը։ Չտրտնջալ, եթե քամիներ են, անձրևներ կամ շոգ ու տոթ։ Հակառակ դեպքում նրբակերտ շրջանակներում պատից կախվելիք մտապատկերներից կբացակայեն կարևոր գույներ ու երանգներ, որոնք կարող էին մանրամասնող երանգներ հաղորդել քաղաքական կրկեսի հերթական թատերաշրջանի, կոլեկտիվ խելագարության, մտքի թատրոնի ու անձնական դրամայի հատման կետերին։
Արխիվներում, ինչպես հին շուկայում, կողք կողքի «քաղաքավարի» կերպով շարված են եվրատեսիլյան երգերը, ավտոտեխզննման կայանների գովազդները, Կամբոջայի օրհներգը, համավարակի ու պատերազմի զոհերի անուն-ազգանունները, Էդվարդ Միրզոյանի «Էպիտաֆիան» ու ջուր խմելու մասին ամենժամյա հայտարարությունները։ Սրանք միմյանց կապվում են հենց անկապելի լինելու սկզբունքով՝ միմյանց հաջորդում են անտրամաբանական հերթականությամբ՝ հաշվի չառնելով ո՛չ ուժգնություն, ո՛չ տեմպ ու տրամադրություն, ոչ էլ կարևորություն ու նպատակահարմարություն։ Ահա Տիգրանի տրամաբանությունը՝ սկզբում հավաքագրվում են ձայներ, որոնք ձևավորում են կոնտեքստ ու ընդհանուր տրամադրություն (աշխարհի լուրեր քաղաքականությունից, արվեստից ու սպորտից), ապա՝ ձայներ, որոնք քաղցրահունչ լինելով հանդերձ կլանող ականջներին տրամադրում են դեպի անկում, բթացում ու անզուսպ ուրախություն (փոփ երաժշտություն, բրոշյուրների լղոզված լեզվով գրած քաղաքական հայտարարություններ, էժան ու գառլախ կատակերգություններից հատվածներ, մարդկային ոռնոց ու հռհռոց, սուլոցներ ու ծափեր)։ Վերջին երկուսը տեղին կլինեին նաև երրորդ փուլի ձայների համար, որոնք կպատահեին թատրոնում տրագիկոմեդիայի առաջին գործողության ընթացքում, երբ արտիստները հանդիսատեսին տաք պահելու համար խնդիր կունենային նրանց զվարճացնել, լիզել մաշկն ու դեմքով ուղղել դեպի երջանիկ ավարտը։ Բայց անտրակտից հետո նրանք տրամաբանական դանդաղությամբ հանում են դիմակներն ու բերում այն ձայներն ու տողերը, որոնք կակաֆոնիայի սաստիկ մրոտ ծխի տակ չեն հնչել, որոնք կարող էին ազատել փորձանքից ու ծնողություն անել դեռահաս տղային։ Վերջին հաշվով, դերասանները մարդկանց հուշում են այն ճանապարհների մասին, որոնք դեպի ինքնամոռացություն չեն տանում, որոնք սգի թունելներով չեն ընդհատվում, որոնք ասֆալտապատված չեն ու չեն ստիպում բթանալ հարմարավետության զգացումից։
Առարկաների՝ արտեֆակտերի նոր կարգը բանականությանը ստիպում է սահմռկել։ Ամբոխը ոռնում է, թքում, քննադատությունը դարպասատակի շան պես նետվում է նկարչի վրա։ Անարգանք նրանց։
Մյուս կողմից՝
Բավարար են սակավ թվով մարդիկ, մեկ միակը, կամ էլ՝ ոչ ոք ։
Ռադիոկայանների մեկի՝ 2022 թվականի հունվարի 26-ի եթերում հնչել էր Ջեք Բաղսարյանի երաժշտությունը։ Թավ ու հեռու թվացող ձայնի մեղմասահ երգերը ունկնդրին փոխանցում են կայուն տխրության գաղափարը, որից սգի փոսն ընկնելու վտանգը բազմապատկվում է ճիշտ այնպես, ինչպես անհնար է դառնում գոյատևել հետպատերազմական անտարբերությանը հաջորդած սաստիկ ուրախության պայմաններում։ Տխրություն կամ սուգ, որը կարելի է դիտարկել որպես կյանքը գնահատելու միջոց, անցած հիշողությունը կարոտելու հիմնական ինտոնացիա կամ էլ մազոխիզմի գերժամանակակից գործիք (որովհետև ուրախ տոնահանդեսի մասնակիցներից մեկն ես դու՝ անկախ սգի մասին՝ էությունդ կլանող մտքերից)։ Ջեքի ռոմանսները հետ են վերադարձնում սկզբնական վայրիության մեկնակետին, ուր վախից ու սպառնալիքից բացի ոչինչ չկա, իսկ ուրախությունն ընկալվում է իբրև սթափությունը քայքայող թույն։ Միևնույն ժամանակ դրանք ունկնդրողին քաջալերում են կենտրոնացած մնալ ցավի մնալ ու գնդաձև սգի մակերեսները շոշափելով՝ վերապրել դրա ամենախոր դրսևորումները։ Խորանալ, այսինքն՝ կեղտոտ մատը մտցնել բաց վերքի մեջ ու խառնել, ապա դուրս գալ սկզբնական վիճակ ու ծանրության զգացում չունենալ։ Սա է, որ դերասանը՝ ունկնդիրը՝ նրբանկատ ականջը՝ ամենատես աչքը՝ քանդվող շենքերի փլատակների տակ մնացածն ու չփրկվածը, պիտի խնդիր դարձնի ու գերազանցությամբ տակից դուրս գա (եթե ուզում է դառնալ իրական դերասան, այլ ոչ գարշելի ապաշնորհ)։
Ավելին, բոլոր երեք ձայնապնակներում («Գարնան ծաղիկ», «Հիշատակ», «Իր նվագախմբի հետ») երգերի անկանոն հերթականությունն իր հետ բերում է սգի տարբեր խտություններ, որոնք դերասանի առջև դնում են փոսն ընկնելու ու դուրս գալու տարբեր արագությունների խնդիր՝ ամեն անգամ փոսն ընկնել ինչպես առաջին անգամ և դրանից դուրս գալ վերջին անգամ ու մեկընդմիշտ։ Դրան գումարում ենք երկրորդ խնդիր-առաջադրանքը՝ սգի վրա կենտրոնացած մնալ երեկոյան քաղաքի կենտրոնական փողոցներում, ցավ զգալ ուրախ լուր լսելիս, մտածել մահվան մասին, երբ սիրում ես, սահմանել կորուստը գտնելու պահին։ Կա նաև երրորդ խնդիրը՝ սգի նկատմամբ դառնալ համակ ուշադրություն, բայց և չնույնականանալ դրա հետ, որովհետև հանդիսատեսն ամեն պահի հորանջելով, հայհոյելով կամ էլ թքելով կարող է դուրս գալ դահլիճից ու ձախողել դերասանին։ Այստեղ նա պիտի համատեղի և՛ անլուրջ ծիծաղը, և՛ դառնահամ տխրությունը, ճիշտ ժամանակին անցնի մի իրավիճակից մյուսն ու միևնույն խորությամբ վերապրի յուրաքանչյուր տրամադրություն։ Ապա աչքի մի թարթոցով քողազերծվի, բռնի իրեն բեմում, հանդիսատեսի առջև մերկ կանգնած ու հայտնի, որ քիչ առաջ տեսած ամեն ինչը կատակ էր։

***
Սգի մասին՝ հենց Տիգրանից․
«Էդ երգերը վերապրելուց հետո մտքում բեմադրեցի մոնոներկայացում։ Նման է նրան, որ տնիցս բակ հասնելու համար իջնում եմ երեք աստիճաններով։ Երեք աստիճան ու երեգ երգ՝ յուրաքանչյուրն իր հստակ սկզբով ու ավարտով, իր լայնությամբ ու խորությամբ, չափածո տողերի մեջ տեղավորվող էսսեների սկզբով, միջնամասով ու վերջաբանով։ Եթե համերգը տեսագրված լիներ ու մշտապես դրան վերադառնալու հնարավորություն լիներ, ապա նրբանկատ դիտողն այդ երգերի միջև ինչ-որ օրինաչափություն կգտներ։ Մոռանանք մի պահ, որ դրանք ընդամենը երգեր են, որ շարվել են ինչ-որ հերթականությամբ ինչ-որ ձայնապնակի դատարկ պարունակություն կամ համերգի տևողություն լցնելու համար։ Այդ երեքում ես, հենց ես կամ ինձ հասկացող (ու ինձ անհայտ) մեկը կնկատեր, որ բոլորով կարուսել ենք նստել։ Արագություն ավելացնելուն պես երգերը դառնանում են։ Արտիստը, որն ուշադրություն չի դարձնում ինտոնացիաների փոփոխությանը, շարունակում է մի անսովոր թեթևությամբ երգել, դիմել նվագախմբին ու զրուցել հանդիսատեսի հետ։ Իսկ այդ պահին երաժշտությունը շարունակում է դառնալ ավելի թավ ու ծանրամարս։ Աստիճանականության սկզբունքով ինքնակամ տխրեցման՝ կորցնելը հիշեցնող առաջին խայծը լսարանը կարողանում է կուլ տալ, երկրորդի տակ, այն է՝ կորցրածը գիտակցելը, շփոթվում է, ու դա դեռ չմարսած՝ ստանում երրորդ, անտանելի հարվածը՝ հետ բերել չկարողանալու դեմ շարունակական կռիվը։ Իրենց ծավալից մեծ ինչ-որ անպատկերացնելի ու անմեկնելի շփոթմունք կյանքում պատահող մանրումեծ հոգնություններից, որոնք, ի տարբերություն ճմռթած վերնաշապիկների, հնարավոր չէ արդուկել կամ մոռանալ տալ։ Փոխարենը մնում է դրանց վտանգավոր ջրերում խորանալն ու խեղդվելը։ Առաջին երգում ծիծաղում են, երկրորդում՝ երազում, երրորդում էլ՝ լռում։ Վերելք, գագաթ, անկում։ Երազանք, հաղթանակ, պարտություն։ Սկիզբ, շարունակություն, ավարտ։ Լաց, թմբիր, վերակազմակերպում։ Այս ամենից հետո միայն բեմի լույսերի վառվելուն պես արտիստը ներկայանում է իր իրական կերպարով ու ժպիտով կարծես ասում. «Դե լավ, լավ, կատակ էր էսքանը։ Ուշքի եկեք։ Եկեք ուրիշ երգ երգեմ՝ մի լավ ուրախանանք»։ Ու մի կետից սկսած, առանց ավելորդ նախաբանների, երաժշտութունը պարզվում է, ու ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս։ Եթե տխրությունը սառույցի հսկա մի բեկոր է, ապա ուրախությունը հատվածական էպիզոդների շարք է։ Այդ էպիզոդները աչքի մի թարթոցով անբնական հերթականությամբ հաջորդում են միմյանց։ Ու քանի դեռ մենք դրանք մեր տեսադաշտում ենք պահում, այդ էպիզոդները դառնում են ավելի ու ավելի արագ ու կարճատև։ Ուստի մարդիկ չեն կարողանա կենտրոնանալ՝ անկանոն կերպով, կարծես սեփական ցանկությամբ, առանց խաբված լինելու զգացման, արձագանքելով մեր պատվերներին։ Երբ գլխապտույտը դառնա անտանելի, ու մարդիկ, ժպիտը դեմքերին, ընկնեն ցնցումների մեջ, մենք կտրուկ կդադարեցնենք երեկույթը՝ ազդարարելով առաջին գործողության ավարտը։ Վարագույրը դանդաղ կփակվի նրանց բուռն ծափերի ներքո։ Մեկը լիներ՝ ձկան աչքով մեզ նայեր այդ պահին»։

***
Չսնվել երեքշաբթի, հինգաշբթի, շաբաթ օրերին։ Ձմռանը քնել թեթև ծածկոցով ու պատուհանը բաց սենյակում, ամռանը փակել պատուհանները, կարճաթև չհագնել, վառ գույներ չկրել, մազերը չսանրել, չլվացվել, ընկերների հետ կապը խզել, մերկ պատերից նկարներ չկախել, ազատվել հայելիներից ու լույսի աղբյուրներից, հաջողությունն ընկալել որպես պատահականություն, փոխարենը՝ ձախողումն ընկալել որպես թերացումների դիմաց մեղմագույն պատիժ, սիրել ցավ պատճառող մարդկանց, գովերգել բռնությունն ու ընդունել որպես ազատագրում, դրանով հանդերձ բռնի ուժով զսպել լացն ու բղավոցը, լավատեսորեն տրամադրվել գալիք վատագույն օրերին, ապա կարոտով հիշել անցյալի օրերն ու գիտակցել սեփական հոգեկան ամրությունը։ Հաջորդ երգին ընդառաջ աչքի մի թարթոցով պատուհանները բացվում են, գարշահոտ մարմին հագցվում են շքեղ հանդերձներ, ինքնաբուխ ժպիտով վառվում են բոլոր լույսերն, ու հանդիսատեսին ներկայանում է բոլորովին այլ կերպար։ Նա գովերգում է կյանքն ու գեղեցիկը, դյուրին (ու ոչ շիրոտ) ժամանակն ու ակնթարթի դանդաղությունը, ուր չկա մահ ու ավարտ։ Այստեղ կա ժամանակավոր թմրածություն, որի գիտակցումը սրան հաջորդող երգում կրկին ուղեղ կկլանի։ Անընդհատ, անընդհատ, անընդհատ, անընդհատ։

***
Եվ իրոք, երեք ձայնապնակները միմյանց կապող տխրության ինտոնացիան աստիճանականության սկզբունքով նոսրանում է։ Յուրաքանչյուր նորը նախորդից հնչում է ավելի թեթև ու անհոգ։ Եթե նկատի ունենանք, որ թիկունքում թողել ենք վշտի լեռներ ու գետը թափած լիքը տեքստեր, ապա կարող ենք ասել, թե մեզ էլ ոչինչ չի կարող վշտացնել։ Եկել են խաղաղ ժամանակներ։ Իսկ եթե դու դերասան ես, յուրաքանչյուր նոր հարված պիտի ընդունես որպես կամովին վշտահարվելու մի նոր հնարավորություն, այն քեզ կմաքրի այնպես, ինչպես ջուրն է մաքրում կեղտոտ մարմինը, մի ձեռքը՝ մյուս ձեռքին, ստույգ կորուստը՝ կեղակարծ հույսին։ Բայց նարրատոր Ջեքի ձայնն ինքնամոռացություն ու անխուսափելի մահ այլևս չի ներշնչում, այլ բերում է նրանց ուրախությունն ու նրանց տեմպը, թարմ ականջ են փնտրում նրանց ժամանակներն ու անհոգությունը, որոնց դիմանալը նույնքան գարշելի է, որքան պարտադիր է իրականության գորշությունը շոշափելը։ Մարդիկ քայլում են, ծիծաղում, պարում, կատակում, քնում, սնվում, խնամում մարմինը, չեն զիջում, չեն ներում, չեն հանդուրժում։ Ու մինչ շփոթված դերասանը զատորոշում է Ջեքի հոգնածության պատճառը, ուրախությունից գլուխը կորցնելու սկզբնակետը, հնարում է, պատկերացնում է, հավաստիանում է, մարդիկ ներկայացման հենց կուլմինացիային նրան մենակ են թողնում ու գլխապատառ փախչում դահլիճից դեպի բաց ու մեծ, լուսավոր ու նոր աշխարհ։
Խոսքը զոհելով գովազդին։
(Հաղթական) Քայլքը փոխարինելով «հաջորդ կանգառներով»։
Կծոտելով միսը։
Ձգելով մկանը։
Մերկացնելով բնազդը։
Ձայնային մթնանցումով Ջեքն իր (երրորդ ձայնապնակի) երգերով դանդաղ տեղի է տալիս քաղաքային հաճելի աղմուկին՝ այդպիսով ազդարարելով իր լավագույն ուժերով իրականությանը հակադրվելու անկարողությունից ստացված պարտությունը։ Մթնանցումով նա մատնվում է մոռացության, ջնջվում, տարրալուծվում, հաստատվում անցյալում որպես աննշան մի սև կետ, որում հանգրվանողին ներկայից երբեք չեն անհանգստացնի։ Այստեղ այդ նորելուկ դերասանը կմնա ապահով ու հոգատարությամբ շրջապատված, ուսուցչի հետ միասին նայելով շրջանակած հիշողությանը՝ պատմության իրեղեն միակ ապացույցին։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *