Հենց նեղն եմ ընկնում, մուսան դուռս թակում է։ Մուսան հայ չէ, առավել ևս՝ թուրք։ Նույնիսկ չգիտեմ՝ սպիտակամո՞րթ է, թե՞ սևամորթ, մա՞րդ է, թե՞ Աստված։ Դուռը կողպեմ՝ մաքուր օդի տեսքով պատուհանից կսողոսկի, փակ գտավ՝ բանալու անցքից։ Էնքա՜ն գրող գիտեմ, որ մուսայի հետ քնում, նրա հետ էլ զարթնում է։ Նույնիսկ էգին մերձենալիս նրա հետ է։ Իմ մուսան հոգսից հոգս է ինձ հիշում։ Դուրս է գալիս, որ հոգսից փախչելու ամենալավ ապաստանը, իմ պարագայում, պատմվածքն է։ Հենց այս պահին կնոջս պարսավանքների ճամփան փակելու եմ մուսայի նվիրած ձայնամեկուսիչներով։ Որքան ուզում է թող գոռա. «Դու ամուսին չես… դու հայր չես… դու աթոռ ես… խոտ ես…»։ Այն, ինչ կինս է ասելու, բառ առ բառ գիտեմ, որովհետև ունկերս շրջանցելով միանգամից լցվում է պատմվածքի մեջ, որը խոստացել եմ «Գրանիշ» ամսագրին։ Վաթսունամյա գրողի համար ամոթ է, որ անտիպ պատմվածք չունի։ Ասել է թե՝ հոգս չունի։
Սովորաբար ինքս ինձ խաբում եմ՝ կնոջս բարկության սայրը թեքում պետության կողմը, ուսերս անմեղ-անմեղ թոթվում ու թաքնվում պատմվածքի մեջ։ Եղկելի պահվածք է, տղամարդուն ոչ վայել։ Ծույլ գյուղացու պես մեղքը կարկուտին եմ վերագրում։ Բայց ամեն անգամ կարկուտը մեղքերս չի քավի։ Համալսարանի ռեկտորի հերն անիծած, ինձ համար կենսագրություն էի քերում, էսկողմ-էնկողմ ընկած ազնվություն խաղում ու մի բաժակ գարեջուրս անատամ բերանով ծվքում։ Ունեցած-չունեցածս մի քնքուշ աղջիկ է, որին, ուսման վարձը մեկ օրվա ընթացքում չմուծելու դեպքում, հեռացնելու են համալսարանից։
Մի չնչին բանի՝ ձեռքի կեղտի պատճառով աղջիկս կամ ատելու, կամ խղճալու է ինձ և իմ կոչումը։ Աղջկաս ատելությամբ կամ խղճահարությամբ ցողված պատմվածքը, չեմ կարծում, թե «Գրանիշի» քիմքին նստի։ Եթե աղջիկս տղա լիներ, իր նվաստացումից ըմբոստություն կկերտեր՝ վերջիվերջո, Չարենցն ի՞նչ մեղք ունի, որ իր ձեռքի կեղտն այսօր ավելին արժե, քան ինքը։ Կինս իմ գոյության դժոխքում թրծվել ու պողպատ է դարձել. ասես հոգս է փնտրում, որ մարտնչելով միջից դուրս գա։ Ահա, մի քանի անգամ գնաց-եկավ, ձեռքերը կոնքերին կանթեց, պլպլան հատակի հայելու մեջ փնտրեց-գտավ թիրախն ու ասաց.
– Ի՞նչ է Հայաստանը։
Մուսայի թողտվությամբ և համաձայնությամբ լսեցի ու պատասխանեցի.
– Հայրենիք։
Իզուր անլրջացա, կինս հիմա գերանդին կառնի ու կհնձի, ինչ դեմն ընկավ՝ Նորին սուրբ օծությունից սկսած մինչև Թալինի ղռերը։
– Հայրենի՞ք,– իր զարմանքն ու զայրույթը նույն պատյանից դուրս քաշեց կինս։ Ընկել էի՝ պիտի քաշեի։
– Այո՛,- ասացի,– չե՞ս լսել՝ Տիգրան Մեծ… Սարդարապատ, ծովից ծով ու ողբերգությունից ողբերգություն… և գերեզմաննե՜ր… մեկը մեկից արժեքավոր ու պատմամշակութային։
– Պարոն գրիչ,– ասաց կինս,– փոթորի՞կ ես ուզում՝ կստանաս։
– Ճարս ի՜նչ,– ասացի,– կյանքս փոթորիկների ու ջրհեղեղների մեջ է անցել։
– Հայաստանը՝ իմ և քո հայրենիքը, 29 հազար ութը հարյուր քառակուսի կիլոմետր է, մի քիչ ավել կամ պակաս, այդպես չէ՞։ Մի չորս հազար էլ՝ Արցախը, էդ ամենը եթե 10 դրամով վաճառեմ, աղջկաս ուսման վարձը կտամ։
– Արդեն վաճառված է,– բերնիցս թռցրի ու կրակն ընկա։ Ասածս նույնիսկ մուսայի դուրը չեկավ։
– Բարի՛,– ասաց կինս,– էդ դեպքում պատմության հախից կգամ՝ Տիգրան Մեծից մինչև վերջին թագավորը կվաճառեմ և աղջկաս ուսման վարձը կտամ։
– Այդ չնչին գումարով մեկ ամսվա պարտքն էլ չես փակի։
– Տասներեք մայրաքաղաք ունեք, տասներեքն էլ ռեկտորի ռեխը կլցնեմ,– ասաց։
– Պատմությունը էժան ապրանք է, իսկ այդ քաղաքների մեծ մասն էլ այլ երկրների քաղաքներ են,– ասացի,– պատերազմ կսկսվի… մութ ու ցուրտ օրեր կլինեն, հաղթողը կհաղթի, պարտվողը՝ կպարտվի… զոհվողները նորից կզոհվեն, և արդյունքում՝ ուսման վարձը կավելանա։
– Ամուսնուս պատմվածքները միջազգային աճուրդի կհանեմ, որպես ոսկորներ շների ոհմակի մեջ կնետեմ, թող պետություններն իրար գզեն…
Կնոջս վերջին խոսքերի վրա թագավորի որդին մատը կծեց։
Չի կարելի թիրախը փոխել, երբ արդեն ձգանը քաշել ես։ Պատմվածքներս ավելի դյուրազգաց դուրս եկան, քան ես՝ երեխայի պես պռոշ արեցին քառասուն տարվա ընկերուհուս և գնացին իրենց իմացած ճանապարհով։
Որքա՜ն ջանք պետք է թափեմ այդ խռովկան երեխաների սիրտը շահելու համար։
Երեկ չէ առաջին օրը մուսայի հետ գնացինք Դավիթաշենի կամուրջը դիտելու։
«Տարիքն առած գրող ես,– ասաց,– բայց քո քաղաքի տեսարժան վայրերը չգիտես»։ Գնացի՜նք-գնացի՜նք, հասանք կենտրոնին։ «Այստեղից անդունդն ավելի թովիչ է», – ասաց մուսան։ «Գեղեցիկ է,– ասացի,– բայց նրա համար, ով իր մարմնի անկումով է չափում խորությունը»։ Երկու կողմից մեքենաներ են սուրում՝ մեկը մյուսից արագավազ ու շքեղ։ Տնի՞ց, թե՞ տուն են վազում, չեմ ջոկում։ Ուզում եմ մեկնումեկի դեմքը տեսնել, հարցուփորձ անել. «Ո՞նց ես, ո՞նց չես»։ «Լավ եմ, ոչինչ»։ «Է՞լ ոնց ես…»։ «Մանրից ապրում եմ, էլի, ախպեր»։ «Տվի՞ր, առա՞ր, տարա՞ր–բերի՞ր»։ «Գնամ-տեսնեմ»։ «Կգա՞ս, չե՞ս գա», «Կգամ, չեմ գա»։ Բոլորն անցնող դարձող են, կամուրջի իրական տերը ես եմ։ Աղմուկն էլ իմն է, տագնապն էլ։ Հայացքս անդունդով ցած եմ նետում և զգում, թե ինչպես է փշաքաղվում մարմինս։ Շրջվում եմ դեպի մուսան. «Ցավդ տանեմ, ինչո՞ւ այստեղ բերեցիր»։ «Քո քաղաքն է,– ասաց,– և քո անդունդը»։ Առաջին անգամը չէ, որ անդունդ եմ դիտում։ Մինչև անկախությունը սփյուռքահայ բարեկամիս հետ Տաթևի վանք գնացինք, մեր պատմության հետ առերեսման։ Հենց այնտեղ էլ մտածեցի, որ մեր պատմական կոթողները միշտ անդունդի եզրին են ծվարել, որպեսզի պատմությունը ժամանակ առ ժամանակ գահավիժելու տեղ ունենա։ Տաթևի ետնամասից դիտեցինք այն անդունդը, ուր հայ բոլշևիկները նետել էին հայ դաշնակներին, հետո էլ հայ դաշնակներն էին հայ բոլշևիկներին նետել։ Բոլշևիկների նետած հայ դաշնակներն ու դաշնակների նետած հայ բոլշևիկները մինչև այսօր էլ անդունդի մեջ ծվատում են միմյանց, այդ է պատճառը, որ օտար զբոսաշրջիկները անդունդից հեծեծյուններ են լսում ու խաչակնքում։
Դավիթաշենի անդունը, ճիշտը որ ասեմ, հեչ անդունդի պես չէ։ Ականջդ որ լարես, ջրի մեջ ցատկող գորտի ճլմփոցն էլ կլսես։ Մի դատարկ կրակվառիչ էր գրպանս մնացել, չորս կողմս գողունի նայելով` ցած նետեցի։ Երևի տեղ հասավ։ «Մարդը ավելի շուտ տեղ կհասնի»,– ասաց մուսան։ «Ասածդ ի՞նչ է,– զայրացա մուսայի վրա,– ես քնքուշ աղջիկ չեմ և ոչ էլ՝ պոետ»։
Սփյուռքահայ միլիոնատիրոջ հետ հանդիպումից մեջս տհաճ զգացողություն էր մնացել։ Գործարքը, որ ինձ առաջարկեց, ծակ գրպանով գրողներից յուրաքանչյուրին խանդավառությունից երկինք կհաներ։
«Ես ադանկ բան չեմ սիրեր,– ասաց նա,– շատեր բան մը չըրած իրենք զիրենք կգովաբանեն. բան մը չունեմ անոնց դեմ։ Ես բարեգործությամբ կզբաղիմ։ Կհասկնա՞ս իմ միտքը։ Դրամը չէ, որ ինծի կը հրապուրե, այլ հոգու պարտ ունիմ Հայրենիքիս հանդեպ»։
Ինչ գլուխներդ ցավացնեմ` նա ինձ առաջարկեց իր մասին գիրք գրել՝ ես էլ չեմուչում արեցի։ Խոստացավ, որ լավ կվճարի։ Ուրիշ ի՞նչ ես ուզում, այ հիմար ծերուկ, ղսմաթը իր ոտքով եկավ ու քամակդ մտավ։ Քնքուշ աղջկադ ուսման վարձը կվճարես, կնոջդ բերանը կփակես։ Գրքի շնորհանդեսին միլիոնատիրոջը հղած փառաբանություններից մի երկու քոսոտ գովեստ էլ քեզ բաժին կհասնի։ Ճոխ սեղանից կուտես-կխմես, գրախոսականներ կթևածեն մամուլում, մարդիկ իրար ականջի կփսփսան. «Էս տաղանդավոր գրողը որտեղի՞ց լուսաշխարհ ելավ»։ Մեկմեկու ձեն տալով` միլիոնատերեր կհայտնվեն քո շուրջ, գին թելադրող կդառնաս, կուսակցությունները քեզ իրարից կխլեն, համբավդ նախագահի ականջը կընկնի, նրա կամ իր տիկնոջ բարձր հովանու ներքո գրքերդ կտպվեն, սիրուն կնանիք ի հայտ կգան, մեկ էլ տեսար՝ պատգամավոր ընտրեցին, կուշտ ու կուռ ծերության հա՜րց կա, ներսուդուրս անելու հա՜րց կա, անտեր չմեռնելու հա՜րց կա…
«Գիտես, թե ինչ գլուխներ են ջնջխվել այստեղ»,– ասաց մուսան։ Բախտի բան է, ուրիշի մուսան ցեխից հանում ու երկնակամարին է հասցնում տիրոջը, իսկ իմը խնամքով անդունդի բարեմասնություններն է մեկնում։ Հիշում եմ թմրամոլների անեկդոտն ու խնդմնդում։ «Ախպեր, էս անդունդով որ ընկնեմ, տեսնես` ինչքա՞ն կընկնեմ»։ «Ո՞նց ասեմ, ախպեր, մի տասը օր կընկնես, էլի»,– ասում է մյուս թմրամոլը։ «Արա՛, ախպեր, տեսնես կմեռնե՞մ»։ «Ցավդ տանեմ, տասը օր՝ սովա՜ծ-ծարա՜վ… բա ո՜նց»։
Անեկդոտի պոչի վրա մի մեքենա արգելակեց։ Միջից երկու ոստիկան դուրս պրծան։ Մեկը կապիտան էր, մյուսը՝ սերժանտ։ Մուսաս ծլկեց։ «Վախկոտ,– ասացի,– հենց օրենքին ես դեմ առնում՝ տակդ թրջում ես»։
– Կապիտան Երանոսյան,– ներկայացավ ոստիկանը։– Ինչո՞ւ ես կանգնել կամրջի վրա։
– Անդունդն եմ դիտում,– ասացի։
– Գնա, ձեր տան պատշգամբից Մասիսը վայելիր,– ասաց ոստիկանը։
– Մեր տան պատշգամբից Արարատը չի երևում։
– Գնա՛,– չոր ասաց նա,– մինչև տասը հաշվեմ՝ կամուրջն ազատած լինես։
– Ի՞նչ է, կամուրջն արգելվա՞ծ է,– ասում եմ ու զգում մուսայիս տագնապը։
– Կամուրջը գնալ-գալու համար է, ոչ թե անդունդ դիտելու։
– Մեծ մարդ ես,– խոսակցությանը խառնվեց սերժանտը,– կյանքիցդ ձե՞ռ ես քաշել, գնա ձեր տան վաննայի մեջ պառկիր, գոլ ջուրը բաց թող, երակներդ ածելիով կտրիր ու վայելիր վախճանդ։
– Սահմանադրության մեջ անդունդն արգելելու վերաբերյալ կետ չկա,– ասացի։
– Սահմանադրություն-մահմանադրություն չգիտեմ,– ասաց կապիտանը,– էս անդունդը հսկելու համար ես աշխատավարձ եմ ստանում։ Էն օրը ուսման վարձը չմուծելու համար համալսարանից հեռացված մի աղջիկ էր նետվել, հե՛նց քո կանգնած տեղից։ Աշխատավարձիս կեսը պահեցին։
– Բա էն մի կե՞սն ինչ արեցիր,– ասացի։
«Պիծակի բո՞ւն ես քանդում»,– կշտամբեց մուսան։
– Շեֆ,– ասաց սերժանտը,– էս մարդը մեզ ձեռ է առնում, թող մի հատ մռութին հասցնեմ։
– Զսպիր կատաղությունդ, սերժանտ,– զայրացավ կապիտանը,– էս մարդը ուզում է իմանալ, թե ինչ արեցի աշխատավարձիս մյուս կեսը։ Մյուս կեսը, քաղաքացի ջան, աղջկաս ուսման վարձին ավելացրի, որ նա էլ չգա Դավիթաշենի կամրջից ցած նետվի։ Բավարարվա՞ծ ես։
– Ներողություն,– ասացի ու թեև դրա հարկը չկար՝ ավելացրի,– ես էլ զորացրված գնդապետ եմ։
– Առաջին գնդապետն եմ տեսնում, որ անդունդ դիտելու ցանկություն ունի,– ասաց սերժանտը։
– Պարոն գնդապետ,– ասաց ոստիկանության սպան,– այս կամուրջը անիծված է, ամիս չկա, որ մեկը ցած չնետվի։
Թեև դրա հարկը չկար, բայց ասացի.
– Կապիտան ջան, ճիշտ է, զորացրված գնդապետ եմ, բայց գրելու հետ սեր ունեմ։ Ուզում եմ էս անդունդի մասին պատմվածք գրել։ «Գրանիշն» է ուզել։
– Ի՜նչ մի գրելու բան է,– տխուր ասաց կապիտանն ու սերժանտին հրամայեց,– գնացի՛նք։
«Կեցցե՛ս,– ասաց մուսան,– օրենքի հետ վարվելու ձևերը գիտես»։
Ճիշտ ժամանակն է, որ մուսայի ձեռքը բռնած՝ երկօրյա անցյալից վերադառնամ ու սիրասուն կնոջս սիրտը շահեմ։ Մի քիչ էլ որ ձգեմ, կինս իրականի ու անիրականի ճահիճի մեջ կխրվի ու այնտեղից նրան դուրս քաշելու համար ուժս չի պատի։ Թեթևսոլիկի պես ծալծլվելով՝ մոտենում եմ նրան, ուսերը գրկում ու աշխարհի ամենալավ ամուսնու քաղցր բերանով ասում.
– Սիրուն ջան, սիրտդ մի թուլացրու, թե չէ կնճիռներդ դեմքդ կապականեն։
Պատուհանդ բաց ու նայիր, էն ինչ-որ տեսնում ես, էդ է։ Մենք քնքուշ աղջիկ չունենք, որ տանենք անդունդին հանձնենք։ Մեր ունեցածը մի գազան տղա է, որի ոտքերի տակ գետինը ճկվում է։ Հետո էլ, քաջ կնիկ ես ու պետք է իմանաս, որ մահն էնտեղ է, որտեղ մենք ենք։ Էն, ինչը որ մեր սրտի մեջ էր ու սրտից դուրս, պատմվածք էր։ «Գրանիշ» ամսագիրն է մեղավոր՝ վաթսունամյա ծերուկից անտիպ պատմվածք է ուզում։ Որտեղի՞ց տամ, որ մեջս արյուն չի մնացել, հայ ու թուրք խաղացնելու չափ խորամանկություն չի մնացել, ամբիոններին մոտենալու ավյուն չի մնացել, վերևն ու ներքևը զանազանելու հայացք չի մնացել։ Ես էլ էնքան ամուր չեմ, ինչքան սրածայր բեղս է ձևացնում՝ գերանդու խոտ եմ ու քամակի աթոռ. համարձակություն չունեցա այս ամենն ասելու, բռնեցի ու մի վաշխառու ռեկտոր հորինեցի, որը ուսման վարձը չմուծելու համար քնքուշ աղջիկներին հեռացնում է համալսարանից։ Քնքուշ աղջիկներից ամենաքնքուշին էլ իմ ու քո համար աղջիկ հռչակեցի, սատանան էլ ասաց. «Տար ու Դավիթաշենի կամրջից ցած նետիր»։ Ինձնից լավ գիտես, որ պատմվածքի աստվածը սատանան է։ Ես էլ մի երկու օր առաջ գնացի անդունդը դիտելու, մի կարգին չէի դիտել, մեկ էլ երկու ոստիկան եկան ու անդունդ դիտելու համար ինձ անպատվեցին։ Ասացի, որ նախկին գնդապետ եմ, կառավարական պարգևներ ունեմ և գոնե անդունդ դիտելու չափ իրավունք ունեմ։ Նրանք էլ պատճառաբանեցին, որ անդունդը հսկելու համար իրենք աշխատավարձ են ստանում, հո չե՞ն թողնելու, որ արժան ու անարժան գան ու անդունդը նետվեն։ Օրենք կա, բան կա…
Սիրուն ջան, հո Աստված քեզ ողբ ու կական թափելու համար չի ծնել։
Իմ պես փառահեղ ամուսին ունես։ Էն սնդուկը տեսնո՞ւմ ես, մեջը լիքը ձեռքի կեղտ է՝ դոլա՜ր, եվրո՜, ռուսական ռուբլի՜… Ուզեմ՝ դատավոր կկաշառեմ կամ էլ մի ջահել, անբան գրող կվարձեմ, որ նստի ու իմ փոխարեն պատմվածք գրի։
Չէ, ավելի արդյունավետ կծախսեմ. եղած-չեղածը մի լարախաղացի կտամ, թող Դավիթաշենի կամրջի անդունդի վրա պարան ձգի ու իր հունարը արար աշխարհին ցույց տա։ Ամենքը թող տեսնեն, որ անդունդն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է։ Վերջիվերջո, մեր անդունդն է, մեր կյանքն է. կարելի է ճոճվե՜լ, ճոճվե՜լ ու այդ ճոճքի մեջ մի այնպիսի պատմվածք հյուսել, որին տիրանալու համար պետությունները սկսեն իրար գզել։
Գրանիշ [02] offline
տխուր է, բայց գեղեցիկ և իրական. շնորհակալ եմ:
Cavoq HAYATAR chem grum.Patmvacq@ GERAZANC e.
Պատմվածքն առաջին անգամ ինքը` հեղինակն է կարդացել մեզ համար, երբ հանդիպման էինք… Երբ հարցրեց` ոնց էր? մենք լռեցինք, որովհետև միշտ էլ դժվար է միանգամից բնութագրել կյանքը, իսկ պատմվածքը հենց մեր իրականությունն է… Շնորհակալություն:
Բարի օր, սիրելի Վրէժ
Չես պատկերացնի ուրախութիւնս, երբ ստացայ քո պատմուածքը։ Կեցցէս որ գրում ես։ Աւելի ճիշտ՝ շարունակում ես քո արձակը։ Վաղուց ոչինչ չէի կարդացել քեզնից։
Շնորհակալ եմ եւ շնորհաւորում եմ։