Ես իհարկե սև հումորի մեծ սիրահար եմ, որովհետև Հայաստանում, առավել ևս իմ քաղաքում «ճերմակ հումորով չես գոյատևի»: Բայց երեկ, երբ երրորդ հարկի իմ բնակարանից դուրս փախչելն այլևս անհնարին էր, որովհետև առաջին հարկի հրդեհի թանձր ծուխը պատել մեր դռնից այն կողմ ընկած տարածությունը, նախ հարկավոր եղավ ողջ մնալու մասին մտածել: Փախանք դեպի պատշգամբ ու մտածեցինք նետվել, որովհետև ծուխն արդեն տուն էր լցվում: Հրշեջները դեռ չէին մոտեցել, ես տագնապի մեջ շտապօգնություն էի զանգել, և խնդրել, որ շուտ մոտենան, հրդեհ է
(թեև երբ փրկարարների հետ նաև շտապօգնության բրիգադ մոտեցավ, ես կարողացա հասկանալ, որ ապահովության համար սխալ չէր զանգելը): Երրորդ հարկի պատշգամբից ներքև թռչելն իհարկե պոետական ճախրանքի հետ չես համեմատի, այստեղ սթափ ուղեղդ քեզ հասկացնում է, որ թանկարժեք էնդոպրոթեզներդ կկոտրվեն, հետն էլ գուցե պայծառ ճակատդ ու այլ կարևոր մարմնամասեր, որոնք երբեք չեն օգնել բանաստեղծություն գրելիս, բայց այս դեպքում հաստատ կխանգարեն: Հարևաններն իրենց ուժերով պատուհաններից իջեցնում էին մանկահասակ երեխաներին, ես չգիտեմ ինչու հյուրիս գրեցի, որ չգա մեր տուն, քանի որ մեր տունը շուտով մոխրանալու է:
Մոտեցող երկու մեքենաներից իջնող փրկարարներն իմ աչքին դանդաղկոտ թվացին. դե ժամանակի զգացողությունն հարաբերական է ու այդ նույն երկու րոպեն երկար կամ կարճ կարող է թվալ, նայած դու հրդեհվող դռան որ կողմում ես: Հարևաններս պատուհաններից ու պատշգամբներից կախված գոռում ու անիծում էին առաջին հարկի՝ հոգեկան խնդիրներ ունեցող ամուսիններին, որոնց անունով են հաճախ մեր շենքը ճանաչում, թեև շենքը պատվով իր վրա է կրում հայտնի օլիմպիական չեմպիոնի անունով հուշատախտակը, որն «ապրել է այստեղ»… Ընտանիքի մշտական հրդեհներից այս մեկն իրոք ծավալով ամենամեծն էր ու կրակն սպառնում էր հասնել գազի խողովակներին, ուստի իրենք շատ արագ լքել էին տունը, իրենց հետ վերցնելով պայուսակ ու հագուստ: Հանգիստ ճեմում էին շենքի տակ ու հանդիմանում իրենց խեղդել ցանկացող մի քանիսին, որոնք դրսում էին.
-Հա ի՞նչ, շատ լեզվներիդ տվիք արդեն, խոմ դիտմամբ չերեցինք…
Ու էսքանի մեջ, երբ հանկարծ հասկացա, որ մեր կյանքը մազից է կախված, մի կանացի զառանցանք անցավ գլխովս. մազերս հարդարված են, հագուստս նորմալ է, է՞լ…էլ ի՞նչ, ես պատրաստ եմ, դե՛հ ինձ փրկեք:
Երբևէ չեմ ուզել վերադառնալ մանկություն, բացառությամբ այն պահի, երբ նկատեցի, որ փրկարարները լուսամուտներից տարհանում են երեխաներին: Իմ ներսի մանուկը, որին մինչ օրս հետս քարշ եմ տվել, զուտ այն բանի համար, որ կարողանամ մանրուքներով ուրախանալն ու զարմանքից հրճվելու հաճույքը զգամ, չգժվեմ մեծերի աշխարհում, հենց նման պահի՞ պիտի թաքնվեր մեծի դիմակի տակ, որ ոչ ոք չտեսներ նրա փրկություն աղերսով հայացքը: Ես մեծ էի, փրկությունը պետք էր զիջել երեխաներին, ես աղջիկ էի, պետք է ուշադիր լինեի, որ մայրս տագնապից չնվաղեր, ես հոգեբան էի, պետք էր արագ մտաբերել արտակարգ իրավիճակներում ադեկվատ վարքաձևի կանոնները, ես հարևանուհի էի, որին միշտ արիստոկրատ պահվածքով էին տեսել ու հիմա մի տեսակ անհարմար էի զգում վախից ճչալ ու սրտահովանքի համար անիծել էս դժոխքի հեղինակներին ….Այո, սոցիալական կերպարները, որոնք «խաղում» ենք, հաճախ սերտաճում են մեր մաշկի հետ ու արտակարգ դրության պայմաններում ընկնում ցայտնոտի մեջ:
Տարածությունն այրվում էր ու լցվում տները՝ ծխի տեսքով, իսկ ժամանակը չէր հասցնում անգամ իր փեշերը հետ քաշել. երբեք չէի կարող պատկերացնել, որ այրվող ժամանակի հոտն ամենահիասթափեցնողը կարող է լինել, բոլոր գլխովդ անցած վիրավորական խեղդոցների մեջ: Բայց, փառք աստծո, տիեզերական այս չափումների հանդեպ իմ ներողամտությունը կյանք առավ, երբ նկատեցի, որ մուտքից այլևս ծուխի հոսքը դադարեց ու մորս ասի.
-Վե՛րջ, փրկվեցինք…
Ես մտա ներս, սրթսրթում էի, ու հաստատ՝ ոչ ցրտից: Ուզեցի հասկանալ, թե ինչ է կատարվել մեր շենքի հետ, ուստի մտա ֆեյսբուք: ԱԻՆ-ի Էջում նյութն արդեն տեղադրված էր, կատաղած կարդում եմ. «Խրիմյան Հայրիկ փողոցի այսինչ շենքում հրդեհ է բռնկվել, հրշեջները հասել են այսինչ ժամին, լուսամուտից տարհանվել են երեխաներ, հրդեհը մեկուսացվել է այսինչ ժամին: Հրդեհի բռնկման պատճառներն ուսումնասիրվում են: Տուժողներ չկան»:
Վա՛յ ես ձեր խրիմյան մայրի՛կը…բա որտե՞ղ են իմ ապրումները, իմ էմոցիաները, ինչու՞ այսքան չոր, ախր չորությունը կրակի մեջ լավ է ճտճտում: Ուրեմն սա՞ է կյանքի հեգնանքը, քեզանից հետո այսպիսի չոր թվեր ու փաստե՞ր են մնալու, փաստորեն կյանքի հյութեղությունը տանելու ես քեզ հետ, որովհետև դա ուրիշին հետաքրքիր չէ: Բացի այդ, ինչո՞ւ չեն գրում, որ վիրավորական կլիներ մեռնել մարդկանց պատճառով, որոնց տանել չի կարողանում հոգեկան առողջության կենտրոնը, որոնց գործը քննել չի ուզում դատախազությունը, որոնց ստեղծած հակասանիտարական պայմանները սանեպիդն իր քթին չի կապում, համայնքապետարանին հետաքրքիր չեն, ոստիկանությունը սառը դեմքով նշում է ինչ-որ օրենքի կետեր, ըստ որոնց նրանց մեկուսացնելն անկարելի է…Այ, վաղը, երբ հարևաններով ոստիականությանն ուղղված դիմում գրենք, անպայման նշելու եմ, որ սրանք տանջում են կենդանիների…այս կետն ուղղակի քարը քարին չի թողնի…կենդանիների իրավունքներով զբաղվողներն հաստատ կմեկուսացնեն սրանց ու մենք էլ կենդանիների ջրերն ընկած կազատագրվենք: Իսկ առայժմ հրդեհը մարելու հետևանքի ջրերն ենք ընկած, որոնք սև մուր դարձած իջնում են առաստաղից ու պատերից:
Մյուս օրն իսկապես ոստիկանը թելադրեց դիմումի բովանդակությունը.
-Ես կթելադրեմ, Դուք գրեք…
-Դուք բանավոր ասեք, ես խմբագրած կգրեմ,-ասացի՝ հաստատ հիշելով մինչ այս նրանց թելադրած դիմումի ևս մի օրինակ, «Գրեք, որ նրա դին տեղափոխել են մեռած վիճակում»: Բնականաբար ես կարող էի իմ սուր սարկազմը գործադրել, եթե խոսքը ողբերգական դեպքի մասին չլիներ: Մի խոսքով, արդեն պատրաստ լինելով այս անգրագետ ոստիկանական թելադրությանը, սպասում եմ, թե ե՛րբ են ինձ զայրացնելու, մեկ էլ հո՛պ, տեքստի մեջ ստիպում է նշել, թե գրեք, որ նրանք համարյա ամեն օր իրենց կարիքները հոգում են տան մեջ…
-Ամեն օ՞ր,-ասում եմ հազիվ զսպելով հեգնանքս,-հարգելիս նվազագույնը օրական գոնե երեք անգամ…
Ոստիկանը կարմրում է.
-Կներեք, Դուք ի՞նչ եք օր…
Արդեն շատ կլիներ, որ հիմա էլ բանավոր խոսքն ուղղեի: Ինքն էլ իր կողմից հասկացավ, որ պետք է թելադրությունը թողնի ազատ շարադրությանն ու չխանգարի ինձ: Դիմումի տեքստն այնքան հակահիգիենիկ բովանդակություն ուներ, որ մի տեսակ զզվանքով նայեցի, երբ վերջում այդ թուղթը ոստիկանը ծալեց ու դրեց թղթապանակի մեջ:
Հետաքրքիր է փրկվողի հոգեբանությունը, մանավանդ հայ կնոջ, որը փոխանակ վայելի փրկության հաճույքը, կատաղած նայում է սևացած պատերին, գլուլ-գլուլ իջնող մրջուրյա աղտեղությանը, նոր հարդարած, բայց արդեն կեղտոտ մազերին, անուշ օծանելիքը ծալած ունեցած ծխահոտին ու միայն ուզում է իջնել ու դրանց սատկացնել, սակայն հարևանուհին, որ աշխատանքից նոր է վերադարձել ու ներկա չի եղել մեռնել-հառնելու այդ փոխակերպմանը, ինձ սթափության կոչ է անում՝ հիշեցնելով, որ նրանց դատ չի հասնում, իսկ ինձ հաստատ կհասնի…
Ես երկու բաժակ կոնյակ եմ կոնծում ու նորից մտնում էջ, հայտնում շնորհակալություն, որ փրկարարներն օպերատիվ ու արագ արձագանքեցին:
Ինձ արդեն զանգեր են գալիս այն ընկերներից, որոնք կարդացել են նյութն ու գիտեն իմ հասցեն: Ես պատմում եմ ու զգում, որ այս պատմելն ինձ համար կարևոր է: Կոնյակափայլ միտքս հուշում է, որ պետք է հյուրին կրկին գրել ու կանչել, քանի որ ուզում եմ խոսել այս մասին, իսկ նա ասում է՝ ես շենքի տակ եմ, եկել եմ որ քեզ փրկեմ: Օհո, խելքիս չի պառկում նրա փրկելու՝ «թռի-բռնեմ» մեթոդը, ուստի փրկության իմ տարբերակն առաջարկում։
-Եթե հնարավոր է առաջանալ, ուրեմն բարձրացիր վերև, ինձ շատ օգնած կլինես, եթե լսես ու հետս խմես…
…Երեկոյան աստիճաններով վերև բարձրացող մի կին հիասթափված նայեց մաքրություն անող, մուտքը մրազերծող հարևանուհիներին.
-Յաաաաա…էս մուր կլվա՞ք…էնպես զանգեցին, պատմեցին, ընձի թվաց թե հիմի օր գամ սաղդ ստեղ խեղդած ընգած կեղնիք…տնաշեննե՜ր…
-Մենք մազապուրծ ենք եղել, կհասկընա՞ս,-դուռը լվացող մեղմասաց տանտիրուհու խոսքը ինձ էլի մազերիս մասին հիշեցրեց. նայեցի հայելուն, սանրվեցի ու զզված դեմքով ասի՝ յախք, ես էլ սպարապետի պես ոնց եմ զզվում էդ բառից…
Հետո արբածի աչքերով զննեցի ինձ հայելում. հաճելիորեն նկատեցի, որ ահագին նորմալ վիճակում է արտաքինս ու թեթև ժպտացի՝ հիշելով Կիմա տատին, որին, երբ հաճոյախոսություն արեցի, թե լավ է պահպանվել, ասաց՝ գոնյա քանի տեսքս տեղն է մեռնիմ…
Էս մեր կանացի մահատենչությունը փաստորեն թիթիզության մի դրսևորում է, որն հաճախ ենք ձգձգում, երբ ասենք, մանիկյուրը տեղը չի լինում: Գուցե մեր՝ տղամարդկանցից երկար ապրելու ֆենոմենը նաև նրանում է, որ մենք ուղղակի հետաձգում ենք մահը՝ արտաքինը տեսքի բերելու համար, իսկ եթե արտաքինդ լավ է, անշուշտ մեղք է մահվան մասին մտածելը:
-Որդև մենք լավ ժողովուրդ չենք, ըդոր հմար մեր երկիրն էս օրին է.-գույքահարկ հավաքող տեսուչն է եկել, որն անշուշտ ժողովուրդ ասելով իրեն նկատի չուներ:
Հետո՝ մինչ երեկո, ես էլի ուզեցի որոշ մարդկանց պատմել, որ փորձանքի մեջ ենք եղել, և հրաշքով փրկվել ենք.
-Դե դրական տրամադրվի, ինչ ասեմ,-ասեց լոռեցի բարեկամս, մի հանդարտ «դնջությամբ»…
-Ախր մազից ենք փրկվել…
-Ըտենց բան մի՛ ասա, ա՛յ ախչի, էնա ամեն օր էլ փրկվում ենք էլի՛: Առավոտը գալիսա, աչքներս բացում ենք, ուրեմն փրկված ենք, հումորով նայի եղածին:
-Հա՛ նայում եմ,-ասացի նեղացած,-հետո, երբ կրակն հանգավ, սկսեցի հումոր անել:
-Դե լավ է…դե հանգիստ մնա, ես հետո կզանգեմ…
Բոլոր հոգեբանական տեխնիկաներն ի վերուստ դրված են մարդու մեջ, ինպես այս մեկը. հրդեհի հաջորդ առավոտ հարևանուհիներից մեկը «տուժածներին» հրավիրեց սուրճ խմելու: Բոլորս մեկ անգամ էլ պատմեցինք, թե ով որքան էր վախեցել: Կոլեկտիվ ամոքման այս հիանալի եղանակի մասին իհարկե այդ հարևանուհին չգիտեր, բայց նա դա արեց իր ներսի թելադրանքով ու անգիտակցականի հրամանով: Հրաշք բան է ներսի ազդանշանների հանդեպ լսողությունը մարզելը: Մարդն իր յուրաքանչյուր ցավի լուծումն ունեցող հարուստ ներքնաշխարհ-դարմանատուն ունի, որն իրականում ոմանց հետ հեռանում է աշխարհից, ինչպես խորդանոցում իր կուտակած անպետք իրերի պարկը, որն իրենից հետո պարտադիր նետում են աղբարկղը:
Փաստորեն ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ պետք է խոսել ու գնահատել ժամանակի շատ փոքր միավորները.
-Ինչպե՞ս ես հե՛նց հիմա:
-Գիշերն ինչպե՞ս անցավ:
-Առավոտ 10-ի արևն էնքան սիրուն էր:
-Երեկ երեկոյան ո՜նց էինք ծիծաղում:
Եվ այլն…
Ժամանակն այսօր կարծես սեռը փոխել ու տղամարդ է դարձել: Առաջ կին էր, օրինակ սիրում էր բուժել, մեղմացնել խռովքի ու վշտի ցավը…զգում էիր, որ շորորալով է շարժվում, սեթևեթում է ու ֆլիրտներ է անում տարածության հետ: Հենց փոխեց զուգընկերոջը մեկ այլ տարածության հետ, կարծես լրիվ ուրիշ կին լինի՝ սարերում ու բնության մեջ դանդաղկոտ է ու անջատված, հորանջող, մեծ քաղաքներում կրակոտ է, արագաշարժ ու սանձարձա՝, կարծելով, որ իրեն այստեղ ճանաչող չկա: Հիմա փոխել է սեռն ու տղամարդ դարձել, ու կարծես ինքնապաշտպանական բնազդով ագրեսիվորեն է արտահայտում արականությանը բնորոշ հատկանիշները, որոնք առանց այն էլ ընդգծված են, կարծես վախենալով, թե մեկն իրեն կարգի կհրավիրի ու կպատժի այս սեռաշփոթն առաջացնելու համար:
Ժամանակը մի կողմ, երբեք էլ իմ աշխարհը քո աշխարհը չի եղել, որովհետև երեկ, երբ իմ աշխարհը վտանգի մեջ էր, դու չմտածեցիր փրկվելու մասին…
Մարտ 2024թ.