Ամսի 23-ի կեսօրին, երբ, ինչպես գրական երկերում են ասում, «արևը հասել էր զենիթին», խռնված բազմության պատանի ցուցարարների խմբին, շարունակեցինք քայլքը: Հոգնել էի շրթունքներս իրար սեղմելուց, երբ ծանոթ-անծանոթներն անցնում էին կոշիկներիս վրայով ու հետո մեղայական «վա˜յ, կներե´ք» ասում: Հինգ-տաս րոպե ընդմիջումով հնչեցնում էինք «հույ»-ը, տրորում քաղաքի գրեթե բոլոր փողոցների ասֆալտապատ մակերեսները (բախտներս բերել էր, որ քիչ են այնպիսի փողոցները, որոնք պահանջում են բարձրություն հաղթահարել…ակնարկ մը):
Հեղձուցիչ օդ, որ լցված էր մաքուր նպատակներով, շենքերի լուսամուտներից կախված հետաքրքրասերներ, որոնցից ոմանք ձեռքով էին անում, ոմանք էլ` մեխանիկական դարձած շարժումներով բերաններից արձակում ծխախոտի ծուխը: Մենք քայլում էինք: Դեռ շատ կար մինչև ժամը 4-ի լրատվականի հեռարձակմանը:
Լավ կլիներ ինչ-որ հրաշքով հնարավոր լիներ ընթացքում ընթերցել գիրքս, որի կազմը ամուր սեղմելու պատճառով թրջվում էր ձեռքերիս քրտնքաջրից: Գրող Մարկ Լեվին հաստատ չէր կանխատեսել, որ իր գիրքը`«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը», պիտի իմ ձեռքերում հայտնվի այս օրերին: Ինչևէ, ես վառվում էի հետաքրքրությունից, թե ինչքանո՞վ ճշմարիտ կլինի բախտագուշակի կանխատեսումն Ալիսի համար, արդյո՞ք նա իր սիրելիին կհանդիպի ճիշտ և ճիշտ ևս վեց տղամարդու հանդիպելուց հետո, հապա այն ո՞վ անցավ աննկատ, ինչպես ճղճղան ու միշտ դժգոհ թութակն էր ասում, ամենահետաքրքիր պահին:
Մտածում եմ` լա´վ, չկարդա՞մ վերջին էջը, հետո միայն տրվեմ մանրամասնություններին: Է´հ, չէ´. գիրքը եթե այդպես է գրվել, այդպես էլ կկարդանք: Վա´յ, «հույ»-ի պահն է: Հու´յ, հու´յ, ծափեր: Գնացինք առաջ:
Մեկն ինձ հպվեց շատ մեղմ. ոչ այն գիրուկ ծյոծյայի կամ պստիկ-ճստիկ, ոչինչ չհասկացող երրորդ դասարանցի տղայի նման: Չէ´, նա, կասեի, ուսով քսվեց ուսիս, խռնվեց ու անհետացավ ամբոխի մեջ: Ես տեսել եմ այդ դեմքը համալսարանական միջավայրում բազմիցս ու շատ պատահական` գրադարանում, բուֆետում, միջանցքում, լսարաններից մեկում, ամենուր: Ու նա անհետացավ:
Հու´յ, ծափ: Իսկ հիմա որտե՞ղ: Եկե´ք նստենք: Խեղճ ոստիկանը փողոցի մի ծայրից մյուսն էր վազում, խնդրում, պահանջում, որ իրար չտրորենք…դե´, հա´, խելքին մոտ բան էր ասում: Անմիջական, ճշմարիտ:
Նա էր, հա´: Վազելիս մեր մատները հպվեցին, ու հայտնվեցինք մայթին: Նույնիսկ սկսեցին խոսել թունավոր գազ բաց թողնելու մասին, բայց ո՞վ էր հավատում: Մարտի մեկին էլ չէին հավատում…
Մայրս անընդհատ զանգահարում էր, խնդրում…թախանձու´մ էր`տուն գնամ, բայց դա ի´մ հեղափոխությունն էր, ու ինձ ոչինչ, նույնիսկ հաջորդ օրը քննության լինելու փաստը հետ չէր պահի: Ժամը 2-ն էր, քիչ էր մնացել:
Ծանոթ աղջկա հետ կիսեցի շոկոլադե սալիկը, առաջարկեցինք քիչ հեռու կանգնած, այլ ամբիոնի դասախոսին: Չհրաժարվեց: Սպիտակ թղթերը կեղտոտվում էին`հայտնվելով գետնին, իսկ դրանց առաքելությունը մեր շորերի չկեղտոտվելն էր: Նստեցինք բարկ արևի տակ, ընկերուհիս նստեց ծալած բաճկոնին, ես`նրա մոտ:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ նոր ընկերներ, ծանոթներ ձեռք բերելը 80 %-ով կախված է եղել հեղափոխությունից:
Անվանափոխանակություն: Ուրախ եմ, անունս Գոհար է ,քոնը`…արի´` պայմանական կոչեմ Իթան: Ուրա´խ եմ, Ի´թան:
Քսան րոպե անց մենք արդեն խոսում էինք մեր ծնողների մասնագիտության, նախասիրած առարկայի ու, չթաքցնեմ, չսիրած դասախոսների մասին: Նրա ուսերի դրոշի մյուս մասը ծածկեց իմը, ու մենք հայտնվեցինք եռագույն մտերմության հաճելի, սիրուն ալիքում: Քթներիս տակ երգում էինք բարձր-բարձր հնչող երգերը, շեշտում, որ մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք: Ես հաստատ մենակ չէի:
Սևա´կ, միգուցե քո կյանքի մի իրադարձություն է ստիպել, որ ասես`պատահաբար են հանդիպում կյանքում, բայց ասել ես և ի´նձ համար: Միայն այդ չորս բառերը: Չգիտեմ`որտեղից, բայց նրա ձեռքում հայտնվեց մկրատ, ու նա կտրեց դրոշից մի փոքր կտոր, դրեց աջ ձեռքիս ափի մեջ, սեղմեց ձեռքս ու փակեց: Նրա դրոշը տձևացավ, իմը`ստեղծվեց: Քիչ էր մնում` բացեի գիրքս ու կարդայի, նրան էլ խնդրեի`ընկերակցեր,թ եկուզ և արագ կարդար:
…Եթե տարիներ անց գրող դառնամ ու տիրապետեմ կարճ, շատ կարճ պատմություններ գրելու արվեստին, առաջինը երեք բառանոց կլինի: «Սերժը հրաժարական տվեց»:
Գետինը թնդում էր ոտքերիս տակ, ականջներս խլացել էին լացախառը ճիչերից,ու ձեռքերս բնավ չէին ձգտում`փակելու ականջներս: Ես չէի էլ փակում բերանս, որ ձայնս չկտրվի այդքան գոռալուց, թե չէ մեծ սիրով պարոն Փաշինյանի հետ հոնի մուրաբայով թեյ կխմեի…
Մայրս կապվեց ինձ հետ շատ ուշ. ծանրաբեռնված էր գաղտնալսող Վիվասելի կապը: «Լսեցի՞ք, լսեցի՞ք…հրաժարական…լսի´ր, սոված չե՞ս…շոկոլադով փոր չես լցնի…Սերժը…տվեց…»,- կցկտուր խոսում էր մայրս: Դու ծածանում էիր կիսատ դրոշը, ես երկու մատով օդում թափահարում էի փոքրիկ եռագույնը: Շուրջբոլորը գրկախառնություններ են, արցունքոտ աչքերով պապիկն ահա կանգնած է մեզ մոտ:
…Իսկ օրեր առաջ մենք բոյկոտում էինք դասերը, առանց որևէ վախի դուրս էինք վազում համալսարանի դարպասից, մտքին եկած ամեն բառ բարձրաձայնում ու դարձնում կարգախոս, միգուցե տեսնում իրար, բայց ուշադություն չդարձնում:
Օրեր անց ես ժպիտով կփակեմ գրքի վերջին էջը, որ փնթփնթան պարոն Դալդրիին դարձրեց, փաստորեն, Ալիսի կյանքի յոթերորդ տղամարդը: Ի՞նչ գուշակություն, ի՞նչ բան: Իմ թիկունքում էլ դու էիր կանգնել, եկել ու անցել: Հիմա եմ հասկանում`ինչքան նմանություն կար իմ ու Ալիսի միջև. երկուսս էլ մեջքով էինք կանգնել բախտին. Ալիսը`կյանքի ընկերոջը, ես`ընկերոջս…Պահարանում դրված, ծալած դրոշակը հեղափոխության սիրուն կողմը մնաց, մնաց շոկոլադի սալիկի թղթի մոտ դրված, մնաց գրքի մոտ դրված: Չէ´, ես հետո դրանք դրեցի էջերի արանքում: Սալիկի թուղթը այն էջին է կպել, որտեղ գուշակությունն է կատարվում, իսկ դրոշակը`այն էջի, որտեղ պարզվում է ամեն բան: Ու թե մեկ էլ հավաքվելու առիթ լինի, բայց ոչ այսպիսի առիթ, այլ, ասենք, Թանկյանի հեղափոխական երգերը լսելու, ես ինձ հետ կունենամ դրոշակս, որ, թափահարելով օդում, հեշտ գտնեմ քեզ, ի´մ պարո´ն Իթան Դալդրի…