Պարույր Սևակ | Իմ Կոմիտասը

Ձեր կարծիքը Կոմիտասի գեղարվեստական կերպարը ստեղծելու հնարավորության մասին:

— Կոմիտասի գեղարվեստական կերպարն ստեղծելու հնարավորությունը առայժմ ավելի ժամանակի ձեռքին է, քան գրողի, որովհետև տակավին ժամանակ է պետք ամբողջացնելու այդ կերպարը: Կոմիտասագիտությունը դեռ նոր-նոր է թևակոխում իր զարգացման այն փուլը, երբ ընդհանուր խոսքերին պիտի փոխարինի լուրջ նյութազննությունը, էժան հայտարարություններին՝ թանկ բացահայտումները, մոդայիկ հարասացություններին՝ ներհուն ներզգացողությունը: Այս ամենը գիտության գործ է ավելի, քան գրականության:

Կա մի շատ կարևոր (թերևս կարևորագույն) հանգամանք ևս: Չափազանցա՞ծ կլինեմ, եթե ասեմ, որ առայժմ Կոմիտասը չի դարձել համազգային ըմբռնողություն: Կարծեմ սխալվեցի: Ըմբռնողություն դարձել է կամ դառնում է: Բայց քիչ է դա: Կոմիտասը դեռ չի դարձել համազգային զգացողություն: Շատ-շատերի համար նա տակավին հոգեկան պարտադրանք է ավելի, քան թելադրանք, հոգեկան հարկահան է ավելի, քան ընծայարան:

Մեր համազգային ճաշակն ու գիտակցությունը տակավին անբավարար են՝ ըմբռնելու ոչ թե Կոմիտասի մեծությունը, այլ զգալու նրա տեսակարարությունը: Եվ, որքան էլ տարօրինակ թվա, այս խնդրում զարմանալի «ավանդ» ունեն առաջին հերթին մեր… կարծում եք վարորդնե՞րը կամ… ֆիզիկոսնե՞րը. ո՛չ, մեր… երաժիշտների մեծամասնությունը, որ ուսանելով կամ դասավանդելով Կոմիտասի անվան երաժշտանոցում՝ իրենց վարքի և գործի նշանաբանն են դարձրել ոչ թե Կոմիտասին, այլ… ինչպե՞ս չասես… հավուր պատշաճությունը:

Բայց ուրախությամբ նշենք նաև, որ մոտանցյալ տարիները քիչ բան չարեցին Կոմիտասի կերպարը ամբողջականացնելու գործում: Ես, իբրև օրինակ ասած, վերջին անգամ Կոմիտասի մասին գրավոր արտահայտվելու առիթ եմ ունեցել 1961-ին («Արվեստ» ամսագրում): Եվ ինչպիսի՜ դժվարությամբ կարողացանք «անցկացնել» իմ այն «հերետիկական» միտքը, որ անարդար-անտրամաբան-անհեթեթ է նույն քաղաքում, նույն բեմից ամեն օր լսել «Ավե Մարիա», բայց ոչ մի անգամ «Սուրբ Աստվածածին», հարյուրավոր խորալներ, բայց ոչ մի շարական, «Ռեքվիեմ»-ներ, բայց ոչ երբեք «Պատարագ»:

Անցել է ընդամենը ութ տարի, և ահա ընդամենը երեկ չէ մյուս օրը կոմիտասյան «Պատարագը» հնչեց ոչ այլուր, քան… Մոսկվայի Սյունազարդ դահլիճում՝ Զարեհ Սահակյանցի գլխավորությամբ: Էլ չեմ ասում, որ մեր հոգևոր երաժշտությունն ընդհանրապես, կոմիտասյանը մասնավորապես, հնչում է այժմ աշխարհիս շատ ու շատ բեմերից՝ սիրելի Լուսինեի շուրթերից: Եվ սրանով Կոմիտասի կերպարը մոտեցավ ամբողջականության, և արվեց ևս մի մեծ քայլ Կոմիտասի գեղարվեստական կերպարի ստեղծման հնարավորությունների ճանապարհին:

— Քանի՞ անգամ եք անդրադարձել Կոմիտասին:

— Ես երբևիցե չեմ հեռացել Կոմիտասից, որպեսզի անդրադառնամ նրան: Իմ գիտակցական ողջ կյանքում ես եղել եմ նրա հետ, եթե կարելի է ասել՝ նրա մեջ, ինչպես բջիջը մարմնում, և այդպես էլ կգնա մինչև այն օրը, որ «վախճան» է կոչվում: Այլ հարց, թե քանի՞ անգամ է ինձ հաջողվել զգացածս և ապրածս խոսք դարձնել:

Կոմիտասի մասին իմ առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1949-ին: Մի բան չէր: Երկրորդ բանաստեղծությունս առանձին «Նորից քեզ հետ» ժողովածուում (1957): Բանի նման էր, բայց բնավ էլ այն չէր, ինչ կուզենայի և ինչին արժանի էր Կոմիտասը: Հետո, վերջապես, գրվեց «Զանգակատունը»: Վերջին առիթը, ինչպես ասացի, եղել է «Արվեստ»-ում տպված հոդվածս:

— Ձեր սեփական Կոմիտասը համապատասխանո՞ւմ է Ձեր մտահղացումներին, և ի՞նչ եք ուզել ամենից շատ շեշտել նրա մեջ:

— Ինձ թվում է, որ իմ սեփական Կոմիտասը համապատասխանում է իմ սեփական այն մտահղացմանը, որ ջանացել եմ կատարել «Անլռելի»-ով: Ի՞նչ եմ կամեցել ամենից շատ շեշտե՞լ: Ա՛յն, ինչ իսկապես էլ ամենից շատ է շեշտված եղել ա՛յն հենց իրեն՝ Կոմիտասի մեջ: Ա՛յն գյուտը, հայտնագործությունը, որ «հայն ունի իր երաժշտությունը», այնպես, ինչպես ունի իր լեզուն, որով տարբերվում է մեկ այլ ազգից, մեկ այլ տեսակից: Հենց այս է, որ քիչ առաջ կոչեցի տեսակարարություն:

Երաժիշտներ ունեցել ենք, ունենք հիմա և կունենանք հետո: Կոմիտասից առաջ, մենք պիտի որ (տա՛ Աստված) նրանցից ոմանց ավելի դառնանք մեր մեծանուն Կոմիտասին: Բայց Կոմիտասն այսօր Բախ-Բեթհովեններից առանձնանում է և կառանձնանա նրանցից ընդմիշտ, որովհետև ինքն է հայ երաժշտության բոլորիչը, տեսակարարը:

Փաստորեն ես հիմա պատասխանում եմ հաջորդ այն հարցին, թե ո՞ւմ կդնեի Կոմիտասի կողքին՝ մերոնցից և օտարներից: Մերոնցից՝ միա՛յն Մաշտոցին: Այս մասին ես արդեն գրել ու տպագրել եմ 6 տարիներ առաջ, ու եթե ստիպված եմ ինքս ինձ կրկնելու, ապա լոկ այն արդարացումով, որ այլ բան չեմ կարող ասել:

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները՝ նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը՝ արձանագրելով մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում: Եվ ամենավայելուչ ածականը երկուսի համար էլ մեկ է՝ գյուտարար: Այսպես դատելով՝ մեր բոլոր մեծերից Կոմիտասի կողքին կարելի է դնել միայն Մաշտոցին և ուրիշ ոչ ոքի:

Իսկ օտարների՞ց: Դժվարանում եմ ասել: Եվ դժվարանում եմ հենց այն պատճառով, որ Կոմիտասը միայն երաժիշտ չէ կամ նոր երաժշտության հիմնադիր: Այս դեպքում դժվար չէր լինի մատնանշել նրա նմաններին այլ ժողովուրդների մեջ, որովհետև ամեն ժողովուրդ էլ ունենում է իր հին կամ նոր երաժշտության հիմնադիրը: Իսկ բոլո՞րը կամ շատե՞րն ունեն իրենց գյուտարարը: Եվ արդյոք ունեցե՞լ են դրա կարիքը, որպեսզի ունենային այդ կարիքը հոգացողին էլ: Ես, դժբախտաբար, այդքան լավատեղյակ չեմ համաշխարհային երաժշտության պատմությանը: Համենայն դեպս, դատելով Մաշտոցի օրինակից, կարող եմ ասել, որ սեփական այբուբենի գյուտը ընդհանուր անխուսափելիություն չէ բոլոր ազգերի համար: Շատ քիչ ազգեր ունեն իրենց սեփական այբուբենը: Այդպես էլ կարող է լինել նաև երաժշտական այբուբենի հարցում:

— Ի՞նչ կասեիք Կոմիտաս բանաստեղծի մասին:

— Շատ ուշ իմացանք Կոմիտաս բանաստեղծի մասին: Եվ շատերը զարմացան, իսկ ես՝ բնավ: Նախ՝ այն պատճառով, որ «եթե Աստված տվեց՝ էլ չի հարցնում չափը»: Կոմիտասն այդ աստվածատուրներից էր, և բնավ զարմանալու բան չկա, որ Աստված նրան տվել էր նաև բանաստեղծելու շնորհ: Չզարմացա նաև այն պատճառով, որ քաջ ծանոթ էի «Հազար ու մի խաղ»-ի այն երկու պրակին, որ ժամանակին հրատարակել էին Մ. Աբեղյանն ու Կոմիտասը: Անկարելի է չլինել բանաստեղծ և բազմաթիվ տարբերակներից չընտրել այն տողերն ու բառերը կամ չանել այն շտկումները, որ կատարված են այդ պրակներում՝ ժողովրդական հում նյութի համեմատությամբ:

Գալով կոմիտասյան չափածոյի զուտ գրական արժեքին, ես ինձ թույլ չէի տա կոմիտասապաշտ կոչվելու, եթե չասեի, որ ով-ով, բայց Մեծն Կոմիտասը բնավ կարիք չունի այն նպաստավորական իրարանցմանը, որով սպառնում է նրան մեր մամուլը՝ այս անգամ էլ նրա չափածոյի առիթով: Չէ՞ որ Կոմիտասի գրածները ավելի ոտանավորներ են, քան բանաստեղծություններ: Ես չնչին իսկ կասկած չունեմ, որ Կոմիտասը դրանք գրել է իբրև երգի խոսք և ոչ իբրև ինքնաբավ բանաստեղծություն: Եվ ի՜նչ անմարսելի ցավ, որ երգի խոսքերը գրվել են, իսկ ինքը երգը՝ ոչ…

— Ունե՞ք նոր ասելիք Կոմիտասի մասին, ավելացնելու բան:

— Մի՞թե ներելի չի լինի, եթե ես Կոմիտասի մասին այլևս նոր ասելիք չունենամ. չէ՞ որ աշխատել եմ ասել այն ամենը, ինչ ունեցել եմ: Եվ նոր ասելիք երևի թե չունեմ: Բայց ավելացնելու բան կարծես թե ունեմ: Եվ դա կանեմ՝ ոչ բանաստեղծությամբ, իհարկե, այլ հոդվածանման գրառումներով:

— Կոմիտասին նվիրված ժամանակակից ո՞ր գործն է ամենից շատ տպավորվել Ձեր մեջ և ինչո՞ւ:

— Կոմիտասին նվիրված ստեղծագործությունները, ցավոք սրտի, մեծ մասամբ անկատար բաներ են: Եղածի մեջ լավը համարում եմ Ռ. Արամյանի և Մ. Մանուկյանի պատմվածքները: Բայց էլի ինձ չեմ կասկածում, որ իմ այս գրչընկերները ճիշտ կհասկանան, եթե ասեմ, որ Կոմիտասի գեղարվեստական լիարժեք կերպարը դեռ սպասում է իր մարմնավորողին:

Նույնը պիտի ասեմ Կոմիտասին նվիրված գիտական աշխատանքների մասին: Քիչ բան չի արված, բայց շատը դեռ մնում է: Այդ շատը կարվի այն դեպքում միայն, երբ Երևանի պետական կոնսերվատորիան երբեք չմոռանա, որ ինքը կոչվում է Կոմիտասի անվան: Իսկ Կոմիտասի անունը չի կարող դառնալ ցուցանակ, նա պիտի լինի ցուցանիշ և ուղենիշ:

— Իսկ հուշագրություննե՞րը:

— Քիչ չեն լավ հուշագրությունները, բայց դժվարանում եմ գերապատվությունը տալ սրան կամ նրան: Ա՛յլ խնդիր և կարևո՛ր խնդիր է, որ Կոմիտասի մասին առկա հուշագրությունների մի մասն է միայն հրապարակված: Անձամբ ես աններելի հանցանք եմ համարում, որ այս հոբելյանական տարին էլ չկարողացանք օգտագործել՝ չհրապարակվածը հրապարակելու համար: Կոմիտասի կերպարի ամբողջացման գործում դա կաներ շատ ավելին, քան հպանցիկ և վաղանցիկ այն շարադրանքները, որ վաղը-մյուս օրը ստիպված կլինենք կարդալու:

Ես մեծ հույսով եմ սպասում Խաչիկ Սամվելյանի «Կոմիտասի կյանքի տարեգրությանը»: Բանասերն արել է այն, ինչ պիտի անեին, կարծեմ, մեր երաժշտագետները: Խ. Սամվելյանի աշխատությունը թերևս օգնի և խթանի ինչպես գրողներին, այնպես էլ երաժշտագետներին՝ ավելի ամբողջական պատկերացնելու Կոմիտասին: Իսկ պատկերացմանը չի կարող վաղ թե ուշ չհետևել նաև պատկերումը…

Հարցազրույցն արտատպված է «Գարուն», 1969, թիվ 11-ից։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *