/գրողի ծոցատետրից/
Նվիրում եմ բոլոր ողջերին, որ վառ պահեն
գնացողների հիշատակը:
…Վարքագիրները կգրեն, կվկայեն ժամանակակիցները, իսկ պատմությունը կլռի…
Ո՞վ է Նա, Հանճարի անհայտ հերոսուհին, որ ձայներ է լռեցնում, խոնարհեցնում ակնդետ դիտողին, որոնողին տանում իր հետ` ծանոթ ու անծանոթ բավիղներով…
Մեղրաթերթե շուրթերով, մենալռող, անսնգույր կերպարով, օշարակի պես քաղցր ու ցավեցնելու աստիճան մաքուր հայացքով Մոնա Լիզան… Տիկնանց տիկի՞ն, թե՞ սովորական մի աղախին՝ Աստվածամոր կերպարի պես վսեմ ու առինքնող, անպարագիծ սիրո, պաղատանքի, աղերսումի, թախիծների ու հիացքի Մեծ հասցեատերը… Անէությա՞ն մեջ, թե՞ խորություններում սուզվել փորձող հայացքդ վերստին ու վերստին կբախվի աննյութին ու մարմնավորին, տեսիլքին ու իրականին, միրաժների մեջ լուծվող կերպարից կփորձես զատել նյութեղենը, այն, ինչ կարող ես շոշափել, զգալ, վայելել, բայց կրկին կկախարդվես ցնորական ժպիտից ու կընկնես առեղծվածայինի անհատակ անդունդը. այդ նա է` վեհատեսիլ ՄՈՆԱ ԼԻԶԱՆ:
Իսկ գծերն ու գույները ո’չ պարագիծ ունեն, ոչ’ սահմաններ, անավարտի մեջ ավարտուն, շոշափելու պես անիրական, ուր մեռնող ձևերի վրձնահարվածներն արարումի սկիզբն են, ախորժելի, մտատար, տեսիլապատիր, կատարյալ ու անվախճան:
Ձեռքերն, ասես մոմաձույլ, խոսուն քնքշանքի ու նվաղումի բաց նյարդեր, սիրելու ու սիրվելու, կանացի, հավերժ կանացի, մայրական… Ո՞մ են շոյել նրանք, ու՞մ առջև բացել հոգու գաղտնարանները…
Նկարը, որքան իրական, նույնքան անիրական, դաշնամուրից վերև, անշունչ կախվածի նման, սակայն որքա՜ն մեխված հոգու մեջ, օրերի: Անցյալի ցավոտ ուրվական՝ հոգեմաշ, անխիղճ, երբ ձեռքերն անզոր են հեռացնել պատից, իսկ հայացքը կպչուն՝ փաթաթվել է նրան, ու անզիջում պայքարի մեջ ոչ ոք չի հաղթում: Մեռնողի ու հեռացողի թախծածոր բույրերի պես ներծծված իրերի ու գրքերի մեջ, հագուստների օձիքին, կոճգամներին, փողքերին ու թևքերին, գեղեցիկ ֆլիրտ անողի նման անտարբեր պաճուճվել է անլուռ, ու դառն խզզոցով մարում է սրտի, թոքերի վերջին հևանքը: Իսկ մոխրամանի մեջ գլանակների կույտը բլրվել, ափերից ելել ու ճերմակ սփռոցին մոխրի իր թևանքով տխուր ուրվագծերով անուններ է ծնում, անջիղ պատկերներ: Փոխարենը՝ սպիտակ թղթերը մեռնում են իրենց դատարկությունից, օրերի խունացած փոշեհատիկներով ակաղձուն՝ մագաղաթի պես խշրտացող, դանդաղ ելևէջում են անծանոթ նոտաների հանգով, որոնք վանկ չեն դառնում, բառ չեն դառնում, մնում են հավերժ աննյութի կարգավիճակով՝ դատարկության թեթև արձագանքներ, թեթև ու ցավեցնող…
… Հին, հին ժամանակներ, քաղցր, անդառնալի օրեր, տտիպ հիշողության մեջ հազիվ զգացվող օշարակի համ, մոռացված շուրթերի սիրելի անկյուններ՝ ցնորական ու ախտածին, ցեցի նման կյանք հյուծող, մեկուսի, մեկուսի… Թերևս այնքան նման վերևում կախված նկարի տիրոջը՝ նույնքան մոգական, ցնորապատիր ու տևական, տևական, անգամ անմարմին ու անշոշափ վիճակի մեջ: Դիվահարի իր վիճակից ելք չկա, հավերժ կախարդվածի կնիքից ելք չկա, նախասահմանված է՝ պիտի սիրի մեռածին, հեռացածին, հիշողությամբ փարվի կատարյալի մարմնին, ափերը դեմ առնեն դատարկության սթափեցնող պատին, ճակատագիր է, իր ճակատագիրը, որ իրականի շունչ է առնում միայն երազներում, ուր Նա՛ կա, շոշափելի, ցանկահարույց, մտերմիկ: Իսկ այս Մոնա՛ Լիզան…Ինչու՞ է աչքերն այդպես անթարթորեն հառել, ու՞մ է փնտրում, ի՜նչ կպչուն հայացք ունի, դավադիր օձի պես զոհին մոլորեցնող, կախարդական բավիղների պես թաքնախորհուրդ, բայց և միակ տևականը բոլոր ժամանակներում:
Ինչո՞վ է առավել իր Լիզա-Մոնայից, ինչո՞վ, որ ինքն անկարող եղավ հավերժացնել նրան, թողնել սերունդներին ի պահ, շատերի նախանձը շարժել, ոմանց խանդը, մյուսների անվերապահ հիացմունքը, երրորդների ակնածանքը: Ի՞նչ հավերժացումի մասին է խոսքը, եթե չպահպանեց մի կյանք անգամ, սովորական մահկանացուի տարիք, որ հասունություն է ենթադրում, հետո՝ ծերություն: Չպահպանեց, ծաղկուն մարմինը փաթաթեց ծաղիկների մեջ ու հանձնեց հողին: Այդպես: Ասես չէր էլ եղել: Գոնե սերմ լիներ և հաջորդ գարուն շարունակվելու տենդն ունենար, մինչդեռ ցամաք էր, ինչպես չորացած առվակ, փետրահան թռչուն, մեռնող տերև՝ քամու բերանն ընկած, անտեր, տարագիր… Գնար, սրբեր հողաթափերը, ոտքերը լվար առուներում, մազերը սանրեր ժամեր շարունակ, շուշաններից շուրթեր կախեր ու շուրթերը թերթեր մագաղաթի նման…Ներշնչանքը կար, ներշնչանքի տերը չկար, հագել էր այնուրի շապիկները, կծկվել տխուր պատանի մեջ, նավարկում էր այնուր իր փոքրիկ տապանով. Իմ Շահանե՛, իմ Սուլամիթա՛, իմ Ջուլիե՜տ…
Մոմերը հանգան, վերջին մոմերը, հանգան կտավի խոնավ աչքերը, իսկ մատներն անկյանք գլանակով զինված՝ թղթերի տրցակն էր շոշափում՝ սրսփուն, սրսփուն, երբ քամին այնքան նվաղկոտ էր այն օրը… Երբ արևն անսովոր էր իր ջերմությամբ: Ասես գարունն էր ծնկել դեկտեմբերի առաջ: Չարաբաստիկ այն օրը…
…Ոչ մեռելահաց կար, ոչ մեռելատեր: Բոլորն էին մեռելատեր: Բոլորն էին գերեզման փորում: Բոլորն էին գերեզման փնտրում: Վազում էին՝ դագաղներ ուսած, վազում էին մեռելներն ուսին, չէին հարցնում, չէին խոսում, նայում էին, չէին տեսնում: Դիվահարի պես: Շպրտվել էին: Ցայտնոտի մեջ էին, շփոթմունքի ու շիվարի: Լարախաղացն իր պարանին մի ողջ ազգ պարեցրեց ու գնաց: Հետո իր հյուսիսից դերեր էր բաշխում: Ոչ ոք չհավատաց: Բոլորը գիտեին. ծանոթ ձեռագիր էր, ձեռնածուն՝ ծանոթ ազգի, Նեռի տեղապահն իր հողի վրա…
Դաշնամուրից վերև, պատից կախ՝ ճոճվում էր ծանոթ կտավը, կանացի ծանոթ դիմագծերը անհայտություն էին հուշում, պոկված պաստառների, թափվող ծեփի ու փոշու մեջ ոչինչ չէր աղավաղել նրա մոգական ժպիտը: Առեղծվածը շուրթին՝ ասես հուշում էր մի բան, որից այն կողմ ծանր վարագույրն է, վերջակետն իր ու աշխարհի միջև, վերջին ակորդը, վերջին բառերը, վերջին թանձր վրձնահարվածները, որոնք ավարտ էին հուշում: Ինքը միայն ենթարկվողն էր, ժամանակն ու դեպքերը թելադրում էին, իսկ ինքն անկամ կանգնել էր սենյակի մեջտեղում ու չգիտեր անելիքը: Չգիտեր ո՞րն է սկիզբը, և ո՞րն է վերջը: Եվ այդ անհայտի հանգուցալուծումն անշոշափ էր, ինչպես անծիր եթեր, որ սկսվում և ավարտվում էր միևնույն կետից, միևնույն ցավագին հարցից. ինչու՞, ո՞ր մեղքի համար… Անշոշափ թշնամու դեմ կանգնել էր դեմառդեմ ու չգիտեր անելիքը, ինչպե՞ս պայքարեր նրա վիթխարի ճիրանների դեմ, եթե իրականը միայն փլուզվող պատերն էին ու խեղանդամ մարմիններ՝ որքան ասես…
…Ու գնում էին թևաթափ մարդիկ՝ դառն իրականությունն ուսած, գնում էին անհայտի մեջ թաղելու և՛ կյանք, և՛ քաղաք, և՛ մանկություն, և՛ գալիք, որբի նման, գլխակորույս, մեռելատեր ու մեռել՝ ապրելու համար այլևս անունակ ողջեր:
…Հիմա նստել է նրա դաշնամուրի առջև, ստեղներին փոշի կա, ամիսների փոշի, որ չի ուզում սրբել: Մատնահետքերը սրբագրել չի՜ ուզում, միակ շոշափելի վկաները նրա գոյության, նրա իսկության, նրա հայացքի, որ հաճախ է կախվել այս նկարից, ի՜ր նկարից, ի՜ր Լիզայի…Ու արդեն խճճվում էր ամեն ինչ, չէր հասկանում այդ երկուսից ո՞վ է իրականը, ով անիրական, ո՞րն իր Լիզան, և ո՞րն է այն մյուսը…
…Պահարանում հանդերձներ են՝ ճերմակ-ճերմակ, գարնան շուշանների պես թովչալի, պարզ ու առինքնող ճերմակություն՝ ներսուզումների, հիացքի ու հրայրքի այրող կարոտով, որ մեռնում են փակ դռների հետևում՝ թափառական մտքերից օտարված, անտեր ու անիրական, որ ամսեամիս դժգունում են մենավորի ի՛ր կացությունից, իր մտքերի թանձրահյութ հոսքից խռոված: Իսկ ինքը չունի քաջություն փակելու անցյալի դռները, նոր էջից սկսելու համար: Հագնե՜ր այդ հանդերձներից մեկը, բարալիկ մատներով բացեր կափարիչը ու հոսեր, սենյակի անկյուններով սահեր, էլեկտրական լիցքի նման պարպվեր իր անկյուններում Նրա Շոպենը, Նրա «Լուսնի սոնատը», Նրա Վիվալդին…Կամ գար, անսպասելիորեն փարվեր գրասեղանի առջև երկար խոնարհված իր պարանոցին, գրկեր քնքշանքի իր նվաղկոտությամբ, և վարդաշաղ ջրերի վրա նավարկումն ու սահանքը լիներ ինչպես բաց ծովում, անկողինը ավազների մեջ լիներ, մարմինն արևի ջերմությունը կլաներ, կլաներ…
…Հետո պոռթկաց, կատաղի անձրևի հետ բացեց փեղկ ու պատուհան. թո՛ղ գան, անձրև ու կարկուտ, թո՛ղ գան լցվեն իր մենության սենյակը, թող գան, սրբեն իր ողբի պատերը, քերեն վշտի անգիր մագաղաթները՝ անտառ բարբաջանքի նման վերջին տողերը, որ հասցրել էր շարել հոգու ստեղներին: Մոլեգին՝ նժույգների վարգի նման, գիշերային պոռթկումների նման ցնծուն, շեփորների նման սարսռեցնող, դանակի շեղբի նման մերկ… Ինքն արդեն կարող է, ինքն ուզում է տեսնել արցունքի շիթերը լացող Մոնա Լիզայի կոպերից, որ դատարկությունը լցվի ինչ-որ բանով, ինչ- որ կենարար, ապրեցնող բանով: Իսկ Մոնան Լիզան խեղդվում էր արցունքների մեջ՝ ինչպես երբեք:
…Լույսի խրձերը կախվել էին վարագույրներից, ընկել հատակին, փայլուն հատիկներով նստել ապակիներին ու ջահերին: Բակից ծաղկաբույր էր գալիս՝ գաղտնիքներով ու զմայլանքով օծուն: Վարդաթերթերը երևի շողում էին անձրևից հետո: Սիզամարգի վրա դեռ ապրում էին ջրի կաթիլները. արևը դեռ չէր հասցրել կլանել նրանց: Պատուհանի քիվերից ու տանիքից դեռ կաթկթում էր ջուրը՝ անբռնազբոս, վայելքով, դանդաղ հաճույքի նման: Ամենուր պայծառություն էր, գարնան արքայություն: Օդի մեջ կերակուրի անուշաբույրն էր թևածում՝ մոռացված, հեռավոր ինչ-որ բանի, որ անցյալն էր հուշում, քաղցր ու անհոգ անցյալը: Հետո աչքն ընկավ մելամաղձոտ պատին՝ նկարը չկար: Ալարկոտ քայլեց ծանրամեծ դաշնամուրի ուղղությամբ, տնտղեց վրան, շուրջը: Զարմանքով փորձեց պարզել հիշողությունը: Էլ ավելի զարմացավ իր քայլվածքի թեթևությունից. ասես ուսից մի ծանր բեռ էր ընկել, ասես անհայտության մեջ թաղել էր մի ողջ անցյալ: Հետո դուռն անակնկալ բացվեց, ու մրգերով ու սուրճով սկուտեղը ձեռքին՝ հայտնվեց մայրը… Աստվա՜ծ իմ. նա վերադարձել է…Ու փլվեց նրա ծնկներին:
…Ամիսներ էին անցել, ձմեռն այլևս անձյուն չէր ու գարնան հոտով, ձմեռը ձմեռ էր իսկական, խոշորափաթիլ, մանկանց հրճվանքով ու խաղով: Այգում ծառերը ճկվել էին ձյան առատությունից, արահետներում ոտնահետքերն ապրում էին մի պահ, ապա ջնջվում ձյան մաքուր ձեռքերով: Ու գրվում էին նրա տողերը: Գիրքը հրատարակչություն տարավ Նրա ծննդյան օրը: