Իմ Սիդի երգը*

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ
‹‹ՍԻԴԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ››

(Հատվածներ)

1.
Սիդը հրավիրում է իր վասալներին. սրանք արտաքսվում են նրա հետ: Սիդի հրաժեշտը Վիվարին:

(Նա հանձնարարեց ժողովել իր բոլոր յուրայիններին ու վասալներին,
և նրանց ասաց, թե ինչպես էր թագավորը նրան հրամայում հեռանալ իր բոլոր տիրույթներից տալով նրան ընդամենն ինն օր ժամանակ
և այն, որ Սիդն ուզում էր իմանալ, թե նրանցից ովքե՞ր էին ուզում գնալ իր հետ և ովքեր` մնում):

Ովքեր ինձ հետ գան, թող Աստված նրանց լավ վարձատրի: Նաև նրանց, ովքեր մնում են` ուզում եմ գոհունակ թողնել: Այդժամ խոսեց Ալվար Ֆանյեսը, Սիդի զարմիկն ու եղբայրը.
«Ձեզ հետ կգնանք, Սիդ, թե՛ խոպան դաշտով և թե՛ բնակավայրով, Մենք միշտ ձեր կողքին կլինենք, քանի դեռ ողջ ու առողջ ենք,
Ու ձեզ կտրամադրենք մեր ջորիներն ու ձիերը
Ու մեր բոլոր փողերն ու մահուդե հագուստները,
Միշտ կուզենանք ծառայել ձեզ որպես հավատարիմ վասալներ»: Բոլորն էլ հավանություն տվեցին դոն Ալվարոյի ասածներին: Սիդը շատ շնորհակալ է նրանց բոլորին ասված խոսքերի համար: Սիդը դուրս է գալիս Վիվարից ու բռնում Բուրգոսի ճամփան, Թողնելով այնտեղ իր պալատները` դատարկ ու լքված…
Եվ Սիդը մտնում է Բուրգոս:
Եվ Սիդ Ռույ Դիասն արդեն քաղաք մտավ:
Եվ Կամպեադորն իր հետևից տանում է զինանիշով հիսուն դրոշներ: Եվ դուրս էին գալիս բոլորը նրան տեսնելու՝ մանուկ, կին թե պատանի, Բուրգոսում պատուհաններից շատերը գլուխները հանեցին…()

6
Սիդը սնանկացած, դիմում է Մարտին Անտոլինեսի հնարամտությանը: Ավազով լի արկղերը:

Այդժամ խոսեց Իմ Սիդը դրախտածին ու կապեց թուրը մեջքին.
«Oհ, քաջարի Մարտին Անտոլինես, օհ, անվեհեր նիզակակիր: եթե Աստված ինձ կյանք տա` կրկնապատկեմ Ձեր վարձը:
Ես ծախսել եմ հիմա իմ ամբողջ արծաթն ու ոսկին,
չէ որ տեսնում եք, Մարտին Անտոլինես, ինձ էլ չի մնացել ոչինչ: Իմ բոլոր մարդկանց համար պետք է արծաթ ու ոսկի,
դա չեն տա իրենց կամքով, ուժի զոռով պետք է վերցնեմ:
Մարտին, Ձեր խորհրդով կուզեի երկու արկղ պատրաստել, Դրանք կլցնենք ավազով, որպեսզի լինեն անչափ ծանր, Վրան ոսկի` լավ շաղ տված ու մեխերով զարդարված…»

12
Սիդը հեծնում է ձին ու հրաժեշտ տալիս Բուրգոսի տաճարին՝ խոստանալով հազար պատարագ Սուրբ Կույսի խորանին:

Սիդը հրամայում է անմիջապես հավաքել իր վրանը: Սըրընթաց արշավում են Սիդն ու յուրայինները:
Ձիու գլուխը շրջում է վերջին անգամ դեպի Սուրբ Մարիա, վերջին անգամ վեր է պարզում աջ ձեռքն ու երեսը խաչակնքում:
«Քեզ շնորհապարտ եմ, Աստված, որ առաջնորդում ես երկինք առ երկիր: Ձեզ պարտք եմ մնում հազար պատարագ, որ պիտի երգեն ձեր պատվին: Այսօր լքում եմ Կաստիլյան, ինձ հալածում է զայրույթն արքայի:
Ո՞վ գիտե, երբևէ իմ կյանքում կվերադառնա՞մ:
Թող ձեր ուժն ինձ սատար լինի Կաստիլյայից հեռանալիս,
Ու թող նա ինձ օգնի, լինի նեցուկ, թե՛ գիշերվա մթին և թե՛ լույսին:
Եթե այդպես անեք, Սուրբ Կույս, ու թե բախտն ինձ ժպտա, Աստված, Ձեր խորանին ես կուղարկեմ բազում ոսկի ու ադամանդ,
քանզի ձեր պատվին դեռ պարտք եմ մնում հազար պատարագ»:

28

Մավրերի սարսափը:

Այդ բոլոր վայրերով լուրը թռչնի թևով հասավ,
որ Սիդ Կամպեադորը ճամբար է խփել ստորոտին Ալկոսերի:
որ մավրերի տարածքն է եկել` թողնելով հողը քրիստոնյաների, եվ վախից չէին մշակում մոտակա դաշտերը
Եվ Շատ ուրախ են Իմ Սիդն ու նրա վասալները; Ալկոսերի ամրոցը վճարել է նրանց տուրքը…

31

Սիդի մեծահոգությունը մավրերի հանդեպ.
Ականջալուր եղեք, ո′վ, Ալվար Ֆանյես և այլ ասպետներ․ գրավելով ամրոցը այս` մեծ ավար ենք մենք ձեռք բերել, մեռած են մավրերը, քչերին եմ կենդանի ես տեսել:
Այս մավրերին ու նրանց կանանց վաճառելուց մեզ ի՞նչ օգուտ, եթե գլխատենք` ի՞նչ օգուտ պիտի դրանից քաղենք,
մենք ենք տերը, թող նրանք նորից մնան գյուղում, կապրենք նրանց տներում, իսկ նրանք` ծառա մեզ…

47

Մինայան կանգնում է թագավորի առջև:
Վերջինս ներում է Մինայային, բայց ոչ՝ Սիդին.

Թող բարեհաճ լինի Աստված Իմ Սիդ դե Վիվարին:
Կաստիլյա է գնացել Ալվար Ֆանյես դե Մինայան
և արդեն երեսուն նժույգ թագավորին հրամցնում իբրև նվեր՝ տեսնելով ընծաները, թագավորի դեմքին ժպիտ երևաց: «Աստված իմ երկնավոր, Մինայա, ո՞վ է տվել քեզ ձիերն այդ».
«Իմ Սիդ Կամպեադորը դրախտածին, որ ճիշտ ժամին թուրը կապեց մեջքին:
Երբ դուք նրան արտաքսեցիք, նա ճարպկորեն գրավեց Ալկոսերը Եվ դրա մասին մի ուղերձ է հասնում Վալենսիայի թագավորին. Եվ հրամայում է նա, որ քաղաքը պաշարեն ու ջրից զրկեն:
Եվ Սիդը դուրս եկավ ամրոցից ու կռիվ տվեց բաց դաշտում, Եվ Սիդն այդ մեծ մարտում հաղթեց երկու մավր էմիրներին:

Առատ էին, տեր իմ, շահույթն ու ավարը,
եվ Ձեզ, Մեծ Տիրակալ, Իմ Սիդն է այս ընծան ուղարկել,
Ասում է, որ ձեր ոտքերն ու երկու ձեռքն է համբուրում
եվ որ իր հանդեպ լինեք բարեհաճ, իսկ Աստված ձեզ պահապան»:  Այդժամ արքան ասաց նրան. «Դեռ քիչ ժամանակ է անցել,
որ աքսորյալը թագավորի բարեհաճությունից զրկվի, իսկ երեք շաբաթ անց կրկին ընդունվի:
քանզի եկել եք մավրերին հաղթած` ընդունում եմ ձեր բերած ընծան և ուրախ եմ շատ, որ ունեցել է Սիդն այդքան մեծ ավար:
Եվ հանուն այդ ամենի` ներում եմ ձեզ, Մինայա, Ձեր հողերն ու տիտղոսները կտրվեն ձեզ կրկին,
ձեզ թույլ եմ տալիս, դուրս ու ներս անել ըստ ձեր ցանկության, Սիդ Կամպեադորի մասին սակայն, դեռ չեմ կարող ոչինչ ասել»:

48
Թագավորը կաստիլյացիներին թույլ է տալիս գնալ Սիդի հետ

«Մինայա, այս ամենի հետ մեկտեղ մի բան ունեմ դեռ ասելու:
Իմ բոլոր տիրույթներից կարող են, եթե կամենան, գնան օգնելու Իմ Սիդին` քաջարի և ուժեղ տղամարդիկ:
Նրանց ես ազատ կթողնեմ` չեմ տիրանա նրանց ունեցվածքին: Եվ Ալվար Ֆանյես Մինայան համբուրեց ձեռքերը թագավորի. «Շնորհակալ եմ ձեզ, արքա Ալֆոնսո, մեր տեր օրինավոր:
Հիմա մեզ այդ շնորհն եք պարգևում, մյուս անգամ կանեք ավելին»:

«Մեզ միշտ բավական կլինի, արքա, ձեր կամքը»:
Եվ արքան ասաց. «Ալվար Ֆանյես, չարժե այլևս այդ մասին: Ազատ շարժվեք Կաստիլիայով, բոլորը ձեզ ճամփա կտան,
և մի երկյուղեք պատժվելուց` Սիդին ձեզ ուղեցույց, նրան հետևեք» …

Եվ երբ Իմ Սիդը տեսավ վերադարձը Մինայայի վազեց նրա ձիու առաջ, գնաց արագ նրան գրկելու, նրա շուրթերը համբուրեց, հետո դեմքն ու աչքերը:
Մինայան նրան ամեն ինչ պատմեց, ոչինչ չթաքցրեց: Կամպեադորը ժպտում է դեմքը լույսով ողողված:
«Շնորհակալություն Ամենակարողին, նրա սուրբ ուժին, Քանի դեռ դուք կաք, Մինայա, ինձ ամեն բան կհաջողվի»:

51
Սիդի ուրախությունը.

Աստված, որքան ուրախացավ նա` երկար մորուքավորը,
որ Բուրգոսում Մինայան վճարել էր հազար պատարագի համար և լուր բերել իր կնոջից ու դուստրերից:
Այնքան գոհ էր Սիդը և որքան մեծ նրա բերկրանքը: «Ալվար Ֆանյես, երանի դու հազար տարի ապրես:
Դուք շատ ավելին արժեք, քան`ես: Ի՜նչ հաջող առաքելություն»:

ԱՌԱՋԻՆ ԵՐԳԻ ՎԵՐՋԸ

ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ
ՍԻԴԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ

64

Եվ Սիդը կռվի է դուրս գալիս Վալենսիայի դեմ:
Եվ այստեղ սկսվում է Իմ Սիդ դե Վիվարի էպիկական պոեմը: Իմ Սիդն արդեն գրավել է Ալուկատի նավահանգհիստը,
և հեռանում է Սարագոսայից և այդտեղի վայրերից,
և հետևում է թողնում Հուեսկան և դաշտը Մոնտալբանի դեմքով դեպի ծովն աղի` հիմա ուզում է պատերազմել; Արևելքից է ծագում արևը ու նա դեպի այդ կողմը կգնա: Սիդը գրավում է Խերիկան, հետո Օնդան ու Ալմենարը, և արդեն իսկ նվաճել է հողերը Բուռիանայի …()

71
Վալենսիայի ամբողջ տարածքի նվաճումը.

Մավրերի այս հողերով, գերեվարելով ու գրավելով, ցերեկները քնելով, գիշերներն ձիով արշավելով`
երեք տարում Իմ Սիդն այդ քաղաքներն է նվաճում…()

72
Սիդն իր զորքով շրջափակեց Վալենսիան Եվ քրիստոնյաներին պատերազմի կոչ արեց
«Ով ուզենա գալ ինձ հետ պաշարելու Վալենսիան` պետք է կամովին անի և ոչ պարտադրված.
երեք օր ես կսպասեմ նրանց` Կանալ դե Սելֆայում…»

81

Մինայան ողջունում է թագավորին

Դոն Ալֆոնսո կաստիլյացին պատարագից էր դուրս գալիս ու Մինայա Ալվար Ֆանյեսը հասնում է ճիշտ ժամանակին,
և արքայի ձեռքերըը նա համբուրեց, և անչափ զուսպ այսպես խոսեց.

82
«Մեր մեծարգո թագավոր Ալֆոնսո, ի սեր մեր Արարչի: Ձեր ձեռքերն այս համբուրում է Իմ Սիդը մարտնչող,
ու խնդրում, որ իրեն ներում շնորհեք ի սեր Երկնավորի: Ձեր ոտքերն է համբուրում ու ձեռքերը իբրև մեծ տիրակալի: Արքա, դուք աքսորեցիք նրան ու զրկեցիք ձեր սիրուց, սակայն թեև օտար հողում` Սիդն իր պարտքը կատարեց,
գրավեց Խերիկա և Օնդա քաղաքները,
նվաճեց Ալմենարը, Մուրվիեդրոն, որն ավելի մեծ է, հետո նվաճեց Սեբոլյան և Կաստեխոնի մարզը, Պենյա Կադիելյան, որ գտնվում է քարափի գլխին:
Տերն է նա բոլոր այս քաղաքների ու արդեն նաև Վալենսիայի…() Այդժամ խոսեց Միանայան՝ արժանի հետևորդը.
«Ձեզ մի խնդրանք ունի Սիդը, Տեր իմ, եթե կհաճեք լսել, Որ նրա տիկնոջն ու դուստրերին թույլ տաք դուրս գալ մենաստանից, որտեղ նրանց Սիդն էր թողել,
որ գնան Վալենսիա միանալու Իմ Սիդ Կամպեադորին»: Այդժամ արքան պատասխանեց. «Ես ի սրտե թույլ եմ տալիս, քանի դեռ իմ տիրույթներով գնան` կհոգամ, որ ապահով անցնեն, զերծ պահեցեք նրանց բոլորդ չարիքից ու անարգանքից:
Հիմա լսեք ուշի ուշով, պահապաններ ու համհարզներ`
Ուզում եմ, որ ոչ մի կորուստ չունենա Իմ Սիդը Կամպեադոր…»

101
Կոռիոնի իշխանորդիները մտադիր են ամուսնանալ Սիդի դուստրերի հետ.

Ալվար Ֆանյես դե Մինայային ու Բերմուդեսին, Ռույ Դիասի երկու սուրհանդակներին թագավորն այդժամ կանչեց
ու մոտակա կացարանում առանձին` երկուսի հետ խոսեց. «Մինայա ու Պեդրո Բերմուդես, լսեցեք դուք իմ այս լուրը.
Իմ Սիդը Կամպեադոր ինձ շատ լավ է ծառայում և քանի որ արժանի է` նրա կշնորհեմ ներում,
թող գա ինձ հետ տեսնվելու թե կամենա ձեր տերը: Նաև իմ արքունիքում կան այլ նորություններ,
որ Կոռիոնի իշխանազներ դոն Դիեգոն ու դոն Ֆերնանդոն, Իմ Սիդի դուստրերի հետ ցանկանում են ամուսնանալ: Հասցրեք նրան այս ուղերձը, ես եմ դա ձեզ խնդրում,
ասեք նրան դա իմ կողմից` քաջարի Սիդ Կամպեադորին»:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳԻ ՎԵՐՋ

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ
ԱՆԱՐԳԱՆՔԸ ԿՈՐՊԵՍՐՈՒՄ

113
Մարոկկոյի Բուկար թագավորը հարձակվում է Վալենսիայի վրա: Տխուր էին իշխանորդիները մեծ ցավից,
երբ մարոկկացիներն ուզում են շրջափակել Վալենսիան: Այնտեղ` Կուարտոյի դաշտում մավրերը վրան են խփում, հիսուն հազար մեծ վրան կար արդեն այնտեղ կանգնեցրած:
Նրանց առաջնորդն էր Բուկար արքան, ում մասին դուք լսած կաք:

114

Իշխանորդիները վախենում են մարտից Սիդը նրանց կշտամբում է.

Սիդն ու նրա յուրայինները մեծ գոհունակությամբ լցվեցին, ավելի մեծ շահույթ կունենան ու շնորհակալ են Աստծուն:
Սակայն մեծ ցավ ապրեցին իշխանազունները Կոռիոնի
և տեսնելով մավրերի այդքան վրանները` առանձնացան մի անկյունում.
«Շահույթները հաշվարկեցինք, մինչդեռ վտանգները` ոչ: Հիմա այստեղ երկուսով պետք մտնենք մարտի
Ինձ թվում է որ այլևս չենք տեսնի երեսը Կառիոնի Եվ կայրիանան դուստրերն Իմ Սիդ Կամպեադորի»:
Թեև խոսում էին թաքուն` նրանց լսեց Մունյո Գուստիոսը և անմիջապես գնաց պատմելու Ռոդրիգոյին` իր տիրոջը:
«Ահա և ձեր փեսաները քաջարի, որ փոխանակ ելնեն մարտի` կարոտում են իրենց Կառիոնը հայրենի…»()

Իմ Սիդ դոն Ռոդրիգոն դուրս եկավ լայն ժպիտը դեմքին
«Աստված ձեզ պահապան, փեսաներ իմ, իշխանորդիներ Կառիոնի իմ դուստրերը ձեր ձեռքում են, ավելի ճերմակ քան արեգակը: Իմ բաղձանքը մարտ մղելն է, մինչդեռ ձերը` հայրենի Կառիոնը: Մնացեք այստեղ` Վալենսիայում, հանգստացեք ձեր ուզածով, ես լավ գիտեմ, թե ինչպես մավրերի դեմ պայքարել և արարչի օգնությամբ նրանց հանդգնում եմ խորտակել…» ()

118

Սիդը սպանել է Բուկարին, ծովի մյուս կողմից եկած թագավորին, հաղթեց թուրը` Տիսոնան, որ հազար ոսկի մարկ կարժենա: Հաղթանակ տարավ մեծ ու փառապանծ ճակատամարտում: Այստեղ մեծարվեցին Իմ Սիդն ու բոլորը նրա հետ միասին…()

124

Այդ Սիդ Կամպեադորին խնդրենք, որ մեզ հանձնի մեր կանանց, Կասենք, որ նրանց տանում ենք Կառիոնի մեր տիրույթները, որպեսզի տեսնեն այնտեղ մեր այգիներն ու ագարակները:
Իմ Սիդ Կամպեադորի պաշտպանությունից ազատենք նրանց, իսկ ճանապարհին կանենք այն` ինչ երկուսով ցանկանանք…()

Սերվում ենք մենք մեծ տոհմից, Կոռիոնի կոմսերն ենք: Տանում ենք մեզ հետ անչափ մեծարժեք գանձեր
Կամպեադորի դուստրերին մենք ծանակի կենթարկենք:
Մեր այս ունեցվածքով հարուստ մարդիկ կլինենք
ամուսնանալ կարող ենք թագավորի կամ կայսեր դստեր հետ…()

152
Հիմա կուզեմ պատմել Մունյո Գուստիոսի մասին, թե ինչպես նա հախից եկավ այդ Ասուր Գոնսալեսի:
Ուժգին հարվածներ հասցրին երկուսով իրենց վահաններին…()

Գիշեր ցերեկ արշավում էին, քանզի շատ արագաքայլ էին, շուտով Վալենսիայում են` Սիդ Կամպեադորի հետ միասին. նվաստացած թողեցին Կոռիոնի իշխանորդիներին
և իրենց տիրոջ հրամանը` լավ կատարեցին:
որքա՜ն ուրախ էր դրանից Իմ Սիդը Կամպեադոր. Արհամարված մնացին իշխանորդիները Կառիոնի: որը կանանց է ծանակում ու դավաճանաբար լքում`
թող նրան նույնը, կամ ավելի վատթար բան պատահի …()

«Փառք, երկնային արքային, լուծվեց վրեժն իմ դուստրերի, քանզի մաքուր են անարգանքից նաև տարածքները Կառիոնի: Կամուսնացնեմ, ինչ էլ լինի, երկուսին` առանց ամաչելու»: Նավառայի ու Արագոնի հետ արդեն համաձայնագրեր ունեն, ու բոլորը հավաքույթում` Լեոնի Ալֆոնսոյի հետ միասին: Պսակադրվել են դոնյա Էլվիրան ու դոնյա Սոլը,
առաջինները շատ ճոխ էին, մինչդեռ սրանք` գերազանց, և պատիվ է մեծ ամուսնանալ նրանց հետ՝ Կառիոնից
մեծ պատվով է նրանց ամուսնացնում երջանիկ աստղի տակ ծնվածը, ու նրա դուստրերը տիրուհիներն են Նավառայի ու Արագոնի:
Երկու այդ թագավորներն Իսպանիայի իր ազգականներն են արդեն, ու բոլորին պատիվ է բերում Իմ Սիդը Կամպեադոր:

Գնաց այս աշխարհից Սիդը, որ նվաճել էր Վալենսիան` Զատկի օրերին մահացավ, Քրիստոսը նրան թող ներում շնորհի: Նաև մեզ` արդարին ու մեղավորին ների:
Սրանք եղան սխրանքները Իմ Սիդ Կամպեադորի` հասնելով այստեղ ավարտվում է այս երգը:

ԵՐՐՈՐԴ ԵՐԳԻ ՎԵՐՋԸ
«ԻՄ ՍԻԴԻ ԵՐԳԸ» ՎԵՐՋԸ

Թարգմանությունը իսպաներենից ` Մերի Սուքիասյանի

  • Հայերեն թարգմանությունը կատարված է Պեդրո Սալինասի արդի իսպաներենով չափածո տարբերակից
Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *