Իմ սիրելի ընկեր Իզիդոր Դյուկաս
Իզիդոր Դյուկաս, այս մի քանի վանկերը բավական են, որ ես մեկ ժամ ինքս ինձ հետ հաշտվեմ։ Եվ ինձ համար նշանակություն չունի, թե այստեղ-այնտեղ այլ բարեխոսների հայտնաբերեմ։ Զվարթությունը, որը, հանկարծակի ստանում եմ իմ քնած զգայարանների համար, չորակավորված զվարթություն է, ի վերջո, զվարթություն, որի փափագն ունեմ, ինչին ես սպասում եմ։ Լոտրեամո՛ն, օ՜ իմ կյանքի հուսալքություն, իմ սիրելի սահման, սահմանասյուն, որից այն կողմ ծայր է առնում հրաշքը։ Շնորհիվ նրա ես սովորում եմ որոշել՝ ապրել խեցգետիններից վերջինի պես։ Եվ այն ամենը, որը մի անգամ ճմլեց սիրտս և քչփորեց գլխուղեղս, թոշնում ու մեռանում է՝ աննկատ։ Ես միայն իմ մասին չեմ խոսում։ Մի բամբասանք, հար և նման հարբեցողության կամ արյան մասին լուրերի, պտույտ է տալիս երկրի շուրջ։ Շնորհակալություն այն ողջունելու համար և ջերմացնելու հանուն իր պայծառության։
Ես մտածում եմ քո մասին, Իզիդոր, քո մասին, ես, ով քեզ կարծում էր սնափառ, և, իրականում, ով պարզապես ճանաչում էր քո գերազանցությունը, երբ դաշնամուրի առջև նստած, մազերդ երաժշտությանը համահունչ տարուբերելով, արտույտներով լի քո ամբողջ հայելիով՝ վերջին անգամ ինքդ քեզ համար նվագեցիր այդ կոնցերտը։
Ու երբ վեր հանեցիր չարորակ տենդից արդեն դողացող ձեռքերդ, որոնք վճռաբար պիտի խեղդամահ անեին քեզ մի քանի օր անց, գիշերվա լռության մեջ, մի անարգ հնավաճառ դեռ լսում էր քեզ, լսում վերջին տակտերը․ և այդ նողկալի, նշագույն երեսով հնավաճառը՝ ես էի, Ֆիլիպ Սուպոն, ով պիտի ծնվեր քսանյոթ տարի անց։
Օ՜ Աստված իմ, ի՜նչ ամոթ է, այնքան վեներական և սեղանի գորգանման սփռոցի թեմայով մեղեդիներ եմ լսել, միթե՞ անհրաժեշտ է, որ, ի վերջո, մատներիս արանքում հայտնաբերեմ փոխզիջման փոքրիկ դեղին բծերը, որոնք նախանշում են հուսալքություն մեծ պալարների մասին։
Իզիդոր, դու ոչինչ չես մոռացել, և ես անսպասելիորեն ցանկանում եմ ներողություն խնդրել, հրաժարվել նախկինում ասված խոսքերիցս։ Ես ուզում եմ լինել քո խոնարհ ոտնահարդարը, որը դիտում է քո վերջին ծխաքուլայի ցոլքը։ Մոտենում եմ Նոտր-Դամ դը Վիկտուար փողոցին, փութով հատում Վիվիեն փողոցը, և անցնելով արտաքնոցի կողքով, մի մեծ հայհոյանք եմ տալիս․ «Տեր Աստվա՛ծ», սպասիր ինձ մի քանի րոպե, գուցե տասնհինգ րոպե, և ես կմիանամ քեզ»։
Ես կգամ քեզ մոտ, որպեսզի հոգ տանեմ քո մասին, կգամ շուտափույթ ավերելու այս փառքը, որի հետ դու բացարձակապես անելիք չունես, խզելու քո վերջին կապերն այս աղմկալի աշխարհի հետ և քո բնակարանը ծայրեծայր լռությամբ լցնելու, քանզի լռությունը միակ բանն է, որին դու արժանի ես։
Ես չեմ ուզում խոնարհվել քո առջև, ինչպես գալիք թագավորի, վերջին Աստծո․ այլ պարզապես պառկել քո կողքին այս փոքրիկ փայտե մահճակալին և համբուրել մեր մահը։
Ես գիտեմ, որ նա մեզ կմիավորի․ «Պարոն Ֆիլիպ Սուպո ․․․ պարոն Դյուկաս»։ Ես կարմրում եմ հաճույքից, այնքան եմ սպասել այս օրվան։ Օ՜ գիշեր, քեզ եմ տենչում։ Իմ չորացած կոկորդն ապշած է այս զրուցասիրությունից։ Բոլոր մեր լավագույն ընկերները, որոնց դու իհարկե հիշում ես, դոդոշները, անձրևանոցները, կարի մեքենաները, ցանկացան ինձ ուղեկցել։ Եվ երկրից այն կողմ, կյանքի եզրին, մեզ սպասում է Պոլ Էլյուարը, հագած իր չքնաղ երկնակապույտ ու ոսկեզօծ կոստյումն՝ իր ողջ շքեղությամբ։ Ես տկար եմ։ Քունը կրծում է քիթս ու ճանկռտում ուսերս։ Մարմինս ամուր է։ Ես քո ընկերն եմ, չէ՞, այդպես է՞։ Գեթ մի բառ ասա ու ես կմիանամ քեզ։
Անառարկելի է, որ «Մալդորորի երգերի» հեղինակը ծնված Մոնտեվիդեոյում և մահացած Փարիզում, հրաժարվեց խղճուկի հալից։ Այստեղ, Եվրոպայում այժմ խաղում են թրիք-թրաք ու նարդի․ ծածմծված ֆրազների իսկությունը։ Ի՞նչ փույթ։ Այստեղ երիտասարդ պարկան[1] հանդես է գալիս իբրև մարմավաճառ, սագածերտագույն կանացի կոստյումով, իսկ աղջնակները հանց խատուտիկի ծաղիկներ։
Տիկնայք, օրիորդներ, պարոնայք, ճշմարիտ եմ ասում ձեզ, երանելի են ունևորները, քանզի նրանք կտեսնեն լույսը, երանելի են արբեցողները, քանզի խմում են ծարավից։ Ես չեմ ամաչում մոռանալ անունս և գցել զառերը ծամված ու կիսածամված թղթի անապատում։ Մտորումը մահվան րոպեին խաբեություն է, որն ինձ համար քաղցր է փխրուն թխվածքից։ Զգույշ լինենք։ Ես այսօր հանդիսավորությամբ (ամենայն հանդիսավորությամբ) հրաժարվում եմ իմ վերջին զկռտոցից և գաղտնի հույսից։ Պայքարը թեժ կլինի։
Ոչ ես, և ոչ մեկը (լսում եք, պարոնայք․ ո՞վ է իմ վկայությունն ուզում), մենք չէ, որ պիտի դատենք պարոն Կոմսին։ Պարոն Լոտրեամոնին չեն դատում։ Նրան անցնելիս ճանաչում ենք և խոնարհվում մինչև հատակ։ Ես կտամ կյանքս նրան, ով ինձ կստիպի մոռանալ նրա մասին առհավետ։
Ես առաջին անգամ կարդացել եմ «Մալդորորի երգերը» պառկած հիվանդանոցի անկողնում։ Հունիսի յոթը կամ ութն էր, և դրանից հետո ինձ ոչ ոք չի ճանաչում։
Ես ինքս այլևս չգիտեմ, թե արդյոք սիրտ ունեմ։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Սահակ Գալոյանի
[1] Պարկեր կամ Պարկեներ, այս ընդհանուր անվանումն ունեին ճակատագրի երեք աստվածուհիները հին հռոմեական դիցաբանության մեջ (Նոնա, Դեցիմա, Մորտա)։ Նույնական են հին հունական դիցաբանության մոյրաների հետ։ Մոյրաները ևս երեքն են (Կլոթո, Լաքեսիս, Ատրոպե):