Նարինե Ապոյան | Իմ ու քո սիրո միջև չլվացված ամաններ կան

Իմ ու քո սիրո միջև չլվացված ամաններ կան,
չարդուկված վերնաշապիկ
ու չփռած լվացք կա…
Իմ ու քո սիրո միջև չհավաքած անկողին կա,
հատակին թողած հագուստի կույտեր,
չհերիքող լվացքի փոշի կա…
Իմ ու քո սիրո միջև դեռ չմաքրած լոգարան կա,
հատակին թափված ջուր,
սանրի վրա թողած մազափնջեր կան…
Իմ ու քո սիրո միջև չլվացված դռներ ու պատուհաններ կան,
ամառ-ձմեռ չարված դարակներ,
չսրբած փոշի կա…
Իմ ու քո սիրո միջև չհավաքված կոշիկներ կան՝
չլվացված ու ցեխոտ,
չգտած հողաթափեր
ու զույգը կորած կամ ծակ գուլպաներ կան։
Իմ ու քո սիրո միջև ծնողական ժողովներ կան,
չվերջացող բողոքներ
ու չավարտված դասեր կան…
Իմ ու քո սիրո միջև չեփված ճաշեր կան, հատակին թափված հացի փշուրներ,
դեռ սովածներ
ու ամեն ինչից կշտացածներ կան…
Իմ ու քո սիրո միջև անժամանակ եկած գարուն կա,
չավլած տերևներ,
չէտած ծառեր կան…
Իմ ու քո սիրո միջև խելառ սիրո պատրաստ դուստր ու որդի կա,
վեճեր,
կամակորություն
ու անիմաստ գոռոցներ կան…
Իմ ու քո սիրո միջև չհերիքող փող կա, չվճարված կոմունալներ,
վարձեր
ու չգնված ապրանքներ կան…

Իմ ու քո սիրո միջև ստիպված դադարներ կան, չքնած գիշերներ,
չկիսած կենցաղ,
օտար քաղաքներ
ու ինքնաթիռներ կան…

…«-ամեն ինչում դու՛ ես մեղավոր» կա իմ ու քո սիրո միջև…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *