Արմինե Պետրոսյան | Ի՞նչ ա եղել

-Հասե՜ք, օգնե՜ք․․․

Ի՞ նչ ձայն էր։ Էս որտեղի՞ց էր լսվում։ Հա՛, դրսից ա։ Երևի էլի էդ չար լակոտներն են, խաղ են անում։ Բայց էս ժամին դպրոցում պիտի լինեին։ Ահագին մարդ են, էս ինչ ձեն են գցել, ոնց որ խոզ են մորթում։ Ես գնամ, էն ամանները սրբեմ, տեսնեմ, թե էսօր ինչ եմ եփում։ Էս եփելու գործն էլ ամենադժվար բանն ա․ չես իմանում՝ ամեն օր ինչ սարքես, որ բոլորի դուրով լինի։ Օ՜ֆ, գնամ, միսը հանեմ, դնեմ սառը ջրի տակ, թող փափկի։

– Հասե՜ք, օգնե՜ք, հասեեեեք․․․

Ա՛յ մարդ, սրանք հլա ճչում են։ Չէ՛, էստեղ մի բան կա։ Հլա բալկոն գնամ, տեսնեմ, կարող է երևա, թե ովքեր են։

-Ա՛յ կնիկ, էդ ինչի՞ ես էս ցրտին, անձրևին բալկոն թռել, դուռն էլ բաց թողել։

-Վա՜յ, գոռոց լսեցի, ասի՝ տեսնեմ՝ ով ա, ինչ ա եղել։

-Ուրեմն՝ ով գոռա, դու պիտի դուրս թռնես, հա՞։ Երևի երեխեք են, խաղ են անում։

-Չէ՛, ինչ երեխա, հլա դուրս արի։ Էն ներքևի տներից է գոռոցը։ Մեծ կնկա ձեն ա։

-Վայ, քո ոչ ու փուչ ինչն եմ ասել։ Ինքը քիչ չէ իրեն գցել ա դուրս, հիմա էլ էս ցրտին ինձ ա տնահան անում։

Վայ, իբր քեզ չհետաքրքրեց, հա՞։ Բա որ չհետաքրքրեց, ինչի՞ էդպես ափալ-թափալ քեզ բալկոն գցեցիր։

-Լսի՛, տեսնես՝ ինչ ա եղել։ Էս տասը րոպե կլինի, ինչ էդ գոռոցն ա լսվում՝ հասե՜ք, օգնեցե՜ք։ Կարող ա իմանաս, թե ում տունն ա։ Զանգենք, տեսնենք՝ ինչ  ա եղել։

-Ո՞ւմ ես զանգում։ Որ էդ տունը մարդ լիներ, հենա մեկը կանչին կպատասխաներ։ Էդ մոտիկ հարևաններից լսող չկա՞։

-Ա՛յ մարդ, արի շտապ օգնություն զանգենք։ Չե՞ս լսում, սրտապատառ գոռում ա։ Վատ բան եմ զգում։

-Շառից, փորձանքից հեռու։ Դու դրանց ինչքա՞ն գիտես, որ մի հատ էլ դրանց համար շտապ օգնություն ես զանգում։ Կարող ա՝ տուն ա, կռիվ են անում, մարդուց փախել ա դուրս, մի գլուխ «օգնեցե՜ք» ա գոռում։

-Վա՛յ, հողեմ գլուխդ։ Էդ որ կռիվ են անում, շատ նորմալ բա՞ն ա։ Գժի պես կնիկը գոռում ա, ոնց որ մորթեն, դու ասում ես՝ գործ չունես։ Չէ՛, ավելի լավ ա 02 զանգեմ։

-Էդ էր պակաս՝ գլխներիս փորձանք բերես։ Հիմի էլ ամեն օր ոստիկանություններն ընկնենք, ինչ ա, թե դու շատ ես սիրում քիթդ ուրիշների գործերին խառնել։

Էս ինչ փորձանք էր, սա ոնց տեսավ բալկոն դուրս գալս։ Հիմա էստեղ չլիներ, ոտքս կոշիկ կգցեի, կգնայի, տեսնեի, թե ինչ ա եղել։ Հա, շատ էլ թե ծանոթ չենք, բայց մարդ ենք։ Բա էլ ո՞ր օրվա համար ենք։ Ա՛յ մարդ, դրանք էդքան հարևան ունեն, մեկը չի լսում էդ կնկա գոռոցը։ Ի՜նչ էլ մի շնչի գոռում ա։

-Ի՞նչ ես իրար խառնվել, արի տուն գնանք, սառանք, փետացանք։ Տե՛ս, հարևաններից մեկը գնաց էդ տան ուղղությամբ։

-Դու գնա՛, քարսի՛րտ։ Ես հետո կգամ։

Աղջի՛կ ջան, արագ գնա։ Գնա, տե՛ս, էդ ինչ ա եղել։ Աստած ջան, սա էլ ա ճչում։ Վա՜յ, վերջապես էն կողքի հարևանները ուղտի ականջից դուրս եկան։ Վազե՛ք, բա, ինչ եք ճեմելով գնում։ Հա՜, տեսնես՝ ինչ ա եղել։ Լավ, արդեն ահագին մարդ ա հավաքվում։ Տեսնես ինչի՞ են մոտ գնալիս մի պահ քարանում, հետ-հետ գնում։ Էդ ի՞նչ տեսարան ա։ Էս պատն ու ծառերը չեն թողնում՝ մարդ բան տեսնի։ Ավտո եկավ։ Երևի գոռացողի տղեն ա։ Հա՜, հաստատ, թե չէ էսպես գժավարի չէր իջնի, կարտոշկի թփերը կոխկռտելով չէր վազի էդ կողմը։ Էն ինչ են գոռում, հը՞։ Ոնց որ ասում են՝ ընկել ա։ Էս երևի Կարոյենց Սիրանն ա։ Դե արի ու չորրորդ հարկի բալկոնից ներքևների տների հարևանների արածներից բան հասկացի։ Է՜հ, սա որ տանը չլիներ, հիմա ես էլ կգնայի։ Շատ էլ թե ոչ մեկի հետ տալիք-առնելիք չունենք, բա մարդ չե՞նք, չիմանաք՝ ինչ ա եղել, ինչով կարող ենք օգնել։ Յա՜, հիմի էլ էս տղի գոռոցներն են։ Ախր՝ էս ինչ ա եղել։ Գլուխը բռնել ա, կռանում-բարձրանում ա։ Վա՜յ, էստեղ մի վատ բան կա։ Սիրտս շատ ա նեղվում։ Էս երևի էն Աշոտենց Լուսիկն ա։ Ռուսաստանից աղջկա մոտից մարդ էր եկել։ Կլինի, թե որոշել էր էս անձրևին իր այգու բարիքներից քաղեր, աղջկան ուղարկեր, վերևից ընկել ա։ Այ մարդ, ախր ոնց ա ընկել, ճյուղը խրվել ա մե՞ջքը․․․թև՞ը․․․աաա՞չքը․․․վայ, Աստված տնից տեղից հեռու պահի։ Երևի մի էդպիսի սարսափելի բան ա եղել, որ բոլոր մտնողները կամ քարանում են տեղում կամ ձենները գլուխները գցում։ Կարո՞ղ ա որոշել ա էս անձրևին լուսամուտ մաքրի, երկրորդ հարկից ընկել ա։ Բա մարդ էլ էդպես մաքրամոլ կլինի։ Օ՜ֆ, էսքան մարդ ա գալիս, մեկը չի զանգում շտապ օգնություն։ Էդ կնկա ձենն էլ չի կտրվում։ Մեկը չի՞ մտածում՝ ինքնագլուխ բան մեկ ա  չեք կարա անի, զանգեք, թող գործից բան հասկացողները գան։

-Ա՝յ կնիկ, փետացար, նե՛րս արի։ Էս միսն ինչի՞ ես դրել սեղանին։ Հալվել ա։ Սաղ սեղանը թրջեց։

-Եկա՜, եկա՛, վայ, տեսել ես, թող վերցնեիր, սառը ջրի մեջ դնեիր։ Հիմա մենք էլ մարդ ենք, սխալվելու իրավունք չունե՞նք։

-Չէ՛, դու որ էդքան մեծ քիթ չունենայիր, հիմա քո տան գործերով կզբաղվեիր։ Գոռում են, չեն գոռում․․․ քո ի՞նչ գործն ա։ Ի՞նչ եղավ։ Շտապ օգնություն կանչեցի՞ն։

-Վա՜յ, էդ որ քեզ հեչ չի հետաքրքրում, բա ինչի՞ ես հարցնում։ Չեմ  էլ պատասխանի։ Գնա էլ, տես էլ։

-Պետքս ա, էլի։ Տեսնես, էդ որ դու էդքան բան իմացար, էդ խեղճ կնկան ինչով օգնեցիր։

-Բա չէ, տնից մի օգնող պիտի լինի, հենա դու դիվանին նստած լավ էլ օգնում էիր։

-Ճաշ պատրաստի, հերիք ա լեզվիդ տաս։

Էս կարտոշկեքը մաքրեմ, վերջացնեմ, գնամ, տեսնեմ՝ ինչ եղավ։ Սիրտս լավ բան չի գուշակում։ Կլինի տասը րոպե ա, խոհանոցում եմ։ Այ մարդ, ի՞նչ եղավ։ Դռան ձենն էկավ։ Հա՜, վերջապես դուրս գնաց։ Բա, գնա, ուրիշներից հարցնի՝ ինչ ա եղել։ Օ՜ֆ, ես գնամ բալկոն։

Էն Մարոն ինչի՞ դուրս չի գալիս։ Երևի էլի Իչակին ա նայում։ Ուֆ, էդքան էլ ասեցի «Ինչ կոչել այս սերը-2»-ը մենակ նայի, մնացածը էշություն են։ Բայց դե մենակ կնիկ ա, առավոտից իրիկուն ինչքան սերիալ կա, նայում ա։ Թե որ նույն ժամին երկու սերիալ լինի, երկուսն էլ կես-կես ա անում ու նայում։ Վայ, Մարո՛։ Բա, Արտոն կթողի, որ ես էդքան կինո նայեմ։ Էդ մեկն եմ նայում, էն էլ քթերիցս բերում ա, ասում ա, հեսա կտամ էդ կաբելայինը անջատել, տեսնեմ՝ ոնց էդ քոռբվությունը կնայես։

Վա՜յ, էս էլ շտապ օգնությունը։ Դե, վերջապես կանչել են։ Ինչքա՜ն էլ մարդ են հավաքվել։

-Մարո՜, ախչի՛, էդ դու էլ ուղտի ականջում ես։

-Ի՞նչ ա եղել։ Էդ ի՞նչ շտապօգնության ավտո ա։ Լուսիկենց տո՞ւնն ա։

-Հա, բա ում տունն ա։ Էս ա, մի ժամ ա, ի՜նչ գոռոց, ի՜նչ խառը վիճակ, դու հնդկականի տակ ես մնացել։

-Վայ, էս նասիլկով մեկին տանում են, Գայա՛ն, Լո՞ւսիկն ա վատացել։

-Ախչի՛, ի՞նչ վատացել։ Չե՞ս տեսնում՝ սավանը վրան քաշած ա։ Ես էդպես էլ գիտեի։ Խեղճը ինչ սարսափելի մահ ունեցավ։

-Հլա բան ասա, բան հասկանամ։ Ի՞նչ ա եղել։

-Լավ, ցրվում են արդեն, էլ նայելու բան չկա։ Դու Նունեին վերցրու, արի մեր տուն, կոֆեիս ժամն ա, համ կխմենք, համ էլ մեկ-մեկ կպատմեմ։

․․․․

«Վա՜յ, էս կնանիքը։ Էլի իրար գլխի են հավաքվել։ Հիմի Գայանը ոնց ա ճոխացրած պատմում էն խեղճ Լուսիկի հետ կատարվածը։ Է՜հ, Լուսի՛կ, ժամանակին մեր դպրոցի ամենասիրուն աղջնիկ էր։ Աշոտը բոլորիցս ճարպիկ դուրս եկավ․․․Շա՜տ մտահոգվողն ես, Գայա՛ն, բա ոնց, սիրտդ շատ ա ցավում, չէ՜ մի․․․հնդկական սերիալի քո սցենարն ես պատմում։ Բա որ իմանայիր, թե ի՜նչ ա եղել․․․»

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *