Կարլ Յասպերս | Ի՞նչ տեղ ունի Եվրոպան փոփոխված աշխարհում

Մաս 1

Եվրոպայի դրությունն աշխարհում փոխվել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աննախադեպ արագությամբ:
Սկզբում դա երեւում է արտաքուստ. պետք է ապրել` գլոբուսն աչքի առջեւ ունենալով: Եվրոպան փոքրացել է: Արդյունաբերության ծավալի շնորհիվ Ամերիկայի եւ Ասիայի խոշոր մայրցամաքները գերակայություն են ձեռք բերում: Տարածությունը, հումքը եւ բնակչությունը իշխանության համար անխուսափելի իրականություն են: Նախկին գաղութը դառնում է Եվրոպայի տերը: Արեւմուտքի երկու մեծ, նոր եւ վերջին սուբյեկտները` Ամերիկան եւ Ռուսաստանը, կդառնան աշխարհի տերը: Եթե փոքր Եվրոպայի միավորված նահանգները այսօր գոյություն ունենային, նրանք հավանաբար կլինեին Ամերիկային եւ Ռուսաստանին հավասար տերություն: Չնայած այս տերության ցանկություններին վերաբերող կասկածներին, նույնիսկ այդ դեպքում Եվրոպան իր զարգացմամբ շուտով կզբաղեցնի այդ դիրքը, քանի որ մայրցամաքային աշխարհակալ ուժերի բնական աճը փոքր Եվրոպային ավելի կփոքրացներ:
Աշխարհի քաղաքական զարգացումն առայժմ որոշում են արեւմտյան երկրները, այսինքն` Ամերիկան եւ Ռուսաստանը: Ճապոնիայի կործանմամբ Արեւելյան Ասիան մնում է առանց սեփական տեխնոլոգիական ուժի: Բայց դա կփոխվի: Արդեն տեսանելի է, որ Չինաստանը կարող է դառնալ գլոբալ քաղաքական զարգացումների համար վճռորոշ առանցքային կետ:
Ի՞նչ դիրքորոշում ունեն Ամերիկան եւ Ռուսաստանը մեր` փոքրացող Եվրոպայի նկատմամբ: Երկուսն էլ բնակեցված են եվրոպացիներով: Ռուսները ներխուժեցին Արեւելք եւ բնակեցրեցին ողջ Հյուսիսային Ասիան: Եվրոպացի բոլոր ազգերը գաղթեցին Ամերիկա եւ բնակեցրին ամբողջ մայրցամաքը: Այդ համեմատությունը նկատել էր Դոստոեւսկին, երբ 1870-ականներին գրում էր. «Եթե մենք շրջադարձ կատարենք դեպի Ասիա, ապա մեզ հետ կարող է պատահել նույնը, ինչը տեղի ունեցավ Եվրոպայի հետ, երբ հայտնաբերվեց Ամերիկան…Դեպի Ասիա հոսքով մեր ոգին նորից կբարձրանա, եւ մեր ուժը նորից կամրապնդվի»:
Բայց կա տարբերություն. Ռուսաստանը պահպանեց իր եվրոպական եւ ասիական տարածքն ու բնակչության միասնությունը: Ամերիկան, չնայած իր բնակչության եվրոպական ծագմանը, քաղաքականապես բաժանված էր Եվրոպայից: Ռուսաստանը տարածության առումով մոտ է մեզ, հոգեւոր տեսանկյունից` հեռու, բայց մեր հոգու համար այն գրավիչ է եւ անսովոր` ռուսական ոգու ձգողականության եւ խորության շնորհիվ: Ամերիկան այնքան հեռու է մեզնից տարածությամբ եւ այնքան մոտ է ոգով, որ մենք գրեթե մեզ վերագտնում ենք այնտեղ, այն կարծես մեզ վերադարձնում է մեր սեփական հնարավորությունները: Ռուսատանն, անշուշտ, ավելի անսահման է, քան ենթադրում են բոլշեւիզմի եւ բռնապետության մասին մեր երկրում ընդունված պատկերացումները, Ամերիկան ավելի անսահման է, քան` կապիտալիզմը եւ զանգվածային հարմարվողականությունը:
Եվրոպան արտաքուստ ունի երկակի ընկալում. նրան ընդունում են հիացմունքով եւ արհամարհանքով, սիրով եւ ատելությամբ:
Փոքրացող Եվրոպան միջանկյալ դիրք է զբաղեցնում մեծ տերությունների միջեւ, որոնց դեմ նա չի կարող քաղաքական գործոն դառնալ, բայց ու՞մ համար այն կդառնա քաղաքական հակամարտության ոլորտ, եթե Եվրոպային չհաջողվի բավարարվել իր դաշնակից ուժերով, որպեսզի պահպանի իր չեզոքությունը ցանկացած քաղաքական-ռազմական համաշխարհաին պատերազմում, որը կարող է ծագել ամեն պահի: Ինչպես հին ժամանակներում Պաղեստինը գտնվում էր Միջագետքի եւ Եգիպտոսի միջեւ, իսկ Գերմանիան` Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, այնպես էլ Եվրոպան շուտով կարող է հայտնվել մեծ տերությունների միջեւ: Միջանկյալ դիրքի այս ճակատագիրը ապարդյուն պայքար է անբավարար ուժի պատճառով, որն այնուհետեւ հանգեցնում է անզորության, տառապանքի եւ նվաստացման: Այդ ճակատագիրը կա’մ տանում է դեպի կործանում, կա’մ այլ կյանք է արարում, որն իշխանության հարկադրանքը չէ:
Աշխարհի արտաքին փոխակերպումը զուգահեռվում է ներքինի հետ: Հորիզոնը, որտեղ մենք մեզ տեսնում ենք, ոչ միայն ավելի է ընդլայնվել, այլեւ փոխակերպել է իր իմաստը աշխարհում քրիստոնեական նվաճման թուլացման եւ ավելի վաղ քրիստոնեության բացարձակ որոշակիության պատճառով: Չինաստանը եւ Հնդկաստանը մեր առջեւ կանգնած են որպես ինքնաբավ հոգեւոր աշխարհներ: Նրանք ունեն նույն խնդիրը, ինչ մենք. ինչպես նրանք, մենք նույնպես գտնում ենք տեխնիկական աշխարհում ավանդույթը պահպանելու մեր նոր հոգեւոր կերպը: Եվրոպան չունի նույն ինքնավստահությունը, ինչ նախկինում էր: Եվրոպան այլ կազմավորումներից միայն մեկն է:
Միաժամանակ Եվրոպան իր ներքին զարգացման շնորհիվ գիտակցել է իր հոգեւոր ցոփությունը եւ վտանգավոր կասկածի է ենթարկում իր ինքնավստահությունը:
Քրիստոնեության անկումը, հավատի կորուստը, որոնց պատճառով ավանդականն այլեւս չէր կարող դիմակայել լուրջ հարձակումներին, շարունակվեց մինչեւ նիհիլիզմը: Այս դարաշրջանի մարգարեների` Կիերկեգորի եւ Նիցշեի անհանգստությունը կես դար առաջ դեռեւս չէր հասկացվում: Նրանց համար անհասկանալի էր, թե ինչպես մարդիկ, որոնց ժամանակակիցն էին, կարող էին այդքան անտարբեր մնալ եւ չնկատել 19-րդ դարի եվրոպացիների` մեծ արագությամբ անդունդ գահավիժելը: Նրանք ապրում էին ինքնավստահ, նպատակաուղղված ռացիոնալ աշխատանքով, կրթության միջոցով բավարարում էին իրենց գեղագիտական հայացքները, սակայն չունեին որեւէ գոյաբանական հիմնավորում: Նրանք չհասկացան իրենց ուղղված մեծ նախազգուշացումները, այլ ավելի շուտ մերժեցին անկարգությունների տարածումը եւ թույլ տվեցին մի զարգացում, որը հանգեցրեց համաշխարհային պատերազմի եւ մարդկային սարսափելի կորուստների: Մյուսներն այդ մարգարեներին ընկալում էին որպես սենսացիա, հիանում էին նրանց լեզվական հանճարով, նվիրվում էին պոեզիային եւ գրականությանը, ճաշակում դրանք: Սկիզբ առան լեզուների բաբելոնյան խառնաշփոթի պես խառնաշփոթ խոսակցությունները, անպատասխանատու պնդումները եւ հերքումները, ֆանատիզմը եւ տարակուսած անտարբերությունը: Մտավորականների այս կերպարանափոխությունը դառնում էր ավելի անարժեք եւ անկարեւոր` համեմատած զանգվածային խոշոր երեւույթների հետ, որոնք առնչվում էին կարգախոսներին եւ դոգմաներին, բայց իրենց պարզունակ էությամբ ավելի հասանելի էին բռնապետներին:
Եթե այդ բոլոր նյութական, քաղաքական եւ հոգեւոր վերափոխումները դիտարկենք միասին, ապա «Եվրոպայի մայրամուտը» արտահայտությունը, որն օգտագործվեց Գերմանիայում, 1918թ., համոզիչ էր թվում շատերին: Եվրոպան աշխարհին ներկայանում է ոչ թե իր հզոր փայլով, այլ ամեն տեսանկյունից փխրուն է եւ ինքն իրեն հարցականի տակ է դնում:
Էական հարցը հետեւյալն է. դա իսկապես մայրամո՞ւտն է, թե՞ ճգնաժամ է, որի ծննդյան ցավերն ուղղորդում են դեպի հին եվրոպական էության նոր կերպավորում: Արդյո՞ք դա անբովանդակ ինտելեկտուալության վերջին բռնկումից հետո գիտակցության կորստի մեջ ընկղմվելն է, թե՞ եվրոպական ոգու գարունն արդեն մեկնարկել է` թույլ տալով, որ մեր կյանքը նորովի վերելք ապրի:
Մեզ չի թույլատրվում խանդավառվել արդեն իսկ շոշափելի իրականությամբ, ոչ էլ ուրախանալ նկատելի վերելքով:
Մենք անհանգստություն ենք զգում: Նրան, ինչ մեզ կհաջողվի անել, կարելի է հասնել միայն մեր ակունքներից բխող վճռականության, անսասան համբերության, նոր իրականության հանդեպ բաց լինելու, առանց պատրանքների եւ համեստության միջոցով, որպեսզի կարողանանք ըմբռնել այն, ինչը հնարավոր է այստեղ եւ հիմա. դրանով իսկ ապագա գոյության հիմքը կդնենք:
(«Ազատության ռիսկը» փիլիսոփայական ակնարկների ժողովածու)

 Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *