Ասյա Շնեյդերման | Ինչի՞ս է պետք Երկիրն ավետյաց…

ԱՍՅԱ ՇՆԵՅԴԵՐՄԱՆ Ծնվել է 1968-ին, Լենինգրադում: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, նկարիչ: Գերցենի անվան համալսարանի շրջանավարտ: Ուսանել է արվեստի պատմություն և անգլերեն: Ներկայումս աշխատում է Սանկտ-Պետերբուրգի քաղաքային գրադարանում:

 

 

Խցանաձև արևը ճոճվում է ծովախորշի աղոտ վերևներում,
ասես տափաստան շպրտված շիշ՝ նավաբեկության կորդինատներով,
որ վերծանվում է հազարամյա թմրուկի պղպջակներով,
փետուրներով չվահյուր բադերի ստվերներով
ծղրտոցներով ու ճողփյուններով
թևերի ու վայրի ձիթենիների շրշյուններով
սոսափող օդի արտացոլքով
աղուտների խորին դառնությամբ –
յուղոտ պղպջալի թանկարժեք հումուսը՝
դա հենց Արվեստն է:
Մեր գործը՝ բացել անոթները,
կեղտը բարձել
չուգունե վագոնիկները
թզաչափ հողին
ծովի ու լճի միջև
արգելափակոցից այնկողմ
առաջին սանգոտու
արգելող նշանի տակ:
Մայրամուտին
այստեղ են գալիս
քաղաքի տղամարդիկ ու կանայք
հավաքելու ապակե տարաներ:

***

Անանուն, անտակ հոգսերից
խելառված
անցվորը շփոթահար
մինչ քունը պատշգամբ է ելել
մի երկու անֆիլտր ծխելու,
շնչելու մաքուր օդ,
-ակնդետ զննեց մոտակա աստղիկը՝
վատ պտտեցրած խցան հանց լինի,
և ետ նայեց՝
նեղվածք, անհարմար սենյակին –
թափթփված խուց է հանց:
Վարագույրները քաշված են,
բնակելի տուփերի խախուտ տանիքներին
վարազի ասեղների պես
ցցվել են ալեհավաքները:
Եվ կիսախելոք,
կիսալուսնվելով
լուսինը տարտամ տեղապտտվում է
շինարարական ջրափոսի մեջ՝
արյունելու չափ
մաշկն իր պոկելով
երկու կողմերից:

 

***

Սրճարանների աղտոտ սեղաններին
պտտվում են անկուշտ
միջատները:
Սյուներին,
ասես թառամած կաշի –
ազդագրերի պատառիկներ են:
Ամեն ինչ թափանցիկ է, մերկապարանոց,
թվում է՝
իրերի էությունը դուրս է սողոսկում:
Ու թե չլինեին ամա շավիղները,
պարապուտները և
տրամվայի անդող ձայնը կտրուկ,
թե չլինեի ես,
ապա անպայման Աստված կվճռեր.
Վաղը արարման վեցերորդ օրն է:

 

***

Մի՞թե բարձրուղեշ քարե աշտարակը
իշխում է քամուն,
որ հանգրվանել է նրա պարապում…
Այդ քամին է ներսից ցնցում աշտարակը,
փոփոխում նրա նկարագիրը:
Այդպես և մարմինը:
Այդպես և հոգին:

Ես փափագում եմ…
Մենք պետք է խնայենք
մեր հանդիպումների հիերոգլիֆները՝
մինետ, կանետ
ժամանակների –
հետո երկուսով կվերծանենք,
կըմբռնենք ապա:
Իսկ առայժմ համր պահապաններ ենք
(հիմա անօգուտ են ինքնուսույցները):
Մեզ հասանելի չէ անուշահոտությունը.
Nature morte;
still life.
Բայց տիեզերքի գալարների վրա,-
որ չպոկվի հանկարծ շրթունքից՝
ընկնի անդունդը – շնչառությունն է –
ներշնչում, հոգոց, շունչ և համբույր,-
հարություն կառնեն:
Խոսքով հանդիպում
ինձ մի նշանակիր,-
խոսքն ընդհատված է՝
կակազում, կցմցում:
Դրանք՝ պատահական
կամ անրջալի տեսնվել-բախումներ,-
հարկ է մեկնության սպասել համբերատար:

 

***

Ինչի՞ս է պետք Երկիրն ավետյաց…
Դու այն չես գտել:
Եդեմն ինչի՞ս է պետք…
Դու վտարված ես:
Մի՞թե տուն է ինձ պետք…
Մենք այնտեղ չենք ապրում երկուսով:
Այգին այնտեղ է, որտեղ որ դու ես,
Ամառային թե Գեֆսիմանյան:
Տունն այնտեղ է, որտեղ դու ես գտնվում –
լուցկու, կարտոնե,-
մի տնակ թեկուզ:
Տունը այդ դու ես:
Ու թե նրա պատից այնկողմ չեմ ես
(քո մեջքից այնկողմ),
նշանակում է
երկրորդ տաճարը նույնպես ավերված է,
և ես կանգնած եմ
Լացի Պատի առաջ:

 

***

Հաստկապես աշխարհում,
որ վերջնականապես ու անդառնալիորեն,
ամենուր, ամեն ինչում,
աջ ու ահյակ,
վերև ու ներքև
բոլոր հնարավոր համակարգերից,
կրոններից ու ուսմունքներից
հաղթանակում է հզոր ցինիզմը,-
աճպարարություն չէ՝
առանձին վերցրած
քո մի կյանքի մեջ
լինել հաղթ ցինիկ
նպատակասլաց:
Տարագրությունը,
խելահեղությունը,
Salto mortale¹ –
սիրելը:

¹ Salto mortale-/իտալերեն/- գլուխկոնծի

***

Իմ պապերը՝
Մովսեսն ու Վասիլին,
կամավոր խառնել-տրորել են
տպահամ խաղողը խաղուն,
բայց չեն խմել,
չեն ճաշակել մեկտեղ
և ոչ անջատակի
գինին այն՝
հաղթանակի համափնջով,-
զոհվել են՝
մեկը Լենինգրադի տակ վառվել է տանկում,
մյուսն՝ ավելի ուշ
ընկավ Պոզնանում:
Հետևի կամուրջները,
առջևի կամուրջները
պայթեցված են,
մասունքները
(եթե մնացել են)
ճանաչել են որպես ուրիշի:
Երկրապտույտի հետ՝
շոգեհարում են մեզ
հաշվարկներն ու հաշվարարությունը,
նախագծերն ու ձևվածքները,
ծրագրում են պլաներ-սավառնակներ,
բազմատեղանոց աէրոլայններ.-
մեկը ցանկացավ անդրադառնալ հին
մանկության գործին՝
հոր և պապի –

Ազգանունները նրանց համընկնում են,-
ձևարար դառնալ,
մյուսը՝ հմուտ կամրջաշինարար:
Բայց դա պատերազմից հետո միայն:
Ահա թե հենց երբ
կամուրջ-պահանգները
կօգնեին կարգին
կոտորակված մոլորակը գրկում սեղմելու,
փայփայելու այն,
իսկ կամուրջներով ու կամրջակներով՝
շինված տեխնիկայի վերջին խոսքով,
զբոսնեին մարդիկ՝
նորաձևության վերջին խոսքով կարված
վառ հագուստներով,
նայելով աստղալից երկնքին:
Պապիս դերձակային
առաջին փորձը՝ վերարկուն սիրուն,
տատս հագել է
երկար տարիներ:
Հետո տվել է այն կարի արհեստանոց՝
վերաձևելու որդու համար:

Խոնավ քաղաքը փռված է մեր տակ –
բացված անձրևանոցների գմբեթիկներն ու
սրաձողերն են հեղեղել մեզ,
երկարուկ գավաթների գմբեթիկները,
կանայք, տղամարդիկ,-
ըղձալի, տենչալի քաղաք:
Միայն թե տանիքները բարակ թիթեղով են,
Եվ միայն ցավն է
մեր միջև շաչում,
մեր ու երկյուղած երկնքի միջև:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *