Հայսայֆայ 5
Վերջապես։
Հայալեզու գիտական ֆանտաստիկան ու ֆենթըզին ակտիվանում են մեր կողմերում. վերջին տարիներին լույս տեսան Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի Գաղտնիքը», Սերգեյ Մանուկյանի «Հավալուսնը», Հայկ Հովյանի «Ագռավի Քարը», Համլետ Առաքելյանի «Անմահների Ակադեմիան» ու Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Մեծ Տիեզերափայլը»։ Վերահրատարակվեցին Կարեն Սիմոնյանի գործերը՝ «Կապարե մարդկանց գաղտնիքը», «Մոգական Պատմություն»-ը ու «Մարսեցիները»։ Լույս տեսավ «Դեպի Վերը»՝ հայերենով առաջին գիտաֆանտաստիկ ու ֆենթըզի ժողովածուն, որտեղ տեղ գտավ նաև իմ պատմվածքը։
Այդ իսկ պատճառով վերջինս կօգտագործեմ որպես խայծօրինակ։ Սեփական գործս քննադատության թիրախ ընտրելով՝ ինքս ինձ արտոնում եմ գրաքննադատելու չվաստակած իրավունքով իբր հենց միայն «Դեպի վեր»-ի շուրջ[1]։
Սկսենք նրանից, որ «Դեպի վեր»-ում տեղ գտած պատմվածքները զգալի դիապազոն ունեն թեմաների, ենթաժանրերի պատկանելության և գրականության նկատմամբ հեռավորության առումով։ Սա գրականության շեմին հեռվից նայող, աղերսող հայացքն է նրանց, ովքեր վերջը ժանրում տիրող վակուումից հոգնած՝ իրենք բստրեցին մի բան, որը կուզենային կարդալ։ Արդյունքում ստացվեց ժանրը շատ սիրողների սիրողական հավաքածու[2]։ Գրքի շապիկի ձևավորումը[3], դրան հակառակ, ինչպես նաև կազմակերպիչների հոգատարությունն էնքան եզակի էին, որ մինչև հաջորդ շարքը պարտավորեցնում են աշխատել գրելու հմտությունների վրա։ Տաղանդը տաղանդով, մտածված փորձառությունը կարող է համեստ լույս վառել հանպատրաստից ու խորհդավոր թվացող գրողական շնորհքի լինել-չլինելու վրա։
Եվ ուրեմն ինչպե՞ս վառել այդ լույսը։ Ինչպե՞ս հմտանալ հայերենով գիտաֆանտաստիկ կամ ֆենթըզի գրելու գործում։
Այս հարցի ամենահաճախակի հնչող պատասխանը հատուկ աշխատանոցն է և՛ ըստ լուսահոգի Կարեն Սիմոնյանի, և՛ «Դեպի Վեր» նախաձեռնության հիմնադիրների ու որոշ մասնակիցների։Գրական աշխատանոցները սովորաբար ավելի սոցիալական և ադմինիստրատիվ բնույթ ունեն, քան ստեղծարարության ու գրողական հմտությունների զարգացման նպատակ[4]։ Աշխատանոցն առանձնապես չի կարող պատասխանել «ինչպե՞ս գրել հայալեզու գիտական ֆանտաստիկա» հարցին ավելի հանգամանորեն ու ճշգրիտ, քան դա կարող է անել ամեն մարդը, որը որոշել է գրել։
Գիտակցելով ժանրում գրածս մի քանի գործերի թերությունները, բայց նաև հավեսով դրանք կարդալով որպես իմ առաջին սոլիփսիստ-ընթերցող-քննադատ՝ զգացվում է իմ և «Դեպի Վեր»-ի հեղինակների հասունացման պոտենցյալը՝ արվեստի արհեստ կողմը սանձելու, գերազանցելու միջոցով (որովհետև, ինչպես Լևոն Խեչոյանն էր ասում, արվեստագետը երբեք չի կարող հենց արվեստը գերազանցել)։
Եվ ուրեմն 3 միտք՝ «Ինչպե՞ս (չ)գրել գիտական ֆանտաստիկա ու ֆենթըզի» հարցի շուրջ։
- «Չուկչան կարդացող չի, չուկչան գրող է»։[5]~ Չուկչա
Լավ գրելու համար պետք է կարդալ։
Գրականության հավաստիության հարցը գիտական ֆանտաստիկայի ու ֆենթըզիի դեպքում քիչ ավելի դժվար է, քան մյուս ժանրերում։ Այստեղ գրողը թոզի հետ աստղափոշի է փչում ընթերցողի աչքերին, որոշ դեպքերում ամբողջ գլուխը լղոզում տիեզերական կաղամարի թանաքով։ Բնական ու հետևողական մանրուքներով կառուցված աշխարհը դա անում է՝ առանց աչքը մցնելու ավելորդ փայլփլուն տարաաշխարհիկ տեխնոլոգիաներ կամ անհետևանք կախարդանք[6] որպես ինքնանպատակ։
Մեր այսօրվա գիտական ֆանտաստիկայի ու ֆենթըզիի բովանդակային հավաստիության բացը մատնում է ժանրում ֆոնային գիտելիքների ու կարդացածության պակասը։ Երբ նյութի ֆանտաստիկ կողմը չի ուտվում, գիտական կամ հասարակագիտական կողմերն անտեսված են, ստեղծվում է Սկորսեզիի ասած մարվելյան «կառուսելային արվեստը»։
Դրան հակառակ, օրինակ, Սիշին Լուի «Երեք մարմինների խնդիրը» մեզ ցնցելու ոչինչ չունի, ոչինչ չի համոզում. Չինաստանի մշակութային հեղափոխության ֆոնի վրա տեղակայած «առաջին կոնտակտ»-ի թրիլլերն ընթերցվում է դոկումենտալ ճշգրտությամբ։
Եվ բնավ պարտադիր չի, որ գիտաֆանտաստիկ գրականությունը Ազիմովի կամ Սիշին Լուի սպեկտրումում լինի՝ հարդքոր գիտականության առումով։ ֆիլիպ Դիքի «Արդյո՞ք անդրոիդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» պատմվածքն ու Վիլնյովի «Ժամանումը» ֆիլմը կարծր ու փափուկ ֆանտաստիկայի սպեկտրումի մեջտեղներում են, Օկտավիա Բատլերի «Արյունակիցը» լրիվ փափուկ գիտական ֆանտաստիկայի օրինակ է։
Այս երեք իրարից էապես տաբերվող գործերն էլ աշխարհակառուցման հարցում ունեն ավելի հասարակագիտական, մարդաբանական, հոգեբանական, քան տեխնոլոգիական կամ գիտական սևեռում։ Երեքն էլ տեսակների՝ տեխնոլոգիական, ցեղական կամ ռասայական, բաժանարար գծերի մասին են, մարդ համարվողի ու չհամարվողի արանքում մեր էությանը հատուկ անանցանելի սահմաններն ըմռնելու, դրանք ու ինքներս մեզ զանցելու մասին։
Այսպիսով, լավ գիտական ֆանտաստիկան կամ ֆենթըզի գրելու համար պետք է ժանրում ձևավորել քիմք։ Սա հնչում է որպես գռեհիկ կամ տրիվիալ հայտարարություն, թող, բայց իսկապես օգնում է տարբերակել «կարուսելային արվեստ»-ը հավաստի աշխարհաստեղծումից, բացատրել «լավ» ու «վատ»-ի ընկալումը՝ կարդալուց ձևավորված ուշքի միջոցով։
Գեղարվեստական գրականությունից բացի ժանրի կանոնիկ գրողներին իրար է կապում նաև գիտության (գիտաֆանտաստիկ) ու ազգային առասպելաբանության /կրոնագիտության/հոգեբանության/ հասարակագիտության (ֆենթըզի) տեսական կողմերի նկատմամբ ինտելեկտուալ հարգանքը[7]։
Այս տեսակ մանրակրկիտ, հոգատար մոտեցումը բացակայում է մերօրյա հայսայֆայում, ինչպես բացակայում է հայալեզու գիտահանրամատչելի գրականությունը։
- «Ախ այդ ահավոր գերմաներեն լեզուն» ~Մարկ Տվեն[8]
Հայերեն լավ գրելու համար պետք է հայերեն կարդալ։
Ժանրի հավաստիության բովանդակային կողմից զատ՝ հաճախ հայալեզու գիտական ֆանտաստիկան ու ֆենթըզին միջնորդավորված տպավորություն են թողնում։ Անսամթ են։ Ժանրի հայալեզու գործերի սակավությունը ժանրի անիվի պտույտը ծանրացնում է։ Թարգմանված գրականությունը կարող է այդ ծանրությունն ինչ-որ առումով թոթափել։ Բայց առաջին ձեռք գիտաֆանտաստիկ տեքստի քչությունն իր ազդեցությունն ունի ոչ միայն մանկուց կամ պատանի տարիքից գիտաֆանտաստիկ տերմինաբանության կամ խոսույթի հետ առանձնապես ծանոթ չլինելու, ժանրով չոգևորվելու առումով, այլ ժանրում լեզուն չբանեցնելու խորթությամբ։
Ինչպե՞ս հաղթահարել գիտաֆանտաստիկ գրականության լեզվական օտարությունը։ Որպես համեմատական լեզվաբանութան վարժանք՝ սիրելի գործերի թարգմանությունը մեծ ազդեցություն կունենա մայրենի լեզվով ժանրային առանձնահատկությունները զգալու հարցում։
Ադյուհանդերձ, ոչինչ չի կարող համեմատվել հայ ժամանակակից գրականություն կարդալու հետ։ Անկախ ժանրից՝ հայերենով տեքստ գրելու համար պետք է կարդալ հայերենով տեքստ։ Էստեղ ֆանտաստ գրող-սիրող-կարդացողների շարքերում, որոնք հաճախ սպառում են ժանրը ռուսերենով ու անգլերենով, հաճախ նկատելի է նույն թերահավատ քմծիծաղը, ինչ հայ գրող-գրականագետների շրջանում տեղ-տեղ տեսանելի է ժանրի հանդեպ։ Գնալով ավելի հազվադեպ, բայց դեռ երկուսն էլ պատրաստ են մի քանի չհավանած գործերի հիման վրա ընդհանրական կարծիքներ կազմել իրար մասին։
Էս կոմպլեքսը երկու կողմից հաղթահարելը աննման հայսայֆայի հնարավորությունն է։
- «Կարծում եմ արվեստի գաղափարը սպանում է ստեղծարարությունը»։ ~Դուգլաս Ադամս
Լավ գրելու համար պետք է գրել։
Եթե դիտարկում ենք արվեստը որպես պատրաստի սիրուն բան, արվեստի ստեղծողին՝ աստվածատուր, տրանսենդենտալ ուժերին հասու հաղորդիչ, ապա գրողը դառնում է ազնվական, մեսիա, իսկ գրողի միստիկ իմիջը ծառայում է արվեստի ու արվեստ անողի սնափառությանը։
Գրողն ու արվեստագետն այսպիսով թաքցնում են ետնաբեմում թավալվող կեղծամների ու շպարի քաոսը։ Խաղաքարտերի աճպարարական խաբկանքը վաճառվում է որպես հրաշագործի շնորհ։ Չնայած նրան, որ արվեստի անհասանելիության ու բնատուրության պիտակը պոստմոդերնիզմը բազմիցս գետնով է տվել, մենք միշտ չի, որ պատրաստ ենք տեսնել հազար անգամ ճեպանկարներ անելու ու ի ծնե տաղանդավոր գեղանկարիչ լինելու միջև կապը։
Ընդհանրապես անելու ու լինելու միջև կապը։
Իսկ եթե ավելի բյուրեղացված՝ անելու նվիրումի ու դառնալու, քան թե լինելու կապը։
Արվեստի անհասանելիության գաղափարը սպանում է հատկապես սկսնակ գրողներից շատերի ստեղծարարությունը։ Իմ պես նոր ու անփորձ գրողներին ուզում եմ հիշեցնել, որ «լավ» գրելուց առաջ բոլոր գրողները գրել են «նենց միջին» կամ «վատ»։ Սահուն արարչագործությանը նախորդել են նրանց գրողական էքսեսները, սայթաքումներն ու հում տառապանքը։ Մեր բախտն ինչ-որ առումով նույնիսկ բերել է, որովհետև ի տարբերություն մեզ՝ Հերբերթի ու Բրեդբերիի նախնական գործերն տարիներով անտեսվել, մերժվել են. ոչ ոք նրանց պարտք չէր չվաստակած ակնածանք կամ գրքի արագ տպագրություն՝ հում աշխատանքների կամ ժանր կայացնելու համար։
Սակայն գրողական անփորձության այսօրինակ քննադատության պատասխանը ոչ թե չգրելն է, վախենալն է գրելուց, այլ ավելի շատ գրելն է։ Տարբեր գրական թերթերում հրատարակվելը՝ ռիսկով գրափորձերով կիսվելով, արձագանքներից ինչ-որ բաներ քաղել-չքաղելով, ընթացքում սովորելով տարբերակել օգտակար գրաքննադատությունն անձնավորված, թիրախավորված ընդհանրացումներից[9]։ Գրելու միջոցով ավելի լավ գրելն արվեստի արհեստ կողմի նկատմամբ հարգանքն ու համեստությունն է։
Այն չի նսեմացնում արվեստ ստեղծողի՝ արարչականին հաղորդակից լինելը, տաղանդը։ Բնատուրի և ձեռքբերովիի (nature / nurture) քննարկումն արդեն վաղուց երկատված հարթություններում չի։ Փոխարենը ձեռքբերովին, սովորածը, վարպետացումը դնում է բնատուր հակվածությունը մանրադիտակի ոսպնյակների տակ։
Էսպես հանճարի անըմբռնելի մտաշիթերի ակունքներից կարելի է նայել արվեստի գործին և ինչ-որ առումով մերկացնել այն՝ բառիս ամենաազնիվ իմաստով։
[1] Պետք է խոստովանեմ, որ քննադատություն-խորհուրդները վերաբերվում են Հայաստանում ժանրը հանուն ժանրի կայացնելու և ժանրին որպես ժանր անլուրջ վերաբերվելու իբր իրար հակասող, բայց իրար շատ նման մոտեցումներին։ Առաջինից ժանրի կաղապարի ներկրման հոտ է գալիս. միտում՝ Մարվելյան կամ Փոթերյան ծամված թեմաներն ու հումորիկները Հայկական լեռնաշխարհում տեղանյացնելու ու անունը դնելու «մենք էլ ունենք հայսայֆայ»։ Ռուսները դա արդեն անում են, օրինակ «Պահապաններում», Մարվելի «Գալակտիկայի Պահապանների» հայրենական արտադրանքում։ Վերցնենք Տորք Անգեղին, բերենք այսօրվա Հայաստան, Կարգին Հաղորդման հերոսների ու հոլիվուդյան կերպարների արանքում թողնենք աշխարհն ինչ-որ անհեթեթ կատակլիզմից փրկի՝ ընթացքում ինքնության որոնումների մի երկու ստից ռեպլիկով հերոսին իբր խորություն տալով։
Երկրորդը համաշխարհային գրական սնոբիզմի ոգով ժանրի շուրջ դիտարկումներն անում է ժանրին թռուցիկ ծանոթության միջոցով։ Նույնիսկ այսօր սպեկուլատիվ գրողներ Մարգարիտ Էթվուդն ու Կազուո Իշիգուրոն մեկումեջ ժխտում են գիտաֆանտաստիկ գրողի իրենց տիտղոսը՝ գրական մրցանակաբաշխությունների լանդշաֆտում սեփական դիրքը չմասնավորեցնելու համար։
[2] Գևորգ Տեր Գաբրիելյանի բացառությամբ։
[3] Շապիկի ձևավորումն արել է Արմեն Բալխչյանը՝ օգտագործելով նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրի «Ապագայի Քաղաքներ» կոնցեպտուալ շարքից հատված։
[4] Աշխատանոցը կարող է օգնել գրողին պատկերացում կազմել գրահրատարակչական շուկայի տենդենցների, գիրք տպելու, թարգմանելու, տեղի ու դրսի փառատոններին ու մրցույթներին մասնակցելու հնարավորությունների մասին։ Այդքանը։
[5] Однажды Чукча принес в редакцию свой роман. Редактор прочитал и говорит:
— Понимаете ли, слабовато… Вам бы классику читать. Вы Тургенева читали? А Толстого? А Достоевского?…
— Однако, нет. Чукча не читатель, Чукча — писатель.
[6] Դրանք միայն գործում են ոչ պահանջկոտ սպառողին մի պահ շշմեցնելու համար՝ ինչպես օրինակ Բեսոնի «Վալերիան» կամ Վաչովսկիների «Յուպիտերը հառնում է» ծաղրանկարային ֆիլմերում։ Այստեղ առկա տեխնոլոգիաները, հերոսների մոտիվները, անցած ուղին կամ հասարակարգը կառուցված են արագ սնունդի կոնվեյերի վրա, տալիս են բարձր կալորիականությամբ ու ցածր սննդարարությամբ ապրանք։
Հետաքրքիր է, որ նույն Վաչովսկիների «Մատրիքս»-ը կանոնիկ գիտաֆանտաստիկ գործ է։ Այստեղ անհանավանականն ու հնարավոր աշխարհներն ինքնաբացարկող երկու բևեռներ չեն։ Գործը հիմնված է «Ուրվականը պատյանի մեջ» ճապոնական անիմեի վրա։ Երկուսն էլ հղումներ ունեն Բոդրիարի «Սիմուլակրա և Սիմուլացիա»-ի փիլիսոփայությանն ու Պլատոյի «Քարանձավի այլաբանությանը»՝ մարդու էկզիստենցիալ մելանխոլիան ու վերանալու ահաբեկչության արանքում հերոսներին տալով ընտրություն։ Այսպիսի ընտրություն մյուս երկու օրինակների հերոսները չունեն. նրանք ներքին կոնֆլիկտ չունեն, բազմաշերտ չեն, միանշանակ պատմությունների կրող են, էնպես ինչպես իրենց բնակեցրած տափակ աշխարհը։
[7] Գրողի միջդիսցիպլինար հետազոտական հետաքրքրվածություններն ակնհայտ ազդեցություն են ունենում գործերի վրա։ Ժամանակակից գիտական ֆանտաստիկա կամ ֆենթըզի գրելու համար ժամանակակից գիտական նյութին ծանոթանալն ամենօրյա ընթերցանության դիետայի կարևոր մաս է։ Այսօր դա անելու հնարավորություններն ավելի մեծ են քան երբևէ։
Տեսական ֆիզիկոս և տիեզերագետ Լոուրենս Մաքսվել Կրաուսի, ճանաչողական հոգեբան, հոգելեզվաբան Սթիվեն Փինքների, Էվոլյուցիոն կենսաբանության Ռիչարդ Դոուքինսի, տեսական ֆիզիկոս, մաթեմատիկոս և լարերի տեսաբան Բրայըն Գրինի, բժշկական մարդաբան Նենսի Շեփեր Հյուի, կլինիկական հոգեբան Քեյ Րեդֆիլդ Ջեմիսոնի գրքերում, ելույթներում, հարցազրույցների հասանելի հանրամատչելի գիտական նյութը գիտաֆանտաստիկի ու ֆենթըզիի բովանդակային հավաստիության ամուր հիմք կարող է լինել։
[8] Որտեղ Մարկ Թվեյնը բողոքում է «սայթաքող ու անհամակարգ» գերմաներենից։ Այս լեզուն սովորողներն անօգնական լողում են այնքան մինչև վերջապես մի կանոն կարողանում է ոտքերի տակ հող դնել, միայն մի քանի վայրկյանինց բացառություներով քանդելով գետինը ոտքերի տակիս։ «Այսպիսով, նա նորից ընկնում է ծովը՝ գտնելու մի ուրիշ Արարատ, որի տակ մի ուրիշ տեսակի սողացող ավազ կլինի»: Հայերենը հաճախ ժանրում ծանծաղ է նայվում, չի տեղավորվում։ Հայերենով գիտական ֆանտաստիկան հաճախ կարդացվում է որպես վատ թարգմանություն, կարծես գրողն ի սկզբանե օտար լեզվով գրած լիներ իր գործը և հետո միայն թարգմանած։ Ինչպես Մարկ Տվեն է անհարմար դիրքերով գերմաներենը որպես օտար լեզու սովորում, այնպես մենք մեր լեզվի հետ յոլա գնալու, լեզվին ընտելանալու, ժանրում լեզուն բանեցնելու խնդիր ունենք։
[9] Հատկապես սոցցանցային քննադատական էթիկայի հիմքում հաճախ սեփական կենսափորձերի ագրեսիվ պրոյեկտումն է գրողի վրա, գրողին ու հերոսին նույնականացնելու գիծը, գրողին զարտուղի մոտիվներ վերագրելու հաճույքը։ Սրանք բոլորն էլ մարդկային են, կարող են կոտրել կամ կոփել գրողին. երկրորդը, բոլոր նրանց դեպքում ում համար չգրելն ավելի դժվար է, քան գրելը։ Վերջիններս դատապարտված են ի վերջո «լավ» գրելուն, կարիք չունեն սեփական աշխատանքն անընդհմեջ զրահապատելու, սեփական կարծիքը կանոնիկ ճիշտ սարքելու, չեն տառապում ապացուցելու մոլուցքով։ Ընդհակառակը, ամեն տեսակ գրաքննություն ընդունում են որպես ի գիտություն՝ անկախ համամիտ լինել/չլինելուն։