Գաբրիել Գարսիա Մարկես | Ինչպես նորոգել աշխարհը

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

ԻՆՁ ՆՄԱՆ ՄԻ ԵՐԵԽԱ

Հինգ տարեկանին մոտ մի տղա, որ կորցրել է մորը տոնավաճառի ամբոխի մեջ, մոտենում է ոստիկանության աշխատակցին ու հարցնում.
– Չե՞ք տեսել մի տիկնոջ, որ քայլում է առանց ինձ նման մի երեխայի:

ՎԵՐՋ

ՌԵՏԻՆՈԲԼԱՍՏՈՄԱ

Երկամյա Մարի Ջոն սովորում է խաղալ մթության մեջ, այն բանից հետո, երբ նրա ծնողները՝ սենյոր և սենյորա Մայերը ստիպված էին ընտրել փոքրիկի կյանքի, և ամբողջ կյանքը կույր մնալու միջև: Փոքրիկ Մարի Ջոյի աչքերը հեռացվեցին Մայո Կլինիկայում, այն բանից հետո երբ վեց ականավոր մասնագետ ախտորոշեցին՝ ռետինոբլաստոմա¹(լատ. ): Վիրահատությունից չորս օր անց փոքրիկն ասաց.
– Մայրի´կ, չեմ կարողանում աթնանալ… չեմ կարողանում արթնանա՜լ:

ՎԵՐՋ

ՀԻԱՍԹԱՓՎԱԾԻ ԴՐԱՄԱՆ

Սա հիասթափվածի դրաման է, որ նետվեց փողոց տասներորդ հարկից և անկման ընթացքում պատուհանների միջով տեսնում էր իր հարևանների անձնական կյանքը. փոքրիկ ընտանեկան ողբերգությունները, գաղտնի սերերը, երջանկության կարճ ակնթարթները, որոնց լուրերը երբեք չէին հասնում ընդհանուր աստիճանավանդակին: Այնպես որ, փողոցի մայթին բախման պահին ամբողջովին փոխել էր իր աշխարհընկալումը և եկել այն եզրահանգման, որ այն կյանքը, որ լքում էր ընդմիշտ մի կեղծ դռնով, արժի´ ապրել:

ՎԵՐՋ

Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի

¹Retinoblastoma. լատ- աչքի ցանցաթաղանթի չարորակ ուռուցք

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *