Նոռա Անանյան | Քեզ կթողնեմ Նավզիկեիդ մոտ

Մեր հանդիպումները սկսվեցին ամենաիսկական կինոյի պես. կինոյի իսկական զգացողություններն առավոտյան սուրճի սեղանին էին դրված: Ռեյ Չարլզին փոխարինում էր տրակտորի ձայնը, Էյֆելի սրճարանին՝ խոհանոցիդ կաղ սեղանը, կարմիր մայրամուտին՝ հարևանիդ գունավոր լվացքը. պատրաստածս ամենաանհամ սուրճն էինք խմում:
– Շա՛տ համով է:
– Վառածդ ձվածեղի պես:
* * *
Կիսատ ներկայությունդ չէր թողնում քեզ լրիվ վայելել: Ինձ երբևէ նամակ չուղարկած FB տղան իմն էր լրիվ, դու՝ ոչ:
– Կանջատե՞ս լույսը:
– Բա դու գի՞րք էիր ուզում կարդալ:
* * *
Միջիս լույսն այնքան շատ էր, այնքան ուժեղ էր լուսավորում ամեն ինչ՝ անգամ քեզ չէի տեսնում, աչքերիդ նայելիս աչքերս ցավում էին: Ինձ պետք էլ չէր քեզ տեսնել. քեզ զգում էի, շոշափում մատներով, շուրթերով, նույնիսկ՝ քթով՝ հպում էի ուսիդ:
Միջիս լույսը հենց քո չափսով էր այդքան՝ որքան տեղավորվում էր վերմակիդ տակ, ժամացույցիդ անդուր ձայնի, աչքերիդ մեջ: Լույսս հետդ կիսեի, մենակ-մենակ ու՞ր խցկեմ. մոտդ մոռացած թևնոցիս պես մի դարակում չեմ կարողանա տեղավորել: Տաք վերմակից մինչև արևի լույս՝ բոլոր ջերմություններից փակում եմ աչքերս՝ քեզ ուղարկում: Հիմա FB տղա չես. դու չես գրի, կհետևես հեռվից՝ չես զանգի, կփակես աչքերդ` կքնես առանց երգիս: Ամպի չափ չէի հավատում՝ դու կարող ես կողքիս լինել, չեմ հավատում՝ էլ կողքիս չես: Քաղքենիության ոսկեղենիկ կանոններով կսպասեի՝ լիներ սեպտեմբերի 24-ը՝ գրեի՝ 21 օր է չենք տեսնվել, քեզնից հետո սիրածս 21-ն առանց ոսկեղենության՝ պատահաբար ստացվեց:
– 21 օր է չենք խոսել:
– Մի բան ասեմ, չես գժվի՞, – ընկերուհիս վախեցած ինձ էր նայում:
– Իրեն ես տեսել, երեկ …
Մեծ ախորժակով նայում էի ընկերուհուս աչքերին՝ տեսելուն: Նույն պահին, նույն տեղում պիտի լինեի. լուսացույցը 70 վայրկյան ցույց տվեց, ալարեցի սպասել. 70 վայրկյանում հեռու մնացիր ըստ ոսկեղենության՝ մի ամբողջ հավերժություն. Պուշկինի խաչմերուկի նույն 70-ին քեզ հետ հավեսով էի սպասում՝ առանց ոսկեղենության:
Մեր հանդիպումներից հետո իսկական կինոն նորից սկսվեց՝ առանց իսկական զգացողությունների: Զանգել էիր, ամենաօսկարակիր կինոյի պես սխալմամբ: Ինֆարկտի հասցնել մարդուն, չիմանալ՝ ինչպես է՝ ամենաքոպես է. բարձը 12 տարեկան սիրահարված աղջկա պես գրկած ժպտում էի՝ քո փոխարեն նեղվում, ամեն ինչ ընտիր դասավորել էիր, բա կսխալվե՞ն:

* * *
– Ավտովթարի հետևանքով մահացել է 21-ամյա երիտասարդ …
Կարևոր չէ՝ ով էր մահացել, ես հաճույքով էի լսում ռադիոյով հաղորդվող այս լուրը՝ տեքստը դու էիր կարդում: Այ տղա, չէ՛, դու 21-ում էլ տղա չես եղել, տղամարդ ծնվել ես:
Կնոջից ծնվելը COPY PASTE արեցի զուգահեռ իրականաություն: Ծնունդ տվողը ինքն է՝ սիրուն էլ ինքն է ծնում. արուից էլ հավատալն է պետք՝ երեխային հայրություն անելու պես: Սիրեցի ընտանիքի մոդելը կենցաղայինից վեր՝ ծնվելու-մահանալու արանքի չարանքային ապրելու մեջ:

* * *
Ժպտում եմ:
– Ջան,
Կասեիր, կհամոզվեի՝ չգիտեմ՝ սերն ինչ է՝ քանի դեռ չէինք հասել իրար հետ լռելու արվեստին. մենք անգամ նորածնի պես՝ կարգին բառեր ասել չգիտեինք, դեռ խոսել սովորել էր պետք:
– Ագու-մագու, – հետո մի կերպ ասեինք առաջին բառերը, սովորեինք բառակապակցություն, նախադասություն կազմել… համզովում էի:
Արուները սիրում են ուժեղ լինելու բոլոր վանդակների մեջ + դնել՝ չմտածելով՝ 10 ստացվում է մեկին իննը, հինգին հինգ, չորսին վեց… գումարելով: Խոսքի տեր, մի քանի կգ մկանային զանգաված… ուժեղ անգամ վախերն ամուր բռնելու մեջ:
– Ինչո՞ւ ես լռում:
– …

* * *
– Համոզվել եմ:
– Երկու շիշ գարեջրից հետո միշտ էլ համոզվում ես,- այդ օրն ընկերուհիս ավելի հարբած էր:
– Համոզվել եմ, FB-ից դուրս արի, ինձ լսի, վե՜հ միտք եմ հիմա ասելու, – քամեց բաժակը, շարունակեցի,- տղամարդիկ դրանից ավելի շատ են վախենում քան՝ իմպոտենցիայից, լուրջ, գիտեն կյանքի բոլոր կանոնները, առանց կանոնների մենակ կմնան՝ որոշում են խաղալ: Ավելի համարձակները կանոններից դուրս են գալիս, զգում են անուշ մաքրություն՝ չեն ուզում իրենցով կեղտոտել, առանց մտածելու՝ գուցե մաքրվե՞ն: Նույն երեխու բանաձևը՝ ցեխագնդիկ կխաղանք, կժպտանք, մեծանանք՝ նման բաներ էլ չե՜նք անի: Միայն հավատար ու կսովորեցնեի քայլել դեպի լռելու արվեստը. պուճուր երեխու պես՝ մեկ՝ մամայի, մեկ՝ պապայի մոտ կքայլեր, մեկ էլ մի օր էնպե՜ս կվազեր:
– Դոմփ, – հարբած ընկերուհիս ճառիցս հոգնած ընկավ կողքի սեղանին նստած տղայի ուսին, ստիպված փախանք:

* * *
Տուն եկա: Գրում եմ, հարբած եմ գրում` գիտեիր՝ կողքիս լինելու համար պետք է ազատեիր քեզ բոլոր վախերից՝ դու մի, երկու, երեք… տեսակ ուրիշինն ես: Ուրախ, տխուր, հպարտ, անգամ պատահական նկարներում տխուր սմայլիկի ես նման: Քեզ մեկը գողացել՝ վանդակում է պահում. բանալին ամենուժեղ ձգվելուց մի մմ հեռու է: Վանդակի միջից ես նայում ապագա ընտանիքիդ, երեխաներիդ, սարքածդ ձվածեղին: Դու ուզում ես քեզ գողացողի մոտ մնալ՝ գրված է անգամ ժամացույցիդ անդուր ձայնի վրա, վերմակիդ տակ, տխուր սմայլիկի աչքերումդ: Գտնում ես վանդակ չունեցող մեկին, փորձում՝ խոսել հետը, հասկանում՝ հիմա կասի վանդակիցդ դուրս գալու տարբերակը, հետ ես քաշում ձգվելուց ցավացող ձեռքդ. վանդակներում չեն ապրում անգամ արանքային: Այս արցունքներս կարոտիցդ չեն՝ բանծիկով վանդակիցդ է: Անգամ մեծ քիթդ չխանգարեց հայացքումդ սա տեսնել:
Ես վանդակում չեմ:
* * *

Ամեն օր աղոթում եմ՝ բանալիդ գտնես: Մեկ-մեկ անգամ զուգարանում էլ է ստացվում աղոթել: Պուճուր ժամանակ մտածում էի՝ աղոթելիս Աստված պապին նայում է՝ բա, ամոթ չի՞ տկլոր լինեմ: Հետո հասկացա՝ ինքն ամենատես է:
Գրապահարաններիցս մինչև աստղերի դասավորվածություն նույն մեխանիզմն է: Քեզնից դուրս, միաժամանակ քո մեջ ապրող միակ բանը սերն է: Ծաղկի ծաղկելը՝ երեխայի ծնվելը, լացս՝ ժպիտդ, լույսը՝ մութը.. դժվարագույն հարցերից հետո մի պարզ բանաձև ու մի ամբողջ մոլորակ, մոլորակի երկու կողմից էլ արև՝ քայլել սովորող երեխայի պես՝ մեկ մամայի, մեկ պապայի մոտ, մեկ էլ՝ մի պահ էնպե՜ս կվազի՝ կլուսավորի:
Երեկ՝ 21 տարվա մեջ առաջին անգամ, տառ առ տառ հետևցի մայրամուտին: Արևն ամեն օր էլ մայր է մտնում՝ երբեք չէի նայել ու տեսել: Քեզնից հետո չեմ ուզում բաց թողնել Չարենցի կապույտով ոչ մի լուսաբաց:

* * *
– Արդեն լույս է, պիտի արթնանանք, – կինոների ռոմանտիկ երեկոները ռոմանտիկ էին անգամ առավոտ վաղ:
Պետք էր աշխատանքի շտապել՝ շարունակել ստեղծել ամենահեշտ սիրահարվելու կերպարը՝ ինտելեկտ, պաշտոն, աշխատավարձ, հումորի զգացում, փողկապ… ստեղծել սիրահարվողի կերպարը՝ ստեղծագործության պես կախել թանգարանում, – երեկվա գարեջրի հետևանքն է` խոսելուց առաջ չեմ մտածում: Իմ երեխային երեբք չեմ ասի՝ մտածիր՝ նոր խոսիր՝ իրեն չեմ տա անկեղծից բացի այլ տարբերակներ մտածելու հնարավրություն: Խոսելուց առաջ մտածելը մեծերի համար է՝ հիշենք ինչ կասեինք պուճուր ժամանակ առանց մտածելու: Այս կերպ՝ առանց մտածելու, խանութից վերցրի օծանելիքիդ հոտով թղթի կտորը, ամենաքոպես է՝ ամեն հոտ քաշելիս թվում է՝ կվերջանա. ամեն քեզ հիշելիս թվում է՝ հեռանում ես: Անգամ բացակայությամբդ առողջ եմ քեզնով, դու էլ հենց առողջանում ես՝ շտապ զանգ ես ստանում, թեյնիկի ջուրն է եռում…

* * *
– Ջուրը եռաց:
– Տրակտորի ձայնը չխանգարեց՝ լսե՞ս:
Ժպտում ես:
– Հուսամ այս անգամ համով սուրճ կստացվի, – հետոյի արցունքներս կարոտիցդ չէին՝ քթիցդ մեծ վանդակի բանծիկից էր: Անգամ Չարենցն էր խնդրում՝ Ի՛նչ էլ լինի, քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս, Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան… իմանալով՝ չի անիծի հանգիստ հեռանում էր՝ Նավզիկեին տարիներ անց պիտի գտներ: Դու էլ իրեն փնտրում ես՝ հավատում, բանաձևս հիշու՞մ ես, ուրեմն, մեջդ է, պարազպես… քո փոխարեն լաց կլինեմ:
Սիրո ծնվելն էլ ֆիզիկականի պես է՝ երեխայի ծնվելու ցավը տանողը կինն է՝ սիրուն էլ ինքն է ծնում: Մինչև ծնվելը դեռ պիտի սերվի երկուսից՝ մի հոգուց երեխա չի ծնվի: Ամենապարզն ու անուշը և՛ իմ մեջ է և՛ ինձնից դուրս: Երեխայի թաթիկներից ամուր բռնած կարող էինք քայլել փողոցով ու վարակել բոլորին լույսով՝ մանկական ժպտի պես՝ անզգա սիրելով:
Ամենապարզն ու անուշը մի հոգունը չի լինում՝ միայն ես եմ զգում՝ սերը չէ: Առավոտյան սուրճի սեղանին դու ինձ ավելին ես տվել՝ սովորեցրել ես ոչ թե սիրել, այլ՝ սիրելու արվեստը:
… Քեզ բաց կթողնեմ, բայց միայն Նավզիկեիդ մոտ…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *