Զավեն Բեկյան | Լիալուսինը

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԼԻԱԼՈՒՍԻՆԸ

Մի կույր ծերունի
դողացող մատների մեջ
երկա՜ր շոշափում էր
ոսկեդրամը՝ ուռուցիկ
նիշերով իր հարգը
հասկանալու համար ․․․

Մի լուսնոտ տղա
փախել էր անկողնուց՝
դաշտերում թափառելու և
ոսկեզօծ անմոռուկներ
ինքնամոռաց փնջելու համար ․․․

Մի անքուն բանաստեղծ
շիկացած հանգեր փնտրեց,
մի համարժեք պատկեր
թղթին դրոշմելու համար,
բայց անհույս ու անզոր
թաղվեց լեթարգիական
վերլիբրի թմբիրի մեջ․․․

 

ԻՄ ՇԻՇԸ

Մանդելշտամը՝
հարգարժան Օսիպ Էմիլևիչն, ում պաշտում եմ,
ասում է՝ բանաստեղծությունն աղետյալ նավից ծով շպրտված
նավաբեկյալի նամակ է՝ շշի մեջ —
ու ամենևին հայտնի չէ, թե երբ կգտնի իր ընթերցողին ․․․
Այո,ընդունում եմ, շշի մեջ է իսկապես, ոգելից բան է ․․․
Բայց իր՝ Էմիլևիչի ժամանակ ուրիշ էր ․․․
Իր ժամանակ համաշխարհային օվկիանոսը խճողված չէր
սուզանավերով, լի չէր նրանց պրոպելլերների
ստորջրյա հռնդոցով, որ ափ է նետում
աղմուկից խելագարված կետաձկների ու դելֆինների
ամբողջական վտառներ ․․․

Հիմա գանք իմոնց։ —
Եթե ես սիրային բաներ գրած լինեի՝ գոնե մի
մելանխոլիկ ջրահարս կբացեր իմ բանաստեղծության շիշը,
կարտասվեր, հեռվից հեռու կսիրահարվեր ինձ,
հետո լողակ-պոչը թափ կտար՝ այսինքն ՝
պոետներից այդ ո՞վ է խեր տեսել, որ ինքը տեսնի․․․

Եթե քաղաքական գրած լինեի՝ շնաձկները կհավաքվեին
իմ շշի շուրջ ու ժանիք կկրճտացնեին
գրածիս թափին ու ռիթմին համապատասխան ․․․

Բայց իմ շշի մեջ՝ Աստվա՜ծ գիտի ՝ ինչեր են,
ու այդ պատճառով էլ իմ շիշը կսուզվի
Բերմուդյան Եռանկյունում, մի տեղ,
ու անհայտ հանգամանքներում կանհետանա մի տեղ ․․․
Իսկ Հովնան մարգարեին կուլ տված ու հեռավոր մի տեղ
փսխած կետաձուկը ձկներենով կմրթմրթա․
«Զավեն տղա, թե մի օր ճանկս կընկնե՜ս ․․․»
(այդ կետաձկանը՝ Մոբի Դիկ վերանվանված,
հետո տարիներ շարունակ ապարդյուն
հետապնդում էր նավապետ Աքաաբը ․․․ )։

Իսկ մի տեսիլքի մեջ ինձ մոտեցավ Նադիրը՝
այն մարգարիտ որոնողը Բիզեի օպերայից
ու տխուր դնդնալով աղերսեց՝ թե ՝ եթե մարգարիտ ունես,
մե՛ր տղա, իզուր մի ցփնիր այս ու այնկողմ,
տու՛ր ինձ, չես փոշմանի, կորած տեղ չի․․․

 

ՕՐՓԵՈՍԻՆ

Ի՞նչ էր պետք Եվրիդիկեին
հարություն տալու և
լույսաշխարհ բերելու համար, ո՜վ
երգիչդ անզուգական, Օրփեոս ․․․
Հավա՛տ, ու ՝ միմիայն դա ․․․

Բայց ի՜նչ արեցիր դու,
ետ շրջվեցիր կասկածով ․․․
Դու չհավատացիր, որ
Եվրիդիկեն կա , գալիս է
քո ետևից հլու ․․․

Դու ընկրկեցիր, ինչպես
տարաբախտ այն Պերսեփոնեն՝
Զույգ Աշխարհների սահմանագծին։

Ետ նայելը, երգի՛չ,
միայն ողբ է բերում,
և մարմինդ ի վար հոսող
արցունքների բարկ աղից
դառնում ես մի աղարձան ․․․

Ահա բախտավորը՝ նա, Դանտեն,
որ մարմնով էր քեզ պես՝
Այլաշխարհ անցնելիս,
բայց հավատո՛վ նայեց
տեսիլքին իր սիրեցյալի՝
Բեատրիչեի չքնաղ ․․․

 

ԱՐԱ

Քեզ
դավողները
մի կողմ կքաշվեն,
կչքմեղանան,
կփոխեն կաշի ․․․

Արալեզները
մարմինդ մաշված
կլքեն մի օր
ու կհեռանան․․․

Նույնիսկ Նվա՜րդը
քեզ կմոռանա․․․

Ոգի կդառնաս,
արքա՛ անմարմին․․․
Վերջին մեր ասքը
քեզ հետ կմարի․․․

 

ՊԻՂԱՏՈՍԻ ՁԵՌՆԱԼՎԱՆ

«Ես ԱՅՍ ՄԱՐԴՈՒ վրա մեղք չեմ տեսնում, չէ․․․ »,-
հորանջելով պոնտացին նայեց հուդայականներին։
«Դու՛ք որոշեցեք, կնգուղավորներ»,- ասաց։
ՈՒ գնաց ձեռքերը լվանալու։
Դույլը մոտեցրին, թևերը քշտեց։
Սպասավորը լցրեց թասը — սովորական ջուր էր։
Բայց երբ սկսեց թափվել ձեռքերին՝ ալ կարմիր դարձավ,
ասես արյուն թափվեր ․․․ Սարսռաց , սարսափեց Պիղատոսը։
Բայց սպասավորը հանգիստ էր, դու մի ասա՝
միայն պոնտացու աչքին էր ջուրը կաս-կարմիր
երևում ․․․ «Ա՜յ քեզ բան, էս ի՞նչ հրաշք էր։ Լսել էի՝
Կանայում ջուրը գինի է արել ԱՅՍ ՄԱՐԴԸ
հարսանքավորների համար։ Սա է՛լ ԻՐ արարքն ու
նշանն է անշուշտ ․․․ Չէ՜, ես մեղք եմ գործում՝
չարդարացնելով նրան ․․․ Ախ, Զևս, դու՛ եղիր
ինձ պահապան․․․ Թող երիցս
անիծյա՜լ լինի Հռոմն իր սենատորներով հանդերձ, ախ ․․․ »։

 

* * *

«Խոսիր ինձ հետ, խոսի՜ր ինձ հետ»,-
երեսանկյալ աղերսում էր Ֆրանցիսկ Ասսիզացին,սուրբը,
և Դու նրան պատասխանեցիր թռչունների լեզվով,
ինչը նա հասկանում էր անթերի ․․․

Մի՛ շրջվիր այդպես ինձանից,
մի՛ շրջվիր ու գնա։
Ես վախենում եմ ձայն տալ Քեզ,
վախենում եմ ձայնս՝ Քեզ չհասած,
հետ գա ու ինձ հարվածի ․․․

Ռաքելն արտասվում է իր որդիների համար
և մխիթարություն չի գտնում , ավաղ,
զի նրանք չկան այլևս ․․․ —
ասա, իր ձայնն է՞լ չես լսելու․․․

Ողբի սիրեններ են, խմբված,
ձայնարկում կանչեր կորստյան՝
առ իջվածքները գեհենի։
Տու՜ր ինձ մեղրամոմն անդորրաբեր,
որ դեռ կենդանի՝ չմահանամ ․․․

 

ՍԱՆԴԱՐԱՄԵՏԻ ՔԱՄԻՆԵՐԸ

Դրանց՝ այդ քամիներին լավ գիտեն, լավ են ճանաչում
ստորերկրյա ատլասները, ովքեր իրենց ձեռքերի վրա են պահում
երկրակեղևը ( ու երբ երբեմն հոգնում են նրանց ձեռքերը՝ մի պահ՝
երկրաշարժեր են սկսվում Երկրի մակերևույթով մեկ)։
Դրանք՝ այդ քամիները քուլա-քուլա, գալար-գալար,
կապարե սառը օձի պես բարձրանում են Բեհեղզեբուղի ծխամորճից,
դուրս գալիս երկրի երես ու արշավում զազիր,
կործանարար տարմով սուրացող մարախի պես,
կամ գեհենական մառախուղի։ Անցնում են
բերրի արտերի վրայով — և ոլոռը խնդում,
ցնծապարում է, իսկ ցորենի հասկերը
խորշակահար կախում են գլուխներն ու թոշնում ․․․
Անցնում ենդաշտերում արածող նախիրների վրայով —
և կտրվում է կաթը կովերի կրծքերում, հորթատում են սրանք
կամ ծննդաբերում ժամանակից շուտ՝ պտուղ անկենդան ․․․
Դրանք ամբողջ հոտեր են ստերջացնում,
հիմքից չորացնում են ծառերի արմատներ։
Միայն մայրերի տաք շունչն է փրկում
նրանց նորածիններին սև հոսանքից ․․․
Դրանք՝ այդ քամիները ներս են սողոսկում
քաղաքագետների ու իշխանների աշխատասենյակների
բաց պատուհաններից և առավե՛լս
հարամում, փչացնում նրանց անհանգիստ արյունը,
որ սրանք պատերազմներ հրահրեն ամենուրեք ․․․

 

ՄԵՆՔ ՓՈՐՈՒՄ ԵՆՔ ՓՈՐՈՒՄ ԵՆՔ

Նրանց մեջ հող կար, և
նրանք փորում էին:
    ՊԱՈՒԼ ՑԵԼԱՆ

Մենք անդադար անվերջ
փորում ենք փորում ենք
փորում ենք գիշեր ու տիվ
հանգույն անձրևաորդի
կամ խլուրդի

Փորում ենք փորել ենք երգելով
«Ինտերնացիոնալ» —
«Այս հին աշխարհը կփորենք մենք
մինչև հիմքերը և հետո․․․»

Փորում ենք փորում ենք —
Տան հիմք ենք փորում երազանքով
երազանքով ու տանջանքով
բայց հետո չեն թողնում ապրել այդ տան մեջ
ու նորից փորում ենք փորում ենք
այս անգամ — խրամատ

Մենք փորում ենք անվերջ անընդհատ—
Իրար տակ ենք փորում
Մեր ճակատագրի թնջուկն
անվերջ քչըփորում ենք

Մինչև որ գա ժամանակը կամ անժամանակ
մի ուրիշը փորի մեր հորը
Մինչև որ միգուցե այդպիսով
ազատվենք մենք մեզանից ու
խաղաղվենք — հասած մեր Հորը․․․

 

* * *

Այգիներում աշունն է,
մշուշեղեն շուրջառ հագած,
դեղինը խնկարկում
սաղարթների մեջ պաղ․․․

Ձմեռնամուտի քամին
տերևադիերն է հավաքում
ծառուղիների, քշում
ու տանում անհասցե ․․․

Սաթե հատիկներն են
սառչում թզբեհների
զբոսայգում նստած
ծերունիների մատների մեջ ․․․

 

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ԲԱՐԱԲԲԱՅԻ

Արդեն քառասուն օր էր, ինչ
ձեռնափերս քոր էին գալիս մենախցիս մեջ,
իմ աշխատավոր ձեռքերը ՝ ամենանեղ
գրպաններն իսկ սողոսկելու կարող,
վարժ՝ դաշույնի կոթի, երբ փականը
ճռնչալով բացվեց, ու ցրված խավարի մեջ
դեմքը երևաց հռոմեացի բանտապահի,
թե՝ դու ազատ ես արդեն, հավաքիր իրերդ։
Ասացին՝ դու ես ընտրյալը, դու ես պաշտելի
զավակը Երուսաղեմի, քո՛ ժամանակն է։
Ինչ-որ Հեշուայի մասին էին խոսում, մի անբախտի,
որ կանգնել էր կուսակալի դիմաց, հարցերի տարափի տակ,
և ինչ-որ կցկտուր պատասխաններ էր
տալիս կուսակալին, մինչև որ սա
գլուխ չհանեց ու գլխացավից խեղճացած,
ձեռքը թափ տվեց ու հեռացավ՝ ծիսական
մի ձեռնալվայից հետո․․․ Ամբոխն ի՛նձ ազատեց
պատժից, որովհետև ես ընդամենը
երուսաղեմցիների գրպաններն էի մտնում,
իսկ նա՝ այդ Հեշուան համարձակվեց նրանց
հոգիները մտնել ․․․ Բացի այդ, ասում են,
մի տարօրինակ, տամուկ լույս էր վառվում
այդ տղայի դեմքին, որ գրգռում էր
երուսաղեմցիների ՆԵՐՔԻՆ ԽԱՎԱՐԸ,
որ շատ նման է բանտախցի խավարին,
և որից բազումք չեն ուզում ազատվել,
քանզի ամեն ինտիմ բան խավարում է, որ
փթթում է անկաշկանդ, հավիտյանս հավիտենից ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *