Ինձ լավ գրող դարձրու
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ինձնից հեչ լավ բժիշկ դուրս չի գա, մի օր մեկին մի սխալ դեղ կտամ, խեղճը կմեռնի, ու էտ ամենը քո խղճին կմնա։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ես ջրհոս եմ ու հեռու մի սարի տակից տարիներով հոսել եմ, մաշվել մանր ու մեծ քարերի վրա, մամռակալել, հոտել, ցամաքել, բայց հետո
հոսել ու հասել եմ էստեղ, որպեսզի պատմեմ բոլորին այդ ամենի մասին։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև փոքր ժամանակ ես այնքան շատ եմ վախեցել էն երազներիցս, որտեղ չեմ կարողացել խոսել, չեմ կարողացել ճչալ վախս։
Ինձ լավ գրող դարձրու, որ փակվեմ իմ սենյակում ու դուրս չգամ, որովհետև էս քաղաքը առանձնապես ոչ իմ կարիքը ունի, ոչ քո․ միևնույն է ժամը 19։00-ին քաղաքում խցանում է լինելու, իսկ Սարյանի վրա երկու հոգու համար ազատ սեղան չի լինելու։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ես շատ կուզեի լավ երգիչ լինել, բայց չափազանց նիհար եմ, չափազանց անարտիստիկ, մազերս կոկիկ չեն կտրված, ու, որ ամենակարևորն է՝ ձայնս ահավոր է։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ոչ մի այլ դեպքում, էս մարդիկ ինձ չեն նկատի։ Մի անգամ, երբ փոքր էի՝ տասներեք տարեկան, մորս հետ եկեղեցի գնացի, ներսում լուռ էր,
թեև բազմամարդ էր։ Մոմ վառեցինք, ինչ-որ երազանքներ պահեցինք ու երբ ուզում էինք դուրս գալ, մի քահանա մոտեցավ մեզ՝ խոժոռ հայացքով նայելով մորս աչքերի մեջ հարցրեց․
Քո տղա՞ն է։
Այո,- պատասխանեց մայրս՝ դեմքին զարմացած հայացք տալով։
Ձեր տղային լուրջ վերաբերվեք, նա մեծ ու կարևոր մարդ է դառնալու։
Մենք հեռացանք։
Հիմա, երբ 24 տարեկան եմ, հիշում եմ էս տողերը ու հասկանում, որ մենակ լավ գրող դառնալով կարամ փարատեմ մորս հպարտության արցունքները, որ հոսում էին էտ պահին։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև բացի իմ լեզվից, ես այլ լեզուներ չգիտեմ, բայց ուզում եմ խոսել այլ տեղերում ապրողների հետ, խոսեմ ու պատմեմ մի տղայի մասին, ով արցունքոտվելու չափ սիրելով պոեզիան, ով երբեք, ում երբեք՝ չսիրեց ոչ ոք, ոչ ոքի։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ես մրսում եմ էն մտքից, որ կարող է ընկերներիս պես՝ առաքիչ, ուսուցիչ կամ լավ ծրագրավորող դառնամ։
Ինձ լավ գրող դարձրու, որովհետև ես սիրում եմ բառեր ստեղծել, ու ստեղծածս բառերով հորինել էն աշխարհը, որտեղ ես երջանիկ եմ ու ազատված էս անսովոր աշխարհից։
Ինձ լավ գրող դարձրու, որպեսզի ես ցույց տամ թե ինչերի եմ ընդունակ, ու վերջապես ինձ լավ գրող դարձրու, որպեսզի հենց ինքդ սիրահարվես իմ տողերին, իմ գրքերին, իսկ հետո՝ ինձ։
Պատկերացնում ես, մի արյունոտ մարմին, ով հետո պետք էր փրփուրով ու ածելիով ազատվեր իր ոտքերի անցանկալի մազերից, պիտի ինչ-որ մեկի համար՝ ամեն առավոտ ճպռոտված աչքերով, լուսացույցերով շարժվող մեկը, ինչ-որ մեկի փրկիչը պետքա է դառնար։ Դու միայն պատկերացրու, թե ինչ արտասովոր աշխարհում ենք մենք ապրում, որ ամբողջ կյանքներս տանուլ տալու եզրին դնելով՝ խիզախում ենք ու մեր հոգիները ինքնակամ վաճառում նրանց։
Ես ուզում եմ
Ես ուզում եմ սիրել քեզ, հիանալ քեզնով։ Պատուհանից դեն նետել բոլոր քածերին ու քեզ ներս թողնել։ Ես ուզում եմ բաժանորդագրվել բոլոր թերթերին, որպեսզի ամեն օր քեզնից լուր ստանալու մտքով արթնանամ։ Ուզում եմ այսուհետ միայնակ հաց չուտել, չսրճել։
Գիտես, ես հեռախոսիս համարների միջից կջնջեմ Նունե կ-ի, Բաբայան Զառայի, Սաթիկի ու էլի մի քանիսի համարները ու կպահեմ միայն քոնը, որ հանկարծ սխալմամբ զանգ չթողնեմ մեկ ուրիշին։ Ամեն օր կլողանամ, կթրաշվեմ ու կհագնեմ նոր արդուկած շորերս, որպեսզի հանկարծակիի չգամ, քո՝ ինձ հետ հանդիպելու առաջարկից։ Ես ուզում եմ ամեն օր տեսնել քեզ, զգալ դանդաղ մոտենալու ընթացքը ու հասնելով քեզ՝ գրկել, ամուր գրկել, բռնել ձեռքդ ու հաշվել զարկերակիդ թիվը, գիտես ինչո՞ւ, որովհետև 70-80 զարկ հետո դու ավելի շատ ես իմը լինելու, քան 70-80 զարկ առաջ։ Գրողը տանի, ես ուզում եմ ջնջել իմ նկարած բոլոր նկարները ու միայն քեզ նկարել, նկարել անընդմեջ՝ անկողնում, արթնանալուց, լվացվելուց, հաց ուտելուց, հանվելուց, հագնվելուց, լողանալուց, ունքերդ հանելուց, մեջքդ անհարմար քորելուց, ֆասթ ֆուդ ուտելուց, տատու անելուց, ամեն անգամ ծխելուց, Պոլիգրաֆում պարելուց, հորդ հետ վիճելուց։
Ես ուզում եմ հեռախոսիս էկրանին քո նկարը դնել ու հասկանալ բոլոր նրանց, ովքեր նման բան են անում։
Ես ուզում եմ նոթիֆիքեյշնս միայն քո մասին ինձ հիշեցնի։
Երբ իրար հետ լինենք, կուզեմ այդ պահին օրինակ անջատվեն քաղաքի բոլոր ժամացույցները, քանի որ ինչ իմաստ ունի ժամանակը, ներկան, ապագան, էսօրը, վաղը, եթե այդ պահին դու ինձ հետ ես։
Ես ուզում եմ, որ մեր մասին գրվեն թերթերում, ֆիլմեր նկարվեն, երգեր ու գրքեր գրվեն։ Ես ուզում եմ, որ մեզ մեր քաղաքում Ջոն Լենոն ու Յոկո Օնո կարգեն։ Ես ուզում եմ մեր մասին չարախոսեն ու լեգենդներ հյուսեն։ Ա՜հ, ես այնքան շատ բան եմ ուզում, ուզում եմ, բայց գիտեմ, որ երբեք քեզ չեմ պատմի իմ ուզումների մասին ու կշարունակեմ խեղդվել էս անսեր ու անտեր աղջիկների արանքում։