/ԲԱՆՏԱԽՈՒՑ/
Գործող անձինք
ՆԵԴԱ – 30-ն անց, բանտախցի «տիրուհին»
ՄԻԱ – անորոշ տարիքի, բանտախցի անփոփոխ երկրորդ կենվորը
ԱՆԵՏ – 22 տարեկան, բանտախցի հերթական կենվորը
ԲԱՆՏԱՊԱՀ – Ձայնն է
Խավարի մեջ հնչում է Նեդայի ձայնը։
ՆԵԴԱ – Երբ քարշ տալով տանում էր սանդուղքի տակ գտնվող խուցը, ձեռքերով կառչում էի դռներից, ոտքերս դեմ էի տալիս հատակին, փորձում էի դուրս պրծնել, կծել… բայց լուռ, անձայն։ Գիտեի, որ անօգուտ է, հիմա նա ձախ ձեռքով կբացի դուռն ու աջով կշպրտի ներս, որտեղ ինձ էր սպասում մութը բորբոսի ու մկնահոտի հետ։ Վերջին պահին ճանկում էի նրա ձեռքերից մեկն ու ամեն անգամվա պես սպասում` գուցե այս անգա՞մ խղճա ու մենակ չթողնի մթան մեջ ինձ սպասող իմ վախի հետ։ Բայց դուռը փակվում էր։ Մի օր, չգիտեմ, ինչպես, կարողացա ատամներս խրել «խորթ հայր» կոչվող վիժվածքի կեղտոտ ափի մեջ։ Ցավից վնգստաց ու վնգստոցի միջից ֆշշաց. «Սովորիր խցին, կյանքդ էնտեղ է անցնելու»։ Ու ես առաջին անգամ գոռացի բարձր, գոռացի` ինչքան մեջս ուժ կար. «Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ ուզում»։
Լռություն։
Բեմը լուսավորվում է։ Բանտախուց է։ Աջ կողմում դուռն է` բացվող պատուհանիկով, որտեղից ուտելիք ու ջուր են տալիս։ Խորքում` կենտրոնում, երկհարկ մահճակալն է, ձախում` թախտանման մի բան։ Խցի կենտրոնում սեղան է ու աթոռ, որին նստած է Նեդան։ Թախտին նստել է Միան։
ՄԻԱ – Գիշերը նորից անհանգիստ էիր։
ՆԵԴԱ – Ուզում ես ասել, նորից չեմ թողել, որ քնե՞ս։
ՄԻԱ – Գիտես, որ գիշերը չեմ քնում։
ՆԵԴԱ – Վե՛րջ տուր… դու` ո՜ւր, անքնությունն` ո՜ւր։
ՄԻԱ – Էդ էլ շատ ես համարում…
ՆԵԴԱ – Անքնության մեջ ազնվական բան կա, քրջոտ հոգեբանությունդ մեջը չի տեղավորվում։
ՄԻԱ – (անսպասելի լարումով)։ Բայց և այնպես, ես անքնությո՛ւն ունեմ։
ՆԵԴԱ – Լա՜վ, ձեռիցդ չխլեցինք… դու էլ դրանով ուրախացիր։
ՄԻԱ – (քինոտ)։ Ավելի լավ է` չքնեմ, քան թե երազիս մեջ գոռամ։
ՆԵԴԱ – Ձե՛նդ։
ՄԻԱ – Լամ… բարձր ձայնով։
ՆԵԴԱ – Չլսեցի՞ր ասածս։
ՄԻԱ – (անզիջում, նմանակելովով)։ «Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ»…
ՆԵԴԱ – (տեղից թռչում, ափով փակում է նրա բերանը, ծանր շնչելով)։ Լեզուդ բացվե՞լ է… Թե՞ տեղը չես բերում` որտեղ ես, ում հետ ես…
ՄԻԱ – (նրա ձեռքը ետ քշելով, խռովկան)։ Ամեն անգամ վերջին բառի վրա փակում ես բերանս։
ՆԵԴԱ – Սխալս էն է, որ ամեն անգամ եմ փակում, այնինչ պետք է մի անգամ փակեմ, բայց` հիմնավոր: (Երկու ձեռքով փակում է Միայի բերանն ու քիթը։ Նա սկսում է գալարվել։ Գոհ։) Ըհը՜, արդեն տեղն ես բերում… հա՛, բանտախցում ես, հա՛, ինձ հետ… Հիշեցի՞ր։ (Ձեռքերը ետ է քաշում։)
ՄԻԱ – (խեղդուկ հազով բռնված` ատելությամբ լի հայացքը չի կտրում Նեդայից)։ Սպասում եմ, թե ե՛րբ կլինի էդ մի անգամը։
ՆԵԴԱ – (բարեհոգի)։ Հույս չունենա՛ս։ Էդքան բարի երբեք չեմ լինի։ Անգամ քո նկատմամբ։ (Տոնը փոխելով։) Իսկ հիմա գործիդ անցիր։
Միան, նրա պաղ հայացքից հիպնոսված, բարձրանում է, երկհարկ մահճակալի վերևից իջեցնում է փայտե տուփ։ Այդ ընթացքում Նեդան նստում է աթոռին։ Միան տուփից հանում է փայտե կոպիտ սանր։
ՆԵԴԱ – Հիշեցնե՞մ։
ՄԻԱ – (անգույն ձայնով)։ 100 անգամ։
ՆԵԴԱ – (հայացքների կարճ մենամարտից հետո, արձակում է մազերը, գլուխը ետ գցում ու փակում է աչքերը)։ Հաշիվը չխառնես։
Միան սկսում է սանրել` մտքում հաշվելով, բայց երբ Նեդան լեզվով բարձր ճտտացնում է, այդ պահին բարձրաձայն է ասում թիվը։
ՆԵԴԱ – Երեք տարվա մեջ հազիվ սա սովորեցիր… քիչ թե շատ տանելի չափով։ Հիշո՞ւմ ես, առաջին անգամ որ սանրն առար ձեռքդ… ոնց նայեցիր… Ճը՛թ։
ՄԻԱ – 18։
ՆԵԴԱ – Հասկացա, որ ուզում ես սպանել։ Դրա համար էլ աչքերս փակեցի… Ճը՛թ։
ՄԻԱ – 29։
ՆԵԴԱ – Եթե էդ օրը գոնե փորձեիր… Ճիշտ է, սանրով, էն էլ` փայտե սանրով, չես սպանի, բայց դեմքը փչացնել կարելի է… Ճը՛թ։
ՄԻԱ – 37։
ՆԵԴԱ – Աչքերս հանեիր, գոնե` մեկը։ Բայց դու… սանրեցի՜ր։ Մի թեթև մաշկս չանգռեցիր, բայց էդ հաշիվ չէ, շան քոթոթի կծմծած… Ճը՛թ։
ՄԻԱ – 48։
ՆԵԴԱ – Դրա համար էլ մինչև էսօր սանրում ես… ու էստեղ ես։ Իսկ երեք տարին քիչ ժամանակ չէ, մի մոռանա, որ քեզ մոտս բերեցին մեկ, շատ-շատ` երկու օրով… Ճը՛թ։
ՄԻԱ – 61։
ՆԵԴԱ – (լարվում է, դժգոհ)։ Ճը՛թ-ճը՛թ։
ՄԻԱ – (դադարից հետո, մեղավոր)։ 60։
ՆԵԴԱ – Էլի՛… 60-ի վրա միշտ հաշիվը խառնում ես։
ՄԻԱ – Գիտես, որ չեմ խառնում։ Ընդամենը մի անգամ եմ խառնել` առաջին օրը։
ՆԵԴԱ – Ինչից հետևում է, որ մնացած բոլոր անգամները պիտի սխալվես։ Որովհետև չսխալվել չես կարող։ Ճը՛թ։
ՄԻԱ – 73։
ՆԵԴԱ – Հա, 73-ն է։ …Ու եթե առաջին անգամը չսանրեիր` գիշերը քեզ կսիրեի ու լույսը բացված… կամ շատ-շատ` 2 օրից դուրս կքշեի էստեղից։ Բայց դու էն տափուկը չես, շուտ կողմնորոշվեցիր… Դու, որ ջրի փոխարեն կարող ես թո՜ւյն տալ… Ճը՛թ։
ՄԻԱ – (վերջին բառերից դեմքը քարանում է, ձեռքը` սառում օդի մեջ։ Շատ կամաց թիվն է ասում` չի լսվում)։ Ըըը…
ՆԵԴԱ – Ճը՛թ։
ՄԻԱ – (շատ բարձր)։ 84։
ՆԵԴԱ – (ասես ոչինչ չի նկատել, նույն տոնով)։ Քո ճիճվի խելքով հասկացար, որ հնազանդվելով առաջին խոսքիս` քո փրկությունն ես գնում…
Պատուհանը տհաճ ճռինչով բացվում է։
ՆԵԴԱ – 99… (Կատաղած, դեպի պատուհանը։) Վիժվա՛ծք, պիտի թողնե՞ս, որ գոնե մի անգամ 100-ը լրացնեմ։ (Միայի ձեռքից խլում է սանրն ու շպրտում դռան կողմը։) Կարծում ես, չգիտե՞մ, որ ականջդ կպցրած` լսում ես, որ 99-ի վրա ամեն ինչ հարամ անես։
Միան կողքանց գնում, հատակից վերցնում է սանրը, շտապով տեղավորում տուփի մեջ, տուփը դնում է իր տեղը։
ԲԱՆՏԱՊԱՀ – (երևում է Բանտապահի ձեռքերը, որոնք բացված «սեղանիկի» վրա են դնում երկու բաժակ)։ Քեզ որ լսեն` էլ բան ու գործ չունեմ, ականջս պիտի կպցնեմ դռանը, որ ճենճոտ մաղձդ լսեմ։
ՆԵԴԱ – Էս բանտում իմ մաղձից երկրորդը չկա։
ԲԱՆՏԱՊԱՀ – Չորս պատերիդ մեջ` ո՞նց իմացար։
ՆԵԴԱ – Հենց ուզեմ իմանալ` դո՛ւ կասես։
ԲԱՆՏԱՊԱՀ – (հռհռալով)։ Հոտած թեյից ավելի բան ուզել չես կարող։
ՆԵԴԱ – Թքել եմ թեյիդ վրա, քեզ էլ` հետը… (Տեղից թռնում, բաժակները ձեռքի շարժումով շպրտում է հատակին։)
ԲԱՆՏԱՊԱՀ – (հաճույքից ոռնալով)։ Սուրճը թափեցիր… հո սուրճ չէ՞ր` թանձր, իսկական…
ՆԵԴԱ – Ի՞նչ… (Նայելով հատակին։) Մերդ որ քեզ ցնկնեց, շներն ամոթից մեռան։
Պատուհանիկն աղմուկով փակվում է։ Միան վեհերոտ կռանում, մատով փորձում է հեղուկը։
ՄԻԱ – (հուսախաբ)։ Սուրճ էր։
ՆԵԴԱ – Էլի՛ ֆռռացրեց։ Ամիսը մի անգամ սուրճ են տալիս, ու ամեն անգամ հենց էդ օրը կարողանում է ինձ հունից հանել։ (Դեպի պատուհանիկը։) Վիժվա՛ծք…
ՄԻԱ – (լացակումած)։ Երեք տարվա մեջ մի անգամ եմ սուրճ խմել…
ՆԵԴԱ – Հա, գալուդ օրը։ Ու քանի էստեղ եմ ու ինձ հետ ես, սուրճ չես խմի։
ՄԻԱ – Կդիմանամ։ Ի վերջո, ե՛ս չեմ երազիս մեջ գոռում…
ՆԵԴԱ – Ձե՛նդ…
ՄԻԱ – Լալիս… բարձր ձայնով։
ՆԵԴԱ – Չլսեցի՞ր ասածս։
ՄԻԱ – (անզիջում, նմանակելով)։ «Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ…»…
Նեդան մոտենում է նրան։
Խավար։
Խավարի մեջ Միայի ձայնն է։
ՄԻԱ – Հորս մահից հետո մայրս օրինավոր կնոջից վերածվեց փողոցային… Չեմ կարող էդ բառն ասել։ Սկզբում տուն էր գալիս 8-ին։ Հետո` կեսգիշերին։ Իսկ հետո լուսադեմից շուտ չէր գալիս… եթե գալիս էր ընդհանրապես։ Իսկ ես սպասում էի նրան։ Ամեն գիշեր։ Անկողնում գունդուկծիկ դարձած` լսում էի փողոցով անցնող մեքենաների աղմուկը, հարբած անցորդների հայհոյանքն ու կռիվը։ Առաջին հարկում էինք ապրում, էդ ամենն ասես մեր միջանցքում լիներ ու ամեն վայրկյան սպասում էի, որ դրանք կլցվեն սենյակս` մեքենաները, հարբած անցորդները։ Ինչքան երկարում էին նրա ուշացումները, էնքան կրճատվում էին իմ քնի ժամերը։ Մի օր էլ սովորեցի չքնել ու ցերեկները, մի երկու ժամ, ընկնում եմ թմբիրի մեջ։ Էդքանն ինձ բավական է գիշերվա մեջ ինձ սպասող իմ վախին դիմանալու համար։ Միայն մի անգամ փորձեցի նրան խնդրել, որ շուտ գա, ինձ չթողնի գիշերվա մեջ, իսկ նա խմիչքի ու թմրադեղի գոլորշու միջից շշնջաց. «Սովորիր գիշերին, կյանքդ էնտեղ է անցնելու»։ Ու ես կամաց, շատ կամաց, համարյա մտքիս մեջ գոռացի. «Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ ուզում»։
Բեմը լուսավորվում է։
Նեդան նստած է աթոռին, ոտքերը` սեղանին։ Միան փալասով հատակն է սրբում։ Նրա շարժումները ճկուն են, թվում է` բավականություն է ստանում հատակը սրբելուց։ Ինչ–որ պահի նրա շարժումները դառնում են զգայական, կարծես տղամարդու մարմին է շոյում։
Նեդան աչքի տակով հետևում է նրան, դեմքին նկարվում է չարախինդ ժպիտը` Միայի էքստազի պահը նա բաց չի թողնելու։ Ու հենց Միան վայելքի գագաթնակետին է մոտենում` մոխրամանի քնթուկները սփռում է հատակով մեկ։
Միան սթափվում է, զզվանքով նայում է հատակին։
ՆԵԴԱ – (երկիմաստ)։ Կիսա՞տ մնաց… չհասցրի՞ր…
ՄԻԱ – (փորձելով չկորցնել ինքնատիրապետումը)։ Գիտես, չէ՞, որ զզվում եմ սրանցից։
ՆԵԴԱ – (հատակից վերցնում է մի քնթուկ, իբր` ուսումնասիրում)։ Զզվելու բա՜ն գտար։ Քեզ թողած, սրա անշառ մոխիրից ես զզվո՞ւմ, նայիր` ճերմա՜կ, փափո՜ւկ…
ՄԻԱ – (խուլ ձայնով)։ Իսկ որ հանգցնում են մաշկիդ վրա, կարծում ես, մոխիրն էլի ճերմակ ու փափո՞ւկ է։
ՆԵԴԱ – Թող միայն փորձեի՜ն… Կսատկեցնեի՛։ Բայց ոչ քեզ պես` թույնով, թաքուն…
ՄԻԱ – (շարունակելով Նեդայի ձայնով)։ Այլ դանակով, որ վիժվածքն իր մահը տեսնելու բավականությունից չզրկվեր։ (Վհուկի նման ժպտում են։ Իր ձայնով, ցույց տալով հատակը։) Տես, ոնց եմ մաքրել, էսքան տեղն էր մնացել…
ՆԵԴԱ – Այ, հենց հասնում ես էդ տեղին` թույլ չեմ տալիս, որ երազախաբ լինես։
ՄԻԱ – Ձե՛նդ։
ՆԵԴԱ – Ի՜նչ օրի ես, որ ամեն ինչից սեքս ես սարքում։
ՄԻԱ – Քե՞զ ինչ։
ՆԵԴԱ – Ի՞նձ… ոչինչ։ Քեզ պես սոված չեմ։ Ես քեզ պես սոված չե՛մ կարող մնալ։ Հատակի` չէ, պատի հետ էլ կշինվեի։ Բայց դրա կարիքը չունեմ։
ՄԻԱ – Մոխրից ավելի քեզնից եմ զզվում։
ՆԵԴԱ – Որովհետև քեզ ձեռք չեմ տալիս։ Երեք տարի է` բանի տեղ չեմ դնում… բանի՛։
ՄԻԱ – Որովհետև ես տղամարդ եմ սիրում։
ՆԵԴԱ – Մտքիս լիներ` ինձ կսիրեիր։ Բայց քո սերն ինձ պետք չէ։ Ոչ էլ մարմինդ, որ ճաքում է սերմի պակասից։
ՄԻԱ – Հա, ճաքում է, որովհետև կնոջ մարմին է։ (Իրեն ցուցադրելով։) Տղամարդու համար է նախատեսված։
ՆԵԴԱ – Մարմինդ` ի՞նչ… քո հոգին եմ վերցրել ու հոգիդ եմ բռնաբարում։
ՄԻԱ – Հոգի պիտի լինի, որ բռնաբարես։
ՆԵԴԱ – Եթե մի երկուսին թունավորել ես, ուրեմն, հոգիդ պրծա՞վ։ Չէ, ճիճվիկս, դրանից հետո է հոգին սկսվում, որ քեզ ճզմի, դադար չտա… (Այլ տոնով։) Ժամը քանի՞սն է։
Միան, նայելով ժամացույցին, ամեն ինչ մոռացած, սրբում է ձեռքերը, փայտե տուփից կրեմի սրվակ է հանում, քսում ձեռքերին (շարժումներն այս անգամ էլ զգայնական են, բայց պակաս տեսանելի), մոտենում է Նեդային։
Այս անգամ Նեդան մազերն առաջ է բերում` բացելով վիզը։ Միան սկսում է մերսել նրա վիզը։
ՆԵԴԱ – Երեք տարվա մեջ հազիվ սա սովորեցիր… քիչ թե շատ տանելի չափով։ Հիշո՞ւմ ես, առաջին անգամ կրեմը քսում էիր ձեռքերիդ ու ո՜նց էիր նայում։
ՄԻԱ – Ուզում էի սպանել։
ՆԵԴԱ – Չէ, դա սանրելու ժամանակ էր։ Իսկ երբ կրեմն էիր քսում, սպասում էիր, որ քեզ պիտի սիրեմ։
ՄԻԱ – Չէի սպասում։
ՆԵԴԱ – Ո՞նց թե` չէիր սպասում։ Բանտապահը նախապես չէ՞ր ասել, թե քեզ էստեղ ինչ է սպասում։ Լռո՞ւմ ես… Գիտեի՜ր, դրա համար էլ գերադասեցիր մարմինդ պահել քեզ, իսկ հոգիդ տալ ինձ, որ նրա՛ հետ անեմ` ինչ ուզում եմ։
ՄԻԱ – Թե իմանաս…
ՆԵԴԱ – (նրա ձանով)։ Ո՜նց եմ զզվում քեզնից։ (Իր ձայնով։) Արդեն չեմ հավատում։ Տեսնում եմ, չէ՞, ինչ խնամքով ես ձեռքերդ կրեմոտում…
Միան երկու ձեռքով օղակում է Նեդայի վիզն ու սկսում սեղմել` հաշվելով։
ՄԻԱ – 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8…
Բացվում է պատուհանիկը, հայտնվում է երկու ափսե։
ՄԻԱ – 9… (Կատաղած` դեպի դուրս։) Վիժվա՛ծք, պիտի թողնե՞ս, որ գոնե մի անգամ հասնեմ 10-ին։ (Կրեմի սրվակը շպրտում է դեպի դուռը։) Կարծում ես` չգիտե՞մ, որ ականջդ կպցրած լսում ես, որ 9-ի վրա ամեն ինչ հարամ անես։
Նեդան կողքանց գնում, հատակից վերցնում է կրեմի սրվակը, դնում է փայտե տուփի մեջ ու դնում տեղը։
ԲԱՆՏԱՊԱՀ – Էլ բան ու գործ չունեմ… Դու Նեդան չես, գոնե մի անգամ ափսեները հատակին չես շպրտի, ինչ է, թե ամբողջ օրը սոված կսատկես։
Պատուհանիկը փակվում է։
ՄԻԱ – (Նեդային` չարախինդ)։ Քանի էստեղ եմ ու ինձ հետ ես, էս վռիկը պիտի կուլ տաս։
ՆԵԴԱ – Կդիմանամ։ Ի վերջո, ես մտքիս մեջ չեմ գոռում…
ՄԻԱ – Ձե՛նդ…
ՆԵԴԱ – Անձայն չեմ լալիս…
ՄԻԱ – Չլսեցի՞ր ասածս…
ՆԵԴԱ – (անզիջում նմանակելով)։ «Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ…»…
Միան սպառնալից մոտենում է նրան։
Խավար։ Հետո` կիսախավար։
Միան պառկած է թախտին` դեմքով դեպի պատը։ Նեդան պառկած է ներքևի մահճին։ Աղմուկով բացվում է պատուհանիկը։ Ներս է ընկնում լույսի շողը։
ՆԵԴԱ – (դեպի դուրս)։ Ռադ եղիր։
ԲԱՆՏԱՊԱՀ – Կարո՞ղ է` չես ուզում։
ՆԵԴԱ – (դադարից հետո)։ Էնպես չէ, որ չեմ ուզում… Հավե՛սս կորել է։
ԲԱՆՏԱՊԱՀ – Հավատա՞մ։
ՆԵԴԱ – Ստիպված ես։
ԲԱՆՏԱՊԱՀ – Յոթ տարի է` էստեղ ես:
ՆԵԴԱ – Հաշիվը հանկարծ չխառնես։
ԲԱՆՏԱՊԱՀ – Սանրիդ հաշիվը չէ։ Յոթ տարուց մեկը հանած` մնաց վեց… Արդեն վեց տարի է` բանտ մտնողը, եթե սիրունիկ մռութ ունի, առաջինը քոնն է եղել: Էդպես չէ՞։
ՆԵԴԱ – Հիշեցման կարիք չունեմ։ Բոլորին հիշում եմ` մեկ առ մեկ։
ԲԱՆՏԱՊԱՀ – Իսկ ասում ես` հավեսդ կորել է… ձև՞ ես անում։
ՆԵԴԱ – Ըհը, մնացել է` դեմդ թատրոն խաղամ։
ԲԱՆՏԱՊԱՀ – Ինչ խաղա՞ս։
ՆԵԴԱ – Մեկ դերասանի թատրոն։
ԲԱՆՏԱՊԱՀ – Վատ չհնչեց, գիտե՞ս…
ՆԵԴԱ – (դադարից հետո, փոխված ձայնով)։ Ո՞վ է։
ԲԱՆՏԱՊԱՀ – Շոկոլադի տեսակ կա` տրյուֆել։ Լսած կա՞ս։
ՆԵԴԱ – Լսեցի։
ԲԱՆՏԱՊԱՀ – (աստիճանաբար` կրքոտ հևքով)։ Դնում ես բերանդ, ու միանգամից հալվում է բերանիդ մեջ… Իսկ ի՜նչ բուրմունք է, ի՜նչ նուրբ համ… ու տա՜ք, փափո՜ւկ…
ՆԵԴԱ – Ի՞նչ է արել էդ քո տրյուֆելը։
ԲԱՆՏԱՊԱՀ – Սպանել է։ Սիրեկանին։
ՆԵԴԱ – Ուրեմն` խանդոտ տրյուֆել է։
ԲԱՆՏԱՊԱՀ – Ոչ միայն։ Մոդել-տրյուֆել տեսած կա՞ս։
ՆԵԴԱ – (տեղում նստելով)։ Տարիքն էլ որ ասես…
ԲԱՆՏԱՊԱՀ – 22… համեղ պատառ։
ՆԵԴԱ – Իմպոտենտ ես։
ԲԱՆՏԱՊԱՀ – (քմծիծաղով)։ Չես էլ հարցնում, միանգամից հաստատում ես։
ՆԵԴԱ – Իմպոտենտ որ չլինես, համեղ պատառը ինձ կտա՞ս։
ԲԱՆՏԱՊԱՀ – Մոռանում ես, որ ծառայության մեջ եմ։
ՆԵԴԱ – Ես էլ հավատացի, որ ծառայության մեջ ես։
ԲԱՆՏԱՊԱՀ – Գիտես, որ իմպոտենտ չեմ…
ՆԵԴԱ – Հա, դժբախտ ես։ Որովհետև հորմոններդ գլխիդ տված` աղջիկներին ատում ես, տղաներից` զզվում։ Էդքան կեղեքվելու փոխարեն վերցրու, ինքդ օգտագործիր, բանտում ինչն է շատ` տղամարդու կարոտ քածերը։
ԲԱՆՏԱՊԱՀ – Լկտիացար։
ՆԵԴԱ – Նո՞ր պիտի լկտիանամ։ Քո մասին եմ մտածում, էսպես որ շարունակես` պասիվ մոլագար կդառնաս։
ԲԱՆՏԱՊԱՀ – Չափդ չանցնես։ Կողքի խցում մեկը կա, որ հաճույքով կուլ կտա իմ տրյուֆելին։
ՆԵԴԱ – Նրան չես տա։ Գիտես, որ նա ընդամենը բռնաբարում է։
ԲԱՆՏԱՊԱՀ – (կատաղած)։ Իսկ դու…
ՆԵԴԱ – Կարող ես չշարունակել։
ԲԱՆՏԱՊԱՀ – …դու նրանց մեջ մեռցնում ես տղամարդուն տրվելու բնազդը։
ՆԵԴԱ – (բարձրանում, մոտենում է պատուհանիկին)։ Դու միայն դժբախտ չես։ Բոլորս էլ դժբախտ ենք։ Դու խաբված ես։ Ես, օրինակ, խաբված չեմ։ Անգամ Միա կոչված փալասը խաբված չէ։ Գիտե՞ս, ինչու… Մեզ վիրավորողին մենք սպանել ենք։ Ճիշտ է, հիմա էստեղ ենք, բայց մեզ վիրավորող անասունները գետնի տակ են։ Իսկ դու…
ԲԱՆՏԱՊԱՀ – Չշարունակես։
ՆԵԴԱ – (սադրելով)։ Բայց ո՜նց էիր սիրում կնկադ։ Շան հավատարմությամբ ու շնագայլի կրքով։ Իսկ նա… շան քածը ընկերոջդ վրան քաշեց։ Միա՛կ ընկերոջդ։ (Տաք շշուկով։) Որ նրանց իրար մեջ տեսար` ի՞նչ զգացիր։
ԲԱՆՏԱՊԱՀ – (պարտված ձայնով)։ Ինձնից լավ գիտես։
ՆԵԴԱ – Սպանե՛լ։ Երկուսին` մի գնդակով։ Իրար մեջ ու` մեռած։ Դու ի՞նչ արեցիր… Չկրակած գնդակը ատրճանակիդ մեջ` գողի պես փախար։ Քո՛ տնից փախար։ Այ, էդ չկրակած գնդակդ ե՛ս եմ։ Ամեն անգամ մոտս գցելով հերթական տրյուֆելին` դու սպանում ես կնոջդ։ Ու ամեն անգամ, լուսադեմին բացելով պատուհանն ու նայելով մեռած հոգով քածին` դու տեսնում ես կնոջդ մարմնի մեջ մեռած ընկերոջդ։
ԲԱՆՏԱՊԱՀ – Քանի դեռ գործդ անթերի ես անում, թողնում եմ` խոսես։
ՆԵԴԱ – (կծու քմծիծաղով)։ Պրոֆեսիոնալ եմ։
ԲԱՆՏԱՊԱՀ – Լսիր, պրոֆեսիոնալ, աղոթիր Աստծուն, որ փուստ չտաս։
ՆԵԴԱ – Ե՜ս…
ԲԱՆՏԱՊԱՀ – Մեկ էլ տեսար` քեզնից ուժեղը հայտնվի։
ՆԵԴԱ – Անհնար է։
ԲԱՆՏԱՊԱՀ – Եթե մի օր, լուսադեմին պատուհանը բացեմ ու տեսնեմ, որ իմ տրյուֆելը քո քածը չի դարձել` մեռած հոգով… Կզղջաս, որ ծնվել ես։
ՆԵԴԱ – Ամեն անգամ, քո արևին, վախեցնում ես։ Գլուխդ չի մտնում, որ վաղուց սպանել եմ ինձ սպասող բոլոր վախերը։ Դու ես, որ դրանցից պրծնել չես կարող։
ԲԱՆՏԱՊԱՀ – (դադարից հետո, գործնական)։ Հիմա կբերեն։
ՆԵԴԱ – Թող բերեն։ (Քիպ մոտենալով պատուհանիկին, չարախիդ շշուկով)։ Բայց ո՞նց չկարողացար նրանց սպանել, հետո՞ ինչ, որ էդ պահին ոստիկանի համազգեստով էիր։
Պատուհանիկը աղմուկով փակվում է։ Միան շրջվում է, պարզ է, որ ամեն ինչ լսել է։ Լուռ, հայացքներով մենամարտում են։
ՆԵԴԱ – Նախկին դիրքդ ընդունիր ու մի երկու ժամ ընկիր քո թմբիրի մեջ։ Թեև… մեզ խանգարել չես կարող։ Առաջին անգա՞մն է, ինչ է…
Միան, այն է` շրջվելու է, բացվում է դուռը, ներս է մտնում Անետը, քարանում դռան մոտ։ Երկուսը զննում են նորեկին։
ՆԵԴԱ – Իսկ եթե բարևե՞ս։
ԱՆԵՏ – (նրան զննելուց հետո)։ Նեդան ես։
ՆԵԴԱ – Չսխալվեցիր։
ԱՆԵՏ – (նայելով Միային)։ Դու` Միան։
ՄԻԱ – (նստում է տեղում, շփոթված` ձեռքերն է տրորում)։ Հա։
ԱՆԵՏ – (ասես մոռացել է Նեդայի ներկայության մասին)։ Բարև, Միա, ո՞նց ես։
ՄԻԱ – (ավելի շփոթվելով)։ Բարև…
ԱՆԵՏ – Իսկ… լա՞վ ես։
ՄԻԱ – Դե… հա։
ՆԵԴԱ – Ճիշտ ես, քո բարևին չեմ սպասում։
ԱՆԵՏ – (նրան չնայելով)։ Քեզ կբարևեմ մի հարց ճշտելուց հետո։
ՆԵԴԱ – Ճշտիր։
ԱՆԵՏ – (գլխի շարժումով ցույց տալով պատուհանիկը)։ Էդ վիժվածքը…
ՆԵԴԱ – (Միային)։ Տե՛ս, միանգամից ջոկել է: (Անետին, համարյա պաշտոնական։) Բանտապահի ասածը համապատասխանում է իրականությանը։
ԱՆԵՏ – (ակնդետ նրան զննելուց հետո)։ Համապատասխանում է։
ՆԵԴԱ – Ուրեմն, գիտես, որ քեզ էստեղ սպասում են։
ԱՆԵՏ – (Միային)։ Դու չես սպասում։
ՄԻԱ – (Անետին` խուսափելով նայել Նեդային)։ Էսօ՞ր են բերել։
ԱՆԵՏ – Հա։
ՄԻԱ – Ինչի՞ համար…
ՆԵԴԱ – (Միային` ատամների արանքից)։ Հիմա քնած պիտի լինեիր։
ԱՆԵՏ – Նա չի կարող քնել։ Նա անքնություն ունի։
ՆԵԴԱ – Նայեցիր ուռած մռթին ու հասկացա՞ր։
ԱՆԵՏ – Եթե քնի` մենակ կմնամ։
ՆԵԴԱ – (երկիմաստ քրքիջով)։ Բայց մեր ուզածն էլ դա է։
ԱՆԵՏ – Դժվար։
ՆԵԴԱ – Իսկ դու բացատրիր։
ԱՆԵՏ – Բացատրելու բան չկա։ Եթե մնանք երկուսով, մեզնից մեկը կմեռնի։
ՆԵԴԱ – Գիտես, որ ես չեմ լինի։
ԱՆԵՏ – Ես կամ դու, ի՞նչ տարբերություն։
ՆԵԴԱ – Լեզվանի ես…
ԱՆԵՏ – Դատարանում չօգնեց։
ՆԵԴԱ – Կարծում ես, էստե՞ղ կօգնի։
ԱՆԵՏ – Ուրիշ ելք չունեմ։ (Մոտենալով աթոռին։) Ո՞ւմ աթոռն է։ (Լռություն։) Ուրեմն` իմն է։ (Ուզում է նստել։)
ՆԵԴԱ – Իմն է։
ԱՆԵՏ – Ուրեմն` նստեցի։ (Նստում է։)
Նեդան մոտենում է նրան, վերևից զննում ու ձեռքը երկարում է` շոյելու, թե…
ԱՆԵՏ – (անսպասելի կամաց)։ Ձեռք չտաս, խնդրում եմ։
ՆԵԴԱ – Խնդրո՜ւմ ես… (Ձեռքը մոտեցնում է մազերին։) Նա՛ խնդրում է…
ԱՆԵՏ – Մազերիս ձեռք չտաս, խնդրում եմ։
ՆԵԴԱ – Նոր գազան էր կտրել, հիմա խնդրում է, ո՞ր մեկին հավատանք։ (Ձեռքն ավելի է մոտեցնում։)
ԱՆԵՏ – Խնդրում եմ… վերջին անգամ։ Դու պիտի հասկանաս։
ՆԵԴԱ – Որ բացատրես, մեկ էլ տեսար` հասկացա։ (Այս ընթացքում ձեռքը երկարած պահում է։)
ԱՆԵՏ – Վերջին անգամ նա՛ է ձեռք տվել մազերիս։ (Շատ կամաց։) Շոյել է…
ՆԵԴԱ – Սիրեկա՛նդ։
ԱՆԵՏ – Սե՛րս։
ՆԵԴԱ – (քմծիծաղով)։ Տարբերություն կա՞։
ԱՆԵՏ – Գուցե չկա, չգիտեմ… Նրանից հետո մազերս չեմ լվացել։
ՆԵԴԱ – (կեղծ զզվանքով)։ Դե ասա, կեղտի մեջ կորած ես… ոջիլներ չկա՞ն։
ԱՆԵՏ – Չէ… բայց նրանից հետո չեմ լվացել, չեմ կարող… նրա ձեռքերի հոտը կկորչի։
ՆԵԴԱ – Իսկ հոտ քաշել կարելի՞ է… (Անետի հայացքից խրախուսված` հոտոտում է նրա գլուխը։) Հոտ չկա։ Ավելի ճիշտ` անսովոր հոտ է:
ԱՆԵՏ – (ուրախացած)։ Դու է՞լ զգացիր… Նրա ձեռքերի հոտն է։ Սիգարետի, օդեկոլոնի ու կաշվի հոտը… Մեքենայի ղեկը թանկ կաշվից էր։
ՆԵԴԱ – Ինչ ասես, որ չես լսի աստծուն խորթ էս ծակուռում։ (Կարճ մտորումից հետո։) Մազերիդ ձեռք չեմ տա… որձիդ հոտը վանում է։ Իսկ ուսերդ… կշոյեմ։ (Կեղծ վախով։) Թե՞ դրանք էլ ջրի երես չեն տեսել նրանից հետո։
ԱՆԵՏ – Չէ, միայն գլուխս… գլխարկ եմ դնում ու նոր եմ մտնում ցնցուղի տակ։
ՆԵԴԱ – Փառք տիրոջը, էս տարածքը կարող եմ մշակել։
ԱՆԵՏ – Չե՛ս կարող։
ՆԵԴԱ – Հիմա՞` ինչ…
ԱՆԵՏ – Ուսերիս վրա նրա ձեռքերի հետքերն են։
ՆԵԴԱ – Սադի՞ստ է… այսինքն` էր։ Կապտուկները մինչև հիմա չե՞ն անցել։
ԱՆԵՏ – Քեզնով չչափե՛ս։ Նրա նման տղամարդ… պատկերացնել անգամ չես կարող։
ՆԵԴԱ – Դու պատկերացրիր, ու տեսանք` ինչ եղավ։
ԱՆԵՏ – Դա… ուրիշ պատմություն է։
ՆԵԴԱ – Լավ, լավ, հերթը դրան էլ կհասնի, իսկ հիմա… բա՛ց ուսերդ։
ԱՆԵՏ – (Միային)։ Բացե՞մ։
ՄԻԱ – (հայացքը փախցնելով)։ Ավելի լավ է` դու…
ԱՆԵՏ – Եթե ասում ես… (Բլուզն իջեցնում է` մերկացնելով ուսերը։) Բացեցի։
ՆԵԴԱ – (հեռվից զննելով)։ Կապտուկներ չկան։
ԱՆԵՏ – Բայց նրա մատների հետքերը կան։
ՆԵԴԱ – Սա ինձ կգժվեցնի… Ո՞ւր են, ցույց տուր։ (Մոտեցնում է ձեռքը։)
ԱՆԵՏ – Ձեռք չտա՛ս։
ՆԵԴԱ – Շատ ոգևորվեցիր։ Ձեռք էլ կտամ, ուրիշ բան էլ կանեմ… (Բայց և` զգուշորեն է հպում մատները։) Սա… ի՞նչ է։
ԱՆԵՏ – (ուրախացած)։ Նորի՞ց զգացիր։ Ի՜նչ լավն ես… իսկ փաստաբանս ծիծաղում էր… գժի տեղ էր դրել։ Ապո՛ւշը։ Զգում ես, չէ՞, տեղ-տեղ ասես թավիշ լինի… (Բռնելով Նեդայի ձեռքը` ինքն է ցույց տալիս։) Էստեղ… էստեղ էլ… զգացի՞ր…
ՆԵԴԱ – Գժի տե՞ղ ես դրել… (Շոշափելով։) Ոնց որ… թավիշ լինի։
ԱՆԵՏ – (նրա ձեռքը ետ շպրտելով)։ Համոզեցի՞։
ՆԵԴԱ – (ատամների արանքից)։ Համոզելու հերթը իմն է։ (Փորձում է համբուրել Անետի շուրթերը։ Ասես անտեսանելի ուժ վանում է նրան։ Թեթևակի շփոթված ու լավ կատաղած): Քեզ ի՞նչ եղավ։
ԱՆԵՏ – (ավելի ու ավելի ինքնավստահ դառնալով)։ Ինձ` ոչինչ։ (Ասես գաղտնիք հայտնի։) Նա՛ չի թողնում։
ՆԵԴԱ – Նա՞…
ԱՆԵՏ – Ավելի ճիշտ` նրա համբույրը։
ՆԵԴԱ – Սիրեկանի՞դ…
ԱՆԵՏ – Նա իմ սերն է։
ՆԵԴԱ – Լսիր, կարո՞ղ է` խաղում ես։
ԱՆԵՏ – Ի՞նչ։
ՆԵԴԱ – Մեկ դերասանի թատրոն։
ԱՆԵՏ – Ո՞նց իմացար։
ՆԵԴԱ – Որ խաղո՞ւմ ես։
ԱՆԵՏ – Որ դերասան եմ… պարուհի։
ՆԵԴԱ և ՄԻԱ – Պարուհի՞…
ԱՆԵՏ – Ինչո՞ւ զարմացաք, էստեղ պարուհի չկա՞։
ՆԵԴԱ – Էստեղ միայն մարդասպաններ են` առանց նախկին կյանքի։
ԱՆԵՏ – Ինչպե՞ս… առանց նախկին կյանքի։
ՆԵԴԱ – Առանց անցյալի ու ապագայի։
ԱՆԵՏ – Ապագան` չգիտեմ, բայց անցյալը… առանց…
ՆԵԴԱ – Առանց քո սիրո՞։
ԱՆԵՏ – Առանց իմ սիրեկանի՛։
ՆԵԴԱ – Վե՛րջ, կրկեսը պրծավ… Դու բանտախցում ես, ու էստեղ ուրիշ կյանք է։
ԱՆԵՏ – Եթե ուրիշ լիներ, նրա համբույրը չէր խանգարի քեզ։ Նրա մատների հետքերը չէիր տեսնի, նրա ձեռքերի հոտը չէիր զգա…
ՄԻԱ – Ու էդքանից հետո շանսատակ արիր հո՛տն էլ, հե՛տքն էլ։
Նեդան ու Անետը զարմացած նայում են Միային. մոռացել էին նրա գոյության մասին։
ՆԵԴԱ – (Միային)։ Համբույրը մոռացար։ (Անետին.) Նույնիսկ էս ոչնչությունը ծաղրում է քեզ։
ԱՆԵՏ – Նա չի կարող հասկանալ… ոչ ոք չի կարող հասկանալ։ Ես նրան միայն սպանել եմ։
ՆԵԴԱ – Էլ ի՞նչ կարող էիր անել, որ չարեցիր։
ԱՆԵՏ – Կարող էի չտեսնելու տալ, լսել նրա ստերն ու իբր` հավատալ, նրանից ուրիշի հոտն զգալ ու լռել, ինքս ինձ համոզել, որ ինձ հիմարի տեղ չի դնում… Չկարողացա։ Ես կարող էի միայն խղճալ նրան, միայն ե՛ս կարող էի նրան փրկել… Ի՞նչ ես ատամներդ բացել, իմ սիրտը կտրտվում էր, երբ հերթական անգամ ստիպված էր ինձ խաբել…
ՆԵԴԱ – (անտարբեր ատելությամբ)։ Քշեիր գրողի ծոցը։
ԱՆԵՏ – (ճչում է )։ Նա սիրո՛ւմ էր ինձ։
ՆԵԴԱ – (չարախինդ)։ Ու խաբում։
ԱՆԵՏ – Որովհետև չէ՛ր կարող չխաբել: Նա էդպիսին էր ու փոխվել չէր կարող… (Կոտրված։ Շշուկով։) Չէր էլ ուզում…
ՆԵԴԱ – Պատկերացնում եմ, ոնց ես ատել։
ԱՆԵՏ – (չլսելով նրան, ինքն իրեն)։ Սիրտս քրքրվում էր, իմ պատճառով ստիպված էր ստել, իմ պատճառով օրեցօր խճճվում էր իր ստեղծած կեղծիքի մեջ… ու դեռ ինչքա՞ն էր դա շարունակվելու։ (Բորբոքվելով` հարձակվում է Նեդայի վրա` իրականության զգացումը կորցնելով։) Խոհանոցի դանակն ինչո՞ւ բերեցիր սենյակ, ինչո՞ւ դրեցիր սեղանի ամենաերևացող տեղում։ Դո՛ւ արեցիր, որ տեսնեմ, դո՛ւ ստիպեցիր, որ վերցնեմ դանակն ու խփեմ… այնքան խփեմ, մինչև անշնչանա…
Ընկնում է հատակին, գալարվում ցավից։ Միան վրա է պրծնում, փորձում է բարձրացնել, Անետը դուրս է պրծնում նրա ձեռքերից։ Նրանց հետևող Նեդան անսպասելի մոտենում, փորձում է օգնել Միային։
ԱՆԵՏ – Ձեռք չտա՛ք… Մարմնիս վրա տեղ չկա, որ նրանը չլինի։ (Ավելի ու ավելի հոգեխանգարվելով։) Ինձ ձեռք չտաք, խնդրո՜ւմ եմ, թողե՛ք… չկպնեք, թե չէ հետքերը կջնջվեն, հոտը կցնդի, համբույրը կկորցնի իր ուժը։ Գնալուց առաջ դրանք թողեց ինձ, որ սպասեմ իրեն, որ չհավատամ, թե չկա… Ձեռքս տանում եմ մազերիս՝ նրա ձեռքն արդեն էնտեղ է, շոյում է… Օճառով ուզում եմ մաքրել ուսերս, շշնջում է ականջիս, որ էսքան թավշե ուսեր դեռ չէր տեսել… Իսկ հենց սկսում եմ խելագարվել, նրա համբույրն ասում է, որ ներել է ինձ, որ ես չեմ սպանել նրան, որ ընդհանրապես ոչ ոք չի սպանել նրան։ Նա գնացել է հեռու, գործերով ու շուտով կվերադառնա։ Իսկ նա կվերադառնա, որովհետև հիմա ավելի եմ սիրում նրան, քան սպանելիս…
Նեդան ու Միան նայում են իրար: Այս պահից նրանց վարքագիծը փոխվում է` երկու վհուկներն սկսում են վերածվել… գթության քրոջ, մոր… Ինչ ուզում եք, բայց նրանք հիմա կին են` կարեկցող կանայք։
ԱՆԵՏ – (ինքն իր աշխարհում)։ Ինձ միշտ սպասել են իմ վախերը: Սանդուղքի տակ գտնվող մութ խուցը` բորբոսի ու մկնահոտով… Միայնակ գիշերը, երբ կծկված անկողնում` սպասում էի, որ ամեն վայրկյան սենյակս կլցվեն մեքենաներն ու հարբած անցորդները… Բայց ամենամեծ վախն ինձ սպասում էր, երբ մայրս հեքիաթ էր պատմում։ Չէ, հեքիաթից չէի վախենում, վախենում էի, որ հանկարծ կգա խորթ հայրս, ու հեքիաթը կիսատ կմնա։ Մի օր էդպես էլ եղավ. ներս ընկավ ու գոռաց. «Հերի՛ք է աղջկադ հեքիաթներով մեծացնես»։ Մայրս ասաց. «Եթե սեր չկա, գոնե հեքիաթ լինի»։ Իսկ էդ վիժվածքը նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Մի՛ հավատա հեքիաթին, որովհետև մնացած կյանքդ ապրելու ես կեղծիքի մեջ։ Որովհետև կյանքը բանտախուց է, խավար ու կեղծիք»։ Ու ես կամաց, շատ կամաց, համարյա մտքիս մեջ գոռացի…
ՄԻԱ – (հիպնոսվածի պես կրկնելով)։ Ու ես կամաց, շատ կամաց, համարյա մտքիս մեջ գոռացի….
ԱՆԵՏ – Իսկ հետո գոռացի բարձր, գոռացի` ինչքան մեջս ուժ կար…
ՆԵԴԱ – (հիպնոսվածի պես կրկնելով)։ Իսկ հետո գոռացի բարձր, գոռացի` ինչքան մեջս ուժ կար….
ԱՆԵՏ – (կամաց)։ Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ ուզում։
ՄԻԱ – (կամաց)։ Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ ուզում։
ՆԵԴԱ – (կամաց)։ Չե՛մ ուզում, էդպես ապրել չե՜մ ուզում։
ԱՆԵՏ – (բարձր)։ Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում։
ՄԻԱ – (բարձր)։ Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում։
ՆԵԴԱ – (բարձր)։ Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում։
ՄԻԱՍԻՆ – Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում… Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում… Չե՛մ ուզում, էսպես ապրել չե՜մ ուզում…
Նրանց ճիչերը մարում են աստիճանաբար խտացող խավարի մեջ։
Բացվում է պատուհանիկը, ներս թափանցող շողը լուսավորում է բանտախցի կենտրոնը։ Հատակին նստած է Նեդան։ Անետը, գլուխը դրած նրա ծնկներին, աչքերը բաց ինչ–որ բան է մրմնջում։ Միան հենվել է Նեդային։ Նա քնել է։ Նեդան օրորոցային է երգում, որը, երևի, երգել է քարանձավում ապրող կինը։