***
երբեմն
մեկ օրն էլ
բավական է
հեքիաթի Աղջիկ
լինելու համար ֊
ինձ Վերջից
պատմիր
***
հիմա
քարեր են
ճանապարհներին
ծառ
ինձ կգրկե՞ս ֊
ձուլվեմ
ճյուղերիդ
մինչ արևագալ
***
երբեմն
ինձ
թվում է
չխմբագրված
բանաստեղծություն եմ ֊
իմ
իսկ
ներսերում
մոլորված
***
մի օր
կվերադառնամ
այնտեղ ֊
որտեղից
սկսվեցի
այդ օրը
կդադարեն
անձրևները
երևի
***
Դու
ինձ հետ
խոսիր
ջրերի լեզվով ֊
պարզեմ
հայացքիս
ափը
մշուշված
***
ես
ինձ
տեսել եմ
ջրերի վրա ֊
կյանքի
ալիքը
շուռումուռ
տալիս
հիմա
ճայ եմ ես
հույսի թևերով ֊
ջրերը
խառնած
լաց ու ծիծաղիս
***
հայելուց այն կողմ
ստվերն է
լույսի
հայելուց այս կողմ ֊
լույսը
ստվերված
այս խտությունից
աչքերս են
լալիս
արցունքս թողած ֊
աչքերս
մի տար
***
հիմա ֊
երբ
ձանձրույթ է
անձրևում
օրը մգլած ֊
երբ
կյանքը
տեսիլքի է
նման ֊
անորոշ
անհրապույր
անհմա
երբ
զգեստների մեջ
այս մառախուղե
օրը
կորցրել է
գույները բոլոր
հիմա ֊
առավել
քան երբևէ
հասկանում ես
ձյան լռությունը ֊
պաղ
անկրակ
թախծալուր
***
ամբողջ օրը
անձրև տեղաց
պատուհանից
անդին
մեղեդին
ծանոթ էր ֊
բառերն
իմն էին
***
Քո
գնալուց
հետո ֊
որպես
չգրված վեպ ֊
ինձ
մնացին
անՔեզ
օրերը ֊
երամներով
հեռացող
***
մեկ-մեկ
հիշեցրու
լինելս ֊
սկսել եմ
ինձ մոռանալ
***
մինչ Դու
կվիրակապես
կյանքի զակերակը
ափերիս մեջ թպրտացող ֊
ես գնամ
ստվերս փնտրելու
վաղվա աչքերում