Բանաստեղծ, արձակագիր Ինգեբորգ Բախմանը (1926-1973 թթ., Ավստրիա) 20-րդ դարի գերմանալեզու գրականության նշանավոր ներկայացուցիչներից է: Բանաստեղծական երկու ժողովածուների՝ «Ապրած ժամանակ» (1953) և «Մեծ արջի կանչը» (1956) հեղինակ է: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո ավստրուհի Ինգեբորգ Բախմանը և հրեա Պաուլ Ցելանը, որոնց նաև մեծ բարեկամությունն ու սերն էր կապում, իրենց ստեղծագոր¬ծությամբ ապահովեցին գերմանալեզու պոեզիայի զարթոնքը:
1960-ական թվականներին Բախմանը ստեղծագործել է արձակ: Հեղինակել է «Երեսուն տարեկանում» (1961), «Զիմուլտան» (1972) պատմվածքների ժողովածուներն ու «Մալինա» (1971) վեպը: «Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ հայերեն՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ, «Աշխարհը հայերենով» մատենաշարով ընթերցողին է ներկայացնում «Զիմուլտան» ժողովածուն: Գրքում հինգ պատմվածք է ընգրկված, որոնցից երեքի` «Երեք ճանապարհ դեպի լիճ» (1976), «Հաչոցը» (1972), «Նրա երջանիկ աչքերը» (1993), հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:
Ինգեբորգ Բախմանի այս պատմվածքներում արևմտյան արդիականացումը կարծես համընդհանուր մոլուցք է: Պատմվածքների՝ դեպի «բաց» աշխարհ նետվող կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն նշանակում: Եվ ի՞նչ. մարդիկ «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Զիմուլտան, այսինքն՝ «համաժամանակ» կնոջ միջոցով հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին:
— Դուք էլ ե՞ք լսում։
— Ի՞նչը։
— Շներին,— պատասխանեց ծեր կինը,— Հիցինգում առաջ այսքան շատ շներ չկային, ես այժմ նորից եմ լսում նրանց հաչալիս, գիշերն էլ են հաչում։ Իմ հարևանուհին՝ տիկին Շյոնթալը, պուդել ունի։ Բայց նա հազվադեպ է հաչում, շատ լավ շուն է, ամեն օր գնումների գնալիս հանդիպում եմ տիկին Շյոնթալին, մենք միայն բարևում ենք իրար, նրա ամուսինը կրթված մարդ չէ։
Ֆրանցիսկան շատ արագ մեկնեց քաղաք՝ տուն, այս անգամ նա որոշեց Լեոյին հարցնել, թե ինչ կարող էր նշանակել այն, որ մայրը հանկարծ միանգամից սկսեց շներից խոսել, արդյո՞ք դա կասկածելի ախտանշան չէր և գուցե տարիքի հե՞տ էր կապված։ Նա հանկարծ հիշեց, որ ծեր կինը մի անգամ էլ էր այդպես հուզվել տասը շիլինգի պատճառով, որը սեղանի վրայից անհետացել էր տիկին Ագնեսի գնալուց հետո, և այդ երևակայական անհետացած տասը շիլինգի պատճառով առաջացած հուզմունքը հիվանդության նշան էր, քանի որ անհնար էր, որ սպասուհին դա վերցրած լիներ. տիկին Ագնեսը, ինչպես որոշ բարեկիրթ շրջանակներում էին անվանում, չափազանց համեստ կին էր, նա ավելի շատ կարեկցանքից դրդված, քան թե գումարի համար էր գալիս, Ագնեսին այդ գումարը այդքան էլ հարկավոր չէր, տիկին Յորդանին սպասարկելը պարզապես սիրալիրություն էր նրա կողմից, ուրիշ ոչինչ։ Հազիվ թե ծեր տիկին Յորդանի անպետք նվերները, ինչպես հնադարյան քրքրված պայուսակը կամ էլ անպետք որևէ իր դրդեին տիկին Ագնեսին աշխատանքի գալու. նա վաղուց էր հասկացել, որ ո՛չ պառավից, ո՛չ էլ նրա որդուց սպասելիքներ չպետք է ունենար, իսկ Ֆրանցիսկայի դրությունը շտկելու ջանքերի մասին ոչինչ չգիտեր, Ֆրանցիսկան ծեր կնոջը մի կերպ երեխայի նման երկար համոզեց, քանի որ նա չէր կարող թույլ տալ, որ ծեր կինը կորցներ այդ արժեքավոր օգնությունը ծերունական հա-մառության և անհիմն կասկածի պատճառով։
Ֆրանցիսկան Հիցինգ գնալիս այժմ հաճախ էր ծեր կնոջը պատուհանի մոտ կանգնած գտնում. նրանք այլևս միասին չէին նստում լիկյոր խմելու և թխվածք ուտելու, իսկ շների հետ կապված երևույթը ավելի ուժեղացավ։ Մյուս կողմից՝ ծեր կինը սկսեց ավելի վատ լսել, Ֆրանցիսկան շվարել էր, պետք էր ինչ–որ բան անել, գուցե Լեոն, որից նա թեև ամեն ինչ թաքցնում էր, մի օր ժամանակ գտներ ու գար մորը տեսնելու և զննելու։
Բայց հենց այդ ժամանակ նրա և Լեոյի հարաբերությունները սկսեցին բարդանալ, նա հանկարծ հասկացավ, որ վախենում է Լեոյից, շատ է վախենում, բայց մի օր՝ ընթրիքի ժամանակ, հին համարձակության պոռթկումով և անըմբռնելի երկյուղը հաղթահարելով, առաջարկեց.
— Ինչո՞ւ մայրիկին մեր տուն չբերենք, չէ՞ որ բավական տեղ ունենք տանը, մեր Ռո-զին էլ շարունակ նրա կողքին կլինի, դու էլ չես մտահոգվի, բացի դրանից նա շատ հանդարտ է, պահանջկոտ չէ, քեզ երբեք չի խանգարի, ինձ՝ առավել ևս. ես այս ամենը հանուն քեզ եմ ասում, իմանալով, թե ինչքան ես անհանգստանում մայրիկիդ համար։
Լեոն այդ երեկո լավ տրամադրություն ուներ և գաղտնի ուրախանում էր ինչ–որ բանով։ Ֆրանցիսկան չէր կռահում պատճառը, բայց օգտագործեց առիթը։ Այդ խոսքերին Լեոն ծիծաղելով պատասխանեց.
— Տարօրինակ գաղափար է, մի՞թե չես հասկանում, գա՛նձս, ծերերին չի կարելի տեղափոխել, մայրիկին դա հոգեպես կճնշի, նրան իր ազատությունն է պետք, նա ուժեղ կին է, տասնամյակներ շարունակ միայնակ է ապրել և, ի տարբերություն քեզ, ես նրան լավ եմ ճանաչում, նա վախից կմեռնի այստեղ, թեկուզ հենց մեզ այցելող մարդկանց պատճառով, հետո էլ ժամերով կերկմտի ու կվախենա՝ լողասենյակ գնա, թե ոչ, իհարկե, մտածելով, թե գուցե մեզնից մեկը նույնպե ուզում է այնտեղ գնալ։ Բայց, իմ փոքրի՛կ Ֆրանցիսկա, խնդրում եմ, դեմքի այդ ի՞նչ արտահայտություն է, ես հուզիչ և գովելի եմ համարում քո այդ ցանկությունը, բայց դու քո այդ հրաշալի գաղափարով կսպանես նրան։ Հավատա՛ ինձ, ես նման բաներից ավելի լավ եմ հասկանում։
— Իսկ այդ ամբողջ պատմությո՞ւնը՝ շների հետ կապված…— Ֆրանցիսկան սկսեց կմկմալ, քանի որ այդ մասին բոլորովին չէր ուզում խոսել Լեոյի հետ և մեծ սիրով խոսքերը հետ կվերցներ։ Պարզապես նա ընդունակ չէր այլ կերպ իր մտահոգությունը արտահայտելու։
— Ի՞նչ,— հարցրեց ամուսինը նրան,— մի՞թե նորից քոսոտ շուն է ուզում պահել։
— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրանցիսկան,— ինչպե՞ս, մի՞թե կարծում ես, որ նա ուզում է շուն պահել։
— Բայց եթե այդպես չի, ես ուրախ եմ, որ այդ մանկական աննշանակ ցանկությունը շատ արագ անցավ, նա այդ տարիքում շնից գլուխ չի հանի, ավելի լավ է ինքն իրենով զբաղվի, դա ինձ համար ավելի կարևոր է, իսկ շունը այնպիսի պատիժ է, որ նա իր աճող զառամության մեջ չի կարող պատկերացնել։
— Նա երբեք չի ասել այդ մասին,— առարկեց Ֆրանցիսկան երկչոտ,— չեմ կար-ծում, որ ուզում է շուն պահել։ Ես բոլորովին ուրիշ բան էի ուզում ասել, բայց դա նշանակություն չունի, ներիր։ Կոնյակ կխմե՞ս, դեռ աշխատելո՞ւ ես, մի քանի էջ մեքենագրե՞մ ձեռագրիցդ։
Հաջորդ այցելության ժամանակ Ֆրանցիսկան չգիտեր, թե այդ զգուշավոր ծեր կնոջից ինչպես հարցուփորձ աներ այն մասին, ինչ ուզում էր իմանալ։ Նա հեռվից սկսեց և հարևանցիորեն ասաց.
— Իմիջիայլոց ես այսօր տիկին Շյոնթալի պուդելին տեսա, իսկապես սիրունիկ շուն է, ես պուդելներին շատ եմ սիրում, ընդհանրապես բոլոր կենդանիներին էլ սիրում եմ։ Ես գյուղում եմ մեծացել, մենք միշտ շուն ունեինք, նկատի ունեմ՝ տատս ու պապս, ինչպես նաև գյուղի բոլոր բնակիչները, բոլորը շուն և կատու էին պահում։ Լավ չէ՞ր լինի, որ հիմա, երբ դժվարանում եք ընթերցել, թեև դա շուտով կանցնի, շուն կամ կատու պահեիք, ես, օրինակ, շատ կուզեի շուն պահել, միայն թե ինքներդ եք հասկանում, քաղաքում դա մեծ հոգս է և շան համար էլ հարմար չէ, բայց Հիցինգում շունը կարող է պարտեզում թափառել, և կարելի է նրա հետ զբոսնել…
Ծեր կինը հուզված ասաց.
— Շո՜ւն, ո՛չ, ո՛չ, ես չեմ ուզում շուն պահել։
Ֆրանցիսկան հասկացավ, որ սխալ գործեց, բայց միաժամանակ զգաց, որ չվիրա-վորեց ծեր կնոջը, քանի որ նրան չէր առաջարկել թութակ կամ դեղձանիկ պահել, նա երևի բոլորովին այլ պատճառով հուզվեց։ Քիչ անց ծեր կինը շատ հանգիստ ասաց.
— Նուրին շատ գեղեցիկ շուն էր, և ես լավ գլուխ էի հանում նրանից, դա, եթե հիշո-ղությունս ինձ չի դավաճանում, մոտ հինգ տարի առաջ էր, բայց հետո ես Նուրիին հանձնեցի ապաստարան, որտեղից ուրիշները կարող էին գնել նրան։ Լեոն շուն չի սիրում։ Չնայած ամեն ինչ բոլորովին այլ կերպ է եղել. այդ շան մեջ ինչ–որ անբացատրելի բան կար. նա տանել չէր կարողանում Լեոյին, ամեն անգամ հարձակվում էր վրան և խելագարի նման հաչում, երբ Լեոն մոտենում էր դռանը, իսկ մի անգամ էլ քիչ էր մնում կծեր նրան, Լեոն խիստ զայրացավ, թեև շունը բնականաբար զգոն պետք է լինի, բայց սովորաբար ոչ մի անծանոթի հետ այդպես չէր վարվում և ես նրան բնականաբար հանձնեցի։ Հո չէի թողնի, որ նա հաչեր Լեոյի վրա կամ էլ կծեր նրան, ո՜,չ դա արդեն չափազանց էր, Լեոն պետք է ինձ այցելելիս իրեն հարմարավետ զգար, և չէր կարելի թույլ տալ, որ նա բար-կանար ինչ–որ անդաստիարակ շան պատճառով։
Ֆրանցիսկան մտածեց՝ ծեր կինը այլևս շուն չուներ, որ ցատկեր Լեոյի վրա կամ էլ նրան տանել չկարողանար, բայց այնուամենայնիվ, Լեոն բավական հազվադեպ էր այցելում մորը, իսկ այն պահից, ինչ Ֆրանցիսկան էր այդ պարտավորությունը իր վրա վերցրել, այդ այցելությունները ավելի ու ավելի էին պակասել։ Ե՞րբ էր նա վերջին անգամ ընդհանրապես այստեղ եղել։ Մի անգամ նրանք երեքով փոքրիկ զբոսանք էին ձեռնարկել Վայնշտրասեով Հելենտալի դաշտերում, հետո մայրիկի հետ ճաշել էին ռեստորանում, իսկ ընդհանրապես Ֆրանցիսկան մենակ էր այցելում նրան։
— Միայն թե ոչինչ մի՛ ասեք Լեոյին, Նուրիի հետ կապված դեպքը նրա վրա շատ էր ազդել, նա շատ փխրուն է, դե, դուք գիտեք, ես այսօր էլ ինձ չեմ կարողանում ներել, որ այդքան եսասեր էի և ուզում էի Նուրիին պահել, բայց ծերերը ախր, շատ եսասեր են, սիրելի՛ Ֆրանցիսկա, դուք դա դեռ չեք հասկանում, չէ՞ որ դեռևս շատ երիտասարդ եք ու բարի։ Երբ մարդ շատ ծեր է լինում, նման եսասիրական ցանկություններ է ունենում, սակայն չի կարելի դրանց տրվել։ Եթե Լեոն չհոգար իմ մասին, ի՞նչ կլիներ իմ վիճակը. նրա հայրը այնքան հանկարծակի մահացավ, որ չհասցրեց այլևս ոչնչի մասին մտածել, մենք փող չունեինք, ամուսինս մի փոքր թեթևամիտ էր, ոչ, վատնող չէր, բայց ծանր ժամանակներ էր ապրել, և բախտն էլ փողի հարցում չէր բերել, Լեոն այդ հարցում նրան նման չի։ Միայն թե այն ժամանակ ես դեռ կարողանում էի աշխատել, քանի որ դա հանուն տղայիս էր, ես էլ ջահել էի, բայց այսօր ի՞նչ կարող եմ էլ անել։ Միայն ծերանոց գնալուց եմ միշտ վա-խեցել, բայց դա Լեոն երբեք թույլ չի տա, չնայած եթե այս բնակարանը չունենայի, ստիպված կլինեի այնտեղ գնալ, իսկ դրան հաստատ շունն էլ արժանի չի։
Ֆրանցիսկան հուզված լսում էր ծեր կնոջը, իսկ հետո մտքում ասաց. «Ուրեմն նրա պատճառով է մայրը հանձնել շանը»։ «Այդ ի՜նչ մարդիկ ենք մենք,— ասում էր նա ինքն իրեն, քանի որ անկարող էր պատկերացնել,— այդ ի՜նչ մարդ է իմ ամուսինը… որքա՜ն ստոր ենք. մենք ամեն ինչ ունենք, իսկ մայրը դեռ իրեն է եսասեր համարում»։ Արցունքները ցույց չտալու համար Ֆրանցիսկան արագ բացեց «Մայնլի» փոքրիկ փաթեթը և ձևացրեց, թե ոչինչ չի հասկացել։
— Ա՜խ, իմիջիայլոց, ո՞ւր են իմ մտքերը թափառում, ես ձեզ համար թեյ ու սուրճ եմ բերել, մի քիչ էլ սաղմոն ու ռուսական սալաթ, իհարկե, դրանք իրար այնքան էլ չեն համապատասխանում, բայց այսօր գնումներ կատարելիս ես ցրված էի, քանի որ Լեոն մեկնում է, իսկ նրա ձեռագիրը դեռ պատրաստ չէ, նա Ձեզ այսօր երեկոյան կզանգահարի, իսկ մի շաբաթից արդեն կվերադառնա։
— Նա պետք է լիցքաթափվի,— ասաց ծեր կինը,— հոգացեք այդ մասին, չէ՞ որ այս տարի դեռ չեք հանգստացել։
Ֆրանցիսկան աշխուժորեն պատասխանեց.
— Հրաշալի միտք է, կաշխատեմ նրան ինչ–որ կերպ համոզել, չնայած առանց փոք-րիկ խորամանկությունների չի լինի, բայց Դուք ինձ լավ խորհուրդ տվեցիք, նա շատ է աշխատում, շարունակ գերհոգնած վիճակում է, ժամանակ առ ժամանակ պետք է նրան արգելակել։
Ի՜նչ իմանար Ֆրանցիսկան, որ դա իր վերջին այցելությունն էր ծեր կնոջը, և նրան այլևս ոչ մի փոքրիկ խորամանկություն պետք չէր։ Դեպքերը վրա տվին այնպիսի փոթոր-կալի ուժգնությամբ, որ նա համարյա մոռացավ ծեր կնոջը և այլ բաների մասին։
Ծեր կինը վախից որդու հետ հեռախոսով խոսելիս այդպես էլ չհարցրեց, թե ինչու Ֆրանցիսկան այլևս չի գալիս։ Դա նրան անհանգստացնում էր, բայց որդու ձայնը շատ գոհ ու անհոգ էր հնչում, իսկ մի անգամ նույնիսկ եկավ ու քսան րոպե մնաց մոր տանը։ Թխվածքին ձեռք չտվեց, լիկյոր չխմեց, Ֆրանցիսկայից չխոսեց, բայց բավական երկար խոսեց իրենից. դա մորը չափազանց երջանկացրեց, քանի որ որդին վաղուց իր մասին ոչինչ չէր պատմել։ Նա մեկնում էր ճամփորդության, ուզում էր լիցքաթափվել, միայն թե «Մեքսիկա» բառը լսելիս ծեր կինը թեթև վախ զգաց. նրա պատկերացմամբ Մեքսիկան կարիճների ու հեղափոխությունների, վայրենիների ու երկրաշարժերի երկիր էր, բայց որդին մի լավ ծիծաղեց, համբուրեց մորը և խոստացավ գրել այնտեղից ու իսկապես տեսարժան վայրերով մի քանի բացիկ ուղարկեց, որոնք մայրը ջերմեռանդորեն կարդաց։ Բացիկներում Ֆրանցիսկայից ողջույններ չկային։ Բայց մի անգամ Ֆրանցիսկան զանգեց նրան Քերնտենից։ Ա՜խ, այս ջահելներն ինչպես են փողը քամուն տալիս։ Ֆրանցիսկան ուզում էր իմանալ, թե ինչպես էր իրեն զգում ծեր կինը։ Հետո խոսեցին Լեոյի մասին, բայց ծեր կինը շարունակ ամենաանհարմար պահերին ճչում էր.
— Աղջի՛կս, ախր հեռախոսով խոսելը շատ թանկ է։
Բայց Ֆրանցիսկան շարունակում էր խոսել, վերջապես իրեն հաջողվեց ստիպել ա-մուսնուն հանգստանալ, իսկ ինքը մեկնել է եղբոր մոտ, այնտեղ գործեր կան կարգավորելու, այդ պատճառով չի կարողացել ուղեկցել Լեոյին։ Տան հետ կապված գործեր կան Քերնտենում։
Հետո ծեր կինը մի տարօրինակ նամակ ստացավ Ֆրանցիսկայից, որտեղ վերջինս մի քանի տող էր գրել, ընդամենը սրտագին ողջույններ, ինչպես նաև մի նախադասություն, թե ուղարկում է իր կողմից արված մի լուսանկար. Լեոյի լուսանկարն էր, հավանաբար Զեմերինգում էր, մի հյուրանոցի առաջ ծիծաղը դեմքին կանգնած էր, իսկ հետևում ձյան բնապատկեր էր։ Ծեր կինը վճռեց Լեոյին ոչինչ չասել, դե իսկ որդին, իհարկե, ոչինչ չէր հարցնի։ Նա լուսանկարը թաքցրեց արկղիկի մեջ՝ կրծքազարդի տակ։
Նա այլևս չէր կարողանում գիրք կարդալ, ռադիոն ձանձրացնում էր, միայն թերթերն էին հետաքրքրում, որոնք տիկին Ագնեսը բերում էր նրա համար։ Նա ժամեր շարունակ կարդում էր թերթերը, սակայն նրան ավելի շատ մահվան ծանուցումներն էին հետաքրքրում, նա կարծես ներքին մի գոհունակություն էր զգում, երբ իրենից երիտասարդ մեկն էր մահացած լինում։ Ա՜խ, այդպես, պրոֆեսոր Հադերերն էլ մահացավ, նա ամենաշատը յոթանասուն տարեկան կլիներ։ Տիկին Շյոնթալի մայրն էլ քաղցկեղից էր մահացել և նույնիսկ վաթսունհինգ տարեկան էլ չկար։ Կաթնամթերքի խանութում պատահական հանդիպելով՝ ցավակցեց տիկին Շյոնթալին, բայց պուդելին բոլորովին չնայեց, հետո նորից վերադարձավ տուն և կանգնեց պատուհանի մոտ։
Նա այդքան էլ քիչ չէր քնում, ինչպես պնդում են ծերերի վերաբերյալ, բայց հաճախ էր արթնանում և լսում էր շների հաչոցները։ Երբ սպասուհին գալիս էր, նա վախից ցնցվում էր, քանի որ այն օրվանից, ինչ Ֆրանցիսկան այլևս չէր գալիս, նրան ցանկացած այցելություն արդեն անհանգստացնում էր, ծեր կնոջը թվում էր, թե ինքը փոխվել է։ Նա արդեն սկսեց վախենալ, որ փողոցում կարող էր հանկարծ ընկնել կամ էլ կորցնել գիտակցությունը, այդ պատճառով, երբ քաղաքից որևէ բան էր անհրաժեշտ, հնազանդորեն զանգում էր երիտասարդ պարոն Պինայդերին, որը նրան տանում էր ցանկացած տեղ։ Հետզհետե տիկին Յորդանն ընտելացավ այս փոքրիկ հարմարավետությանը՝ ապահովությունից ելնելով։ Ծեր կինը բոլորովին կորցրել էր ժամանակի զգացողությունը. մի անգամ, երբ արևից թխացած մաշկով Լեոն կարճ ժամանակով եկավ նրան տեսնելու, նա այլևս չէր հիշում՝ որդին Մեքսիկայից էր վերադառնում, թե շատ վաղուց էր այնտեղ եղել։ Բայց ծեր կինը բավական խելացի էր, ուստի ոչինչ չհարցրեց այդ մասին, իսկ հետո պատահական մի նախադասությունից եզրակացրեց, որ որդին գալիս էր ուղիղ Իշիայից, ճամփորդում էր Իտալիայում։ Նա ցրված ասաց.
— Լավ է, լավ։ Ճամփորդությունը քեզ վրա լավ է ազդել։
Իսկ երբ որդին սկսեց մորը ինչ–որ բան պատմել, այդ պահին շները հաչեցին, միանգամից բազմաթիվ շներ, չափազանց մոտիկից, նա այնպես էր շրջապատված շների հաչոցով և մեղմ ու հանդարտ սարսափով, որ դադարեց այլևս վախենալ որդուց։ Ամբողջ կյանքում նրան ուղեկցող այդ վախը միանգամից անհետացավ։
— Հաջորդ անգամ Էլֆիին ինձ հետ կբերեմ, դու պետք է վերջապես ծանոթանաս նրա հետ,— ասաց որդին հեռանալիս։
Բայց նա ընդհանրապես չհասկացավ՝ ինչ նկատի ուներ որդին։ Մի՞թե նա Ֆրացիսկայի հետ չէր ամուսնացած, այդ ե՞րբ էին նրանք բաժանվել, իսկ այդ նորը որդու ո՞րերորդ կինն էր, մայրն այլևս չէր հիշում, թե որքան ժամանակ էր որդին Ֆրանցիսկայի հետ ապ-րել, և պատասխանեց.
— Բե՛ր, իհարկե, բե՛ր նրան։ Շատ բարի։ Եթե դա քեզ համար լավ է։
Մի պահ նրան թվաց, թե Նուրին նորից այստեղ էր՝ իր մոտ, և ուր որ է կհաչեր ու կհարձակվեր Լեոյի վրա։ Հաչոցը մոտիկից էր լսվում։ Որդին պետք է ի վերջո գնար, նա ուզում էր մենակ մնալ։ Սովորության համաձայն և զգուշությունից ելնելով՝ նա շնորհակալություն հայտնեց որդուն, որը զարմացած հարցրեց.
— Բայց ինչի՞ համար։ Այսօր մոռացա քեզ համար բերել իմ նոր գիրքը։ Արտակարգ հաջողություն ունեցավ։ Կպատվիրեմ, որ քեզ համար կուղարկեն։
— Շնորհակալություն, տղա՛ս։ Ուղարկի՛ր, իհարկե, բայց քո հիմար մայրը, ցավոք, այլևս համարյա թե չի կարողանում կարդալ և դժվար թե շատ բան հասկանա։
Նա թույլ տվեց, որ որդին իրեն գրկեր, և նորից միայնակ մնաց՝ հանձնվելով հաչոց-ների իշխանությանը։ Հաչոցը լսվում էր Հիցինգի բոլոր պարտեզներից ու տներից, գազանների արշավանք էր սկսվել, շները մոտենում էին նրան, հաչում վրան, իսկ նա, ինչպես միշտ, ուղիղ կանգնած էր, բայց այլևս չէր երազում Կիկիի և հույների մոտ ապրած տարիների մասին, չէր մտածում նաև այն օրվա մասին, երբ անհետացավ վերջին տասը շիլինգանոցը, երբ Լեոն ստեց նրան, այլ միայն լարված փորձում էր ավելի ապահով թաքցնել թանկարժեք իրերը, նույնիսկ ուզում էր դեն նետել, հատկապես կրծքազարդը և լուսանկարը, որպեսզի Լեոն իր մահից հետո ոչինչ չգտնի։ Բայց նա ոչ մի հարմար թաքստոց չէր գտնում տանը՝ չհաշված աղբի դույլը, սակայն տիկին Ագնեսին նույնպես արդեն ավելի քիչ էր վստահում. քանի որ ստիպված էր նրան տալ այդ աղբի դույլը, և կասկածում էր, որ նա աղբի մեջ կփորփրեր ու կգտներ կրծքազարդը։ Իսկ մի անգամ էլ անբարյացակամ ասաց.
— Գոնե ոսկորներն ու մնացորդները շներին տվեք։
Սպասուհին զարմացած նայեց նրան և հարցրեց.
— Ի՞նչ շներ։
— Ես ասում եմ՝ շներին,— համառեց ծեր կինը,— ես ցանկանում եմ, որ ոսկորները շներին տաք,— կրկնեց մա հրամայական տոնով։
Այդ Ագնեսը կասկածելի անձնավորություն էր, գող, որը հավանաբար ոսկորները իր տուն էր տանում։
— Շներին, ասում եմ։ Չե՞ք հասկանում ինձ, ինչ է, ծա՞նր եք լսում։ Չնայած ձեր տա-րիքում զարմանալի չէ,։
Հետո շները սկսեցին ավելի ցածր հաչել, և նա մտածեց, որ ինչ–որ մեկը շներին հեռացրել է կամ էլ մի քանիսին հանձնել է ապաստան, քանի որ այլևս առաջվա բարձր, հաճախակի և համառ հաչոցը չկար։ Ինչքան ավելի ցածրաձայն էին շները հաչում, այնքան ավելի անդրդվելի էր նա դառնում և սպասում ուժեղ հաչոցների վերսկսվելուն։ Պետք էր սպասել, իսկ նա գիտեր սպասել։ Վերջապես հաչոցները միանգամից դադարեցին, չնայած հարևանների շները երբեմն հաչում էին, նույնիսկ գռմռոցները դադարեցին, միայն ժամանակ առ ժամանակ լսվում էր մի շան բարձր, վայրի ու հաղթական կաղկանձը, որին հետևում էր մռմռոցը, իսկ հետին պլանում մնացած բոլոր շների մարող հաչոցները։
Թարգմանությունը գերմաներենից՝ Գայանե Գինոյանի