Գագիկ Դավթյան | Ինքդ քեզ ի տես

ԻՆՔԴ ՔԵԶ Ի ՏԵՍ

Մենակությո՜ւնը…

Դա քո ծննդյան օրն է եզակի,
որ հիշել ես դու օտար քաղաքում,

և շունչդ պահած
սպասում ես դու,
թե` ահա – ահա, ուր որ է, ահա,
պիտի քո դռան զանգն ավետաբեր
անուշ ծլնգա,
և նույնքան անուշ ժպիտը դեմքին
փոստատարը գա,
կանգնի քո շեմքին,
և սիրով պարզի
երկծալ բացիկը այն հեռագրի,
որ քո ձեռքով ես ճամփել ինքդ քեզ. . .

Լռում է սակայն լեզվակը զանգի,
և քեզ չեն հասնում,
և քեզ չեն հասնում
քո կոտրած ձեռքով ինքդ քեզ գրած
ժլատ խոսքերդ բարեմաղթանքի…

Մենակությո՜ւնը…

Քո աշխարհ գալու օրն է դա անգին,
տարվա մեջ մեկ ու միակ օրն է քո,
որ նշում ես դու ինքդ քեզ ի տես –
օտար քաղաքի
կրկնակի օտար երկնքի ներքո,
երիցս օտար փողոցում մի խուլ
քեզ վարձով տրված մի տան մեջ խարխուլ,
որի ճիշտ հասցեն, ավաղ, չգիտես…

 

ԻՆՔՍ ԻՆՁԱՆԻՑ ՎՏԱՐԱՆԴԻ

Օրերի գլխով օրերն անցան,
ես այդպես էլ քեզ չհասկացա,
մեկ հուսո դուռ ես հրաշագործ,
մեկ՝ անհայտություն տանող կածան…

Չհասկացա քեզ,
չհասկացա,
էլ աշխարհ չկա՞ քեզնից անդին,
հապա ինչո՞ւ եմ դարձել այսպես
ինքս ինձանից վտարանդի…

Մեկ պատասխան ես
ու մեկ՝ հարցում,
ախ, քիչ է մնում սիրտս ճաքի,
մեկ հայտնություն ես անակնկալ
մեկ անհայտ՝ որպես ճակատագիր…

Մեկ թևավոր եմ թվում ես ինձ
ինչ-որ հրաշքով հանկարծակի,
մեկ ճմլվում է սիրտս ցավից,
զսպաշապիկ ես , ասես, հագիս,

Մեկ փաթաթվում ես դու ինձ որպես
վիզըս օղակած սապնած պարան,
մեկ էլ հրաշքով դառնում ես դու
փրկության միակ ապաստարան…

Մեկ ձգող վիհ ես դու անհատակ,
մեկ՝ երկինք միտող անհաս բարձունք,
իմ հոգնած – հոգնած աչքերի մեջ
մեկ ժպիտ ես դու,
մեկ էլ՝ արցունք,

Իմ հոգնած – շաղված աչքերի դեմ
հորիզոն ես դու անպարագիծ,
մեղքի հրավեր,
մթության պատ,
դու՝ և՛ անհաղորդ,
և՛ վարակիչ…

Դու՝ Անկարելի,
դու՝ Մոգ,
Հըմա,
մեկ արձակ ես դու,
մեկ՝ հանգավոր,
գեղեցիկ ես դու ծովի նման
ու ծովի նման՝ վտանգավոր…

 

ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ …

Երբ մթությունը կեսգիշերային
քաղաքի վրա վերմակն իր փռի,
և ժխորի մեջ հավիտենական
երբ ձայներն ամեն համրանան լրիվ,

երբ մարի նաև լույսը սենյակիդ,
ու երբ երկինքը ծաղկի վերստին,
և քո կիսախուփ աչքերի խորքում
թախծության թավշե մշուշը նստի,

հիշիր,
սիրելիս,
դու ծովը հիշիր,
հիշիր խռովյալ հայելին նրա,
ալյակների մեջ շաղված ժպիտիդ
շիկնանքդ,
ասես,
ծաղիկ էր նռան…

Հիշիր,
սիրելիս,
այն օրը հիշիր,
երբ աշխարհն արար կապույտն էր տիրել,
և ինչի՞ց էր, որ քո աչքերի մեջ
բազմապատկել էր կապույտն ինքն իրեն…

Եվ հիշիր գիշերն այն երանելի
և լիալուսնի հեղեղը ոսկե,
ախ, գիշերվա մեջ սարսուռներ կային,
շշուկներ մեղսոտ
ու մարող խոսքեր,

ու նաև երկու թռչուններ կային,
կտուց – կտուցի մի էգ, մի արու,
ու կար մի ճախրանք հրեշտակային,
առասպելական ճախրանք մի թեթև,
ու կար մի երազ յոթ սարի ետև,
և ուրիշ ոչինչ չկար աշխարհում,
և ուրիշ ոչինչ չկար աշխարհում…

Իմ մենավորս, իմ որբս, հիշիր,
գիշերն այն իրեն էլ չի կրկնի,
թախծի թռչունն է թառել կոպերիս,
քունս չի տանում,
սիրելիս… քնիր…

 

ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ՑԱՎԻ

Դու ինձ տանում ես
հեռու – հեռավոր հուշերի ճամփով,
դեպի ակունքներն իմ ապրող ցավի,

իսկ հիշո՞ւմ ես դու,
հիշո՞ւմ ես դու մեր հանդիպումները,
մեր հնարովի,
մեր մտացածին,
մեր անիրական,
սուտ,
չկայացած հանդիպումները,
հիշո՞ւմ ես,
սո՜ւս կաց,
մի պատասխանիր,
լսիր ինձ,
լավըս…

Աղոթք են դառնում բառերս դանդաղ,
աղոթքահամ են շուրթերս դառնում
և թախծահամ են դառնում հուշերս…

Դու ինձ տանում ես
հեռու – հեռավոր հուշերի ճամփով,
դեպի ակունքներն իմ ապրող ցավի,
որ հետո դարձան
իմ շարունակվող – հորդացող ցավի,
ավելի հետո`
իմ սրբագործվող – մաքրվող ցավի,
իսկ հիմա արդեն`
իմ հավերժական – անվախճան ցավի
ակունքները ջինջ…

Իսկ դու երևի չես հիշում ոչինչ…

Լավըս, հիշո՞ւմ ես,
ինչ առողջ էին այդ ակունքները,
ինչ շռայլ էին և ինչքան զորեղ…

Աղաչում եմ քեզ,
այդ ակունքները դու չպղտորես,
թող ապրող ցավն այս մնա անվախճան,
գթա ինձ , խղճա…

 

ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ԱՌԱՎՈՏ

Ինչ ընծա է հրաշալի
այս առավոտն ասեղնագործ,
կնախանձեր նրան անգամ
անցած գիշերն աստեղնագործ:

Հոսում է նա լեռներն ի վար,
ելնում է նա ձորերն ի վեր,
այս չարչարված երկիրը խեղճ
դեռ չի տեսել նման նվեր:

Վաղնջական
ու անխաթար
առավոտն այս դրախտային
չէի փոխի ոչնչի հետ,
ինձ մի կյանք էլ թեկուզ տային:

Արարչության երանելի
կիրակին է ասես թե նա,
և առտըվան շղարշի մեջ
օրորվում է ծառը Կենաց…

Սերն ուժեղ է,
կարոտն՝ անափ,
հավատը՝ մեծ,
հույսն՝ անմեկին…
Ես, երևի, այսօր նորից
սպասում եմ… ինչ – որ մեկին…

 

ԱՎԱՐՏԻ ԱՂԵՐՍ

Կյանքս արել տակնուվրա,
և խոսում ես
երազներից վեհ ու վսեմ…

Ճչում ես դու,
և ուզում ես, որ չլսեմ…

Կանչում ես ինձ
և հորինում
խոչընդոտներ հազար ձևի…

Քշում ես ինձ,
և կառչում ես դու իմ թևից…

Գնում եմ ես,
և գալիս ես իմ ետևից…

Չես խղճում ինձ…

Գոնե ինքդ քեզ խղճալու
խի՞ղճ էլ չունես ամենևին…

 

* * *
Երազների կապույտ
երամն առած իր հետ,
թևածում է թեթև
մի ոսկեթև թռչուն,
օ՜, սրբազան թռչունն
արդյոք ո՞ւր է թռչում,
երազների կապույտ
երամն առած իր հետ…

Նա թռչում է թեթև,
որպես կապույտ մի նետ,
և որտե՜ղ է թռչում,
ո՜ւր է տանում իր չուն,
երազների կապույտ
երամն առած իր հետ,
թևածում է թեթև
մի ոսկեթև թռչուն…

 

ԱՆՀՆԱՐԻՆ ԶՐՈՒՅՑ

Անհնարին է
քո ներկայությամբ խոսել քո մասին,
անհնարին է…

Պապանձվում եմ ես
առաջին անգամ հանդիպման եկած
սիրահարի պես…

Համրանում եմ ես
տանջվող ջրերիդ երփներանգումից
շվարած ու լուռ
այս ժայռերի պես . . .

Եվ իմ բառերը,
այս խեղճ բառերը,
հլու – հնազանդ մի անզորությամբ
տարրալուծվում են քո ջրերի մեջ,
ալեհատներին
զարնվող – փշրվող ալիքներիդ պես…

Անհնարին է
քո ներկայությամբ խոսել քո մասին,
անհնարին է,

պապանձվում եմ ես,
համրանում եմ ես,
խեղճանում եմ ես…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *