Մուշեղ Մկրտչյան | Ինքնասպանի պատմություն

Գիշերվա մթությունը ծածկել էր այգին։ Բարձր ծառերի տերևները իրենց հերթին ծածկել էին աղոտ լուսինն ու աստղերը։ Երևի կեսգիշերից անց էր, որովհետև միանգամից հանգան փողոցի և այգու լապտերները։ Եվ միայն շղթայով կապված սեղանին, ժամանակ առ ժամանակ, փողոցով անցնող հատուկենտ մեքենաների լուսարձակներից փայլփլում էր վիսկու շիշը և շրջած արկղի վրա նստած սիգար ծխող անձնավորության աչքերը։ Նա կում կում շշից ըմպում էր վիսկին։
«Ո՞վ եմ ես։ Հարբեցո՞ղ»,- նա շշնջաց կիսադատարկ վիսկու շշին։
Հարբեցողը իր հուշերում թափառող հայացքը հառեց հերթական մեքենայի լուսարձակից ուրվագծված դիմացի մեծ ծառը մագլցող տղամարդուն։ Վերջինս, մագլցելով ծառը, տեղավորվեց ծառի մեծ ճյուղի վրա։ Հոգնած շունչ քաշելով՝ նա քանդեց փորի շուրջ կապած պարանը, կապեց ճյուղին, պարանի մյուս ծայրով օղակ հյուսեց, անցկացրեց սեփական պարանոցին։
«Ինքնասպան է»,- արտաբերեց հարբեցողը։
Եվս մի կում ըմպելով՝ նա վերցրեց դեռ կիսատ շիշն ու անշտապ մոտեցավ ինքնասպանին։

ՀԱՐԲԵՑՈՂ
Բարի գիշեր, եղբայր։ Էս ի՞նչ ես անում։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Բարև, բարև։ Կախվում եմ, եղբայր։ Ինքնասպանություն եմ գործում։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ճիշտ ես անում։ Ես էլ եմ որորշել։ Էլ ինչ ա մնում անել։ Մի բան չկա, որ լավ լինի։ Չէ, սա ազգ չի դառնա։ Էս ինչ վիճակ ա։ Ու գնալով ավելի վատանում ա։ Լրիվ իմ հայրենիք թշվառ անտեր վիճակն ա։ Նալբանդյանի բնագիր տեքստին չվերադառնա՞նք։ Ի՞նչ կասես։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Չգիտեմ։ Քաղաքականությամբ չեմ հետաքրքրում։ Իմ պատճառներն անձնական են։

ՀԱՐԲԵՑՈՂ
Այդպես չի լինում։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Ինչպես թե չի լինում։ Հենց հիմա կլինի։

ՀԱՐԲԵՑՈՂ
Սպասիր, սպասիր, չանես, մի շատ կարևոր բան եմ ասելու։ Չթռնես, բացատրեմ։ Ինձ հասկացիր, նոր թռիր։ Պետք է կյանքի վերջին վայրկյաններին հարգանքով վերաբերվել մեկ այլ անձի, որը նույնպես ցանկանում է ինքնասպանություն գործել, բայց այլ դրդապատճառներով, թեև ի վերջո, եթե երկիրն այս վիճակում չլիներ, մենք էլ այլ հոգեվիճակում կլինեինք։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Լավ, կլսեմ ձեզ։ Ասեք։
Հարբեցողը շշից ևս մի խորհրդավոր կում խմեց և շիշը եղբայրաբար մեկնեց ինքնասպանին։ Վերջինս անակնկալի էր եկել նման զարգացումից։ Նա հասկանում էր, որ ամեն ինչ ավարտելու վճռականությանը հանդերձ նա ենթագիտակցորեն կյանքի հետ կապող ցանկություն էր ունեցել, հիմա էլ ուներ։ Դա խմելու ցանկությունն էր։ Նա պարանոցից հանեց պարանն ու կախեց ներքև։ Հարբեցողը շիշը կապեց պարանով։ Ինքնասպանը բարձրացրեց այն, քանդեց և շիշը ձեռքին՝ դեռ տատանվում էր։ Ի վերջո խմելու ցանկությունը կապված էր ոչ թե ապրելու ցանկության, այլ ամեն ինչ ավարտելուն չխանգարող վերջին հաճույքի, խաղաղությամբ հեռանալու ձգտման հետ։ Սակայն վերցնելով շիշը՝ նա չխմեց, այլ հայացքով գտավ հարբեցողին, նրա աչքերում փնտրելով քաջալերման որևէ ակնարկ։

ՀԱՐԲԵՑՈՂ
Հրաժեշտի ուղերձդ ասա։ Խմիր ու կախվիր։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Ասեմ։ Կյանքս չստացվեց։ Տնից գնացել եմ։ Ավելի ճիշտ կինս ինձ թողեց, հեռացավ իսկ ես մենակ չեմ ուզում մնալ։ Ճնշող է։ Զավակներս արտասահմանում են ապրում։ Փող չունեմ։ Գործ չունեմ։ Ապագա չունեմ։ Հարազատներ, բարեկամներ, ընկերներ ունեմ, բայց թող գնան բոլորը գրողի ծոցը։ Հատկապես ընկերներս, որոնք նույնպես դավաճանեցին ինձ։ Նրանց ես հազար տարի պետք չեմ ու չեմ լինի։ Եվ գիտեք՝ ինչ հասկացա։ Ախր չեն կարող իմ շուրջը բոլորը համատարած սխալ լինեն, իսկ ես՝ ճիշտ։ Չեն կարող բոլորը դավաճանել ինձ, եթե արժանի չեմ դրան։ Ուրեմն սխալ մարդ եմ ես։ Այս հողը չի ընդունում ինձ։ Ու ես բարձրացել եմ այս ծառը։ Ու չեմ իջնելու այլլևս երկիր մոլորակի հատակին։

Հարբեցողը սկսեց հանդարտ ծափահարել ինքնասպանի ուղերձին։ Վերջինս ագահությամբ ըմպեց շշից և պարանով հետ իջեցրեց, վերադարձրեց հարբեցողին, հետո, երբ հարբեցողը վերցրեց շիշը, ինքնասպանը պարանի օղը նորից ձգեց օձիքին՝ պատրաստվելով իր վերջին թռիչքին։ Հարբեցողը, մի քանի քայլ հետ գնալով, հայացքը կենտրոնացրեց ինքնասպանի յուրաքանչյուր շարժմանը։ Ինքնասպանը, մտքերի մեջ ընկած, հարցրեց․

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Դու իսկապե՞ս նույնպես ինքնասպանություն ես գործելու։

ՀԱՐԲԵՑՈՂ
Այո, բայց մի վայրկյան, ինձ մոտ հարցեր մնացին։ Հետո ամեն ինչ իմ հերթին կբացատրեմ։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Եթե որոշել եք ինձ հետ համոզել, չի ստացվի։ Ի դեպ, շնորհակալություն վիսկիի համար։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ո՛չ, Ո՛չ։ Ես մի բան չհասկացա։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Ինչ չհասկանալու բան կա։ Չեմ կարողանում փող աշխատել, կինս ասեց, որ տղամարդ չեմ ու գնաց։ Ու խորհուրդ տվեց, որ նկարներս աղբը նետեմ։ Այո, հենց այդպես։ Եթե չեն վաճառվում, ուրեմն աղբը նետեմ։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ուրեմն նկարի՞չ ես։ Պարզ է։ Չէ, կնոջդ պահով չէ։ Դա շատ բանալ ա։ Պարզից էլ պարզ։ Իմ կինն էլ գնաց, երբ գործերս վատ էին։ Գրողի ծոցը գնան։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Մի հետաքրքիր բան ասեցիր, որ չի կարող պատահի բոլորը վատը լինեն, բոլորը դավաճան լինեն։ Չէի մտածել դրա մասին։ Ինձ նույնպես դավաճանել են, բայց մտքովս չէր անցել ինքս ինձ մեղադրեմ։ Կպատմե՞ս ընկերներիդ մասին։ Նրանց հետ կապված ինչ է պատահել։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Չորս ընկեր էինք։ Դեռ դպրոցական տարիներից։ Միշտ միասին էինք։ Մեկս բոլորի, բոլորս՝ մեկի համար։ Հրացանակիրների պես։ Տարիներն անցան, մեր կյանքը տարբեր ձևերով դասավորվեց։ Չորսիցս մեկը փողատեր դարձավ։ Երկուսը, այդ թվում ես, ոչ այս կողմ, ոչ այն։ Ծայրը ծայրին հասցնելով՝ ընտանիք ու երեխա էինք պահում։ Մեկն էլ անհաջողակ էր։ Խմում էր, ծխում, հացը վաստակում մանր, մունր խաբեություններով։ Իննսունականներն էին։ Վատ տարիներ էին, եթե հիշում եք։ Օգնում էինք, ինչով կարող ենք։ Բայց դեռ լավ ընկերներ էինք, չնայած կյանքը մեզ բաժանել էր տարբեր սոցիալական խավերում։ Մի օր էս մեր հարուստ ընկերոջ տունը թալանում են։ Իսկ նա համոզված է, որ գողությունը կատարել է գիտե՞ք ով։

ՀԱՐԲԵՑՈՂ
Դու՞։ Լսիր եղբայր։ Ես քեզ մտերմիկ դուով եմ դիմում, դու ինձ դուքով։ Արի դուի անցնենք։ Ուրեմն քե՞զ մեղադրեց։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Չէ, դա լրիվ հնդկական կինո կլիներ։ Իսկ պատմությունը բնիկ հայկական է, նույնիսկ ավանդական։ Նա համոզված էր, որ գողը մեր անհաջողակ ընկերն է։ Հենց այդպես էլ ասաց ոստիկաններին։ Նրան բռնեցին, տարան բաժին, ամբողջ գիշեր ծեծեցին։ Բայց նա չխոստովանեց, իսկ ոստիկանությունը ապացույցների բացակայության պատճառով բաց թողեց նրան։

ՀԱՐԲԵՑՈՂ
Լավ է բաց են թողել։ Կարող էին դատել ու մի տաս տարով բանտ ուղարկել։ Ժամանակներն էին այդպիսին։ Չնայած հիմա էլ ոչինչ չի փոխվել։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Պատմությունը չի ավարտվել։

ՀԱՐԲԵՑՈՂ
Լավ, կներես։ Շարունակիր խնդրեմ։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Այսքանից հետո մեր հարուստ ընկերը դեռ համոզված էր, որ գողը նա է, կամ նա է կազմակերպել և մյուս ընկերներից պահանջեց կապերը խզել մեր ընկերոջ հետ։ Այն երկուսը անմիջապես համաձայնվեցին, իսկ ես ընդվզեցի։ Ինձ ընկերոջից հրաժարվելու համար գոնե ապացույցներ էին հարկավոր։ Բայց նա ինձ ընտրության առջև կանգնեցրեց։ Կամ խզում եմ կապերս մեր չորրորդ ընկերոջ հետ, կամ մենք այլևս խզում ենք մեր կապերը։ Դա ինձ համար ընդունելի չէր։ Եվ այսպես մեր չորսի ընկերությունը պառակտվեց։ Այն մյուս երկու ընկերներիս հետ ընկերությունը դեռ շարունակվում էր, չորրորդին՝ մեղադրյալին, հազվադեպ էի հանդիպում։ Եվ, ահա, վերջերս ստցվեց այնպես, որ այն հարուստ ընկերը, որ ժամանակին հրաժարվել էր ինձնից, աշխատանք տվեց այն մյուս երկուսին, որոնք շարունակում էին ինձ հետ ընկերությունը։ Թեև ընկերներս ինձնից չհրաժարվեցին, բայց գնալով ավելի և ավելի քիչ ժամանակ էին ունենում ինձ համար։ Եվ, ահա, մի քանի ամիս է, մեն մենակ եմ մնացել։ Ոչ ոք ինձ չի հիշում, ոչ ոք ինձնով չի հետաքրքրվում։

ՀԱՐԲԵՑՈՂ
Պարզ է։ Նույնքան բանալ պատմություն է, որքան կնոջդ հեռանալը։ Լսիր, դու հո երեխա չես։ Ապա քեզ նայիր։ Կինս գնաց, կախվում եմ։ Վայ վայ վայ փող չունեմ, կախվում եմ։ Ընկերներս դավաճանեցին, կախվում եմ։ Ամոթ է, վերցրու, մի հատ էլ խմիր։ Չի կարելի այդքան շուտ հանձնվել։ Ուզո՞ւմ ես բոլորի աչքը հանել։

Հարբեցողը մեկնեց շիշը։ Այս անգամ շշի բարձրացումը ծառն ի վեր կատարվեց խորհրդավոր հանդիսավորությամբ։ Ինքնասպանը դանդաղ, շեշտված կարևորությամբ վզից հանեց պարանը, կախեց ներքև։ Հարբեցողն ընդունեց հանդիսավորության խաղն օղակը այնպես անցկացրեց շշին, կարծես հենց շիշն էր կախաղան բարձրացվում և նույնիսկ խաչակնքեց կարճ դադարներով բարձրացող շիշը։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Աչքները հանե՞մ, ինչպես։

ՀԱՐԲԵՑՈՂ
Նախ ասա, թե ինչու էիր կասկածում, թե սխալը դու ես։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Արդեն ասեցի։ Այդպես լինու՞մ է, որ բոլորը միշտ սխալ են, իսկ ես՝ ճիշտ։ Գուցե ես պետք է իրենց զանգեի։ Գուցե պրոբլեմներ ունեն։ Իսկ ես նեղացել եմ, քանի որ աշխատում են այն ընկերոջ հետ, որի հետ հարաբերություններս վատացել են։ Գուցե նա էլ իր հերթին է ճիշտ գողության պահով։ Չգիտեմ։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ոչ և կրկին անգամ ՈՉ։ Նրանք սրիկաներ են։ Դու լսե՞լ ես անմեղության կանխավարկածի մասին։ Մարդն անմեղ է, քանի մեղքը ապացուցված չէ։ Իսկ քեզ ինչու են լքել։ Իհարկե, փողն է նրանց կուրացրել։ Փողն այդպիսի ուժ ունի։ Բայց դու պետք է նրանց աչքերը հանես։ Լսիր, ես փող ունեմ։ Արի քեզ համար մեծ ցուցահանդես կազմակերպենք, կտավներդ ներկայացնենք։ Լրագրողները հիացական հոդվածներ կգրեն, քեզ հեռուստատեսությամբ ցույց կտան, հայտնի կդառնաս, և այդ սրիկաները կնախանձեն քեզ։ Նույնիսկ կասեի, որ իրանց համար մեծ պատիվ կլինի, որ մի ժամանակ քո ընկերն են եղել։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Լավ է, չեմ հավատում։ Ստից բաներ ես խոսում, որ չկախվեմ։ Մի քիչ առաջ դու էլ էիր ցանկանում ինքնասպան լինել, հիմա հանկարծ հարուստ դառար ու մեծ ծրագրեր ես գծում։ Ձեռ ես անո՞ւմ։ Նույնիսկ եթե այդպես է, ինձ խղճահարությունը միայն վիրավորում է։ Նույնիսկ նկարներս չես տեսել ու ցուցահանդես ես ուզում վճարել։ Ոչ ու կրկին անգամ ոչ։ Ես իսկապես ուզում եմ մեռնել։ Շիշդ վերցրու ու գնա, թող հանգիստ կախվեմ։

Այս անգամ շշի իջեցումը կատարվեց առանց որևէ հանդիսավորության, արագ և իմիջի այլոց։ Հարբեցողը, շիշն ազատելով պարանից, նույնսիկ փորձեց քաշել այն, խլել ինքնասպանից։ Բայց վերջինս ճարպկորեն պարանը քաշեց վեր և հարբեցողն ընկավ հատակին։ Ինքնասպանն այն խնամքով անցկացրեց վզին։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Գնա այստեղից։ Թե չէ քեզ կմեղադրեն։ Թե՞ ուզում ես տեսնել։ Ինձ վկաներ պետք չեն։

ՀԱՐԲԵՑՈՂ
Նույնիսկ չես ուզո՞ւմ իմ պատմությունը լսել։ Ուրիշի դժբախտության վրա թքա՞ծ ունե՞ս։ Ես գոնե փորձեցի քեզ հասկանալ, հետ համոզել։ Իսկ դու ինձ գրողի ծոցն ես ուղարկո՞ւմ։ Իսկ ես խմում էի, որ գնամ կամուրջից նետվեմ ու ինձ թվաց, որ տարիներից հետո այս քաղաքում մի մարդ եմ հանդիպել, որն արժեքներ ունի, հին մարդ, իսկական մարդ, էս քաղաքի տղա։ Բայց չէ, դու էլ էս բոլորի պես։ Դե կախվի։ Մեծ հաճույքով կնայեմ։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Լավ, կներես։ Չես տեսնո՞ւմ՝ խառն եմ։ Իսկապես ցավում եմ։ Պատմիր, ուշադիր լսում եմ։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ես էս քաղաքի հարգված տղերքից էի էն ժամանակներում, երբ մարդկություն կար, ընկերություն կար։ Շատ ընկերներ ունեի։ Բայց մի անհաջող սիրուց հետո սկսեցի խմել։ Ու մի քանի սրիկաներ ինձ օգտագործեցին։ Հիշո՞ւմ ես իննսունականների սկզբի բանկերի պատմությունը։ Որոնք իբր մեծ տոկոսներ էին խոստանում ու մարդկանց փողերը գցում։ Որոշ ընկերներ ինձ նմանատիպ բանկում օգտագործեցին։ Օղու շիշը դնում էին դիմացս, իսկ ես խմում էի ու թղթեր ստորագրում։ Նույնիսկ չէի նայում՝ ինչ թղթեր են, խմում էի ու ստորագրոմ։ Եվ ահա մի օր պարզվեց, որ ես գլխավոր խաբեբան եմ։ Եկան ձերբակալելու։ Բայց ձերբակալող ոստիկաններից մեկը համադասարանցիս էր, ճանաչում էր ինձ, ամեն ինչ հասկացավ ու ինձ փախնելու հնարավորություն տվեց։ Փախա, անցա սահմանը, արկածներով հասա Եվրոպա։ Հետագա տաս տարիների մասին մեկ բառ կասեմ՝ դժոխք։ Փախստականների ճամբար, հետո աշխատանքներ։ Այնպիսի աշխատանքներ, որ այստեղ սպանեին չէի անի։ Ֆերմաներում անասնագոմերի կեղտը մաքրելուց մինչև ռեստորանների հավաքարար։ Միայն մի հավատարիմ ընկեր ունեի՝ շիշը, որն ինձ էր սպասում աշխատանքից հետո։ Գումարը կեսը ծնողներիս էի ուղարկում, մյուս կեսը հետ դնում։ Վերջապես քաղաքացիություն ստացա ու համարձակվեցի իմ սեփական գործը սկսել։ Գիտե՞ս, կպավ։ Լավ կպավ։ Եվս տաս տարի անց հավատարիմ ընկերոջս՝ շշի հետ նշեցի առաջին միլիոնս։ Հաջողությունը երես չէր թեքում, իսկ տասնութի հեղափոխությունից հետո, չնայած ծնողներս արդեն չկային և ես այստեղ այլևս ոչ ոք չունեի, որոշեցի գալ, տեսնել իմ քաղաքը։ Ապահովության համար անունս փոխեցի, նոր անձնագիր ստացա ու տոմս էի գնել, բայց առողջությունս վատացավ։ Սիրտս դավաճանեց ու ընկա հիվանդանոց։ Իսկ քսանին սկսվեց պատերազմը։ Մեծ գումար ուղարկեցի։ Նույնիսկ վաճառեցի մի քանի ձեռնարկություն և գումարն ուղարկեցի։ Հետո բոլորի պես տխրեցի ու հուսահատվեցի։ Նորից սփոփում էր հավատարիմ ընկերս իր հետ վերադարձնելով առողջական խնդիրներս։ Բայց մի գեղեցիկ արևային առավոտ նորից որոշեցի գալ։ Բայց նպատակս այլ էր։ Իմացա, որ այն մարդիկ, որոնք ինձ խաբեցին, ստորագրություններս կորզեցին ու տարագիր դարձրին, մեծ հաջողությունների են հասել։ Մեկը պաշտոնյա է, մյուսը ազնիվ մեծահարուստ գործարար։ Դե քանի որ մանկության տարիների գրական հերոսս կոմս Մոնթե Քրիստոն էր, իսկ ես հարստացել էի, որոշեցի կրկնել նրա վրեժը, վերադառնալ նոր անունով ու վերականգնել արդարությունը, իմ արդարությունը։ Վերադարձա ու ինչ։ Չճանաչեցի երբեմնի իմ քաղաքը, իմ Երևանը։ Փողոցներում քայլում են ինչ-որ օտար մարդիկ, անմիտ հայացքներով աջ ու ձախ նայում։ Չկան այն կիրթ դեմքերը, խելոք հայացքները։ Այսինքն կան, ես նրանց տեսել եմ Փարիզում ու Լոսում, տարբեր գաղթօջախներում, բայց ոչ այլևս այստեղ։ Այստեղ տեսա միայն անմիտ հայացքներով գեղցիների, որոնք անընդհատ ուտում են։ Նույն անմիտ աչքերով կլանում են քաբաբներն ու չալաղաջները, երեկոյան սկսվում է որկրամոլության տոնը կենտրոնի ռեստորաններում, որտեղ գներն ավելի բարձր են, քան Փարիզում, Լոնդոնում ու Նյու Յորքում։ Իսկ ուր են հարյուր հազար էթնիկ զտման ենթարկված մազապուրծները, ուր են հազարավոր զոհերի հարազատները։ Ես նրանց չտեսա։ Տեսա միայն փորները ցցած, մուղամային կլկլոցների ներքո ուտողներ, արագ սլացոցող և հայերեն բառերով նույն կլկլոցն արձակող շքեղ մեքենաներ։ Մի բնակարան եմ վարձել Կոմիտաս փողոցում։ Գիտե՞ս ինչ եմ անում ամեն անգամ տնից դուրս գալիս և տուն վերադառնալիս։ Աստիճանների վրայից սիգարետների մնացորդներ ու աղբ եմ հավաքում։ Ոնց, ախր ոնց կարող են աղտոտել այն աստիճաններն ու շքամուտքը, որտեղով իրենց տուն են գնում։ Դրա համար սկսեցի սիրել գիշերն ու այս լռությունը։ Այս քաղաքին մի պահ լռություն է պետք։ Բոլորը բողոքում են։ Բողոքում են ներկաներից, նախկիններից, հարուստներից, աղքատներից։ Բայց ոչ ոք չի նայում հայելու մեջ ու հարցնում։ Այս կեղծավորություն, ստորության, մեղքերի ու սրիկաների քաղաքում, որտեղ դիմացինին վերևից նայելը, իրեն ցուցադրելը ինքնագոհացման ու ինքնաբավարարման ձև են, ով եմ ես։ Ատելությունն ու չարությունը քո պես չմտածողի հանդեպ, արհամարհանքը դիրքով քեզնից ցածրի հանդեպ ինքնահաստատվելու ձև դառած լուսապայծառ քաղաքում ո՞վ եմ ես։

Հարբեցողն ըմդհատեց իր խոսքը, հազաց, ևս մի կում արեց շշից, վերջին կումը։ Հետո, մինչ ինքնասպանը ծառի ճյուղին հարմարավետ տեղավորված, համատարած մթության մեծ դադարից հետո փողոցով անցնող, կլկլացող երաժշտությամբ մեքենայի լուսարձակներից լուսավորված ապշած հայացքով լսում էր նրան, մոտեցավ աղբամանին և շիշը նետեց այնտեղ։ Այդ պահին հեռախոսազանգ լսվեց։ Այս անգամ ինքնասպանի դեմքը լուսավորվեց հեռախոսի լույսով։ Նայելով հեռախոսի էկրանին նա տխուր ժպտաց և սեղմեց կոճակը։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Այո, բարև, բարև․․․ Ինչու չէի զանգում։ Դե դուք զբաղված մարդիկ եք։ Դու ինչու չէիր զանգում․․․։ Հա, հասկանում եմ։ Չգիտեմ, պետք է մտածեմ։ Հետո կզանգեմ, լա՞վ։ Հիմա մի քիչ հարմար չի։

ՀԱՐԲԵՑՈՂ
Ընկերնե՞րդ են հիշել։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Այո, առաջարկում է հանդիպել։ Գիտե՞ս դու ամեն ինչ շատ մռայլ նկարագրեցիր։ Հասկանում եմ, քո կյանքի պատմությունը շատ հուզիչ է։ Բայց իրականում ամեն ինչ այդքան մռայլ չէ։ Ամեն տեսակ մարդիկ կան։ Մի մոռացիր, որ այստեղ էլ կյանքը լի էր ստրեսներով։ Պարտություն, գաղթ։ Գիտե՞ս ինչ հերոսական դրվագներ եղել։ Գիտե՞ս ինչ բարի և անշահախնդիր մարդիկ կան։ Մեծահոգության, անձնազոհության ինչ դեպքեր են եղել։ Չէ, համաձայն չեմ։

ՀԱՐԲԵՑՈՂ
Եվ դա ասում է մի մարդ, որը բարձրացել է ծառը, որ կախվի։

Հարբեցողը պոռթկաց ծիծաղից։ Լուսինը դուրս էր եկել ծառերի հետևից և աղոտ շողով ուրվագծել փորը բռնած հռհռացող հարբեցողին, որը անկանոն քայլեր էր կատարում աջ ու ձախ։ Հարբեցողի ձեռքը սահեց դեպի սիրտը և անզուսպ ծիծաղը վերածվեց հազի։ Հետո հազալով տապալվեց գետնին ու լռեց։
Ինքնասպանը ցատկեց ծառից, նույնպես վայր ընկավ, բայց արագ բարձրացավ ու կաղալով հասավ գետնին թավալված հարբեցողին։ Նա գրպանից հանեց հեռախոսը։

ԻՆՔՆԱՍՊԱՆ
Ալո, շտապ հասեք։ Կոմիտասի շուկայի մոտի այգին, կաֆեի դիմաց։ Մարդ է վատացել։ Տարիքը հիսունի մոտ։ Անունը չգիտեմ։ Հազաց, հազաց ու ընկավ։ Ասում էր սրտի խնդիր ունի։ Բերանից փրփուր է գալիս։ Ինչ անե՞մ։ Ափս դնեմ սրտին ու սեղմումնե՞ր։ Լավ։ Գալի՞ս եք։ Էս մարդու անունն ինչ էր։ Ով էր այս մարդը։ Ինչ եղավ։

ՎԵՐՋ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *