Մհեր Իսրայելյան | Հովազը, գեղջուկն ու վարչապետը

Հովազը մնում է հովազ, մի բիրտ գիշատիչ ու չի էլ նեղանա, եթե իր հրաշագեղ մորթանախշերի նկարագրությունը թողած՝ պատմությունը սկսեմ մի համեստ գեղջուկից։ Հուսով եմ՝ վարչապետն էլ չի նեղանա, որ իր անունը վերնագրում երրորդն եմ գրել, փաստորեն վերջինը։ Նախ, վարչապետը մեծահոգի է և հետո, խոսքը մեր մեջ, այս պատմության մեջ մի երևելի դեր էլ չի ունեցել։ Այ երևելի դերը ամենատես ոսպնյակինն էր՝ թաքնված տեսախցիկինը, որ Կարմիր գրքի էջերից սպրդած հովազին առավ իր տեսադաշտի մեջ, խնամքով տեսագրեց, պահեց փայփայեց ոտնաթաթի ամեն հպումը մեր հայրենի հողին ու ձնաթմբի տակ թաղված համբերեց մինչև հալոցքը հասներ փրկության։ Մինչ ձյունը չեմուչում անելով հալվի, անդրադառնանք այն նշանակալի անցքերին, որ դառնալու էին ծամոն հետաքրքրասեր հասարակության, կենդանասեր կազմակերպությունների, առասպելի երկրպագուների ու պարզապես արկածախնդիրների շուրթերին։ Էլ չասած դեղին մամուլի մասին, որ անտեղի քաղաքական երանգ էր փորձելու խառնել այս հանիրավի անտառային պատումին։
Ուրեմն, ինչպես և խոստացել էի, սկսենք գեղջուկից։ Գեղջուկը մի հասարակ հայ գեղջուկ էր, մեկը նրանցից, որ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքի մասին ականջի ծայրով էլ չէր լսել։ Բնականաբար չգիտեր, որ կարելի է հաղթել օձին, եթե նույնիսկ ի ծնե մուկ ես ընդամենը։ Կարևորը ոգու կորովն է, ցանկությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Եվ այսպես, երկու կտոր փայտ պիտի տուն բերեր, էն էլ ընձառյուծը քթից բերեց։ Իբր թուրքերը քիչ էին, հիմա էլ՝ սա։ Այսինքն ինչ ընձառյուծ, ինչ բան, ծնված օրից հովազ էինք ասել-լսել, գրքերից ճանաչել, պարզվեց հովազ չէր, ընձառյուծ էր` կովկասյան կամ պարսկական՝ ազնվական պիտակն էլ ճակատին։ Բացատրեցին, որ հովազը կատվազգիների ընդհանուր բնորոշումն է, մինչդեռ մեր երկրում միայն ընձառյուծ կարող է լինել, այն էլ այդ մի տեսակի, այսպես կոչված Մեծ կատուների ամենափոքր ներկայացուցիչը։ Բանն այն է, որ Մեծ կատուների ընտանիքի այդ կարկառուն անդամը վերջերս նկատվել էր մեր հնամենի հայրենիքի միայն երեք հարավային մարզերում, իսկ այս հյուսիսային կողմերից պոչը հավետ քաշել էր դեռ կես դար առաջ։ Դժվար է ասել, թե ինչ է զգացել Մեծ կատուների ամենափոքր եղբայրը, երբ մեր գեղջուկը սուսուփուս մեռնելու փոխարեն բռնել ու որոշել է կռիվ տալ։ Այ քեզ բան, ով էր տեսել նման հանդգնություն, նույնիսկ Սարոյանի պատմվածքում ամեն ինչ ավելի մեղմ էր, մի տեսակ այլաբանական շղարշով։ Ավելի լավ չէ՞ր լինի եթե Փոքր կատուների ամենամեծ ներկայացուցիչը լիներ, այդ դեպքում ոչ մի գեղջուկ չէր դիմանա։ Գեղջուկի մտքով նույնիսկ մի հիմար բան էր անցել, մտածել էր գուցե այս հովազը, որ պարզվեց թե ընձառյուծ էր, հայ է եղել և վերջին պահին խնայել արյունակից եղբորը։ Հետո իրենից վանել է այդ տարօրինակ միտքը. երևի պարզապես կուշտ է եղել ու արհամարել անակնկալ մատուցված որսացուին։
– Մուժիկ, բա ո՞նց փրկվեցիր է,- ի միջի այլոց, քմծիծաղը զսպելով հարցրել էր մարզպետարանի կատակասեր ներկայացուցիչը։
– Կռիվ տվեցի, որ կռիվ չտայի, հիմա երգս երգվել էր։
– Մուժիկ, ուզու՞մ ես ասել, որ կռիվ ես տվել ու հաղթե՞լ հովազին։
– Չգիտեմ հաղթել եմ թե չէ, բայց նման գեղեցկության կյանքում չէի հանդիպել, նման բծերի և գույների հարստություն երբևէ չէի տեսել, նույնիսկ հնդկական կինոներում։
– Մի-երկու բաժակ կոնծե՞լ էիր։
-Դե, առանց կոնծել ո՞վ է փայտի գնում էս կողմերում։
– Մուժիկ, չխաբես հա, կենդանու մազը ուղարկելու ենք Գերմանիա` վերջնական եզրակացության։
– Որ ձեռքս դրեցի մորթուն, այնքան փափուկ էր, որ փշաքաղվեցի, իսկը ջահել աղջկա մաշկ,- կատակել էր մուժիկը։
Էնքան էին տարել-բերել, կասկածի որդը մուժիկի ողնաշարն էլ էր սկսել կրծել։ Կարո՞ղ է այնուամենայնիվ վայրի կատու է եղել, մի բարի լուսան։ Կամ երազում է իրեն այցելել, քնով է ընկել, ու մղձավանջը կլանել է նրան։ Այդ դեպքում ինչ քերծվածքներ են ձեռքին, ինչ խարտյաշ մազեր են պոկվել մնացել բուշլաթի վրա։ Այդ դեպքում ինչու գոռաց` հա՞յ ես, գազանն էլ գռմռաց թե` հա, բա հո թուրք չեմ։ Ինչու գոռաց` կանգնիր, կկրակեմ, սա էլ թե` կանգնում եմ, դե կրակի։ Եթե հայ չէր, ինչու չկրակեց հրացանը, որ պահում էր թշնամու դիվերսիոն խմբերի համար։ Եթե երազ էր կամ մղձավանջ, ինչպե՞ս հիշեց խունացած մի թերթում կարդացած վաղեմի պատմությունը աֆրիկացու մասին, որ առյուծի անակնկալ հարձակումից սարսափած հաջողացրել էր բնազդաբար կծել գազանի ականջը, ու սա իր թագավորական բարձունքից գահավիժել, լեղապատառ վնգստոցով առանց հետ նայելու ճողոպրել էր։ Մի՞թե երազում հնարավոր է այդքան մանրամասն տեսնել հովազի զգլխիչ ականջը և ժանիքներդ վճռականորեն մխրճել խրթխրթան խեցու մեջ, ոչ թե բնազդաբար, ինչպես աֆրիկացին, այլ սառն ու սթափ գիտակցությամբ։ Միթե վերջապես հնարավոր է լսել հովազի աղեկտուր ոռնոցի կլկլացող արձագանքը, որ թուրքական մուղամի պես բեկբեկվում էր անտառի ջինջ օդում։
Կենդանիների պահպանության գրասենյակը անմիջապես անհանգստացել էր, թե՝ իրենց բառերով ասած այս հազվագյուտ առանձնյակը հանկարծ վնասված չլինի։ Գեղջուկն էլ հավաստիացրել էր, թե գազանը ողջ առողջ ծլկել է ու թաքնվել մթին թավուտում, քանի որ ինքն իր մարդասիրական և կենդանասիրական որակները լիարժեք ի գործ է դրել ու նպաստել կենդանու անվնաս փրկությանը։ Միայն ականջին է բարեկամաբար շշնջացել, թե` չհամարձակվես հայերի հետ կատակ անել ու մի թեթև, փաղաքշաբար կծոտել։
Գրեցի մուժիկի պատմությունը ու հիշեցի սիրելի Էքզյուպերիին` իր թուրք աստղագետի մասին պատմությամբ։ Թուրքը, որ աստղ էր հայտնաբերել ու զեկուցել այդ մասին եվրոպական ակադեմիային, արժանացել էր քամահրանքի, մոտավորապես ասել էին` աչքիդ է երևացել, ախպերս։ Եվ միայն քոլոզը գլխից հանելուց և եվրոպական սմոքինգ հագնելուց հետո էին հավատացել այդ հույժ կարևոր հայտնագործությանը։ Էքզյուպերին իր գրքում նաև հիանալի պատկերել էր այդ դրվագը՝ քոլոզի ու սմոքինգի հետաքրքիր համադրությամբ։ Երևի կռահեցիք, որ մեր գեղջուկն էլ իր մոգոնած պատմությամբ պիտի դառնար քմծիծաղի ու սրամտության պարարտ հող։ Դե, պարզ է, հայ գեղջուկի աչքի տեսածը հո չես համեմատի գերմանական գիտնականների ճշգրիտ եզրակացության հետ, որ ձվի մեջ մազ փնտրեցին ու գտան` աներկբա փաստելով, թե փորձաքննության ենթարկած նմուշը իննսունինը տոկոս հավանականությամբ չի պատկանում որևէ հովազի, այն էլ պարսկական ընձառյուծի, որ Եվրոպայի ամենավերջին Մեծ կատուն է։ Ախ մուժիկ, մուժիկ, ասում էինք չէ կոնծած ես եղել` ուսին էին թփթփացրել մարզպետարանի աշխատակիցները ու գեղջուկին ճամփել տուն։ Գերմանական դատավճռից հետո, ինչպես և սպասվում էր, սկսվել էր ծաղրուծանակի շքահանդեսը։ Գեղջուկը լավ երևակայություն է ունեցել և հաջողացրել է նույնիսկ հեռուստացույց ու թերթ ընկնել` խրախուսել էին լրագրողները։ Երևի իրեն Առյուծաձև Մհեր է երևակայել, Սասնա Ծռերի տոհմից սերված` աչքերն էին կկոցել ազգային էպոսին քիչ թե շատ ծանոթ գյուղի գիտունիկները։ Մազն էլ երևի ռուս աղջկա խարտյաշ մազ է եղել, բուշլաթին կպած, երբ խոպանից վերադարձած հարուստ ընկերը հրավիրել է խրախճանքի` զվարճացել էին էրոտիկ արկածների ջատագովները։ Մի խոսքով, գեղջուկին ճամփել էին տուն ու մոռացել այս աներևակայելի պատմությունը մարդու ու հովազի եղած կամ չեղած ձեռնամարտի մասին՝ առանց զենք ու զրահի, հավասարը հավասարի դեմ։
Իհարկե պատմությունն առհավետ կմոռացվեր, եթե գերմանական եզրակացության իննսունինը տոկոսը լիներ հարյուր տոկոս։ Գերմանացիք խելացի ժողովուրդ են և մի տոկոս միշտ թողնում են սխալվելու համար, ճիշտ ինչպես առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ բարեբախտաբար պատահեց։ Մարդկանց մեկ տոկոսը միշտ էլ հավատում է դավադրությունների տեսությանը ու ուղի հարթում սնահավատների համար։ Կենդանասերների միությունը, որ հանգրվանել էր այդ փոքրամասնության ծիրում, հենց այնպես մի տեսախցիկ էր տեղադրել ենթադրյալ ճակատամարտի վայրում, տեսախցիկ, որին պատկերավոր ոսպնյակ կանվանենք։ Ձյունը հալվել էր, կենդանասերների ընկերությունը պատահմամբ հիշել էր ոսպնյակի մասին ու թերահավատ հետ պտտել ժապավենը։ Հենց այդտեղ էլ ռումբի պես պայթել էր լուրը` թագավարակի ամենաթեժ օրերին, որի մասին Ազգային Ժողովում տեղի ունեցած աննախադեպ ծեծուջարդի օրը բարձր ամբիոնից ի լուր աշխարհի ավետել էր անձամբ երկրի վարչապետը.
– Թաքնված տեսախցիկը հաստատել է ընձառյուծի վերադարձը մեր հայրենիքի հյուսիսային շրջաններ։
Փորձելով մեղմել պատգամավորների ծեծուջարդից մնացած դառնահամը՝ վարչապետը կեսդարյա դադարից հետո ընձառյուծի` Եվրոպայի վերջին Մեծ կատվի հայտնությունը իր պապենական գյուղի մատույցներում համարել էր խիստ խորհրդանշական փաստ։ Իր կուսակիցներն էլ հետ չէին մնացել ու փոխանցման փայտիկը որսալով՝ պայծառ ապագա էին կանխագուշակել մեր բազմաչարչար երկրին։
– Ընձառյուծի վերադարձը թագավարակի արդյունքում տներում ծպտված մարդկանց ակամա պարգևն է բնությանը,- անթաքույց խանդավառությամբ եզրակացրել է մի բնապահպանական կազմակերպություն։
– Կենդանու վերադարձը մեր ժողովրդին ընձեռված պատեհ վայրկյան է` իրականացնելու ազգային էպոսի մարգարեությունը, մնում է գտնել ազգի Առյուծաձև Մհերին,- մեկնաբանել են իմաստուն էպոսագետները։
– Վարչապետն իրավունք չուներ բացահայտելու հազվագյուտ առանձնյակի տեղավայրը, քանի որ գայթակղում է որսագողերին ու հերոսանալու մոլուցքով տառապող մեր զանազան հայրենակիցներին,- երկրի ղեկավարին է մեղադրել կենդանիների իրավունքների պաշտպանության ազգային գրասենյակը։
– Հարավային մարզերից ընձառյուծի տեղափոխությունը հյուսիս առանձնյակի նախասիրության հետևանք է, կենդանին պարզապես սիրում է ճամփորդել,- կարծիք է հայտնել մի նորելուկ, քաղաքականությունից բոբիկ պաշտոնյա։
– Հովազի վերադարձը նախանշում է տուրիզմի ակնկալվող բումը մեր հայրենիքի հյուսիսային մարզերում,- կատակել է մի ֆեյսբուքյան օգտատեր։
– Խեղճ հովազը ընկել է էգի հետևից ու պարզապես մոլորվել,-պարզաբանել է գյուղի անասնաբույժն ու համատեղության կարգով դպրոցի սեռական դաստիարակության ուսուցիչը։
– Ով կհաղթի անհաղթ հերոսին, թե որ չլինեն կինն ու գինին,-եզրափակել է գրականության ուսուցիչը։
Ամեն մեկը մի բան ասել է։ Միայն գեղջուկն է նայել հովազի ճանկռոցից ձեռքին մնացած սպիին ու ուսերը թոթվել։ Էն բերած երկու կտոր փայտն էլ վաղուց ծխացել պրծել է։ Հետո գրասեր ընկերոջ հորդորով կարդացել է որպես սև սրտին մխիթարանք ուղարկած Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը ու քթի տակ ժպտացել։ Հետո, ավելի հեռուն գնալով, կարդացել է Աբիգ Ավագյանի «Հարավային տենդը» պատմվածքը ու հասկացել, որ երազների կապույտ աղբյուրին հասնելու համար պետք է վագրին հաղթել։ Որևէ կասկած չկա, ընձառյուծը, որ վերադարձել է մեր վարչապետի ծննդավայր, վագրային թռիչքներով կապահովի նրա հաղթարշավը դեպի երազների կապույտ աղբյուրը, մտածել է նա։ Հերն էլ անիծած, թե իրեն ոչ ոք չհիշեց։ Աշխարհի բանն է, այդպես եղել է, այդպես էլ կլինի։
Ի՞սկ հովազը։ Հովազն ի՞նչ։ Թեև ականջը մի թեթև վնասվել է, նա հիշաչար չէ ու վաղուց ներել է գեղջուկին։ Ի վերջո նա շարքային հովազ չէ, այլ Եվրոպայի վերջին Մեծ կատուն։ Ի վերջո պարտվել է ազնիվ մենամարտում, հավասարը հավասարի դեմ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *