Գոհար Մկրտչյան | Ինքս էլ չգիտեմ…

 

Երբ դու գաս,ես այստեղ չեմ լինի.
Չեմ սիրում սպասել:
Սպասում են գնացքի, նամակի, պատասխանի,
Մարդուն չեն սպասում:
Նա կամ կա, կամ`ոչ:
Երբ ես գնամ, դու արդեն այստեղ կլինես.
Սիրում ես վերադառնալ:
Վերադառնում են հեռվից, այլ երկրից, գյուղից,
Անընդհատ չեն վերադառնում:
Կամ մնում են, կամ հեռանում են հավետ:

***
«Էսպես ավելի լավ է»,-
Ասում են ամենավատ որոշման պահին:
Ո՞վ է որոշում այդ հարաբերությունը:
Ես արդեն տասնյակ տարի է՝չեմ համոզվում:
Ու միշտ պատահում է, որ նա,
Ով սահմանում է «ավելի լավ»-ը,
Զղջում է հենց առաջինը…
Այս պարագայում մի՞թե կարևոր է:
Եթե կարևոր է, ես նախընտրում եմ լռել.
Էսպես ավելի լավ է:

Գիտե՞ս`
Մեկ սխալը սխալ է,
Երկրորդ սխալը` որոշում:

Ես հաստատում եմ իմ որոշումը:

***
Արի խաղանք գույներով.
Ես դուրս հանեմ քո միջի սևը,
Մոխրագույնը դարձնեմ սպիտակ,
Տամ վարդագույնի երանգներ,
Խաղաղ կապույտով քեզ նկարեմ երկինք,
Հոգիդ թող լինի վառ նարնջագույն,
Երազներդ` ոսկեգույն շղարշ…
Ես իմ գույներով քեզ գույներ կտամ:

Արի խաղանք գույներով:


Կյանք

Դու ոչինչ չունես.
Կուզե՞ս ` նկարեմ քեզ բաց կապույտ թևեր,
Նարնջագույն աչքեր են քեզ պակասում,
Վայրի կանաչի երանգ
Կամ…
Ճեփ-ճերմակ հոգի…
Ու մուգ մոխրագույն մազեր:
Կարմիր պիտի ներկեմ ես քեզ:
Ես քեզ պիտի ներկեմ կարմիր…
Դեմ ես:
Բնավ չեմ էլ հարցնում.
Ես եմ քո տերը, դու իմ` ծառան:
Ես նկարիչ չեմ, ոչ էլ գույներից եմ գլուխ հանում,
Բայց վառ պիտի ներկեմ քեզ:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Meri Sargsyan says:

    Գոգ ջան, դուրս շատ եկավ 🙂 Զգացմունքային ու նուրբ էր)
    Ապրես !!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *