Անրի Գրիգորյան | Հիշողություն՝ ընդհատումներով

Անրի Գրիգորյան

Հանվիր: Հենց հիմա: Անշտապ: Պատկերացրու, թե ոնց են հատվում անտառի ծառերը: Թող հագուստը շերտ առ շերտ ընկնի մարմնիդ վրայից, ինչպես ծառերն են ընկնում ու արնահոսում: Ու զգա յուրաքանչյուր ընկած ծառից արտահոսող ցավը: Իսկ ես կնայեմ աչքերիդ մեջ ու կտեսնեմ նվազող անտառի աճող հպարտությունը: Կքրտնեմ անտառահատի պես: Կքրտնեմ վայրենի ձևով: Հանվիր: Մի վախեցիր՝ օրգազմ չեմ ապրի: Ծերերը օրգազմ չեն ապրում: Կքրտնեմ, իսկ սրտիս խփոցը կարագանա: Երանի պայթի: Եթե օրգազմ չեմ ապրելու, ուրեմն թող պայթի: Հետն էլ գիտակցված մահ եմ ցանկանում: Ես միշտ վախեցել եմ, որ կմեռնեմ՝ չգիտակցելով մահս: Ուրեմն հանվիր: Այդպես: Հիշիր ծառերի մասին: Պատկերացրու, որ թաքնվել ես անտառում, իսկ ես հատում եմ ծառերը, որ գտնեմ քեզ: Անխնա տապալում եմ բոլոր ծառերը: Ես մերկացնում եմ քեզ: Հասնում եմ քեզ: Դու չես փախչում: Դու հոգնել ես փախչելուց: Մենակությունդ ծառերի հետևում թաքցնելուց: Բառերը ծամելուց: Բառերը զսպելուց: Դու քնել ես ուզում: Գիտեմ: Սիրում եմ աչքերիդ մայրամուտը: Մեկ էլ՝ մարմնիդ երկչոտ սպասումը, որ կոշտ մատներս ուր-որ է կհպվեն մաշկիդ, ու մարմինդ օղակ առ օղակ կփշաքաղվի, ինչպես խաղաղված լիճը շպրտած քարից:

Էրիկան վարանած նայեց շուրջը: Զարմացավ, որ մերկությունը ծածկելու անզուսպ ցանկություն ունի: Որովհետև հիմա մերկությունն իրենը չէր: Մարմինն էլ: Արթուրինն էր: Թաքցներ, թե ոչ, նույնիսկ հետո, ամեն անգամ իրեն նայելուց՝ նա տեսնելու էր իր մերկությունը:
Այդ առավոտ, երբ Էրիկան միջանցքում աղբի տոպրակն էր կապում, զուգարանից մի ծեր մարդ դուրս եկավ: Հագին միայն ներքնաշոր էր: Կնոջը տեսնելով՝ անակնկալի եկավ. ուսերը կծկվեցին, շուրթերը սեղմվեցին իրար: Անկարգություն արած երեխայի մեղավոր աչքերով նայում էր Էրիկային, որը հազիվ էր զսպում ժպիտը: Հետո անփույթ քայլերով շտապեց սենյակ: Երևի ամաչեց իր սմքած մարմնից:
-Հյուրերից ոմանք դեռ տուն չեն գնացել,- ասաց Էրիկան Արթուրին, երբ վերադարձավ խոհանոց:
-Հենրին է: Երեկ հարբած մոտեցավ ինձ ու ականջիս փսփսաց՝ կնոջիցս ուզում եմ բաժանվեմ: Մի ամբողջ կյանք պետք եկավ հասկանալու համար, որ անտանելի կին է:
Էրիկան սկսեց ամանները լվանալ: Արթուրը, խալաթը հագին, հնդկաձավար էր մաքրում: Կինը հիշեց իր հորը. կյանքի վերջին տարիներին նա ևս տնից ու խալաթից դուրս չէր գալիս:
-Թողեք, ես կմաքրեմ:
-Ոչինչ, ուզում եմ մի քիչ օգնեմ քեզ: Երեկ ընկերներիս հետ խմում էինք, հին ժամանակներն էինք հիշում: Երբ ջահել էինք՝ կատակում էինք, իբր ծեր ենք, իսկ հիմա կատակում ենք, իբր ջահել ենք: Գիտե՞ս՝ ինչ է ասել Ռանևսկայան՝ կյանքը տևական ցատկ է պցից մինչև գերեզման:
-Նման բան չէր ասի:
-Ասում եմ ասել է: Մեծ կին էր, շատ մեծ:
Հիմա Էրիկան կանգնած էր Արթուրի առջև ու չգիտեր՝ ինչ անի: Արթուրը կիսաբաց աչքերով, լուռ նայում էր նրան՝ ասես քնում է: Էրիկան հիշեց, որ սենյակ էր մտել ծաղիկները ջրելու: Նա սեղանից վերցրեց շիշն ու մոտեցավ ծաղկամանին: Ջրում էր դեղին ծաղիկներն ու մտածում, թե ինչպես հաջողվեց այդ պառավին մերկացնել իրեն: Զարմանում էր, որ չէր մտածում հագնվելու, այդ տունը լքելու ու այլևս երբեք չվերադառնալու, ծաղիկները տանելու ու հոր գերեզմանին դնելու մասին: Մերկությունը այնքան սովորական էր դառնում, որ նույնիսկ ամաչեց դրանից:
-Երեկ հաճելիորեն տարօրինակ երազ եմ տեսել,- խոսեց Արթուրը խռպոտ ձայնով: Այնքան խռպոտ, ասես արդեն մեռնում է, ու հոգին իր քսանմեկ գրամ քաշով խցկվել է կոկորդի մեջ:
Դեղին ծաղիկներ, մտածում էր Էրիկան: Դեղին: Դեղին: Նա միշտ ուզեցել է դեղին աղջիկ լինի: Հիվանդության գույնը դեղինն է՝ ասում էր մայրը:
-Երազումս երկու կենդանի եմ տեսել, մեկը՝ վագր էր, մյուսը՝ ինչ-որ սպիտակ կենդանի: Առաջին անգամ տեսա նման կենդանի: Երկուսն էլ այնքան մեծ էին, որ հազիվ էին տեղավորվում իմ երազում:
Դեղին ծաղիկներ, մտածում էր Էրիկան, հոր գերեզմանին դեղին ծաղիկներ կդնի: Հենց վաղը: Չէ, հենց այսօր: Հենց հիմա: Հոր սիրած գույնը դեղինն էր:
-Ու այդ կենդանիները հանկարծ սկսեցին համբուրվել: Փառահեղ էր: Ես այնքան մոտ էի կանգնած նրանց, որ պարզ տեսնում էի, թե ոնց էին ահռելի, վարդագույն լեզուները քսվում իրար: Էրիկա, չե՞ս լսում ինձ:
-Երևի կարոտում եք ձեր կանանց:
Արթուրը սկսեց ծիծաղել: Ավելի շուտ դա ծիծաղի նոպա էր: Նա ամբողջ մարմնով ձգվեց անկողնու մեջ: Ցնցվում էր: Էրիկային թվաց, թե քսանմեկ գրամը շան պես պառկեց նրա ներսում: Նա կենդանացավ: Երակները փքվեցին:
-Ուրեմն այդ կենդանիները նրա՞նք էին, իմ կանա՞յք, մեկը վագր, մյուսը ինչ-որ կենդանի՞, իսկ ո՞վ էր նրանցից իմ կինը, իսկ ով՝ սիրուհի՞ն:
-Դա դուք պիտի հիշեք:
-Բայց դու մտքերով ես ընկել:
-Ուզում եմ հորս գերեզմանին դեղին ծաղիկներ տանեմ:
Ամեն անգամ, երբ Էրիկան գնում էր հոր գերեզմանը, ներում էր նրան: Բոլոր մեռելները գլուխները հանում էին հողի տակից: Երկար նայում էին նրան: Հետո վեր էին կենում: Այդպես տրորված մանուշակներն են հարություն առնում: Թափ էին տալիս փոշոտ մարմինները: Գլխահակ քայլում էին՝ խուսափելով երկնքից: Բայց հայրը շարունակում էր մնալ մեռած, թաղված, դրսի ձայներին անտարբեր, լռության մեջ սուզված: Նա երևի չէր էլ լսում, իսկ Էրիկան ներում էր նրան, որ ծնել է իրեն ու գցել աշխարհի ուսերին: Մեռելները պարում էին, ցնծում էին: Իսկ Էրիկան իրեն զգում էր լքված ու մենակ՝ մեռելներով օղակված: Բայց կրկին ներում էր հորը, որ ծնել է իրեն, որ մահացել է:
-Դա ընդամենը տևական ցա՞տկ է,- հարցրեց Էրիկան:
-Դա ամենասիրուն ցատկն է:
-Հա՞ որ:
Արթուրը նստեց անկողնու մեջ:
-Նստիր պատուհանի գոգին: Ես միշտ սիրել եմ, երբ մերկ կինը նստում է պատուհանի գոգին՝ ասես ծնունդն ու մահն են սեղմում ու դիմադրում իրար, լցվում իրար մեջ, ոչնչացնում իրար: Նստիր հենց էդ դեղին ծաղիկների դիմաց ու գրկիր ծնկներդ: Հենց այդպես: Հրաշալի է: Հիմա ի՞նչն է ետ պահում քեզ պատուհանից նետվելուց. մերկությո՞ւնդ: Բաց պատուհանն ու նետվիր: Դա կլինի ամենասեքսուալ ցատկը: Պատկերացրու՝ ոնց է օձագալար մարմինդ օդը ճեղքելով՝ ընկնում ներքև: Տեսնես ընկնելու պահին ո՞րը կլինի քո վերջին, երևի ամենակարևոր միտքը: Երանի նետվելուց առաջ պառավը քներ հետս: Կամ՝ երանի դեղին ծաղիկները հետս վերցնեի: Կամ՝ ինչո՞ւ ցատկեցի: Ինչո՞ւ չհամբուրեցի պառավին: Ինչո՞ւ դեղին ծաղիկները չտարա հորս գերեզմանին: Հիմա պատկերացրու մերկ մարմինդ քարտեզի պես փռված է ասֆալտի վրա: Պատկերացրու ճաքճքած ոսկորներիդ պատճառած ցավը, որն այլևս չես զգա: Հավանաբար գլխիցդ արյուն է հորդելու: Բայց չհուսաս, որ արյունը կծածկի հետզհետե գունատվող մերկությունդ: Իսկ ես վերևից կնայեմ քեզ մահից խույս տվող աչքերովս ու դեղին ծաղիկներ կուղարկեմ քեզ, որպես հրաժեշտի բացիկներ, սիրելի Էրիկա:
Էրիկան դունչը դրել էր ծնկներին ու հայացքը սևեռել ծաղիկների վրա: Արթուրի խոսքերը կուտակվում էին ներսում ու սեղմում կոկորդը: Եթե հիմա պատուհանից ցատկի ներքև՝ ի՞նչը կամ ո՞ւմ կհիշի այդ վերջին պահին: Իրենց տան առաջին հեռուստացույցը: Մոր անտանելի ծանր կարի մեքենան: Մոր մատից հոսող արյունը: Տատուն ու տատու մանկության շանը, որին երբեք չէր տեսել, բայց տատը այնքան էր նրա մասին պատմել, որ այդ շունը ապրում էր նաև իր հիշողության մեջ: Իր առաջին կատվին: Առաջին ընկերոջը, որը գաղթեց Ավստրալիա ու այնտեղից որոշ ժամանակ նամակներ էր գրում իրեն: Առաջին սեքսը, որը սիրելով էր արել, ու չէր մոռացվում: Ավստրալիան, որ երբեք չէր տեսել, բայց նամակները ձեռքին այնքան էր թափառել այնտեղ, որ դարձել էր իր հայրենիքներից մեկը:
-Իսկ դուք ի՞նչը կհիշեիք պատուհանից նետվելիս,- հարցրեց Էրիկան: Արթուրը ոտքերը կախ գցեց անկողնուց: Ներքնաշորի բացվածքից դուրս ցցվեց անդամը: Քմծիծաղ տվեց: Անդամը տեղավորեց ներքնաշորի մեջ: Քորեց բլթակը: Նայեց Էրիկային: Էրիկան ոտքը կախ էր գցել պատուհանի գոգից: Պոկում էր ծաղիկների թերթիկները: Թերթիկները քսվելով ոտքին, պառկում էին հատակին: Արթուրի հայացքը ցատկում էր մի թերթիկից մյուսը: Վերջին պահին երևի կհիշեր պապու մեղուներին, որոնք հերթով սատկում էին թագուհու ոտքերի տակ: Չիկագո մյուզիքլի ռիթմը: Հիչքոքի բակ նայող լուսամուտը: Առաջին կարդացած գիրքը՝ կախարդական կավճի մասին: Առաջին սեքսը:
-Դու պառկած ես հատակին,- խոսեց Արթուրը:- Ես ոտքերդ համբուրելով բարձրանում եմ վերև: Կանգ եմ առնում ծլիկիդ վրա: Մարմինդ գալարվում է այնպես, ասես ուզում է դուրս շպրտվի իմ թևերից: Հետո լեզուս է գալարվում պորտիցդ վերև, կրծքիցդ վերև, կոկորդիդ վրա: Փնտրում է լեզուդ: Դու մատներով թաքցնում ես աչքերս: Մատներիդ արանքներից տեսնում եմ ջնջվող աչքերդ: Դու տրվում ես ինձ այնպես, ասես վստահում ես ինձ այն, ինչ թաքնված է եղունգներիդ տակ: Ամենամաքուրը: Ամենաթաքունը: Անկեղծը: Բայց այն վստահում ես հենց ինձ: Որ պահեմ գլխիս ու կրծքիս մազերի մեջ: Որ այն հիշեմ պատուհանից նետվելիս, թռիչքի պահին: Ու երբ ցավը պատռի ուղեղս, ես ինձ եղունգներիդ տակ զգամ: Ու մահս փափուկ ու ապահով թվա:
Էրիկան ցած գցեց ծաղկամանը: Գլուխը շրջեց: Դնչով հպվեց ուսին: Արթուրը մտածեց, որ նա հիմա կհիստերիկանա, կհարձակվի իր վրա ու կծեծի դեմքը: Վատագույն դեպքում կհագնվի, կգնա ու երբեք չի վերադառնա:
-Երեկոյանում էր,- անսպասելիորեն խոսեց Էրիկան:- Ես ու մայրս Ջոպլին էինք լսում: Քերծված ձայնով, մաշկազուրկ ու բաց ջղերով Ջենիսը ինձ հետ միասին մորս համար զգեստ էր ընտրում: Մայրս այն հագնելու էր ինչ-որ բանաստեղծի երկրորդ, թե երրորդ գրքի շնորհանդեսին: Մենք ուզում էինք, որ մայրս ամենասիրունը լիներ այնտեղ: Մայրս բռնում էր իմ ու Ջենիսի ձեռքերն ու տեղում ուրախ թռչկոտում: Հայրս տուն եկավ: Սպասում էի, որ նա կմիանար մեզ: Բայց նա սենյակ չէր մտնում: Ես դուրս եկա սենյակից ու միջանցքով քայլեցի դեպի ծնողներիս ննջասենյակը: Հայրս սեքս էր անում: Մայրս ու Ջենիսը միջանցքի մյուս ծայրից կանչում էին ինձ: Բայց ես աչքս չէի կտրում հորիցս: Նա հետզհետե դառնում էր ագրեսիվ: Կնոջ մեղմ տնքոցները վերածվեցին վայրենի գոռոցների: Ինձ հաճույք էր պատճառում այդ պարը: Հետո վազեցի մորս մոտ: Գրկեցի նրան: Իսկ Ջոպլինը ծիծաղում էր ու թռչկոտում տեղում:
Արթուրը լարված լսում էր նրան: Արցունքը Էրիկայի ուսից գլորվեց ծնկին: Նա ուսով սրբեց աչքերն ու ժպտաց: Արթուրը նույնպես ժպտաց: Տեղից վեր թռավ: Երկար պրպտեց պահարանի դարակները: Վերջապես գտավ Ջոպլինի սկավառակը: Էրիկան շունչը պահած, մատները շրթունքներին սեղմած սպասում էր: Հնչեց Ջոպլինը: To Love Somebody: Արթուրը ձեռքը մեկնեց Էրիկային: Էրիկան բռնեց նրա ձեռքն ու ցատկեց պատուհանի գոգից: Արթուրը մի ձեռքով գրկեց կնոջ մեջքը, իսկ մյուսի մատները խրեց նրա մատների մեջ: Հետո կտրուկ քաշեց նրան ու սեղմեց իր կրծքին: Սկսեցին պարել: Անդամը դուրս ցցվեց ներքնաշորից ու քսվեց կնոջ փորին: Փորը կծկվեց: Կծկվեց Ջոպլինը: Նրանք կորան իրար մեջ: Գտան իրար: Իսկ երբ երգը մոտեցավ ավարտին, Էրիկան ուժեղ սեղմվեց Արթուրին: Արթուրը թեթև ետ հրեց կնոջն ու անդամը արագ ներս խոթեց: Էրիկան քրքջալով փռվեց անկողնուն:
-Ամաչեցի՞ք:
-Իհարկե չէ:
-Ամաչեցիք,- ծիծաղում էր Էրիկան:
-Ասում եմ՝ չէ, նոր էլ եղավ, չես նկատել:
-Իսկ ես կուզեի, որ ամաչեիք: Իսկական ջենտլմենը կամաչեր:
-Իսկական ջենտլմենը ներքնաշորով չէր պարի կնոջ հետ:
-Իսկական ջենտլմենը նրբանկատ կգտնվեր ու լրիվ մերկ կնոջ հետ կպարեր հենց ներքնաշորով:
Արթուրը ժպտաց ու պառկեց Էրիկայի կողքը:
-Պատմեք ինձ նրանց մասին:
-Ո՞ւմ մասին:
-Ձեր կանանց մասին,- Էրիկան խորամանկ ժպտում էր:
Արթուրը ցուցամատով շոյեց նրա վերին շրթունքի ու քթի միջև ընկած փոսիկը:
-Նա լցվեց զգայարաններիս մեջ, ինչպես կաթ՝ սպիտակ, փափուկ, նրբաբույր, նրբահամ ու անձայն: Երբ նրան տեսա Կառլի կամուրջին կանգնած՝ ինձ թվաց, թե նրան արդեն տեսել եմ Ռեմարկի վեպերից մեկում: Նա եկել էր կամ ինքնասպան լինելու կամ նորից ծնվելու: Ես կանգնեցի նրա կողքին՝ ուղղակի լռելու: Մենք լռում էինք ու սիրահարվում: Նա գլուխը թեքեց ու նայեց գետին: Ես շնչում էի նրա ծոծրակին: Այդպես կշնչեր մահը հուսահատ մեկի ականջին կամ մայրը նորածնի ճակատին: Նա սարսափած նայեց ինձ ու արտասվեց: Ես նայում էի նրան ու զգում, որ նա իմ կյանքում այն կինն էր լինելու, ով կործանելու էր ինձ, ում կործանելու էի ես: Հետո ժպտացի նրան՝ շուրթերիս վրա մոտալուտ կործանման քաղցրությունը զգալով: Մինչև փաբ հասնելը, մենք երկար ու լուռ քայլում էինք Պրահայի նեղ փողոցներով: Սա Լենոնի պատն է, ասացի ես, երբ հասանք գունավոր պատին: Նա հենվեց պատին ու ծխեց: Ես լուռ նայում էի նրան: Այդ պահին նա իմը չէր: Հեռու էր: Լենոնինն էր: Ես փռվեցի մայթին: Երևի նրա ուշադրությունը գրավելու համար: Երբ պրծավ ծխելը, նստեց հենց գլխավերևս: Գլուխս բարձրացրի ու դրեցի նրա գոգին: Մատները քնքշորեն խրեց մազերիս մեջ: Մարմնովս այնպիսի ջերմություն անցավ, կարծես թիթեռների պարս էր նիրհում կրծքիս վրա: Լենոնը մենակ էր մնացել իր պատի տակ: Գլխահակ կիթառ էր նվագում: Երևի հետո էլ՝ երբ Կառլի կամուրջի մոտակայքում ուսանողներն ու ոստիկանները բախվեցին իրար, որովհետև կոմունիստները չէին հանդուրժում այդ պատը: Շուտով վեր կացանք ու շարժվեցինք փաբերի կողմը: Փաբում ես շատախոսում էի թագավորների, ձկների ու գրքերի մասին: Նա լուռ լսում էր: Նրա համրությունը նրան մեկ դարձնում էր հնազանդ, իսկ մեկ՝ անհասանելի: Հետո առաջարկեցի հենց մյուս օրը մեկնել Վիեննա: Այցելել Էգոն Շիլեի ցուցահանդեսը: Նա գլխով արեց: Վիեննայում մնում էինք Ռիտեր սրճարանի հարևանությամբ: Ռիտերը Վիեննայի հին սրճարաններից է: Հիշում եմ՝ կատակում էինք, որ երևի այդ սրճարանը հաճախ է հյուրընկալել հայտնի գրողներին, երաժիշտներին ու քաղաքական գործիչներին: Նա սիրեց Մարիահիլֆեր փողոցը՝ նրա գունեղ տեսքի ու բնակիչների անժպիտ դեմքերի հակադրությունը: Երեկոյան նա մտավ հյուրանոցի համարս: Մերկացավ ու նստեց պատուհանագոգին: Նրա հետևում Վիեննան էր, իսկ ներսում՝ միայնությունը: Երբ մոտեցա նրան, նա ասաց. եթե այս գիշեր թեկուզ միայն ուսս էլ մրսի, ես կլքեմ քեզ: Այստեղ հիշողությունս ընդհատվում է:
-Ո՞նց թե ընդհատվում է,- վրդովվեց Էրիկան, որը շունչը պահած լսում էր Արթուրին:
-Հենց այդպես:
-Նա քո կի՞նն է:
-Չեմ հիշում: Գուցե սիրուհիս է:
Էրիկան ժպտաց:
-Լավ: Իսկ մյուսը՞:
-Բուդապեշտում էի: Երեկոյան սենյակումս նստած էժանագին գինի էի խմում ու կարդում ինչ-որ նամակ, որտեղ գրված էր՝ դու շատ խորն ես, իսկ ես տղամարդու մեջ խորություն չեմ փնտրում: Ներիր ինձ, բայց ես մի ախմախ ֆրանսիացու հետ ամուսնացա: Նամակը ճմռթեցի ու սուզեցի գինու մեջ: Ես ինձ հուսահատ ու մենակ զգացի: Նայեցի պատուհանին, որի մեջ դիմացի շենքի պատուհանն էր բացվում: Դա միակ պատուհանն էր, որտեղ լույս կար: Մերկ ճյուղերը ճոճվում էին հեռուստացույցի երկնագույն էկրանի վրա: Մերկ ճյուղերը կնոջ մատների պես քսվում էին աչքերիս: Հանկարծ հեռուստացույցը անջատվեց: Մի կին վեր կացավ բազկաթոռից ու սենյակից դուրս եկավ: Ես երանի էի տալիս, որ լույսն էլ չանջատեր: Ես երկար նայում էի պատուհանին: Լույսը այդպես էլ չմարեց: Հաջորդ օրը որոշեցի գնալ նրա տուն: Ճիշտն ասած, մի փոքր անհանգստանում էի: Անհնար էր գուշակել, թե ոնց կընդուներ ինձ: Համարձակությունս հավաքելով՝ թակեցի նրա դուռը: Երբ դուռը բացեց, ես չսպասելով նրա բարևին, ու ինքս էլ չբարևելով, միանգամից շնորհակալություն հայտնեցի, որ նախորդ օրը լույսը չէր անջատել, որ դա ինձ սփոփեց իմ կյանքի ամենադժվար պահին: Նա մի քանի վայրկյան հարցական նայեց ինձ, ապա բարձր ծիծաղեց ու խոստացավ, որ այսուհետ սենյակում լույսը միշտ վառ կթողնի: Նրա ոտքերի արանքում կատու հայտնվեց: Կատվին բարևեցի ու խոնարհվեցի նրա առջև: Կատուն մլավեց: Կինը ծիծաղում էր: Դրանից հետո ամեն երեկո նայում էի նրա պատուհանին. նա հեռուստացույց էր նայում, շոյում էր կատվին, քայլում սենյակում, բայց երբեք չէր նայում պատուհանին: Երբեմն վարագույրը բաց էր թողնում, իսկ երբեմն հաստ վարագույրով ծածկում պատուհանը: Ես զգում էի, որ նա իմ վեցերորդ զգայարանն էր՝ անհասկանալի, հեռու, միստիկ, բայց իմը: Իսկ մի անգամ, երբ նա դուրս գնաց սենյակից, վերադարձավ լրիվ մերկ ու նստեց պատուհանագոգին՝ մեջքը ինձ դարձրած: Ես անակնկալի գալով՝ հետ-հետ գնացի: Նորից մոտեցա պատուհանին ու կլանված նայեցի նրան: Նա դունչը դրեց ուսին ու աչքի պոչով նայեց ինձ: Ճակատս քրտնեց: Ես ինձ տասնվեցամյա կույս զգացի: Ժամանակ այլևս չկորցրի: Վազեցի նրա տուն: Ճանապարհին ինչ-որ անհեթեթ ծաղկեփունջ առա: Երբ դուռը բացեց, մի քանի քայլ ետ կանգնեց ու ասաց. մինչև թունդ չսիրեմ քեզ, հավատարիմ չեմ լինի: Կատուն գլուխը դուրս հանեց սենյակից ու թաթը օդի մեջ կախ գցելով՝ մլավեց: Ծաղկեփունջը շպրտեցի շքամուտք ու դուռը փակեցի: Այստեղ հիշողությունս կրկին ընդհատվում է:
Էրիկան մեղմ ժպտաց ու մեջքը դարձրեց Արթուրին:
Արթուրը մատը սահեցրեց նրա ողնաշարի վրայով:
-Մի բան գցեք վրաս, մրսեցի:
Արթուրը վեր կացավ: Նայեց շուրջը: Պոկեց կարմիր վարագույրն ու գցեց Էրիկայի վրա:
-Կարմիրը քո գույնն է:
-Ես դեղինն եմ սիրում:
-Հիմա կարմիրը սիրի:
-Իզուր պոկեցիք: Հետո ես եմ նորից կախելու:
-Գործի ես եմ ընդունել քեզ, թույլ տուր ես հանձնարարեմ՝ ինչ անես կամ չանես իմ տանը: Հետո էլ անվարագույր պատուհանը ավելի լավ է: Պառկած տեղդ երկնքին ես նայում:
Էրիկան գլուխը բարձրացրեց: Անամպ երկինքը կիպ սեղմվել էր պատուհանին: Կարծես ապակին ուր-որ է կփշրվեր, ու կապույտը բուրմունքի պես կտարածվեր սենյակում: Էրիկան հայացքը իջացրեց հատակին: Ծաղկամանը ջարդվել էր: Դեղին ծաղիկները տրորվել էին:
-Ծաղիկները դրեք պատուհանին, հետո նոր ամանի մեջ կդնեմ:
-Տրորված ծաղիկները երկնքի տակ,- քմծիծաղեց Արթուրն ու հողի երկու գունդ դրեց պատուհանագոգին: Հողագնդերից ցցվում էին ծաղիկները: Էրիկան գլուխը դրեց բարձին ու ծխախոտի մի գլանակ կպցրեց:
-Ռանևսկայան իրոք նման բա՞ն է ասել,- հարցրեց Էրիկան ու գլանակը տեղավորեց ոտքի մատների արանքը:
-Ասում են ասել է:
-Ընդամենը ցա՞տկ,- Էրիկան ոտքը ձգեց Արթուրի կողմը:
-Կրկնում եմ՝ դա ամենասիրուն ցատկն է,- պատասխանեց Արթուրն ու մոտեցավ անկողնուն:
-Դուք սիրո՞ւմ եք ցատկել:
-Միշտ չի, որ ցատկը հաջող ես սկսում, բայց ընթացքում կարող ես ուղղել, նույնիսկ փոխել ուղղությունը:- Արթուրը գլանակից մի քանի մուխ քաշեց:
-Բայց վերջին կանգառը երբեք չես շրջանցում:
-Դա նորություն չի:
-Ուրեմն սիրո՞ւմ եք, թե՞…
-Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ սիրում եմ: Իսկ դո՞ւ…- հարցրեց Արթուրն ու մատների արանքից վերցրեց ծխախոտը:
Էրիկան վեր կացավ, փաթաթվեց վարագույրի մեջ ու սկսեց քայլել սենյակում: Արթուրը պառկեց անկողնուն ու սկսեց ուշադիր հետևել Էրիկային: Կարմիրը ալիքվում էր նրա մարմնի վրայից: Պոկվում էր մարմնից: Հետո քնքշորեն նորից պառկում: Նա ագահորեն կուլ էր տալիս օդը: Այնքան թեթև էր: Ասես միայն օդից ու մաշկից էր կազմված: Նրան հպվելն էլ վտանգավոր էր թվում: Թվում էր՝ կպայթի: Կվերածվի մաշկի բարակ պատառիկների:
-Քեզ չեն հարցրել՝ ուզում ես ցատկել, թե ոչ: Հրել են հրապարակ ու ասել՝ դե տես ինչ ես անում՝ պարիր, երգիր, սիրիր, սպանիր, թաքնվիր, խելագարվիր: Իսկ դու չես կարողանում ոչ պարել ու ոչ էլ խելագարվել: Չես գտնում տեղդ: Տաք տեղդ: Տունդ, որտեղ ոտաբոբիկ կքայլես ու չես ամաչի: Գուցե մոլորա՞կը ճիշտ տեղում չի: Ի՞նչ կլինի՝ այն գլորես ուրիշ տեղ: Քեզ թվում է, թե մոլորակը ուրիշ տեղ լիներ, ցատկելդ կգար: Քեզ թվում է, թե կարող ես մոլորակը գլորես: Քնում-արթնանում ես ու հուսահատվում, որ ուրիշ տարածության մասին միտքը միայն քեզ է սպանում: Որ բազմաթիվ այլ ցատկողներ վաղուց հարմարվել են նույն երկնքին ու չեն վրդովվում, որ ծնվելը իրենց ընտրությունը չէր: Բայց դու նաև հասկանում ես, որ ցատկելու պահին կանգ առնելն էլ հերոսություն չի: Իսկ եթե կանգ առնե՞ս: Ի՞նչ կլինի՝ ցատկելու պահին հանկարծ կանգ առնես: Քարանաս ուղիղ մեջտեղում: Արևին զուգահեռ: Դառնաս դեղին, անհամեմատելի դեղին, ու հետևես միլիոնավոր գունավոր ցատկերին: Հրճվես, թե ոնց էլ ստացվում է ցատկելը ուրիշների մոտ: Հետո կրկին վերադառնում ես մոլորակը գլորելու մտքին ու անզորությունից պարում ես:
Էրիկան կանգ առավ ու նայեց Արթուրին, որը կիսափակ կոպերի տակից նայում էր իրեն:
-Պարե՞մ: Ուզո՞ւմ եք՝ պարեմ: Հենց հիմա: Ասում եք՝ կարմիրը իմ գույնն է, չէ՞: Ըհը՜: Էս էլ վարագույրը: Էս էլ պարս: Հե՜յ, Արթուր թագավոր, ծա՛փ տուր:
Էրիկան սկսեց պարել: Արթուրը ժպտաց: Կպցրեց մարիխուանայի գլանակը: Խորը ներքաշեց ծուխը: Գլուխը հետ գցեց: Ծուխը բաց թողեց: Նայում էր վեր բարձրացող ծխին, ու թվում էր՝ իր հոգին էր դանդաղ կլանվում առաստաղի մեջ: Տեսադաշտում ալիքվող կարմիրը շոյում էր սպիտակ մարմինը: Սպիտակի ու կարմիրի հպումներից արթնանում էին ինչ-որ կցկտուր հուշեր: Բռնվում էր մեկից, մյուսից, ապա ծխի քուլաների պես բաց թողնում ու հետևում, թե ոնց էին ցրվում ու մարում:
Հետո հայացքը սևեռեց կարմիրից ընդհատվող կնոջ մերկության վրա: Նրա պարը՝ առանցքի շուրջ, անհնար էր թվում ընդհատել: Արթուրը մտածեց, որ յուրաքանչյուր մարմին մենակ է: Որ մենակությունը ընդհատվում է, երբ մարմինները բախվում են միմյանց: Քսվում են միմյանց: Այն էլ մերկ: Միայն մերկ:
Կնոջ մերկությունն այսքան մոտ վաղուց չէր եղել իրեն: Նա հույս ուներ, որ դա կարթնացներ ամենաինտիմ հուշերը իր կանանց մասին, որոնք ծերանալով՝ սովորեցին հանդուրժել միմյանց: Նույնիսկ որոշեցին կյանքի վերջին տարիներին մի տանը ապրել իր հետ միասին: Նրանք այնքան ներողամիտ էին դարձել իրար հանդեպ, որ երբ պատահաբար բախվում էին իրար խոհանոցում՝ ուղղակի ժպտում էին: Ու այդ պահերին թվում էր՝ կյանքը անվրդով քուն է մտել ու էլ չի արթնանալու: Այդ հուշերը քուլաների հետ պոկվում էին շուրթերից ու ցրվում, անհետանում:
Ու նա այդպես էլ չէր կարողանում հիշել, թե այդ կանանցից, որոնք քնում էին իր կողքի սենյակում, ով էր իր կինը և ով՝ սիրուհին: Նրանք գնալով այնքան նմանվեցին միմյանց, որ նրա հիշողությունը մի պահ ընդհատվեց, ու փոխարենը սկսվեց մեկ այլ հիշողություն՝ երկու պառավի մասին, ովքեր հավասար սիրում են իրեն: Ովքեր հավանաբար պահել են իրենց ամենաինտիմ հուշերը իր մասին, բայց գերադասում են լռել այդ մասին: Ձևացնում են, թե իբր դրանք ամենևին էլ կարևոր չեն: Սակայն հոգու խորքում հրճվում են, որ ինքը նույնպես ամեն ինչ հիշում է:
Նրանք մաքրում են տունը: Ճաշ են եփում: Նստում են պատշգամբում արևի տակ: Խոսում են հիվանդություններից: Բամբասում են: Նեղվում են մարիխուանայի հոտից: Նեղանում են: Քչփչում են: Միավորվում են իր դեմ: Կռվում են: Ստուգում են իր սրտի աշխատանքը: Չափում են ճնշումը: Անհանգստանում են: Դեղ են տալիս: Հերթով համբուրում են ճակատը: Ու չգիտեն, գետը քեզ տանի, Արթուր թագավոր, նրանք չգիտեն, որ դու նրանց սիրում ես՝ ոչ թե առաջվա պես տարբեր սերերով, այլ մի սիրով, գրողը տանի, մի սիրով: Ու երևի դա է պատճառը, որ քեզ համար կարևոր չի արդեն, թե նրանցից ով է քո կինը, ով՝ սիրուհին: Ու անկախ քեզնից մոռացել ես: Սրա մերը: Մոռացել ես:
Էրիկան ընդհատեց պարն ու փռվեց անկողնու վրա:
-Ինձ էլ տուր,- ասաց նա:
Արթուրը գլանակը տեղավորեց կնոջ շուրթերի արանքը:
-Բոբ Մառլին ասել է՝ երբ ծխում ես խոտը, այն քո առջև բացահայտում է քեզ:
Կինը մի մուխ քաշեց ու հազաց: Հետո՝ երկրորդը, երրորդը:
-Իսկ դու անցար դու-ի՞:
-Գիտե՞ս, երբ են մտերմանում մարդիկ. երբ տան մեջ իրար տեսնում են ներքնաշորով: Իսկ ես մերկ պառկած եմ կողքիդ:
Արթուրը ծիծաղեց:
-Բայց ինչ սիրուն երազ ես տեսել,- ասաց Էրիկան՝ հայացքը առաստաղին հառած: -Նրանք սիրում էին իրար հա՞:
-Հետո սպիտակ կենդանին լքեց վագրին:
-Իրո՞ք:
-Այդպես էլ անհասկանալի մնաց:
-Վագրը տխրե՞ց:
-Ասե՞մ՝ ով էր նրանց տիրուհին:
-Ո՞վ:
-Ասե՞մ:
-Ասա՜:
-Սոֆի Լորենը:
-Ծերացա՞ծ:
-Հիմիկվա Լորենը:
-Ձեռ ես առնո՞ւմ:
-Բնավ:
-Իսկ ինչո՞ւ ինձ ձեռք չես տալիս:
-Հավատարիմ ամուսին եմ:
Էրիկան սկսեց ծիծաղել: Ատամներով բռնել էր վարագույրի ծայրն ու ծիծաղում էր: Արթուրը նույնպես ծիծաղում էր՝ ջղաձգվելով ու քաշքշելով վարագույրը:
-Ո՞նց ես կարծում՝ ես քո կինը կլինեի՞, թե՞ սիրուհին:
Արթուրը մի պահ լրջացած նայեց նրան, մեկ էլ բռնվեց հիստերիկ ծիծաղով: Էրիկան նստեց անկողնու մեջ, գլուխը դրեց ծնկներին. ծիծաղում էր:
-Դու… շու… շունս…
-Քա՞ծդ…
-Շուշանս…
-Չէ՜, դու ուզում էիր ասել քածդ…
Ծիծաղելուց հետո Էրիկան գլուխը հետ գցեց ու աչքերը փակեց: Մեքենայի մեջ էր զգում իրեն: Տրանս էր լսում: Մեքենան պահի տակ դանդաղեցնում էր արագությունը, թվում էր անշարժանում է, բայց հետո հանկարծ նոր թափ էր առնում ու կատաղած սլանում առաջ: Մայրուղու երկու կողմում ծփում էր կանաչը: Արևը այրում էր կոպերը: Կոպերի փոխարեն երկու լամպեր հայտնվեցին: Հետո երրորդը վառվեց: Հազարավոր լամպեր վառվեցին: Ինքը լամպերի տակ էր: Ոտաբոբիկ: Շուրջը կիսամերկ տղաներ ու աղջիկներ էին պարում: Հետո ոտքերի տակ հաճելի սառնություն զգաց: Նա քայլեց այնտեղ, որտեղից հոսում էր ջուրը: Հետո էլ թվաց՝ ջուրն է վազում իր հետևից: Ջրից փախչելով՝ հայտնվեց ծառերի մոտ: Ծառերը սկսեցին նիհարել: Բները կիսվում էին երկու ոտքերի: Ճյուղերը վերածվում էին ձեռքերի ու մազերի: Միշտ գիտեր, որ ծառերի մեջ կանայք են թաքնված: Միայնակ ու կատաղած կանայք: Նրանք մոտենում էին իրար, միանում էին իրար: Վերածվում էին բաոբաբի: Երբեք բաոբաբ չէր տեսել: Երևի Ավստրալիայում է: Ավստրալիա: Ավստրալիայի երկինքը ուրիշ է: Ինքը չի տեսել, բայց զգում է: Հիմա D.J.-ը ռիթմով ինչ-որ բան էր ասում: Ավստրալիայի մասին էր: Բաո-բաբ: Բաո-բաբ: Բաբ: Բաբ: Բաո-բաբ: Բաո-բաբ: Բաբ: Բաբ: Բաոբաբը աճում է Աֆրիկայի սավանաներում: Բաոբաբը աճում է Աֆրիկայի սավանաներում: Բաոբաբը աճում է… կրկնում էր D.J.-ը: Աֆրիկա: Ինչո՞ւ հանկարծ Աֆրիկա: Նա եղե՞լ է Աֆրիկայում: Թե՞ լինելու է:
Երբ ծխում ես խոտը, այն քո առջև բացահայտում է քեզ: Լսեց Արթուրի խոսքերն ու աչքերը բացեց: Արթուրը փոխեց երաժշտությունը: Մառլին մտավ թեթև ու հեշտ: Թափանցեց խորքերը: Նորից փակեց աչքերն ու տեսավ Շիլեին: Կողքին մի տղամարդ էր, որի դեմքը չէր տեսնում: Նրանից ջերմություն էր զգում: Նրանք երկար կանգնում էին ամեն մի նկարի առաջ: Հետո անձրևեց: Շիլեն թրջվեց: Ինքն ու տղամարդը բարձր ծիծաղում էին: We՚ ll be together, with a roof right over our heads. We՚ ll share the shelter, of my single bed. We՚ ll share the same room, yeah! Մառլի: Մառլի: Մառլի՜: Ինքը չէր հիշում սա: Շիլեն: Տղամարդը: Անձրևը: Եթե Մառլին չլիներ, ապա երբեք էլ չէր հիշի: Is this love, is this love, is this love, is this love that I՚m feelin՚? Բացեց աչքերն ու նորից նայեց Արթուրին: Արթուրը նստած տեղում պարում էր: Էրիկան ժպտաց ու սկսեց շարժել ուսը: Հետո ձեռքը: Ապա՝ գլուխը: Մարմինը գալարելով տեղից վեր կացավ: Ձեռքը մեկնեց Արթուրին: Արթուրը վերցրեց նրա ձեռքն ու ինքն էլ վեր կացավ: Նրանք պարում էին: Էրիկան ձեռքերը դնում էր նրա ուսերին ու մարմինը գալարելով իջնում ներքև: Հետո նույն ձևով բարձրանում վերև:
Արթուրը պատահաբար տրորեց Էրիկայի ոտքը: Էրիկան ճչաց: Հետո երկար ծիծաղեցին: Երբ նորից պառկեցին անկողնուն, Էրիկան գլուխը դրեց Արթուրի ուսին: Երկար լռեցին: Կարծես պառկած էին ալիքների վրա: Ալիքները շպրտում էին իրենց մարմինները հեռվից մոտեցող ալիքների վրա: Թվում էր՝ դա վերջ չունի: Սակայն ալիքները գնալով փոքրացան: Մանրացան: Սեփական մարմինների զգացողությունը վերադառնում էր:
-Ինձ երբեք չմոռանաս, լա՞վ,- ասաց Արթուրը:
-Մի տեղ գրեմ, որ չմոռանամ,- Էրիկան նստեց:
-Չէ, ես լուրջ եմ ասում:
-Ես էլ եմ լուրջ ասում:
-Լավ, գրի: Ու երբ ծերանաս, կարդա ու ժպտա: Անպայման ժպտա:
Արթուրը գլուխը դրեց Էրիկայի գոգին: Էրիկան մատները սահեցրեց նրա մազերի մեջ: Երբեք չէր պատկերացնի, որ ծերերի մազերը այդքան փափուկ են լինում:
-Գինի եմ ուզում, Արթուր թագավոր:
-Գինի չեմ սիրում:
-Բայց դու թիֆլիսահայ ես: Դու կարծեմ գինի պիտի սիրես:
-Տեսնում ես՝ ինձնից այդպես էլ մարդ դուրս չեկավ:
-Դու ավանդույթները չես հարգում:
-Ո՞ւմ են պետք ավանդույթները: Դրանք ուրիշների հիշողությունն են իրենց մասին: Ես ունեմ իմը: Թեկուզ շարքից դուրս եկած, բայց իմը:
-Հանիր ներքնաշորդ:
Արթուրը անակնկալի եկավ: Նա գլուխը բարձրացրեց Էրիկայի գոգից ու լայն բացած աչքերը հառեց նրա վրա: Հետո նստեց: Ապա մի կողմ քաշվեց:
-Ամաչո՞ւմ ես,- Էրիկան խորամանկ ժպտաց:
-Ի՞նչ կարիք կա:
-Արդարացի չի: Ես լրիվ մերկ եմ, իսկ դու՝ ներքնաշորով:
Արթուրը հանեց ներքնաշորը: Պառկեց: Կարծես առաջին անգամ էր, երբ մերկ կնոջ ներկայությունից լարվեց: Էրիկան ևս պառկեց՝ գլուխը դնելով նրա կրծքին: Չէ, երկրորդ անգամ էր: Առաջին անգամ տասնութ տարեկան էր: Այնքան էր լարվել, որ անդամը չէր կանգնում: Կինը սկսեց խաղալ նրա հետ: Տղան չէր ուզում, որ մատների ու անդամի խաղը երբևէ ավարտվեր: Բայց կինը հայտնվեց իր վրա ու գլուխը ետ գցած սկսեց սիրուն, շատ սիրուն շարժվել: Հետո հետ-հետ գնաց ու ձեռքերով բռնվեց իր ոտքերից: Տղան բարձրացավ տեղից: Օղակեց նրա մարմինը: Մոտ քաշեց իրեն: Քրտնապատ ճակատով հպվեց նրա կրծքին: Շուրթերով բռնում, բաց էր թողնում պտուկը: Քիթը խուտուտ եկավ: Արթուրը դեմքը թաղել էր Էրիկայի մազերի մեջ: Գլուխը շրջեց այլ կողմ: Էրիկայից թաքուն զգույշ նայեց ներքև: Վերջին անգամ, թվում էր՝ դա այնքան վաղուց էր պատահել իր հետ: Անդամը մեծացել ու պնդացել էր: Արթուրը դեմքը նորից խրեց Էրիկայի մազերի մեջ:
Իսկ Էրիկան փակել էր աչքերը: Տեսնում էր մորը: Սոխ կտրելիս՝ նա վնասել էր մատը: Երբ ինքը մտավ խոհանոց, մայրը կանգնած էր մատը քթի մոտ տնկած: Արյունը կաթում էր հատակին: Դանդաղ ու սիրուն: Էրիկան քարացած հետևում էր հատակի վրա շատացող կարմիր պուտերին, որոնք միանում էին իրար: Մայրը նրան դեղատուն ուղարկեց: Էրիկան վազեց դուրս: Դեղատունը հեռու էր: Վազում էր: Աչքերի առջև հետզհետե մեծացող կարմիր կլորն էր: Դեղատունը չէր գտնում: Սկսեց պտտվել տեղում: Պիտի փրկի մորը: Պիտի փրկի մորը: Պտույտները մեկը մյուսի հետևից արագանում էին: Ծառերը գրկում էին մեքենաներին: Մեքենաները՝ մարդկանց: Մարդիկ՝ շենքերը: Իսկ արյան կաթիլների շղթան փաթաթվում էր ոտքերին: Պարանոցին: Պտույտների կատաղի արագությունից շուրջը միայն մոխրագույն պատկեր էր տեսնում: Թվում էր՝ այլևս չի պտտվում: Բայց միապաղաղ մոխրագույնը չէր ցրվում: Մոխրագույնից առանձնացավ մոր մատն ու սկսեց թփթփացնել իր քթին: Սկզբում թփթփոցը մեղմ էր: Հետո սաստկացավ: Քիթը ցավից ուռում էր: Շուտով իր քիթը սկսեց արնահոսել: Կարմիրը ներկում էր մոխրագույնը: Հեղեղում էր աչքերը: Հիմա շուրջը միայն կարմիր էր: Հանգիստ ու լուռ կարմիր:
Արթուրը անսպասելիորեն հետևից գրկեց նրան: Էրիկան շունչը պահած՝ գլուխը հետ գցեց: Դա հենց այն պահն էր, երբ իրեն զգաց ամեն ինչից դուրս: Ու հանգիստ էր, ինչպես երբեք:
-Մի ժամանակ ես օրագիր էի պահում,- խոսեց նա,- 95-ամյա տատս էր ինձ վախեցրել: Պատկերացնո՞ւմ ես՝ նա ոչ մի բան չէր հիշում իր անցյալից: Այդ կնոջ գլխով երեք պատերազմ էր անցել՝ համաշխարհային ու սառը: Իսկ նա ոչ մի բան չէր հիշում: Նա միայն հիշում էր իր մանկության շանը: Պատկերացնում ես, չէ՞, շանը, անիծված շանը և ուրիշ ոչ մի բան: Նա նույնիսկ մոռանում էր իր ակնոցի տեղը, իսկ ահա շանը հիշում էր, հիշում էր ու ժպտում, իսկ պատերազմներն ու խաղաղությունները մնացել էին նրա հիշողությունից դուրս: Որոշեցի օրագիր գրել, որ երբ պառավեի՝ կարդայի ու հիշեի, թե ով եմ եղել, ինչ եմ մտածել ու զգացել, որ միայն ինչ-որ շուն չմխիթարեր ինձ ծերության տարիներին: Բայց հետո դադարեցի գրել: Գիտե՞ս՝ ինչու: Երբ տատս հանգչում էր իր մահճակալում, ես բռնեցի նրա ձեռքն ու նրան հիշացրի իր շան մասին: Նա, որ հավանաբար արդեն չէր հիշում, թե ես ով եմ՝ շան անունը լսելով՝ ժպտաց: Նայում էր աչքերիս, տեսնում շանն ու ժպտում,- Էրիկան արտասվեց: Արթուրը շոյեց նրա մազերը:
-Ու այդ պահին ես հասկացա, որ եթե մեռնելուց առաջ նա հիշեր իր ամբողջ կյանքը, ապա գուցե նա մեռներ ծանրացած սրտով, որ իր սերերը այլևս չեն կրկնվի, որ պատերազմները ցավ են պատճառել, որ խաղաղությունը ավելի լավ է, քան մեռնելուց հետո սպասվող հանգիստը: Իսկ նա մեռավ այնքան թեթև ու հեշտ՝ իր մանկության պոչից կախված:
Էրիկան սրբում էր արցունքները: Արթուրը վեր կացավ ու մոտեցավ պատուհանին:
-Ուրեմն լա՞վ է, որ չեմ հիշում,- հարցրեց նա:
-Քո դեպքն ուրիշ է:
-Երբ նրանք իմացան, որ մոռացել եմ, ջղայնացան ու լքեցին ինձ:
-Ո՞ւր են հիմա:
-Չգիտեմ:
-Մի տխրիր, թագավոր…
Արթուրը ժպտաց: Արմունկներով հենվեց պատուհանի գոգին ու նայեց դուրս: Բակում շուն էր հաչում:
-Շատախոսում էինք ու չնկատեցինք, թե ոնց մթնեց:
-Լիալուսին է,- ասաց Էրիկան՝ նստած տեղը ճոճվելով:
-Մի քիչ թերի:
-Շունը մարդու պես է հաչում:
-Հենրին,- Արթուրը կտրուկ շրջվեց:- Հենրին: Նա ամբողջ օրը սենյակից դուրս չի եկել: Բոլորովին մոռացա նրա մասին:
-Գուցե գնացե՞լ է:
-Բայց ձայն կհաներ: Մտնեմ՝ ստուգեմ:
-Դու մնա: Ես կստուգեմ: Համոզված եմ՝ գնացել է:
Էրիկան փաթաթվեց վարագույրի մեջ ու սենյակից դուրս գնաց: Քիչ անց նա ներս մտավ ու դուռը զգույշ ծածկեց հետևից: Արթուրը անթարթ աչքերով նայում էր նրան:
-Մեռած է:
-Ո՞նց թե…
-Մեռած է: Ստուգեցի: Չի շնչում: Սիրտը չի խփում: Նշանակում է մեռած է:
Արթուրը ձեռքով փակեց բերանը: Ձեռքը դողաց:
-Ինչքան… ինչքան հեշտ ես խոսում… թեթև… հանգիստ… դու… դու բոլորովին չես վախենում մահից… իսկ նա այստեղ է… մեր կողքին… Էրիկա…
Էրիկան նստեց անկողնուն: Վարագույրը նրա ծնկներից սահեց ներքև ու փռվեց նրա ոտքերի շուրջ:
-Հիշո՞ւմ ես այն պահը, երբ առաջին անգամ իմացար, որ մարդիկ մահանում են,- հարցրեց Էրիկան:
-Չեմ հիշում: Մարդ ծնվելիս արդեն գիտի դրա մասին:
-Ծնվելիս դու ոչինչ չգիտես:
-Չեմ հիշում այդ պահը:
-Մինչև այդ պահը անմահ էիր: Իսկ հիմա ասում են, որ մեռնելու ես: Ասում են նրանք, ովքեր մեռնում են: Նրանք անմահությունը խլում են քեզնից: Նրանք քո հիշողության մեջ դնում են մահը: Ու ինչո՞ւ ես համակերպվում: Ինչո՞ւ ես հավատում: Ինչո՞ւ չես բողոքում, ընդվզում: Գոնե այնքան ժամանակ, մինչև չհասկանաս, որ մեռնելը միզելու պես բնական բան է: Դու նույն պահին ընդունում ես մահը: Ենթարկվում ես նրան:
-Ուղղակի այդ պահից սկսում ես հուսալ, որ դա քո հետ կպատահի միայն տասնամյակներ հետո:
-Մայրս մահացավ ինձ ծննդաբերելուց անմիջապես հետո: Ու ես չեմ հիշում՝ ես միշտ գիտեի՞ մահվան մասին, թե՞ որոշ ժամանակ մայրս ապրում էր իմ մեջ:
Արթուրի ձեռքերը կախ ընկան: Նա երերաց տեղում: Բռնվեց պատուհանի գոգից: Գլուխը հակեց: Հետո շրջվեց ու նայեց դուրս: Բակում լապտերների լույսերի տակ ճերմակ գլուխներով երկու կերպարանքներ էին սահում: Արթուրի շնչառությունը արագացավ: Նա ձեռքերով ու ճակատով հպվեց ապակուն:
-Նրանք են… Էրիկա… նրանք… եկան… վերադարձան… նրանք են… լսո՞ւմ ես, նրանք են…
Արթուրը հայացքը չէր հեռացնում նրանցից: Մի՞թե նրանք են: Գուցե տեսի՞լք է: Մի՞թե կանայք երբևէ վերադառնում են:
Հետևից շրշյուն լսեց: Անտառի բոլոր հատված ծառերը հարություն էին առնում: Մարմնով սարսուռ անցավ, երբ պատկերացրեց, թե ինչպես է Էրիկան իր հետևում հագնվում: Մի ահռելի ալիք հարվածեց ու իր հետ տարավ մերկությունը՝ այն թաքցնելով ջրերի ամենախորքում: Սակայն նրա հիշողությունը մերկության, բաց նյարդերի, երակների ու դեղին ծաղիկների մասին չէր ընդհատվում: Մի շուն անընդհատ հաչում էր իր հիշողության մեջ ու թույլ չէր տալիս նրան մոռանալ այդ մասին: Մեջքի վրա զգում էր կնոջ փափուկ քայլերը: Ողնաշարով նա բարձրանում էր վերև: Ծոծրակին զգում էր նրա շնչառությունը: Ողնաշարը փշրվում էր նրա փափուկ ոտքերի տակ՝ անցավ ու անվերադարձ, ինչպես հիշողությունը անցյալի ուրվականների մասին:
Արթուրը շրջվեց ու նայեց Էրիկայի աչքերին: Կինը ժպտում էր:
-Շո՛ւտ… շո՛ւտ… նրանք աստիճաններով կբարձրանան… վերելակից վախենում են… մենք պետք է հասցնենք փախչել… վերելակով… հա վերելակով… շուտ, քանի չեն եկել…
Արթուրը արագ հագնվեց ու սկսեց անհանգիստ ետուառաջ քայլել՝ խուսափելով կնոջ հայացքից:
-Գնանք, շո՛ւտ, շո՛ւտ…
Նա բռնեց Էրիկայի թևից ու քաշեց իր հետևից:
Երբ հասան պուրակ ու նստեցին նստարանին, Էրիկան նոր միայն կարողացավ ձայն հանել.
-Արթուր, նրանք կզարմանան, որ…
-Սսսս՜…
-Թագավոր, ես սոված եմ…
-Ես այնքան բան ունեմ քեզ պատմելու:
-Արի հետ գնանք:
-Դու այնքան բան ունես ինձ պատմելու:
-Նրանք սպասում են, հետ գնանք:
Արթուրը շոյում էր կնոջ դեմքը:
-Իսկ ինչո՞ւ եկանք, եթե հետ ենք գնալու:
Էրիկան լռեց:
-Ինչո՞ւ ենք գալիս, եթե գնալու ենք:
Էրիկան լուռ էր:
-Ուրեմն մնանք:
Էրիկան դեմքը շրջեց Արթուրից:
Քիչ անց նորից նայեց նրան ու ասաց.
-Շարունակենք:

2014թ.

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Անեթ says:

    Հետաքրքիր տրամադրություն,ինչ-որ եթերային թրթիռ կար,տաք օդ, ջերմ շունչ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *