ԹՌԱՎ ԳՆԱՑ
Անտառն իմ մեջ, ես՝ անտառի…առավոտ:
Մահվան խորհուրդ: Անմահության համ ու հոտ:
Մխրճվել եմ խոր խոհերում… ու հանկարծ
Մանգղթեւիկն իջավ թեւիս ու մնաց:
Իջավ թեւիս, թեւահարեց, ծկլթաց,
Աչքերիս մեջ բեկվեց նրա աչքը թաց:
Վիրավոր էր. ոտից արյուն էր կաթում:
Աղերսարկու՝ հույսը ինձ հետ էր կապում:
Աշխարհն ինձնից ի՜նչ գաղտնիքներ է պահել,
Ծիծեռնակը ե՞րբ է մարդուն վստահել…
Անտառն ասես դարձավ հին տունը տատիս,
Զարթնեց իմ մեջ հեքիմությունը տատիս:
Տատիս նման առաջ վախը չափեցի,
Հետո վերքը տատիս ձեւով կապեցի:
Ծիծեռնակը իր առնելիքը առավ,
Ծիվ-ծիվ կանչեց, թեւին տվեց ու թռավ:
Թռավ գնաց: Տուն եմ գալիս ես մենակ,
Անտառն իմ մեջ՝ մի վիրավոր ծիծեռնակ:
ՈՒՐԻՇ ՀՆԱՐ ՉԿԱ
Պատը շարվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Պարտքը մարվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Նախնյաց սուրբ հավատի
Մասունքների դիմաց
Ծունկը ծալվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Եթե սիրտդ սիրտ է,
Սիրո ճամփի վրա
Խելագարվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Հոգսը կրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Բախտը կռվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Խավարն ինչքան էլ խուլ՝
Վերջը պիտի ցրվի,
Լույսը փռվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Ինչքան խառն ու խրթին,
Ինչքան էլ բարդ ու բիրտ,
Կյանքն ապրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Ձիրքը տրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Միտքը սրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Երբ բառերը հոգուդ
Ակնամոմն են քանդում,
Երգը գրվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
Իսկ երբ երգի գլխին
Կայծակներ են պայթում,
Երգը կռվի պիտի,
Ուրիշ հնար չկա:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱԼԻՍ
Երբ նուրբ մատները մանուկ լույսի
Քանդում են մութի ծամիկները,
Այդ ժամին գուցե մեկն ինձ ասի՝
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Երբ աչք են փակում աստղերն իրենք՝
Հավիտենության սանիկները,
Եվ ամեն շշուկ դառնում է երգ,
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Երբ շաղ են տալիս հավքերն ուրախ
Արեւագալի տաղիկները,
Եվ վրնջում են դաշտ ու պուրակ,
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Եվ հառաչում են ականջիս տակ
Պղտորված գետի ալիքները.
-Մոլորված ճամփորդ, էլ հարց չտաս՝
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները…
Գեղեցկության դեմ քանի դեռ կան
Մագիլներ սրած չարիքները,
Լույսը բացվելիս ամեն անգամ
Պիտի լաց լինեն ծաղիկները:
ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ ԲԵՐԵՔ
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…
Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:
Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:
ԳԼԽԻ ՉԸՆԿԱՆ
Ժամանակներից վաղնջական,
Երբ որ դեռ նոր էր չքվում չկան,
Ինչքան սերունդներ եկան, ինչքան,
Կյանք-առեղծվածի կրակն ընկան,
Այրեցին երազ, միտք ու մկան…
Հոլովույթի մեջ այդ անմեկին
Խժռեցին, կերան մեկը մեկին,
Ամենքը՝ իրար, մահն՝ ամենքին,
Եկան – գնացին, ո՞ւր են, չկան,
Բայց դեռ գալիս են ու պիտի գան,
Քանի կա հողը, ջրերը կան,
Կան արեւն, աստղերն ու լուսնկան:
Պիտի գան, ուտեն մեկը մեկին,
Ամենքը՝ իրար, մահն՝ ամենքին…
Ինչքան գիտուններ հերթով եկան,
Եկան փնտրեցին… Մինչեւ անգամ
Աշխարհներ գտան աչքում ձկան,
Բայց մինչեւ օրս էլ գլխի չընկան՝
Ով է մեղավորն, ով է վկան,
Ինչու են ուտում մեկը մեկին
Հոլովույթի մեջ այս անմեկին:
***
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Եղա ձեզ մոտ ու մտերիմ…
Տվի վերջին հատիկն էլ իմ
Դժվարությամբ հավաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի…
Թեկուզ խաբված հազար անգամ՝
Ձեզ բացեցի մինչեւ անգամ
Խորհուրդն Աստծո առաքածի:
Մարդիկ, ձեզ շատ հավատացի,
Բայց ստերի այս սեւ դարում
Հավատացողն ի՞նչ է շահում,
Շատ-շատ՝ մի բախտ հալածվածի:
Թեկուզ բախտով հալածվածի
Ես ինձ մանկան պես եմ պահում,
Խաբեության այս աշխարհում
Մարդիկ, ձեզ շատ հավատացի:
***
Արդեն շատ եմ հոգնել դահլիճներից փարթամ,
Քարոզներից տարտամ ու վեճերից:
Գնամ քարափներիս լռությունը կարդամ,
Վերջին անգամ փորձեմ ճանաչել ինձ:
Գնամ աղբյուրներիս զրույցները լսեմ
Եվ մտերիմ, եւ պարզ, եւ դասական:
Առնեմ սիրտս թափուր, բերնեբերան լցնեմ
Մի թռչնային սիրով անմեղսական:
Ամպի, խոտի, հողի հոտով հարբած լինեմ,
Եվ հրաշքի հոտով մայրամուտի՝
Քնեմ… աչքս բանամ, նստեմ ու լաց լինեմ
Հոգեվարքի վրա թրջված մութի:
***
Օրերը մռայլ են, ահարկու,
Անորոշ ու գորշ են օրերը:
Լեռները բախվում են մեկմեկու,
Տագնապով մտնում են ձորերը:
Խեղդվում ենք մենության անձավում,
Չենք քայլում, ուր մնաց թռնելը:
Անցյալը թողել ենք անցյալում,
Եվ փակ են գալիքի դռները:
Չգիտեմ, թե ո՞ւր ենք գնալու,
Բայց գիտեմ, որ ինչ էլ պատահի,
Աշխարհում մենք մենք ենք մնալու՝
Ճեղքելով չարությունն աշխարհի:
Աշխարհում մենք մենք ենք մնալու՝
Մեր քամած հին գինու թնդությամբ,
Մեր խորքով, մեր խոսքով քաղցրալուր,
Էն գլխից պարտվածի պնդությամբ:
Կմնանք (եւ դարձյալ նեղվելով)
Մեր ոգու խորհրդի խորությամբ,
Մեր ժլատ Աստծու նվերով-
Քարեղեն մեր կղզու գոյությամբ:
Լեռները բախվում են մեկմեկու,
Ընկնում ու լցվում են ձորերը:
Օրերը մռայլ են, ահարկու,
Անորոշ ու գորշ են օրերը:
ՈՐՏԵ՞Ղ ԵՔ ՀԻՄԱ
Ո՞ւր եք, արտույտներ, կանչում եմ, չկաք,
Ճանապարհն ո՞վ է կտրել, որ չգաք:
Ձեր թեւերն ո՞վ է կապել հարավում,
Ինչո՞ւ է նա մեր հացը հարամում:
Չէ որ ձեր երգը համն է մեր հացի,
Կանչը մեր հոգում թաքուն պահածի:
Որտե՞ղ եք հիմա եւ ի՞նչ եք անում,
Ո՞ր հողի վրա, ո՞ր աստղի ներքո…
Թե բախտից հիմա քնար չեք հանում,
Գոնե հետ եկեք ինձանից հետո:
Ինձանից հետո ոչ մի սատանա
Թող չխանգարի, որ այս աշխարհում
Մեղքը պակասի, երգը շատանա:
***
Երբ ոտքի վրա քրտնում է քամին,
Եվ արտասվում է մամուռը քարին,
Ծծկեր գարունը, բարուրը քանդած,
Ակնթարթներով, ժամով մեծանում
Եվ իր թաթերով հոգին ավանդած
Ձմեռվա դեռ թարմ
Շիրիմին ծաղկի սերմեր է ցանում
Եվ հեռվից հեռու ձեռքով է անում,
Որ հարավներից թռչունները գան,
Գան ու տեր կանգնեն իրենց տեղուտան…
Սարյակ, առաջինն այդ դո՞ւ ես եկել,
Քեզ նվեր մեր այս երկինքը, մեկ էլ
Ինչ որ աշխարհում սիրտդ կամենա:
Ես ու աշխարհն ենք, կամ ես, կամ էլ նա.
Քեզ պատիվ կանենք, ուր էլ որ լինես,
Դու հազար բարով նոր բույնդ շինես:
***
Լույսի հետ դաշտ էի գնում
Տարիներ, տարիներ առաջ:
Արտույտի երգ էի խմում
Եվ ուտում եղջերվի բառաչ:
Աշխարհը մաքուր էր ու ջինջ,
Եվ պետք չէր ինձ ուրիշ ոչինչ:
Հիմա էլ դաշտերն եմ գնում…
Ոչ արեւ, ոչ բույր, ոչ կանաչ,
Ցուրտ քամու սուլոց եմ խմում
Եվ ուտում ցուրտ ձորի հառաչ:
Թե հանկարծ շունչս չմարի,
Թող Աստված շատ չհամարի:
Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ
Ի՞նչ պատահեց, այս ո՞ւր հասար,
Ասա, ես ի՞նչ անեմ:
Բեր ցավերդ, հոգնած աշխարհ,
Դիր շալակիս, տանեմ:
Աստված բախտի տունն ավերի…
Հատիկները գարու
Ասում են, թե ավելի
Սեւ օրեր են գալու:
Խեղճուկրակ իմ երեխա,
Աչքս աչքիդ հառեմ,
Նստեցնեմ ծնկիս վրա,
Մատիդ փուշը հանեմ:
Իմ ալեհեր-ալեւորիկ,
Ոտքերն ընկնեմ սրբիդ…
Պահիր, դու իմ միամորիկ,
Հանեմ փուշը սրտիդ…
Ինչքան էլ որ փշերն անլուր
Տանջեն քեզ չարաչար,
Դու աչքի փուշ չես դառնալու,
Աչքիս լույսն ես, աշխարհ:
Փշեր, գարի, սեւեր… նրանց
Ո՞վ է շան տեղ դնում:
Սեւի միջով ուղիդ բռնած
Դեպի լույսն ես գնում:
Ի՞նչ պատահեց, այդ ո՞ւր հասար,
Ասա, ես ի՞նչ անեմ:
Բեր ցավերդ, հոգնած աշխարհ,
Դիր շալակիս, տանեմ…
***
Ամեն տերեւ մի աշխարհ է աշխարհում,
Քանի՞ աշխարհ տարավ աշունն աշխարհից…
Ո՞վ շահեց, ո՞վ տանուլ տվեց այս խաղում,
Եվ ո՞վ կա, որ գլուխ հանի այս խաղից:
***
Ի՞նչ են անում իմ քարափներն առանց ինձ,
Քարափներին նստած ամպերն առանց ինձ…
Ո՞վ իմանա՝ դեռ ինչքան են մնալու
Այն աշխարհում իմ սուրբ պապերն առանց ինձ:
***
Օրորվում է Լորագետը ու գնում,
Ոլորվում է Լորագետը ու գնում:
Երբ տեսնում է, որ ափերին ես չկամ,
Մոլորվում է Լորագետը ու գնում:
***
Որքան ամպ ու բուք են տեսել այս սարերը,
Որքան սեւ ու սուգ են տեսել այս սարերը:
Այնքան գութ ու ցավ կա մի բուռ իմ հոգու մեջ,
Որքան լույս ու մութ են տեսել այս սարերը:
***
Մութ մի աշխարհ եմ գնում…
Եվ իմ վերջին ցավի մեջ
Ուրախ եմ այնքան,
Որ շիրմաքարս մի օր
Հիմնաքար է դառնալու
Լուսավոր մի տան:
***
Բոլոր սերերս ծերատ մնացին,
Կենաց թասերս թերատ մնացին,
Իմ երազները – չվող թռչուններ-
Կես ճամփի վրա թեւատ մնացին:
***
Եվ ի՞նչ մնաց իմ սիրո թեժ կրակից…
Ելավ, չքվեց անէության ցրտի մեջ
Մի ծվեն ծուխ հուշերիս մութ ծմակից:
***
Լորում չեմ ապրում,
Ապրում եմ Լորով,
Լորը լիքն է միշտ
Իմ հոր ու մորով:
Աշխարհում ինձ մի
Լոր է հիշելու,
Բայց մեռնելու եմ,
Նոր է հիշելու:
***
Ի՞նչ ասել, կածան,
Ոտքիդ տակի հողն եմ:
Մի հին ցավ ունեիր,
Ես այդ ցավի դողն եմ:
Քեզ կանչելիս հաճախ
Իմ անունն են տալիս,
Ինձ անգիր են անում,
Ես քո երգի տողն եմ:
***
Սարերը աշխարհի մկաններն են,
Սարերը հավերժի վկաներն են:
Սարերը սերերն են Սարյանի,
Սարյանի մեծ հոգու նկարներն են:
***
Ախ, իմ խոնարհ, խելոք,
Խելացնոր աշխարհ,
Միշտ երեխա, միշտ ծեր,
Միշտ հին ու նոր աշխարհ:
Հանճարներ ես ծնում
Եվ մնում ես էլի
Ապաշնորհների
Մենաշնորհ, աշխա՛րհ:
ԻՄ ՔԱՐԱՓՆԵՐՆ ՈՒ ԵՍ
Ձեր լռությունը զնգում,
Զրնգում է ձորով մեկ,
Ձեր լռության համերգում
Ինձ բացակա չդնեք:
Համբերություն եմ ասում,
Ակնարկներս կրկնեք,
Համբերության հանդեսում
Ինձ բացակա չդնեք:
Ձեր շուրջը ամպ է, կայծակ,
Քնով չանցնեք, չքնեք:
Քնեցիք էլ, արթնացաք,
Ինձ բացակա չդնեք:
Թվում է, թե կամենաք,
Մի օր երկինք կթռնեք…
Ձեր թռիչքի ժամանակ
Ինձ բացակա չդնեք:
Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:
Ես եմ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:
Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:
ԵՍ ՉԵՄ ԳՐԵԼՈՒ
Բանաստեղծություն ես չեմ գրելու,
Ինչպես իմ պապը մարգը ջրելիս,
Ինչպես իմ տատը աղուն փռելիս…
Եվ վարձիս համար վիզ չեմ ծռելու:
Իմ սովորական գիրն եմ գրելու
Եվ մերժելու եմ կոչերը բոլոր,
Խոսքի պոզերն ու պոչերը բոլոր,
Նախնական, նախնի ծիլն եմ ջրելու:
Բանաստեղծություն ես չեմ գրելու:
***
Որտեղի՞ց այսքան ցավ ու թախիծ,-
Քարեր են փշրվում սրտիս վրա…
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա,
Կռվում են այնտեղ քաջերն ազգի…
Եվ, ահա, նախերգը նրանց ասքի
Ողբի է փոխվում եւ մահազդի,
Դարեր են փլվում սրտիս վրա:
***
Գնանք օտարի դռները բախենք,
Թերմացքներ մուրանք, որ սովը թաղե՞նք…
Ավելի լավ չէ՞, որ մեզ ազգովի
Այս անկախության պարանով կախենք
Ու ճոճվենք՝ մինչեւ վերեւից նայի,
Տեսնի, սարսռա, սարսափի Աստված
Եվ, իր ստեղծած աշխարհի նման,
Մեզ վերջին անգամ մի բան խոստանա
Ու խաբի Աստված…
ԱՂՈԹԵՄ
Ինձ համար ամեն ինչ կորած է,
Էլ ոչ ոք եւ ոչինչ ես չունեմ:
Ծամում եմ իմ բաժին չոր հացը,
Եվ քունս չի տանում, որ քնեմ:
-Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երեւի հոգեւարք է ապրում:-
Ասում են.- Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը չի կրում:
Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…
***
Որքան հող կա, որքան երկինք
Ցորենի մեջ այս մի հատիկ:
Այս մի հատիկ ցորենի մեջ՝
Քանի հազար սկիզբ ու վերջ:
***
Որսորդը չոքեց հողին,
Երամից մի հավք պակասեց,
Մի հանցանք ավելացավ,
Թեւավոր մի կյանք պակասեց:
Այս խղճի սով աշխարհում
Մի բաժին խղճմտանք պակասեց,
Իմ հոգու մեծ երազի
Տաճարից մի զանգ պակասեց:
***
Մերոնք նստել են իրիկնահացի:
Տատս շերեփով բոլորին հերթով
Վարձն է հատուցում օրվա արածի:
Նստել են նրանք լուռ, առանց բառի
Եվ փչում են, որ ապուրը սառի:
Նստել են… մենակ ես եմ բացակա:
Եվ տատն ասում է.
-Ուշացավ: Ոչինչ: Ուր որ է կգա:
Եվ պապն ասում է.
-Օրհնվի ճամփան, օրհնանքս վկա,
Լավ կանի՝ չգա,
Մեր գերդաստանի պատվիրակն է նա
Լույս աշխարհի մեջ,
Ուր սիրտը կուզի, թող այնտեղ գնա,
Նա էլ որ եկավ, նորից կմեռնենք,
Լույս աշխարհում մեզ հիշող չի մնա:
ԹԱԽԻԾ
1.
Անհնարին հնից աստղաթափն այս մինչեւ
Սարսռում են, շիկնում մեր տան ցուրտ ու տապից
Մի լուսավոր ճակատ, ճակատագիր մի սեւ,
Մի նաիրյան մորմոք, մի նաիրյան թախիծ:
Երբ ծարավ են եղել, իրենց ջուրը նրանք
Մեր ափից են խմել ու մեր կենաց-թասից…
Ախ, մինչեւ երբ այսպես… Եվ ո՞ւր պիտի գնանք,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Խառն է աշխարհն այնքան, որ ես չեմ իմանում՝
Կարողանա՞մ պիտի ջոկել չորը թացից…
Արդեն շատ եմ հոգնել, արդեն չեմ դիմանում,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Աշնան օրը եկել տարվա հետ է չափվում,
Չեմ տարբերում արդեն դարերն ակնթարթից…
Բոլոր դարերն եկել մեր գլխին են թափվում,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Բոլոր քարերն եկել մեր գլխին են թափվում,
Եվ փախչում է հողը մեր ոտքերի տակից…
Բայց չենք խաբվում, դարձյալ մեր հողին ենք
կապվում,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Արդեն քիչ էր մնում ասեմ՝ ո՞ւր եք, չկաք,
Երբ որ տունս եկաք մի ավերված թաղից…
Որպես բեկված, բոբիկ գաղթականներ եկաք,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
Մի՞թե ձեզնից, ավաղ, ես փրկություն չունեմ
Եվ փրկություն չունեմ այս ծանր ամպակախից:
Ինչ է, մի ճար չկա՞, որ առանց ձեզ քնեմ,
Իմ նաիրյան մորմոք, իմ նաիրյան թախիծ:
2.
Շատ են հանդիմանում ինձ աջից ու ձախից,
Որ խոսքիս մեջ ուրախ ելեւէջներ չկան,
Որ նման է հոգիս ջրից հանած ձկան,
Եվ թախիծ է կաթում իմ ամեն մի տաղից:
Կհասկանա՞ն, արդյոք, որ աշխարհում այս մեծ
Սեւահողի տեղակ ունեմ մի սեւ թախիծ-
Այնքան ինքնաբողբոջ, այնքան իմը, որ ես
Ինձ կորցնում եմ հաճախ այն կորցնելու վախից:
3.
Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Ու վերքի միջից թռած՝ թռչելու
Ու կանչելու է երգը նաիրյան:
Երգի թեւի տակ խաղաղ շնչելու,
Կանաչելու է հերկը նաիրյան:
Եվ գգվելու է հասկերը նրա,
Մեր երազները քարերի վրա
Ասեղնագործող ձեռքը նաիրյան:
Դեռ մխալու է վերքը նաիրյան…
Առաքելու է, ինչ էլ որ լինի,
Իր ծուխն առ երկինք երդը նաիրյան
Եվ ոչ մի օրով աշխարհի երթից
Հետ չի մնալու երթը նաիրյան:
Ինչ հողմ ու հրդեհ, հրթիռ ու հյուլե,
Ամուր է հոգու բերդը նաիրյան:
Բայց ո՞րն է, ասեք, մեղքը նաիրյան,
Որ մխալու է վերքը նաիրյան:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼԱԼԻՍ
Երբ նուրբ մատները մանուկ լույսի
Քանդում են մութի ծամիկները,
Այդ ժամին գուցե մեկն ինձ ասի՝
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Երբ աչք են փակում աստղերն իրենք՝
Հավիտենության սանիկները,
Եվ ամեն շշուկ դառնում է երգ,
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Երբ շաղ են տալիս հավքերն ուրախ
Արեւագալի տաղիկները,
Եվ վրնջում են դաշտ ու պուրակ,
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները:
Եվ հառաչում են ականջիս տակ
Պղտորված գետի ալիքները.
-Մոլորված ճամփորդ, էլ հարց չտաս՝
Ինչո՞ւ են լալիս ծաղիկները…
Գեղեցկության դեմ քանի դեռ կան
Մագիլներ սրած չարիքները,
Լույսը բացվելիս ամեն անգամ
Պիտի լաց լինեն ծաղիկները:
Թվում է՝ մեկնաբանություններն ավելորդ են. անկրկնելի են Համո Սահյանի տողերը, մշտապես հոգեհարազատ, մաքուր, բյուրեղյա ու սիրելի…