Լիանա Վանեսյան | Իզուր չէր ոչինչ

Իզուր չէր ոչինչ

Մենք կհանդիպենք մի օտար տեղի ժամային գոտու կիսալույսի մեջ,
իրար կժպտանք, բարի ընկերոջ պես կսեղմեմ ձեռքդ,
ու դու կնստես ազատ աթոռին ուղիղ իմ դիմաց։
Կասես, որ լավ ես՝ համարյա թե ողջ,
զգում ես, բայց մի քիչ, սիրում ես մեկ-մեկ,
որ սպիտակել ես, բայց չի երևում,
որովհետև ձյուներ ես պահում դու քո ներսում։
Կպատմես՝ ինչի մասին են պատերազմները
ներսի ու դրսի, որ ափսոսում ես Հալեպի շուկան։
Կխոստովանես, որտեղից ծնվեց սերդ առ Աստված,
որքան ես սպասել ձնհալին, ձյանը, ձնծաղինկերին,
որ միշտ սպասել ես․․․
Գլխովդ անցած մոլորությունից,
ցրտերից, շոգից, հազվադեպ քնից,
երբեմն զգացած անցողիկ կիսատ կարոտներիցդ,
այն պողոտայից, որտեղ Բրյուսելը մտել էր թևդ,
կանգ կառնես հանկարծ, տխուր կժպտաս․․․
Կհիշես իմ տունը՝ կիսախարխլված,
կուզես իմանալ կա դեռ, թե քանդվել է․․․
Եղանակների ու սենյակների նույն ստվերներից,
զորավաներից, որոնց չես հարգում,
գիշերը հաչող կիսագայլ շնից,
երազներիցդ՝ ինչ խորհուրդ ունեն,
Բանաստեղծների հին շտիբլետներից,
որ ծիծաղելի են՝ ճիշտ գուլպայի պես։
Անցած սերերիցդ, Վելլերի սիրուց,
այն նամակներից, որ կասկածում ես, թե Ֆրեյդն է գրել։
Միս տապակելուց, օճառի բույրից,
ու այն սարսափից, որ հաջորդ կյանք կա։
Գինի կլցնես ու չես հավանի,
կասես՝ մի խմի, լրիվ քացախ է։
Կասես՝ Ստամբուլը հրաշալիք է, մինարեթների ձայնը չգիտես ինչու
քեզ դուր է գալիս,
որ երեկ գիշեր քո տեսած ֆիլմում այնպես անկեղծ էին դիալոգները,
որ քեզ թվացել էր, թե դու ես գրել։
որ Վենետիկի կանաչ ջրերից մեռած սերերի հոտ ես միշտ առնում.
որ երազում ես պարզապես հիշվել,
որ ֆրանսերենը դանդաղ մեռնում է,
ու որ Փարիզը այլևս տոն չէ։
Հոգոց կհանես, կթվա, թե օդը քեզ չի հերիքում․
Կասես՝ զզվում եմ իշխանությունից, բայց միշտ սիրել եմ ծնվածս տեղը.
կհարցնես ծուխը հո չի՞ խանգարում,
ու թե եղե՞լ է Շեքսպիրը իրոք։
Աչքերիդ թացը թաքուն կսրբես,
Կուզես իմանալ՝ ինչ արժե տոմսը դեպի Երևան և հակառակը,
որքան է անցել անկախացումից,
կասես մոտալուտ անձրևը հոդերով ես զգում,
ու որ ծերանում ես, բայց դեռ չես հոգնել։
Որ չես ափսոսում, ամեն ինչ տեսել ես,
որ Մարգարիտան այդ օրը դեղին ծաղիկով թիրախ էր բռնում,
որ չվրիպեր։
Ինձ կզգուշացնես, որ աթոռիս ոտքը մի քիչ խախուտ է,
կուզես նորոգել․․․
Կասես, որ ձեռագիր նամակը զարդարում է կյանքը,
որ հեռաուստացույց 5 տարի չունես,
ու որ Նիլ Արմսթրոնգը հասարակ տղա էր,
բայ չգիտես ինչու՝ իր բախտը բերեց։
Հետո կերգես այն հին երգերը, որոնք սթափության մեջ դժվար երգեիր,
ու կորոշես՝ ամեն ինչ գտել ես, ոչինչ իզուր չէր․․․
Իզուր էր միայն, որ ինձ չես գտել։


Lավագույն տարին

Իմ ապրած լավագույն տարին
անցած փուլում է,
Ինչքան կաս, ինչքան եղել ես,
դեռ հերիքում է։
Ջնջվել են փողոցները,
որտեղ ապրել ես․
եղե՞լ եմ իրոք ես,
թե՞ ինձ հորինել ես։
Ծանրության պես մի բան
սրտիս քարացել է,
ամեն ինչ հեշտ է, անցնող,
բայց մնացել է։
Քո հայացքը մտքիցս
կարծես թե ջնջվում է,
ես նորից ինձ հավատում եմ,
ամեն ինչ բուժվում է։
Օվկիանոսի հակառակ կողմից,
ձեռքիցս բռնած ես ինձ բերում եմ,
իմ ապրած լավագույն տարին,
համարյա մոռանում եմ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *