Քրիստինե Բագրատյան | Ժամանակակից մարդու մենության թեման Գուրգեն Խանջյանի վեպերում

                Գուրգեն Խանջյանը ժամանակակից հայ արձակի ամենից բեղուն և ինքնատիպ գրիչն ունեցող ստեղծագործողներից է: Նրա վեպերում, վիպակներում, պատմվածքներում արծարծվում են բոլոր ժամանակների և հատկապես մեր՝ քսանմեկերորդ դարի մարդուն մշտապես հուզող և անհանգստացող այնպիսի թեմաներ, որոնք գրականագիտության մեջ ձևակերպվում են իբրև էկզիստենցիալ, այսինքն՝ գոյաբանական: Դրանք մարդու ներաշխարհին, հոգու թաքուն անցքերին վերաբերող այնպիսի խնդիրներ են, որոնք, հնարավոր է, առաջին հայացքից, «անզեն» աչքով աննշմար են, սակայն անվերջ կրծում, քայքայում են մարդուն, նրան տրոհում հազարավոր բեկորների, սակայն մյուս կողմից էլ պիտի խստովանենք, որ հենց այդ էկզիստենցիալ խնդիրների շնորհիվ է մարդը պահպանել և այժմ էլ շարունակում է պահպանել իր մարդկային կերտվածքն ու մարդեղենությունը:
Մեր ժամանակների մարդուն թերևս առավել, քան այլ ժամանակներում, փոթորկում են ազատության, կյանքի իմաստի որոնման, անձի երկատվածության և օտարման, մարդու և իր միջավայրի միջև օրըստօրե ավելացող խզման և, վերջապես, մենության ու միայնակության մշտարդիական թեմաները: Սույն հոդվածում անդրադարձել ենք առավելապես այս վերջին՝ մենության խնդրի գեղարվեստական արտացոլմանը Գ. Խանջյանի «Հիվանդանոց» (1990թ.), «Ենոքի աչքը» (2012), «Տուր ձեռքդ, պստլո» (2017) վեպերում և «Սպանել Փրկչին» (1999) վիպակում: Ստեղծագործությունների ժամանակն ու գործողությունները մեծ մասամբ վերաբերում են անցումային մի ժամանակաշրջանի, երբ փլուզվեց Խորհրդային պետությունը, Հայաստանն անկախացավ, իսկ երբեմնի հսկա կայսրության, այսօր արդեն՝ փոքրիկ Հանրապետության քաղաքացի հայ մարդը բախվեց լուրջ հոգեբանական խնդիրների. կորցնելով հինը, անցյալը՝ նա, ըստ էության, ոչինչ կամ գրեթե ոչինչ չգտավ ներկայի մեջ, որ կոչված էր լինելու Նորի, Ազատի, Անկախի հոմանիշը: Փակուղում հայտնված մարդուն այլ բան չմնաց, քան փախուստը: Գեղարվեստորեն ձևակերպելու դեպքում կարող ենք ասել, որ այդ փախուստը նախևառաջ փախուստ է ոչ թե հայրենիքից, հարազատ միջավայրից, այլ սեփական էությունից ու ինքնությունից, սեփական անցյալից… Եվ այդ տխուր փախուստի միջոցով օրըստօրե առավել խորքային է դառնում մարդու ներսում գլուխ բարձրացնող մի խնդիր՝ մարդը մենակ է, մենակ է բառիս թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով:
Հիշյալ վեպերում մեզ հուզող խնդիրները մի դեպքում կերպավորվել են որպես աբսուրդ («Հիվանդանոց»), մյուս դեպքում՝ էկզիստենցիալիզմ («Սպանել Փրկչին», «Ենոքի աչքը»), այլ պարագայում՝ գիտակցության հոսք և սյուրռեալիզմ («Տուր ձեռքդ, պստլո»): Իհարկե, այս բաժանումները միանշանակ չեն, և վեպերում ու վիպակում կարելի է տեսնել մոդեռնիստական այլ ուղղությունների ուրիշ տարրեր նույնպես:
«Հիվանդանոց»-ում կաֆկայական հերոսի հետ ակնհայտ նմանություններ ունեցող Գրիգորը (թերևս պատահական չէ նաև անվան ընտտրությունը՝ Գրիգոր և Գրեգոր Զամզա) կամքից անկախ հայտնվում է Հիվանդանոցում, որի առաքելությունը ճիշտ հակառակն է. այն կոչված է լիովին առողջ և ուժեղ տղամարդուն վերածելու հիվանդ, ուժասպառ, երիտասադության մեջ ծերության մաղձն ու թույնը կրող նյարդային մի մարդու: Հիվանդանոցն էլ թերևս խորհրդանիշն է մեր ժամանակների քաոսի, այնտեղ գործում է Ժամանակի ամենակուլ մեքենան, այդ շենքը մի լաբիրինթոս է, որից մարդը կարող է դուրս գալ միայն իր լավագույն լիցքերը, ուժերն ու ավյունը զոհաբերելու գնով:
«Ենոքի աչքը» վեպում ցցուն կերպով ընդգծված է սերունդների միջև գործող շղթայական կապը՝ թոռ-հայր-պապից մինչև քարանձավային նախնիներ: Դեպքերի բերումով կյանքի տարբեր ափեր քշված և տրամագծորեն հակառակ իրականություններում ապրող եղբայրներին հուզում են կյանքի և մահվան, ընտանիքի, բարոյականության, ազատության ու գոյութենական այլ հարցեր, որոնք Գոռը և Գրոֆոն լուծում են յուրատեսակ կերպով:
Լուրջ ու դժվարին փնտրտուքների մեջ է նաև «Տուր ձեռքդ, պստլո» վեպի հերոս Գրիգը: Նա ևս իր մեջ կրում է մեր ժամանակների մարդուն կեղեքող հարցերն ու դրանց պատասխանները փորձում է գտնել տեղափոխությունների միջոցով: Առհասարակ պիտի նկատել, որ հիշյալ ստեղծագործությունների բոլոր կերպարներն էլ թափառող, խորապես որոնող անհատներ են: Նրանք անվերջ փնտրտուքների մեջ են, այդ փնտրտուքները նրանց հանգիստ չեն տալիս, դրդում են լինել մերթ հյուսիսում, մերթ հարավում, մերթ աշխարհից կտրված ու, թվում է, կյանքի ծիրից սայթաքած տունդրայում, մերթ գերբնակված մեգապոլիսում, մերթ բռնում են չարաբաստիկ «խոպանի» ճանապարհը…. Այս բոլոր ուղիները մեկ անգամ ևս հաստատում են, որ կյանքը նույնն է թե՛ հեթանոսական շնչով ապրող ցուրտ տունդրայում, թե՛ գերժամանակակից Մոսկվայում, թե՛ կինտոների քաղաք Թիֆլիսում, թե՛ օրեցօր փոխվող, ավանդական ազնիվ զարդարանքներից մերկացող Երևանում: Ավելին, այդ կյանքը բոլոր վայրերում գծում է միևնույն շրջանը, որը հար և նման է տարվա եղանակների հերթագայությանը, Արեգակնային համակարգի մոլորակների շրջապտույտին, գնացքի ընթացքին, ասել է թե՝ դա մի ճանապարհ է, ուր սկիզբը դառնում է նաև վախճան: Ուստի և պատահական չէ, որ հատկապես այս վերջին վեպում ընթերցողը շատ ուժեղ է լսում մանկության տրոփը, քանզի հենց մանկության մեջ են թաքնված բոլոր դժբախտությունների ու ցավերի արմատները, որոնք հետագայում պիտի գլուխ բարձրացնեն արդեն հասուն մարդու մեջ:
Կարող է թվալ, թե հիշատակած վեպերից բոլորովին տարբեր է «Սպանել Փրկչին» վիպակը, տարբեր գոնե դեպքերի և իրադարձությունների պատկերման առումով: Ճիշտ է, այլ են այս ստեղծագործության վիպական ժամանակն ու տարածությունը՝ մեր թվարկության առաջին դար, Իսրայել, Գալիլիա, ապա՝ Երուսաղեմ: Սակայն հերոսը՝ Չունակը, իր թափառող, մտածող, ազատատենչ էությամբ շատ հարազատ է խանջյանական մյուս կերպարներին: Նրա մեջ ընդգծված է այն մարդու կերպարը, ով ստեղծված է լինելու այլոց հրահանգները կատարողը, ավելի պարզ՝ Չունակին հրամայված է գալ Երուսաղեմ, փնտրել-գտնել իրեն Թագավոր, Փրկիչ հայտարարած Հիսուս Քրիստոսին և սպանել: Սակայն գլուխ են բարձրացնում կասկածները. իսկ եթե Քրիստոսն իսկապես Փրկիչ է, կամ՝ ինքը իրավունք ունի՞ սպանելու՝ անկախ նրանից, սպանելու է մարդու, թե Աստծո… Աղաղակող ներքին ձայնը նա փորձում է լռեցնել մեկ հին աստվածների միջոցով, մեկ վերհիշելով ավատատիրական հարաբերությունները, այսինքն՝ ծառա է, պարտավոր է առանց քննելու կատարել տիրոջ հրամանները, հատկապես եթե տերը թագավոր է: Սակայն այդ փաստարկումները անմիջապես խամրում են մարդկային խղճի առջև. Չունակը, որ հոգեկիցն է ժամանակակից մարդու, սկսում է գիտակցել, որ իրեն անզոր են օգնելու, որ ինքը մենակ է, որ անկարող է մեռցնել իր մեջ բանականության ձայնը, և որքան էլ փորձի իրեն համարել մարդկային մեծ երամի անդամ, միևնույն է, մենակ է ինքն իր ես-ի հետ. «Լավ, ինքս կօգնեմ ինձ. երբ աստվածների զորությունը նվազում է, ես պիտի կրկնակի զորանամ, այլապես կկորչեմ այս անիծյալ երկրում»[1]: Եվ հետաքրքրական է, որ հերոսի հոգուն թեթևություն է իջնում միայն այն ժամանակ, երբ նա «վերջապես ուղղություն վերցրեց դեպի հյուսիս, դեպի տուն [2]:
Ընդհանուր կերպով դիպաշարային ընթացքը ուրվագծելուց հետո փորձենք առանձնացնել այն հիմնական առանձնահատկությունները կամ մոտիվները, որոնք մենության և միայնակության թեմայի շուրջ են միավորվում մեզ հետաքրքրող երկերի կերպարներին:

Փախուստ և վերադարձ: Անվերջ փնտրտուքի մեջ գտնվող հերոսների կերպարաստեղծման մեջ առանձնացվում են երկու առանցքային հոգեվիճակներ՝ փախուստը և վերադարձը: Շարադրանքի սկզբում անդրադարձանք փախուստի հնարավոր պատճառներին, սակայն այդ պատճառներն իրականում շատ ավելի խորքային են և բարդ, քան պարզապես բնակավայրի փոփոխությունը, որը հանգեցնում է հերոսի մշտապես աստանդական, շրջիկ վիճակին՝ որոշ առումներով նաև խեղելով նրա բնավորությունը: Այդ փախուստի մեջ հերոսը փորձում է գտնել հնարավոր սփոփանք ու մոռացում, նրան առժամանակ դյութում է մտավոր թմբիրը, երբ չկա անցյալի բեռը, երբ թեթև ես ինքդ քեզնից, քո անցյալից, մանկությունից, երբ չկան կապվածության շղթաներն ու հիշողությունը: Օրինակ՝ Գրիգը խույս է տալիս ընկերների լուսանկարների ալբոմը նայելուց, որովհետև վախենում է ներկային՝ իրականությանը առերեսվելուց, քանզի այդ իրականությունից արդեն բացակա են անցյալի ընկերները, և հետևաբար՝ Գրիգը վախենում է ներկայի մենակությունից[3]: Կամ՝ հերոսը կոչ է անում փախչել և երբե՛ք չկապվել որևէ բանի, քանի որ ամեն ինչն էլ անցողիկ է և փոփոխական. «Մարդ ծնված օրից պիտի խորթանա, օտարանա, հեռանա, ոչնչի չկապվի, ոչինչ չսիրի, ոչինչ չխղճա, որովհետև ամեն բան մեռնում ա՝ շատ արագ, քար, ծառ, քաղաք, գյուղ, կենդանի, մարդ… Կապվեցիր՝ վայ քեզ, կորստի խոռոչները ոչնչով չեն լցվելու» (ՏՁՊ, 110), կամ՝ արդեն անխուսափելիին ենթարկված ընկերոջը ասում է. «Դու էլ ես կապվել կյանքին, քո բանն էլ ա դժվար, ախպեր» (ՏՁՊ, 111): Փախուստը հիշողությունից ձևակերպվում է հետրյալ կերպ. «Ախր կկորչես, միամիտ մարդ, պոկվի՛ր՝ եթե ուզում ես ապրել, հեքիաթ դարձրած հիշողությունը վտանգավոր գիշատիչ է, քաղցր, մեղրածոր, խաբում-ձգում-տանում է, կտանի, կկործանի» (ՏՁՊ, 272):
Շատ ավելի հետաքրքիր է փախուստից անբաժան վերադարձի գաղափարը: Վերադարձը ըստ էության անխուսափելի է, քանի որ մարդը անգո է առանց իր անցյալի, հիշողությունների, վերջապես՝ առանց մանկության: Փախուստի միջոցով միայն ժամանակավոր փարատում գտած հերոսը կատա           րում է դարձ ի շրջանս յուր, նա զգում է իր անխզելի կապը հայրենի հողի ու մանկության հետ, վերապրում է սեփական հողին ամուր կանգնած լինելու բերկրանքը. «Վեր կաց, տո՛, հո որբ չե՞ս՝ մենակ նստել ես էստեղ, քու հայաթն ա, քեզ տիրոջ պես զգա» (ՏՁՊ, 173):              Այդ վերադարձի մեջ է միայն գիտակցվում մայր եզերքի ամենան. «Այս խոտն ամենահյութալին, ամենախիտն ու բարձրն է աշխարհում, այս անթեք, լեցուն հասկերից աշխարհի ամենահամեղ հացն է թխվում, այս աղն ամենասպիտակ, ամենաաղի աղն է, …. արևի շողերի մեջ ծիածանախայտ խլբլտացող տառեխից համեղ ձուկ չկա…» (ՏՁՊ, 211): Ինչպես տեսնում ենք, այստեղ ամեն ինչ գերադրական է, անհամեմատելի, քանզի կապված է գերհարազատ մանկության հետ:
Սա Վերադարձի լուսավոր կողմն է. դրանում մարդու մենության խնդիրը, թվում է, լուծվում է: Սակայն Վերադարձի մեջ առկա է մի ստվերոտ կողմ, որ գրեթե անհնարին է դարձնում        հաշտեցումը, փարումը մանկությանը: Այս դեպքում ևս հերոսը վերադառնում է, սակայն ամեն ինչ փոխված է արդեն. իրեն անցյալի հետ կապող թելերը կտրվել են վաղուց, բարեկամ մարդիկ (Լենա, Սլավա) ու հարազատ կրքերն էլ մարել են, ուստի նա ողբերգականորեն միայնակ է, միայնակ թե՛ երբեմնի հարազատ վայրերում, թե՛ իր ժամանակավոր ապաստարանը եղած օտարության մեջ. «Պատահում է՝ տարագիրը վերադառնում է հայրենիք, սակայն պարզվում է՝ ուշացել է, էստեղ էլ օտար է, չի մերվում, չեն ընդունում մերվելու, ժամանակ է պետք, հաճախ՝ մեկ կյանքի տևողությամբ» (ՏՁՊ, 195): Սարսափելի ողբերգություն է, երբ մարդը գիտակցում է, որ ուշացել է, և այդ ուշացումը կարող է արժենալ իր ողջ կյանքը: «Ո՞նց եք թողնում ինձ մենակ իմ մանկության հետ, ես ո՞նց եմ դիմանալու սրան», կամ՝ հին տանը Գրիգին համակած վախերը. «Մենակ մնալ չէր ուզում, դժվար էր հին տանը մենակ մնալ, կարելի էր մտագարվել, լավ է՝ ներսում գինի ուներ, պաշտպան էր, գոնե՝ այժմ» (ՏՁՊ, 180):
2. Անհատ-հասարակություն առնչություններում դրսևորվում է մարդու օտարվածությունը հասարակությունից. անհատը վտարված է իր սոցիումից, հայտնվել է կյանքի լուսանցքում, ուստի սարսափելիորեն միայնակ է: Այդպես իր միջավայրին օտար է «Ենոքի աչքը» (կրճատ՝ ԵԱ) վեպի հերոսուհիներից մեկը՝ Ուման: Կրիայի նման իր պատյանի մեջ ներփակված այս կինը ստեղծել է մի իրականություն, որի միակ տերն ու տնօրենը ինքն է ու իր երազները, այդ աշխարհ մուտք գործելու իրավունք չունի ոչ ոք, անգամ՝ ամուսինը, ավելին՝ որդեծնության հրաշքն է բացառված այդ աշխարհում. «Ոչ ոք չպետք է ոտնձգություն ունենա իր առանձնության վրա, ոչ ոք չպետք է իրեն դուրս հանի իր միջից, եթե ինքը դա չի կամենում»[4]:              Ուման դժվար է պատկերացնում «մտերմություն», «մտերմանալ»  ասված երևույթները, քանզի «ո՞նց մտերմանա, ինչո՞ւ, մտերմությունը պատվերով լինո՞ւմ է» (ԵԱ, 37): Ուման իր և հասարակության միջև մի այնպիսի պատնեշ էր ստեղծել, որը ճեղքել հնարավոր չէր, նա ուներ իրավունքների ու պարտականությունների իր սահմանները, որոնք նույնպես հարմարեցված էին այդ պատնեշին: Նա օտար էր բոլորին, բոլորն էլ՝ իրեն: Գուցե պատճառն այն է, որ ճիշտ չէր դասավորվել նրա կյանքը. Ուման հայտնվել էր մի միջավայրում, որը բացարձակապես խորթ էր իրեն, ու որքան էլ ջանում էր խորտակել պատնեշները, անհաջողության էր մատնվում, դա սոսկ խաբկանք էր սեփական խղճին, ինչը պարզապես անտանելի էր խելացի և ինքնախույզ Ումայի համար:
Առհասարակ՝ հնարավո՞ր է մարդու և հասարակության մտերմությունը: Այս հարցը փորձում է դրական կերպով վճռել Գրիգը «…Պստլո»-ում. «Շուրջը մանկությունն էր, բայց ինքը օտար էր զգում իրեն: Փորձելու է մտերմանալ»   (ՏՁՊ, 171):
Նույնպիսի լուսանցքային գոյավիճակում է հայտնվել նաև Գրոֆոն՝ խորթ զավակ լինելու դրոշմը կրող մարդը «Ենոքի աչքը» վեպում. «Ես այնտեղ ավելորդ եմ: Դժբախտությունն այն է, որ ես այստեղ էլ եմ ավելորդ» (ԵԱ, 168):
Արարչագործության հրաշքը՝ որդեծնությունը, մերժվում է նաև «Հիվանդանոց» վեպում: Գրիգորը խղճում է երրորդ զավակին սպասող Մարիամին՝ երեխա ունենալու պարգևը համարելով անհեթեթություն գոնե մարդու համար, քանզի «մարդն ընդամենը գործիք է» (Հ, 261):
Մարդ-հասարակություն հարաբերությունների մյուս երեսն այն է, երբ սեփական ես-ի բեռից կքած, իր ինքնությունից փախչող մարդը հոգու թեթևություն է գտնում ամբոխի մեջ, ձուլվում, տարրալուծվում է ընդհանուրին. «Ես տարրալուծվում էի, ամբոխի մեջ, կորցնում կշիռս, ցրում սևեռումներս, ազատվում բարդույթներից» (Հ, 279): Սակայն այդ ձուլումը կարճատև է, դրան հաջորդում է հերոսի կարոտած փախուստը, փարումը ի՛ր ես-ին. «Կարոտել էի իմ ես-ին, իմ մենակությանը, իմ մտքերին: Արագ քայլերով հեռանում էի՝ ուրախությամբ զգալով, թե ինչպես եմ դարձյալ մտնում սեփական մաշկիս հարազատ ընդերքը» (Հ, 285):
Անհատի օտարվածության սկզբնապատճառները թերևս պիտի որոնել մանկության մեջ: Դա հաստատվում է վեպերի հերոսների հիմնական մասի օրինակով: Ահա Գրիգը «Տուր ձեռքդ, պստլո վեպում»: Ութերորդ դասարանի դեռահաս պատանու հոգեբանության վրա անջնջելի հետք է թողնում ուսուցչի անբարո պահվածքը: Երեխային համակում է էրեուտոֆոբիան՝ բազմության առաջ կարմրատակելու վախը: «Գնում էի, բայց սպասում էի լույսերն անջատեն՝ նոր դահլիճ մտնեմ, մթան մեջ, աննկատ: Մարդկանց հայացքների առջև երևալն անտանելի էր: Եվ ոչ ոք չէր հասկանում՝  ինչ է կատարվոմ հետս, նույնիսկ ամենամոտիկներս, ես էլ, բնականաբար, չէի պատմում, ո՞նց պատմեի, դա պատմելն էլ բազմության առջև հայտնվելու պես էր» (Հ, 264): Ապա շարունակում է՝ իր վիճակը համեմատելով ամբողջությամբ ինքն իր մեջ մտած ոզնու կամ զրահակրի հետ:
3. Անձի երկատում, նրան տանջող բազմաթիվ ես-երը: Մեր ուսումնասիրած վեպերի գրեթե բոլոր հերոսները տառապում են անձերի երկվությամբ: Նրանց մեջ ապրում են բազմաթիվ ես-եր, որոնցից յուրաքանչյուրն աղաղակում է իր գոյության մասին՝ ամեն պատեհ առիթն օգտագործելով զգացնել տալու իր չարախինդ, հեգնական, բզկտող ներկայությունը: Այդ ես-երը մեկը կամ երկուսը չեն. դրանք բազմաթիվ են, այնքան շատ, որ «երկատվածություն» և «տրոհվածություն» գոյականները տեքստում ձեռք են բերում խոսքային հականիշների արժեք: Մտովի աղերսներ են ստեղծվում Հեսսեի «Տափաստանի գայլի» և խանջյանական հերոսների միջև: Մարդու էության խորքերում ապրող ես-երը շատ հզոր են, բազմադեմ ու բազմաձայն: Դրանք մերթ չարախինդ, ծամածռվող, ծիկրակող դիվային քրքիջներ են, մերթ հեգնող պլպլաններ, մերթ Ենոքի ամենատես աչքն է դա, որ յուրատեսակ դիմակ է դառնում նաև Գրոֆոյի համար, մերթ Գրիգի ներսում ապրող Փառամոլն է, մերթ գերեզմանների անտես ոգին՝ Թափուրը, և ուրիշ անանուն էակներ, որ մի կողմից արթուն և մշտապես զգոն են պահում իրենց «տերերին», իսկ մյուս կողմից՝ չարախինդ ու խորամանկ շշնջում-փսփսում ներսից՝ փորձելով ապակողմնորոշել, թմրեցնել սթափությունն ու հաղթանակ տանել «տիրոջ» անձի նկատմամբ: Գեղարվեստական առումով համոզիչ և ստացված կարելի է համարել պլպլանների «ներկայությունը» «Տուր ձեռքդ, պստլո» վեպում: Պլպլաները որոշ դեպքերում նույնացվում են աչքերի հետ՝ խորհրդանշելով ներքնատեսությունը, ներհունությունը: Պլպլանների շշունջը հատկապես զգալի է դառնում, երբ Գրիգը ձգտում է դեպի խմիչքը. բոլոր նման դեպքերում կամքը փորձում է հաղթահարել և վանել խմիչքի գայթակղիչ հմայքը, իսկ պլպլանները հորդորում են, հաճախ էլ ամոթանք տալիս, որ հերոսը անվարան մղվի դեպի օղին: Այդ կերպ պլպլանները դուրս են գալիս Գրիգից ու ձեռք բերում լիարժեք կերպարի արժեք: Փռթկալ, շշնջալ, բզբզալ, հուշել, խոսել, ծաղրել, կծել, քրքջալ, գլուխ բարձրացնել, քաջալերել, հեգնել, ըմբոստանալ, գոռալ հիստերիկ…. շարքի բայերը ամենից խոսուն վկայությունն են այդ բազմաձայն և ուժեղ «տանջարար»-ես-երի:
Պլպլանների «եղբայրներն» են Թափուրը և Փառամոլը: Թափուրի և Գրիգի հանդիպումը տեղի է ունենում գերեզմանատանը. Թափուրը նենգ ժպտում է ու փսփսում Գրիգի ականջին: Իսկ Փառամոլը հայտնվում է այն ժամանակ, երբ Գրիգին են զանգահարում անծանոթ հեռախոսահամարից, և հոգու թաքուն անցքերից ոգեշնչված գլուխ է բարձրացնում Փառամոլը. «Կարող ա՞ արտասահմանից ա: Կարող ա՞ գիրքը հավանել են, ուզում են թարգմանեն-հրատարակե՞ն… Մի հատ գործակալին զանգի» (ՏՁՊ, 199):             «Հիվանդանոց»-ում ես-երը զրուցում են միմյանց հետ. «Որքան ավելի միայնակ ես մնում, այնքան ավելի հաճախակի ես խոսում քեզ հետ՝ քո ես-ը որպես զրուցակից գտնելով կողքիդ: Եվ զարմանալ հարկավոր չի: Ի՞նչ արտառոց բան կա, եթե տիեզերքով սփռված-թափառող եսերդ երբեմն հանդիպելու և զրուցելու կարիք ունեն, առավել հարազատ ո՞ւմ են գտնելու: Հանգիստ թող նրանց, հանգիստ թող ինքդ քեզ, բաց թող քեզ և գնա քո հետևից ու թող լինի՝ ինչպես լինելու է, միևնույն է՝ դու չես քո տերը» (Հ, 237):  Առանձնահատուկ ուշադրության են արժանի մարդկային աչքերը: Հեղինակը ընթերցողի ուշադրությունը բազմիցս հրավիրում է աչքերի ուղղությամբ՝ ըստ էության կոչ անելով մարդկային էության և հոգու խորքերին հայելու:
Ժամանակակից մարդուն հուզում է նաև դիմակավորված էության խնդիրը: Կամա-ակամա մարդը պարուրվում է դիմակների մի քանի ծածկույթով, և անգամ ինքը դժվարանում է վճռել՝ որն է իր իրական դեմքը, և արդյո՞ք գոյություն ունի այն: Կյանքն էլ դառնում է դիմակահանդես: Ահա օրինակներ. «Անկեղծության համար միշտ, չգիտես ինչու, ներողություն ենք խնդրում, իսկ անկեղծությունն անհրաժեշտ է, շատ է անհրաժեշտ, անդադար կեղծում ենք, դառնում խրոնիկ կեղծավոր, դրա պատճառով էլ բոլորիս դեմքին կեղծության զզվելի դիմակն է նստած: Այո, հենց, ինչ-որ տեղ, թքա՛ծ, մարդն ի վերջո մենակ է, պիտի իր մասին հոգ տանի, պիտի սիրի իրեն…» (ԵԱ, 100): Կամ՝ «Մի պահ թվաց նույնացել են՝ Գրոֆոն, Ենոքը, մահվան դիմակը…» (ԵԱ, 246): «Սեթևեթեց Գրիգը՝ զգալով, թե իսկական դեմքն ինչպես է սուզվում ներս՝ հասկացած, որ իր կարիքը հիմա չկա» (ՏՁՊ, 225): Այլ դեպքում պլպլանները հորդորում են. «Շարունակիր խաղալ, արվեստ սարքիր խաղդ, փայտից, երկաթից, մետաղալարից, աղբից, ասֆալտից, ապակուց, փոշուց, աղմուկից, երթևեկից, շփոթից, ունայնից, մարդկանցից, շներից… արվեստ կորզիր, դերդ վրադ է, տա՛ր, առա՛ջ»… (ՏՁՊ, 162): Այդ դիմակները նաև ներսի ու դրսի աշխարհները քողարկող-թաքցնող վարագույրներ են, իսկ թե ինչ է թաքնված դրանց ներսում, դժվար է ասել. «Ներսը՝ կորսուսյալ անգործության մատնված, դուրսը՝ ի ցույց ժպտացող» (ԵԱ, 94):                                                                                                              4. Մարդու անզորությունը գերզարգացած, գերժամանակակից աշխարհում, ինքն իր հետ մենակ մնալու անիրագործելիությունը: Մերօրյա մարդն ապրում է այնպիսի մի աշխարհում, որտեղ անհնարին ոչինչ չկա այլևս, չկան սահմաններ ու տարածություններ, յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վայրկյան մարդը կարող է լինել այնտեղ, որտեղ ցանկանում է: Ստեղծվել է համաշխարհային սարդոստայն, Խանջյանի դիպուկ բնորոշմամբ՝ «ամբողջ աշխարհը մի անծայրածիր գերհանրախանութ է, համաշխարհի համասեռ համույթը ճեմում է այնտեղ, բոլորի աչքերում՝ նույն ժպիտը, բոլորի բերանին՝ նույն լեզուն, բոլորը՝ միանման շարժում-կեցվածքով» (ՏՁՊ, 138), և այստեղից էլ՝ դիմազրկված, անդեմ մարդը: Մշտական վերահսկողության ենթակա մարդը ճգնելու դեպքում էլ թերևս ի զորու չէ ինքն իր հետ մենակ մնալու: «Պրծում չկա: Այսօրվա մարդը պրծում չունի, մենակ մնալ չի կարող, հանգիստ միզել չի կարող, փախչել չի կարող, ուզածդ սարի գլխին, ուզածդ քարանձավում կգտնեն… Երբ և ոնց ուզում՝ տնօրինում են, երբ և ոնց ուզում՝ մտնում են՝ ժամանակդ, գրպանդ, փորոտիքդ… միշտ կախման մեջ են պահում, դու չկա՛ս, քո փոխարեն թվեր են, ստեղներ, էկրաններ, թղթեր, պլաստիկներ, լուսանկարներ, առանց էդ ամենի դու ոչ ոքի պետք չես, հետաքրքիր չես» (ՏՁՊ, 171): Դեռ կա ավելի ողբերգականը. մարդը դառնում է իր ստեղծած էկրանների, թվերի ու ստեղների գերին, և «հանդիպող հայացքների հրաշքն այլևս չի կայանում, հայացքների որսն անհնարին է, արդեն որսված ենք: Մենք ստեղծեցինք էկրաններ ու հիմա հազվադեպ ենք նայում իրար աչքի: Իսկ ինչ կա՝ աչքերի մեջ է, խորքում, կիսաթափանցիկ քողերի ետևում, անծայրածիր, չճանաչված…» (ՏՁՊ, 153):
Նման իրավիճակում մարդը սոսկալիորեն մենակ է: Վերստին արծարծվում է էկզիստենցիալիստական այն հարցադրումը, թե որն է կյանքի իմաստը, ինչ է մահը, ինչ է տանելու մարդը իր հետ: Իսկ պատասխանը հանգեցնում է կյանքի և մահվան հավերժական շրջապտույտի գաղափարին. մարդը ծնվում է մենակ, անպաշտպան, անօգնական և նույն կերպ էլ լքում է իր երկրային կյանքը:                   5. Հակասական ցանկություններն ու վախերը: Քաոտիկ իրականության մեջ ապրող մարդուն համակում են իրարամերժ ցանկություններ ու կրքեր, որոնցով հաստատվում է կյանքի բնական օրինաչափությունը: Այդ ցանկությունները մշտապես պարուրված են վախի մթնոլորտով. մարդը ուզում է սիրել, բայց վախենում է սիրելուց, ցանկանում է մեռնել, բայց վերջին պահին նո՛ւյնիսկ զառամյալ ծերունուն հայտնի է դառնում կյանքի հրաշքը, որ հենց ինքը Կյանքն է, մարդը ցանկանում է մոռանալ, բայց վախենում է ինքնությունը կորցնելուց, ձգտում է մենության, սակայն լռությունը սարսափեցնում է նրան… Այլ խոսքով՝ այս ներհակությունները լցնում են մարդկային հոգու դատարկ տարածությունները: Դա ժամանակակից մարդու ողբերգությունն է, որը Հենրիկ Էդոյանի կողմից ինքնատիպ ձևակերպում է ստացել, այն է՝ ես ուզում եմ այն, ինչ չեմ ուզում, և չեմ ուզում այն, ինչ ուզում եմ…
6. Լույսը՝ ընթացքի վերջում:        Արվեստի ցանկացած ոլորտ ունի իրականության արտացոլման իր սկզբունքներն ու եղանակները: Անկախ այդ ձևերի բազմազանությունից՝ արվեստի խնդիրը բոլոր դեպքերում պիտի լինի մարդուն, որը կարող է լինել ընթերցող, ունկնդիր, դիտող և այլն, ոչ թե տանել դեպի խավար փակուղի, այլ ամենից խավար իրականությունը պատկերելով հանդերձ՝ ցույց տալ թունելի վերջում նշմարվող լույսը:
Գուրգեն Խանջյանի՝ խնդրո առարկա ստեղծագործությունները դիտարկելով գեղարվեստական ամբողջության մեջ՝ կարող ենք վստահաբար ասել, որ դրանցում նշմարելի է այդ լույսը: «Հիվանդանոց»-ից մինչև «Տուր ձեռքդ, պստլո» վեպը խավար-լույս հարաբերակցությունը գնալով փոխվում է, և լույսը սկսում է ավելի ու ավելի պայծառ դառնալ: «Հիվանդանոց»-ի հերոս Գրիգորը, հոգնած կյանքից, իրեն կրնկակոխ հետևող, յուրաքանչյուր քայլին իրենից էլ առաջ արդեն իսկ հասու եղած համակարգից, միակ ելքը տեսնում է ինքնասպանության մեջ՝ ակամա դառնալով մարդասպան, մեկը, «ով հրաժարվում է կատարել իր առաքելությունը»: Վերջին բառից, այնուամենայնիվ, երևում է, որ հեղինակը հավատում է արարչագործությանը, մարդու՝ ինչ-որ կարևոր նշանակությամբ աշխարհ գալու առաքելությանը, պարզապես ըմբոստանում է. «Կեռից կախված արնաքամ ըմբոստություն: Տարօրինակ էր այս ամենը…» (Հ, 326):
«Ենոքի աչքը» վեպում արդեն հերոսների էկզիստենցիալ դեգերումները անդառնալի փակուղի չեն տանում: Եղբայրներից յուրաքանչյուրը հաշտվում է իր վիճակի հետ, իրենց պատյանի մեջ ամփոփված՝ ամեն դեպքում կատարվում է միմյանց աչքերի մեջ նայելու, հայացք փնտրելու թեկուզ վայրկենական փորձը, որը ակնարկ է հաշտության, միտում՝ դուրս գալու մենության աշխարհից: Արդեն հաջորդ վայրկյանին «մեքենայի աճող արագությունը պոկում էր նրանց իրարից…» (ԵԱ, 279):
«Սպանել Փրկչին» վեպը ավարտի առումով շատ ավելի հարազատ է վերջին՝ «Տուր ձեռքդ, պստլո» վեպին: Իրենից, իր ես-ից, կասկածներից անվերջ փախչող Չունակը ի վերջո կարողանում է հանդիպել հոգեկան թեթևությանը՝ հայացքն ուղղելով դեպի տուն, հայրենի եզերք:
Փախուստի և վերադարձի ու հաշտության ընթացքը շատ ավելի ավարտուն է վերջին վեպում, որի վերնագիրն էլ պատահական չէ: Ո՞վ է պստլոն, ո՞վ է այն մարդը, ով օգնության ձեռք է մեկնել նրան: Հետևելով վեպի ներքին զարգացմանը՝ կարելի է նշել, որ առաջին իսկ էջից շրջմոլիկի վիճակում հայտնված Գրիգը վերջապես գտնում է հանգակետը՝ վերադառնալով մանկությանը: Դա սերունդների շղթայական կապը իր մեջ ամուր կրող, գենետիկ հիշողությունը պահպանած անհատն է, ով կատարում է դարձ դեպի մանկություն, դեպի ակունքներ: Այսպիսի ավարտը միանգամից չի լինում: Հետևենք ընթացքին: Եթե սկզբում նա հոռետես է, միայնակ իր վշտերի ու ցանկությունների մեջ, եթե անվերջ հեռանում է՝ փորձելով տարածությունը դարձնել երկվությունն ու մենությունը փարատելու միջոց՝ երբեմն ապավինելով օղուն, երբեմն՝ ներքին լռությանը, հետո տունդրան է դառնում ժամանակավոր փրկօղակ: Սակայն ամեն ինչի մեջ մեծ իմաստ ու խորհուրդ փնտրող մարդու համար վերջապես բացվում է գերփոքր մասնիկի առեղծվածը, երբ վերադառնում է հին տուն և տեսնում իր ու իր նախնիների հին իրերը. «Ո՞նց հայտնվեց կորած թառը, կափարիչն ո՞վ է բացել, ե՞ս… Ինձանից քանի՞ հատ կա էս աշխարհում՝ մտածեց Գրիգը, հիշեց գերփոքր մասնիկի առեղծվածը, որը նույն պահին կարողանում է երկու անցքով անցնել» (ՏՁՊ, 287): Ոչնչի, մահվան գաղափարներով համակված հերոսը ընթացքի ավարտին գիտակցում է իր մեջ դրված կենսական լիցքերի մասին, անվերջ ժխտողական հարցերը՝ «որ ի՞նչ, ի՞նչ եմ վերադարձնելու, ի՞նչ եմ շահելու, ինչի՞ն եմ ինձ պատրաստում…», հանգեցնում են Վերին Մարդու գաղափարին. «Ներսում՝ խորհրդավորության միջից բարձրանում էր Վերին Մարդը՝ իր ներողամիտ-հեգնական ժպիտով, Նա գիտի, Նա գիտի Բան, որ Գրիգը չգիտի, և լինի մեքենայի տակ ընկած շան հոգեվարքի ներկայությամբ, թե հարազատի մահվան լուրի ազդեցության տակ, թե ընկճախտի ճահճում խրված՝ Վերին Մարդը ներսում ներողամիտ-հեգնական ժպտում է և իր ժպիտով ասում՝ ցավալի է, խոսք չունեմ, բայց խաղ է, փորձարարություն, էդ բոլորի իսկականն ուրիշ տեղում է, հետո ես տեսնելու» (ՏՁՊ, 275):
Այս գիտակցությունից էլ սկզբի և վախճանի նույնացման գաղափարն է ծնվում: Հերոսը ավարտում է այն կետից, որից մեկնարկել էր. «Ես չգիտեի, որ վերջից պոկվում՝ սակայն էլի վերջ եմ տարվում, որ այնտեղ, ուր սլանում է կյանքը, հեռու առջևում կամ էլ շատ մոտիկ, դարձյալ վերջն է» (ՏՁՊ, 279): Նա կատարում է վերջին պտույտը՝ փորձելով գտնել այն վայրերն ու մարդկանց, որոնց ինքն էր ընտելացել կամ, գուցե, ընտելացրել՝ Էյյային, Ուլեի փչակը, հին ընկերներին, սակայն նրանք անհետ կորել էին, ապա, օվկիանոսը փնտրելով, նա հանկարծորեն համակվում է Սևանա լճի կապույտ աչքն անակնկալ տեսնելու պատանեկան խնդությամբ, ազատվում է նախկինում իրեն մշտապես ճնշած ժամացույցների, օրացույցների ու կողմնացույցների ստրկացնող ազդեցությունից, պարուրվում է լավատեսությամբ և թեթևությամբ՝ այլևս չնյարդայնանալով երբեմն կատաղության հասցնող երևույթներից (օրինակ՝ խռմփոցից): Ներքին ձայնը նրան կոչ է անում՝ Սթափվի՛ր, և իր ներքին անդորրը գտած, խաղաղ մենությունը վերադարձրած Մարդը ամուր ոտքերով կանգնում է ի՛ր քաղաքում. «Այն կողմում քաղաքն է, քո քաղաքը», նրան ջերմացնում է կենսատու արեգակը. «Արևը չքվեց, տեղը ստվեր եկավ, տագնապած փնտրեց՝ հակառակ կողմում գտավ նրան, տեղափոխվեց՝ մյուս այտը դեմ արեց, և իրեն թվաց՝ ողորկ մաշկով կենսալեցուն պատանեկան այտն է հիմա խաղում արևի հետ» (ՏՁՊ, 324): Քաղաքը, արևը, կորցրած մանկություն-պատանեկությունը վերագտած հերոսը գտնում է նաև Աստծուն: Վեպի վերջում վանքի բարձրաթռիչ գմբեթի պատկերը թերևս Աստվածային անհասության խորհրդանիշն է: Ծերացած մանուկը լսում է մոր արգանդի տրոփը՝ մանկության զարկը, «մտածեց՝ երբ պատրանքները հանում ես միջիցդ, տեղը խաղաղություն է լցվում, ավարտի ընթացքին խաղաղությունը շատ է կարևոր, խաղաղ հոգով սպասելը դյուրին է, ինչ-որ տեղ՝ նույնիսկ հաճելի: Խաղաղ սպասել: Խաղաղ կենալ: Օրը կգա՝ կհանդիպեն, Ձեռքն անհայտությունից դուրս կսահի, կմոտենա, կպարզի ափը, կասի՝ տո՛ւր ձեռքդ, պստլո, ե՛ս եմ քեզ բերել, ե՛ս էլ տանելու եմ, արի՛…» (ՏՁՊ, 326-327):

 

[1] Գուրգեն Խանջյան, Սպանել Փրկչին, Եր., 2001, էջ 14:

[2] Նույն տեղում, էջ 43:

[3] Տե՛ս Գուրգեն Խանջյան, Տուր ձեռքդ, պստլո, Եր., 2017, էջ 118:

[4]  Գուրգեն Խանջյան, Ենոքի աչքը, Եր., 2012, էջ 35:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *