Սիդար Քիզ
(հատված)
Հոկտեմբերի 23։ Այսօր ես հասա ծով։ Երբ դեռ շատ մղոններ հեռու էի` արմավենիների անտառում, զգացի աղի ծովային քամու բույրը, որը, թեև այդքան տարիներ ապրել էի ծովային քամուց հեռու, հանկարծակի արթնացրեց իմ մեջ Դանբարը, նրա ժայռոտ ափը, քամիներն ու ալիքները։ Եվ իմ ողջ մանկությունը, որը, կարծես, լիովին անհետացել էր Նոր Աշխարհում, այժմ վերականգնվել էր Ֆլորիդայի անտառներում՝ ծովի այդ մեկ շնչից։ Մոռացվել էին արմավենիները, մագնոլիաները և հազարավոր ծաղիկները, որոնք շրջապատում էին ինձ։ Ես տեսնում էի միայն լոռեր և ջրիմուռներ, երկարաթև ճայեր, Բաս ժայռը, Ֆորթի ծովածոցը և հին ամրոցը, դպրոցները, եկեղեցիները և երկար գյուղական զբոսանքները՝ թռչունների բներ որոնելիս: Ես չեմ զարմանում, որ հոգնած ուղտերը, որոնք գալիս են այրող աֆրիկյան անապատներից, կարող են զգալ Նեղոսի բույրը։
Որքա՜ն անմահ են այն բոլոր տպավորությունները, որոնք երբևէ թրթիռ են առաջացրել մարդու կյանքում։ Մենք ոչինչ չենք կարող մոռանալ։ Հիշողությունները կարող են փախչել կամքի վերահսկողությունից, կարող են երկար ժամանակ քնել, բայց ճիշտ ազդեցության տակ խթանվելով, նույնիսկ եթե այդ ազդեցությունը թեթև է ստվերի պես, դրանք փայլում են ամբողջ հասակով և կենդանությամբ՝ ամեն ինչ իր տեղում պահելով։ Տասնինը տարի իմ տեսողությունը սահմանափակված էր անտառներով, բայց այսօր, արևադարձային բույսերի բազմությունից դուրս գալով, ես տեսա Մեքսիկական ծոցը, որը բացի երկնքից այլ սահման չուներ։ Ի՜նչ երազներ և մտորումների նյութեր ծնունդ առան, երբ ես կանգնած էի ծովափին՝ նայելով փայլուն, ծառազուրկ հարթավայրին։
[…]
Այս թանկագին կղզյակների կլիման պարզապես բաղկացած է տաք ամառից և ավելի տաք ամառից, որոնք համապատասխանում են հյուսիսում ձմռանն ու ամռանը։ Երկվորյակ ամառների միացման կետերում եղանակը հարթ է ընթանում։ Փոթորիկներից քչերն են շատ աղմկոտ կամ փոփոխական։ Դեկտեմբերին օրվա միջին ջերմաստիճանը ստվերում մոտ վաթսունհինգ աստիճան էր, բայց մի օր մի փոքր խոնավ ձյուն տեղաց։ Սիդար Քիի տրամագիծը երկուսուկես կամ երեք մղոն է, իսկ ամենաբարձր կետը միջին մակընթացության ջրից քառասունչորս ոտնաչափ բարձր է։ Այն շրջապատված է բազմաթիվ այլ քիերով [ցածրադիր ավազոտ կղզյակ, ծ.թ.], որոնցից շատերը նման են արմավենիների կույտի` նրբաճաշակ ծաղկեփունջի պես դասավորված և ասես դրված ծովում՝ թարմ պահելու համար։ Մյուսներն ունեն կաղնիների և գիհիների բավականին մեծ շերտ, որոնք գեղեցիկ միաձուլված են պատատուկներին։ Մյուսները կազմված են խեցիներից, մի քանի խոտաբույսերից և մանգրովներից, որոնց եզրերը շրջապատված են եղեգներով: Նրանք, որոնք ունեն մամռոտ ելուստներ, սիրելի հանգստավայր են անթիվ ջրային և սուզվող թռչունների համար, հատկապես հավալուսների, որոնք հաճախ սպիտակեցնում են ափը որպես փրփուրի օղակ։
Հաճելի է դիտել այս փետրավոր անհատների հավաքույթը անտառներից և եղեգնյա կղզիներից. ալիքների գագաթների պես սպիտակ կամ երկնքի պես կապույտ ձկնկուլներ, որոնք լայն, հանգիստ թևերով մաղում են տաք օդը. ծովային հավալուսներ, որոնք գալիս են իրենց զամբյուղները լցնելու, և օդային բազմաթիվ փոքրիկ նավաստիներ, ծիծեռնակների պես արագաշարժ, նրբագեղորեն զբաղեցնում են իրենց տեղերը Բնության ընտանեկան սեղանի շուրջ՝ իրենց հանապազօրյա հացի համար: Երջանիկ թռչուններ։
Ծաղրասարյակը նրբագեղ կազմվածք ունի և գեղեցիկ երգիչ է, պարզ հագնված, բավականին ծանոթ սովորություններով, շիկահավերի նման հաճախ գալիս է դռան շեմին փշրանքների համար. ազնիվ կերպար է` բոլորի կողմից սիրված: Վայրի սագերը շատ են ձմռանը, կապ ունեն բրենտ-սագի հետ, որոնց որոշ տեսակներ ես երբեք չեմ տեսել Հյուսիսում: Կան նաև շիկահավերի, սգացող աղավնիների, կապույտ թռչունների և հրաշալի շագանակագույն կեռնեխների մեծ երամներ: Փոքր թռչունների մեծ մասը լավ երգիչներ են: Այստեղ կան նաև ագռավներ, որոնցից մի քանիսը կռկռում են օտար առոգանությամբ: Սովորական սպիտակ լորը ես նկատել եմ բավականին հարավ՝ ընդհուպ մինչև կենտրոնական Ջորջիա:
Մյուս էջում ուրվագծված Լայմ Քին ափի այս հատվածի Ֆլորիդա քիերի գեղեցիկ օրինակ է: [Բնօրինակ օրագրի] մեկ այլ էջում ուրվագծված Օպունտիա կակտուսի մի կտոր վերը նշված Քիից է և այնտեղ առատորեն աճում է: Մեկ դյույմ երկարությամբ պտուղը հավաքում են և պատրաստում թանձրուկ, որը ոմանց դուր է գալիս: Այս տեսակը ձևավորում է փշոտ, անթափանց թփուտներ: Մի այդպիսի կուտակման երկարությունը տասնհինգ դյույմ էր:
Ֆլորիդայի մայրցամաքային մասը կղզիներից պակաս առողջարար է, բայց այս ափի ոչ մի հատված, ինչպես նաև Մերիլենդից մինչև Տեխաս ձգվող հարթ սահմանը, լիովին զերծ չէ մալարիայից։ Այս տարածաշրջանի բոլոր բնակիչները սևամորթ թե սպիտակամորթ, ենթակա են մշտապես առկա տենդի, չհաշված խոլերայի և դեղին տենդի համաճարակները, որոնք հողմի պես հանկարծակի գալիս և գնում են գետնահարելով բնակչությանը և բացեր առաջացնելով, ինչպես փոթորիկներն անտառներում։
Մեզ ասում են, որ աշխարհը ստեղծվել է հատկապես մարդու համար՝ ենթադրություն, որը չի հաստատվում բոլոր փաստերով։ Մարդկանց մի մեծ խումբ ցավալիորեն զարմանում է, երբ Աստծո ողջ տիեզերքում գտնում է որևէ բան՝ կենդանի կամ մեռած, որը նրանք չեն կարող ուտել կամ որևէ կերպ վերածել մի բանի, որը նրանք անվանում են իրենց համար օգտակար։ Նրանք ունեն ճշգրիտ դոգմատիկ պատկերացում Արարչի մտադրությունների մասին, և նրանց Աստծու մասին խոսելիս նույնքան դժվար է մեղավոր համարվել անհարգալից վերաբերմունքի մեջ, որքան հեթանոս կուռքերի պարագայում: Նա համարվում է քաղաքակիրթ, օրինապահ ջենտլմեն, որը կողմ է կա՛մ հանրապետական կառավարման ձևին, կա՛մ սահմանափակ միապետությանը, հավատում է Անգլիայի գրականությանը և լեզվին, անգլիական սահմանադրությանը, կիրակնօրյա դպրոցներին և միսիոներական ընկերությունների ջերմեռանդ ջատագով է, և նույնքան ամբողջապես շինծու առարկա է, որքան կես պեննիանոց թատրոնի ցանկացած տիկնիկ։
Արարչի մասին նման տեսակետների առկայությամբ, իհարկե զարմանալի չէ, որ արարման մասին սխալ տեսակետներ են առաջանում։ Այսպիսի պատշաճ կերպով ձևված մարդկանց համար, օրինակ, ոչխարը հեշտ խնդիր է՝ այն սնունդ և հագուստ է «մեզ համար», ուտում է խոտ և երիցուկներ, սպիտակ է՝ աստվածային նշանակությամբ, այս նախասահմանված նպատակի համար, ի նկատի առնելով Եդեմի պարտեզում խնձոր ուտելու հետևանքով առաջացող բրդի պահանջարկը։
Նույն այդ հաճելի ծրագրով, կետերը մեզ համար յուղի պահեստներ են՝ աստղերին օգնելու լուսավորելու մեր մութ ճանապարհները նախքան Փենսիլվանիայի նավթահորերի հայտնաբերումը։ Բույսերից կանեփը, էլ չխոսենք հացահատիկների մասին, նպատակի ակնհայտ օրինակ է նավերի պարանների, ապրանքի փաթեթավորման և չարագործներին կախելու համար։ Մեկ այլ պարզ օրինակ է բամբակը հագուստի համար: Երկաթը ստեղծվել է մուրճերի և գութանների համար, իսկ կապարը՝ փամփուշտների համար. բոլորը նախատեսված են մեզ համար։ Եվ նույնը շատ այլ փոքր աննշան բաների պարագայում:
Բայց եթե մենք հարցնենք Աստծո մտադրությունների այս խորը մեկնաբանողներին, ի՞նչ կասեն այդ մարդակեր կենդանիների՝ առյուծների, վագրերի, ալիգատորների մասին, որոնք շրթունքներն են լպստում հում մարդու տեսնելիս: Կամ այն բազմաթիվ վնասակար միջատների մասին, որոնք ոչնչացնում են մարդու աշխատանքը և խմում նրա արյունը։ Անկասկած, մարդն էլ նախատեսված է նրանց համար ուտելիք և խմելիք դառնալու համար։ Ախ, ոչ։ Ամենևին էլ ոչ։ Սրանք անլուծելի դժվարություններ են, որոնք կապված են Եդեմի խնձորի և Սատանայի հետ։ Ինչո՞ւ է ջուրը խեղդում իր տիրոջը։ Ինչո՞ւ են այդքան շատ հանքանյութեր թունավորում նրան։ Ինչո՞ւ են այդքան շատ բույսեր և ձկներ մահացու թշնամիներ։ Ինչո՞ւ է արարչագործության պսակը ենթարկվում կյանքի նույն օրենքներին, ինչ իր հպատակները։ Ախ, այս ամենը սատանայական է կամ ինչ-որ կերպ կապված է Առաջին Պարտեզի հետ։
Դե, այս հեռատես ուսուցիչների մտքով երբեք չի անցնում, որ Բնության նպատակը կենդանիներ և բույսեր ստեղծելիս, հնարավոր է, առաջին հերթին լինի նրանցից յուրաքանչյուրի երջանկությունը, այլ ոչ թե բոլորի ստեղծումը մեկի երջանկության համար։ Ինչո՞ւ պետք է մարդը իրեն գնահատի որպես արարչագործության մեկ մեծ միավորի մի փոքր մասից ավելին։ Եվ այն ամենից, ինչ Տերը ջանք է գործադրել ստեղծելու համար, ո՞ր արարածը էական չէ այդ միավորի՝ տիեզերքի ամբողջականության համար։ Տիեզերքը թերի կլիներ առանց մարդու. բայց այն նաև թերի կլիներ առանց ամենափոքր տրանսմիկրոսկոպիկ արարածի, որը բնակվում է մեր ինքնագոհ աչքերից և գիտելիքներից այն կողմ։
Երկրի հողից, ընդհանուր տարրերի հիմքից, Արարիչը ստեղծել է Հոմո Սապիենսին։ Նույն նյութից նա ստեղծել է մնացած բոլոր արարածներին, որքան էլ վնասակար և աննշան լինեն մեզ համար։ Նրանք երկրային ծնունդներ են և մեր դրկից մահկանացուները։ Խառնիճաղանջ կարկատանի նմանվող մեր այս ժամանակակից քաղաքակրթության սարսափելիորեն բարյացակամ ուղղափառները «հերետիկոս» են հորջորջում յուրաքանչյուրին, որի համակրանքը հասնում է մեր սեփական տեսակի սահմանային էպիդերմիսից մի մազ այն կողմ։ Չբավարարվելով ամբողջ երկիր մոլորակով` նրանք նաև հայտ են ներկայացնում երկնքի հանդեպ, քանի որ միայն իրենք ունեն այնպիսի հոգիներ, որոնց համար պլանավորված է այդ անկշռելի արքայությունը:
Այս աստղը, մեր սեփական բարի Երկիր մոլորակը, բազմաթիվ հաջող ճամփորդություններ է կատարել երկնքի շուրջ նախքան մարդու ստեղծվելը, և արարածների ամբողջ թագավորություններ են վայելել գոյությունը և հող դարձել, նախքան մարդու հայտնվելը դրանց դեմ պահանջատիրական հայց ներկայացնելու: Երբ մարդիկ նույնպես իրենց դերը խաղան Արարչագործության ծրագրում, նրանք նույնպես կարող են անհետանալ առանց որևէ ընդհանուր այրման կամ արտակարգ իրարանցման։
Բույսերին վերագրվում է միայն մշուշոտ և անորոշ զգայունակություն, իսկ հանքանյութերին՝ բացարձակապես ոչ մի: Բայց ինչո՞ւ նույնիսկ նյութի հանքային կառուցվածքը չի կարող օժտված լինել այնպիսի զգացողությամբ, որի հետ մենք՝ մեր կույր բացառիկ կատարելության մեջ, չենք կարող որևէ կերպ հաղորդակցվել։
Բայց ես շեղվել եմ իմ թեմայից։ Մեկ կամ երկու էջ առաջ նշել էի, որ մարդը պնդում էր, որ երկիրը ստեղծվել է իր համար, և ես պատրաստվում էի ասել, որ թունավոր գազանները, փշոտ բույսերը և մահացու հիվանդությունները Երկրի որոշ մասերում ապացուցում են, որ ամբողջ աշխարհը չի ստեղծվել իր համար։ Երբ արևադարձային կլիմայից կենդանին տեղափոխվում է բարձրադիր գոտիներ, այն կարող է մահանալ ցրտից, և մենք ասում ենք, որ նման կենդանին երբեք նախատեսված չի եղել այդքան դաժան կլիմայի համար։ Բայց երբ մարդը տեղափոխվում է արևադարձային հիվանդությունների գոտի և վախճանվում, նա չի կարող տեսնել, որ ինքը երբեք նախատեսված չի եղել նման մահացու կլիմայական պայմանների համար։ Ոչ, նա ավելի շուտ կմեղադրի Նախամայր Եվային որպես դժվարության պատճառ, չնայած վերջինս երբեք երևի տենդային զոնա չի տեսել, կամ կհամարի այն նախախնամության պատիժ՝ մեղքի որևէ ինքնահորինված ձևի համար։
Ավելին, բոլոր անուտելի և անքաղաքակիրթ կենդանիները, ինչպես նաև բոլոր բույսերը, որոնք փշեր են կրում, ցավալի չարիքներ են, որոնք, ըստ հոգևորականության մանրակրկիտ հետազոտությունների, պահանջում են համընդհանուր մոլորակային այրման մաքրող քիմիան։ Բայց մարդկությունն ամեն ինչից ավելի կարիք ունի այրման, քանի որ մեծ մասամբ չար է, և եթե այդ անդրաշխարհային վառարանը կարող է այնպես կիրառվել և կարգավորվել, որ մեզ հալեցնի և մաքրագործի՝ համապատասխանեցնելով այն երկրային արարչագործության մնացած մասի հետ, ապա անկանոն հանճար Homo-ի վերափոխումը կլինի մի ավարտ, որի համար պետք է բարեպաշտորեն աղոթել։ Բայց, ուրախ լինելով թողնել այս եկեղեցական կրակներն ու սխալները` ես ուրախությամբ վերադառնում եմ Բնության անմահ ճշմարտությանը և անմահ գեղեցկությանը։
Սառցադաշտերի Ծոցի հայտնաբերումը, 1895 թ.
(հատված)
Հունա սառցադաշտը ֆյորդ է մտնում հարավային կողմից՝ Խաղաղ օվկիանոսից ոչ շատ հեռու դեպի ներքև, և բացում է լայն և հեռուն ձգվող մի տեսարան, որի վրայով երևում են Ֆեյրվեդեր լեռնաշղթայի բազմաթիվ բարձր գագաթներից շատերը։ Սակայն ֆյորդի մեջ մղված նրա ճակատային պատը ամենևին այնքան հետաքրքիր չէ, որքան Խաղաղ օվկիանոսինը, և ես չնկատեցի, որ նրանից որևէ սառցաբեկոր արձակվեր։
Այդ երեկո, երբ տեսանք վեհաշուք գագաթների և սառցադաշտերի քողազերծումը և նրանց մկրտությունը թափվող արևաշողերի մեջ, թվում էր՝ անհնար է, որ բնությունը մեզ դրանից ավելի հրաշալի մի բան ցույց տա։ Եվ այնուամենայնիվ, հաջորդ առավոտ մեզ սպասող տեսարանի համեմատությամբ այդ ամենը գրեթե ոչինչ էր։ Մեր տեսադաշտի սահմաններում գեղեցիկ արշալույսը որևէ արտասովոր բանի խոստում չէր տալիս։ Նրա ամենատպավորիչ գծերն էին երկնքի սառնաշունչ պարզությունը և խորը, մտածկոտ լռությունը, որն ավելի էր ընդգծվում սառցաբեկորների ընդհատվող որոտով։ Արևածագը մենք ընդհանրապես չտեսանք, քանի որ գտնվում էինք ֆյորդի ժայռերի ստվերում, սակայն մեր ուսումնասիրությունների ընթացքում հանկարծակիի եկանք` տեսնելով, որ Ֆեյրվեդեր լեռների ամենաբարձր գագաթի վրա մի կարմիր լույս հայտնվեց, որը վառվում էր տարօրինակ, ոչ երկրային փայլով։ Եվ փոխանակ այն նույնքան հանկարծակի անհետանար, ինչպես հայտնվել էր, այն շարունակ ընդարձակվեց, մինչև ամբողջ լեռնաշղթան՝ մինչև սառցադաշտերի մակարդակը, լցվեց այդ երկնային կրակով։
Սկզբում նրա գույնը ալ բոսորագույն էր՝ խիտ, մորթենման տեսքով, նույնքան նուրբ, որքան ալպյան լուսարձակումը, բայց աննկարագրելիորեն հարուստ և խորը։ Այն ամենևին նման չէր հագուստի կամ արտաքին շողքի, որի միջով կարելի էր ակնկալել տեսնել ժայռերը կամ ձյունը․ այլ թվում էր, թե յուրաքանչյուր լեռ իր սրտից է շողում՝ ինչպես դարբնի վառարանից նոր դուրս եկած հալված մետաղը։ Ֆյորդի սառնաշունչ ստվերների տակ մենք կանգնած էինք լուռ և ակնածալի` հայացքներս հառած այդ սրբազան տեսիլքին․ և եթե անգամ տեսնեինք, որ երկինքը բացվում է, և հայտնվում է Աստված, մեր ուշադրությունը չէր կարող ավելի ուժգին լարված լինել, քան այդ պահին։
Երբ ամենաբարձր գագաթը սկսեց վառվել, չէր թվում, թե այն ողողված է արևի լույսով, որքան էլ փառահեղ լիներ, այլ ավելի շուտ՝ կարծես մխրճված լիներ հենց արևի մարմնի մեջ։ Այնուհետև գերբնական կրակը դանդաղ իջնում էր ներքև՝ սուր սահմանագծով առանձնանալով ներքևի սառը, ստվերոտ հատվածից, և գագաթ առ գագաթ, իրենց սուր կատարներով և եզրերով, շերտ առ շերտ իջնող սառցադաշտերով, ընդունում էին այդ երկնային շողքը, մինչև այդ ողջ հզոր բազմությունը կանգնած էր կերպարանափոխված, լուռ և մտախոհ` ասես սպասելով Տիրոջ գալստյանը։
Սիեռայի լուռ գագաթների մեջ, երբ միայնակ էի, վաղորդյան սպիտակ, ճառագայթազուրկ լույսը միշտ ինձ թվացել էր Աստծո երկրային դրսևորումներից ամենազդեցիկը։ Բայց այստեղ հենց լեռներն էին աստվածային դարձել և Նրա փառքը հռչակում էին ավելի տպավորիչ կերպով: Չգիտեմ որքան ժամանակ նայեցինք։ Փառահեղ տեսիլքը կամաց-կամաց մարեց՝ հազարավոր գունային երանգներով փոխվելով դեպի գունատ դեղինն ու սպիտակը, և ապա սառցե աշխարհի գործը նորից շարունակվեց իր առօրյա գեղեցկությամբ։
Ֆյորդի կանաչ ջրերը լցվեցին արևի կայծերով, և դեպի վեր ցատկոտող քամու հետ սառցաբեկորների նավատորմը ճանապարհ ընկավ: Այդ սառցալեռների անհամար հայելիների և պրիզմաների վրա, ինչպես նաև սառցադաշտերի փշրված բյուրեղապակե պատերի վրա, սկսեցին շողալ սովորական սպիտակ լույսն ու ծիածանագույն լույսը, մինչդեռ լեռները, վերածվելով քարի, հագան իրենց սառնաշունչ զարդերը և կրկին երևացին նուրբ կապույտի մեջ՝ խաղաղ, երկրային վեհությամբ։
Մենք շրջվեցինք և նավարկելով հեռացանք` միանալով դուրս ընթացող սառցաբեկորներին, իսկ «Gloria in excelsis (Փառք Բարձրյալին, ծ.թ.)» ներբողը կարծես դեռ հնչում էր ողջ սպիտակ բնապատկերի վրա, և մեր բորբոքված սրտերը պատրաստ էին ցանկացած ճակատագրի՝ զգալով, որ ինչ էլ ապագան պահած լիներ մեզ համար, ձեռք բերած գանձերը հավերժ հարստացնելու էին մեր կյանքը։
Մեր ազգային պարկերը, 1901 թ.
Գլուխ 1
(հատված)
Հաճելի է տեսնել մեր օրերում վայրի բնության գրկում թափառելու միտումը:
Հազարավոր հոգնած, նյարդերը քայքայված, չափից դուրս քաղաքակրթված մարդիկ սկսում են հասկանալ, որ լեռներ գնալը նշանակում է վերադառնալ տուն, որ վայրիությունը անհրաժեշտություն է, և որ լեռնային պարկերը և արգելոցները արժեքավոր են ոչ միայն որպես փայտանյութի և ոռոգող գետերի աղբյուրներ, այլ որպես կյանքի աղբյուրներ։ Արթնանալով գեր-արդյունաբերական աշխատանքի թմրեցնող արատից և շքեղության մահաբեր անտարբերությունից՝ նրանք փորձում են, որքան կարող են, իրենց փոքրիկ ընթացքը խառնել և հարստացնել Բնության ընթացքով, ազատվել ժանգից և հիվանդությունից։
Խիզախորեն դուրս գալով և թափառելով՝ ոմանք ամբողջօրյա լեռնային փոթորիկների մեջ լվանում են մեղքերը և սատանայի հյուսած սարդոստայնանման հոգսերը․ թափառում են խեժաբույր սոճուտներում կամ բոգերով պատված մարգագետիններում, ճեղքում փշոտ թփուտները, խոնարհվում և բաժանում քաղցր, ծաղկավետ ճյուղերը․ հետևում են գետերին մինչև դրանց ակունքները՝ շփման մեջ մտնելով Մայր Երկրի նյարդերի հետ․ ցատկում են ժայռից ժայռ, զգում դրանց կյանքը, սովորում դրանց երգերը, շնչակտուր լինում ամբողջ հոգով կատարվող վարժությունից և հրճվում լիակատար վայրիության խորը, երկարաշունչ շնչառությամբ։ Այս ամենը հիանալի է, բնական և խոստումնալից:
Ճամփորդություն դեպի Ալյասկա (1897 թ.)
(հատված)
Վայրի բնության սիրահարի համար Ալյասկան առաջարկում է փառահեղ մի դաշտ՝ թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի համար․ բնապատկերի գեղեցկություն՝ հազարավոր ձևերով, մեծ և փոքր երևույթներ, նոր և ծանոթ, դրախտի պես վայրի և մաքուր։ Ուր էլ թափառես, վայրիությունը՝ միշտ թարմ և միշտ գեղեցիկ, հանդիպում է քեզ անվերջ բազմազանությամբ․ սառցածածկ լեռներ՝ հարյուրավոր մղոններ ձգվող, սուր գագաթներով և սրածայր ելուստներով, խիտ կուտակված գլուխ գլխի, ինչպես ծառերը պուրակներում, և այնքան բարձր, այնքան աստվածային կերպով պաճուճված ամպերով և օդով, որ թվում է՝ ավելի շատ երկնքին են պատկանում, քան երկրին։ Ցամաքային մասում հարթավայրեր՝ խոտածածկ և ծաղկաշատ, կետագծված պուրակներով և շուրջբոլորը՝ մինչև երկնքի եզրը, ծովերի պես տարածվող․ լճեր և աղբյուրներ, փայլող և երգող, փռված լաբիրինթոսանման ասեղնագործությամբ պատված սավաններով` անթիվ, անչափելի առատությամբ, լուսավորելով յուրաքանչյուր բնանկար և հավերժ թարմ և պտղաբեր պահելով հողը․ մշտադալար անտառներ, որոնք աճում են միմյանց այնքան մոտ, ինչպես խոտի շեղբերը, փառահեղ շքերթով պատելով հազարավոր կղզիներ և սարեր․ լեռներ, որոնք սառույցի ձեռագործ հուշարձաններ են, և լեռներ՝ հրաբխային կրակների հուշարձաններ․ պարտեզներ՝ լցված ամենագեղեցիկ ծաղիկներով, որոնք իրենց բույրը նվիրում են յուրաքանչյուր թափառող քամու․ և հեռու դեպի հյուսիս՝ հազարավոր մղոններ ձգվող օվկիանոսային սառույց, երբեմն՝ մառախուղի մեջ պատված, երբեմն՝ անգիշեր օրերի արևի տակ շողացող, ապա կրկին՝ ձմեռային փառքով փայլող բևեռային շողքի ճառագայթների ներքո,— ծովը, ցամաքը և երկինքը միավորված մեկ սպիտակ ճառագայթման մեջ՝ աստղի նման։
Փոթորիկներն էլ այստեղ նույնքան վայրի և վեհ են իրենց չափերով և տեսարաններով, որքան բնապատկերները դրանց ներքո․ նրանք ցուցադրում են ամպերի փառահեղ շքերթը՝ լեռների և հարթավայրերի վրայով շարժման մեջ, ձյան թռիչքը, երբ ամբողջ երկինքը ծաղկունքի մեջ է, տեղատարափ անձրևների հոսքերը, և ձնահյուսերի, սառցալեռների և գետերի որոտացող անկումը իրենց քարքարոտ կիրճերում։ Իսկ վայրի կենդանիների և վայրի մարդկանց բազմությունները՝ փետուրներով և մորթիներով հագնված, որ կռվում են, սիրում են, ապրուստ են հայթայթում, ողջ վայրիությունն էլ ավելի վայրի են դարձնում։
Այս ամենը, և անասելիորեն ավելին, սպասում է նրանց, որոնք սիրում են դա՝ տեսակով և քանակով լիովին բավարար թե՛ աստվածների, թե՛ մարդկանց համար։
Քսան բլուրների հովիտը, 1872 թ.
(հատված)
Հովիտը հեշտությամբ կարող են այցելել Յոսեմիթե ուղևորվող զբոսաշրջիկները, քանի որ այն Սնելինգսից ընդամենը մոտ վեց մղոն հեռավորության վրա է։ Բնագետի համար այն հետաքրքիր է բոլոր եղանակներին, սակայն հունվարից շուտ կամ ապրիլից ուշ այն քիչ բան ունի, որ կհետաքրքրի զբոսաշրջիկների մեծամասնությանը։ Եթե ցանկանում եք տեսնել, թե որքան լույս, կյանք և ուրախություն կարող է պարունակվել հունվար ամսվա մեջ, գնացեք այս օրհնյալ Հովիտը։ Եթե ցանկանում եք տեսնել բույսերի հարություն,— պայծառ ծաղիկների անթիվ բազմություններ, որոնք հողի միջից դուրս են հառնում ինչպես հոգիները դատաստանի օրը,— գնացեք Քսան Բլուրներ փետրվարին։ Եթե ճանապարհորդում եք առողջության համար, փախեք բժիշկներից և բարեկամներից, բլիթներ լցրեք գրպանները և թաքնվեք Հովիտի բլուրներում․ լողացեք նրա ջրերում, արևահարվեք նրա ոսկե լույսի մեջ, տաքացեք նրա ծաղկափայլի ներքո, և ձեր մկրտությունները ձեզ իսկապես նոր արարած կդարձնեն։ Կամ եթե խեղդվում եք հասարակության նստվածքներում, աշխարհից այնքան հոգնած,— այստեղ կցրվեն ձեր ամրացած կասկածները, կհալվեն ձեր մարմնեղեն կեղևները, և ձեր հոգին խորը և ազատ շունչ կքաշի Աստծո՝ գեղեցկության և սիրո անեզր մթնոլորտում։
Երբեք չեմ մոռանա իմ մկրտությունը այս ավազանում։ Դա տեղի ունեցավ հունվարին՝ հարության օր բազմաթիվ բույսերի և ինձ համար։ Հանկարծ հայտնվեցի նրա բլուրներից մեկի վրա․ Հովիտը շատրվանի պես լույսով էր ողողված, և միայն փոքրիկ անկյուններն էին մնացել արևազուրկ մամռուտների և պտերանոցների համար։ Հովիտի առվակը գետի պես կայծկլտում և ոլորապտույտ հոսում էր: Հողից բուրմունք էր գոլորշիանում։ Անասելի հարուստ լույսը շոյում էր ծաղիկները: Ճշմարիտ է,— ասացի ես,— Կալիֆոռնիան Ոսկե Նահանգ է՝ մետաղական ոսկով, արևի ոսկով և բուսական ոսկով։ Ամբողջ մի ամառվա արևափայլը կարծես խտացել էր այդ մեկ շողացող օրվա սահմաններում։ Երկնքից մաքրվել էր խամրության ամեն մի հետքը․ ամպերը փոշեզերծել և մաքրել էին լեռները՝ Պաչեկո գագաթը և Դիաբլո լեռը, և դրանց միջև ալիքաձև կապույտ պատը։ Վեհ Սիեռան ձգվում էր հարթավայրի երկայնքով՝ գունավորված չորս հորիզոնական գոտիներով․ ամենացածրը՝ վարդամանուշակագույն, հաջորդը՝ մուգ մանուշակագույն, ապա՝ կապույտ, և վերևում՝ գագաթների սպիտակ շարքը, որ մատնացույց էր անում երկինքը։
Կարելի է հարցնել․ ի՞նչ կապ ունեն հիսուն կամ հարյուր մղոն հեռու գտնվող լեռները Քսան Բլուրների Հովիտի հետ։ Վայրի բնության սիրահարների համար այդ լեռները հարյուր մղոն հեռու չեն։ Նրանց հոգևոր զորությունը և երկնքի բարությունը նրանց ընկերական շրջանի պես մերձեցնում են: Նրանք խոյանում են՝ ասես Հովիտի բլրապատ պատերի մի մասն են։ Չես կարող քեզ անմասն զգալ․ հարթավայրը, երկինքը և լեռները ճառագում են գեղեցկություն, որը դու զգում ես։ Դու լողում ես այդ ոգի-շողերի մեջ՝ պտտվելով, ինչպես խարույկի մոտ տաքանալիս։ Այդ պահին կորցնում ես սեփական առանձին գոյության գիտակցումը․ ձուլվում ես բնապատկերին և դառնում բնության անբաժանելի մասը։
Թարգմանությունը անգլերենից՝ Մերի Պողոսյանի

