Ալան Օսթենը, կատվի ձագի պես նյարդայնացած, բարձրացավ Փել Սթրիթի մոտակայքում գտնվող ինչ-որ մութ ու ճռճռան աստիճաններով ու երկար զննեց էժանագին սանդղահարթակը, մինչ գտավ իր ուզած անունը՝ անընթեռնելիորեն գրված դռներից մեկի վրա:
Նա հրեց դուռը՝ ինչպես իրեն կարգադրել էին և հայտվեց մի փոքրիկ սենյակում, որտեղ կահույքից միայն սովորական խոհանոցային սեղան էր, աթոռ ու մի ճոճաթոռ։ Մուգ դեղնավուն կեղտոտ պատերից մեկին մի քանի դարակներ էին ամրացված, որտեղ մոտ մի դյուժին* շշեր ու սափորներ էին շարված։ Ճոճաթոռին մի ծերունի էր նստած, թերթ էր կարդում։ Ալանը, առանց որևէ բառ ասելու, մեկնեց նրան իրեն տված այցեքարտը։
– Նստեք, պարոն Օսթին, – քաղաքավարիորեն ասաց ծերունին։ – Ուրախ եմ ծանոթանալու Ձեզ հետ։
– Ճի՞շտ է,- հարցրեց Ալանը, – որ Դուք մի որոշակի խառնուրդ ունեք, որ, ըմ, արտասովոր զգացողություններ է առաջացնում։
– Սիրելի պարոն, – պատասխանեց ծերունին, – իմ առևտրային պաշարն այդքան էլ մեծ չէ․ ես լուծողականներ կամ ատամնացավը բուժող լուծույթներ չեմ վաճառում։ Բայց իմ պաշարը բազմազան է։ Կարծում եմ, որ իմ ունեցած տեսականուց դժվար է որևէ բան համարել սովորական։
– Բանն այն է ․․․ – սկսեց Ալանը։
– Ահա, օրինակ, սա, – ընդհատեց նրան ծերունին՝ դարակից մի շիշ հանելով, – այս հեղուկը ջրի պես անգույն է և գրեթե անհամ, հնարավոր չէ զգալ սուրճի, գինու կամ էլ ցանկացած այլ խմիչքի մեջ։ Այն նաև անհնար է հայտնաբերել դիահերձման որևէ տարբերակով։
– Ուզում եք ասել, որ սա թու՞յն է, – սարսափած բղավեց Ալանը։
– Կոչեք այն ձեռնոց մաքրելու միջոց, եթե ցանկանում եք, – անտարբեր ասաց ծերունին, – գուցե մաքրում է։ Ես չեմ փորձել։ Կամ էլ կոչեք այն կյանքը մաքրելու միջոց։ Կյանքը երբեմն մաքրման կարիք ունի։
– Ինձ նման բան պետք չէ, – ասաց Ալանը։
– Դե, ավելի լավ, – ասաց ծերունին, – գիտե՞ք, թե ինչ արժի։ Մեկ թեյի գդալի համար, որը լիովին բավարար է, ես հինգ հազար դոլար եմ ուզում։ Երբեք ոչ ավելի քիչ։ Ոչ մի կոպեկ պակաս։
– Հուսով եմ՝ Ձեր ոչ բոլոր լուծույթներն են այդքան թանկ, – անհանգստացած ասաց Ալանը։
– Աստվա՜ծ իմ, ոչ, – ասաց ծերունին, – արդար չէր լինի նման գին սահմանել, օրինակ, սիրո թուրմի համար։ Երիտասարդները, որ սիրո թուրմի կարիք ունեն, դժվար թե հինգ հազար դոլար ունենան։ Այլապես նրանք սիրո թուրմի կարիք չէին ունենա։
– Ուրախ եմ լսել, – ասաց Ալանը։
– Ես այսպես եմ մտածում, – ասաց ծերունին, – գոհացրեք հաճախորդին մեկ անգամ և նա կվերդառնա, երբ նրան պետք լինի այլ, գուցե ավելի թանկարժեք մի բան։ Եթե պետք լինի, հաստատ գումար կխնայեն դրա համար։
– Դա նշանակում է, – ասաց Ալանը, – որ Դուք, իրոք, սիրո թուրմ եք վաճառում։
– Եթե ես սիրո թուրմ չվաճառեի, – ասաց ծերունին՝ ձեռքը մեկնելով հերթական շշին, – չէի խոսի Ձեզ հետ այդ մասին։ Չէ՞ որ միայն այն դեպքում, երբ մարդը կարող է նման ծառայություն մատուցել, նա կարող է իրեն թույլ տալ նման գաղտնիությամբ խոսել։
– Եվ այս թուրմերը, – ասաց Ալանը, – դրանք պարզապես ․․․
– Ոչ, ոչ, – ասաց ծերունին, – սրանք հետևանքները մշտական են և ավելին են, քան զգացմունքների պատահական պոռթկում։ Բայց դա էլ է ներառված։ Առատաձեռնորեն, համառորեն։ Եվ ընդմիշտ։
– Տեր Աստվա՜ծ, – ասած Ալանը՝ փորձելով դեմքին գիտական անաչառություն նկարել, – ի՜նչ հետաքրքիր է։
– Բայց մտածեք հոգևոր կողմի մասին, – ասաց ծերունին։
– Մտածում եմ, իհարկե, – ասաց Ալանը։
– Անտարբերությունը, – ասաց ծերունին – դառնում է նվիրվածություն։ Արհամարհանքը՝ երկրպագություն։ Սրանից մի փոքր տվեք երիտասարդ օրիորդին։ Համն աննկատ է նարնջի հյութի, ապուրի կամ կոկտեյլի մեջ։ Անկախ նրանից, թե որքան զվարթ ու թեթևամիտ է աղջնակը, նա ամբողջովին կփոխվի։ Ու նրան էլ ոչինչ չի հետաքրքրի, միայն միայնությունը և Դուք։
– Դժվարանում եմ հավատալ այդ ամենին, – ասաց Ալանը, – նա այնքան է սիրում խնջույքներ։
– Էլ չի սիրի, – ասաց ծերունին, – կսկսի վախենալ գեղեցիկ աղջիկներից, որոնց կարող եք հանդիպել։
– Իրո՞ք կխանդի, – հուզված բացականչեց Ալանը, – ի՞նձ։
– Այո, նա կցանկանա դառնալ Ձեր ամեն ինչը։
– Արդեն դարձել է։ Պարզապես նրան դա չի հետաքրքրում։
– Կհետաքրքրի, երբ խմի սա։ Շատ կհետաքրքրի։ Դուք կդառնաք նրա կյանքի միակ հետաքրքրությունը։
– Հրաշալի՜ է, – բացականչեց Ալանը։
– Նա կցանկանա իմանալ ամեն ինչ, ինչ Դուք անում եք, – ասաց ծերունին, – այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ձեզ հետ օրվա ընթացքում։ Ամեն մի բառը։ Կցանկանա իմանալ, թե ինչ եք մտածում, ինչու եք հանկարծակի ժպտում կամ տխրում։
– Հենց դա՜ է սերը, – բացականչեց Ալանը։
– Այո, – ասաց ծերունին, – իսկ ի՜նչ ուշադրությամբ է նա հոգ տանելու Ձեր մասին։ Նա երբեք թույլ չի տա Ձեզ հոգնել, նստել միջանցիկ քամու տակ, վատ սնվել։ Եթե մեկ ժամ ուշանաք, նա կսարսափի։ Կմտածի, որ սպանվել եք կամ հայտնվել գայթակղիչ կնոջ ձեռքերում։
– Դժվարությամբ եմ Դիանային տեսնում այդ կերպարում, – ուրախությամբ լցված՝ բացականչեց Ալանը։
– Երևակայությունն օգտագործելու կարիք չկա, – ասաց ծերունին, – ի դեպ, քանի որ գայթակղիչ կանայք շատ են հանդիպում, եթե նույնիսկ անհավատարիմ գտնվեք, անհանգստանալու կարիք չկա։ Ի վերջը, նա կների Ձեզ: Իհարկե, սարսափելի կվիրավորվի, բայց, վերջում միևնույնն է՝ կների Ձեզ։
– Նման բան չի լինի, – բուռն առարկեց Ալանը։
– Իհարկե, ոչ, – ասաց ծերունին, – բայց եթե նման բան տեղի ունենա, Դուք անհանգստանալու կարիք չունեք։ Նա երբեք չի բաժանվի Ձեզնից։ Ոչ, ոչ։ Եվ, իհարկե, նա երբեք, ոչ մի դեպքում Ձեզ անհարմարություն չի պատճառի։
– Եվ որքա՞ն է, – հարցրեց Ալանը, – այս հրաշալի թուրմի արժեքը։
– Ոչ այդքան թանկ, – ասաց ծերունին, – որքան ձեռնոց մաքրող միջոցը կամ, ինչպես ես եմ ասում, կյանք մաքրող միջոցը։ Ոչ։ Դա հինգ հազար դոլար է և ոչ մի կոպեկ պակաս։ Նման բաներով տարվելու համար պետք է ավելի հասուն լինել։ Դրա համար պետք է գումար հավաքել։
– Բա սիրո թո՞ւրմը, – հարցրեց Ալանը։
– Ա՜խ, սա, – ասաց ծերունին՝ բացելով խոհանոցի սեղանի դարակն ու այնտեղից հանելով փոքրիկ, բավականին կեղտոտ մի սրվակ, – սա ընդամենը մեկ դոլլար է։
– Չեմ կարող նկարագրել, թե որքան շնորհակալ եմ Ձեզ, – ասաց Ալանը՝ նայելով, թե ինչպես է ծերունին լցնում այն։
– Ես սիրում եմ գոհացնել, – ասաց ծերունին, – հետո հաճախորդները վերադառնում են, ավելի ուշ, երբ իրենց ավելի լավ են զգում և ավելի թանկ բաներ են ցանկանում։ Դուք նույնպես, դուք կտեսնեք, թե ինչ արդյունավետ թուրմ է սա։
– Կրկին շնորհակալություն, – ասաց Ալանը, – Ցտեսություն։
Թարգմանությունը անգլերենից՝ Անի Աբովյանի
– Au revoir*, – պատասխանեց տղամարդը։
* (ֆրանս․ douzaine) տասներկու հատ
* (ֆրանս.) ցտեսություն