Ձյուն չի գալիս: Մեծ բան ենք կորցրել, բայց դեռ շուտ ա, չենք հասկանում: Պատուհանից կնայեմ ու ամբողջ բակը ձյան մեջ թաղված կլինի՝ ծառերը, մեքենաները ու էն կեղտը որ ամբողջ տարի մնացել ա ու ինքն էլ ա հոգնել մարդկանց ցավ ներարկելուց, ուզում ա վերջապես մաքրվի: Գլոբալ տաքացում ու գլոբալ խնդիր: Մարդկության հարց, անպատասխան տխրություն ու անպատասխան կարոտ: Ձյան կարիք ունենք, ու երբ ձյուն թափվի երկնքից, բոլորը կնայեն երկինք ու կվայելեն իրենց երեսին ընկնող ամեն մի փաթիլը: Չորացել ա քաղաքս ու չորացել ա միջի տաքությունը: Սեղանին դրված չիրը կկռծենք ու պատասխանը ինքներս մեզնից թաքցնելով՝ կնայենք վերև:
– Ինչ թիվ ուզում ա լինի զրո-ի հետ բազմապատկելուց մեկ ա զրո՞ ա չէ լինում:
– Այ քեզ մաթեմատիկոս, էտ ոնց էլ իմացար:
– Զրոն մի տեսակ մահվան ա նման, կլոր ա ու մեջտեղն էլ դատարկ:
– Էլի սկսեց էշ էշ խոսալը:
-Չէ, չէ, առանց կատակ: Մի տեսակ ինքը ոնց որ բաժանի կյանքն ու մահը, կարանք մինուսները ընդունենք մահվանից հետո, իսկ պլյուսները էդ կյանքն ա, դե զրոն էլ՝ մահը:
-Հաաաա, մալադեց, բա հետո՞:
-Դե նայի մեզ թվում ա թե մահվանից հետո ժամանակը ավելի երկար ա, քան կյանքն ենք ապրում, բայց հնարավոր ա՝ դա մեզ թվում ա: Իրականում երևի նույնքան ժամանակ ունենք էնտեղ ու էստեղ: Դե թվերի մեջ էս կողմ ու էն կողմ չես կարա ասես՝ որն ա ավելի շատ, իրանք անվերջություն են ձգտում, ու մեզնից ա կախված, որ կողմի վրա ավելի մեծ թիվ կունենանք:
-Ինչ լավ էլ խոսում ես, մտածում եմ կարող ա վաղը մյուս օր Սոկրատեսին տաս անցնես, չնայած չէ, չէ, դու աչքիս սոփեստական դպրոցից ես. կամ էլ արի Պլատոնի հետ ոտ գցի, ջանդամ թե աշակերտ լինելու թերարժեքության կոմպլեքսից ճիշտ թե սխալ հակառակվում էր մեծն ուսուցչին.
– Մի աղջիկ ա դուրս գալիս:
– Քեզ միշտ էլ մի աղջիկ ա դուր գալիս:
– Չէ էս ուրիշ ա, հաստատ էս մեկը ուրիշ ա:
-Ու որտե՞ղ ես տեսել:
– Երեկույթ էր, պարում էր, պատահական տեսա: Մի տղա մոտեցավ, որ միասին պարեն: Էդ պահին էդ տղու հետ հավասար պատասխանին էի սպասում:
– Սպասի ասեմ, ինքը չհամաձայնվեց, դու ժպտացիր էն քո Ամերիկա բացահայտած ժպիտով ու մտածեցիր՝ ֆսյոոոո ինքն ա որ կա:
– Հա, իբր ինչի ես բերանդ բացել:
– Հա, բայց ասա տենց ա, թե՞ չէ:
Առավոտից ինչ -որ անհանգիստ էի: Ինչ-որ բան էր մեջս վառվում: Մտածում էի՝ գրեմ, մտնեմ ու գրեմ, որ իրան սիրում եմ: Չնայած իմ ուղեղը տենց էլ չըմբռնեց էտ ֆեյսբուքի ընկերներ ասվածն ու դրա միջոցով շփումը: Բայց դե ասում են, որ եթե ընկերության հայտ ուղարկեմ ու ընդունի, էդ ուրեմն լավա, բայց դե դրա համար էլ չեմ ուղարկում, որովհետև մտածում եմ՝ չի ընդունի, ու էդ էլ ասում են՝ վատա: Չէ, Վահե՛ ջան, արի դու մի փորձի էս ֆեյսբուքով բան հասկանաս, դեռ սպասի, ու զգում եմ որ չէէէ, չի լինում: Էս ուրիշ ա, էս ուրիշ ա, էս ուրիշ ա կրկնվում ա մտքումս, հիշում եմ ընկերոջս հռհռոցը ու սաղ փչանում ա:
-Ասա տենամ՝ ինչի՞ ես մտածում, որ սաղ սուտ ա:
-Սիրու՞մ ես իրան:
– Ապե ես իրան չեմ ճանաչում, բայց՝ հա: Սիրում եմ էն մեկին, ում հետ մտածում եմ, կծանոթանամ:
-Ու ինքը հենց էդ մեկն ա:
-Հա, ինքը էդ մեկն ա:
-Լավ, բան չեմ ասում:
Սենյակս մթնել ա, դրսում մութ ա, ու ես դեռ լույսը սենյակիս չեմ միացրել: Էս երկու գիշեր ա իրա հետ եմ քնում ու արթնանում, մտքումս ինքն ա: Լույսը ուղիղ աչքերիս մեջ: Ախ ինչ հաճելի ա ձմռանը արևի լույսը: Ամեն ինչ սկսվում ա զրոից.
– Քեռ աղջկա եմ հավանել, մերոնքական ա:
– Արա էտ ո՞րն ա:
– Դե ազգանունը էլի:
– Պահոոոոոոոոո, տուր նկարը նայեմ:
-Սիրունա, չէ՞, բայց հետը բառ չեմ խոսել:
-Արա բա էլ ոնց ա սիրուն:
-Դե լռության մեջ:
Ինքը հումոր էր անում, ես էլ էլի իմ էշ էշ փիլիսոփայելով լրջացնում էի անտեղի:
Գնացինք հասանք Դիլիջան: Իջա ու մի հատ շատ խորը շունչ քաշեցի, ոնց որ դա առաջինն էր ու վերջինը:
– էս ինչ լավն ա Դիլիջանի օդը:
Ու կներեք բայց էդ օդին ծխելն էլ պակաս հաճելի չի: Հետո գնացինք նստեցինք սեղանի շուրջ: Բաժակները չխ-չլխկ նոր տարին շնորհավոր, մի բաժակ էլ բարով տեսանք, մի բաժակ էլ օջախի, ու տենց մի վեց-յոթ բաժակ: Ես մենակ հումուս կերա, որտև հետաքրքիր էր: էտ անունը լսել էի երևի յոթերորդ դասարանում, կարծեմ կենսաբանության դասի ժամանակ: Գրատախտակի մոտ էր հիմնական պատմող՝ Հակոբիկը: Ասեմ՝ շատ համով էր, պատմելուց էտքան համով չէր թվում, ավելի ինչ -որ մնացորդի էր նման, բայց սենց մատերդ հետը կուտեիր:
Քեռուս մանկության ընկերն էր: Մի հիանալի ընտանիք էր ու արդեն ոտքս ներս դրած հասկացել էի: Տանը երեք երեխա՝ երկու աղջիկ ու մեկ տղա: Տարիքով փոքր էին: Աղջիկները երևի տասներկու, տասհինգ տարեկան: Տղեն էլ ոնց հասկացա միջնեկն էր, դրա համար մտածում եմ տասներեք էլ ինքը կլիներ:
Գիտեք ուղղակի ոչինչ չի լինում, բացարձակապես ոչինչ: Ամեն ինչ կապված ա իրար: Ու եթե ձեզ ասեն, որ այդ հարցը կամ պատասխանը եղել ա ուղղակի, չհավատաք, ոչ մի դեպքում չհավատաք: էդպես չի լինում, էդպես չի կարող լինել: Քեռին սկսեց խմել, ու ես արդեն հասկացա, որ էտ օրը կմնանք Դիլիջանում: Գիշերվա մեկի կողմերը քեռին արդեն քնել էր ու հանգիստն էր վայելում, որն իրա մոտ շատ հազվադեպ ա լինում: Ես էլ քանի որ խոսակցության ժամանակ ասել էի, որ շախմատ եմ պարապել, պետք է ուժերս չափեի քեռուս ընկերոջ հետ: Արագ մի սեղան դրեցինք տան մեջտեղում ու նստեցինք: Քարերը շարվեցին տախտակին, իսկ երեխեքը՝ իրենց հոր գլխի վերևում: Ու ամբողջ ընթացքում էս երեխեքը, որ շախմատի մասին որևէ գաղափար չունեին, սկսեցին խորհուրդներ տալ իրենց հորը:
Մի երկու րոպե մտածեցի ու շնորհավորեցի: Հաշիվը հավասարվեց, մենք երրորդ անգամն էինք շարում տախտակը: Լսեցի շատ կամաց ձայն, որ երգում էր մի երգ, հենց այն նույնը, որն այդ ամբողջ օրը մտքումս երգել ու պտտել էի, բայց չէի հասկացել, թե որտեղի՞ց է, որ լսել եմ, կամ ինչի՞ եմ դա երգում:
Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,—
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բույն դառնա.
Երբոր ծառերն հագնին տերև՛
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև։
Բառերը ես էլ էի կցկտուր հիշում: Բայց ինձ գրավում էր կարոտն ու քաղցրությունը, որը իր մեջ ուներ էս երգը: Երրորդ պարտյան դարձավ ամենահիշարժանը իմ կյանքում ՝ ողողված այդ երգի հնչյունների տակ: Այն երգի, որ մինչ այդ կոկորդումս էր ու հիմա դուրս էր գալիս մի ամոթխած կնոջ շուրթերից ու սահելով ջրի վրայով՝ միանում էր փրփուրին ու մաքրում կեղտոտված ափսեները, հետո մոտենում շախմատի տախտակին ու սկսում ուսումնասիրել խաղացողների հայացքները, նայում իրենց հոր հայացքի մեջ խորացած երեխաներին: էդպես լցվում էր ամբողջ սենյակով, ու ես երջանիկ էի ինչպես երբեք, և այդպես երջանիկ եմ լինում ես շատ անգամներ:
Չեմ էլ հիշում ոնց քնեցի, արդեն արթնացել էինք ու մեքենայի մեջ էինք: էս մեկ օրվա ընթացքում վեց բաժակ սուրճ խմեցի, այն էլ այն դեպքում, որ սուրճ չեմ սիրում: Իմ ու քեռուս խոսակցությունների սիմվոլիկ հիմքը այդ վեց բաժակ սուրճն ու ծխախոտն էր, որ ուրիշ հաճույքով էի խմում ու ծխում:
-Տեսա՞ր ինչ լավ եղավ, որ գնացինք Դիլիջան: Ժամանակին էլ հասանք Երևան, կհասցնես Արենի էլ գնաս:
– Հա շատ լավ էր:
Ու իրոք լավ էր, ուղղակի խոսքեր չէր որ ասում էի:
Եկա տուն արագ շորերս փոխեցի, հետո զանգեցի ընգերոջս:
– Ըտեղ եղանակը ո՞նց ա, ճանապարհները նոռմա՞լ ա:
– Ստեղ ամառ ա եկեք, պլավկիները չմոռանաք:
– Լավ, դե արդեն դուրս ենք գալիս:
Արդեն ճանապարհին ենք: Հասանք կտրուկ պավառոդների, նույնիսկ մի տեղ աչքովս ընկավ գրված՝ վտանգավոր ճանապարհ, չգիտես ինչի ժպտացի:
Ընկերս լավ վարորդ ա, ինքը մեքենայի ղեկին ա ծնվել, ու էս ուղղակի խոսքեր չեն: Բանակում էլ էր վարորդ, ու ընդեղ էլ երկու տարի Ուազն էս կողմ, էն կողմ արեց, էլի հավեսը չհանեց: Եկավ բանակից շարունակեց իր մատոռիստի գործն ու մի գլուխ գովաց գլուխը:
– Էս պավառոդները, որ տեսնում ես ստեղից շատ մեքենա ա ձորը թռել: Նայի, այ այստեղից:
Պատնեշների կեսը ջարդված էր, տեղ կար պատնեշ չկար, ու ինքը պահը չկորցրեց:
-Այ էս էլ թողել են, որ ով ուզումա թռնի, միանգամից ստեղից թռնի:
Մի երկու տեղ էլ տեսանք հուշաքարեր էր դրված, մարդիկ էին մահացել էդ ճանապարհին: Լրջացանք, մի երկու րոպե բան չխոսեցինք:
– Շատ վտանգավորա էս ճանապարհը, բայց դու մտածելու բան չունես, որովհետև, հը՞… Չես ասո՞ւմ, լավ ես կասեմ, որովհետև իմ հետ ես:
Դե էտ գլուխ գովալն էլ ա հումորով անում, չնայած մենք մեր մեջ գիտենք, որ ասելու իրավունքն ունի:
Ընկերոջս տանը մի լավ հաց կերանք, ու քունս սկսեց տանել: Չգիտես ինչի էդ երկուսը իրար հետ կապված են, բայց գաղտնիքը դեռ բացահայտված չէ:
Սենյակը ցուրտ էր, բայց էդ ինձ դուր եկավ, ես արագ օգտվեցի հնարավորությունից ու մտածեցի հավանածս աղջկա մասին, քանի դեռ չէի քնել:
– Ապեր, արթնացի: Պետք ա արդեն շարժվենք, ձյուն ա սկսվել: Եթե հիմա դուրս չգանք, հետո էլ չենք կարա:
-Լուրջ ձյուն ա գալի՞ս, չեմ հավատում, վերջապես:
– Ինչի՞ ես ուրախացել, ավտոյի ակերը փոխած չի ռեզին, շուտ արա, ժամանակ չկա:
Ընկերոջս մոտ տագնապ կար, արագ հագնվեցի: Հինգ րոպե չանցած արդեն մենք հետ էինք վերադառնում նույն ճանապարհով: Ձյունը գնալով շատանում էր, ավելի առատ էր գալիս:
-Լավ դե ինչի՞ չես խոսում, էս պավառոդներն ա, իջնենք ու հետո հանգիստ կլինի, ստեղ ա դժվար:
-Ստեղ էլ դժվար չի, որովհետև ի՞նչ, ես կասեմ, քո հետ եմ ախպերս (երբ հնարավորություն ունեմ սարկազմով պատասխանելու, այլ տարբերակներ չեմ փնտրում):
-Հա՞:
Մեքենան աջ ու ձախ գնաց, հետո ընկերս սկսեց ծիծաղել:
-Իմ հետ ես, մի վախեցի:
-Հա իբր ինչ, էշություն, ստեղ էդ տեղը չի: Ես էլ գիտեի մեծացել ես, արա:
-Հա լավ ինչի՞ սենց լուրջ, կատակ եմ անում, ինչ ես թթվել նստել, վախդ էի բռնում:
– Դու իմ վախը մի բռնի, ես իմ ամեն օրը վերջին օրվա պես եմ ապրում: Դե գոնե փորձում եմ տենց ապրեմ: Ես պատրաստ եմ մեռնեմ, թեկուզ հիմա. ուզում ես գնա ուղիղ ու թռի ձորը:
-Սկսվեց, սկսվեց, սկսվե…
Մեքենայի հետևը պոկվեց ու որպես անջատ մաս աջ գնաց, հետո մեքենան թեքվեց ձախ: Ընկերս ղեկը արագ թեքեց աջ, հետո ձախ: Մեքենայի ղեկավարումը իր ձեռքում չէր, ձորն ենք գնում դեպի, արգելակումը չի աշխատում: Մեքենան սահնակի նման սղում է: Չգիտեմ էլ ոնց մեքենան ուղղվեց: Երեսուն արագությամբ շարունակեցինք գնալ դեպի մյուս պավառոդը: Լռություն էր, ոչ մի բան չէինք խոսում: Ընկերս վախեցել էր, ու ես էտ զգալով՝ սկսեցի վախենալ: Ինքը ղեկին ու վախեցել ա: Ամեն ինչ ավելի վատ էր, քան մենք կարող էինք պատկերացնել: Չեմ ասի, թե սարկազմի կարիք էինք զգում, բայց առաջինը ես կոտրեցի լռությունը:
– Էս էլ էիր վախս բռնո՞ւմ:
Բան չասեց, երկու ձեռքով պինդ բռնել էր ղեկն ու ուղիղ նայում էր դիմացը: Արագությունը երեսունից իջեցնում էր ու շատ քիչ էր գազ տալիս:
Էլի լռություն: Ձյունը գնալով ավելի ա շատանում, ու եթե արագ դուրս չգանք պերեվալներից, կմնանք ըտեղ: Դրա ապացույցը ճանապարհի կողքին մնացած մեքենաներն են, որ ավարյոննի են միացրել: Դիմացը երկու ֆուռա թեքված ու մի փոքր ա բաց ճանապարհը, որ պետք ա անցնեք, բայց դրա համար պետք ա դեպի ձախ գանք, դուրս գանք գծից ու նորից աջ մտնենք: Ուրիշ ճանապարհ չուենենք: Զգում եմ ընկերս ոնց ա լարվել:
-Ապե դուխով, սաղ էլ լավ ա, հանգիստ քշի, մի վռազի:
Ինքը չէր խոսում: Մեքենան ձախ արեց, սղաց, նորից աջ մտանք, ու համեմատաբար ավելի հանգիստ ստացվեց: Ինքը կորցրել էր ինքնավստահությունը, ես փորձում էի հետ բերեի:
-Ապե մի վախեցի: Ես կարամ վախենամ, լսում ես, ես կարամ վախենամ, բայց դու իրավունք չունես, էդ ղեկի վրայ ա կոնկրետ ազդում, ու պահ եկած վախտը դու էդ վիճակում սխալ կանես անկախ քեզնից, մի վախեցի ընգեր, լսում ես մի վախեցի:
-Ապե լսում եմ, մի հատ հեռախոսս բացի, նայի ինչքանա մնացել պերեվալներին, նավիգացյա արագ մտի:
-Հեսա կնայեմ: Հիմա դեմներս մի հատ կա, աջ պետք ա մտնենք, կտրուկ ա պավառոդը:
-Հա էդ տենում եմ, նայի մինչև ներքև ինչքան ա մնացել
-Շատ ա մնացել, դու էդ մի մտածի, հերթով կանցնենք, քիչ քիչ կմոտենանք: Հանգիստ քշի դու:
-Ապե, նայի ինչքան են ճամփին մնացել, չեմ կարա կանգնեմ՝ օգնենք, էլ տեղից ավտոն չի պոկվի:
-Գիտեմ, գիտեմ, ընգեր:
-Ինչի հենց էսօր, ինչի՞ հենց էսօր ձյուն եկավ, ինչի՞ հենց էսօր, ինչի՞ հենց էսօր, թող վաղը գար, ինչի՞:
-Վաղը ուշ կլիներ:
Ես էլ չհասկացա ինչի տենց ասեցի, ինքս ինձ չկարողացա բացատրեմ:
-Հիմա հասկանում եմ՝ որն ա էկզիստենցիալ վիճակը, ավելի շուտ, մաշկիս եմ զգում:
-Հա, սրանից էն կողմ էքստրեմալ բան կա՞:
-Չէ էքստրեմալ չէ, Էկզիստենցիալ:
-Էդ ո՞րն ա:
– Դե որ մահվան դիմաց ես կանգնում ու քացով տալիս ես բերնին:
-Ապե էդ իմ բոցերից մի արա, քո մոտ չի ստացվում:
-Էդ էն վիճակն ա, երբ քեզ սկսում ես նորովի ճանաչել, ուրիշ կողմից:
Վտանգավոր ճանապարհ: Ընկերս կիսաձայն կարդաց, ու ձեռքերը նորից ավելի պինդ սեղմեցին ղեկը:
Ես աչքերս մի պահ փակեցի ու սկսեցի աղոթել: Ես չեմ ամաչում, որտև մտքումս չեմ կասկածում հավատիս: Հավատս միանշանակ է, Ես հավատում եմ: Մինչ այդ միայն լսել էի այդ մասին, որ մարդիկ էդպիսին իրավիճակներում սկսում են աղոթել, ու հիմա զգում էի, որ էդ մարդկանցից մեկն եմ: Ու միակ բանը, որ քեզնից բացի ոչ ոք չի կարա բանտարկի, էդ հույսդ ա: Հույսդ նման ա ամպերի ետևում լքված արևին, որի ջերմությունն ու տաքությունը զգում ես, բայց իրեն չես տեսնում: Երբ բացում ես ճանապարհը, արևը սկսում է ծակել աչքերդ, բայց էդ քեզ դուր ա գալիս, որտև ցուրտա դրսում:
Հեռախոսս արագ վերցնում եմ ձեռքս ու էդ զզվելի ֆեյսբուքի մեսինջերը բացում: Մտածում եմ՝ գրեմ, որ կարող ա էլ երբեք չտեսնեմ իրան ու իրան շատ եմ սիրում: Ավելի լավ ա՝ մենակ գրեմ, որ սիրում եմ ու վերջ, չէ, չէ, կծիծաղի, չի հասկանա: Իր համար կլինի ինչ- որ հերթական տափակ ռոմանտիկ մի նամակ: Չեմ գրի ոչ մի բան: Հեռախոսս գրպանս դրեցի: Թող անցնի էս ամեն ինչը, իրան անձամբ կասեմ, որ սիրում եմ ու մի օր կպատմեմ էս օրը:
-Ես էլ քավորդ կլինեմ:
Բայց ես բարձր ոչինչ չէի ասել, ընկերս ժպտում էր:
-Հեռվում խաչքարա երևում, էդ արդեն լավ ա:
Ու իրոք կար էդ խաչը, ու տեսնում էինք մենք:
-Մի հատ էլ նայի շա՞տ կա՝ իջնենք, ոնց որ ձյունը հալվում ա ու քիչ ա գալիս:
-Չէ, բան չի մնացել մի երկու պավառոդ ու ֆսյո:
-Որ անցանք, ճակատս չորս անգամ պետք ա պաչես:
-Որ չանցանք սենց թե նենց ճակատներս պաչողները շատ են (ամենատափակ բանը որ կարայի ասեի. սև հումոր արեցի, որ լռեցրեց մի փոքր շունչ առնող մեքենան):
Արևը ուղիղ ընկավ աչքերիս: Ձեռքս տարա ու ընկերոջս մազերը խառնեցի, շրթունքի մի կողմը բարձրացավ, ու երկուսս էլ հասկացանք:
-Ասում ես էկզիստենցիալը էն ա, որ տալիս ես մահվան բերնի՞ն:
-Հա հա, հենց էդ ա:
-Հիմա ի՞նչ, մենք դրանի՞ց ենք:
-Մի բան էլ էն կողմ:
-Վերջը գրի՞ր մի բան:
-Չէ, ավելի լավա ասեմ:
-Անպայման ասա:
Անցել ա ութը տարի, հունվարի երեքն ա: Էն նույն օրը, երբ մենք զրոյից սկսեցինք ամեն ինչ:
Մեքենայի ղեկին քավորս ա, կողքին՝ քավորկինը: Ես ու կինս ետևում ենք նստած: Առատ ձյուն ա գալիս, ու մենք լավ թրջված ենք: Քիչ առաջ մեքենան կանգնեցրել ու ձնագնդիկ էինք խաղում: Հիմա շնչակտուր նստել ենք ու մեզ թվում ա՝ հավերժության մեջ ենք: Կինս էդպես թրջված մազերով հենվեց ինձ , ու ես գրկեցի իրան: Ընկերս հայելու միջով ետ ա նայում ու գաղտնի ժպտում: Մենք իրար հասկանում ենք…