ես քաշանցի եմ
ապրուստս վատ չի:
մի կտոր հաց ունեմ, մի պուճուր խելք,
ասեղի ծայրի չափ ճաշակ:
մայր ունեմ, որ լավն է ծառի տերևից:
ընկերներ, որ լավն են հոսող ջրից:
և մի աստված, որ այս մոտերքում է:
այս շահպրակի արանքում, այն բարձր եղևնու տակ:
ջրի գիտակցության, բույսի օրենքի վրա:
ես մուսուլման եմ:
իմ «քիբլան» [1] կարմիր վարդն է:
աղոթատեղս՝ աղբյուրն է, աղոթակնիքս՝ լույսը:
աղոթագորգս՝ դաշտը:
ես պատուհանների սրտի զարկերով եմ սրբում
աղոթքի պատրաստ ձեռքերս:
իմ նամազում [2] լուսինն է հոսում,
Լուսակն է հոսում:
քարը երևում է իմ նամազի ետևից:
նամազիս բոլոր մասնիկները բյուրեղացել են:
ես նամազ եմ կարդում, երբ քամին «ազան» [3] ասած լինի
նոճու մինարեթի կատարին:
ես նամազ եմ կարդում խոտին երկրպագելուց,
և ալիքին աղոթելուց հետո:
իմ Քաաբան ջրի ափին է,
իմ Քաաբան ակացիաների տակ է:
իմ Քաաբան փչող հովի նման, գնում է այգուց-այգի,
գնում է քաղաքից-քաղաք:
իմ «սուրբ սև քարը» պարտեզի լույսն է:
ես քաշանցի եմ:
փեշակս նկարելն է:
երբեմն գույներով վանդակ եմ սարքում,
ու ծախում եմ ձեզ,
որ ձեր մենության սիրտը թարմանա:
դրա մեջ բանտարկված կակաչի երգից:
ի՜նչ պատրանք, ինչպիսի պատրանք… գիտեմ
կտավս անշունչ է:
… լավ գիտեմ, իմ նկարի ավազանն ան-ձուկ է:
ես քաշանցի եմ
իմ ծագումը գուցե հասնի
Հնդկաստանում աճող մի բույսի,
կամ «Սիալքի» կավից թրծված մի խեցու:
ծագումս գուցե հասնի Բուխարայի մի պոռնիկ կնոջ:
հայրս ծիծեռնակների և ձյան երկու անգամ գալուց հետո,
երկու անգամ պատշգամբում քնելուց հետո,
հայրս… ժամակներից այն կողմ մահացել է:
հայրս երբ մահացավ, երկինքը կապույտ էր,
մայրս հանկարծ քնից վեր թռավ, քույրս գեղեցկացավ:
հայրս երբ մահացավ, ոստիկանները բոլորը պոետ էին:
նպարավաճառը ինձ հարցրեց՝ քանի՞ կիլո սեխ ես ուզում:
ես նրան հարցրի՝ ուրախ սիրտը ի՞նչ արժե:
հայրս նկարում էր:
և թառ էր սարքում,
թառ էլ նվագում էր:
լավ էլ ձեռագիր ուներ:
մեր այգին գիտության ստվերոտ կողմում էր:
մեր այգին ապրումի ու բույսի միահյուսման տեղում,
մեր այգին հայացքի, վանդակի և հայելու հանդիպման կետում էր:
մեր այգին գուցե երջանկության կանաչ շրջանագծի մի աղեղն էր:
այն օրը, քնի մեջ աստծու խակ միրգն էի ծամում:
ջուրն առանց փիլիսոփայության էի խմում:
թութն առանց գիտության էի քաղում:
հենց նուռը ճաքում էր, ձեռքը խնդրանքի շատրվան էր դառնում:
իսկ երբ մի թռչուն էր երգում, կուրծքը վառվում էր լսելու հրճվանքից:
երբեմն մենությունը դեմքը փակցնում էր լուսամուտին:
ոգևորությունը ձեռքը գցում էր զգացմունքի վզին:
միտքը խաղում էր:
կյանքը նման էր գարնանային տեղումներին,
սարյակալի չինարուն:
կյանքն այն ժամանակ լույսի և տիկնիկի շքերթ էր,
մի գիրկ ազատություն էր,
կյանքն այն ժամանակ երաժշտության ջրավազան էր:
մանուկը դանդաղ լուռ քայլերով հեռացավ
ճպուռների նրբանցքով:
բեռս կապեցի ու թեթև պատրանքների քաղաքից դուրս եկա,
սիրտս լի ճպուռի ղարիբությամբ:
ես գնացի աշխարհի հյուրասիրությանը:
ես գնացի տխրության դաշտը,
միստիկայի այգին,
և գիտության լուսազարդված պատշգամբը:
բարձրացա կրոնի աստիճանով,
խորացա կասկածի փողոցում,
գնացի մինչև գոհացումի զով օդը,
մինչև սիրո թաց գիշերը:
ես գնացի, սիրո «էն գլխում» հանդիպելու մեկին,
գնացի, գնացի մինչև… կինը,
մինչև հաճույքի ճրագը,
մինչև ցանկության լռությունը,
մինչև մենության լի ձայնը:
շատ բան տեսա երկրի վրա:
մանկանը տեսա, որ հոտոտում էր լուսինը:
անդուռ մի վանդակ, որի մեջ լույսը թևին էր տալիս:
ելարան, որից սերն էր բարձրանում
դեպի երկնային արքայություն:
ես մի կին տեսա լույս էր ծեծում սանդի մեջ:
ճաշի նրանց սփռոցում հաց էր, կանաչի էր,
«շաբնամ» վազն էր, բարության տաք ափսեն:
ես մի մուրացկան տեսա, դռնեդուռ ընկած,
արտույտի երգ էր խնդրում:
մի հավաքարար որ աղոթում էր սեխի կլեպի դեմ ծնկած:
մի գառ տեսա օդապարիկ էր ուտում:
մի ավանակ որ հասկանում էր առվույտը:
«խրատի» արոտավայրում մի կուշտ կով:
մի պոետ տեսա որ շուշան ծաղկին «դուք»-ով էր դիմում:
մի գիրք տեսա՝ բոլոր բառերը բյուրեղյա:
մի թուղթ, որի նյութը գարունն էր,
մի թանգարան տեսա հեռու կանաչությունից,
մզկիթ՝ հեռու ջրից:
հուսալքված վանականի մահճի կողքին՝ հարցականներով լի մի կճուճ:
մի ջորի տեսա, բեռը՝ շարադրություն:
մի ուղտ, բեռը՝ խրատների ու առակների դատարկ զամբյուղ:
մի սուֆի տեսա, բեռը՝ «թանանա հա յահու» :
ես մի գնացք տեսա, լուսավորություն էր տանում:
մի գնացք տեսա, կրոնի ուսմունք էր տանում և այնպես ծանր էր գնում:
մի գնացք տեսա, քաղաքականություն էր տանում և այնպես դատարկ էր գնում:
ես մի գնացք տեսա, նունուֆարի սերմ ու դեղձանիկի երգ էր տանում:
և հազարավոր ոտք բարձրության վրա մի օդանավ, որի ապակուց հողը երևում էր:
տեսա հոպոպի փոմփոլիկը,
թիթեռնիկի թևի խալերը,
գորտի արտացոլանքը ջրավազանում,
և ճանճի անցնելը մենության նրբանցքից,
ճնճղուկի պարզ խնդրանքը, երբ սոսիից իջնում է հողին:
և արեգակի հասունացումը:
և տիկնիկի գրկախառնությունը առավոտի հետ:
աստիճաններ, որ տանում էր դեպի տարփանքի ծաղկանոցը:
աստիճաններ, դեպի ակոհոլի մառանը:
աստիճաններ, դեպի վարդի փտելու օրենքը:
դեպի կյանքի թվաբանական գիտակցությունը:
դեպի լուսավորվելու տանիքը:
աստիճաններ, որ տանում էր դեպի մարմնավորման հարթակը:
մայրս ներքևում բաժակները գետի հիշողության մեջ էր լվանում:
քաղաքը երևում էր:
բետոնի, երկաթի, քարի երկրաչափական աճը:
հարյուրավոր ավտոբուսների անաղավնի տանիքները:
ծաղկավաճառը աճուրդի էր հանել ծաղիկները:
մի պոետ ճոճանակ էր կապում երկու հասմիկի ծառերին:
մի տղա քարով զարկում էր դպրոցի պատին:
մի երեխա ծիրանի կորիզը թքում էր հոր անգույն աղոթագորգի վրա:
և մի այծ քարտեզի կասպից ծովից էր ջուր խմում:
մի լվացքի թել էր երևում, թելին՝ մի անհամբեր կրծքկալ:
սայլի անիվը ձիու հոգնելուն էր կարոտ,
ձին սայլապանի քնելուն,
սայլապանը մահվան:
սերը երևում էր, ալիքը երևում էր:
ձյունը երևում էր, ընկերությունը երևում էր:
բառը երևում էր:
ջուրը երևում էր, իրերի նկարը ջրում:
թքած արյան բջիջների պաղ ստվերը:
կյանքի տամուկ կողմը:
մարդկության բնույթի տխրության արևելքը:
թափառելու եղանակը կնոջ փողոցում:
մենության բույրը բաժանման փողոցում:
ամռան ձեռքում մի հովհար էր երևում:
սերմի ճամփորդելը դեպի ծաղիկը:
բաղեղի ճամփորդելը այս տնից այն տուն:
լուսնի ճամփորդելը դեպի ջրավազանը:
ձնծաղկի ժայթքումը հողից:
մատղաշ վազի ջրվեժը պատից:
ցողի անձրևը քնի կամրջին:
խնդության թռիչքը մահվան խանդակի վրայից:
դիպվածի անցումը խոսքի մեջքից:
լուսամուտի կռիվը լույսի խնդրանքի հետ:
աստիճանի կռիվը արևի երկար ոտքի հետ:
մենության կռիվը մի երգի հետ:
տանձի գեղեցկության կռիվը զամբյուղի դատարկի հետ:
նռան ու ատամի արյունոտ կռիվը:
նացիստների կռիվը նազող ճյուղի հետ:
թութակի կռիվը ճարտասանության հետ:
ճակատի ճակատամարտը աղոթաքարի սառնության հետ:
մզկիթի սալիկի հարձակումը խոնարհումին:
քամու հարձակումը օճառի պղպջակների համբարձմանը:
թիթեռների բանակի հարձակումը «Վնասատուների վերացման ծրագրին» :
ճպուռների խմբի հարձակումը «սանտեխնիկ» բանվորների շարքին:
եղեգնյա գրիչների վաշտի հարձակումը կապարե տառերին:
բառի հարձակումը պոետի ծնոտին:
դարի գրավումը մի բանաստեղծության կողմից:
այգու գրավումը մի սարյակի կողմից:
քաղաքի գրավումը երեք-չորս փայտե ձիավորի կողմից:
տոնի գրավումը երկու տիկնիկի և մի գնդակի կողմից:
«ճղճղակի» սպանությունը ետկեսօրյա ներքնակի վրա:
հեքիաթի սպանությունը երազի փողոցի գլխին:
տխրության սպանությունը հիմնի հրամանով:
լուսնի սպանությունը նեոնի հրահագով:
ուռենու սպանությունը «կառավարության» ձեռքով:
տխուր բանաստեղծի սպանությունը ձնծաղիկի միջոցով:
ամբողջ երկրի մակերեսն երևում էր:
օրենքը Հունաստանի փողոցով էր անցնում:
բուն կախովի այգում էր կանչում:
քամին «Խեյբարի» լեռնանցքում
մի խուրձ պատմության դարման էր քշում արևելք:
«Նեգին» խաղաղ լճի վրա մի նավակ ծաղիկ էր տանում:
«Բենարեսում» ամեն փողոցի վրա մի հավերժական ճրագ էր վառվում:
մարդկանց տեսա:
քաղաքները տեսա:
դաշտերը, սարերը տեսա:
ջուրը տեսա, հողը տեսա:
լույսն ու խավարը տեսա
և բույսերը լույսի մեջ և բույսերը խավարում տեսա:
կենդանուն լույսի մեջ, կենդանուն խավարում տեսա:
և մարդուն լուսի մեջ և մարդուն խավարում տեսա:
ես քաշանցի եմ, բայց
իմ քաղաքը Քաշանը չի:
իմ քաղաքը կորել է:
ես անհամբեր, ես ջերմեռանդ,
գիշերվա մյուս կողմում մի տուն եմ սարքել,
այս տանը խոտի խոնավ անհայտությանը մոտ եմ:
ես լսում եմ պարտեզի շնչելու ձայնը:
և խավարի ձայնը, երբ թափվում է մի տերևից,
և ծառի հետևից հազացող լույսի ձայնը,
ջրի փռշտոցը քարի ամեն ճեղքից:
ծիծեռնակի կաթկթոցը գարնան առաստաղից:
և մենության պատուհանի բացվել-փակվելու պարզ ձայնը:
և սիրո անորոշ մաշկափոխության մաքուր ձայնը:
թռչելու ոգևորության խտացումը թևի մեջ,
և ոգու զսպման ճաք տալը:
ես լսում եմ քայլքի ձայնը խնդրանքի,
և արյան օրինական ոտնաձայնը երակում:
թխակապույտ աղավնիների լուսաբացի թևաբախումը,
և կիրակնամուտի սրտի բաբախյունը,
մեխակի հոսքը մտքում,
ճշմարտության մաքուր խրխինջը հեռվից:
ես լսում եմ նյութի հոսելու ձայնը,
և հավատի կոշիկի ձայնը ոգևորության փողոցում,
և անձրևի ձայնը սիրո թաց կոպերի,
հասունացման թախծալի երաժշտության,
և նռան այգիների երգի վրա:
և ցնծության ապակու փշրվելու ձայնը գիշերվա մեջ,
թղթի պատառոտվելու գեղեցկության,
և պանդխտության ափսեի քամուց լցվել-դատարկվելու ձայնը:
ես մոտիկ եմ երկրի սկզբին:
ծաղիկների զարկերակին եմ հպվում:
ծանոթ եմ ջրի թաց ճակատագրին, ծառի կանաչ սովորությանը:
իմ հոգին հոսում է իրերի նոր ուղղությամբ:
իմ հոգին երիտասարդ է:
իմ հոգին երբեմն ոգևորությունից սկսում է հազալ:
իմ հոգին անգործ է,
անձրևի կաթիլներն ու աղյուսների ճեղքերն է հաշվում:
իմ հոգին երբեմն ճշմարտության ճամփին ընկած քար է:
ես չեմ տեսել երկու բարդի թշնամի լինեն միմյանց:
էս չեմ տեսել ուռենին իր ստվերը վաճառի հողին:
թեղին իր ճյուղը ձրի է նվիրում ագռավին:
որտեղ մի տերև կա, ծաղկում է իմ ոգևորությունը:
խաշխաշի թուփը ինձ ողողել է լինելու հեղեղով:
ես գիտեմ միջատի թևին նմանող լուսաբացի կշիռը:
ծաղկամանի պես, ականջ եմ դնում ծլելու երաժշտությանը:
մրգերով լի զամբյուղի պես հասնելու թեժ տենդն ունեմ:
գինետան պես ձանձրույթի սահմանին եմ:
ծովի ափին կառուցված շենքի պես,
մտահոգ եմ հավերժական բարձր մակընթացությունից:
որքան ուզես արև, որքան ուզես միացում, որքան ուզես բազմացում:
ես ուրախ եմ մի խնձորով
և երիցուկի թուփը հոտոտելով:
ես բավարարված եմ մի հայելիով և մաքուր մի կապով:
ես չեմ խնդում երբ փուչիկը պայթում է:
և չեմ ծիծաղում եթէ մի փիլիսոփայություն կիսելու է լուսինը:
ես ճանաչում եմ լորի թևի ձայնը,
արոսի կրծքի գույները,
քարայծի ոտնահերքը:
լավ գիտեմ որտեղ է բուսնում խավրծիլը,
սարյակը երբ է գալիս,
կաքավը երբ է կանչում,
բազեն երբ է մեռնում,
ինչ է լուսինը անապատի երազում,
մահը խնդրանքի բնում,
և հաճույքի մոշը գրկախառնության ատամի տակ:
կյանքը հաճելի արարողություն է:
կյանքը մահվան չափ տարածուն թևեր ունի,
սիրո չափ թռիչք ունի:
կյանքը մի բան չէ որ մեր սովորության խորշի մեջ մոռացվի:
կյանքը քաղ անող ձեռքի գրավչությունն է:
կյանքը սև թուզի նուբարն է ամռան տտիպ բերանում:
կյանքը ծառի ծավալն է միջատի աչքում:
կյանքը գիշերային թիթեռի փորձառությունն է խավարում:
կյանքը չվող հավքի խորթ զգացումն է:
կյանքը գնացքի շչակն է արձագանքված կամուրջի երազում:
կյանքը օդանավի փակ ապակուց պարտեզի տեսնելն է:
հրթիռի տիեզերք գնալու լուրը,
«լուսնի» մենության շոշափելը,
այլ մոլորակում ծաղիկ հոտոտելու միտքը:
կյանքը մի ափսե լվանալն է:
կյանքը փողոցի առվում կոպեկ գտնելն է:
կյանքը հայելու «քառակուսին» է:
կյանքը ծաղկի հավերժի «քառակուսին»:
կյանքը երկրի բազմապատկումն է մեր սրտի զարկին
կյանքը շնչառության պարզ ու միօրինակ երկրաչափությունն է:
ուր որ կամ, լինեմ,
երկինքն իմն է:
պատուհանը, միտքը, օդը, սերը, երկիրն իմն է:
ինչ կարևոր է,
եթե երբեմն աճում են
օտարության սնկերը:
ես չգիտեմ
թե ինչու են ասում՝ ձին ազնիվ կենդանի է, աղավնին՝ սիրուն:
և ինչու ոչ ոքի վանդակում անգղ չկա:
երեքնուկի ծաղիկը ինչն է պակաս կարմիր կակաչից:
աչքերը պետք է լվանալ, ուրիշ կերպ պիտի տեսնել:
բառերը պետք է լվանալ:
բառը պիտի ինքը քամին լինի,
բառը պիտի ինքն անձրևը լինի:
անձրևանոցները պիտի փակել,
անձրևի տակ պիտի գնալ:
միտքը, հուշը պիտի անձրևի տակ տանել:
քաղաքի բոլոր մարդկանց հետ, անձրևի տակ պիտի գնալ:
ընկերոջը անձրևի տակ պիտի տեսնել:
սերը պիտի անձրևի տակ փնտրել:
անձրևի տակ պիտի կնոջ հետ քնել:
անձրևի տակ պիտի խաղալ:
անձրևի տակ պիտի բան գրել, խոսել, նունուֆար ցանել:
կյանքը անընդհատ թրջվելն ու
կյանքը ներկաի ավազանում լողալն է:
շորերը պոկենք,
ջրին մի քայլ է մնացել:
ճաշակենք լույսը:
կշռենք գյուղի գիշերը,
եղնիկի երազը:
ըմբռնենք արագիլի բնի ջերմությունը:
մարգագետնի օրենքը ոտնակոխ չանենք:
խաղողի այգում բացենք համտեսի կապանքը:
և բացբերան մնանք, երբ լուսինն է ծագում:
և չասենք գիշերը վատ բան է:
և չասենք գիշերն անտեղյակ է այգու տեսողության համբերանքից:
և բերենք զամբյուղն
ու տանենք այսքան կարմիրը, այսքան կանաչը:
հաց ու պանրիկ ուտենք առավոտյան:
և խոսքի ամեն ոլորանում տնկիներ տնկենք:
և երկու վանկերի մեջ լռության սերմեր ցանենք:
և չկարդանք այն գիրքը, որի մեջ քամի չի փչում,
և այն գիրքը, որի մեջ ցողի մաշկը թաց չէ,
և այն գիրքը, որի մեջ բջիջները չունեն ծավալ:
և չցանկանանք ճանճը բնության մատների արանքից թռչի:
և չցանկանանք վագրը արարման դռնից դուրս գնա:
և հասկանանք, որ եթե որդը չլիներ, կյանքից մի բան կպակասեր:
և եթե օգուտը չլինի, կվնասվի ծառի օրենքը:
և եթե մահը չլիներ, մեր ձեռքը մի բան էր փնտրելու:
և իմանանք, եթե լույսը չլիներ, թռիչքի կենդանի տրամաբանությունը կփոխվեր:
և իմանանք, որ մարջանից առաջ ծովերի մտքում մի դատարկություն կար:
և չհարցնենք՝ ուր ենք,
բույրն ըմբոշխնենք հիվանդանոցի թարմ ծխածաղիկների:
և չհարցնենք, ուր է բախտի շատրվանը:
և չհարցնենք՝ ինչու է ճշմարտության սիրտը կապույտ:
և չհարցնենք հայրերի հայրերը ինչպիսի՞ զեփյուռ, ինչպիսի՞ գիշեր են ունեցել:
ետևում կենդանի տարածություն չկա:
ետևում հավքը չի երգում:
ետևում քամի չի փչում:
ետևում բարդու կանաչ պատուհանը փակ է:
ետևում բոլոր հոլերի վրա փոշի է նստել:
ետևում պատմության հոգնությունն է:
ետևում ալիքի հուշը անշարժության սառը սադափ է նետում ափ:
գնանք ծովափ,
ուռկան նետենք ջուրը
և թամություն կորզենք ջրից:
մի խիճ վերցնենք գետնից,
զգանք լինելու կշիռը:
չվատաբանենք լուսնին, եթե ջերմում ենք,
տեսել եմ՝ երբեմն ջերմելիս, լուսինը ներքև է իջնում,
ձեռքը հասնում է երկնքի արքայությանը:
տեսել եմ, սերինոսը ավելի լավ է երգում:
երբեմն, ոտքիս վերքն է ինձ սովորեցրել հողի ելևեջները:
երբեմն հիվանդի իմ մահճում, բազմապատկվել է ծաղկի ծավալը:
և աճել է նարինջի տրամագիծը, լապտերի շառավիղը:
չվախենանք մահից,
մահը աղավնու վերջը չէ,
մահը ծղրիդի շրջածը չէ,
մահը հոսում է ակացիաի մտքում:
մահը նստած է մտքի հրաշալի օդ ու ջրում:
մահը գյուղի գիշերվա էության մեջ առավոտից է խոսում:
մահը խաղողի ճութի հետ գալիս է բերանդ:
մահը երգում է «կարմրախած սուզաբադի» կոկորդում:
մահը թիթեռի թևի գեղեցկության պատասխանատուն է:
մահը երբեմն ռեհան է քաղում:
մահը երբեմն վոդկա է խմում:
երբեմն նստած է ստվերում և մեզ է նայում:
և բոլորս գիտենք հաճույքի թոքերը լի են մահվան թթվածնով:
դուռը չփակենք ճակատագրի կենդանի խոսքի դիմաց,
որ լսում ենք ձայնի ցանկապատի ետևից:
բացենք վարագույրը:
թողնենք օդ կպնի զգացմունքին:
թողնենք հասունացումը օթևանի, որ թփի տակ ցանկանում է:
թողնենք բնազդը խաղով ընկնի,
կոշիկները հանի և եղանակների հետևից թռնի ծաղիկների գլխով:
թողնենք մենությունը երգի,
բան գրի,
փողոց դուրս գա:
պարզ լինենք:
պարզ լինենք թե՛ բանկում, թե՛ ծառի տակ:
մեր գործը կարմիր վարդի գաղտնիքը ճանաչելը չէ,
մեր գործը, գուցե, կարմիր վարդի կախարդանքի մեջ լողալն է:
ճամբար զարկենք գիտության մեջքին:
ձեռքը լվանանք մի տերևի հմայքի մեջ,
ու սփռոցին մոտենանք:
լուսաբացին, երբ արևն է ծագում՝ ծնվենք:
ոգևորություններին թռիչք տանք:
տարածության, գույնի, ձայնի, պատուհանի,
ծաղկի գիտակցության վրա ցող շաղենք:
երկինքը տեղադրենք «գոյության» վանկերի միջև:
թոքերը լցնենք ու դատարկենք հավերժությամբ:
գիտության բեռը իջեցնենք ծիծեռնակի ուսերից:
անունը ետ խլենք ամպից, չինարի ծառից, մոծակից, ամռանից:
անձրևի թաց ոտքով քայլենք սիրո բարձունքը:
դուռ բացենք մարդու, լույսի, բույսի և միջատի համար:
մեր գործը գուցե այն է,
որ նունուֆարի և դարի միջակայքում,
ճշմարտության երգի ետևից վազենք:
Թարգմանությունը պարսկերենից՝ Ռազմիկ Ամիրխանյանի
[1] Նամազ կարդալու ժամանակ ընդունած ուղղությունը
[2] Իսլամական ծիսական աղոթքը
[3] Մինարեթից հնչող բարձրաձայն աղոթք
[4] Իրանի Քաշան քաղաքի մոտ գտնվող բլուր-հնավայր
[5] Ճենապակյա սպասքի ֆիրմայի անուն
[6] Սուֆիական մանտրա
[7] Կառավարական ծրագիր
[8] Կավից ու թղթից պատրաստվող ձայնարկիչ խաղալիք
[9] Լեռնանցք Պակիստանի ու Աֆղանիստանի սահմանին
[10] Red-throated loon