Կալինա Իզաբելա Զիոլա | Ամառային իմպրեսիա

Կալինա Իզաբելալ Զիոլա

Լեհ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեիստ: Ծնվել և բնակվում է Պոզնանում: Գրական մուտքը կայացել է 1970-ին: Հրատարակել է բանաստեղծությունների տասը ժողովածու, այդ թվում՝ ռուսերեն և ֆրանսերեն թարգմանությամբ: Նրա շատ բանաստեղծություններ թարգմանված են նաև գերմաներեն, սերբերեն, ուկրաիներեն, մակեդոներեն, շվեդերեն, հունգարերեն, էսպերանտո լեզուներով: Մասնակցել է Պոեզիայի մի շարք փառատոների, արժանացել հայրենական և միջազգային մրցանակների (Մարիա Կոնոպնիցկայայի, Ռիչարդ Մալչևսկի-Բրունայի, Թադեուշ Միչինսկու անվան, Ոսկե գրիչ և այլն): Պոեզիայի Արցախյան միևազգային 2-րդ փառատոնի դափնեկիր է:

ԲԻԴԳՈՇՉՅԱՆ ՎԵՆԵՏԻԿ

Բրդայի ափին սև գարեջուրը
ուրիշ համ ունի
քան չեխականն է Պրահա քաղաքում
փրփուրում նրա փափկությունը կա
հոսանքին տրված ջրիմուռների
և բաժանումի կծվահամը կա

դղյակներից կախ կամուրջներն այստեղ
ինչպես Վենետիկ չքնաղ քաղաքում
ասես անստվեր ժանյակներ լինեն ափեափ փռված

գետափի թափուր նստարանները խոհուն նայում են
կիրակի օրվա վաղ առավոտից ջրի մեջ լռված
ձկնորսի կարթին
և համառորեն
անցորդների են սպասում հոգնած
կամ համբերահատ սիրահարների

ուռենիները հակվել են գետին
քամին քնքշանքով
սանրում է նրանց վարսերը կանաչ

ես էլ եմ նայում ջրի մեջ հիմա
գուցե ինձ հիշի՞

 

ՍԱՌՈՒՅՑԻ ՊԵՍ ՓԽՐՈՒՆ

դու ինձ գրել էիր
որ քեզ համար
փխրուն եմ ես… ծաղկի նման բռնչենու

և ուղարկել էիր
սպիտակ մի մորճիկ
և քո սիրտը

չգիտեի ավաղ
որ սառույցից էին
և հալվեցին նրանք
իմ հայացքից

բառերը փխրուն են
սառույցի պես

 

ԱՄԱՌԱՅԻՆ ԻՄՊՐԵՍԻԱ

հացենու կեղևը ճանկռոտում է մեջքս
ցավ չեմ զգում սակայն

պատատուկի նման փաթաթվել ես դու ինձ
ըմբոշխնում եմ շունչդ բալասանող
տաք մամուռն եմ զգում ոտքերիս տակ

հնձած խոտի հոտից արբել եմ ես
գլուխս պտտվում է թռչունների երգից
գիտակցության եզրին
ինձ զսպում է մտքի մի թել միայն

ձեռքերդ չեն թողնում որ վայր ընկնեմ
այրվող մաշկիս վրա
քո շուրթերի խոնավ հետքն է մնում

զգուշորեն հպվում և մազերիս միջից
հանում ես մոլորված
տերևը հացենու

 

ԽՃԱՆԿԱՐ

մակընթացություն – տեղատվությունը
ծովերի ռիթմիկ շնչառությունն է
և աններդաշնակ տրոփը կյանքի

գիրկն ալիքների
սաթե շողշողուն փշրանքներներ որպես
արտասուքներն է բերում արևի
իբրև ընծաներ դատարկ լողափի ավազուտներին

երբեմն միայն վերադառնալու պահը կորցրած
մեդուզաներն են մնում ավազին
անհետանալով վարդե տխրության պատյանների մեջ

ակնթարթների տեղատվություն
ակնթարթների մակընթացություն

հերթական օրը և գիշերը խոր
փայլազրկվում են փշրվում ինչպես
խճանկարը խամրած գույների

լուսինն ասես թե մազերս է շոյում
մազերս ասես սև երգեր լինեն
որ դառն են ինչպես համը թունդ թեյի

ջղաձգվում է
կյանքն աններդաշնակ շնչառությունից

իսկ ծովը հանգիստ
սպասում է նոր մակընթացության

 

ԱՄԱՅԻ ԼՈՂԱՓ

դու չկաս այսօր ալիքն է միայն մեղմորեն խաղում
ներբաններիս հետ

և քո անունն է սրբում ավազից
հերթական մի խենթ
մակընթացություն

և փշուր – փշուր խեցիների մեջ
անհետանում են հետքերս այնպես
ասես պահ առաջ չեմ եղել այստեղ

ճակատագրի քրքի՞ջն է արդյոք հասնում ականջիս
թե՞ դա հերթական պոռթկումը քամու
արձագանքում է ճայերի կանչին

ես հեռանում եմ հետևում թողած
ևս մի անգույն ամայի լողափ

 

ՄԻՆՉԵՎ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

հանդարտվում է իմ մեջ երաժշտությունը
որ արթնացնում էիր մի ժամանակ
նրբին շոյանքներով
ու չեմ կարողանում հիշել բառերը քո
և աչքերիդ գույնը

երկինքն իրիկնային
էլ չի հիշեցընում զբոսանքները մեր
օտար քաղաքների լույսերի մեջ

մեզ բաժանող հեռուն
երկարում է անցնող օրերի հետ
ամեն մի անտարբեր մեր բառի հետ
որ հնչում է հիմա հեռախոսով

սարդոստայն է ասես ժամանակը
փշուր – փշուր խամրած հուշերի շուրջ
և չգիտեմ արդեն ո՞րն էր իրականը
և ո՞րն էր որ միայն հորինել եմ

երաժշտությունը համրանում է իմ մեջ

 

ՈՒՐԻՇԻ ՀԵՏ

բարի եղիր իր հետ
և ընծայիր նրան այն բառերը որոնց սպասում է
կնքիր դրանք ոսկյա մատանյակով

գրիր նրա համար այն երգերը
որ ինձ համար գրել չհասցրիր
և պատերը ձեր տան
զարդիր կրակաթև թիթեռներով
այգիդ ոռոգելիս շատրվաններ հանիր
որոնցում արևը թաքցրել է միլիոն ծիածաններ

և գուրգուրիր նրան երեկոյան
ծովաստղերի հետքերն անտեսելով
և քուն մտիր հպված ճերմակ իր ուսերին
և մի մտաբերիր ոչ ափերս սուզված քո մթան մեջ
ոչ էլ համբույրներս
որ արթնացնում էին քեզ գիշերվա կեսին

ամեն առավոտյան ելիր զվարթադեմ
սուրճ մատուցիր նրան անկողնու մեջ
և ծրագրեք օրը ձեր հերթական

եղիր նրա դևն ու հրեշտակը
և անցյալը նրա և ապագան

իսկ ես կդադարեմ քեզ այցելել
նույնիսկ երազիդ մեջ

 

* * *

ես չեմ սիրել երբեք հայելիներ – նրանք
ընդմիշտ պահպանում են այն ամենը ինչ ես
մոռանալ եմ ուզում
նրանք հիշողության ժապավենին իրենց
գրառում են բոլոր շարժումներս
ծռմռանքը դեմքիս
արցունքներս
և անտարբեր թոթվելն իմ ուսերի

նրանք հիշեցնում են
համբույրների մասին
ինչ-որ մեկի ափի – իմ մերկ կրծքի վրա
իմ մազերի վրա – փշաքաղված նրա շոյանքներից

հայելիներն ասես օրագրեր լինեն
ապակու մեջ խամրած
նրանք պահպանում են իմ անցյալը

 

ԻՆՉ – ՈՐ ՄԻ ՕՐ

գուցե ինչ – որ մի օր
ես ափերով
դեմքդ գծագրեմ

գուցե ինչ – որ մի օր
մատներիս տակ զգամ
ալեկոծված սրտիդ տրոփյունը

գուցե ինչ – որ մի օր
քո գիշերվա եզրով
սահեմ դեպի եզրը լուսաբացիդ

գուցե ինչ – որ մի օր

 

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԷԼՖԸ

վճիտ աչիկներով
վարդագույն էլֆն իջավ
նրա ուսին

թևին տվեց գրքի բաց էջերին
անդրադարձն էր փնտրում
գուցե
իր պատկերի

բայց չգտավ

և վշտահար այդպես
և գլխահակ
գնաց փոքրիկ էլֆը

և գրքի մեջ մնաց
բույրը
վարդի
թերթի

 

ԹՌՉՈՂ ԱՎԱԶՆԵՐ

շշուկով ասված այն բառերը որ
թափանցիկ էին

ինչպես շողերը արևածագի
անհետանում են
մեր միջև թռչող
ավազների պես

դատարկ օրեր են գալիս վերստին
յուրաքանչյուրը մի քար է ասես
որ պիտի դրվի
մեր միջև անվերջ բարձրացող պատին

կրակն է մարում
մթնում թափառող երեք կայծ միայն
որ պեծկլտում են կարմիրով ոսկով

և ժամանակը մնում է
թռչող ավազների տակ

 

ԽՈՍԻՐ ԻՆՁ ՀԵՏ

խոսիր ինձ հետ
խոսիր թռչունների լեզվով
անգիտակից դարձած քո հայացքով
խոսիր ինչպես սեղմված մատները քո
քո գունատված դեմքով
ու հոգոցով

եղիր ինձ հետ
եղիր ավետումի նման իրիկնային
հեռախոսի զանգի
մթագնումի նման գիտակցության
եղիր
այն քնի պես որ իջնում է վրաս
լուսաբացից առաջ

 

ՊԱՏՈՒՀԱՆ

բախիր պատուհանն իմ հիշողության
գուցե մի րոպեով ներս թողնեմ քեզ
ինչպես լուսաբացի սոված թևավորին

գուցե փշրանքները երազներիս
մի անգամ էլ լցնեմ
ափերիդ մեջ

գուցե աչքերիդ մեջ
մի անգամ էլ տեսնեմ
իմ անցյալը

իսկ միգուցե ամուր կողպեմ պատուհանս ու
շրջվեմ առանց խոսքի

 

ԵՐԱՆԳՆԵՐ

արևածագի ներկապնակը
լռության բոլոր երանգներն ունի

վարդագույնն ահա որ համրացել է սքանչացումից
ոսկեգույնը որ մութ է ավելի քան բառերը մեր
ահա դեղինը որ գունատվել է կուրացած խանդից
ահա կարմիրը որ շնչասպառ է եղելությունից

իսկ սա գորշ գույնն է
որ լղոզվում է մեր միջև երբ մենք
միմյանց ասելու
բան չունենք արդեն

 

ԹԻԹԵՌՆԻԿ

չէ որ այնքան հեշտ է
մի թռիչքով կորչել քո աչքերի խորքում
մոռանալ այն ամենն ինչ եղել է
նայել ափերիդ մեջ
մի հերթական անգամ հավատալով
թե սերը կա գուցե

չէ որ այնքան հեշտ է
թարթիչներիդ ցանցում մոլորվել ու
ժպտալ անմեղորեն
և բոժոժի գրկից հանկարծակի
թիթեռնիկի նման թռչել երկինք

հեշտ է

 

* * *

լուսնի մանգաղից էր
կախել իր ճլորթին ու ճոճվելով
դոմինո էր խաղում աստղերի հետ

քամիով էր սանրում
երկար մազերը նա
ծամերի հետ հյուսում
շողերն արևային

երբ գիշեր էր գալիս
ծաղկում էր նա
հրե ծաղկի նման
երազի մեջ նրա

 

ԵՐԲ ԳՈՒՐԳՈՒՐՈՒՄ ԵՍ ԻՄ ՆԵՐԲԱՆՆԵՐԸ

ես շատ եմ սիրում
երբ գուրգուրում ես իմ ներբանները

ես շատ եմ սիրում
երբ շոյում ես դու մաշկս ափերով
լեզվով նկարում
կորությունները ոտնաթաթերիս
և ջերմացնում
ամպիկով շնչիդ

հիմա ես գիտեմ
թե ձյան վրայով
ինչու են բոբիկ ոտներով սահում հրեշտակները

 

ՈՒՇ ԱՄԱՌ

վտահության բարակ թելը
ուշ ամռան պես
թեթևակի շնչից աշնան
հեռանում է

կամ բախվելով
կեղծ բառերին
ժպիտներին պատրանապատ
լռությանը
կտրվում է

ասում են թե աչքերն են լոկ որ չեն խաբում
հայելին են նրանք
մտքի

ինչպե՜ս բացեմ
արծաթազօծ շերտի ներքո
նրանց երկրորդ հատակը ես

 

ՀՐԵՇՏԱԿԻ ԽՈՍՏՈՒՄԸ

պատից
ինձ է նայում հրեշտակը
թախծոտ
թափանցիկ են աչքերն արցունքի պես

ինչ-որ մի օր ինչ-որ բան էր խոստացել ինձ
և չգիտեմ
խոստումն իր կատարե՞լ է նա
թե՞ դա կոնֆետ էր լոկ որ ինձ ցույց է տվել
ապակու այն կողմից

ես չգիտեմ

նայում եմ երկնքին
աստեղնագործ
ինչ անսահման է նա
և ինչ մենակ

ես սպասում եմ դեռ այն բառերին
որ գիշե՞րն է պահում ինձնից թաքուն
թե՞ նա

 

* * *

արևոտ չի լինի
օրը վաղվա
անձրևանոցներով
պիտի լինեն մարդիկ

աղջիկները
թրջված ոտից – գլուխ
պիտի ձևացընեն
թե երեսներն ի վար
կաթիլներ են հոսում անձրևային
ոչ թե արտասուքներ

արևոտ չի լինի
օրը վաղվա

 

ԶՐՈՒՅՑ

մի ակնթարթ միայն խոպոպներիդ
ներհյուսեցի լուսնի դալուկ մի շող
և դու
մեր գլխից վեր աստղեր ցոլացըրիր
քմծիծաղեց գիշերն ապակու այն կողմից
և արձագանքը մեր ուղեցույցը դարձավ
դեպի անհայտություն տանող ճամփին

բառեր բառեր բառեր
խոսում էինք ինչ որ անկապ բանի մասին
իսկ մեր միահյուսված մատներն իրենց գաղտնի
զրույցն էին անում

 

ԱԼԻՔՆԵՐԸ

ինչպես ալիքներն են
ռիթմով հավերժական
վազում շնչակտուր
որ ձեռքերով խոնավ
մի հերթական անգամ
գրկեն ափը այդպես
վերադառնում եմ ես

ես զգում եմ աղի համը
տղայական քո համբույրի

սրճարանում նստած
ես նայում հոգնած քո աչքերին

դու ես – առաջվանն ես

 

* * *

ժամանակները
մեզ
թափանցիկ են դարձնում հետզհետե

մոռանում ենք դեմքերը
չենք հիշում ձեռքերի ջերմությունը
և չենք կարողանում մտաբերել
հայացքները գոնե ժպիտները

(դու գոնե մեկ անգամ նայե՞լ ես ինձ այնպես
որ դադարեր մի պահ շուրջդ այս աշխարհի գոյությունը)

մեզնից մնում է լոկ
մի ձայն հեռախոսում
սև տառեր են մնում
mail – ում արագ գրված

տարրալուծվում ենք մենք մոռացության խորքում
անդարձորեն

 

* * *

թափառում եմ
իմ շուրթերով
մարմնիդ վրա
կրքի քարտեզ նկարելով

և ուզում եմ այնպես ճչաս
որ երկինքը
պատառոտվի
աստղեր տեղան
միլիոնավոր

այնժամ նրանց
շողշողացող անձրևի մեջ
կասեմ թե ես ինչ եմ ուզում

և կլինի այնպես
ինչպես ես եմ ուզում

 

ԼՈՐԵՆՈՒ ՇԻՎԸ

ես ծառ տնկեցի Տիգրանակերտում
լորենու մի շիվ
և աղոթեցի
որ չչորանա
քամին չքշի

քարե ամրոցի ստվերների մեջ
նա կբարձրանա
ձեռքերը պարզած
վերև կնայի
թափառաշրջիկ ամպերին լուսե

և պատմություններ կլսի անգիր
կհրավիրի թևավորներին
որ բներ հյուսեն
ճյուղերին կանաչ
և շշուկներով իր տերևների
կմխիթարի բանաստեղծներին

ու եթե մի օր կարոտից քշված
այստեղ գամ կրկին
ես իմ լորենու բնին կփարվեմ
և հավանաբար
կարտասվեմ իր հետ

 

* * *

ես հավատում էի թե Արցախում լեռնոտ
մենք հայելու փշուր-փշուր բեկորները
պիտի որոնեինք
ու մաքրեինք հողը այնպես զգուշորեն
որ մեր մատներն անգամ չվնասվեն

բայց ես հավաքեցի փշուր-փշուր բառեր
ու քնքշություն
և հաշվեցի բոլոր համբույրները

և այն առավոտյան
արև՜ն իմ մեջ ծաղկեց
և թրթիռը
քնից ելած թռչունների

ես բարալիկ երկար
մոմ վառեցի վանքում

հանուն երջանկության

 

ՊՈԵԶԻԱՆ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ

Տիգրանակերտի ամրոցի վրա
իրիկնալույսն է հաստատվում դանդաղ
աշտարակների ուրվագծերը
դեռ երևում են երկնքի ֆոնին

ու մինչ բոլորված սեղանների շուրջ
գինովցած թեթև
երգեր ենք կարդում
մեկը իր լեզվով
մեկը ընկերոջ

հայտնվեց հանկարծ
ծիծառների չուն
և օրորվեցին շիվերը մատղաշ
և տերևները ալեկոծվեցին
աղմուկից նրանց պստիկ թևերի

և շարունակվեց ներկայացումը
թռչնամեղեդու նվագակցությամբ

հանդիսատեսը
երկինքն էր անափ
ժպտուն աչքերով
որ նայում էին
մեր աչքերի մեջ

 

ՍԵՎ ԽԱՂՈՂ

Արմենի աչքերը
սև ու քաղցր են
ինչպես
հասունացող խաղողն արևի տակ
Հայոց

ինչ մտքեր են թաքուն
թարթիչները ծանր վարագուրում

ես խաղող եմ քաղում
և մատներիս հյութն եմ լիզում քաղցր
որոնում եմ համը
մոռացումի խորքը սուզված այգիների
Արմենի աչքերը
տարրալուծվում են խոր գիշերվա մեջ

Թարգմանությունը Գագիկ Դավթյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *