Albert CAMUS, CAHIER I
(Սկիզբ)
Հունվար, 36:
Այս այգին՝ պատուհանից անդին. ես միայն պատերն եմ տեսնում: Եվ մի քանի տերևներ, որոնց միջով հոսում է լույսը: Դեպի վեր՝ կրկին տերևներ են: Դեպի վեր՝ արևն է: Եվ ողջ այս ցնծուն օդը, որը զգում ենք դրսից, և ողջ այս հրճվանքը՝ աշխարհի մեջ սփռված. ես զգում եմ միայն տերևների ստվերները, որոնք խաղում են սպիտակ վարագույրների վրա: Արևի հինգ շառափները նույնպես, որոնք համբերությամբ չորացրած խոտերի շեկ բուրմունքը սենյակն են լցնում: Զեփյուռը, և ստվերները կենդանանում են վարագույրի վրա: Երբ ամպը ծածկում է, իսկ հետո ի հայտ է բերում արևը, և ահա վառ դեղին [վարագույրի] ստվերից հայտնվում է պատկառուկների (միմոզաների) այս ծաղկամանը: Բավական է. այս միակ ծագող ստվերը, և ահա ինձ ողողում է խառնաշփոթ և շշմեցուցիչ հրճվանքը:
Քարանձավի բանտարկյալ՝ ահա ես միայնակ եմ աշխարհի ստվերի հանդիման: Հունվարյան հետմիջօրե: Բայց ցուրտը մնում է օդի խորքում: Ամենուր արևի փառն է, որը կճարճատեր-կփշրվեր եղունգի տակ, բայց որը հավիտենական ժպիտով է ծածկում ցանկացած իր: Ո՞վ եմ ես և ի՞նչ կարող եմ անել, եթե ոչ մտնել թփերի և լույսի խաղի մեջ: Լինել աևի այս շառափը, երբ մոխրանում է իմ ծխախոտը, և այս քաղցրությունն ու այս զուսպ կիրքը, որը բուրում է օդի մեջ: Եթե ես ձգտում եմ հասնել ինձ, ապա այս լույսի խորքում [1]: Եվ եթե ես փորձում եմ հասկանալ և ըմբոշխնել այս նուրբ համը, որը զիջում է աշխարհի գաղտնիքը, այդ ես ինքս ինձ եմ գտնում տիեզերքի խորքում: Ես ինքս, այն է՝ այդ ծայրահեղ հուզմունքը, որն ազատում է ինձ տեսարանից (décor): Այժմ ուրիշ իրերն ու մարդիկ ինձ կշուրջկալեն: Բայց թույլ տվեք ինձ հատանել այս ակնթարթը ժամանակի հյուսվածքից, ինչպես այլոք ծաղիկն են դնում էջերի միջև: Նրանք էջերի միջև ներփակում են զբոսանքը, որտեղ իրենց հպվել է սերը: Եվ ես եմ զբոսնում, բայց աստված է, որ շոյում է ինձ: Կյանքը կարճ է, և մեղք է նրա ժամանակը կորցնելը: Ես կորցնում եմ իմ ժամանակը ամբողջ օրեր, և ուրիշները կասեն, որ ես շատ ակտիվ եմ: Այսօրը կայան է. սիրտն իմ ինքն իրեն է ընդառաջ գնում:
Եթե անձկությունը դեռ ճնշում է ինձ, ապա որովհետև զգում եմ այդ անշոշափելի պահի սահքը մատներիս միջից, հանց սնդիկի մարգարտահատիկներ: Հանգիստ թողեք նրանց, ովքեր ուզում են առանձնանալ աշխարհից: Ես այլևս չեմ գանգատվում, քանի որ իմ ծնունդն եմ դիտում: Ես երջանիկ եմ այս աշխարհում, քանի որ իմ թագավորությունն այս աշխարհից է: Ամպը, որը սահում է, և ակնթարթը, որը գունատվում է: Մահանում եմ ինքս ինձ համար: Գիրքը բացվում է ամենասիրելի էջում: Ի՜նչ անհամ է այսօր այդ էջը աշխարհի գրքի ներկայությամբ: Ճիշտ է, որ ես համբերել եմ, ճիշտ չէ, որ ես համբերում եմ. և եթե այդ տառապանքն ինձ արբեցնում է, ապա որովհետև այն այս արևն է և այս ստվերը, այս շոգն է և այս ցուրտը, որը զգում ենք շատ հեռվից, օդի խորքում: Ի՞նչ փույթ, թե ինչ-որ բան է մեռնում, և կամ մարդիկ տառապում են, քանի որ ամեն ինչ գրված է այս պատուհանի մեջ, որտեղ ամպն իր առատությունն է դատարկել: Ես կարող եմ ասել և այժմ իսկ ասում եմ, որ կարևոր է լինել մարդկային, համեստ: Ոչ, կարևոր է լինել իսկական, և այդժամ ամեն ինչ կհաշվառվի այդտեղ՝ մարդկայնություն և համեստություն: Իսկ երբ ես ավելի իսկական եմ և ավելի թափանցի՞կ, քան երբ ես աշխարհն եմ:
Հիասքանչ լռության պահը: Մարդիկ լուռ են: Բայց բարձրանում է աշխարհի երգը, և ես, քարանձավի խորքում շղթայված, լեցուն եմ մինչ ցանկանալը: Հավիտենականն այնտեղ է, և ես հույսս նրա վրա էի դնում: Այժմ ես կարող եմ խոսել: Չգիտեմ, թե ինչը կարող է ավելի լավ լինել, քան իմ «ես»-ի (moi-même) այս մշտական ներկայությունն իմ մեջ: Բայց ոչ երջանիկ լինելու համար, ինչը ես ցանկանում եմ այժմ, այլ միայն գիտակից լինելու: Աշխարհից պոկված ենք մեզ կարծում, բայց բավական է, որ ձիթենին բարձրանա ոսկեգույն փոշու մեջ, բավական են վաղորդյան արևի տակ մի քանի շլացնող ծովափերը, որպեսզի զգանք, թե ինչպես է ինքնիրեն հալվում այդ դիմադրությունը: Այդպես և ինձ հետ է: Ես գիտակցում եմ հնարավորությունները, որոնց համար պատասխանատու եմ: Կյանքի յուրաքանչյուր ակնթարթ իր մեջ կրում է հրաշքի իր արժեքն ու հավիտենական երիտասարդության իր դեմքը:
*
Մտածել կարելի է միայն պատկերներով: Եթե ուզում ես փիլիսոփա լինել, վեպեր գրիր:
*
II° Մաս [2]
Ա. ներկայում
Բ. անցյալում
Գլ. A 1 – Տունն Աշխարհի դիմաց: Ներկայացում:
Գլ. B 1 – Նա հիշեց: Լյուսիենի հետ կապը:
Գլ. A 2 – Տունն Աշխարհի դիմաց: Նրա երիտասարդությունը:
Գլ. B 2 – Լյուսիենը պատմում է իր անհավատարմությունների մասին:
Գլ. A 3 – Տունն Աշխարհի դիմաց: Հրավեր:
Գլ. B 4 Սեքսուալ խանդ: Զալցբուրգ: Պրահա:
Գլ. A 4 – Տունն Աշխարհի դիմաց: Արևը:
Գլ. B 5 – Փախուստ (գրություն): Ալժիր: Մրսածություն, հիվանդություն:
Գլ. A 5 – Գիշերն աստղերի տակ: Կատրին:
*
Պատրիսը [3] պատմում է իր պատմությունը մահվան դատապարտվածի մասին. «Ես տեսնում եմ նրան՝ այդ մարդուն: Նա իմ մեջ է: Եվ յուրաքանչյուր բառ (parole), որը նա ասում է, սեղմում է սիրտս: Նա կենդանի է և շնչում է ինձ հետ: Նա վախենում է ինձ հետ:
«… Եվ այդ ուրիշը, որն ուզում է նրան ճկել: Ես և նրա կյանքն եմ տեսնում: Նա իմ մեջ է: Նրա մոտ ես քահանա եմ ուղարկում՝ ամեն օր նրան թուլացնելու համար»:
«Ես գիտեմ, որ այժմ ես պատրաստվում եմ գրել: Գալիս է ժամանակը, երբ ծառը, բազմաթիվ տառապանքներից հետո, պետք է պտուղներ տա: Յուրաքանչյու ձմեռ գարունով է ավարտվում: Հարկ է, որ ես վկայեմ: Այնուհետև շրջափուլը կսկսվի նորից»:
«… Ես չեմ խոսի ոչ մի այլ բանի մասին, քան առ կյանքն ունեցած իմ սիրո: Բայց ես այդ մասին կխոսեմ յուրովի… »
«Ուրիշները գրում են հետաձգված ցանկությամբ: Եվ իրենց կյանքի յուրաքանչյուր հուսախաբությունից նրանք արվեստի գործ են ստեղծում, ստություն՝ նրանց կյանքի ստությամբ հյուսված: Բայց ես հենց իմ երջանկությունից եմ արտահանում իմ գրերը: Անգամ եթե դրանք դաժան լինեն: Ինձ անհրաժեշտ է գրել, ինչպես անհրաժեշտ է լողալ, քանի որ իմ մարմինն է պահանջում»:
III° Մաս (ամեն ինչ ներկայում)
Գլուխ I. – Կատրին, – ասում է Պատրիսը, – ես գիտեմ՝ այժմ ես կգրեմ: Մահվան դատապարտվածի պատմությունը: Ես վերադարձել եմ իմ իսկական գործառույթին՝ գրելուն:
Գլուխ II. – Աշխարհի դիմացի Տանից վայրէջքը դեպի նավահանգիստ և այլն: Հակում առ մահն ու արևը: Սեր առ կյանքը:
*
6 պատմություն.
Փայլուն խաղի պատմությունը: Շքեղություն:
Աղքատ թաղամասի պատմությունը: Մոր մահը:
Աշխարհի դիմացի Տան պատմությունը:
Սեքսուալ խանդի պատմությունը:
Մահվան դատապարտվածի պատմությունը:
Դեպի արևը վայրէջքի պատմությունը:
*
Բալեարներում [4]. Անցած ամառ:
Վախն է, որ արժևորում է ճամփորդությունը: Բանն այն է, որ ինչ-որ պահի մեր երկրից, մեր լեզվից հեռու (ֆրանսիական լրագիրն անգին արժեք է դառնում: Եվ երեկոյան այդ ժամերը սրճարանում, երբ փորձում ենք ուրիշ մարդկանց արմունկին դիպչել) ինչ-որ տարտամ վախ է մեզ պատում և բնազդական տենչանք՝ վերադառնալու ապաստարանը հին սովորությունների: Սա ճամփորդությունների ամենաակնառու նպաստն է: Այդ պահին մենք տենդոտ ենք, բայց ծակոտկեն: Աննշան ցնցումը մեզ մինչ էության հիմքերը սասանում է: Լույսի ջրվեժի մեջ է տեսանվում հավիտենությունը: Ուստի պետք չէ ասել, թե մարդիկ ճամփորրդում են սեփական հաճույքի համար: Հաճույք չկա ճամփորդության մեջ: Ես ավելի շուտ դրանում ճգնավորություն եմ տեսնում: Ճամփորդում են հենց հանուն իրենց մշակույթի, եթե մշակույթի ներքո հասկանանք մեր ամենամտերմիկ զգացմունքի կիրարկումը, որը հավիտենությունն է: Հաճույքները մեզ առանձնացնում-շեղում են մեզանից, ինչպես Պասկալի զվարճանքն է հեռացնում Աստծուց [5]: Ճամփորդությունը, որն ավելի մեծ և ավելի լուրջ գիտություն է, առ այդ է մեզ վերադարձնում:
*
Բալեարներում:
Ծովախորշ:
Սան Ֆրանցիսկո – Մենաստան:
Բելվեր [6]:
Հարուստ թաղամաս (ստվեր և ծեր կանայք):
Աղքատ թաղամաս (պատուհան):
Տաճար (վատ ճաշակ և գլուխգործոց):
Մեղեդային սրճարան:
Միրամարի ծովափ [7]:
Վալդեմոզա [8] և սանդղավանդեր:
Սոլեր [9] և կեսօր:
Սան Անտոնիո (մենաստան): Ֆելանիչ [10]:
Պոլենսա [11]. քաղաք: Մենաստան: Պանդոկ:
Իբիզա [12]. ծովածոց:
Լա-Պենյա [13]. ամրոցներ:
Սան Էուլալիյա [14]. ծովափ: Տոն:
Սրճարան՝ նավահանգստում:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
[1] «Ամուսնություններ»-ի թեմայի առաջին ձևակերպումը:
[2] Կամյուի առաջին վեպի՝ «Երջանիկ Մահ»-ի ծրագիրն է, որը հեղինակն ավարտել է 1937 թվականին, բայց չի հրատարակել: Այն հրատարակվել է միայն 1971 թվականին հետմահու:
[3] Պատրիսը «Երջանիկ մահ»-ի գործող անձ է: Մահվան դատապարտվածի թեման հանդիպում է և «Օտար»-ի մեջ:
[4] Բալեարներ (կատ. Illes Balears, կաստիլ. Islas Baleares) – Բալեարներ կամ Բալեարյան կղզիներ: Փոքրիկ կղզիախումբ (արշիպելագ) է Միջերկրածովքի արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևելյան ափին մոտ:
[5] ինչպես Պասկալի զվարճանքն է հեռացնում Աստծուց — Բլեզ Պասկալը «զվարճանք» էր անվանում բոլոր արտաքին զբաղմունքներն ու տպավորությունները, որոնք ունակ են մարդուն շեղելու իր մահկանացու լինելու գիտակցությունից: Կամյուի սույն դատողությունը, թերևս, բխում է Պասկալի հետևյալ ձևակերպումից. «Զվարճություն: Երբ ժամանակ առ ժամանակ սկսում եմ դիտարկել մարդկանց զանազան գործերը և այն վտանգներն ու աղետները, որոնց ենթարկվում են նրանք արքունիքում, պատերազմում, և որոնցից ծայր են առնում վիճաբանությունները, կրքերը, հանդուգն և հաճախ չարամիտ ձեռնարկումները, մտորում եմ ինքս ինձ, թե մարդկային ամենայն դժբախտություն բխում է մեն մի բանից, այն է՝ իրենց հարկի տակ հաշտ ու խաղաղ ապրել չկարենալուց: Ապրելու համար բավականաչափ ունեցվածքի տեր մարդը, եթե կարողանար հաճույք գտնել իր տանը մնալու մեջ, դուրս չէր գա ծովով ճամփորդելու կամ ամրոց պաշարելու:. Կա՛մ նա կգտներ զրույցների և խաղերի մեջ, որովհետև հաճույք չի տեսնում տանը մնալու մեջ:
Բայց առավել մոտիկից քննելիս և մեր բոլոր դժբախտությունների պատճառը գտնելուց հետո ես կամեցա բացահայտել դրանց արմատները և տեսա, որ դրանց բուն հիմքը մեր անզոր և մահկանացու գոյության բնական դժբախտության մեջ է, այնքան խղճուկ մի գոյություն, որ ոչինչ չի կարող մեզ համար մխիթարական լինել մանրազնին քննության դեպքում» (Բլեզ Պասկալ, Մտքեր /ֆրանս. Թարգմ.՝ Ա. Բոյաջյան, առաջաբան՝ Ս. Ստեփանյան, Եր., Սարգիս Խաչենց, 2003, էջ 78: Ավելի մանրամասն տե՛ս՝ էջ 77-84, գլ. VIII, Զվարճություն):
[6] Բելվեր (ֆր. Bellver) – խոսքը Իսպանիայի Մայորկա կղզու վրա գտնվող Բելվեր դղյակի (Castillo de Bellver) մասին է: Գտնվում է Պալմա քաղաքի կենտրոնից 2.5 կմ հեռավորության վրա:
[7] Միրամար (իտ. Miramare) — միջնադարյան շոտլանդական ոճի դղյակ՝ Ադրիատիկ ծովում հռչակավոր ժայռի վրա Կարլ Յունկերի նախագծով կառուցված, Տրիեստի մերձակայքում (1856-60 թթ.):
[8] Վալդեմոզա (իսպ. Valldemosa) – բնակավայր և մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Բալեարյան կղզիների պրովինցիայի մեջ: Գտնվում է Մայորկա կղզու վրա:
[9] Սոլեր (իսպ. Sóller) – մունիցիպալիտետ Իսպանիայում, մտնում է Բալեարյան կղզիների պրովինցիայի մեջ: Գտնվում է Մայորկա կղզուց հյուսիս-արևմուտք՝ Սյերրա-դը-Տրամոնտանա լեռներում:
[10] Ֆելանիչ (կատ. Felanitx) – մունիցիպալիտետ Իսպանիայում, որը մտնում է Բալեարյան կղզիների կազմում:
[11] Պոլենսա (իսպ. Pollensa) – մունիցիպալիտետ Իսպանիայում՝ Բալեարյան կղզիների կազմում:
[12] Իբիզա (իսպ.՝ Ibiza, կատ.՝ Eivissa) – կղզի Միջերկրական ծովում: Գտնվում է Իսպանիայի Բալեարյան կղզիների կազմում։ Իբիզան աշխարհում հայտնի է տոնակատարություններով և գիշերային կյանքով։ Համաշխարհային ճանաչում ունեն նաև կղզում գտնվող Բորա-Բորա և Պաչա ժամանցային համալիրները։
[13] Լա-Պենյա (իսպ. La Peña) – (իսպ. La Peña) – մունիցիպալիտետ Իսպանիայում՝ Սալամանկա մարզի կազմում:
[14] Սան Էուլալիյա (իսպ. Santa Eulalia) – մունիցիպալիտետ Իսպանիայում՝ Ուեսկա (Huesca) մարզի կազմում:
© Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ ԹՈՆԴՐԱԿԻ
(Շարունակելի)