(հատված անտիպ վեպից)
ՊԱՐՈՒՆԱԿ ՎԵՑ
1
սուրահ
Իրիկնամուտին, երբ պատվերը կատարված էր, Բժիշկն ու Բժշկուհին, հեռու ճանապարհ գնացողի սովորությամբ, ձեռքերը դրած ծնկներին՝ դեմ դիմաց նստեցին բազկաթոռների մեջ ու երկար լռեցին։
Մութուլուսին, երբ լաբորատորիայի դռան զանգը հնչել էր, Քննողն ինքնաբերաբար սեղմել էր պատասխանիչի կոճակը, և մուտքի դռան մոտ կանգնածները, որոնք աշխատանքային նույնանման արտահագուստով էին և բժշկական դիմակով, որ կարծես շտապել էին քաշել քիթ ու բերանների վրա, որպեսզի պոլիէթիլենային՝ տեղ-տեղ ծակծկված տոպրակների մեջ փաթաթված մարդկանց մարմիններից թունդ արտածվող առանձնահատուկ հոտը չլցվեր իրենց շնչուղիներն ու թոքերը և տեղնուտեղը շնչահեղձ չաներ, հապշտապ ու բերանում թուքը չորացածի անհանգստությամբ ներկայացան։
– Ողջո՛ւյն, պարոն Քննողի՞ հետ եմ խոսում,- առանց աչքը թարթելու ու դեմքի
մկանն իսկ շարժելու՝ քաղաքավարի զսպվածությամբ հետաքրքրվեց տարեց, գիրուկ ու ճաղատ դիմակավորը։
– Այո՛, պարո՛ն Բժիշկ, համեցեք ներս, դուռը բացվե՞ց։
– Այո՛, պարո՛ն Քննող, շնորհակալություն։
Դռների բացուխուփն իր փափկությամբ հանգստություն ու վստահություն
ներշնչեց ո՛չ միայն տարեց Բժշկին, այլև ջահել Բժշկուհուն, որի հետաքրքրությունից այրվող աչքերն ամեն քայլափոխի կարծես կենդանի դիակներ ու մեռած հոգիներ էին փնտրում անմարդ ու աղոտ լուսավորված միջանցքներում։
Քննողը փոքր-ինչ մտահոգ, բայց լայնադեմ ժպտաց, երբ դռները բաժանվեցին իրարից, և պոլիէթիլենի մարդահասակ տոպրակները, կարծես ոտ առած, առաջ եկան ու կանգ առան Քննողի դիմաց՝ թիկունքում թողնելով տարեց Բժշկի և ջահել Բժշկուհու համերաշխ համբերատարությունը։
– Տարբեր սեռի են, չէ՞,- Քննողի հարցն անակնկալի բերեց Բժշկին և բաց
շառագույնով ծածկեց Բժշկուհու դեմքը։
– Այո՛,- հատու ասաց Բժիշկը։
– Հասցրե՞լ եք ճիշտ ժամանակին ներարկել։
– Ամեն ինչ ճիշտ ու ժամանակին է արվել, ըստ ցուցումի։
– Շնորհակալություն, Բժի՛շկ։ Ձեզ հետ համագործակցելը մեծ պատիվ է,
նաև՝ անգնահատելի փորձ ձեռք բերելու եզակի հնարավորություն, ինչի համար երախտապարտ եմ։
– Հույս ունեմ՝ այս անգամ հաջողության կհասնեք․ շատ կարևոր գործ եք
անում։ Եթե դեմ չեք, մենք կարող ենք մնալ և օգնել ձեզ։
– Շնորհակալություն, Բժի՛շկ, Ձեր առաջարկն անպայման հաշվի կառնենք
մեր հետագա աշխատանքներում։ Ես անձամբ կզանգահարեմ Ձեզ։
– Այդ դեպքում՝ մենք գնանք,- Բժիշկը հոնքը բարձրացնելով՝ հարցական
նայեց Բժշկուհուն, որը գլուխը թեթև խոնարհեց՝ շրթունքները դժկամորեն սեղմելով իրար՝ ի նշան հուսախաբության և տրտմության։
– Դուք շատ գեղեցիկ եք, Բժշկուհի,- Քննողն իր ծանր ձեռքը մեկնեց ջահել
Բժշկուհուն ու ափսոսանքով ավելացրեց,- մարդկանց հանդիպումները գրանցվում են աստղերի վրա, ցավոք, դրանք կարող են չկրկնվել ու մոռացվել, բայց երբեք չեն անհետանում և պահպանվում են տիեզերքի պատմության մեջ։
Բժշկուհին դարձյալ շառագունեց ու անօգնական նայեց Բժշկին՝ մանրամատ ձեռքը նրբագեղորեն տեղավորելով Քննողի՝ արջի թաթ հիշեցնող մազմզոտ ձեռքերի մեջ։
– Մենք հույս ունեինք, որ, մենք կարծում էինք, որ մեզ բախտ կվիճակվեր,-
Բժշկուհին աննկատ կծեց վերին բարակ շրթունքն ու կմկմաց,- բախտ կըվի-ճակ-վեր, գոնե մի քանի օր կամ մի քանի ժամ վայելելու,- դարձյալ շփոթահար կմկմաց,- Քըն-նողի ու Նա-յո-ղի դարակազմիկ նշանակություն ունեցող փորձը, ականատես լինելու մանկուրտների նոր սերնդի առաջնեկների ծնունդին ու նորաստեղծ միգամածությունը բնակեցնելուն,- շունչը տեղը բերեց,- բայց, ինչպես ասում են․ «Երկու երնեկ մի տեղ չի լինում»,- սեթևեթ նազանքով օրոր-շորոր անելով՝ եզրափակեց Բժշկուհին՝ աչքի պոչով նայելով Բժշկին, ու կարծես նրա գնահատանքին սպասելով՝ երկարաշունչ ու վերամբարձ խոսքը բարեհաջող հանգրվանին հասցնելու իր քաջության համար։
– Մի՛ տխրեք, Բժշկուհի, մենք դեռ կհասցնենք վայելել ձեր քնքշանվաղ ու
մեղմանուշ հայացքի հպումը պստիկ ու ճստիկ չիփերին, որոնք սլվլուկ սահելով մարդու գանգամաշկի տակ՝ նրան կօժտեն նոր ու հզոր ու անծանոթ կարողություններով,- հայացքը մխրճելով Բժշկուհու աչքերի մեջ ու առանց նրա ձեռքի թավշե նրբությունը բաց թողնելու՝ տաք-տաք հավաստիացրեց Քննողն ու կտրուկ թեքվելով՝ ուղիղ նայեց Բժշկի աչքերի մեջ։
– Բարի աշխատանքային օր եմ մաղթում, պարո՛ն Քննող,- տարեց Բժիշկը
շտապեց հրաժեշտ տալ ո՛չ այնքան Քննողին, որքան ջահել Բժշկուհուն, որի այլայլված հայացքը մատնում էր հոգում տեղի ունեցող իրարամերժ տուրուդմփոցը։
Կարծես մոտիկ մի տեղից՝ լաբորատորիայի գվվացող լույսերի միջից, ծանոթ մեղեդի լսվեց, որի տակ Քննողը, Բժշկուհին և Բժիշկը վալս էին պարում, երեքով վալս էին պարում՝ անմոռաց ու ինքնամոռաց։
2
սուրահ
Հիմա, երբ բանը բանից անցել է, հիմա հետադարձ հայացք ձգելով գալիքին՝ երևում է, թե ոնց է Կինը հոնքերը կիտել ու սիրտը պայթելով՝ տագնապում․ «Մարդը, խեղճուկրակ ու վախկոտ մարդը, առյուծ կտրած նազարը, թուլացած ու լխկած ու հոտած մարմնի խորքերում սիրո տենչը պահպանած, կիրքը՝ անմար, քնձռոտ քուռակի պես ձորի պռնկին տռճկի տվող ու անդունդի ահից սիրտը փորն ընկած մոզի մարդն ի՞նչ կարող է անել, որ չի անում՝ գոնե ինքն իրեն գոհացնելու համար։ Ինչ ձեռքից գալիս է՝ անում է, ինչ ձեռքից չի գալիս, էդ էլ է անում, չուզելով անգամ՝ կաշվից դուրս է գալիս, միայն թե գոհացնի իր նմանին․ ավա՜ղ, անգոհ ու անկուշտ ու անհագ տկարին գոհացնել չի լինում։ Չի՛ լինում ու վերջ։ Չի՛ գոհանում։ Չի՛ գոհանում, հերիք չի, մի բան էլ սպիրտի շիշը գլխին է քաշում ու զոհի բարդույթով բռնված՝ բոյով մեկ փռվում հատակին, ոտքերը գետնին է տալիս ու զառանցում․ չի՛ գոհանում, հերիք չի, մի բան էլ փեշը քշտում է մինչև աճուկները, ալ կարմիր ներկած շրթունքներն ուռեցրած, մետրանոց կրունկները ճոճելով՝ կանգնում բանուկ կամրջի տակ և սրտատրոփ սպասում բախտին, ու բախտը, որ երբեք երես չի թեքում նրանից, երբեմն նույնիսկ երես է տալիս՝ կարկուտի պես ծեծած տեղը հաճախ ծեծելով»։
Կինը պայուսակն ուսեց ու ճամփա ընկավ։ Արդեն պայուսակ ուներ, արդեն բեռ ու բոխչով էր։ Ճքճքան արևի տակ սևանալով՝ Կինը քայլում էր ու ինքն իրեն նախատում․ «Մի հարցնող լինի՝ ի՞նչդ էր պակաս, որ «հա» ասեցիր։ Քո՞ռ էիր, քաչա՞լ էիր, թոփա՞լ էիր, էն անկույս ժամանակներում անգամ կույս էիր, քեզ ի՞նչ էր եղել, որ վրա պրծար խեղճի կիսատ թողած խոսքին ու դեռ հարցը չհնչած՝ պատասխանը դրեցիր բռան մեջ ու քեզնից գոհ ծիծաղեցիր ծաղկած ծառերի հովին։ Ի՞նչդ էր պակաս, հը՞։ Հունիս ամսվա ամառը մտել էր ծոցդ ու քեզ հունից հանել։ Երևի։ Ամեն ապուշ խոսքի վրա հռհռում էիր ու քեզ արքայից արքայի դիցուհի կարծում։ Անխե՛լք կնիկ»։
Էսօրվա նման հեռու մի օր էր․ կին էր, քանի տարվա տան կնիկ էր արդեն, ու մի կենտ պայուսակն ի՞նչ է, էդ էլ չուներ, որ ուսեր, ունենար էլ, պայուսակում պահելու բան չուներ, մի չոր գլուխ էր, գլուխն առավ ու ճամփա ընկավ։
Տարվա բոլոր եղանակներին բացված ծուռումուռ կածաններով անցել էր՝ գլուխը կախ, բերանը խուփ, աչքերն ուռած։
Ձնառատ գիշերվա միջով գնում էր ու հերսը զսպելով, բերանը ափով ծածկած՝ հեծկլտում անմարդ փողոցներում։ Հասավ անլույս կամրջին ու քայլերն արագացրեց, կարծես գնալու տեղ ուներ, գնալու տեղից ուշանում էր, գնալու տեղն էլ ոտ էր առնելու ու ճապուկ հեռանար, եթե ինքը ճիշտ ժամանակին չհասներ․ կամրջի կեսն ընկնել-բարձրանալով, ծնկները ձների ցրտին տված, աչքերը փակ անցավ ու կանգ առավ՝ մի ձեռքը դրած խայտացող փորին, մյուսով փորի տակը գրկած․ «Քիչ մնաց, մի քիչ էլ դիմացի, մի քանի րոպե համբերի, շունչս տեղը բերեմ, կթռնենք, թաթիկդ կբռնեմ, չվախենաս, ես միշտ քեզ հետ եմ, ես քեզ ցավ չեմ պատճառի, դու իմ հոգին ես, ես քեզ անտեր չեմ թողնի, որ իմանաս, թե քեզ ինչի՜ց եմ փրկում, էդքան չես ջղաձգվի, թաթիկներդ բա՛ց արա ու պորտալարդ պինդ բռնի, լսո՞ւմ ես, հոգի՜ս, արևս, տունս-տեղս, երազանքս, կյանքս, պի՛նդ բռնվի, սպասի մազակալս ամրացնեմ, սպասի մատանուս տեղը փոխեմ՝ դնեմ մատնեմատիս, սպասի էս սիրուն կոշիկներս ուղղեմ, ոտքս զգույշ դնեմ սառույցին, որ կրունկներս չջարդվեն, էն խեղճ կոշկակարը մեռավ կարկատելով, ահա, դե՛, քեզ տեսնեմ, արդեն մեծ տղա ես, քեզ ձիգ պահի, երեք-չո՛րս, գնացի՜նք, թռա՜նք»,- Կինը մեծ ու վճռական ցատկ արեց, որ կամրջի բազրիքից կախվի, բայց անիծյալ սառույցն ամեն բան հարամեց․ բարակկրունկ կոշիկը, որ տխուր ու արտառոց ու ծիծաղելի էր նայվում ծնկահաս ձյան մեջ ու չմշկադաշտի պես սայթաքուն, սառցակալած մայթի վրա, հանկարծ երերաց Կնոջ ոտքի տակ, թույլ ճկվեց ու սլլալով հետ հրեց Կնոջ մարմնի վտիտությունը, որի վրա ցից ու սիրուն դուրս էր պրծել կլորիկ փորը, իսկ պրկված վզի ուռած երակը քիչ էր մնում պայթեր ու արյուն ժայթքեր ձյան ճերմակի երկայնքով, սակայն այդ պահին մի անտես ձեռք ձյան փաթիլի թեթևությամբ վեր բարձրացրեց մորն ու որդուն և պինդ և ամուր և ուժեղ վար բերեց ու դրեց գետնին։
«Ա՜խ, էս ի՞նչ էր, էս ո՞վ ինձ հրեց»,- Կինը գունատվեց կամրջի վրա։
«Գնա՛, տունդ տակնուվրա է, գնա՛ կարգի բեր»,- ձայնը հատու էր, բայց սրտացավ։
«Մամա ջա՜ն, է՛լ չեմ դիմանում»,- Կինը փղձկաց ու հենվելով կամրջի բազրիքին՝ դառնաղի հեկեկաց։
«Դու մենակ չես, գնա՛-ա-ա, գնաաա՜աաա»,- ձայնն արձագանքեց դատարկ քաղաքի ձյունոտ մթան մեջ։
«Հոգնել եմ, էլ ուժ չունեմ»,- Կինը չէր սրբում արցունքները, որ առանց նայելու տեսներ, թե ոնց էին արցունքի կաթիլները սառցե մարգարիտների պես գլորվում կապտած այտերն ի վար։
«Որդի՛դ ուժ ունի, քեզ ուժ կտա, գնա՛»,- ձայնն ավելի հուժկու հնչեց, ու Կինը վարանոտ դանդաղությամբ սկսեց քայլել՝ կըտ-կըտ-կըտ, ճըռ-ճըռ-ճըռ, սըլթ-սըլթ-սըլթ, կարծես լարովի տիկնիկ լիներ․ ինչ-որ մեկը ժամանակավորապես լարել էր նրան ու հեռացել՝ բանալին իր հետ տանելով, և երբ ժամանակը լրանար, ոչ ոք, ոչ ոք չէր գտնելու ո՛չ լարողին, ո՛չ էլ բանալին։ Ժամանակավոր լարում է, մի՛ պրկվիր, վերջը մոտ է։
Կինը խելահեղ վազքով տուն հասավ, մոլագարի պես վրա պրծավ ու մի շնչով կարգի բերեց քանդուքարափը՝ թանկ գին վճարելով։
Կինը հետո հաճախ էր հիշում այդ գիշերը, այդ մութն ու սառույցը, նաև՝ ձեռքի անտես ներկայությունը, և ապշում էր, թե ինչպես չէր տեսել իրեն ընկած տեղից բարձրացնող, իրենց՝ երկուսի մարմինները վեր, ավելի վեր հանող այդ վիթխարի ձեռքը, և ամաչում էր, ամոթից գետինն էր մտնում, որ վախեցել ու սարսափահար փախել էր, որ գայթակղվել էր մահվան կանչով ու մեղքը վիզն առած՝ քայլ էր արել՝ նոր մեղքի տակ ընկնելու համար։ Կինը դեռ չէր ճանաչում մեղքը։ Կինը դեռ չէր նայել մահվան աչքերի անգունության մեջ ու չէր դիպել ծանրումեծ ձեռքի փափուկ կոշտությանը։
3
սուրահ
Միևնույն է, Տղամարդը նրբանկատ ու զգայուն մարդու համբավ ուներ, քանի որ երբ գլխին էր հավաքում սիրահարված ու անպատասխան սիրուց տառապող աղջիկներին և անծպտուն, ականջը կախ՝ լսում նրանց դժբախտ սիրո պատմությունները, մատների ծայրով հաճախակի էր մաքրում սուր ու կեռ քթի աջ ու ձախ կողմում՝ մանր աչքերի նեղացող անկյուններում առատորեն կիտված արցունքի կաթիլները, որոնք բնում խեղդվելով՝ այդպես էլ երբեք արևերես չէին ելնում ու առերևույթ ավելին չէին վկայում, քան մորական տատից ժառանգած լացկանությունը, որ թոռան մեջ ձուլվելով դիմադրելու անկարողությանը՝ պարտադիր ճեղքում էր արցունքաբեր գեղձի պատնեշը ու մարմին առնում իբրև հեղուկ հյուլե՝ փայլկտելով բզով ծակած աչքերի պոչին։ Իսկ երբ սևազգեստ կին էր տեսնում, որը զինվոր որդու մեծադիր լուսանկարը, առանց շրջանակի մեջ առնելու, կրծքին սեղմած, ցուցադրում էր անցուդարձող՝ չաղ, ուրախ, բախտավոր հասարակությանը՝ ծալապատիկ նստած սալաքարի սառնության վրա, ծնկների խաչափոսում պարացնելով թիթեղյա տուփը, որ զնգզնգում էր բարեհոգաբար ու բարեգթորեն նետված մետաղադրամների ծափողջույններից, Տղամարդու ոտքերը դողով էին բռնվում, ձեռքերը թուլանում էին այնքան, որ անկարող էր գրպանը տանել ու ծխախոտի կրպակի վաճառողուհու վերադարձրած մանրադրամը գրպանի խորխորատից դուրս բերել, խառնել ամբոխի ողորմությանը՝ սևսիրտ մոր հոգսը մի կաթիլ թեթևացնելու հույժ մարդասիրական մղումով։
Տղամարդը նաև կռվարար, էծերը եկող ու գնացող մարդու համբավ ուներ, քանի որ երբ կատարը տաքանում էր, սոված փորին մեկ-երկու բաժակ գլխին քաշելուց հետո խորոզանում էր ու վրա քշում ամեն պատահածի, ու ամեն պատահած նայում էր էս Տղամարդու նվազ արտաքինին, նեղ կրծքավանդակին, կաթնամաշկ և թույլիկ և նուրբ վերջույթներին, ու բռունցքը բարձրացնելու ախորժակը բացվում էր, և երբ ամեն պատահած հագեցնում էր ախորժակը, էս Տղամարդը ճարահատ կռվի էր բռնվում՝ անուժ բռունցքներն օդում թափահարելով ու կռվարարի համբավ ձեռք բերելով։ Էստեղ են ասել․ «Ով հիվանդանա, ով գնա սանատորիա»։ Եվ իր քոռուփուչ կյանքում այդպես էլ երբեք «սանատորիա» չգնացած Տղամարդու ամենատղամարդկային պահվածքը հենց այն էր, որ արվարձանային փողոցների մութ անկյուններում կամ ավերակ շինությունների պատերի տակ կամ քաղաքային պետքարանների միզահոտի մեջ սկսված ամեն կռիվ, թեպետ ավարտվում էր քիթ ու բերանից արյան առատ արտահոսքով, գանգամաշկի արտիստիկ կտրվածքով կամ ցուցամատի ու մատնեմատի հոդախախտով կամ ամորձիների ջնջխումով, միևնույն է, նա անմռունչ ու անտրտունջ դիմանում էր մարմնական բոլոր ցավերին՝ հոգու մասին խոհեմաբար ու ազնվաբար լռելով, դե, իսկ օրինապահ ոստիկաններին կամ գողական աշխարհի ախպերներին անհանգստացնելու մասին խոսք լինել չէր կարող․ «Ինքը էդ տղան չէր, բա ինքը է՞դ տղան էր, որ իրա հարցերը ուրիշի վզին թողներ, ինքն իր ձեռքով էր լուծում բոլոր «կաշերը», որ եփում էր հարբած ժամանակ, որից խորշում ու անկեղծորեն զզվում էր, երբ մռայլորեն սթափվում էր, այսինքն, հեռանում էր ու մոռանում, հավիտյանս հավիտենից, ամե՛ն»։
Տղամարդը նաև ծպտյալ Դոն ժուանի համբավ ուներ, քանի որ երբ անծայրածիր Ռուսիայի խուլ անտառների փեշերին փռված գյուղերից մեկում գործուղման հենց առաջին աշխատանքային օրը տեսավ Իվանին ու նրա կաթնամաշկ, կապտաչյա Մարուսյային, բերանի ջրերն առատորեն հոսեցին, թևերը եղբայրաբար լայն բացեց, որպեսզի որքան հնարավոր է տաք և ամուր գրկեր թմբլիկ Մարուսյայի՝ շորորուն կոնքերի խաղացկունությունն ու գիրգ կրծքերի խայտանքը։ Եվ այդ ճակատագրական պահին Իվանը թունդ կարմրեց ու գլուխը կախ դուրս եկավ սենյակից՝ ներքնահարկի մառանից սառը «Վոդկա» բերելու միամիտ ու հյուրասեր առաքելությամբ։ Մինչև «Վոդկան» տեղ կհասներ, չար լեզուներն ասում են, որ Տղամարդու կիրքն արդեն հասցրել էր մարել, բայց սիրատոչոր Մարուսյան մեղուշ նայվածքով դեռ գուրգուրում էր Տղամարդու նոր ածիլված ծոծրակը, որից էժանագին օդեկոլոնի հոտ էր փչում։
Մեկ էլ լեգենդներ էին պտտվում ու բերնեբերան տարածվում, որ փեշերն այրված կանայք ու մանկահասակ աղջիկները, որ լքել էին հեռավոր գավառների հայրական ամբասիր, գեղջկական օջախները, որպեսզի համալրեին հսկա քաղաքի ուսանողության ու բանվորության հոծ շարքերը, երբ լուսնյակ գիշեր էր իջնում, ու գեղջկուհիները սիրատոչոր, բայց մենակ էին մնում, որովայնի մկաններն ահռելի պրկումով լարվում էին ու ցավ պատճառում, մատղաշ հոգիները բանաստեղծի բառով կործանած ու կենցաղի ճահճից փրկված դիցուհիները, որ երգեր էին ձոնում առաջին սիրո ասպետներին և անպատասխան սիրուց խելագարվելու ահազանգ հնչեցնում, դուրս էին թափվում հանրակացարանի խցերից, անհուսորեն գեղեցիկ պառկում զառիթափ իջնող աստիճաններին ու հեկեկոցը զսպելով, գիշերվա քնած անկենդանությունը ճեղքելով՝ բղավում քաղաքով մեկ․ «Ճչա՜լ եմ ուզում», այդժամ, «Ուզիր և կտրվի», ու հայտնվում էր մորուքն ու բեղերն ամիսներ շարունակ վարսավիրի երես չտեսած, քնատությունից ճպռակալած աչքերը բռունցքներով տրորող ու դատարկ գրպանների աստառները՝ սոված շան լեզվի պես դուրս գցած, դառնահամ բերանով ու քրտնահոտ կռնատակերով աչքի ընկնող և միակ աննման հարստությունը ոտքերի արանքում պարացնող Տղամարդը ու վարանելով՝ հատ-հատ գրկում էր նրանց նաիրյան իրանների սարսուռը, և նաիրուհիները մեղկ գրգռվում էին, և չար լեզուները չեն պապանձվում ու դեռ այսօր էլ պտտվում են՝ վկայելով, որ նրանք հերթով տնքում ու ճչում ու անձայն լալիս էին, երբ Տղամարդը հևասպառ ու ագահաբար բավարարվելով՝ լքում էր նրանց մարմինների խոնջությունը, երբ քրտինքը վարարելով՝ հոսում էր նրանց աճուկների արանքով ու խառնվում Տղամարդուց կաթկթած սերմի առատությանը։ Դշխուհիների թեժացած ներսը դեռ նվվում էր հաճույքից ու եռացող յուղի պղպջակների պես մեղմ պսպղում։
Տղամարդը նաև խելացի և ուսյալ մարդու համբավ ուներ, քանի որ երբ հաստափոր գիրքը ձեռքն էր առնում, և դա հաճախ էր պատահում, իհարկե, ո՛չ այնքան հաճախ, որքան օղու բաժակն էր դողահար մատների մեջ գրկում, բայց և այնպես, հենց խմելուց աչք էր բացում, Տղամարդը թերթում էր գիրքն ու էջերը հատված-հատված կուլ տալիս՝ հիացմունքի ու զարմանքի օվացիաներ կորզելով ականատեսներից, քիչ անց ընդհատելով ընթերցանությունը՝ դեմքի լրջագույն արտահայտությամբ, ամենայն մանրամասնությամբ պատմում էր աշխարհի ամենազավեշտալի պատմությունը, որը գրվել էր, հավանաբար, մի քանի տարում, ինքը կարդացել էր մի քանի ժամում և պատմում էր մի քանի րոպեում, իսկ այդ ընթացքում ունկնդիրները, փորները բռնած, գալարվում էին անզուսպ՝ ով որտեղ կարող էր․ բազմոցին, աթոռին, հատակին ու սեղանին, գարեջրի շիշը բերաններից կտրուկ հեռացնելով ու հազից խեղդվելով՝ գարեջրի շիթերը կողքինների վրա ցայտեցնելով, հացի պատառը շնչափողը թռցնելով ու կիսածամ խորովածը բերանից հազիվհազ թքելով, չիշիկը մի կերպ զսպելով, մի քանի անմեղ կաթիլ անկամ կաթկթացնելով ու վարտիքները թրջելով․ «Վա՜յ, մամա ջան, ես մեռա, ես կգժվեմ, փրկեք ինձ, հահահահահա՜հախըխը՜խխխխխխիի՜ի»։
Ուրեմն, Տղամարդը նաև հումորի սուր զգացում ունեցող՝ հանաքչի մարդու համբավ ուներ, բայց կատակների ու անեկդոտների արանքում մերթ ընդ մերթ աչքերը փակում էր ու կոկորդը խեղդվելով՝ կրկնում․ «Բոլորը կարծում են, թե շուտով կգա ժամանակը, մինչդեռ ժամանակը միայն ու միայն հեռանում է», և այստեղ իջնում էր վարագույրը, ու անակնկալ պարզ էր դառնում, որ ամեն բանից վեր Տղամարդը դժբախտ ու միայնակ մարդ էր, ինչպես որ սովորաբար լինում են զգայուն Դոն ժուան, խելացի կռվարար, կատակասեր հարբեցող փիլիսոփաները։
4
սուրահ
Այն ժամանակ, երբ Բժիշկն ու Բժշկուհին, համարյա իրարից խռով ու Քննողի քաղաքավարի սիրալիրությունից զգուշանալով, հեռացան լաբորատորիայից, և Քննողը մենակ մնաց պատվիրված ու ճիշտ ժամանակին ստացված «ապրանքի» հետ, անսպասելի թախիծ իջավ նրա ճերմակող քունքերին, փակվող աչքերին ու տառապող սրտին։
Քննողի տխրությունն իր կյանքի կիսատ-պռատության և ունայնության համար էր, ինչպես որ ինքն էր հաճախ անուն դնում իր ապրած տարիներին՝ ներփակվելով ու դժգոհելով, երբ զգում էր, որ «Դրսից ուրիշի աչքն է հանել, ներսից՝ իր»։ Դրսից իրեն ճանաչողները գիտեին, համենայն դեպս, համոզված էին, որ գիտեին, թե որքան հարգված ու գնահատված գիտնական էր Քննողը ո՛չ միայն իր երկրում, այլև աշխարհի առաջադեմ հորջորջվող երկրներում, թե որքան բարի ու բարյացակամ ու հյուրընկալ տանտեր էր Քննողը, երբ սեղանի շուրջը հավաքվում էին մանկությունից ու դպրոցից ու բանակից ու համալսարանից ու ասպիրանտուրայից ու լաբորատորիաներից ու գիտաժողովներից ու կլոր սեղաններից ու օդակայաններից ու կայարաններից ու նավահանգիստներից ու հյուրատներից ու ռեստորաններից ու զբոսայգիներից ու մայթերից ու բանուկ փողոցների զոլավոր անցումներից եկող ընկերները, քանի որ բոլորի համար նրա տանը, սրտում ու մտքում միշտ մի ոտնաչափ տեղ կար, ուստի և պուլիկում միշտ եղ կար։ Դրսից նայողն ա՜խ էր քաշում ու մեկուսի հոգոց հանում․ «Երանի՜ տիրոջդ»։ Չուզողի աչքն էլ հանում էր, երբ գլուխը՝ բարձր, բոյ-բուսաթը՝ աննման, խոսքը՝ չափված-ձևված, անցուդարձում էր տուն-լաբորատորիա-տուն ճանապարհը։ Այսքանը՝ դրսից ուրիշի աչքը հանելու մասին։
Ներսից իր աչքն էր հանում, երբ գիշերն ի լույս քունը չէր տանում, հոգնությունից աչքերը փակվում էին, բայց միտքը չէր հանդարտվում, որպեսզի միանգամից ընկներ Մորփեոսի գիրկը։ Միտքը մեղավոր էր, իհարկե, բայց մտքից ավելի հոգին էր մեղավոր, դրա համար էլ քուն չէր գալիս աչքերին, իսկ հոգին մեղավոր էր, քանի որ, ինչպես գեղեցկուհի Անջելն էր ասում․ «Հոգիդ շաաաաա՜աաաատ խորն է»։ Խորը՝ խորն է, բայց մեջն ի՞նչ կա, ի՞նչ օգուտ կա խոր հոգի ունենալուց, ծանծաղ հոգին գերադասելի է, երբ «գյադաների ժամանակն է» քոնը։
Օրինակ, գեղեցկուհի Անջելը նախընտրում է հավատարիմ մնալ և երջանկություն պարգևել իր հարբեցող տղամարդուն, որը չի խորշում շնանալ ոչ այնքան գեղեցիկ, բայց անպայման տաղանդավոր կանանց հետ, սակայն անասելի խորշում է իր կապույտ արյանը ո՛չ հարիր աշխատանք անելուց, ուստի տարին կլոր գործազուրկ է, բայց և այնպես, Անջելը գերադասում է ամիսներով մեն-մենակ լուսացնել իր պաղ անկողնում, տարիներով նույն՝ հատը փախած կամ հատը բռնած գուլպաներով մարդամեջ դուրս գալ, ամառ-ձմեռ նույն բարակկրունկ կոշիկը մաշել, քան գեթ մեկ անգամ անկողին մտնել Քննողի նման երևելի ու նրբանկատ ու սիրալիր անհատականության հետ, որն իր սիրասուն կնոջ առեղծվածային մահից հետո դեռ ուշքի չէր գալիս, ուր մնաց՝ մտքի ծայրով անցկացներ Անջելին անկողին քարշ տալ, բայց դեմ չէր լինի նրան թևանցուկ արած, դանդաղ ճեմելով անցնել երկար ծառուղով ու հասնել կանաչ մարգագետին։ «Է՜հ, խեղճ մայրս մի բան գիտեր, որ գլուխը տմտմբացնելով՝ կրկնում էր․ «Բա՛խտ բաժանող, մատներդ փշրվեին, որ ինձ էսքան անխղճորեն չզրկեիր պարզ ու հասարակ մահկանացուներին վայել հաճույքներից»»։ Քննողը դարդոտվում էր․ «Չէ՛, բա ո՞նց կլիներ, որ գոնե ի՛նձ բաժին հանեիր էդ բնական հաճույքներից։ Չէ՛, բա ո՞նց կլիներ, որ հանկարծ ու էդ մի բանն ինձ հեշտ տրվեր, չէ՛, բա ո՞նց կլիներ, որ լիներ։ Չէր կարող լինել, չպիտի լիներ։ Չեղավ»։
5
սուրահ
Յանուսի մեղքը ոչ թե հակառակ կողմեր նայող երկերեսանի աստված լինելն էր,
այլ աստված լինելով՝ երկերեսանի լինելը։ Երկրային անցյալ կյանքում Քննողին բարձր էին գնահատում թե՛ մեծ գիտնական լինելու, թե՛ իր մետրով արդար չափելու և մի երես պահելու համար։
Քննողը մի պահ ցնցվեց, երբ լաբորատորիայի դուռը բարակ դզզոցով բացվեց, ու դռան շեմին հայտնվեց Նայողը․ Քննողը մինչ այդ կարծես խոր քուն էր մտել ու երազ տեսել, որտեղ Բժիշկն ու Բժշկուհին պատվիրված «ապրանքն» էին բերել, բայց երազում ինքն ու Նայողը դեռ չէին հասցրել մշակել «հում նյութն» ու ստեղծել իրենց կյանքի առաջին մարդկանց, որոնց ո՛չ միայն տիեզերք էին ուղարկելու, այլև, ինչպես պարզվելու էր աշխարհի կործանումից հետո կամ հենց կործանման պահին, հույսը դնելու էին իրենց «զավակների» վրա, երբ գործը հասներ նոր միգամածությունում Աջի ու Ձախի բնակվելուն և կորուսյալ աշխարհի փրկության մեջ նրանց անփոխարինելի դերին։ Երազն արդեն անցել գնացել էր, Քննողն արդեն արթնացել էր մի քանի րոպե տևած նինջից, որը նրան տեղափոխել էր դեռ ապրող մարդկանց աշխարհը, որտեղ գիտությունն այնքան էր զարգացել, որ կարծես ապագան կանխազգալով՝ մարդիկ նախապատրաստվում էին աշխարհի կործանումից հետո աշխարհը փրկելուն։
– Քննո՛ղ ախպեր, ի՞նչ բանի ես, հը՞։ Հենց ոտքս քաշում եմ, էդ նկարած բոյ-
բուսաթդ առնում ես՝ ծեփվում հատակին ու աչքերդ փակում, տնաշե՛ն, մի հարցնող լինի՝ գործիդ անունն ի՞նչ է, որ գիշերը չես քնում․ հիմա էլ հո կնիկ-մնիկ չե՞ս բերում սենյակդ, չնայած՝ քեզ շատ չկա, կբերես՝ կբերես, մազալու մարդ ես։
– Է՜հ, դե, դարդերս իրար մի՛ տուր, Նայո՛ղ տղա, դու լավ գիտես, որ աչքերս
փակում եմ թե չէ, ընկնում եմ մեր էն կորած աշխարհը։
– Է՜հ, քեզ թվում է՝ ես չեմ կարոտում, հա՞, Քննո՛ղ ախպեր, բայց հենց գլուխս
դնում եմ բարձին, աչքերս փակում եմ, միանգամից քնով եմ անցնում, ոնց որ ամբողջ օրը մի տոննա քար քաշած լինեմ ու էնքան բեզարած, որ պառկելս ու քնելս մեկ է լինում։
– Ինչ ճիշտ է՝ ճիշտ, մինչև հիմա հավատս չի գալիս, որ ամբողջ աշխարհից
մենակ ես ու դու ենք փրկվել, մեկ էլ զարմացած եմ, թե ինչ ճիշտ ժամանակին հասցրեցինք Աջին ու Ձախին նոր կյանք տալ, ուղարկել մեր ստեղծած միգամածությունը, ու էդքանը հերիք չի, հիմա էլ հույս ունենք, որ հենց նրա՛նք են փրկելու էն տոննանոց ջրերին կուլ գնացած աշխարհը։
– Ես հավատում եմ, որ փրկելու են, էդ՝ հաստատ, դու ասա՝ մերոնք մինչև
հիմա ջրի տակ մի բան հնարած լինեն, գոնե ողջ լինեն, թե չէ՝ է՛ս քեզ աշխարհ, որ մերոնք չլինեն ու չապրեն էդ աշխարհում, մեր ապրելն ո՞ւմ է պետք, քոռ կոպեկ էլ չարժե, ճիշտ չե՞մ ասում, Քննո՛ղ ախպեր։
– Հա, դե, ճիշտ ես ասում․ ո՞ւմ է պետք մեր կյանքը, եթե մենք ոչ մեկին պետք
չենք։ Եսիմ, բայց աշխարհը ո՛չ մեզնով է սկսվում, ո՛չ էլ մեզնով վերջանում, վա՜յ քու, արա, բայց ոնց որ թե մեզնով է վերջացել, հա՞։
– Սո՛ւս, էդքան շուտ մի՛ հանձնվիր, ախպե՛րս, – զգուշավոր շշնջաց Նայողը։
– Հաա՜ա, ինչ ճիշտ ես ասում, Նայո՛ղ տղա, լավ կլիներ, որ մարդիկ մի հնար
գտած լինեին ու մինչև հիմա դիմացած լինեին, գոնե մարդկությունը գոյատևեր ու զարգացներ մեր վերջին քաղաքակրթության ձեռքբերումները։ Ինչ ուզում ես՝ ասա․ ֆա՜նտա՜ստի՜կ ձեռքբերումներ էին։
– «Ֆանտաստիկ ձեռքբերումներ», իհարկե, տեղով մեկ ֆանտաստիկայի
ժանրից էր մեր աշխարհը, ես կասեի՝ ցնորական, ֆանտասմագորիկ աշխարհ էր, ափսո՜ս, հազա՜ր ափսոս, ո՜նց եմ զղջում, որ չխնայեցինք, չպահպանեցինք, չգուրգուրեցինք էն չնաշխարհիկ դրախտը։
– Ասում ես՝ թողնո՞ւմ, ի՜նչ գուրգուրել, գոնե էն օզոնն էդքան չծակծկեինք,
գոնե մե՛զ խնայեինք ու էդքան վայրենի չհարձակվեինք ընդերքի հարստության վրա, գոնե էդքան աղբ ու նավթ շուռ չտայինք ջրերի մեջ ու էնքան գազախեղդ չանեինք օդը, ամեն ինչի հերն անիծեցինք, ամեն ինչ ապականեցինք, հետո թե՝ աշխարհն ինչի՞ կործանվեց։ Տեսնես աշխարհներն ինչի՞ են կործանվում։
– Հա՛, բա, էդքան որ մենք էինք բզում-բզբզում աշխարհի տակն ու գլուխը,
ո՞նց չկործանվեր, դեռ լավ է, որ ահագին դիմացավ մեզ։ Էդքանից հետո էլ ուզում էինք չկործանվեր, հա՞։
– Բայց ինձ թվում է՝ մեր աշխարհը մի ուրիշ՝ ավելի հիմնավոր պատճառ
ուներ մեզնից նեղանալու ու երես թեքելու համար, Նայո՛ղ եղբայր։
– Հը՞, էլի՞ բան կար, որ ես չգիտեմ։
– Հա՛, մենք մեր հոտած հոգիներով կործանեցինք աշխարհը։
– Էդ՝ հա, բայց ինձ թվում է՝ սկզբում մենք մեր հոգիները կործանեցինք, մե՛զ
կործանեցինք, դրա համար էլ աշխարհը մեզնից վրեժ լուծեց։
– Ըհը՛, հազար ու հազար տարի մենք մեր հերն անիծում էինք, դրա համար
էլ էս օրին հասանք։
– Հիշո՛ւմ ես «Մատյանը», – Նայողն ուսի վրայով վեհերոտ հայացք նետեց
լաբորատորիայի հեռավոր անկյանը։
– Բա ո՞նց չեմ հիշում, ես միշտ եմ հիշում, որ «Մատյանը» տող առ տող, բառ
առ բառ նախազգուշացնում էր մեզ, բայց մենք զանց առանք․ կարդացինք կամ չկարդացինք, հասկացանք կամ չհասկացանք կամ չհասկանալու տվեցինք, ցուցադրաբար մատնացույց արեցինք ու վերջին էջին չհասած՝ փակեցինք, դրեցինք գզրոցի խորքում ու վազեցինք ապրելու։
– Դու ինչ ասում ես, ճիշտ ես ասում, Քննո՛ղ ախպեր, բայց չգիտեմ ինչի, ինձ
թվում է, որ սա վերջը չէ, ես դեռ հույսս չեմ կորցրել։
– Ո՜ւխ, ջա՜ն, որ դո՛ւ ես ասում, ես հավատում եմ, Նայող տղա, երանի՜, թո՛ղ
լինի, տես ի՜նչ քեֆեր ենք անելու, է, – պատանու առույգությամբ հրճվագին խոսեց Քննողը։
– Թո՛ղ լինի։
– Թո՛ղ։
6
սուրահ
Քննողը դեռ չգիտեր, թե ինչպես և որտեղ էր վրիպել, բայց հասկանում էր, որ մի բան, մի շատ կարևոր բան այն չէր։ Ձախը վահանակից պոկվեց թե չէ, ձկան պես լողալով հասավ մեռյալ ջրերին և գլուխը կամացուկ դեմ տվեց ապակենման անշարժ մակերևույթին, զվարճացավ, երբ քիթը խրվեց ջրի մեջ ու մի պահ խցանեց ռունգերը, ապա աչքերը ջրով լվացվեցին, և նա զարմանքով նկատեց, որ ջրի մակերևույթին երևացող իր պատկերը բոլորովին անծանոթ էր իրեն․ նա այնպիսի զգացողություն ուներ, որ ինքը մի ուրիշ մարմնի մեջ էր մտել։
«Տեսնես, որ գլխովս էս ջուրը ճեղքեմ, ցավ կզգա՞մ», – մտմտաց Ձախը։
Այդ պահին Աջը մոտեցավ ու կրկնեց Ձախի շարժումները։ Ձախը ոգևորվեց ու Աջին առաջարկեց միանալ իրեն, մտնել մեռյալ ջրերն ու հասնել հատակին փռված անծանոթ աշխարհը։
– Աջի՛կ ջան, քո խելքն ի՞նչ է կտրում, կկարողանա՞նք հասնել էն ջրախեղդ
աշխարհը։
– Արի՛ փորձենք, Ձա՛խո։
– Արի՛։
– Փորձը փորձանք չի բերի, – նազանքով օրորվեց Աջիկը։
– Էդ ի՞նչ է նշանակում։
– Էդ նշանակում է՝ փորձելիս մեզ վատ բան չի պատահի, – աննշան կոր
հոնքերը թռթռացնելով, ինքն իրենից գոհ՝ պատասխանեց Աջը։
– Դե, ուրեմն, արի միասին փորձենք, – առաջարկեց Ձախը։
– Հաստա՞տ որոշել ես՝ ինձ էլ հետդ տանել։
– Հաստա՛տ։
– Դե, առաջնորդի՛ր ինձ։
– Չէ՛, սկզբում դու մտիր ջուրը։
– Ինչո՞ւ՝ ես։
– Դու մտիր, որ ես թիկունքդ պահեմ։
– Այսի՞նքն։
– Դե, որ քեզ մի բան պատահի, աչքիս առաջ լինես, օգնության հասնեմ։
– Մեկը լինի՝ քե՛զ օգնության հասնի, – անկեղծացավ Աջիկը։
– Քեզ ինչի՞ է թվում՝ էդքան անճար եմ, – վիրավորվեց Ձախը։
– Դե, որ անճար չլինեիր, գոնե աչքիդ վերևում հոնք կունենայիր։
– Հոնքը ճարավորի՞ նշան է։
– «Հոնքը» խոսքի օրինակ եմ ասում, կարող էիր մի ուրիշ պետքական բան
ունենալ, ասենք՝ գլխիդ եղջյուրներ լինեին, որ պետք եղած տեղը՝ պոզահարեիր, ինձ էլ, քեզ էլ պաշտպանեիր մեր թշնամիներից։
– Եղջյուրներ չունեմ, քանի որ թշնամիներ էլ չունեմ։
– Թշնամին ի՞նչ է, որ չունես։
– Թշնամուն մենք ենք ստեղծում։
– Դե, ուրեմն, մի օր դու էլ կստեղծես։
– Ինչի՞ս է պետք։
– Որ մեծ-մեծ խոսես։
– Ի՞նչ խոսեմ։
– Ասես՝ քանի որ թշնամի ունեմ, ուրեմն, լավն եմ։
– Գլխի եմ ընկնում, թե ուր ես ծռում, բայց արի մեր խոհափիլիսոփայական
քննարկումները թողնենք մի խաղաղ ու պարապ ժամանակի համար, հիմա արդեն էն ճակատագրական պահն է, որ գնում ենք պարզենք, թե ինչ կա մեռյալ ջրերում, – ոգևորված ու իր ուժերին վստահ՝ ասաց Ձախը։
– Լա՛վ, արի գնանք, բայց չմոռանաս, որ շարունակելու ենք էս զրույցը։
– Ըհը՛, անպայման կհիշեմ։ Դե՛, առաջ ընկի, Աջի՛կ նազելի։
– Երեք-չորս, գնացի, արի՜ իմ հետևից, Ձախո՜։
– Երեք-չորս։ Գալի՜ս եմ, Աջի՜կ։
7
սուրահ
– Ըըըը, բա՞ն ես տեսնում, Աջի՛կ։
– Չէ՛, մութ է։
– Ես էլ չեմ տեսնում, էս ի՞նչ պատահեց մեր տեսողությանը, հը՞։
– Չգիտեմ, դեռ լավ է, որ իրար կողքի ենք ու լսում ենք իրար։
– Ոնց որ թե մութ թունել ենք մտել, երևի շուտով դուրս կգանք, հը՞, ի՞նչ ես
կարծում, Աջի՛կ։
– Բա որ մոլորվե՞նք, – սրտդողած խոսեց Աջը։
– Չե՛նք մոլորվի, ես ջուրը լավ եմ զգում, բայց տեսողությունը չէր խանգարի։
– Ես մի աղոտ զգացողություն ունեմ, որ մեզ հսկում ու հետևում են, քանի
որ ականջներիս մեջ կտկտոցներ են լսվում, կարծես ինչ-որ մեկը փորձում է ինձ մի բան հաղորդել, բայց դեռ չի հաջողում, – տագնապած շարունակեց Աջը։
– Հա՞, իսկ ես ոնց որ վակուումի մեջ լինեմ, անաղմուկ է շուրջս, էլի բան է,
որ քո ձայնը լսում եմ։
– Ըհը՛, այ հիմա երկու տարբեր ձայներ եմ լսում, բայց չեմ հասկանում՝ ինչ
են խոսում։
– Ի՞նչ ձայներ են։
– Ոնց որ այլմոլորակայիններ լինեն, մի տեսակ խռպոտ ու հրամայող, բամբ
ձայներ են։
– Բացառվում է, որ Երկիր մոլորակից լինեն, մեր վահանակի հայելիները
ցույց էին տալիս, որ էդ մոլորակը վաղուց է մնացել ջրերի տակ։
– Ինձ թվում է՝ եթե մենք էս թունելից դուրս գանք ու պարզենք, թե որտեղ է
տանում էս ջրի ճամփան, հենց ջրերի հատակին էլ կտեսնենք խորտակված Երկիր մոլորակը, հը՞, ի՞նչ ես կարծում, – իմաստնացավ Աջը։
– Հա, հայելիներն էլ էին ցույց տալիս, որ մեռյալ ջրերի մեջ պետք է փնտրել
էդ կորուսյալ աշխարհը, – ճարահատ՝ խելոք-խելոք համաձայնեց Ձախը։
– Բայց հիմա ինձ անհանգստացնում են էս տարօրինակ ձայները, կարծես թե
ծանոթ լեզվով են խոսում․ առայժմ կոկորդային ու հնչեղ ձայներ են լսվում, եթե ջրի մեջ լույս լիներ, ժամացույցիս թարգմանչին կհրահանգեի՝ թարգմաներ, տեսնեինք՝ ինչ են խոսում։
– Օհո՜, կարծես թե բարակ լույսի շերտ բացվեց, դու է՞լ ես տեսնում, Աջի՛կ։
– Այոոո՜ո, տեսնում եմ, գնալով՝ ավելի է լուսանում։
– Էլի՞ ես ձայներ լսում։
– Հա, ու էն տպավորությունն ունեմ՝ էդ խոսողները տեղյակ չեն, որ իրենց
խոսքը լսվում է։
– Այսինքն, ո՞նց տեղյակ չեն։
– Կարծես թե սխալ կոճակ են սեղմել, ու հիմա մենք բացահայտում ենք, որ
այսքան ժամանակ մեզ թաքուն հետևել են։
– Ամբողջովին լուսացավ, թարգմանչիդ ասա՝ թո՛ղ թարգմանի, տեսնենք
դրանք ինչ են խոսում։
– Հիմա կասեմ։