Արեգ Բագրատյան | Կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնությունների արձագանքը իրանական սփյուռքի արձակում

Արևելյան հասարակությունների մասին խոսելիս հաճախ տպավորություն է ստեղծվում, որ կանայք այդ երկրներում և մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ենթարկվում են մի շարք բռնությունների, նրանց իրավունքները տարբեր ոլորտներում խախտվում են, նրանց ձայնը լսելի չէ թե՛ իրենց հասարակությունում, թե՛ նրանից դուրս։ Որպեսզի հասկանանք, թե որքանով է այս խնդիրը մոտ իրականությանը, կամ ինչպիսին են կանանց հանդեպ իրականացվող բռնությունները, ինչպ պատճառներով են դրանք տեղի ունենում և այդ բռնությունները ինչ հետևանք կարող են թողնել կանանց կյանքում, ուսումնասիրել ենք իրանական սփյուռքի արձակագիրների այն երկերը, որտեղ նկատելի են իրանցի կանանց հանդեպ բռնություններ։ Մեր աշխատանքում հանդիպած բռնությունները բաժանել ենք երեք հիմնական մասերի՝

• Պայմանավորված կամ պարտադրված ամուսնություններ
• Հիջաբի խնդիրները
• Բռնությունը՝ որպես կանանց՝ հասարակությունից օտարման պատճառ

 Պայմանավորված կամ պարտադրված ամուսնություններ

Պայմանավորված, պլանավորված կամ պարտադրված ամուսնությունները շատ ավելի բնորոշ են հին երկրներին, որտեղ ավանդույթը և հատկապես ցեղի, ընտանիքի մեծի խոսքը օրենքի ուժ ունի։ Սա թերևս այն խնդիրներից է, որ աղերս չունի կրոնական կամ քաղաքական դրության հետ։ Այսինքն՝ եթե բռնության մյուս դրսևորումների դեպքում որպես սահմանաբաժան ընդունում ենք Իսլամական հեղափոխությունը, այստեղ  պետք է զերծ մնալ ժամակագրական սահմանաբաժանից։ Ազար Նաֆիսին իր հրապարակումներից մեկում, անդրադառնալով այս խնդրին, նշում է․ «Նախքան նոր Սահմանադրության ընդունումը նոր վարչակարգը Թեհրանում ուժը կորցրած ճանաչեց Ընտանիքի պաշտպանության մասին օրենքը, որը 1967 թվականից նպաստել էր կանանց՝ տնից դուրս աշխատելուն և ապահովել էր ամուսնական հարցերում նրանց հիմնական իրավունքները։ Դրա փոխարեն կիրառվելու էր Շարիաթը՝ իսլամական ավանդական օրենքը։ Նոր ղեկավարները մեկ հարվածով Իրանին շուրջ կես դար հետ էին մղել։ Նոր օրենքով աղջիկների ամուսնական տարիքը փոխվեց՝ 18-ից դառնալով 9։ Բազմակնությունը դարձավ օրինական, ինչպես նաև՝ ժամանակավոր ամուսնությունները, որի դեպքում մի տղամարդը պայմանագրով կարող էր ամուսնանալ այնքան կանանց հետ, որքան կամենար՝ նրանց «վարձակալելով» հինգ րոպեից մինչև իննսունինը տարի։ Այն, ինչ նրանք անվանում էին դավաճանություն կամ մարմնավաճառություն, դարձավ քարկոծմամբ պատժելի։   Այաթոլլահ Խոմեյնին արդարացրեց այս գործողությունները՝ պնդելով, որ ինքն իրականում վերականգնում է կանանց արժանապատվությունը և ազատում նրանց նվաստացուցիչ և սատանայական գաղափարներից, որոնք պարտադրել էին արևմտյան իմպերիալիստներն ու նրանց գործակալները, որ տասնամյակներ շարունակ դավադրություն էին կազմակերպել՝ ոչնչացնելու իրանական մշակույթն ու ավանդույթները»[1]:
Պայմանավորված ամուսնությունների խնդիրը շոշափվում է Մահբոդ Սերաջիի «Թեհրանի տանիքները», Ազար Նաֆիսիի ««Լոլիտայի» ընթերցանությունը Թեհրանում», Մարինա Նեմաթի «Թեհրանի բանտարկյալը» վեպերում, ինչպես նաև Մոնիրու Ռավանիփուրի պատմվածքներում։
«Թեհրանի տանիքները» վեպում պայմանավորված ամուսնությունների երկու օրինակ ենք տեսնում։ Վեպի հերոսուհիներից Զարիին դեռ չծնված ժամանակից իր ընտանիքը «խոստացել է» դեռ չծնված Բժշկի ընտանիքին։ Այս պայմանավորվածությունը ճակատագրական է լինում հերոսների համար։ Նրանք իրենց ծնված օրվանից լսել են, որ ամուսիններ են, որ պետք է սիրեն միմյանց, սակայն չեն կարողանում հասկանալ՝ սիրում են իրար, թե ոչ։ Իրենք էլ են հասկանում, որ ավագներն իրենց որոշումը փաթաթել են նրանց վզին։ Վեպի գլխավոր հերոսն այս առիթով ասում է․ «Պլանավորված ամուսնություններում դու ապավինում ես մեծերի իմաստություններին, իսկ նրանց դեպքում՝ սեփական սրտի ձայնին»[2]։ Եվ հերոսները պայքարում են իրենց այդ ազատության համար ապավինել ոչ թե մեծերի իմաստություններին, այլ՝ սեփական սրտի ձայնին։
Պայմանավորված ամուսնության մյուս դեպքը տեսնում ենք նույն վեպի մեկ այլ հերոսուհու՝ Ֆահիմեի դեպքում, որին ծնողները ցանկանում են ամուսնացնել հարուստ մի տղայի հետ, սակայն վերջին պահին նա ու իրեն թաքուն սիրող Ահմեդը կարողանում են դեմ դուրս գալ այդ ավանդույթին՝ փրկելով մի քանի հոգու ճակատագիր[3]։
Ազար Նաֆիսին իր ««Լոլիտայի» ընթերցանությունը Թեհրանում» գրքի վերջին՝ «Օսթին» գլխում անդրադարձել է մեր խնդրո առարկա հարցին։ Այստեղ հեղինակը և իր յոթ ուսանողուհիները ընթերցում են Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը: Գրքի քննարկումները համընկնում են 1990-ականների վերջին տարիների հետ, երբ բազմաթիվ իրանցիներ, չկարողանալով գոյատևել խիստ վարչակարգում, որոշում են արտագաղթել: Տասնյակ անքուն գիշերներից, մտածմունքներից հետո Նաֆիսին ևս եկել է այդ մտքին և այժմ փորձում է Օսթինի հերոսուհու կերպարի միջոցով վերջին պատգամները հասցնել իր ուսանողուհիներին:
«Հպարտություն և նախապաշարմունք» վեպի միջոցով նրանք անդրադառնում են իրանական հասարակության ամենաթույլ կողմերից մեկին՝ աղջիկների ամուսնությանը: Մի շարք քննարկումներից հետո գալիս են այն եզրահանգման, որ 18-րդ դարում Օսթինի պատկերած հասարակությունը, ուր աղջիկները իրենց ամուսնության վերաբերյալ չունեին որևէ ընտրության իրավունք, գրեթե ոչնչով չի տարբերվում 20-րդ դարավերջին Իրանում տիրող պատկերից[4]:
Իրանական սփյուռքի արձակագիրներից Մարինա Նեմաթն իր հուշագրության՝ «Թեհրանի բանտարկյալը» վեպում նուրբ հոգեբանությամբ ներկայացնում է պարտադրված ամուսնության գնալու իր քայլը։ Նա բանտում է, անունը մահապատժի ենթարկվողների ցուցակում է, չունի ապրելու որևէ հույս, և այդ րոպեին բանտապահն ասում է, որ պիտի ամուսնանա իր հետ։ Մերժել նրան նշանակում է խաչ քաշել ոչ միայն սեփական կյանքի, այլ նաև այն մարդկանց վրա, որոնք թվացյալ ազատության մեջ են։ Եվ հենց սա է պատճառը, որ Նեմաթը կարողանում է թե՛ ամուսնանալ Ալիի հետ, թե՛ կրոնափոխ լինել։ Սակայն հետաքրքիրն այն է, որ հեղինակն ինքն էլ է նկատում, որ իրենց ամուսնությունը ոչ այն ինչ էր, քան օրինական բռնաբարություն[5]։
Մոնիրու Ռավանիփուրն իր պատմվածքներից մի քանիսում անդրադարձել է այս խնդրին։ «Քանիզու» ժողովածուի «Կանաչ սիրամարգեր» պատմվածքում աղջիկներին առանց իրենց համաձայնության ամուսնացնում են երիտասարդ կամ ծեր տղամարդկանց հետ։ Իսկ հերոսուհիներից Ֆանուսին եղբայրները հողի դիմաց հանձնում են Խանին, որից հետո աղջիկը փախչում է[6]։

Հիջաբի խնդիրները

         Իրանական սփյուռքի արձակում կարևոր է հիջաբի՝ որպես կանանց ազատության արգելքի գաղափարը: Ըստ արձակագիրների՝ կնոջ ընտրության իրավունքը մեկ անգամ ևս ոտնահարվել է, քանի որ նա զրկված է հագնելուց այն, ինչ ինքն է ցանկանում:  Ա․ Նաֆիսին գրում է․ «Գլխաշորի պարտադրանքը սոցիալական հավասարության փորձ էր, որ ոտնահարում էր անհատական կամ կրոնական ազատությունները, ոչ թե՝ հարգանք առ ավանդույթներն ու մշակույթը։ Բոլորի համար հավատքի մեկ մեկնաբանություն պարտադրելով՝ իսլամական վարչակարգը մարդկանց զրկեց Աստծուն սեփական ձևով երկրպագելու ազատությունից։ Գլխաշոր կրող շատ կանայք, ինչպես տատիկս, դա անում էին՝ ելնելով իրենց կրոնական հավատամքից, շատերը, որ հրաժարվում էին կրել այն, սակայն իրենց մուսուլման էին համարում, ինչպես մայրս, այժմ անհավատ էին հորջորջվում։ Գլխաշորն այլևս ներկայացնում էր ոչ թե կրոնը, այլ՝ պետությունը. ոչ միայն աթեիստները, քրիստոնյաները, հրեաները, բահաիները և այլ դավանանքի ժողովուրդներ զրկվեցին իրենց իրավունքներից, այլև մահմեդականները, որոնք գլխաշորն այժմ  ավելի շատ դիտում էին որպես քաղաքական խորհրդանիշ, քան որպես հավատքի կրոնական արտահայտում»[7]։ Միևնույն ժամանակ արգելվեցին առանց գլխաշոր կանանց պատկերներով գրքերը, ֆիլմերը, կանանց հրամայվեց չշպարվել, գրախանութներից հանվեցին ամերիկյան գրքերը, արգելք դրվեց նաև արևմտյան երաժշտության վրա: Այս ամենը չէր կարող չդառնալ իրանական սփյուռքի կին արձակագիրների գրականության մեջ հանդիպող թեմատիկա՝ ևս մեկ անգամ փորձելով ցույց տալ, որ մարդիկ դե յուրե ազատության մեջ, սակայն այդ ազատությունն էլ իր հերթին բանտարկված է կրոնական օրենքներով:
Կանանց հագուստի արգելքին նաև անդրադարձել է Սահար Դելիջանին իր «Ջակարանդայի զավակները» գրքում: Նա նշում է. «….Բանտապահ Քույրը կանգնած էր մահճակալի մյուս կողմում. ասես նրան ընդհանրապես չէր խանգարում սև չադրան: Այո՛, նրանցից ոչ մեկին այն չէր խանգարում: Նրանք բոլորը քայլում էին, շարժվում, խցերով բաժանում հացը, բացում ու կողպում էին դռները, հագցնում և արձակում էին բանտարկյալների ձեռնաշղթաները, այնքան հեշտ ու սահուն էին կապում նրանց աչքերը, կարծես ամբողջ աշխարհում այդ ծանր, դարսավոր, չղջիկի թևերն ընդգրկող կտորներից բացի, ոչ մի հարմար հագուստ չկար»[8]:
Նաֆիսին ցավով է արձագանքում, թե հետհեղափոխական երիտասարդության համար ինչպես են կյանքի ամենահասարակ երևույթները դառնում արգելված պտուղ, որն էլ նրանք անընդհատ փորձում են ճաշակել։ «Իմ ուսանողները երբեք չէին կարող համտեսել կյանքի հասարակ հաճույքները։ Նրանցից մեկը՝ Յասին, թվարկեց «սև ցուցակում» հայտնված երևույթները, որոնք այդքան հասանելի են ուրիշներին օրինակ՝ արևի հպումը մաշկին, կամ քամու՝ մազերը շոյելը։ Ամեն օր տնից դուրս գալու պարզ գործողությունը մեզ համար դարձել էր նենգ ու մեղավոր կեղծիք, որովհետև մենք ստիպված էինք կրել պարտադիր գլխաշոր և վերածվել այն խորթ կերպարի, որը պետությունն էր կերտել մեզ համար»[9]:

 

Բռնությունը՝ որպես կանանց` հասարակությունից օտարման պատճառ      

Հասարակությունից օտարված, միայնակ ապրող կանաց կերպարը իրանական սփյուռքի արձակում շատ մեծ տեղ է զբաղեցնում: Այս կանայք միայնակ են, սակայն փորձում են պայքարել հասարակության լուսանցքում հայտնված լինելու դեմ:
Այս առումով նշանավոր են Գոլի Թարաղիի, Շահրնուշ Փարսիփուրի, Մոնիրու Ռավանիփուրի, Ժասմին Դարզնիկի արձակում հանդիպող կանանց բարդ ու հակասական ճակատագրերը:
Թարաղիի պատմվածքներում հյուսվում է մենության յուրահատուկ մի թել. իր տղամարդու կողմից անտեսված, «մարդ» լինելու կոչումից զրկված կնոջ հոգեբանական օտարումը, որի պատճառները կանանց ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բռնություններն են։ Այսպիսի կանանցից է Ամինեն՝ «Ամինեի մեծ ճանապարհորդությունը» պատմվածքից: Նա սպասավոր է, որին ամուսինն ամեն կերպ օգտագործում է որպես գումար աշխատելու գործիք, մի քանի անգամ Իրանից ուղարկում Փարիզ՝ սպասավորություն անելու և իրեն փող ուղարկելու[10]: Այս հնազանդ ու խեղճ կնոջ կերպարով Թարաղին ցույց է տալիս Իրանում ապրող կանանց մեծամասնության ճնշվածությունը, նրանց իրավունքների ամենօրյա ոտնահարումը:
Իր «Երջանկություն» պատմվածքում հեղինակը սարկաստիկ եղանակով ներկայացնում է ամուսնացած մի կնոջ, որն ամեն վայրկյան իր ամուսնուց լսում է, որ ինքը երջանիկ է, ինքը բարձր է հասարակությունից, ինքը որևէ բան մտածելու, անելու կարիք չունի։ Հոգեբանական այսպիսի ներազդեցությամբ ամուսինը կարողացել է կնոջ մեջ սպանել ցանկացած զգացում՝ որդեծնությունից, մինչև սեր ու հարգանք դեպի սեփական ծնողներն ու ընտանիքը։ Եվ միայն պատմվածքի վերջում է բառիս բուն իմաստով անանուն հերոսուհին հասկանում, թե ինչ գերի է ամուսնու բռնությանը։ Եվ այդ ժամանակ է իրեն հարց տալիս՝ ո՞րն է այդ երջանկությունը, որի մասին ինքը շարունակ լսում է։ Արդյո՞ք ինքը երջանիկ է։ Սակայն ինչպես հետագա զարգացումներն են ցույց տալիս, արդեն ուշ է, և հերոսուհին ոչ մի հնարավորություն չունի՝ կոտրելու իրեն կեղեքող «երջանկության» շղթան[11]։
Կանանց հանդեպ մի շարք բռնությունները նկարագրելու, արևելյան հասարակության տարատեսակ տաբուների մասին խոսելու առումով իրանական ժամանակակից գրականության թերևս ամենահամարձակ վեպը Շ. Փարսիփուրի «Կանայք առանց տղամարդկանց»-ն է: Այս վեպը պոլիֆոնիկ ստեղծագործություն է: Պոլիֆոնիկ երկը բազմաշերտ պատումն է, երբ կերպարներից յուրաքանչյուրը սեփական ձայնն ունի, և ինչպես բազմաձայն երաժշտության մեջ, կան հիմնական ու երկրորդական թեմաներ: Պատումի առանձին հատվածներում տիրապետում է այդ թեմաներից մեկի «ձայնը» կամ մի քանիսինը միաժամանակ: Իսկ մյուսները տվյալ պահին թվացյալ անհետանում են, սակայն նրանց ձայնը ետին պլանում՝ որպես երկրորդ ձայն, մշտապես առկա է[12]:
«Կանայք առանց տղամարդկանց» վեպի սյուժեն ծավալվում է տարբեր մասնագիտությունների տեր հինգ կանանց շուրջ, որոնց կենտրոնում կարևոր տեղ է զբաղեցնում Քարաջ անունով այգին, ուր էլ հենց զարգանում են վեպի գործողությունները:
Վեպի հերոսուհիները՝ Մահդոխթը, Մունեսը, Ֆաեզեն, Զարինքոլահը և Ֆարրոխլաղան իրանական հասարակությանը բնորոշ կանացի կերպարներ են: Նրանցից առաջինը ուսուցչուհի է, որը չի հանդուրժում բռնություն, Մունեսը և Ֆաեզեն երդվյալ կույսեր են, Զարինքոլահը երիտասարդ մարմնավաճառ է, որի կյանքի լավագույն տարիներն անցել են նեխած հասարակության մեջ, իսկ վերջին հերոսը արիստոկրատ հասարակության անդամ Ֆարոխլաղան է, որի գլխում առաջինն է հղանում Քարաջ այգին և այնտեղ առանց տղամարդկանց ապրելու գաղափարը[13]:
Լքելով դաժան իրականությունը՝ այս հերոսուհիները որոշում են բնակություն հաստատել Քարաջում, որը վեպում դառնում է կյանքը վերաիմաստավորելու ինքնատիպ միջոց: Ինչպես նշում է գրականագետ Լիլիթ Սաֆրաստյանը՝ այգին այս վեպում ունի յուրահատուկ նշանակություն, և այն կապ ունի իրանցի հայտնի բանաստեղծուհի Ֆ. Ֆարոխզադի ստեղծագործության հետ: «…«այգու նվաճումը» հանդես է գալիս որպես սիմվոլիկ հենակետ: Այգին կնոջ մեկուսացած ու գաղտնի հոգու կացարանն է: Իր հուզական և իմաստասիրական խորհրդանշային եզրագծով «այգին» հարում է լեգենդար բանաստեղծուհի Ֆ. Ֆարոխզադի «Այգու նվաճումը» բանաստեղծությանը.
Մենք իրականությունը գտանք պարտեզում՝
Անհայտ մի ծաղկի հայացքում ամոթխած…»[14]            :
            Քարաջը պատկանում է Ֆարոխլաղային, որը փորձում է այգում վերագտնել իր կորսված տարիների իմաստն ու գեղեցկությունը: Այդ այգի առաջինը ժամանում է Մահդոխթը, որը շուտով ձևափոխվում, դառնում է ծառ և իր գեղեցկությամբ ու երգով զարդարում է այգին: Շուտով հաջորդաբար մյուս հերոսուհիները ևս ժամանում են Քարաջ: Վեպի էպիկենտրոնում մարդ-ծառն է, որին այգու բնակիչները սնում են ծննդկանի կաթով:
Վեպի ավարտը ևս բավականին հետաքրքիր է. կանայք իրենք են ընտրում իրենց ճակատագրերը: Ֆարոխլաղան և Ֆաեզեն, իրենց երջանկությունն ու կյանքի իմաստը գտած, վերադառնում են կյանք: Մունեսը հրաժարվում է մարդկային բնությունից՝ փափագելով վերածվել լույսի: Եվ այստեղ հետաքրքրական է իմաստուն այգեպանի տված խորհուրդը: «Ըմբռնելով խավարը՝ շատ մարդկանց նման դու չես հասկանում միասնության խորհուրդը: Ըմբռնել խավարը: Սա է հիմքը: Մի՛ դարձիր լույս: Այն վերափոխման միակ ճանապարհն է: Նայի՛ր քո ընկերոջը, նա ցանկացավ դառնալ ծառ և դարձավփնտրել խավարը, փնտրել խավարում, ի սկզբանե, խորքում, խորքերի խորքում, որտեղ հորիզոնի մոտ դու կգտնես լույսը, քո մեջ, քեզանով: Դա է նշանակում մարդ դառնալ, գնա՛ և դարձի՛ր մարդ»[15]:              
Շահրնուշ Փարսիփուրը «Կանայք առանց տղամարդկանց» վեպում բացում է հասարակության կողմից երկրորդական պլան մղված կանանց հոգու թաքուն բոլոր կետերը, ցույց տալիս իրանական հասարակության մեջ ապրող կնոջ ճնշված կյանքը, նրա մենությունը, բայց միևնույն ժամանակ նա տալիս է այդ խոչընդոտները հաղթահարելու, կյանքին նոր՝ վերաիմաստավորված Ես-ով նայելու բանաձևը:      
Մ․ Ռավանիփուրի մի քանի պատմվածքներում ևս տեսնում ենք կնոջ մենության, օտարման թեման: Նա իր երկերում հաճախ է բարձրացնում իսլամական աշխարհում ժամանակակից կնոջ ազատ ապրելու, ստեղծագործելու խնդիրը: Այս մասին Ռավանիփուրը խոսել է նաև իրանահայ հայտնի լրագրող, արվեստագետ Ժանետ Լազարյանի հետ. «Իմ կյանքը լի է պայքարով և ըննդիմությամբ՝ հանուն իմ երկրի կանանց, և այսուհետ իմ հերոսուհիները կպատկերեն տառապանքն ու պայքարը այնքան խոսուն, ինչքան ճակատագիրն ու երջանկությունը»[16]:
Սփյուռքաբնակ արձակագիրներից Մոնիրու Ռավանիփուրը և Ժասմին Դարզնիկը իրենց ստեղծագործություններում բարձրացրել են գրող կանանց խնդիրները, նրանց նկատմամբ իրականացվող բռնությունների (հիմնականում հոգեբանական) հարցը։
Վիրջինիա Վուլֆը մի առիթով ասել է․ «Կինը, որ ցանկանում է գրել, պետք է ունենա գումար և առանձին սենյակ»[17]։ Ռավանիփուրի գրող հերոսուհիները ոչ միայն գումար ու առանձին սենյակ չունեն, այլև մյուսների կողմից էլ տարբեր ճնշումների են ենթարկվում։ Հեղինակը «Սիրո վշտոտ պատմություն» պատմվածքում փորձել է հերոսներին ներկայացնել իրենց գենդերային ինքնությամբ, առանց անունների: Նա նշում է. «․․․․Այս պատմության շնորհիվ այժմ շատերը գիտեն կնոջը, և նրա անունը հիշատակելը ոչինչ չի փոխի. կին, որ ինքն էր իր պատմությունը գրում այլ պատմությունների մեջ: Կա նաև տղամարդ, որի լինել-չլինելը մեկ է, քանզի ոչ ոք նրան չի ճանաչում»[18]։
            Այս պատմվածքում հատկապես նշանակալի է այն հատվածը, երբ տղամարդը փորձում է կնոջ մատներին մնացած «Սիրո վշտոտ պատմություն» պատմվածքը դուրս բերել, սարսափն է պատում նրան: «Կինն այլեւս կին չէր: Վերածվել էր բառե քարակույտի, և երբ տղամարդը համոզվելու համար ձեռքը հպեց նրա ուսին, հանկարծ հազարավոր բառեր թափվեցին վար. եւ այդ հազարավոր բառերի միջից տղամարդն այս բառերն էլ նկատեց. «Դուք շատ հմայիչ եք. եկեք ընկերություն անենք… ես շատ մենակ եմ»[19]:
Ռավանիփուրն իր «Հանդիպում» պատմվածքում ներկայացրել է գրող կնոջ իդեալները, երբ տղամարդը որևէ կերպ չի սահմանափակում նրա ստեղծագործելու իրավունքը[20]։       
Հեղինակն իր «Դեր» պատմվածքում ներկայացրել է թատերական աշխարհ մտնել փորձող կնոջ հոգեբանական դժվար ապրումները։ Հասարակությունն ու պարտադրված տաբուները չեն թողնում՝ դառնա դերասանուհի։ Իր երազանքին հասնելու համար կինը ստիպված է լինում քնել թատրոնի ռեժիսորի հետ։ Սակայն երբ ուշքի է գալիս և տղամարդուն ասում՝ ուզում է խաղալ Անտիգոնեի դերը, տղամարդը քմծիծաղով պատասխանում է․ «Հա՜․․․ հա․․․ դո՞ւ էլ» և խռմփացնում[21]։    
Ժասմին Դարզնիկը ևս իր «Վանդակված թռչնի երգը» վեպում հետաքրքիր կերպով անդրադարձել է իրանցի գրող կանանց իրավունքների սահմանափակմանը, միաժամանակ ցույց տվել  նրանց բռնած պայքարի ուղին:
Հեղինակի այս վեպը նվիրված է իրանցի վաղամեռիկ մեծ բանաստեղծուհի Ֆորուղ Ֆարոխզադին: Իր կյանքում Ֆարոխզադի թողած խորը հետքի, նրա կյանքի մասին վեպ գրելու վերաբերյալ Դարզնիկը հարցազրույցներից մեկում ասում է. «….Ֆորուղը գրել է ցանկության, ցավի, խիզախության մասին. նա հայտնություն էր: Նրա բանաստեղծությունները փորձ էին կոտրելու այն ժամանակ և այժմ էլ իշխող կարծրատիպերը, թե իրանցի կանայք ճակատագրի լուռ զոհերն են:: Ըմբոստ, շքեղ, զայրացկոտ, բարդայս բանաստեղծություններն ինձ ապրեցրին և դեռ ապրեցնում են»[22]:
            Հոգեբանական այսպիսի հարազատությունն էր, որ Դարզնիկին դրդեց մի ամբողջ վեպ նվիրել Ֆարոխզադին: «Վանդակված թռչնի երգը» վեպն առաջին դեմքով պատմում է 20-րդ դարի ամենից ըմբոստ իրանցի կնոջ կյանքը: Այս վեպում Ֆորուղի բանաստեղծությունների նշանակությունը ցույց տալու համար թերևս միայն բավական կլինի՝ նշել, որ վեպը բաղկացած է երեք գլխից, որոնք համապատասխանաբար կրում են Ֆ. Ֆարոխզադի բանաստեղծությունների ժողովածուների անունները՝ «Ես ցավում եմ պարտեզի համար», «Ապստամբություն» և «Վերածնունդ»[23]:
Այս վեպում հեղինակը, առաջին դեմքով մանրամասն ներկայացնելով Ֆարոխզադի անձնական, ընտանեկան, հասարակական, գրական կյանքն ու գործունեությունը, հոգեբանական բոլոր նրբություններով պատկերել է մեծ բանաստեղծուհուն՝ նրան անվանելով վանդակում հայտնված թռչուն, որ իր ազատությոնն է երգում է և երբեք չի դադարելու՝ անկախ հասարակության արձագանքից, ճնշումներից ու բռնություններից:
Իրան-Իրաքյան երկարատև պատերազմը հսկայական հարված հասցրեց մարդկանց ճակատագրերին՝ խեղելով միլիոնավոր կյանքեր։ Այդպիսի անձնանցից է Ռավանիփուրի «Երեք պատկեր» պատմվածքի երիտասարդ այրին: Դեպքերը զարգանում են «Բեհեշթ-է Զահրա» գերեզմանատանը, որտեղ բազմաթիվ այրիներ, իրենց մանկահասակ զավակներին գրկած, սգում են ամուսինների մահը: Երիտասարդ այրին ամեն նահատակի շիրիմի առաջ իր ողբերգությունն ավելի սաստիկ է վերապրում, գիտակցում, որ գերեզմանատան երկաթե պատերի մյուս կողմում էլ կյանքի նոր դառնություններն են իրեն սպասում: Այս այրու հոգու ամենախոցելի կետը իր անպաշտպանությունն է հասարակության մեջ: «Այրի՝ օդում կախված այն բառերից, որ քարանում ու սառչում էր գլխում, և սև ու փոշոտ օդի մեջ միայն այդ բառը մտքում դաջվեց, ու տեսավ, որ մենակ է, մարմնի կեսը չկար, միձեռնանի էր, մյուս ձեռքը՝ օդում կախված: Անորոշ դրության մեջ, այն ձեռքի սպասումով, որ հավերժ էր կորել… Հետո նրան հետ տարան… տեսավ ձեռքեր, որ չէր ճանաչում, տեսավ իրեն հառած հարյուրավոր սև ու խոշոր աչքեր, տարուբերվող գլուխներ, դողացող շուրթեր… Նստած էին մոտ ու հեռու գերեզմանաքարերի վերևում, միայն դեմքերի կլորությունն էր երևում, ու աչքեր, որ կարմիր էին և ուռած»[24]։
Եվ նրա աչքերն ասես լուռ օգնություն են աղերսում այն երեք նահատակներից, որոնց լուսանկարներն առավել ամուր էին դաջվել հիշողության խորքերում[25]:
Կենցաղում իրեն կործանված, խորտակված համարող կնոջ կերպարին ենք հանդիպում Մ. Ռավանիփուրի «Սրճարանատեր» պատմվածքում՝ «Ֆրանկֆուրտի օդանավակայանի կինը» ժողովածուից: Այս կինն իր ամբողջ էությամբ թաթախված է կոկորդին հասած կենցաղում: Նա կարոտ է իրական սիրո, որ տարիներ առաջ զգում էր ամուսնու կողմից, իսկ հիմա այդ սերն ասես միայն ֆուտբոլային խաղերի համար է: Կինն իր այդ էկզիստենցիալ մենությունը հաղթահարելու համար խաղում է իր մանկահասակ երեխայի խաղալիքներով, տրվում հուշերին, սակայն թափթփված տունը, երեխայի տակաշորերի հոտը նրան հուշում են, որ պետք է գա իրականություն, որն էլ միայն ամփոփվում է բանտախուց դարձած սենյակում:
Պատահական չէ, որ հերուսուհին ինքն իրեն անվանում է սրճարանատեր, որ պարտավոր է ամեն օր հավուր պատշաճի կարգի բերել իր սրճարանը՝ թափթփված տունը[26]:
Ինչպես տեսնում ենք՝ իրանական սփյուռքի շատ արձակագիրներ են անդրադարձել կանանց հանդեպ բռնության խնդիրներին, փորձել իրենց գրականությամբ աշխարհի ուշադրությունը սևեռել իրենց հայրենակիցների վրա։ Նկատելի է, որ այս երևույթը բնորոշ չէ միայն իրանական սփյուռքին։ Տարբեր ժողովուրդների սփյուռքաբնակ հեղինակներ են այս խնդիրը բարձրացնում։ Հիշենք համաշխարհային ճանաչում ունեցող Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» վեպը, որտեղ գրողը ներկայացրել է աֆղան երկու կանանց՝ Լեյլայի ու Մարիամի դաժան ճակատագիրը, նրանց հանդեպ իրականացվող բռնության տարատեսակ դրսևորումներ[27]։ Թեպետ պետք է նշել, որ մեր ուսումնասիրած տասնյակ ստեղծագործություններում չենք հանդիպում կանանց հանդեպ բռնության այնքան սարսռազդու դրսևորումներ, որքան Հոսեյնիի վեպում է։ Թերևս սա պայմանավորված է Աֆղանստանի ներքաղաքական խնդիրներով, շարունակական պատերազմներով, աղքատության բարձր մակարդակով, որոնց վիճակն Իրանում շատ ավելի բարվոք է։

Ամփոփելով իրանական սփյուռքի գրականության մեջ կանանց հանդեպ իրականացվող բարոյահոգեբանական բռնության դրսևորումների մասին մեր ունեցած պատկերացումները՝ կարող ենք եզրահանգել, որ

  1. Այս երևույթը նկատելի է ամուսնաընտանեկան հարցերում՝ պարտադրված ամուսնությունների, ընտանեկան բռնությունների տեսքով։
  2. Իրանական սփյուռքի արձակագիրներից շատերի կարծիքով՝ բարոյահոգեբանական բռնություն է հագուստի (մասնավորապես՝ հիջաբի) պարտադրանքը։
  3. Մեծ թիվ են կազմում կանանց հանդեպ իրականցվող բռնության տարատեսակ դրևսորումները և դրանց զուգահեռ կանանց պայքարը նկարագրող ստեղծագործությունները։
  4. Սփյուռքաբնակ իրանցի հեղինակներից շատերը բարձրացրել են գրող կանանց նկատմամբ դրսևորվող բարոյահոգեբանական բռնությունները։

[1] Նաֆիսի Ազար Այն ամենը, ինչ ստեղծված են երազանքները

[2] Seraji Mahbod, Rooftops of Tehran; a novel, Berkley, 2009, p. 35 (թարգմ․ անգլերենից՝ Ա․ Բ․)։

[3] Նույն տեղում։

[4] Տե՛ս Nafisi Azar, Reading Lolita in Tehran: A memoir in Books, USA, Random House, 2008, p.169.

[5] Տե՛ս Nemat M., Prisoner of Tehran, Free Press, Toronto, 2006, p. 149.

[6] روانی پور منیرو، کنیزو، تهران، نیلوفر، ۱۳۶۷، ص ۸۲

[7] Նաֆիսի Ազար Այն ամենը, ինչ ստեղծված են երազանքները (Հասանելի է առ 09.05.2021)։

[8] Делиджани С., Дети жакаранды, пер. с англ. Н. Холмографой, Москва, Эксмо, 2018, стр. 28, (Թարգմ. ռուսերենից՝ Ա.Բ.).

[9] Zanganeh Lila Azam, My Sister, Guard Your Veil; My Brother, Guard Your Eyes: Uncensored Iranian Voices, Beacon Press, Boston, 2006, p. 7։  Հայերեն թարգմանությունը հասանելի է այս հղումով։ (Հասանելի է առ 09.05.2021)։

[10] گلی ترقی، جایی دیگر- تهران، نیلوفر، ۱۳۷۹، ص۸۶

[11] گلی ترقی، من هم چه گوارا هستم – تهران، نیلوفر، ۱۳۴۸، ص ۴۳

[12] «Полифонизм художественный»

[13] شهرنوش پارسی پور، زنان بدون مردان، تهران،نوکراه،۱۹۹۰ ص ۵۶

[14] Սաֆրաստյան Լ., Կանանց հիմնախնդիրները ժամանակակից իրանական գրականության մեջ, Ե., «Լուսակն» հրատ., 2010թ., էջ 143:

[15]شهرنوش پارسی پور،زنان بدون مردان، تهران٬ نوکراه٬ ۱۹۹۰.ص۱۳۴-۱۳۶ (թարգմ. պարսկերենից՝ Ա.Բ)

[16] Սաֆրաստյան Լ., Կանանց հիմնախնդիրները ժամանակակից իրանական գրականության մեջ, Եր., «Լուսակն» հրատ., 2010թ., էջ 113:

[17] Virginia Woolf Discusses Women and Fiction (Հասանելի է առ 09.05.2021)։

[18] Մ․ Ռավանիփուրի «Սիրո վշտոտ պատմություն» պատմվածքը հայերեն թարգմանությամբ հասանելի է  հղումով։ (Հասանելի է առ 09.05.2021)։

[19] Նույն տեղում։

[20] منیرو روانی پور، زن فرودگاه فرانکفورت، چاپ چهارم، آذر ماه، سان برناردینو، ۱۳۹۵ ص ۸۶

[21] Մոնիրու Ռավանիփուրի «Դեր» պատմվածքը հայերեն թարգմանությամբ հասանելի է հղումով։ (Հասանելի է առ 09.05.2021)։

[22] «The Legendary Iranian Poet Who Gives Me Hope» –  (Հասանելի է առ 09.05.2021)։

[23] Darznik J., Song of a Captive Bird: A Novel, Ballantine Books, New York, 2018, 302p.

[24] Երբ խաղաղ կլինի – իրանական արդի պատմվածքներ, թարգմ․՝ Ա Բագրատյանի, խմբ․՝ Ն․ Դարբինյան, Գրատուն հրատ․, Եր․, 2021, էջ 115:

[25] Տե՛ս Սաֆրաստյան Լ., նշվ. աշխ., էջ 121-122:

[26]منیرو روانی پور٬ زن فرودگاه فرانکفورت، چاپ چهارم، آذر ماه٬ سان برناردینو٬ ۱۳۹۵ ص ۱۲

[27] Տե՛ս Հոսեյնի Խալեդ, Հազար չքնաղ արևներ, թարգմ․՝ Մ․ Սադոյան, Եր․, «Զանգակ» հրատ․, 2020, 368 էջ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *