Կար ժամանակ, երբ Ճապոնիայում կանանց կողմից գրված գրական ստեղծագործությունները դասակարգվում կամ, ավելի ստույգ, պիտակավորվում էին որպես «կանանց գրականություն» (ջյորյու բունգակու)՝ գրական կանոնից դուրս գտնվող «սենտիմենտալ», «անլուրջ» գործեր, որոնք էապես տարբերվում էին «իսկական»՝ տղամարդկանց կողմից գրված գրականությունից։ Չնայած այն հանգամանքին, որ ճապոնական գրականության պատմության մեջ մշտապես եղել են հայտնի և հաջողակ կին գրողներ, ինչպիսիք են դասականներ Մուրասակի Շիկիբուն և Սեյ Շյոնագոնը (10-11-րդ դարեր), 20-րդ դարի արձակագիրներ Հիգուչի Իչիյոն, Հայաշի Ֆումիկոն, բանաստեղծ Յոսանո Ակիկոն[1] և այլոք, գրաքննադատները ստեղծագործող կանանց ճնշող մեծամասնությանը հազվադեպ են լուրջ վերաբերվել՝ դուրս թողնելով նրանց գործերը գրականագիտական ուսումնասիրություններից[2]։ «Տղամարդակենտրոն» այս տենդենցը նկատելի է նաև ճապոնական գրականության հայերեն թարգմանություններում. խորհրդային տարիներին թարգմանված տասներեք ճապոնացի հեղինակներից (ռուսերենի կամ այլ միջնորդ լեզուների միջոցով թարգմանվել են քսանից ավելի գործեր) միայն մեկն է եղել կին՝ Հայաշի Ֆումիկոն, որի անունը սխալմամբ տառադարձվել է Խայասի Ֆումիկո։ Ի դեպ, հետխորհրդային շրջանի իրավիճակը ևս էապես նույնն է. 90-ականներից ի վեր թարգմանված տասնյակ ճապոնացի հեղինակներից միայն երկուսն են կին՝ Յոշիմոտո Բանանան և Մուրատա Սայական։
Ճապոնիայում կանանց կողմից գրվող գրական ստեղծագործությունների մարգինալացումը քննադատության առարկա դարձավ 1970-ականներից[3], երբ ֆեմինիստական շարժման մասնակիցները նախ սկսեցին հայտնաբերել և վերաարժեքավորել պատմության մեջ մոռացության մատնված կին գրողներին, իսկ 1980-ականներից՝ քննադատել «կանանց գրականություն» եզրույթն ու գրական աշխարհում կանանց մարգինալացումը[4]։ 1992 թ. երեք կանանց՝ սոցիոլոգ, ֆեմինիստ Ուենո Չիձուկոյի, հոգեբան Օգուրա Չիկակոյի և արձակագիր, գրաքննադատ Տոմիոկա Տաեկոյի հեղինակությամբ լույս տեսավ մի գիրք, որը պետք է հեղափոխություն առաջացներ գրական ասպարեզում և փոխեր մինչ այդ եղած պարադիգմը։ «Տղամարդկանց գրականության տեսություն» (Դանրյու բունգակու–րոն)[5] կոչվող այս աշխատությունը (որն իրականում երեք կանանց միջև զրույց էր և գիտական հավակնություններ չուներ), սուր քննադատության ենթարկելով «կանանց գրականություն» եզրույթը և տղամարդկանց գործերում պատկերված կանացի կերպարները, սկիզբ դրեց գրականագիտական նոր ավանդույթի, որտեղ կանայք այլևս մարգինալ «ուրիշներ» չէին, այլ գրական աշխարհի լիիրավ ներկայացուցիչներ։ Ի դեպ, պատահական չէ այն փաստը, որ այս հեղաշրջման հեղինակները գրականագետներ չէին։ Մինչև 1990-ականները Ճապոնիայի գրականագիտության ոլորտի կարկառուն ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը միջին կամ բարձր տարիքի, պատրիարխալ հայացքներ ունեցող տղամարդիկ էին, որոնք ակտիվորեն մասնակցում էին կին գրողների մարգինալացման պրոցեսին։ Ինչպես նշում է Ուենո Չիձուկոն, պետք էր գրականությունը «սոցիոլոգիա դարձնել», որպեսզի հնարավոր լիներ փոխել արմատացած խոսույթները[6]։
«Տղամարդկանց գրականության տեսության» լույս տեսնելուց երեսուն տարի անց Ճապոնիայի գրական ասպարեզում միանգամայն այլ իրավիճակ է. կտրուկ աճել է Ճապոնիայում ամենահեղինակավոր Ակուտագավայի և Նաոկիի մրցանակների կին մրցանակակիրների թիվը (ավելին, 2022 թ. հուլիսի Ակուտագավայի մրցանակի բոլոր թեկնածուները կանայք են եղել)[7], 80-ականների վերջին բեստսելլեր են դարձել կին գրողների բազմաթիվ գործեր (առաջիններից մեկը Յոշիմոտո Բանանայի «Խոհանոցը» վիպակն էր (1988), իսկ 1990-ականներից հանդես են եկել ազգային և միջազգային գրական ոլորտի այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Օգավա Յոկոն և Տավադա Յոկոն։ Այժմ ժամանակակից ճապոնական գրականության ամենաճանաչված դեմքերը, բացի Մուրակամի Հարուկիից, կանայք են՝ Մուրատա Սայական, Կավակամի Միեկոն, Կիրինո Նացուոն, Յու Միրին, Օգավա Յոկոն, Տավադա Յոկոն, Կավակամի Հիրոմին և այլոք։ Կանանց գործերը գրանցում են նաև տարբեր ռեկորդներ. Մուրատա Սայակայի «Կոնբինիի մարդը» (Կոնբինի նինգեն) վաճառվել է 1,5 միլիոն օրինակով և թարգմանվել ավելի քան երեսուն լեզուներով։ Ինչպես նշում է թարգմանիչ Դեյվիդ Բոյդը, Մուրատա Սայական այնքան մեծ հաջողության է հասել, որ եթե նախկինում ԱՄՆ հրատարակիչները «հաջորդ Մուրակամի» էին ուզում հայտնաբերել, ապա այժմ փնտրում են «հաջորդ Կոնիբինիի մարդուն»[8]։ Թարգմանիչ, գրականագետ Կոնոսու Յուկիկոն, գրաքննադատ Տամուրա Այան և այլ մասնագետներ կանխատեսում են, որ եթե առաջիկայում ճապոնացի հեղինակի շնորհվի գրականության Նոբելյան մրցանակ, ապա դա կլինի ոչ թե Մուրակամի Հարուկին, այլ, ամենայն հավանականությամբ, Օգավա Յոկոն կամ Տավադա Յոկոն։ Ճապոնիայում այժմ հիրավի «կանանց գրականության» ոսկեդար է, և այդ կանանց գործերը հայ ընթերցողի և հրատարակիչների ավելի մեծ ուշադրությանն են արժանի։ Այստեղ ուզում եմ ներկայացնել նրանցից մի քանիսին։
Ժամանակակից Ճապոնիայի ամենաքննարկվող արձակագիրներից է Մուրատա Սայական (ծնվ. 1979 թ.)։ Նրա առաջին իսկ տպագիր աշխատանքը՝ «Կրծքով կերակրումը» (Ջյունյու, առաջին անգամ տպագրվել է 2003 թ.), գրավեց ընթերցողների և գրաքննադատների ուշադրությունը և արժանացավ Գունձո գրական մրցանակին։ «Կրծքով կերակրումը» դիսֆունկցիոնալ ընտանիքում ապրող դպրոցական մի աղջկա մասին է, որի հայրը կա՛մ գրեթե բացակա է ընտանիքի կյանքից, կա՛մ կնոջն անթաքույց քամահրանքով է վերաբերվում։ Ամուսնուց ֆինանսական կախվածության մեջ գտնվող տնային տնտեսուհի մայրը, իր հերթին, լուռ վրեժխնդրությամբ է պատասխանում այդ քամահրանքին՝ աղբը գցած բանջարեղենը լվանալով և դրանով ամուսնու համար աղցան պատրաստելով։ Մի օր աղջկա մայրը նրա համար կրկնուսույց է հրավիրում՝ ավագ դպրոցի ընդունելության քննություններին պատրաստվելու համար։ Ոչ պակաս դիսֆունցիոնալ ընտանիքից եկած, բազմաթիվ հոգեբանական տրավմաներ կրող կրկնուսույց-ուսանողը երակները կտրելու սովորություն ունի։ Աղջիկը, մշակելով նրա վերքերը, աստիճանաբար սկսում է նրա վրա իշխել։ Վիպակին բնորոշ են շոկային նկարագրությունները և գրոտեսկը, որը պետք է ավելի արտահայտիչ դառնար Մուրատայի հետագա գործերում։ Թեև Մուրատան ավելի հայտնի է որպես «Կոնբինիի մարդու»՝ հասարակության մեջ ինտեգրման խնդիրներ ունեցող կնոջ մասին «անմեղ» վիպակի հեղինակ, նրա գրականությանն առավել բնորոշ են գրոտեսկային՝ երբեմն սարսափ կամ զզվանք առաջացնող նկարագրությունները, սև հումորը, «նորմալության» մասին մտորումները, հակաուտոպիականությունը։ Օրինակ, «Սպանություն-ծննդաբերություն» վիպակը (Սացուջին շյուսսան, 2014) ոչ հեռու ապագայի մասին է, որտեղ և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարող են ծննդաբերել արհեստական արգանդի օգնությամբ։ Բեղմնավորումը կատարվում է բացառապես լաբորատոր պայմաններում, իսկ «ավանդական մեթոդը» միայն գարշանք է առաջացնում։ Պետության համար տասը երեխաներ ծննդաբերած կանայք և տղամարդիկ կարող են որպես պարգևատրում սպանել մեկ մարդու՝ ում գոյությունն իրենց անհանգստություն է պատճառում։ Սպանվելու համար ընտրված թեկնածուները, առանց ընդդիմանալու, հրաժեշտ են տալիս հարազատներին և մեկնում «սպանդանոց»։ Ի դեպ, արհեստական բեղմնավորման թեմային է անդրադառնում նաև «Անհետացող աշխարհ» (Շյոմեցու սեկայ, 2015) վեպը, որտեղ թե՛ սեքսը, թե՛ ընտանիքը անհետացել են, ամուսինների միջև սեռական հարաբերությունները համարվում են ինցեստ, իսկ երեխաները ծնվում են բացառապես արհեստական բեղմնավորմամբ։
Ոչ պակաս սարսափազդու է նաև «Կյանքի արարողություն» (Սեյմեյշիկի, 2019) պատմվածքների ժողովածուն, որտեղ, կրկին ոչ հեռու ապագայում, մահացած մարդկանց մարմիններն օգտագործվում են ոչ ավանդական մեթոդներով։ Համանուն պատմվածքը պատմում է ապագայի մասին, երբ մահացածների համար ոչ թե թաղման, այլ «կյանքի արարողություն» են կազմակերպում։ Հանգուցյալի թարմ մսից ուտեստներ են պատրաստում, հրավիրում նրա ընկերներին և հարազատներին, ուտում են այդ միսը, որից հետո դուրս են գալիս՝ «բեղմնավորվելու» համար զուգընկեր փնտրելու։ «Հիասքանչ նյութ» կոչվող պատմվածքում հանգուցյալների մաշկից, մազերից, ոսկորներից, ատամներից և նույնիսկ եղունգներից կահույք, հագուստ և այլ ապրանքներ են պատրաստում՝ համարելով, որ այդպիսով հարգում են նրանց հիշատակը[9]։
Վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանացել նաև ֆեմինիստական գրականության ներկայացուցիչ Կավակամի Միեկոն (ծնվ. 1976 թ.), ով, ի դեպ, Մուրակամի Հարուկիի սիրելի արձակագիրներից մեկն է։ Կավակամին իր գործերում արծարծում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սեռականությունը, ճապոնական հասարակությունում կանանց ունեցած խնդիները, կնոջ ինքնությունը, աղքատությունը և այլն։ Ի դեպ, Կավակամին իր ստեղծագործությունները հաճախ գրում է իր ծննդավայր Օսակայի բարբառով, ինչը կենդանություն և յուրահատուկ հմայք է հաղորդում դրանց։
Կավակամին հանրությանը հայտնի դարձավ 2008 թ., երբ նրա «Կրծքեր և ձվեր» (Չիչի տո րան) վիպակն արժանացավ Ակուտագավայի գրական մրցանակի։ Օսակայի հյութեղ բարբառով գրված այս գործը, որն արձակագիր դառնալ ցանկացող Նացուկոյի, կրծքերը մեծացնել տենչող նրա քրոջ՝ Մակիկոյի և վերջինիս սեռահասունացման շրջանում գտնվող դստեր՝ Միդորիկոյի մասին է, անմիջապես արժանացավ գրաքննադատների գովասանքին՝ ուրույն ոճի և արծարծող խնդիրների համար։ 2019 թ. Կավակամին հրապարակեց վիպակի ավելի ծավալուն տարբերակը՝ «Ամառային պատմությունները» (Նացու մոնոգատարի), որը սեռահասունացման շրջանում գտնվող աղջնակի մտատանջումներից և ծերացող հոսթես Մակիկոյի՝ կրծքերը մեծացնելու մոլուցքից բացի անդրադառնում է նաև ասեքսուալ Նացուկոյի՝ արհեստական բեղմնավորմամբ երեխա ունենալու ցանկությանը։ Վեպում տեղ են գտել նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հետծննդաբերական դեպրեսիան, հականատալիզմը, կանանց առարկայացումը, կանանց աղքատությունը և այլն։ Վեպը, բացի գեղարվեստական արժեքներից, արդի Ճապոնիայի գենդերային անհավասարության և կնատյացության հանրագիտարան է, որը հետաքրքիր կլինի նաև սոցիոլոգներին և այլ մասնագետներին։
Կավակամիի մյուս հայտնի գործը, որի համար նա առաջադրվել էր 2022 թ. Բուքերյան միջազգային մրցանակին, «Heaven» վեպն է, որը պատմում է դպրոցում դաժան բուլինգի ենթարկվող երկու դեռահասների մասին։ Երեխաները, դիմադրելու փոխարեն, մխիթարանք են գտնում միմյանց ընկերակցության մեջ։ Վեպը մարդկային հարաբերությունների, օտարացման, մարդկային դաժանության, դպրոցի ղեկավարության՝ երեխաների ճակատագրի հանդեպ անտարբերության մասին է։ «Heaven»-ը, ինչպես Կավակամիի շատ այլ գործեր, նույնպես ճապոնական հասարակության հայելին է. Ճապոնիայի ԿՄՍԳՏ նախարարության 2020 թ. տվյալների համաձայն, Ճապոնիայի դպրոցներում գրանցվել է բուլինգի ավելի քան 500,000, իսկ դրա պատճառով ինքնասպանության՝ 415 դեպք[10], և Կավակամիի վեպը պետք է ընթերցել ոչ միայն որպես գեղարվեստական գործ, այլև՝ որպես ճապոնական հասարակության քննադատություն[11]։
Շուրջ երեք տասնամյակ Ճապոնիայի ամենապոպուլյար արձակագիրներից է Կիրինո Նացուոն (իրական անունը՝ Հաշիոկա Մարիկո, ծնվ. 1951 թ.)։ Թեև Կիրինոյի ստեղծագործությունները բազմաշերտ և բազմաբնույթ են, դրանց մեծ մասը կարելի է դասակարգել որպես դետեկտիվ, երբեմն՝ ֆեմինիստական դետեկտիվ։ Կիրինոյի բազմաթիվ վեպերից կարելի է առանձնացնել 1997 թ. լույս տեսած «OUT»-ը[12], որը պատմում է սննդի գործարանում գիշերային հերթափոխով աշխատող չորս տնային տնտեսուհիների մասին։ Կատորի Մասակոն ապրում է օտարացած ընտանիքի հետ. ամուսինն արդեն վաղուց առանձին ննջասենյակում է քնում, իսկ դպրոցից դուրս մնացած որդին ծնողների հետ բացարձակապես չի շփվում։ Մասակոն նախկինում խոշոր բանկում է աշխատել, բայց կանանց նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին բողոքելուց հետո կրճատվել է և այժմ գիշերային հերթափոխով աշխատում է գործարանում։ Աձումա Յոշիեն վաղ կորցրել է ամուսնուն և այժմ ապրում է մշտական խնամք պահանջող, դեմենցիա ունեցող սկեսրոջ և մոր աշխատանքը չգնահատող դստեր հետ, որի ուսման վարձը վաստակելու համար Յոշիեն օրնիբուն աշխատում է։ Ջոնոուչի Կունիկոն օնիոմանիա ունի, և գնումներ կատարելու անվերջանալի մոլուցքը բավարարելու համար բազմաթիվ պարտքեր է կուտակել՝ այդ թվում յակուձաներից, ինչի պատճառով էլ հետագայում մեծ խնդիրների առջև է կանգնում։ Չորրորդ կինը՝ Յամամոտո Յայոյը, ապրում է երկու տարեկան որդու և աշխատած գումարը խաղատների և հոսթեսների վրա ծախսող, բռնարար ամուսնու հետ։ Յայոյը, այլևս չկարողանալով հանդուրժել ընտանեկան բռնությունը, սպանում է ամուսնուն։ Գործարանում նրա հետ աշխատող ընկերուհիները Մասակոյի տան բաղնիքում դիակը մասնատում են, լցնում աղբի տոպրակների մեջ և մաս առ մաս նետում քաղաքի տարբեր աղբահավաք կետերում։ Ինչպես գրում է գրականագետ Ցուբոյ Հիդետոն, ինչպես կանանց՝ գործարանում պատրաստած լանչ բոքսերի մի մասը, չվաճառվելով, աղբ էր դառնում և հայտնվում քաղաքի աղբանոցներում, նույն կերպ Յայոյի ամուսնու մարմինն է ուտիլիզացվում[13]։ Սակայն Կունիկոն, ծուլանալով իր բաժին տոպրակը տանել աղբահավաք կետ, այն նետում է զբոսայգու աղբամանը։ Այն շուտով հայտնաբերվում է և սկսվում է հետաքննությունը։
Վեպն առանձնահատուկ է ոչ միայն լարվածության մեջ պահող սյուժեով, այլև, ինչպես գրում է վերոհիշյալ Ցուբոյը «սարսափելի ռեալիզմով», որտեղ ճշգրիտ վերարտադրված են հետբաբլյան[14] Ճապոնիայի «նոր վտարանդիները»։
Կիրինոյի այլ հայտնի գործերից են իրական դեպքերի վրա հիմնված «Գրոտեսկ» (Գուրոտեսուկու, 2003) վեպը, որը պատմում է ցերեկները ճանաչված ընկերությունում պատասխանատու աշխատանք կատարող, իսկ գիշերները՝ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ մասին, էլիտար բնակարանային շենքում ապրող տնային տնտեսուհիների խճճված հարաբերությունների մասին պատմող «Երջանկությունը» (Հապինեսու, 2013) և այլն[15]։
Գրականագետների կողմից ամենամեծ ուշադրությանն ու գովասանքին արժանացած ժամանակակից ճապոնացի արձակագիրներից է Տավադա Յոկոն (ծնվ. 1960 թ.)։ 1982 թ.-ից Գերմանիայում բնակվող Տավադան ստեղծագործում է թե՛ ճապոներեն, թե՛ գերմաներեն լեզուներով՝ բառախաղի, նեոլոգիզմների, չինական գրերի (հիերոգլիֆների) նորարարական գործածության միջոցով ստեղծելով լեզվական յուրահատուկ հմայք ունեցող ինքնատիպ գործեր։ 1991 թ. իր առաջին՝ «Կորցնելով կրունկները» (Կակատո օ նակուշիտե) վիպակով հանդես գալուց հետո Տավադան արժանացել է բոլոր հնարավոր գրական մրցանակներին, այդ թվում՝ Ակուտագավայի, Մուրասակի Շիկիբուի, Նոմայի, Յոմիուրիի (Ճապոնիա), Քլայստի (Գերմանիա), Ազգային գրքի (ԱՄՆ) և այլ մրցանակների, ինչպես նաև Գյոթեի մեդալի, Ճապոնական ֆոնդի մրցանակի և Ճապոնիայի պատվո շքանշանի։ Ճապոնացի գրաքննադատները կանխատեսում են, որ Տավադան ապագայում կարող է արժանանալ նաև Նոբելյան մրցանակի։ Տավադան լայն ճանաչում ձեռք բերեց 1993 թ., երբ նրա «Շան հարսնացուն» (Ինու մուկոիրի)[16] վիպակն արժանացավ Ակուտագավայի գրական մրցանակի։ «Շան հարսնացուն» արտառոց և ապշեցուցիչ իրադարձություններով և նկարագրություններով լի, ճապոնական բանահյուսության՝ մասնավորապես «տարբեր տեսակների ամուսնություն» (իրույ կոնին տան) կոչվող՝ մարդկային և ոչ մարդկային տեսակների ամուսնության մասին ասքերի տարրերով միախառնված պատմություն է։ Տամագավա գետի ափին գտնվող մի փոքրիկ քաղաքում Կիտամուրա Միցուկո անունով կինն իր տանը դասապատրաստման դպրոց է բացել, որտեղ հաճախում են քաղաքի գրեթե բոլոր երեխաները։ Մի օր Միցուկոյի տանը, չգիտես որտեղից, հայտնվում է մի տարօրինակ տղամարդ և սկսում շան պես լիզել նրա հետույքը։ Միցուկոն որոշում է նրան տանը պահել, և դրանից հետո քաղաքում սկսում են տարօրինակ իրադարձություններ կատարվել։
Միջազգային ասպարեզում Տավադայի ամենահայտնի գործը «Պատվիրակն» է (Կենտոշի, 2014)[17], որի համար նա 2018 թ. արժանացել է ԱՄՆ Ազգային գրքի մրցանակի թարգմանված գրականության համար (անգլերեն թարգմանությունը՝ Մարգարետ Միցուտանիի)։ «Պատվիրակը» հակաուտոպիական վիպակ է ոչ հեռավոր ապագայի Ճապոնիայի մասին, որտեղ էկոլոգիական աղետներից հետո օդն ու ջուրը վտանգավոր աստիճանի աղտոտվել են, կենդանիների մեծ մասը՝ ոչնչացել, տարեցներն առողջ են և ապրում են անվերջ, իսկ երիտասարդները թույլ են և անպաշտպան։ Թեև վիպակն ապագայի մասին է, այն գրելու անմիջական շարժառիթ է դարձել 2011 թ. Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարը։ Ինչպես նշում է Տավադան գրականագետ Ռոբերտ Քեմփբելի հետ հարցազրույցում՝ հաշվի առնելով Ճապոնիայում տեղի ունեցած էկոլոգիական աղետները, ներկայիս ժողովրդագրական իրավիճակը և այլն, «Պատվիրակն» անիրական ապագայի մասին չէ, այլ, կարելի է ասել, ներկայի[18]։
Տավադայի քննարկվող գործերից է նաև «Երկրագնդով մեկ սփռվածները» (Չիկյու նի չիրիբամերարետե, 2018)[19], որի հերոսուհի Հիրուկոյի հայրենի կղզի-պետությունն անհետացել է և նա, մայրցամաքում գոյատևելու համար, «պանսկա» (պան-սկանդինավերեն) կոչվող լեզու է ստեղծել և այն սովորեցնում է միգրանտներին և փախստականներին, որոնք, երկրից երկիր տեղափոխվելով, բազմաթիվ լեզուներ սովորելու հնարավորություն չունեն։ Մի անգամ, հեռուստացույցով ելույթ ունենալիս, նա հանդիպում է լեզվաբանություն ուսումնասիրող Կնուտին և նրանք մեկնում են ճանապարհորդության՝ փնտրելու Հիրուկոյի մայրենի լեզվող խոսացող մարդկանց։ Կլիմայական աղետների, հայրենիքի կորստի, փախստականների ճգնաժամի մասին այս վեպը նաև լեզուների միջոցով բարեկամանալու և անկեղծ ընկերության մասին է։
Վերոհիշյալ ցանկին կարելի է ավելացնել առնվազն երեք տասնյակ կին արձակագիրների, որոնք թե՛ Ճապոնիայում, թե՛ դրա սահմաններից դուրս մեծ ճանաչում և հեղինակություն ունեն։ Օգավա Յոկո (ծնվ. 1962)՝ բազմաթիվ մրցանակների արժանացած հեղինակ, որի նշանավոր ստեղծագործություններից են հուշերի հսկողության մասին հակաուտոպիական «Հիշողության ոստիկանությունը» (Հիսոյակա նա կեշշյո, 1994) վեպը, գյուղի հանգուցյալներին պատկանած իրերի թանգարան ստեղծած ծեր կնոջ մասին պատմող «Լռության թանգարանը» (Չինմոկու հակուբուցուկան, 2000) և այլն։ Յու Միրի (ծնվ. 1968)՝ Ակուտագավայի և Ազգային գրքի մրցանակների արժանացած կորեական ծագմամբ արձակագիր, որը հիմնականում գրում է մարգինալացված մարդկանց և համայնքերի մասին։ Հայտնի գործերից է «Տոկիո Ուենո կայարանը» (JR Ուենո էկի կոենգուչի, 2014): Մացուդա Աոկո (ծնվ. 1979)՝ ճապոնական բանահյուսության և ֆեմինիստական գրականության միախառնումով նոր ոճի գործեր ստեղծող տաղանդավոր երիտասարդ արձակագիր։ Հայտնի է «Այնտեղ, որտեղ վայրի կանայք են» (Օբաչանտաչի նո իրու տոկորո, 2019) և «Մեր հոգիների կայուն օգտագործումը» (Ջիձոկու կանո նա տամաշիի նո րիյո, 2020) վեպերով։ Իտոյամա Ակիկո (ծնվ. 1966)՝ բազմաթիվ ինքնատիպ և անկեղծ ստեղծագործությունների հեղինակ, որոնցից ամենաճանաչվածը «Դրանք միայն խոսքեր են» (Իցցու օնրի տոկու, 2004) վիպակն է, որը պատմում է բիպոլյար խանգարում ունեցող նախկին լրագրողուհու և նրա կյանքի ճանապարհին հանդիպող մարդկանց՝ էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող Տոկիոյի ավագանու անդամի թեկնածուի, ինքնասպանության փորձ կատարած զարմիկի, սեռական հանցագործի, բարի յակուձայի և այլոց մասին։ Ի դեպ, Իտոյաման ինքը նույնպես ունի բիպոլյար խանգարում, որի մասին նա բազմաթիվ անգամ խոսել է։ Մոտոյա Յուկիկո (ծնվ. 1979)՝ արձակագիր, թատրոնի ռեժիսոր և նախկին ձայնային դերասան, ում տաղանդը բարձր է գնահատել նաև Օե Կենձաբուրոն։ Նրա ամենաընթերցված գործն է «Այլ տեսակների հետ ամուսնությունը» (Իրույ կոնին տան, 2016)։ Այս և բազմաթիվ այլ կանայք ժամանակակից ճապոնական գրականության դեմքն ու հոգին են, և «կանանց գրականության» հաղթարշավը, կարծում եմ, դեռ երկար կշարունակվի։
[1] Սույն հոդվածում բոլոր ճապոնական անձնանունները գրված են ազգանուն, անուն հերթականությամբ՝ ինչպես ընդունված է Ճապոնիայում։
[2] «Կանանց գրականություն» եզրույթի մասին կարող եք ընթերցել այստեղ։ Joan Ericson. 1997. Be a Woman: Hayashi Fumiko and Modern Japanese Women’s Literature. University of Hawaii Press.
[3] 1970-ականների սկզբին ծավալվում է Ճապոնիայի ֆեմինիստական երկրորդ ալիքը, կամ «կանանց ազատագրման շարժումը» (ուման րիբու), որը հիմնականում պայքարում էր սեռական և վերարտադրողական ազատությունների համար, բայց առաջ էր քաշում նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կանանց դերը հասարակությունում, աշխատանքային իրավունքները և այլն։
[4] 1980-ականների «կանանց գրականություն» եզրույթի քննադատություններից կարելի է առանձնացնել Իրմելա Հիջիյա Կիրշներայթի «Այն օրը, երբ «կանանց գրականությունը» կդառնա գրականություն» (“女流文学”が文学になる日) հոդվածը, որը տպագրվել է 1986 թ. «Ասահի» օրաթերթում։
[5] 上野千鶴子・小倉千加子・富岡多惠子『男流文学論』筑摩書房、1992 (Ուենո Չիձուկո, Օգուրա Չիկակո, Տոմիոկա Տաեկո, 1992, Տղամարդկանց գրականության տեսություն, Չիկումա շյոբո)։
[6] 上野千鶴子『上野千鶴子が文学を社会学する』朝日新聞社、2000 (Ուենո Չիձուկո, 2000, Ուենո Չիձուկոն գրականությունը սոցիոլոգիա է դարձնում, Ասահի շինբունշա)
[7] 1980-ականներից ի վեր Ակուտագավայի գրական մրցանակի 89 մրցանակակիրներից 32-ը կանայք են եղել, իսկ վերջին տասնամյակում 27 մրցանակակիրներից 15-ն են կին։
[8] https://www.nbcnews.com/news/asian-america/move-murakami-female-authors-drive-growing-interest-japanese-novels-rcna5762
[9] 村田沙耶香『授乳』講談社、2005 (Ս. Մուրատա, 2005, Կրծքով կերակրում, Կոդանշա), 『殺人出産』講談社、2014 (Մուրատա Ս., 2014, Սպանություն-ծննդաբերություն, Կոդանշա), 『消滅世界』河出書房、2015 (Մուրատա Ս., 2015, Անհետացող աշխարհ, Կավադե շյոբո), 『生命式』河出書房、2019 (Մուրատա Ս., 2019, Կյանքի արարողություն, Կավադե շյոբո):
[10] https://www.mext.go.jp/content/20201015-mext_jidou02-100002753_01.pdf
[11] Կավակամի Միեկոյի վերոհիշյալ գործերն են՝ 川上未映子『乳と卵』文藝春秋、2008 ( Կավակամի Մ., 2008, Կրծքեր և ձվեր, Բունգեյ շյունջու), 『ヘヴン』講談社、2009 (Կավակամի Մ., 2009, Heaven, Կոդանշա), 『夏物語』文藝春秋、2019 (Կավակամի Մ., 2019, Ամառային պատմություններ, Բունգեյ շյունջու)։
[12] 桐野夏生『OUT』講談社、1997 (Կիրինո Ն., 1997, «OUT», Կոդանշա)։
[13] 坪井秀人「ポストバブルの「アブジェクト」:『キッチン』から『OUT』へ」坪井秀人編『バブルと失われた20年』臨川書店、2018、133-163 (Ցուբոյ Հիդետո, 2018, Հետբաբլյան «աքսորյալները». «Խոհանոցից» մինչև «OUT», Հ. Ցուբոյ (խմբ.), Բաբլը և կորուսյալ քսանամյակը, Րինսեն շյոտեն, էջ 133-163):
[14] 1991 թ. պայթում է Ճապոնիայի տնտեսական «պղպջակը» և սկսում է տնտեսական անկման և ստագնացիայի ժամանակաշրջանը։ Պղպջակի պայթյունին հաջորդող երկու տասնամյակները Ճապոնիայում կոչում են “post-bubble”, որը, ավելի պատշաճ տերմինի բացակայության պայմաններում, թարգմանել եմ որպես «հետբաբլյան»։
[15] 桐野夏生『グロテスク』文藝春秋、2003 (Կիրինո Ն., 2003, Գրոտեսկ, Բունգեյ շյունջու), 『ハピネス』光文社、2013 (Կիրինո Ն., 2013, Երջանկություն, Կոբունշա)։
[16] 多和田葉子『犬婿入り』講談社、1993 (Տավադա Յ., 1993, Շան հարսնացուն, Կոդանշա)։
[17] 多和田葉子『献灯使』講談社、2014 (Տավադա Յ., 2014, Պատվիրակը, Կոդանշա):
[18] «Զրույց Տավադա Յոկոյի և Ռոբերտ Քեմփբելի միջև» http://kodanshabunko.com/kentoushi/։
[19] 多和田葉子『地球にちりばめられて』講談社、2018 (Տավադա Յ., 2018, Երկրագնդով մեկ սփռվածները, Կոդանշա):