Մոլորություն
Ինձ զանց առավ մի պատմություն:
Տեղի տվեց մի օտար:
Շարունակեցի ապրել
հերթով պատմած
ծուլություններս գեղեցիկ:
Ճանապարհները, որ չքննեցի,
չուշացան:
…Շաբաթից շո՛ւտ եկած ուրբաթներ,
ո՞ւմ սիրելին եմ ես,
ձեռքիցս հոսեցին,
անունս ի՞նչ դրեցին.…
***
Մեծ արջն այս երեկո
այս երգերում՝
օտարավարի կապված
մխիթարությամբ:
Մտերմացող հեքիմ՝
առանց տարակույսի.
չփնտրած մեղեդի…
***
Առավոտը մաս-մաս
հայտնվեց
մեր չիմացած տեղերում՝
անունները փոխելով:
Հետևանքներն առաջուց
անտեսեց:
Եվ հատվեցին նախշերը
բարձրանալիս – իջնելիս,
նշաններն օտարությանը
չհերիքեցին…
***
Նոյեմբերի եղևնի՝
մտերմությունը վայելուչ
ու կանխակալ
բոլոր բացատներում,
խանութներում՝ արձակ.
ամենից պատշաճ հրապույրները:
Ձեռքսեղմումն ու պարտքերը:
Ձեռքսեղմումն ու պարտքե՜րը…
Կանխասացություն
1.
Հղի կանայք
սեղաններն սպասարկում են.
հեռվի մեջ մնում է նրանց աչքը:
Եվ ծնվում են նրանց մանուկները՝
թեք աչքերը՝ մինչև չտեսածը:
Փակ դռների տակ
քամիներն են՝
ճամփորդները,
թարմ քամիները՝
անտերունչ ձևերին հետևած…
Եվ ճողփում են կաթի
վիճակները…
2.
Աչքերը
և թևերը
սրտի թրթիռն են
կանխասում,
դռները՝
քամիների,
իրար տարածում են,
ամռան ավարտները՝
խտտուն,
դաշնակից,
ծայրից ծայր՝
քամիները
երկայնությամբ…
3.
Հանկարծների,
ինչ-որ բանի
այցելության համար՝
դեմքերը,
որոնցով
կարելի էր խոսել
հայտնաբար,
առատ օդով
և խախտումներով՝
մխիթարիչ,
չափազանց…
Չիմացության հոտն է.
անուշ առնչում է ինձ,
մեկնում եմ
բազկատարած…
4.
Արագ անցա
տարածքները, որ հուշում են,
արագ անցնողի ձայնով
մասնակցեցի:
Հեռու հրավերներ են,
որ նախորդում են ինձ
և իմ ձևերի մասին վկայում
առօրեից:
Եվ ողջ կյանքով մեկ տևում է
այս ժամը
և իրենով է անում
պայմանաբար
արդեն անմիջապես չթռչելիս…
Էպիկական
Ռումբ դնել մի ժամանակի մեջ
ոլորանով անցնելիս՝
ծառի կեղևի պլոկված տեղը հասնելիս,
ուղիղ փայտփորիկի կտցած տեղը՝
տարեկան օղակի երակին,
որտեղից կարող էր դուրս գալ
Պողոսը՝
մի ոլորան առաջ մանուկ,
հիմա՝ երկար մորուքով ու մազերով,
որին գիտությունների մասին ես պատմել
և ժամանակների միջով ճամփորդելու:
Չպայթեցնել նրա պտույտը
ոչ մի հերթական երազում,
գիշերվա հերթական բնակչին
կեղևի պլոկված հատվածում՝
տարեկան օղակի երակին…
***
Տիկին Ռիմաներն, Անահիտներն
ու Հասմիկները
մերսում են կանանց կրծքերը,
որ հոսեն կաթի գետերը քաղաքում:
Շիթով ժայթքում են կրծքերը քաղաքում:
Կաթը քաղաքում վարարում է:
Գետերն օտարների օրորվում են,
մանուկներն ըմպում են:
Օտարները պայթում են,
ներծծվում են, հոսում են,
գետերը քաղաքում ճերմակում են…
***
Օրերի վրա հեշտությամբ են սահում
մեր պատյանները
և ծաղկում են
հմայությամբ, երկար անուններ
չեն դնում,
մեր օրերը և մեր օտարները
հորինում են,
մեզ օրհնում են,
մեզ հեշտությամբ են անցնում
մեր հմայքները…