«Ամառը որոշել է այս տարի լինել տարօրինակ»,- մտածում էր Իլլան՝ սպիտակ դաշտածաղիկներով զարդարված կանաչ անձրևանոցը ձեռքին քայլելով կարկտախառն անձրևի տակ՝ միալար դանդաղությամբ, կիսափակ աչքերով, ոտքերի տակ չնայելով։ Տնից դուրս գալուց տաք էր հագնվել և իրեն ներքուստ հանգիստ էր զգում, որ արտաքին ցուրտը չի կարողանա սողոսկել ներս՝ խաթարելով լարված նյարդերը հաճելի ջերմությամբ սնուցող տաքությունը։ Նա հագել էր սև կտորից իր ամենօրյա տաբատը, որի մեջ անփութորեն ծալած գծավոր վերնաշապիկ ճմռթված էր, իսկ մինչև ծնկները հասնող անհասկանալի գույնի բրդե բաճկոնը՝ հին, տեղ-տեղ գույնը թափած։ Ուսին գցած անսովոր մեծության պայուսակը նրա քայլվածքին ավելորդ ծանրություն էր հաղորդում, իսկ մի քանի օր չսանրած անլվա մազերն էլ ավելի էին ընդգծում չշպարված դեմքի գունատությունը։
Փողոցում գրեթե մարդ չկար, միայն կողքով արագ սլացող հատուկենտ անցորդներ, ովքեր կարկուտից ապաստան փնտրելուն զուգահեռ չէին մոռանում քննադատական հայացք գցել Իլլայի ուղղությամբ՝ զարմանալով եղանակին անհամահունչ նրա արտասովոր հանգստության վրա։
Կենցաղային հայացքներ, որոնց օգնությամբ մասսաները փորձում են իրենց սահմանափակության մեջ ներառել ողջ աշխարհը։
Հասնելով պողոտայի վերջ՝ Իլլան կանգնում է և նայում շուրջը։ Զգալով որ տանը տիրող արհեստական լռությունն այսօր խանգարելու է իրեն գրել՝ սկսում է քայլել քաղաքի ոչ այնքան հայտնի փողոցներից մեկում նոր բացված սրճարան տանող ճանապարհով։
Փոքր քաղաքում կորելն արվեստ է. պետք է անգիր սովորել քաղաքը՝ մեծ ու փոքր փողոցները ու նրբանցքները, ոչ այնքան հայտնի, բայց հարմարավետ սրճարանները ու փաբերը, այգիների ամենահեռու անկյունները, խանութները, կրպակները, նստարանները, գետնանցումները, որտեղ երբեք չես հանդիպի կարճ երկխոսություններով ծանոթներիդ.
– ո՞նց ես:
– լավ եմ։
– դու ո՞նց ես։
Փոքր քաղաքում մարդիկ ապրում խմբերով, միանման կենցաղով, արտատպած մտքերով, բոլորը բոլորին ճանաչում են, եթե ոչ անձնապես, գոնե՝ դեմքով։ «Փոքր քաղաքներ, որտեղ ձեզ չեն ասի ճշարտությունը» (Ի. Բրոդսկի, «Օգոստոս», 1996թ.):
Չափազանց դժվար է կորել Ամենափոքր քաղաքում, բայց մեծ ցանկության դեպքում հնարավոր է։
Փոքր քաղաքներում կարելի է կորել սենյակներում։
Սրճարանում եղանակի պատճառով ստեղծված մարդաշատությունը օրվա այդ ժամի համար արտասովոր էր և ակամա ճնշում է Իլլային, սակայն նկատելով, որ պատուհանի մոտ գտնվող իր սիրելի սեղանն ազատ է, փակում է անձրևանոցը՝ որոշելով մնալ։
Մատուցողը, տեսնելով Իլլային, սկսում է բարեհամբույր ժպտալ՝ գլխի շարժումով ողջունելով նրան։ Սրճարանը բացվել էր երեք ամիս առաջ, և Իլլան իրենց մշտական այցելուն էր, շաբաթը մի քանի անգամ գալիս էր և, նստելով պատուհանի մոտ գտնվող սեղանի մոտ, 4-5 բաժակ սուրճ էր խմում և աշխատում մինչև փակվելը ՝ գնալուց երբեք չմոռանալով թեյավճար թողնել։ Չնայած Իլլայի խիստ ինքնամփոփ բնավորությանը և ծայրահեղ սառը վերաբերմունքին՝ մատուցողը համակրանքով էր լցված միշտ ինչ-որ մտածմունքների մեջ գտնվող այդ կնոջ նկատմամբ։ Նա անձայն մոտենում է Իլլային և, կապուչինոյով լի բաժակը դնելով սեղանին, լուռ հեռանում է։ Իլլան բարությամբ լի հայացքով նայում է մատուցողի հետևից՝ ներքուստ շնորհակալ լինելով նրան անիմաստ հարցեր չտալու համար։
Իլլան դողացող ձեռքերով բացում է նոութբուքը և սառած հայացքն անշարժ գամում էկրանին, հետո գերանի ծանրություն ստացած մատները բարձրացնելով բացում է էկրանի վերևի անկյունում գտնվող ֆայլը։ Այդ պահին կատարած յուրաքանչյուր շարժում ճնշում էր Իլլային միտք ու, վերածվելով անտանելի ֆիզիկական ցավի, սկսում էր խեղդել կոկորդը։ Ուզում էր ամեն ինչ թողնել ու փախչել սրճարանից։ Մի քանի մեծ կում անելով դատարկում է սուրճի բաժակը ու աչքերը փակում՝ փորձելով հանգստանալ։
Ֆայլի մեջ գրված էին անհասկանալի նախադասություններ ու իրար հետ իմաստային ոչ մի կապ չունեցող անկանոն շարված բառեր։ – թաքցնել, -այգի, -կամքի ուժ, -մատներ, -տոմս, -ձևացնել, -պաղպաղակ, -արագություն, -բարի, -ծիծաղել, -երաժշտություն, -բարձրություն, -ճնշված, -պարել, -երջանկություն, -վազել, -լույսեր, -սուտ, -փողոցներ, -սե՞ր։
****
– Գինի կխմե՞ս։
– Հա։
– Հիմա լցնեմ կարմիրդ։
– Ես սպիտակ եմ խմում,- խաբում է Իլլան։ Մեկնելուց առաջ ցանկանում էր ջնջել իր մասին բոլոր հիշողությունները։
Նա միշտ ինտիմացնում էր ճշմարտությունը։
Տղամարդը զարմացած նայում է Իլլային, բայց ոչինչ չի պատասխանում։
Համատարած մթությունը, խառնվելով ծխախոտի սուր հոտի հետ, սենյակը լցրել էր անտանելի ծանրությամբ։
Տղամարդը գինով լի բաժակը մեկնում է գետնին նստած Իլլային ու փռվում կողքը։
– Չես մտափոխվել, չէ՞, կգա՛ս շնորհանդեսին։
Իլլան չլսելու է տալիս։
Զզվում էր սպիտակ գինուց, բայց, ինքն իրեն ստիպելով, խմում է։
– Գրու՞մ էիր,- հարցնում է տղամարդը՝ նայելով չհավաքած մահճակալի վրա դրված համակարգչին։
– Հա,- խուլ ձայնով պատասխանում է Իլլան։ Խաբում է, ոչ մի բառ չէր գրել ողջ օրվա ընթացքում։
– Չեմ համբերում՝ երբ եմ կարդալու երկրորդ գիրքդ,- ասում է տղամարդը։
Իլլան ոչինչ չի պատասխանում։ Տղամարդը սկսում է շոյել կիսաբաց վերնաշակիկի տակից երևացող Իլլայի կուրծքը, մյուս ձեռքով դանդաղորեն իրեն է մոտեցնում նրա գլուխը՝ համբուրելով շուրթերը։ Իլլան ողջ մարմնով սկսում է դողալ, ցանկությունը մթագնում է բանականությունը՝ կոտրելով կամքը։ Սակայն անսեր հարաբերությունների դրական կողմն այն է, որ դու միշտ ճիշտ պահին կարողանում ես կառավարել Էմոցիաներդ։ Իլլան մի շարժումով հետ է քաշում գլուխը ու վեցնելով բաժակը սկսում է խմել՝ բերանը հերթական համբույրից պաշտպանելու համար։
– Քեզ վա՞տ ես զգում։
– Չէ, ուղղակի այսօր խմելու օր է, սիրելիս – սովորականից բարձր ձայնով պատասխանում է Իլլան։
Տղամարդը չի հավատում, բայց հասկանում է, որ թեման պետք է փոխել։
– Գնամ պատրաստվելու։ Կարո՞ղ ես զանգել Էնդրուին ու խնդրել մեկ ժամից մեքենայով գա մեր հետևից։ Պատկերացնում եմ՝ ինչ խցանում է լինելու կենտրոնում այս ժամին, պետք է շուտ դուրս գալ, չի կարելի ուշանալ սեփական երեկույթից։ Դու էլ սկսիր պատրաստվել։
Իլլան, վարորդին համապատասխան կարգադրություններն անելուց հետո, չուզենալով սկսում է հագնվել։
Երբ ուշացած հասնում են քաղաքի կենտրոնում գտնվող ստուդիա, հյուրերն արդեն ժամանած են լինում։ Բոլորի ձեռքերին գինի կար, դեմքներին՝ ժպիտ։ Իլլան հագել էր նրբաճաշակ, նեղ մինչև կրունկները հասնող սև գույնի զգեստ, որն ընդգծում էր նրա սլացիկ բարձրահասակությունը և մաշկի սպիտակ գույնը, մազերը հետ էր հարդարել՝ ցուցադրելով լայն ճակատն ու ներդաշնակ դիմագծերը։ Սենյակի վառ լույսի ներքո Իլլայի կապտականաչ աչքերը դարձել էին մուգ կանաչ՝ տիրոջ հայացքին հաղորդելով սառը ջերմություն։
– Պետք է պատրաստվել ելույթին, իսկ հետո՝ գրքերը ստորագրելուն, փորձիր չձանձրանալ և քիչ խմել, – ասում է տղամարդը՝ համբուրելով Իլլայի ճակատը։
Իլլան իր կողքով անցնող մատուցողի սկուտեղի վրայից վերցնելով կարմիր գինով լի բաժակը՝ սկսում է դանդաղ քայլել սրահով։ Հավաքվածներից բոլորը հիմնականում տղամարդու ազգականներն էին, ընկերներն ու ծանոթները. նրանք, ում հետ նա խմում էր, նրանք՝ ում հետ աշխատում և նրանք, ում հետ նա քնել էր։ Վերջիններին կարելի էր ճանաչել Իլլային ուղղված նրանց հայացքների շնորհիվ։
Նրանք ծանոթացել էին հինգ տարի առաջ գրախանութում։ Իլլայի համար ավելի ձանձրալի պատմություն անհնարին էր պատերացնել. երկու գրող ծանոթանում են գրախանութում։ Ոչ, այդ տարբերակն Իլլայի համար չէր։ Նա ստիպում է տղամարդուն բոլորին պատմել, որ իրենք առաջին անգամ հանդիպել են Կապույտ կետերի պահպանմանը նվիրված բարեգործական երեկույթի ժամանակ։ Տղամարդը 30 տարի Իլլայից մեծ էր, հայտնի ու մեծ հարգանք վայելող լուրջ գրող, ով, սակայն, արդեն տաս տարի է ոչինչ չէր գրում։ Իրենց ծանոթության ժամանակ Իլլան հրատարակել էր իր առաջին գիրքը և արդեն սկսել էր գրել երկրորդը։ Բոլորը մտածում էին, որ Իլլան նրա հետ է սեփական հաշվարկներից ելնելով։ Հասարակության աչքերում մի նժարին դրված էր երիտասարդ և գեղեցիկ սկսնակ կին գրողը, մյուսին՝ հայտի և հարուստ ծեր գրողը։ Պետք էր հիմար լինել ակնհայտ ճշմարտությունը չտեսնելու համար։
Սկզբում սերը հազարադեմ է,
Հենց սկսում ես ճանաչել, փոխում է դեմքը։
Վերջում սերն անդեմ է,
Կամ կա, կամ՝ չկա։
– Բարև Ձեզ, դուք հեղինակի կի՞նն եք։
«Կին» բառն Իլլային վերադարձնում է իրականություն։
– Ոչ, ես հեղինակի մուսան եմ,- կծու հեգնանքով պատասխանում է Իլլան։
– Ես գիտեմ, որ Դուք նույնպես գրող եք, երևի առաջինն եք կարդացել հեղինակի գիրքը։ Բոլորը միաձայն ասում են, որ այս վեպը հեղինակի լավագույն աշխատանքն է, հանճարեղ գործ է, դուք գիտակցում եք՝ Ձեր բախտն ինչքան է բերել, համոզված եմ՝ լիքը բան եք սովորել նրանից։
– Այո, հատկապես անկողնում լիքը բան եմ սովորել, – զայրացած պատասխանում է Իլլան՝ մեծ կում անելով։
Տարեց կինը լայն բացած աչքերով նայում է Իլլային ու փռթկացնելով արագ հեռանում է։
Տղամարդն արդեն ավարտել էր իր ելույթը և սենյակի կենտրոնում դրած սեղանի մոտ նստած գրքերն էր ստորագրում։ Մի կերպ ճեղքելով հեղինակի շուրջ հավաքված ոգևորված բազմությունը՝ Իլլան մոտենում է նրան։
– Դե ինչ, արդեն հասցրի՞ր մարդկանց նեղացնել,- կատակելով հարցնում է տղամարդը։
– Չէ, տղամարդու պատիվդ բարձր եմ պահել,- պատասխանում է Իլլան։
– Ես հենց դրանից էլ վախենում էի սիրելի՛ս, – ասում է տղամարդը՝ ստորագրած գիրքը մեկնելով Իլլային։
Իլլան սփրթնում է, ծնկները սկսում են դողալ։
– Չփորձես երբեք մոռանալ, որ ես եմ գրել այս գիրքը, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր բառ, սկզբից մինչև վերջ,- տղամարդու ականջին կամաց շշնջում է Իլլան։
***
Սրճարանից հասնելով տուն՝ Իլլան վառում է երկարատև դադարից հետո առաջին ծխախոտը, վաղուց չէր ծխել։ Ծխի առաջին իսկ ալիքը հանգստացնում է բորբոքված ուղեղը։ Պայուսակից հանելով համակարգիչը, ողջ մարմնով կուչ գալով, տեղավորվում է գետնին փռված հսկայական բարձի վրա։
Չորս տարի է ոչինչ չէր կարողանում գրել։
Մտքերը ստիպում էին լռել։
Եվ միայն խորը բուն դրած անզորությունից թափվող արցունքները լուռ վկայում էին, որ նա դեռ շարունակում է պայքարել կենդանի մնալու համար։