Արաքսը վեց քույրերի ավագն էր: Նրան ծիծաղելիս ոչ-ոք չէր տեսել: Մնացած հինգ քույրերը չէին ծիծաղում, քրքջում էին` լիաթոք ու վարարուն: Նրանց ծիծաղը վարակիչ էր, երբեմն էլ` նյարդայցնող, մանավանդ, եթե դիմացինը տրամադրություն չէր ունենում: Արաքսը չէր ծիծաղում, գրեթե չէր էլ ժպտում, ու՜ր մնաց` քրքջար: Նա միշտ տխուր էր, միայնակ`խոհերի, թախծի ու տխրության իր ուրույն աշխարհում: Գերդաստանային հավաքույթներին ոչ մի անգամ չէր մասնակցում: Հայրական տանը կայացող ոչ մի մանր կամ մեծ խնջույքի ներկա չէր: Առանձնացած էր իր ընտանիքով, ու ուրիշ էր նրա աշխարհը` հոգսերի ու մտորումների աշխարհը: Նա գլուխը միշտ խոնարհած էր ման գալիս. գետնին էր նայում, վերև կամ ուղիղ չէր նայում: Ի տարբերություն բարձրախոս քույրերի` մեղմախոս էր, ձայնը փորից հազիվ էր դուրս գալիս, եթե երբեմն- երբեմն խոսում էր: Ճիշտ է`քչախոս էր, բայց նաև քաղցրախոս էր, առանց ջան-ի ոչ մեկի հետ չէր խոսում: Ամոթխած բառը «Հայկազյան բառարանում» նրա համար է գրված: Նրա զարմանալի համեստությունն ու պարկեշտությունը դիմացինին երբեմն նույնիսկ հունից հանում էին: Այդքան ներհուն, մտամփոփ լուռ լինելը շատերն անթույլատրելի էին համարում, հաճախ էլ բարձրաձայն բողոքում էին: Բայց ոչինչ հենց այնպես չի լինում. նա վերջնականապես ձևավորվել էր իր ապրած կյանքի շրջանակներում: Իսկ այդ կյանքի մասին քույրերը բարենպաստ ոչինչ չէին ասում և նրան մեքենայորեն դիտում էին իրենց քույրական շրջանակից դուրս: Կյանքը, անկախ իր վայրիվերումներից, հինգ քույրերին էլ երես էր տվել: Նրանք ամուսնացել էին իրենց սիրած տղամարդկանց հետ ու շարունակում էին սիրո մթնոլորտում ծափ ու ծիծաղով ապրել: Այլ էր Արաքսի կյանքը:
Երբ նրա մասին խոսք էր լինում, քույրերը իրար մեջ քչփչում էին. «Մեր խե՜ղճ քիրը` թաղը մեռա՜ծ, սիրտը կոտրած քիրը», ու դրանով նրա մասին զրույցը սահմանափակվում էր: Թվում էր` նրանք բավարար ջանքեր չեն գործադրում`ավագ քրոջը մշտական տխրությունից ու մելամաղձությունից հանելու, իրենց ուրախ, անկաշկանդ միջավայր մտցնելու համար: Թաղը մեռածն էլ այնպես էին ասում, կարծես` թաղամասն էր մեռած: Դա վիճելի էր, քանի որ թաղը` թաղամասը, որտեղ ապրում է Արաքսը, գյուղի ամենամարդաշատ ու աղմկոտ հատվածն էր, նախ` որ նրանց տան մոտով էին դպրոց գնում գյուղի աշակերտության կեսից ավելին, հետո էլ` հենց նրանց տան մոտ` ընդամենը երկու-երեք մետր այն կողմ, իրենց մրգաշատ այգու ծերին, գյուղի ամենավարար աղբյուն էր, որտեղ ջրի հերթը շատ բազմամարդ էր, մանավանդ`իրիկնադեմերին, երբ հանդից տուն էին դառնում աշխատող կանայք` ծխախոտագործն ու այգեգործը, կալվորն ու ջրվարը: Ջրի հերթը մի քանի մետր ձգվում էր ու անասելի աղմկոտ էր: Լաչառ կանայք, պղնձակարմրավուն կժերն իրար խփելով, դրխկ-չրխկոցով, իրար հրմշտելով, փոքրերին դուրս մղելով`իրենց հերթն առաջ էին գցում` կժով մաքառելով: Մեկի լոբին էր գազին վառվում, մյուսի շորվան էր եռում-թափվում, ու, նման հնարովի պատճառաբանություններով առաջ ընկնելով, լցնում էին իրենց կժերը: Իսկ երբ կժերը լցրած հերթից դուր էին գալիս ու չթե ծաղկավոր խցկանը փութկոտ խցկում լիաբերան կուժը փակելու` ջուրը ցայտում էր ու թրջում բոլորին: Այդ ժամանակ կռիվն ու հարայ-հրոցն ավելի էր սաստկանում: Մի խոսքով, ամեն իրիկնադեմի աղբյուրում կես Վարդավառ, կես ջրոցի էր: Այս ամենի առկայությամբ ո՞նց կարող էր Արաքսի թաղը մեռած լինել: Իսկ եթե ավելացնենք, որ տան դարպասի մոտ վիթխարի սոսի ծառն էր սոսափում, որից ջահելները ճինջող (ճլորթի) էին գցում ու ջահելավարի ճռվողելով, ճոճվող պարանին կանգնած` ծառի ամենաբարձր ճյուղից հասնում խոր ձորի բերանը, կամբողջանա թաղի աղմկոտ, աժխույժ նկարագիրը, ու անհամաձայնությունը, Արաքսի թաղի մեռած լինելու վերաբերյալ, կարդարացվի: Այս աղմուկի և կանանց լաչառության ֆոնին`նրա խելոքությունն ավելի էր ընդգծվում, այս ամենօրյա աշխուժությունը չէր նպաստում, որ Արաքսի ներամփոփ բնույթը դույզն-ինչ փոխվի: Թաղը մեռած ասելով` քույրերը հաստատ նկատի ունեին ոչ թե թաղամասը, այլ բույսի թուփը` ինչպես`վարդի, մանուշակի թաղերը, որ թառամել էին անբարենպաստ եղանակից: Արաքսը, իրոք, մանուշակի թփի էր նման` ճլորած ու միշտ թաք կացած բոլորից, թաղի վրա էլ` չբացված ու գլխիկոր մանուշակներ: Նա իսկը գլխիկոր մանուշակ էր: Երբեմն էլ քույրերը, որ ծավալվում էին, վատաբանում էին նրա ամուսնուն ու մեղավորը նրան համարում: Հետո էլ հետ էին դառնում ու հիշում, որ առաջին սիրո մահն ու կորուստն էլ հենց դարձավ իրենց կենսախինդ քրոջ կոտրվածության պատճառը…
Արաքսը նշանված էր Գնելի հետ: Գնելը գյուղի եզակի ուսյալ մտավորականներից էր. ուսմասվար էր դպրոցում, միաժամանակ հայոց լեզու և պատմություն էր դասավանդում: Համագյուղացիները նրան հարգում ու սիրում էին: Ինչ-ինչ` գյուղացիներն այն ժամանակ բոլոր կարդացած մարդկանց առաջ գլուխ էին խոնարհում, նույնն էլ` Գնելի: Գնելն ու Արաքսը գյուղի բերանին մնացած զույգեր էին` իրար հարմար, գեղեցիկ ու սիրելի: Տղան`սևակն, մրահոն ու առնական էր, աղջիկը`ճերմակ, խաժակն, մանրիկ՝ նրբին կազմվածքով: Նշանվել էին ու պատրաստվում էին հարսանիքի: Հարսանիքին վեց օր էր մնում, երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը: Գնելը` որպես գյուղի մտավորական, համաշխարհային պատմության ու բոլոր աշխարհամարտերի գիտակ, չսպասեց Երկրորդ Հայրենականի սկսվելուն, դեռ 1939 թվին առաջինը զինվորագրվեց: Մեղավորության զգացումով հրաժեշտ տվեց Արաքսին: Հրաժեշտի վերջին խոսքերն էին. «Ես անպայման կվերադառնամ, կվերադառնամ, կամուսնանանք, դեռ հարսանիք կլինի…»:
Արաքսի կապույտ աչքերում հույսի ու հավատի կապույտ արցունքներ էին խաղում, բայց նա խեղդվելով` լռելյայն կուլ էր տալիս դրանք: Նրա սիրտը վիրավորանքից ուռել էր` պատրաստ` պայթելու: Ինչո՞ւ է Գնելը հարսանիքից ընդամենը մի քանի օր առաջ իրեն թողնում, գնում. Չէ՞ որ ինքն արդեն իր ձեռքով սկսել էր կարել սպիտակ երիցուկներով երիզները զարդարուն հարսանեկան սպիտակ քողը: Հարսանյաց արարողությունն էլ ծաղկած նշենու տակ պետք է լիներ, նույն վարդագույն ծաղիկներով ծառի տակ, որտեղ նշանվել էին` ծաղկած ծառ ու ծաղկունքի բուրմունքի զգլխիչ օծությամբ` որպես սուրբ մեռոն: Այն ժամանակ եկեղեցում պսակվելն ընդունված չէր, միասին այդպես էին որոշել. մայր բնությունն իր ծառ ու ծաղկունքով պիտի օծեր ու միավորեր նրանց սիրող սրտերը: Արաքսը շատ էր սպասել այդ օրվան…Բայց լռեց, խոնարհ բնույթին համապատասխան`ոչինչ չասաց, չնայած փղձուկը սեղմում էր կոկորդը: Գնելը անհարմարավետություն էր զգում, ոչնչով չէր կարողանում արդարանալ. քաղաքացի զգալու նրա բարձր գիտակցությունը վեր էր կանգնել անձնական երջանկության զգացողությունից: Միայն թե նրա սևորակ աչքերում էլ կայծկլտում էր սիրո ու հավատարմության` այլևս երբեք չիրագործված ու չճաշակած անշեջ հուրը:
Գնաց…
Հարսանեկան ճերմակ քողը կիսակար մնաց, մնաց կոլոլած-դրած զգեստապահարանի մի անկյունում: Սիրտ չկար…
Պատերազմից մի քանի ամիս անց, Գնելը պատահաբար մի գիշեր եկավ` ձեռքին կարմիր, փոքրիկ ճամպուկ: Պատուհանը ծեծեց, ճամպրուկը տվեց Արաքսին, ընդամենը տասնհինգ րոպե զրուցեց, հավատ ու սեր ներշնչեց ու շտապեց. իրենց զորամասը մոտակա կայարանում էր, կես ժամից շարժվում էր, չպետք է ուշանար:
Գնաց…
Արաքսը ճամպրուկը բացեց. գունագեղ, ճռճռան թղթերով շոկոլադներ էին` փռած կապույտ գույնի շորացուի վրա: Շոկոլադները բաժանեց մանկահասակ քույրերին, կապույտ շորացուն փռեց սեղանին, ճերմակ մատներով երկա՜ր, նրբորեն շոյեց, կարծես անկատար երազանքներն էր շոյում, պահեց վրան, շորացուն ու աչքերը նույնացան, հետո ծալեց, փափուկ, սառը մետաքսը քսեց վառվող այտերին, խնամքով դրեց օվալաձև, փոքրիկ ճամպրուկի մի անկյունում, սրտի թրթռոցով մտաբերեց Գնելի խոսքերը` գնալուց առաջ. «Կապույտ շորացու եմ բերել, աչքերիդ գույնի է, հարսանիքի երկրորդ օրը կհագնես»: Ասաց ու ձեռքի երեսով շոյեց Արաքսի շառագունած այտերը, շոյեց այնպե՜ս նրբորեն, կարծես թրթռացող սիրտը շոյեց:
Հարսանիքին ճերմակ են հագնում, երկրորդ օրը կապույտ էր հագնելու…
Բայց ոչ ճերմակ հագավ, ոչ էլ` կապույտ… Ճերմակ քողն ու կապույտ շորացուն մնացին իրենց տեղը` փակի տակ: Հարսնացուն հարս չդարձավ… Սպասումը երկար էր, հոգեմաշ: Գնալուց հետո Գնելն ընդամենը մի նամակ գրեց: Ու լռեց…
Պատերազմն ավարտվեց, եկողը եկավ, ով երբեք չպիտի գար, այդպես էլ` չեկավ: Իսկ Արաքսն սպասում էր: Երբեմն բացում էր արկղիկի մեծությամբ ճամպրուկը, ճերմակ ձեռքերով շոյում կապույտ շորացուն, նրբորեն քսում շառագույնը մարած, սպասումից դալկացած այտերին ու նորից դնում մի անկյունում, փակում:
Գնելի հարազատները ստացել էին նրա «սև թուղթը», բայց չէին համարձակվում ասել այդպես էլ չհարսնացած աղջկան: Նրանք շատ էին սիրում Արաքսին ու Գնելին կորցնելուց հետո չէին ուզում նրան էլ կորցնել: Իսկ աղջիկը սպասում էր, սպասում էր հույսով, հավատով: Սպասումով ու հույսով բացում էր ճամպրուկը, նուբ, բարակ, ճերմակ մատներով շոյում էր կապույտ մետաքսը, նրա հետ փայփայելով կապույտ երազանքները ու, ծովացող սերն ու մարմրող հույսերն ամբարելով այնտեղ, զգույշ ծածակում: Այդպես քանի՜-քանի՜ սրտամաշ օրեր ու գիշերներ:
Գնելի հարազատները վերջապես խոսեցին «սև թղթի» մասին: Այդ «սև թղթից» փոքրիկ գյուղում հարյուր ընտանիք ևս ստացավ: Հարյուր կին ու աղջիկ որբևայրի մնացին, ամուսնական հարյուր առագաստ չբացվեց: Մարդակուլ, մարդասպան պատերազմը ծավալել էր իր սիրասպան մագիլները: Հարազատներ կորցրածներն իրարով սփոփվում էին, սսկվում, հույս տածում, որ դա Երկիր մոլորակի ամենավերջին անմտությունն ու արյունահեղությունն էր, որ այլևս երբեք չի կրկնվի, այլևս ջահելներ չեն զոհվի: Դժխե՜մ Երկիր մոլորակ`արյան ծովերի, անմիտ պատերազմների մշտական թատերաբեմ…սիրասպան Երկիր մոլորակ…
Գնելի ընտանիքը, կորցնելով Գնելին, ինչպես բոլոր որդեկորույս ընտանիքները, մեծ ողբերգություն ապրեց: Նրանք որևէ ընտանեկան հանգուցային խնդրի առնչվելիս` սրտի թառանչով մղկտում էին.
-Ա՜խ, թե Գնելը սա՜ղ լիներ: Գնելը` նրանց տան ամենաուսյալը, ամենախելացին, բոլորի հպարտությունն ու սրտի սիրելին:
Նրանք սրտի կսկիծով Արաքսին «ազատություն» տվին: Բայց դեռ տասնյակ տարիներ և ընդմիշտ Արաքսին իրենց հարսնացուն համարեցին, ու երբ նույնիսկ հասուն կին էր դարձել, տեսնելիս հետևից ա՜խ էին քաշում:
Կարմիր ճամպրուկը`մի անկյունում կապույտ շորացուն, դեռ երկար բացվեց-փակվեց` ծորացնելով անավարտ սիրո տխուր երգը, դեռ երկար օրիորդական ճերմակ մատները շոյեցին կապույտ մետաքսը, որը փակված մնալով` կամաց-կամաց գունատվում էր, խամրում, գունատվում այնպես, ինչպես գունատվում ու խամրում էին չհարսնացած Արաքսի կապույտից մոխրագույն դարձող անսեր աչքերը: Սպասումն անհատակ էր, բայց նաև գյուղում չամուսնանալը հարգի չէր, ու ամուսնացավ…
Ամուսինը բանակում քաղղեկ էր եղել: Նրան «политрук» էին ասում: Հակառակ կնոջ`շատախոս էր, խոսքաշեն, ճառախոս ու ճարտարախոս` լրիվ համապատասխան իր ծառայողական կոչմանն ու պաշտոնին: Խստակրոն մարդ էր, դիտողությունն ու նկատողությունը բռի մեջ: Կոչումն էր: Հազարից մեկ, եթե լինում էր քենիների միջավայրում, զրույցի թեման անցած պատերազմն էր ու իր մասնակցությունը: Պատմում էր գունագեղ, պատկերավոր: Պատմում էր նաև իր հետախուզական հնարամտություններից:
-Գլխումս հինգ ասկոլկա (բեկոր) կա,- հպարտությամբ ասում էր նա` ցուցամատով ցույց տալով արդեն ճաղատացած գլուխը:
Արժեր հարգանոք լսել նրան` այդ կարճահասակ, վտիտ մարդուն, որի միայն քառակուսի, ամուր ծնոտն էր խոսում ամուր կամքի մասին ու հասկանալ, թե ինչպիսի դաժան ճանապարհ է անցել նա պատերազմի տարիներին ու թե ինչի համար է նա հիմա այդքան խստահայաց, խստասիրտ ու հրամայողական:
-Ասկոլկեքը որ շարժվում են, գլուխս ցավում ա,-ասում էր նա` մի տեսակ ներքին բավականությամբ:
Քենիներն առանձնապես հիացած չէին ու կամաց, հազիվ լսելի քրթմնջոցով` քթների տակ «ղնջհարում» էին նրան.
-Ղարաչի՜, չանչա՜խ, ճիճի՜, ճիճի՜ (շատախոս),- այս նույնիմաստ բառերը նրա զրույցի ընթացքում մեկումեջ կրկնելով`իբր դրանով ուզում էին սատար կանգնել իրենց ճնշված քրոջը:
Իրոք, Արաքսի կյանքը կարծես զինվորական ծառայություն լիներ: Նա, անխոս ու անձայն, հլու-հնազանդ էր իր ճակատագրին և սրբորեն կատարում էր իր մայրական պարտականությունները: Երբեք բարձրաձայն չէր դժգոհում, ամեն ինչ ներսում էր կուտակում: Նա կամ մրգատու այգում էր գործ անում, կամ հաց էր թխում, կամ գլուխը հակած` ծխախոտի լայն տերևներն էր շարում մետաղյա սուր, սառը ասեղի վրա ու այնքա՜ ն խոհուն ու մտամոլոր, կարծես Գնելից հետո իր մնացած կյանքի անգույն օրերն էր իրար հետևից լռելյայն հաշվում, իր սառն ու անսեր կյանքն էր չափակշռում: Գնելի փաղաքուշ սիրուց, նրա փափուկ բնույթից հետո ծանր էր նրա համար հարկադիր ընտանեկան ծառայությունը:
Պալիտռուկը օրինավոր ընտանիք ստեղծեց: Համեստ ու լուռ ընտանիք էր` չորս աղջիկ, երկու տղա` վեց երեխա, վեցն էլ մոր պարկեշտ գեների կրողներ: Բոլորն էլ առաքինի ու զարմանալի համեստ էին: Աղջիկները մոր նման մանրահատիկ` կարծես կապուտաչ ու չխոսկան տիկնիկներ:
Երկու տղաները համեստության, մարդեղենության տիպարներ էին: Երբ ընտանեկան-միջգերդաստանային-միջցեղային վեճեր էին ծագում`նախանձի, շահի, մրցակցության հողի վրա, ու իրար հետ խռովությունները տևում էին տասնայակ տարիներ, այնպես`կարծես յուրաքանչյուրը երկու հարյուր տարի պիտի ապրի, այդ կռիվներից հոգնած կռվազաններն իրենք իրենց էլ չհասկանալով, ինքնաբերաբար ուղղորդվում էին դեպի այդ տղաները, որոնց հետ կռվել, վիճել կամ խռովել հնարավոր չէր: Նրանց հետ յուրաքանչյուր հանդիպում ու զրույց յուրատեսակ հոգեթերապևտիկ բուժում էր, ինքնամաքրման փորձ: Այդպիսին էին նրանք` իրենց մոր տղաները: Հայրական դաստիարակությո՞ւնն էր հզոր, թե՞ մայրական գեները. դա թող որոշեն կենսաբաններն ու մանկավարժները: Ընտանեկան կյանքի այդաստիճան կարգապահությունն ու անդորրությունը ենթադրում էր երջանկության ու խաղաղության երանավետ զգացողություն: Ամեն ինչ կար երջանիկ լինելու համար: Արաքսը իներցիայով տրվել էր կյանքի այդ գաղջ իրավիճակին: Միայն թե պալիտռուկի անընդմեջ դիտողություններն ու նկատողություններն ընտանիքի բոլոր անդամներին անհարկի զգաստության ու ձգվածության էին կոչում: Դրանից ամենից շատ նեղվում էր Արաքսը: Այդ պահերին նրա միջով մի սառը դող էր անցնում, մանավանդ, երբ ականջին էր հասնում «միշտ պատրաստ» ամուսնու հրամայական ձայնը.
-Զգո՜ն կըցեք, զգո՜ն…
Այնպիսի ձայնով ու շեշտադրությամբ էր ասում, կարծես հենց իրենց այգու թփերի ու ծառերի հետևում կամ տունը շրջափակող քարե ամուր պատերի տակ մետաղյա ծանր ու սառը սաղավարտներով էսէսականներ են դարանակալած:
Արաքսը հաճախակի էր սարսռում…
Նա ամբողջ կյանքում թաքուն պահեց կարմիր, փոքրիկ ճամպրուկն ու այնտեղ ամփոփված կապույտ շորացուն`պարուրված հազար ու մի հուշերով, անկատար սիրով, չասված խոսքերով, ճամպրուկը` փշրված սրտի բեկորներով առլեցուն: Պահեց, բայց էլ չբացեց, մոտ չեկավ:
Երբեմն դեպքերը, իրավիճակները կրկնվելու հակում ունեն: Երբեմն տասնյակ տարիներ առաջ եղածը, որը, կամա թե ակամա, թաքնվել է մեր ենթագիտակցության ծալքերում, կրկնվող նշանների շնորհիվ` կարող է արթնանալ, հիշեցնել իր մասին, ուրախացնել կամ ցավ պատճառել: Այնտեղ ոչինչ չի մեռնում, պարզապես ննջում է` պատրաստ արթնանալու հիշողության սյուքից:
Արաքսը մի անգամ աղջկա հետ հագուստեղենի խանութ մտավ: Աղջիկն արբունքի տարիքի էր, ճիշտ այն տարիքի, երբ ինքը նշանված էր: Բազմագույն կտորների մեջ կապույտ կտորի մի թոփ կար: Կապուտաչյա աղջիկը հապշտապ մոտեցավ կտորին և ճերմակ, բարակ մատներով սկսեց շոյել այն` վերից վար: Կտորի և աչքերի գույները նույնացան: Անթաքույց էր, որ շատ էր ցանկանում այդ կտորից շորացու ու, հույսով, մեկ մորն էր նայում, մեկ` խանութպանին: Մայրն էլ անօգնական շուրջն էր նայում. ի վիճակի՞ չէր գնել շորացուն, թե՞… Այդ պահին մոր և աղջկա զգացումները խիստ իրարամերժ էին: Նա աղջկա ձեռքից բռնելով` սրտնեղած դուրս եկավ խանութից: Նրանք կանգնած էին դրսում` կոտրված ու անտրամադիր` մայրը` նորովի արթնացած ու իրեն տանջող հուշերի հետ, աղջիկը` կապույտի երազի:
Մի քանի րոպե անց, նրանց հետևից խանութից անսպասելի դուրս եկավ վայելչահասակ խանութպանը: Նրա ձեռքին թղթի կլոր փաթեթ կար: Նա շտապելով կտրեց-անցավ փողոցը, մոտեցավ նրանց ու փաթեթը մեկնեց աղջկան: Աղջիկը անհամբեր բացեց, նրա վարդագույն շուրթերը երջանիկ ժպտացին, աչքերն էլ կրկին նույնացան շորացուի գույնի հետ: Դա եզակի դեպք չէր. խանութպանը չէր սիրում, որ որևէ մեկի վիզը ծուռ մնար` մանավանդ` բարեկամների ու իր հաշվին նոր շորեր էր նվիրում կարոտյալներին: Չնայած նրա կնոջ թոնթորանքներին, թե իբր ամուսնու բնավորության պատճառով է, որ իրենք վերջնականապես չեն հարստանում, խանութպանի դեմքի բավականության ժպիտն ու էությունը ողողող երջանկությունը բարեգործություն անելիս` նրա համար ամենամեծ աշխարհիկ հարստությունն էր: Նա իր ապրած կյանքում դրանով էր երևի իրեն հարուստ զգում. երկրի վրա գանձեր չէր կուտակում, այլ վարձք էր տալիս` Երկնքի արքայության համար, համոզված, որ Երկնավորը ողորմած է… Զարմանալի խանութպան էր, շա՜տ հեռու առևտրական լինելուց: Երևի հատուկ առաքելությամբ ուղարկվածներից էր…Բայց գո՞ւցե այս անգամ նա կապույտ շորացուն չնվիրե՞ր…Կամ գո՞ւցե և այդպես էր կանխորոշված, այդպես էր նախանշված ճակատագրի գրքում…
Մայր ու աղջիկ շատ ուրախ էին: Ուրախ էին ոչ միայն շորացուի, այլև խանութպանի մեկնած ձեռքի, նրա տաք սրտի համար:
Չգիտես ինչո՞ւ, Արաքսն այդ նույն օրը վերջին անգամ բացեց օվալաձև, կարմիր, փոքրիկ ճամպրուկը, բացեց, նայեց. շորացուն ավելի էր խամրել, դարձել էր մոխրագույն` իր աչքերի նման: Փակեց` այլևս չբացելու համար: Բայց մի զարմանալի փոփոխություն կատարվեց նրա հետ: Անխոս կինը սկսեց շատ խոսել: Ամբարված, ճնշված, մամլած հույզերը տարերքի էին վերածվել ու հորդում էին անարգել. անընդհատ իր անձից էր խոսում, բողոքում մարմնական ցավերից`սրտի ցավից, գլխացավերից, ականջների խշշոցներից: Նրա համակ էությունը ցավերի մեջ էր: Նա, որ ամիսներով քույրերին չէր տեսնում, հիմա անընդհատ նրանց մոտ էր վազում, շատախոսում, գանգատվում հազար ու մի ցավից: Քույրերը հոգնելու նշաններ էին ցույց տալիս: Բժիշկները նևրոզ էին ախտորոշում: Հույզերն ու ապրումները երկար տարիներ թաքցնելը, լռեցնելը, ճնշելն ու մեռցնելը, հոգու աշխարհի դռներից դուրս հորդելով, առաջ էին բերել ֆիզիկական, մարմնական անասելի ցավեր, սրտի ու հոգու բարձրաձայն տնքոցներ: Մարդաբանները դեռ չեն որոշել հոգու տեղը մարմնում, ու եթե տեսանելի, շոշափելի մարդկային օրգանները հնարավոր է բուժել, ամոքել, դարմանել, հապա ինչպե՞ս պետք է բուժվի անտեսանելին ու անշոշափելին` հոգի՜ն, հոգի՜ն, որի տեղակայության մասին նույնիսկ կասկածներ կան. հոգին արյան մեջ է, հոգին սրտի մի անկյունում է, հոգի՜ն` Աստծո շունչը մարդու հողաշեն մարմնում, որի ցավը ճմլում ու խեղանդամում է մարդու ողջ էությունը: Մարդաբանները դեռ չգիտեն հոգու տեղը, իսկ Արաքսը գիտի, այն իր սրտում է, սրտի մի անկյունում է այդ անտեսանելի երևույթը, որովհետև ամենաուժեղը այդ պահերին նրա սիրտն է ցավում: Ու նա ձախ ձեռքով այդ օրերին ամուր սեղմում է սիրտը, արդեն իրեն չենթարկվող սիրտը…
Այդ ցավերի պահերին նա, ձեռքը սրտին սեղմած, այգի էր իջնում: Շրջում էր կարծես աննպատակ. երկա՜ր կանգնում էր աղբյուրի գլխին`նշենու տակ: Ծառն արդեն պառավել էր. հաստ բունը չեչոտել էր, մուգ դարչնագույն կեղևը թլաշ-թլաշ մաս-մաս էր եղել, կեղևի ճաքճքած արանքներից ծառի դոնդողանման դեղնավուն խեժը դուրս էր եկել` պնդացած ու կարծրացած` կարծես տասնյակ տարիների զսպած ու քարացած, թափանցիկ, ուլունքաշար, դեղնագույն արցունք: Գարնանը չորացած, չոթուռ դարձած ճյուղերի ծայրերին հատ ու կենտ վարդագույն ծաղիկ էր բացվում` ի նշան ծերացող ծառի ճյուղերում դեռ ապրելու համար առկա, ապրելու համար մաքառող քիչ ու միչ կենսահյութի:
Աշնան արևոտ օր էր, ծառերը դեղնակարմրավուն բոցավառվում էին: Արաքսը քայլում էր չոր խաշամի վրայով: Չոր տերևների խշխշոցից փշաքաղվում էր: Հետո կանգնում էր` ականջալուր ծառի կեղևը փորող փայտփորիկի կտկտոցին: Այդ պահերին սրտի ու հոգու ցավերն ավելի էին սաստկանում. կտցարը կարծես իր սիրտն էր փորում: Ամուսինը այգու ծերին կեռ գերանդիով կտրտում էր եգիպտացորենի չորացած, դեղնակարմիր, հաստ կոթունները: Սիմինդրի` արդեն կարմրավուն դարձած, չորությունից կոշտացած երկար տերևները սրերի նման օդում շառաչելով` ընկնում էին դեղնած, չոր խոտերի վրա, ընկնելուց հետո` խշշում, հառաչում: Կեռ գերանդու «խըշը՜րտ, խըշը՜րտ» ձայնից Արաքսն ավելի էր փշաքաղվում: Եգիպտացորենի ամեն թաղի կտրվելուց հետո, նա ձեռքով սեղմում էր ցավող սիրտը:
Այգում աշուն էր, դեղնակարմիր հրդեհ: Կանգնած էր աղբյուրի գլխին` նշենու տակ: Աղբյուրն այդ օրը սովորականից ավելի վարար էր: Լայն խողովակի բերանով մեկ`գլգլալով փրփրադեզ ջուր էր հոսում` կածես ինչ-որ նոր, չլսված կամ նոր լսելիք պատմություն էր պատմում, սրտաճմլիկ պատմություն: Իսկ այգում աշուն էր, դեղնակարմիր հրդեհ: Գերանդու մետաղական սառը խշրտոցը, կտցարի կտկտոցը, աղբյուրի գլգլոցը միախառնվելով`անբացատրելի աղմուկ էին առաջացրել, մոլագար աղմուկ: Արաքսի ականջները խշշում էին, տարօրինակ ձևով ձայնում իրեն`«Արա՜քս, Արա՜քս…» : Տարօրինակ, բայց հեռավոր ինչ-որ նմանություն ունեցող ձայնը կանչում էր` երբեմն` հրամայելով, երբեմն` փաղաքուշ ու սիրալիր՝ «Արա՜քս, Արա՜քս…»… Ամեն ինչ պտտվում է, այգու ծառերը պտտվում են, ծեր նշենին պտտվում է, Արաքսի գլուխը պտտվում է, երկրագունդը պտտվում է, կապույտ շորացուն փռփռում է…Անտանելի ու այրող է դառնում հոգու ցավը, դառնում է կրակ, դառնում է հրդեհ…Հրդեհը դուրս է հորդում հոգուց, հասնում ձեռքերին, ճերմակ մատներին, ճարակում աշնան դեղնակարմիր այգին, չոր ծառերն ու խաշամը.
-Հեեեե՜յ, ոչ ոք չկա՞ այգում…այնտեղ`այգու ծերին`աղբյուրի՜ մո՜տ, ծե՜ր նշենի՜ն է վառվում…
Այդ պահին ոչ ոք աղբյուրը ջրի չէր եկել, որ մարեր հրդեհը, մարեր Արաքսի հեգ մարմինը ճարակող ամենակուլ հրդեհը:
Նա այս աշխարհից գնաց այրված սրտով:
Կարմիր ճամպրուկը տեղում էր` բաց, կապույտ շորացուն չկար… Մնացած ամեն ինչը լռում էր, լռում էր, ինչպես լռում են այս աշխարհից լուռ գնացողները:
Պալիտռուկը երկար ապրեց. Նա դեռ երկար-բարակ թոռներին ու ծոռներին պատմում էր իր անցած կյանքի հետախուզական զգոն գործողություններից:
Իսկ պատերազմները դեռ շարունակվում են: Երկիր մոլորակը չի խաղաղվում, դեռ ջահելներ ու սերեր են մեռնում: Արաքսի թաղն էլ հիմա, իրոք. մեռած է. դպրոցի ճանապարհով հատուկենտ աշակերտ է գնում, աղբյուրն էլ վարար ու գլգլալով չի հոսում, կամաց ծլծլում է` ծերացած աչքերից հոսող արցունքաջրի նման: Մեկ-երկու ժամը մեկ հազիվ մի ջրվոր գա, ժամերով կանգնի, որ ջուրը ծլլալով լցվի պլասմասսե ամանը: Պղնձակարմրավուն կժեր ու կուժ ուսողներ չկան: Աղբյուրում աղմկողներ ու զրուցակիցներ չկան: Սոսին`կայծակնահար, միջից կիսվել է, բայց նորից վերընձյուղվել է: Աղբյուրի ու ծառի միջակայքում երկհարկանի գողտրիկ, փոքրիկ սպիտակ տունն է, բակում` թթենի, թթենու տակ` տան փակ դռանը նայող հացի փուռը: Կանաչ ներկած դարպասը մեկ փակ է, մեկ` բաց: Օրինապահ զավակները հերթով գալիս են, բացում դուռը, խնամում տունն ու այգին, հերթով այցելում բոլոր բարեկամներին: Ծխնելույզից երբեմն ծուխ է ոլորվում:
Ներքևում` Երկրի վրա, շա՜տ բան է փոխվել, բայց վերևում` Երկնքում, ամեն ինչ նույնն է: Նույն խաղաղ, կապույտ երկինքն է` ամպի սպիտակ մալանչներով շղարշված: Երբեմն` հատուկ օրերին, կապույտ երկինքի մի կտոր կապույտ շորացու է դառնում, սպիտակ ամպի ծվեններն էլ` շորացուն շոյող Արաքսի ճերմակ ձեռքերը: