Մարատը, դուռը հետևից շրխկացնելով, ներս է մտնում: Ինձ շրխկոցը դուր չի գալիս: Հազար բառ կուլ տված բեգեմոտի նման նստել է իմ ու Մարատի միջև: Ես աչքերս դեռ չեմ բացել, իբր չլսեցի շրխկոցը, որ հաստատ մեր հարևան Ռուզան տատի խցանված ականջներին էլ կհասներ: Մարատը ձայն չի հանում: Սկսում եմ անհանգստանալ: Աչքերս բացում եմ: Նա նստել է դիմացիս երկայն աթոռին, դեմքը շրջել է, ձեռքով փակել:
– Մարա՛տ:
Չի պատասխանում:
– Ասում եմ՝ մաման ավելի լավ կեփի սպասը, քան էդ հաստավիզ Ցմփորը:
Էլի չի պատասխանում: Իրեն ու՞մ տեղն է դրել: Ուզում եմ ելնել ու բռունցքով մռութին տալ: Բայց մի րոպե մտածում եմ՝ չլինի՞ սխալ բան ասացի: Հա էլի, հիմարի մեկն եմ: Չեմ քաշվում, ասում եմ.
– Մարա՛տ, ես լրիվ ապուշ եմ:
Չի նայում: Էլ չեմ դիմանում: Գնում եմ, ձեռքերն եմ քաշքշում, հազիվ բացում եմ դեմքը ու ի՞նչ տեսնեմ… Լաց է լինում: Նման դեպքերում ես չգիտեմ ինչ անել: Մխիթարելուց այնքան էլ ուժեղ չեմ: Սկսում եմ հոգու հետ խաղալ, անիմաստ խոսում եմ, ծաղրածուի պես շարժվում: Ձևացնում է, թե չի հետաքրքվում, բայց քթի տակ ժպտում է, ու ես դրանից ավելի եմ ոգևորվում: Վերջապես ափով փակում է բերանս: Ես կծում եմ նրա ափը: Էլ չի դիմանում, վեր է կենում ու իր հին աշխուժությամբ սկսում է ոլորել ձեռքերս, իսկ ես մարմնովս մեկ թպրտում եմ ու փորձում ազատվել:
Մարատը թաց աչքերով ժպտում է, ծիծաղում է թաց այտերով, ու նրա դեմքը վառվում է էնպիսի հարազատությամբ, կարծես միշտ ճանաչել եմ նրան:
Մարատը գիշերօթիկ եկավ մոտ յոթ ամիս առաջ, ես արդեն երրորդ տարին էր, ինչ էստեղ էի: Առաջին օրը մի լավ հասցրի երեսին իմ կապույտ ամպով սրբիչը, որ վերջինն է շարքում, վերցնելու համար: Քթից արյուն եկավ, բայց չզռաց. դրա համար էլ հավանեցի նրան:
Մինչև էսօր չէր լացել Մարատը: Վերջերս, սակայն, մի քիչ ուրիշ է: Մի բան հանգիստ չի տալիս նրան, ու ես չգիտեմ ինչպես օգնել:
Արդեն որերորդ շաբաթն է՝ տուն չի գնացել, տնից էլ չեն եկել՝ նրան տանելու: Իր ասելով՝ մայրը թողել է նրան հոր մոտ, հայրը հանձնել է գիշերօթիկ ու հանձնվել արաղին: Կամ հակառակը։
-Մարա՛տ, ի՞նչ կար տնօրենի մոտ:
Ուսերն է թոթվում:
-Էս շաբաթ գնալու՞ ես ձեր տուն:
-Հա՛:
-Բա ինչի՞ ես մի ձև:
Ուսերն է թոթվում:
Մաման ինձ համար կարտոֆիլ է խորովում վառարանի վրա: Հաշվում ենք՝ շաբաթվա ընթացքում ինչքան փող է աշխատել: Աշխատում է մի քանի տեղ, հիմնականում մաքրություն է անում, հաճախ կանչում են առանձին տներ էլ, ու մայրս ուրախությամբ գնում է: Մի ուսը բարձր է մյուսից, մեջքը կորացած է, նստելիս կուզը երևում է: Մի տուփ ունենք, մեջը գումար ենք հավաքում մեր ապագա տան համար, որ մեր սեփականն է լինելու, ու դրանից հետո միասին ենք ապրելու: Մենք իրարից գաղտնիքներ չունենք: Նույն մահճակալին ենք քնում: Բայց գիտեմ, որ նա չի քնում: Նստում է, նայում ինձ, զգում եմ աչքերը, նայում է, նայում, հետո գնում է, սրբիչս բերում ու նորից կարկատում վրայի փոքրիկ կապույտ ամպը, որ դրա կարիքն ընդհանրապես չունի: Ու քթի տակ միշտ մի երգ է երգում: Անգլերեն երգ է: Կամաց է երգում: Ձայնը լավ է երկարում: Որտեղ է սովորել երգել կամ անգլերեն որտեղից գիտի` չեմ հարցրել: Իմ կարծիքով, միայն էդ երգը գիտի ու միայն էդ երգի բառերը: Հետաքրքիր է, ամեն գիշե՞ր է երգում, թե՞ այն օրերին, երբ տանն եմ: Չեմ հարցնում, որ չիմանա, թե լսում եմ իրեն, քնած չեմ լինում, թե չէ չի երգի․ ինձ մոտ երբեք չի երգել: Ինչ արած, մայրս է:
Մարատը գնում է: Ավելի ճիշտ, տանում են: Հայրը տանում է մանկատուն. որոշված է:
Սպասը սովորականից անհամ է: Հաջորդ անգամ հիշեմ` մամային խնդրեմ՝ եփի իր ձեռքով:
-Ցմփորը աղը տուն է տանում կամ էլ ափսոսում է ճաշի մեջ գցել:
Հազիվ ժպտում է:
-Մարա՛տ:
Նայում է:
-Մանկատանը նոր ընկերուհի՞ կգտնես:
Զարմացած է նայում:
-Դժվար քեզ նման յանը տարած մեկն էլ գտնվի,-ասում է:
Առանց վիրավորելու չի կարող: Որոշում եմ հետ չմնալ: Ի՞նչ անենք, որ գնում է:
-Քո խոզություններով աղջիկներին կգրավես, ոչինչ:
Ատամներն է բացել, ու սպասը, որ տարածվել է նրա բերանի շուրջ, իմ ափսեում կարծես մի տեսակ համ է ստանում, շփոթված, աղի, հարազատ համ:
Մարատին տանում են: Հանում է իր պահարանի վրայի կարմիր աստղը, նույն նշանով սրբիչն էլ է վերցնում: Սրբիչի աստղը փոքր է, մեջը դատարկ, եզրերի կարերը ինքն է արել: Բոլորը տխուր են, բայց ոչ ոք Մարատի համար լաց չի լինում:
Ես սկսում եմ սպասել: Խոստացել է ինչ-որ կերպ կապվել հետս:
Մի քանի ամիս անցնում է: Այդ ընթացքում, ասում են, Մարատը մանկատնից փախչելու ոչ մի ձև չի խնայել: Հետո ինչ-որ ամերիկահայ ընտանիք որդեգրել է նրան: Մարատին մի երկու անգամ տարել են Ամերիկա ու հետ բերել:
Վերջին անգամ Մարատին տեսնելուցս հետո ինը ամիս էր անցել, երբ նրանից ինձ վերջապես նամակ բերեցին։ Գրում էր, թե որքան լավ ընտանիքում է հայտնվել, ինչպես են հոգ տանում իր մասին, ինչքան ճիշտ է հիմա ինքը կրթվում: Սիրուն էր գրում, փոխված էր գրում: Պիտի ընդմիշտ գնան Ամերիկա: Առաջին անգամ գնալիս ինքը հավանել է: Ծով, Դիսնեյլենդ, սեփական տուն, Սուրբ ծնունդ, բուրգեր, դպրոց, փողոց, Քեթրին, կապույտ աչքեր, պեպեններ… Քեթրին, կապույտ աչքեր, պեպեններ: Բառերը հատ֊հատ կարդում եմ. «Էնտեղ մեր հարևան տանը մի աղջիկ կա՝ մեր տարիքի, անունը՝ Քեթրին: Էնքան կապույտ աչքեր ունի․ ուղղակի զարմանալու բան: Այտերին ու քթին մանր պեպեններ կան: Բայց ես հավանում եմ»: Էլ չեմ դիմանում: Ձեռքիս մեջ թուղթը թրջվում է: Ճմռթում եմ, շպրտում: Ուրեմն կապույտ աչքեր ու պեպեններ: Մարատ ու Քեթրին: Ինչ հիմար լաց է: Հիմարի մեկն եմ: Բայց իզուր Մարատին ասացի այդ մասին: Քեթրին ու Մարատ: Մեր հարևանն էլ միայնակ ու խուլ Ռուզան տատն է: Քեթրին․ ի՛նչ էլ անուն ունի: Իզուր ասացի, որ խոզություններով աղջիկներին կգրավի: Ախր Մարատը շա՜տ խելոք է, լիքը հավես պատմություններ գիտի, ու ինչպես ասում է մաթեմի Ընկեր Լարիսան, ուժեղ տրամաբանություն ունի։ Մարա՜տ:
Հանգստանում եմ: Նորից վերցնում եմ նամակը: Գրում է, թե ծրարի մեջ մի բան էլ կա. անակնկալ է: Նայում եմ: Սկավառակ է: Վրան անգլերեն տառերով բան կա գրված, իսկ հակառակ կողմում` Լ․ Արմսթրոնգ, ‹‹Ինչ հրաշալի է աշխարհը››, փակագծերի մեջ հայերեն տառերով՝ ‹‹Վոթ ը վանդըրֆուլ վորլդ››: Երբ մայրս երգում էր, մտապահեցի մի տողը, որ միշտ կրկնվում էր: Իմ անգլերենը բանի պետք չէ: Մի օր ասացի Մարատին.
-Վոթը վանդըրֆուլ վորլդ:
-Վոթը վանդըրֆուլ վորլդ,-կրկնեց իմ հետևից:
Նա էլ անգլերեն չգիտեր: Հայերեն տառերով գրեցինք թղթի վրա, որ չմոռանանք:
Բայց Քեթրինի հետ հո էդպես չի կարող:
Գնացի սենյակ, որտեղ սկավառակի համար սարք ունենք: Միացրի:
Տղամարդու հաստ, մի քիչ խռպոտ ձայն ինչ-որ բան է պատմում: Բառերը չեմ հասկանում, բայց ժպիտս չեմ կարողանում պահել: Ախր ո՞նց է էդպիսի ձայնով տղամարդը, այսքան հանգիստ ու կարծես փորի մեջ ծիծաղը զսպած, երգում: Երևի մայրս էլ է ժպտում երգելիս, ու ես չեմ զգում․ ինձ թվում էր՝ պետք է որ լաց լինի։
Երկրորդ աման սպասն եմ ուզում Ցմփորից: Զարմացած նայում է կարմրած աչքերիս: Խղճում է երևի: Ես էլ եմ զարմանում: Առաջվանից էլ անհամ է սպասը: Մայրս պատրաստեց մի օր. իրոք համով էր ստացվել:
Ու մինչ տաքացած գդալը վառում է լեզուս, մտածում եմ` Մարատը պեպենոտի հետ բուրգեր ուտելիս չտեսի նման կնայի նրա կապույտ-կապույտ աչքերին ու կժպտա: Մի պահ նորից ջղայնանում եմ, բայց միտքը, որ Մարատը միշտ բերանի շուրջը կեղտոտելով է ուտում, քիչ թե շատ մխիթարում է ինձ: Պեպենոտը մի լավ կծիծաղի նրա վրա: Ինձ նմա՞ն կծիծաղի, թե՞ էնտեղ ուրիշ ձև են ծիծաղում։
Նայում եմ Ցմփորին. իրենից գոհ ժպտում է: Երևի ուրախ է, որ իր եփած անհամ սպասից մի աման էլ ուզեցի:
Վաղը տուն կգնամ: Մայրս մի ավելորդ անգամ էլ գիշերով կկարկատի սրբիչիս վրայի կապույտ ամպիկը` ժպտալով, քթի տակ երգելով, թե ինչ հրաշալի է աշխարհը, ու դա էլ կդառնա իմ ու իր միջև եղող միակ գաղտնիքը: