Մտքեր` ծնված Դոստոեւսկուն ընթերցելիս
(1919)
Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ,
այն, ինչ դրսում է, նաեւ ներսում է:
Ես չկարողացա ինձ տանջող մտքերը ներկայացնել համահունչ եւ հաճելի կերպով: Դրա համար ինձ պակասում է տաղանդը. բացի այդ, ես մի տեսակ ամբարտավանություն եմ համարում, երբ հեղինակը, ինչպես շատերն են վարվում, մի քանի գաղափարներից հղանում է մի էսսե, որը թվում է ամբողջական, մինչդեռ դրա միայն մի փոքր մասն է սեփական մտքերի արդյունք, իսկ մնացածն ուռճացված է: Ես, որ հավատում եմ «Եվրոպայի մայրամուտին», ավելի ստույգ` հոգեւոր Եվրոպայի մայրամուտին, ամենաքիչ պատճառն ունեմ ձեւացնելու, թե այդ ամենը ստիպված եմ ընկալել որպես դիմակահանդես եւ կեղծիք: Ես համամիտ եմ Դոստոեւսկու այն պնդմանը, որի մասին գրել է նա իր «Կարամազով եղբայրներ»-ի վերջին գրքում. «Ես կարծում եմ` ավելի լավ է ընդհանրապես ներողություն չխնդրելը: Ես կվարվեմ այնպես, ինչպես հասկանում եմ, եւ ընթերցողներն իրենք կհասկանան, որ ես վարվում էի այնպես, ինչպես հասկանում էի»:
Դոստոեւսկու ստեղծագործություններից ես ավելի շատ կենտրոնացած եմ «Կարամազով եղբայրներ»-ի վրա, եւ այն, ինչը ես անվանում եմ «Եվրոպայի մայրամուտ», կարծում եմ, որ արտահայտվել եւ կանխատեսվել է այնտեղ սահմռկեցուցիչ հստակությամբ: Ինձ թվում է, որ մեր ճակատագրում որոշիչն այն է, որ եվրոպացի, հատկապես`գերմանացի երիտասարդությունը, որպես իր մեծ գրողի, տեսնում է ոչ թե Գյոթեին, ոչ էլ նույնիսկ Նիցշեին, այլ`Դոստոեւսկուն: Եթե դիտարկենք երիտասարդական պոեզիան, ապա ամենուր կհայտնաբերենք մերձեցումը Դոստոեւսկուն, նույնիսկ եթե այն հաճախ պարզապես ընդօրինակում է եւ իր ազդեցությունն ունի մանկական գործերի վրա: Կարամազովների իդեալը`հնագույն, ասիական, օկուլտիստական իդեալը, սկսում է եվրոպականանալ`խժռելով Եվրոպայի ոգին: Դա այն է, ինչը ես անվանում եմ Եվրոպայի մայրամուտ: Այս անկումը վերադարձ է դեպի մայրը, վերադարձ դեպի Ասիա, դեպի ակունքները, դեպի ֆաուստյան «մայրերը» , եւ, իհարկե, ինչպես երկրի վրա յուրաքանչյուր մահ, այն կհանգեցնի նոր ծննդի: Միայն մենք` ժամանակակիցներս ենք այս իրադարձություններն ընկալում որպես «անկում», ինչպես սիրելի, հայրենի եզերքից հեռանալիս միայն տարեցներն են տխրության եւ անդառնալի կորստյան զգացում ապրում, իսկ երիտասարդների հայացքն ուղղված է դեպի նորը, դեպի ապագան:
Բայց ինչպիսի՞ «ասիական» իդեալ եմ գտնում Դոստոեւսկու գործերում, որն, իմ տպավորությամբ, նվաճում է Եվրոպան:
Կարճ ասած, դա ցանկացած հաստատված էթիկայից եւ բարոյականությունից հրաժարումն է`հօգուտ ամեն ինչ հասկանալու, ամեն ինչ ընդունելու, մի նոր, վտանգավոր, սարսափելի սրբություն, ինչի մասին հայտարարել է ծերունի Զոսիման, ինչպես ապրել է Այլոշան, ինչպես ապրել է Դմիտրին եւ նույնիսկ ավելին`ամենապարզ իմացությամբ արտահայտել է Իվան Կարամազովը:
Ծերունի Զոսիման դեռ ունի իր արդարության իդեալը, նա ընդունում է բարու եւ չարի գոյությունը, բայց նախընտրում է չարը: Ալյոշայի համար սրբության այդ նոր դրսեւորումը դառնում է ավելի ազատ եւ ավելի կենդանի, նա անցնում է իր շրջապատի ամեն տեսակ կեղտի եւ ցեխի միջով եւ հաճախ ինձ հիշեցնում է Զրադաշտի այդ ազնվագույն երդումը. «Մի անգամ ես երդվել էի հրաժարվել ողջ կեղտից»: Բայց ահա Ալյոշայի եղբայրներն ավելի ու ավելի են առաջ մղում այդ գաղափարը, նրանք ավելի վճռական են գնում այդ ճանապարհով, եւ, չնայած ամեն ինչին, հաճախ թվում է, թե Կարամազով եղբայրների հարաբերությունները դանդաղ փոխվում են հաստ, եռահատոր գրքում, ինչպես որ ամեն ինչ դառնում է կասկածելի. սուրբ Ալյոշան դառնում է ավելի աշխարհիկ, աշխարհիկ եղբայրներն`ավելի սուրբ, իսկ ամենահանցագործ ու անսանձ եղբայրը`Դմիտրին, հենց ամենասուրբը, ամենազգայունը եւ մտերիմը, դառնում է նոր սրբության, նոր բարոյականության, նոր մարդկայնության խորհրդանիշը: Դա շատ տարօրինակ է: Որքան Կարամազովներն արատավոր, հարբած, անսանձ եւ կոպիտ են թվում, այնքան ավելի մոտիկից է նոր իդեալը շողշողում այդ կոպիտ մարդկանց եւ գործերի մեջ, այնքան ավելի հոգեւոր են դառնում նրանք եւ սրբագործվում ներքուստ: Եվ հարբեցող, մարդասպան, դաժան հանցագործ Դմիտրիի եւ ցինիկ մտավորական Իվանի, դատախազի հարգված տեսակների եւ բուրժուազիայի այլ ներկայացուցիչների կողքին նրանք գրանցում են արտաքուստ հաղթանակներ, որոնք անմխիթար են, դատարկ ու անարժեք:
Այսպիսով, նոր իդեալը, որն ի սկզբանե սպառնում է եվրոպական ոգուն, թվում է, թե միանգամայն անբարոյական մտածելակերպ եւ զգացողություն է, աստվածայինը, անհրաժեշտը, ճակատագրականը, ինչպես նաեւ`չարիքն ու ատելությունը զգալու, հատկապես նրա առջեւ հարգանք ու երկրպագություն մատուցելու ունակություն: Դատախազը փորձում էր իր ընդարձակ ճառում հեգնանքով ուռճացնել Կարամազովների այդ առաջարկը եւ այն դարձնել քաղաքացիների ծաղրի առարկան, սակայն այն չափազանցելու փորձը նույնիսկ շատ զուսպ էր: Այդ ելույթում պահպանողական բուրժուական տեսանկյունից պատկերված է «ռուս մարդը», որն այդ ժամանակվանից դարձել է բառակապակցություն. վտանգավոր, հուզիչ, անպատասխանատու, բայց բարեխիղճ, փափուկ, երազկոտ, դաժան, խորապես մանկական «ռուս մարդը», որին դեռ սիրում են մինչ օրս, չնայած կարծում եմ, որ նա Եվրոպայի մարդ դառնալու ճանապարհին է: Եվ դա հենց «Եվրոպայի մայրամուտն» է:
Մենք պետք է մի պահ միայն նկատենք «ռուս մարդուն»: Նա Դոստոեւսկուց շատ ավելի մեծ է, բայց Դոստոեւսկին վերջապես նրան ներկայացրեց աշխարհին իր ազդեցությամբ եւ նշանակությամբ: Ռուս մարդը Կարամազովն է, Ֆեոդոր Պավլովիչն է, Դմիտրին է, Իվանն է, Ալյոշան է: Եվ այդ չորսը, որքան էլ տարբեր թվան, պարտադիր միասին են. նրանք բոլորը Կարամազով են, նրանք միասին «ռուս մարդն» են, նրանք եվրոպական մոտալուտ ճգնաժամից սերված մարդն են:
Ի դեպ, ուշադրություն դարձրեք մի շատ տարօրինակ երեւույթի. տեսեք, թե ինչպես է Իվանը պատմության ընթացքում քաղաքակիրթ մարդուց վերածվում Կարամազովի, եվրոպացուց`ռուսի, պատմականորեն ձեւավորված տեսակից` չձեւավորված ապագա նյութի: Այն ունի հեքիաթային խորհրդավորություն. Իվանն իր սկզբնական հեղինակությունից, սառնությունից, ընկալումներից եւ գիտականությունից, այդ անմիտ, երկչոտ, հրապուրիչ Կարամազովից աստիճանաբար սահուն անցում է կատարում հիստերիայի մեջ ներդաշնակ ռուս մարդուն, Կարամազովին: Եվ հենց նա է, որը կասկածում է, որն ավարտում է զրույցը սատանայի հետ: Այդ մասին մենք կխոսենք ավելի ուշ:
Այսպիսով` «ռուս մարդը» (որին մենք վաղուց հանդիպում ենք Գերմանիայում), բնորոշվում է ո՛չ որպես հիստերիկ, ո՛չ որպես հարբեցող, ո՛չ որպես հանցագործ, ո՛չ որպես բանաստեղծ, այլ այդ բոլոր հատկանիշների միաժամանակյա համադրությամբ: Ռուս մարդը`Կարամազովը, միաժամանակ մարդասպան է եւ դատավոր, կոպիտ եւ միաժամանակ ամենաքնքուշ հոգու տեր, ամենակատարյալ էգոիստն է, ինչպես նաեւ` կատարյալ անձնազոհ հերոս: Այդ ամենը մենք չենք կարող դիտարկել եվրոպական, ամուր, բարոյական, էթիկական, դոգմատիկ տեսանկյուններից: Այդպիսի մարդկանց մեջ դուրսն ու ներսը , բարին ու չարը, Աստվածն ու սատանան կողք կողքի են:
Ահա թե ինչու այս Կարամազովներն ունեն գերագույն խորհրդանիշի անհրաժեշտությունը, որն արդարությամբ կլցնի նրանց հոգին, նաեւ`Աստծո հանդեպ կլցնի հավատով, որը միաժամանակ նաեւ սատանա է: Հենց այս խորհրդանիշով է պարուրված Դոստոեւսկու ռուս մարդը: Աստվածը, որը միաժամանակ նաեւ սատանան է, հնագույն արարիչն է: Նա ի սկզբանե առջեւում էր, միակն է, որ կանգնած է հակադրություններից այն կողմ, ծանոթ չէ ո՛չ ցերեկվան, ո՛չ գիշերվան, ո՛չ բարուն, ո՛չ չարին: Նա ոչ ոք է եւ բոլորն է: Նա մեզ համար անճանաչելի է, որովհետեւ մենք`բոլորս, ի վիճակի ենք ամեն ինչ ընկալել հակադրությունների մեջ. մենք անհատներ ենք, կապված ենք ցերեկվան եւ գիշերվան, ջերմությանն ու ցրտին, կարիքն ունենք Աստծո եւ սատանայի: Հակադրություններից այն կողմ, անէության մեջ եւ տիեզերքում, ապրում է միայնակ արարիչը`տիեզերքի աստվածը, որը ծանոթ չէ ո՛չ բարուն, ո՛չ չարին:
Այս մասին կարելի էր շատ բան ասել, բայց այսքանն էլ բավական է: Մենք ճանաչել ենք ռուս մարդու էությունը: Նա այն մարդն է, որը ձգտում է հեռու մնալ հակադրություններից, յուրահատկություններից, բարոյականությունից: Նա այն մարդն է, որը պատրաստ է տարրալուծվել եւ անհետանալ վարագույրի հետեւում, վերադառնալ անհատականացման սկզբունքին: Այս մարդը չի սիրում ոչինչ եւ ամեն ինչ, նա վախենում է ոչնչից եւ ամեն ինչից, նա չի անում ոչինչ եւ ամեն ինչ: Այդ մարդը սկզբնական նյութ է, կերպարանափոխված հոգու նյութ է: Այդ կերպարով նա չի կարող ապրել, նա կարող է միայն կորչել, կարող է միայն վազվզել:
Դոստոեւսկին հորինել է այդ դատապարտված մարդուն, այդ սարսափելի ուրվականին: Հաճախ է ասվել, որ բարեբախտություն էր, որ նրա Կարամազովները պատրաստ չէին դրան, քանի որ հակառակ դեպքում ոչ միայն ռուս գրականությունը, այլեւ Ռուսաստանն ու ողջ մարդկությունը կպայթեին ու կհամբարձվեին երկինք:
Խոսքը, սակայն, այլեւս չի կարող մնալ չասված, նույնիսկ եթե հռետորն իր վերջին եզրակացությունները չի ներկայացրել: Նախապատվությունը, միտքը, հնարավորությունն այլեւս չի կարելի ջնջել: Ռուս ժողովուրդը գոյություն ունի երկար ժամանակ, նա վաղուց գոյություն ունի Ռուսաստանից շատ հեռու, նա կառավարում է Եվրոպայի կեսը, իսկ սարսափելի պայթյունի մի մասը բավականաչափ լսելի է եղել վերջին տարիներին: Դա ցույց է տալիս, որ Եվրոպան հոգնած է, ցույց է տալիս, որ նա ուզում է վերադառնալ իր ակունքներին, ուզում է հանգստանալ, ուզում է կերպարանափոխվել, վերածնվել:
Ահա եւ ես մտաբերում եմ մի եվրոպացու երկու ասացվածք, մի եվրոպացու, որը մեզնից յուրաքանչյուրի համար, անշուշտ, նշանակում է հին Եվրոպայի ներկայացուցիչ, մի Եվրոպայի, որն այժմ կործանվել է կամ առնվազն դարձել է կասկածելի: Նկատի ունեմ Վիլհելմ կայսրին: Ասույթներից մեկն այն մասին էր, որ նա մի ժամանակ գրել է ինչ-որ տարօրինակ, այլաբանական պատկերի տակ`հորդորելով Եվրոպայի ժողովուրդներին պահպանել իրենց «ամենասուրբ բարիքները» Արեւելքից եկող վտանգից: Կայսր Վիլհելմն, անշուշտ, աչքի չէր ընկնում կանխատեսման ունակությամբ եւ խորությամբ, սակայն, որպես հին իդեալի ջերմեռանդ երկրպագու եւ պաշտպան, նա զգում էր այն վտանգները, որոնք սպառնում էին այդ իդեալին: Նա հոգեւոր մարդ չէր, չէր սիրում կարդալ լավ գրքեր, ավելի շատ զբաղված էր քաղաքականությամբ: Այսպիսով, Եվրոպայի ժողովուրդներին ուղղված հորդորով այդ պատկերը ծնվել է ոչ թե Դոստոեւսկուն կարդալուց եւ հասկանալուց հետո, ինչպես թվում է, այլ հավանաբար Արեւելքում մարդկային զանգվածների անորոշ վախի պատճառով, ինչը կարող էր դեր խաղալ Եվրոպայի դեմ ուղղված Ճապոնիայի հավակնություններում:
Կայսրը միայն մասամբ գիտեր, թե ինչի մասին էին իր խոսքերը, եւ որքանով էին դրանք ստույգ: Նա ծանոթ չէր Կարամազովներին, նա հակակրանք էր տածում լավ եւ խորը գիտելիքների նկատմամբ: Բայց նա ճշգրիտ կանխատեսում էր ամեն ինչ: Հենց այն վտանգը, որը նա կանխազգում էր, օրեցօր մոտենում էր: Նրանք Կարամազովներն էին, որոնցից էլ վախենում էր: Դա Արեւելքից եկող Եվրոպայի վարակն էր, դա հոգնած եվրոպական ոգու շրջադարձն էր դեպի իր ասիական մայրը, որից նա, արդարեւ, այդքան վախենում էր:
Կայսրի երկրորդ ասացվածքը, որը մտաբերեցի եւ այն ժամանակ ինձ վրա սարսափելի տպավորություն թողեց (չգիտեմ`իրականում ասվե՞լ է, թե՞ ուղղակի բամբասանք է), սա է. «Այն ազգը, որն ունի ավելի ամուր նյարդեր, կհաղթի պատերազմում»: Երբ ես լսեցի այդ ասույթը դեռ այն ժամանակ, պատերազմի հենց սկզբում, համարեցի դա որպես երկրաշարժի ձանձրալի նախանշան: Ակնհայտ էր, որ կայսրն այդպես չէր մտածում. նա նկատի ուներ, որ Գերմանիայի համար շատ շոյիչ բան է ասել: Հավանաբար նա ուներ ամուր նյարդեր, ինչպես նաեւ` ընկերներն ունեին ամուր նյարդեր` նրա որսի եւ զորքերի ցուցադրությունների ժամանակ: Նա նաեւ ծանոթ էր ու հավատում էր արատավոր եւ ապականված ֆրանսիացի եւ բազմազավակ, առաքինի գերմանացիների հին, անմիտ հեքիաթին: Սակայն բոլոր տեղյակների համար, ավելի շուտ`կասկածողների, վաղը եւ վաղը չէ մյուս օրը կանխատեսողների համար այդ ասույթը սարսափելի էր: Քանզի նրանք բոլորն էլ գիտեին, որ Գերմանիան ավելի ամուր նյարդեր չուներ, քան իր թշնամիներն`Արեւմուտքում: Այսպիսով, ազգի այն ժամանակվա առաջնորդի բերանից այս ասացվածքը հնչում էր որպես սարսափելի, ճակատագրական մեծամտություն, որն ուղեկցում է դեպի կործանում:
Ամեն դեպքում գերմանացիներն ավելի ամուր նյարդեր չունեին, քան ֆրանսիացիները, անգլիացիներն ու ամերիկացիները: Փոխարենն ավելի ամուր նյարդեր ունեին, քան ռուսները: Քանի որ «թույլ նյարդեր ունենալը» հիստերիայի եւ նեւրասթենիայի , սովորական խելագարության եւ այլ բոլոր չարիքների հայտնի արտահայտությունն են, որոնք կարելի է գնահատել տարբեր կերպ, եւ որոնք իրենց ամբողջության մեջ հենց Կարամազովների հոմանիշն են: Գերմանիան անսահմանորեն ավելի բաց էր Կարամազովների, Դոստոեւսկու առջեւ, ավելի բաց էր Ասիայի համար, քան ցանկացած այլ եվրոպական երկիր, բացառությամբ` Ավստրիայի:
Այսպիսով, կայսրն իր պատկերացմամբ, երկու անգամ կանխագուշակեց եւ նույնիսկ մարգարեացավ Եվրոպայի մայրամուտի մասին:
Բոլորովին այլ հարց է, թե ինչպես են գնահատել հին Եվրոպայի մայրամուտը: Հենց այդտեղ էլ բաժանվում են ճանապարհներն ու հոգիները: Այդ ամենի վճռական հետեւորդները, մշակույթի սուրբ, ազնիվ եւ հավատարիմ երկրպագուները, բարոյականության ասպետները կարող են միայն փորձել կասեցնել այդ մայրամուտը կամ անմխիթար արտասվել, երբ այն տեղի ունենա: Նրանց համար մայրամուտն ավարտ է խորհրդանշում, այլոց համար`սկիզբ: Նրանց համար Դոստոեւսկին հանցագործ է, այլոց համար` սուրբ: Նրանց համար Եվրոպան եւ նրա ոգին եզակի, հաստատուն, անձեռնմխելի, ամուր եւ գոյություն ունեցող մի բան են, մյուսների համար`զարգացող, փոփոխական, հավերժ փոփոխությունների խորհրդանիշ:
Կարամազովյան տարրը, ասիականը, քաոսայինը, վայրին, վտանգավորը, անբարոյականը, ինչպես աշխարհում ամեն ինչ, կարելի է գնահատել եւ՛ դրական իմաստով, եւ՛ հակառակը: Նրանք, ովքեր ուղղակի մերժում են, անիծում եւ վախենում են այս ողջ աշխարհից, Դոստոեւսկուց, Կարամազովներից, ռուսներից, Ասիայից, արարչագործ երեւակայությունից, այժմ դժվար ժամանակներ են ապրում, քանի որ ավելի, քան երբեւէ , գերիշխում է Կարամազովը: Բայց նրանք սխալվում են`ցանկանալով այս ամենի մեջ տեսնել միայն իրականը, ակնհայտը, նյութականը: Նրանք տեսնում են, որ Եվրոպայի մայրամուտը սկսվում է որպես սարսափելի աղետ` որոտով եւ թմբուկներով, կա՛մ որպես սպանդի եւ բռնության հեղափոխություն, կա՛մ որպես հանցագործության, կոռուպցիայի, գողության, սպանության եւ բոլոր արատների մոլեգին տարածող:
Այս ամենը հնարավոր է, այս ամենը Կարամազովյան է: Երբեք չես կարող պատկերացնել, թե հաջորդ վայրկյանին ինչ հարված կարող է հասցնել Կարամազովը: Հավանաբար դա կարող է լինել կա՛մ չմտածված սպանություն, կա՛մ Աստծուն փառաբանող հուզիչ երգ: Նրանց մեջ էին Ալյոշան եւ Դմիտրին, Ֆյոդորը եւ Իվանը: Ինչպես տեսնում ենք, դրանք արտահայտվում էին ոչ թե որակներով, այլ ցանկացած ժամանակ ցանկացած որակ ընդունելու պատրաստակամությամբ:
Բայց թույլ մի՛ տվեք, որ սա մխիթարի վախկոտներին, որ ապագայի այդ անկանխատեսելի մարդ արարածը (նա արդեն այնտեղ է ներկա պահին) կարող է գործել եւ՛ բարիք, եւ՛ չարիք, ճիշտ այնպես, ինչպես գտել է Աստծո նոր թագավորությունը սատանայի նոր թագավորության պես: Երկրի վրա հիմնվածը կամ տապալվածը Կարամազովներին քիչ է մտահոգում: Նրանց գաղտնիքն այլ տեղ է, եւ դա նաեւ նրանց անբարո էության դրսեւորումն է ու պտղաբերությունը:
Հիմնականում այս մարդիկ մյուսներից, կարգուկանոն սիրող, կանխատեսելի, պարզ ու լավ մարդկանցից տարբերվում են միայն նրանով, որ, որքանով պարփակված են իրենց ներսում, նույնքանով էլ ապրում են իրենցից դուրս եւ անընդհատ զբաղված են իրենց ներաշխարհով: Կարամազովներն ընդունակ են ցանկացած հանցագործության, բայց նրանք դա կատարում են բացառիկ դեպքերում. շատ ժամանակ է պահանջվում, որ նրանք մտածեն հանցագործության մասին, պլանավորեն այն եւ ծանոթանան դրա իրականացման հնարավորությանը: Հենց սրանում է դրա գաղտնիքը: Իսկ մենք փնտրում ենք դրա բանաձեւը:
Մարդու յուրաքանչյուր կերպ, յուրաքանչյուր մշակույթ, յուրաքանչյուր քաղաքակրթություն, յուրաքանչյուր կարգ հիմնվում է համաձայնության վրա, թե ինչն է թույլատրելի եւ ինչն է արգելված: Կենդանիների եւ մարդկության ապագայի միջեւ ընկած հեռավոր ճանապարհին մարդը միշտ անսահման բաներ է ճնշում, թաքցնում, ուրանում իր հոգու խորքում, որպեսզի պարկեշտ մարդու տպավորություն թողնի եւ կարողանա շփվել հասարակության հետ: Մարդը հետաքրքրված է կենդանիներով, նախնադարյան ժամանակներով, կենդանական բնազդներով, եւ նրան հազիվ թե հնարավոր լինի ընտելացնել: Այսօր առկա են բոլոր վտանգավոր պահանջները, բայց մշակույթը, համաձայնությունը, քաղաքակրթությունը թաքցրել են դրանք, չեն ցուցադրել, մանկուց սովորեցրել են թաքցնել ու ժխտել այդ պահանջները: Այդ պահանջներից յուրաքանչյուրը, միեւնույնն է, ի վերջո, ի հայտ է գալիս: Բոլորն ապրում են, ոչ ոք չի ցանկանում մահանալ, այլ կերպարանափոխվում եւ ազնվացվում է հավերժության մեջ: Եվ այդ պահանջներից յուրաքանչյուրն ավելի լավն է, քան մյուսները. ամեն ժամանակ եւ յուրաքանչյուր մշակույթ ունի իր պահանջները, որոնցից նա ավելի շատ է վախենում, քան մյուսներից, ավելի շատ է արգելակվում: Երբ այդ պահանջները նորից գլուխ բարձրացնեն` որպես չփրկագնված, բնական ուժեր, որոնք միայն ջանասիրությամբ են ընտելացնում այդ կենդանիներին, երբ նրանք նորից մռնչան` երկար ժամանակ ճնշված եւ մտրակված ստրուկների ողբով եւ նրանց բնորոշ դարավոր խանդավառությամբ, այնժամ էլ կծնվեն Կարամազովներ: Երբ մշակույթը համարվում է ընտելացման փորձերից մեկը, մարդիկ գնալով դառնում են տարօրինակ, հիստերիկ, տարօրինակ ցանկություններ են ունենում, նմանվում են սեռական հասունացման շրջանում գտնվող դեռահասների կամ հղի կանանց: Եվ այդժամ հոգում ծնվում են ձգտումներ, որոնց համար մարդն անուն չի գտնում, որոնց, ելնելով հին մշակույթից ու բարոյականությունից, կարող ենք վատը համարել, բայց որոնք կարող են խոսել այնպիսի ուժեղ, բնական, անմեղ ձայնով, որ ամեն ինչ`բարին ու չարը, դարձնում են կասկածելի, իսկ օրենքը տարուբերվում է այս ու այն կողմ:
Ահա այսպիսի մարդիկ են Կարամազով եղբայրները: Ամեն օրենք դյուրությամբ նրանց աչքին երեւում է որպես համաձայնագիր, յուրաքանչյուր արդար մարդ նրանց թվում է փարիսեցի, նրանք հեշտությամբ գերագնահատում են յուրաքանչյուրի ազատությունը եւ յուրահատկությունը, մեծ սիրով լսում են իրենց կրծքից դուրս եկող բազմաթիվ ձայները: Սակայն ամենեւին էլ պարտադիր չէ, որ հանցագործությունն ու քաոսը ծնվեն հոգիներում տիրող խառնաշփոթից: Նախապատվությունը տվեք նոր ուղղությանը, նոր անվանը, նոր մղմանը, մի նոր արժեքի, եւ այդպիսով կարմատավորվի նոր մշակույթ, նոր կարգ ու կանոն, նոր բարոյականություն: Դա տեղի է ունենում յուրաքանչյուր մշակույթի հետ. մենք չենք կարող սպանել սկզբնական բնազդները, մեր միջի կենդանուն, որովհետեւ մենք ինքներս կմեռնեինք դրանց հետ, բայց կարող ենք որոշ չափով կառավարել դրանք, որոշ չափով հանգստացնել նրանց, ստիպել նրանց`որոշ չափով ծառայելու բարուն, ճիշտ այնպես, ինչպես մեկը վատ ձիուն կապում է լավ վագոնին: Միայն թե ժամանակ առ ժամանակ այդ բարիքի փայլը խամրում եւ թառամում է, բնազդներն այլեւս չեն ենթարկվում նրան: Հետո մշակույթը կամաց-կամաց փլուզվում է, ճիշտ այնպես, ինչպես մի «հնության» մահվան համար դարեր պահանջվեցին:
Եվ մինչ հին, մեռնող մշակույթն ու բարոյականությունը կարող են փոխարինվել նորով, այս անհանգիստ, վտանգավոր, ցավոտ փուլում մարդը պետք է նորից հայացք նետի իր հոգու ներսը, տեսնի իր մեջ բարձրացող կենդանուն, տեսնի ու ճանաչի իր գոյությունը, այն ուժերին, որոնք վեր են բարոյականությունից: Եվ այդ դատապարտված, որոշակի առաքելության համար ընտրված հասուն մարդիկ Կարամազովներն են: Նրանք հիստերիկ են եւ վտանգավոր, նրանք հեշտությամբ դառնում են հանցագործ, ինչպես` ասկետները, նրանք ոչնչի չեն հավատում եւ սեւեռուն կերպով կասկածում են յուրաքանչյուրի համոզմունքին:
Ամեն խորհրդանիշ ունի հարյուր նշանակություն, որոնցից յուրաքանչյուրը կարող է ճիշտ լինել: Կարամազովներն էլ ունեն այդ ամենի մասին հարյուր մեկնաբանություն. իմը դրանցից մեկն է, հարյուրից մեկը: Այս գրքում մարդկությունն իր համար ստեղծել է մի խորհրդանիշ`մեծ հեղաշրջման շեմին, կերտել մի պատկեր, ինչպես որ անհատ մարդն է իր երազում ստեղծում իր ներսում միմյանց դեմ կռվող եւ միմյանց հավասարակշռող ազդակների եւ ուժերի պատկերը:
Հրաշք է, երբ մի առանձին մարդ կարող էր գրել «Կարամազով»: Դե իսկ, հրաշքը տեղի ունեցավ, եւ այն բացատրության կարիք չունի: Մյուս կողմից` իսկապես կա դրա կարիքը, կա լուրջ անհրաժեշտություն`բացատրելու այդ հրաշքը, կարդալու նրա գրածը, որքան հնարավոր է`ամբողջական, որքան հնարավոր է`համակողմանի, որքան հնարավոր է`լիարժեք, իր ողջ թեթեւ մոգությամբ: Այդ միտքը, ներդրումը, գաղափարն իմ գրածն է, ոչ ավելին:
Ոչ ոք չէր հավատում, որ բոլոր մտքերն ու գաղափարները, որոնք ես արտահայտել եմ այդ գրքում, կանխատեսել էր հենց Դոստոեւսկին: Ընդհակառակը, ոչ մի մեծ տեսանող ու բանաստեղծ չէր կարողանա մեկնաբանել սեփական տեսիլքները մինչեւ վերջ:
Եզրափակելով խոսքս` ես կցանկանայի նշել, թե ինչպես է այս առասպելական վեպում, մարդկության այս երազում, պատկերված ոչ միայն այն շեմը, որով անցնում է Եվրոպան, ոչ միայն ոչնչի եւ ամեն ինչի միջեւ սավառնելու անհանգիստ, վտանգավոր պահը, այլեւ այն անսահման հնարավորությունները, որոնք ամենուր նորի զգացողություն եւ սպասում են առաջացնում:
Այս տեսանկյունից հատկապես ապշեցուցիչ է Իվանի կերպարը: Մենք նրան ճանաչում ենք որպես ժամանակակից, կատարելագործված մարդու, մի քիչ սառը, մի քիչ հիասթափված, մի քիչ թերահավատ, մի քիչ հոգնած: Բայց նա ավելի ու ավելի է երիտասարդանում, ջերմանում, ավելի նշանակալից ու կարամազովյան է դառնում: Հենց նա է հորինել «Մեծ հավատաքննիչը»: Հենց նա է մերժում եւ խորն արհամարհանք տածում մարդասպանի նկատմամբ`ընդունելով, որ նա իր եղբայրն է, որը տառապում է սեփական մեղքի գիտակցումով եւ ինքնախարազանմամբ: Եվ հենց նա է սահուն անցում կատարում անգիտակցականից հոգեւոր ոլորտ (հենց դրա շուրջ է պտտվում ամեն ինչ: Դրանում է ողջ անկման, ամբողջ վերածննդի իմաստը): Վեպի վերջին գրքում կա մի տարօրինակ գլուխ, որտեղ Իվանը, վերադառնալով Սմերդյակովի մոտից, տեսնում է սատանային` նստած իր բնակարանում, եւ մեկ ժամ խոսում է նրա հետ: Այդ սատանան ոչ այլ ոք է, քան անգիտակից Իվանը, նրա հոգու խորտակված եւ մոռացված էության տարուբերվող անկյունը: Եվ նա դա գիտի, Իվանը դա գիտի ապշեցուցիչ վստահությամբ եւ այդ մասին էլ պարզ խոսում է: Նա, այնուամենայնիվ, խոսում է սատանայի հետ, հավատում է նրան, քանի որ այն, ինչը ներսում է, նաեւ դրսում է, բարկանում եւ հարձակվում է նրա վրա, նույնիսկ բաժակ է նետում նրա ուղղությամբ, քանի որ գիտի, որ նա իր ներսում է: Ոչ մի բանաստեղծության մեջ երբեք մարդու ենթագիտակցական զրույցն ավելի պարզ ու պատկերավոր չի ներկայացվել: Եվ այդ խոսակցությունը (չնայած զայրույթի բոլոր պոռթկումներին), սատանայի մոտ գնալը, հենց այն ճանապարհն է, որը կոչված են ցույց տալու մեզ Կարամազովները: Այստեղ, սակայն, Դոստոեւսկու մոտ, անգիտակցականը պատկերված է սատանայի կերպարով: Այդ ամենը ճիշտ է, քանի որ մեր ներսում ընտելացած, կատարելագործված եւ բարոյական հայացքի տեսանկյունից սատանայական եւ ատելի է այն ամենն, ինչը ճնշված է, եւ ինչը մենք կրում ենք մեր հոգում: Իվանի եւ Ալյոշայի միասնությունն ավելի ցանկալի, կայուն տեսանկյուն կձեւավորի, որն ապագա նորի համար կարող է հիմք լինել: Այս դեպքում արդեն անգիտակցականն արդեն սատանան չէ, այլ` Աստված-սատանան, արարիչ ուժը, որը միշտ ներկա է, եւ ումից կարելի է ամեն ինչ սպասել: Բարին ու չարը նորից քննելը հավիտենական արարչի գործը չէ, այլ`մարդկության եւ փոքր աստվածների:
Առանձին գլուխ կարելի էր գրել մյուսի`հինգերորդ Կարամազովի մասին, որը գրքում խաղում է անսովոր գլխավոր դերը, թեեւ միշտ մնում է կիսաթաքնված: Նա Սմերդյակովն է, ոչ օրինական Կարամազովը: Հենց նա է սպանել ծերունուն: Նա այն մարդասպանն է, որը համոզված է Աստծո`ամենուր ներկայության մեջ: Նա հենց այն անձն է, որին լավ է ճանաչում Իվանը`լավատեղյակ մարդը, որն ուսուցանում է ամենաաստվածային եւ ամենաանսովոր բաների մասին: Բոլոր Կարամազովներից նա ամենակենսունակն է եւ միաժամանակ ամենաիմաստունը: Բայց այդ բոլոր մտորումների մեջ ես չեմ տեսնում նրա նկատմամբ արդարադատություն իրականացնելու ամենասարսափելի տարբերակը:
Դոստոեւսկու գիրքը սպառիչ չէ: Ես կարող էի օրեր անցկացնել`փնտրելով եւ գտնելով նոր գնացքներ, որոնք բոլորն էլ մեկնում են նույն ուղղությամբ: Առաջին բանը, որ գալիս է միտս, այդ գեղեցիկ, նույնիսկ սքանչելի` զույգ Խոխլակովների հիստերիան է: Այստեղ մենք նկատի ունենք Կարամազովի կերպարը, որը մարմնավորում է նորությունը, հիվանդությունը: Մայր Խոխլակովան պարզապես հիվանդ է: Նրա համար, ում էությունը դեռեւս արմատացած է հնի եւ ավանդականի շրջանակներում, հիստերիան միայն հիվանդություն է, թուլություն, հիմարություն: Դստեր դեպքում, սակայն, ոչ թե հոգնածությունն է փոխակերպվում եւ արտահայտվում հիստերիայով, այլ դրա ավելցուկն է փոխանցվում ապագային: Մանկության եւ հասունության տարիներին, անցնելով դժվարությունների միջով, նա իր գաղափարներն ու տեսլականներն ավելի շատ է վերածում չարիքի, քան իր անհայտ մայրը. այնուամենայնիվ, դստեր մեջ ամենաապշեցուցիչը, նաեւ`ամենաչարն ու անամոթը, անմեղությունն ու ուժն են, որոնք ամբողջությամբ մատնանշում են բեղմնավոր ապագան: Մայր Խոխլակովան հիստերիկ է, դրա համար էլ նրան տարել են առողջարան:
Դուստրը նյարդային է, որի հիվանդությունը միայն ամենաազնիվ, բայց արգելակված ուժերի ախտանիշն է:
Եւ այս արարքները, որոնք բխում են վիպական կերպարների հոգիներից, արդյո՞ք Եվրոպայի մայրամուտն են խորհրդանշում:
Իհարկե, Դուք ցույց եք տալիս, թե ինչպես է տեսանողի աչքով դիտվող խոտի յուրաքանչյուր շյուղը գարնանը խորհրդանշում կյանքը եւ նրա հավերժությունը, իսկ նոյեմբերին յուրաքանչյուր տարուբերվող տերեւ խորհրդանշում է մահը եւ դրա անհրաժեշտությունը: Հնարավոր է, որ ողջ «Եվրոպայի մայրամուտը» տեղի ունենա «միայն» ներքուստ, միայն մեկ սերնդի հոգում, միայն օգտագործված խորհրդանիշների վերաիմաստավորման, հոգեւոր արժեքների վերագնահատման միջոցով: Հնությունը`եվրոպական մշակույթի այդ առաջին փայլուն դրոշմը, չանհետացավ ո՛չ Ներոնի, ո՛չ Սպարտակի, ո՛չ էլ գերմանացիների պատճառով, այլ միայն Ասիայից ներխուժած մտքի այդ ծիլերի, այդ պարզ, հին մտքի պատճառով, որի կրողն էր նա այնտեղ երկար ժամանակ եւ այդ ժամանակ էլ ընդունել էր Հիսուսի ուսմունքը:
Իհարկե, ցանկության դեպքում կարելի է «Կարամազովներին» դիտարկել նաեւ գրական տեսանկյունից, նույնիսկ որպես «արվեստի գործ»: Երբ մի ամբողջ մայրցամաքի եւ դարաշրջանի ենթագիտակցությունը խտացել է միայնակ, մարգարեական երազողի հոգում , երբ այն խլանում է նրա թրթռուն, սարսափելի ճիչի մեջ, ապա այդ ճիչն ընկալելի է երաժշտության ուսուցչի տեսանկյունից: Կասկածից վեր է, որ Դոստոեւսկին նաեւ շատ շնորհալի բանաստեղծ էր, չնայած այն հրեշներին, որոնց կարելի է գտնել նրա գործերում, եւ որոնցից ձերբազատված է Տուրգենեւի նման ամուր բանաստեղծը: Հիսուսը նույնպես բավականին շնորհալի բանաստեղծ էր, բայց արդյո՞ք դա կարեւոր է: Դոստոեւսկուն եւ հատկապես «Կարամազովներին» բնորոշ են կյանքից գրեթե կտրված անճաշակությունները, որոնց երբեք չեն բախվում արվեստագետները, եւ որոնք հայտնվում են միայն այն ժամանակ, երբ մարդն իրեն դուրս է մղում արվեստից: Միեւնույնն է, այդ ռուս մարգարեն այստեղ եւ այնտեղ բացահայտվում է որպես նկարիչ, որպես համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետ, եւ տարօրինակ զգացումներ են ծնվում, որ այն ժամանակների Եվրոպայում, երբ Դոստոեւսկին արդեն գրել էր իր բոլոր գործերը, բոլորովին այլ արվեստագետներ եվրոպացի մեծ բանաստեղծների համար այլ արժեք ունեին:
Այստեղ, սակայն, ես գնում եմ հարակից ճանապարհով:Ես ուզում եմ ասել` որքան համաշխարհային ճանաչում ունեցող գիրքը քիչ նմանվի արվեստի գործի, այնքան ավելի արժանահավատ կարող է լինել դրա մարգարեությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ «վեպը», առակը, գյուտը, «Կարամազովներին» այնքան բան են ասում, այնքան նշանակալից են, որ ինձ չեն թվում կամայական, մեկ մարդու հորինվածք, բանաստեղծի գործ: Օրինակ, ողջ վեպի գլխավոր միտքը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ` Կարամազովներն անմեղ են:
Բոլոր այդ չորս Կարամազովները`հայր եւ որդիներ, կասկածելի, վտանգավոր, անկանխատեսելի մարդիկ են, տարօրինակ ձեւով անբարեխիղճ. մեկը հարբեցող է, մյուսը`կնամոլ, մեկը` ֆանտաստիկ փախստական, մյուսը`Աստծուն թաքուն հայհոյող բանաստեղծ: Իրականում այդ տարօրինակ եղբայրները մեծ վտանգի աղբյուր են: Նրանք քաշքշում են ուրիշների մորուքից, վատնում ուրիշների փողերը, ուրիշներին սպառնում են սպանությամբ, սակայն իրականում անմեղ են, ոչ մի հանցավոր արարք չեն արել: Այս երկարաշունչ վեպում, որը բացառապես սպանության, կողոպուտի եւ մեղքի մասին է, եզակի մարդասպանները, սպանության միակ մեղավորները դատախազն ու երդվյալ ատենակալներն են, դատապարտվածների ներկայացուցիչները, ինչը փորձարկված կարգ է անբասիր քաղաքացիների համար: Նրանք դատապարտում են անմեղ Դմիտրիին, ծաղրում են նրա անմեղությունը, դատավորի նման դատում են Աստծուն եւ աշխարհին իրենց օրենսգրքով: Եվ հենց նրանք են սխալվում, հենց նրանք են գործում սարսափելի անարդարություններ, հենց նրանք են դառնում մարդասպաններ, որոնք տառապում են փոքրոգությամբ, վախով եւ նեղմտությամբ:
Դա ո՛չ գյուտ է, ո՛չ էլ գրական ստեղծագործություն: Դա ո՛չ դետեկտիվ գրականության հնարամտությունն է (ինչպես նաեւ`Դոստոեւսկու), ո՛չ էլ խելացի հեղինակի երգիծական սրամտությունը, որը խաղում է դարանակալած սոցիալական քննադատի դերը: Մենք ծանոթ ենք այդ տոնայնությանը, սակայն վաղուց արդեն չենք վստահում դրան: Բայց ոչ, Դոստոեւսկու մոտ հանցագործների անմեղությունը եւ դատավորների մեղքը ոչ մի կերպ ապացուցված չէ, այն այնքան սարսափելի է, ծագում եւ աճում է այնքան գաղտնի եւ այնքան խորը հողի մեջ, որ այս վեպի վերջին գիրքը պատի պես կանգնած է այդ փաստի առջեւ, ինչպես աշխարհի բոլոր դժբախտությունների եւ անհեթեթությունների առջեւ, ինչպես առաջին հերթին մարդկության տառապանքի եւ անհասկացողության առջեւ:
Ես կարծում եմ, որ իրականում Դոստոեւսկին պոետ չի եղել, կամ դա եղել է պատահականություն: Ես նրան անվանում էի մարգարե: Դժվար է ասելը, թե դա իրականում ինչ է նշանակում: Դա նշանակում է պարզապես մարգարե: Իմ տպավորությամբ` մարգարեն հիվանդ մարդ է, ինչպես Դոստոեւսկին իսկապես հիստերիկ էր, գրեթե էպիլեպտիկ: Մարգարեն այնպիսի հիվանդ է, որը կորցրել է ինքնապահպանման առողջ, բարի, բարերար բնազդը, նա քաղաքացիական բոլոր առաքինությունների մարմնավորումն է: Այդպես չի կարող երկար տեւել, հակառակ դեպքում`աշխարհը կմասնատվի: Հիվանդի այդ տեսակը, թող որ նրան կոչեն Դոստոեւսկի կամ Կարամազով, օժտված է այն տարօրինակ, գաղտնի, հիվանդ, աստվածային ունակությամբ, որն ասիացին հարգում է յուրաքանչյուր խելագարի մեջ: Նա գուշակող է, նա տեսանող է: Դա նշանակում է, որ ժողովուրդը, ժամանակը, երկիրը կամ աշխարհի մի մասն իր մեջ զարգացրել է մի օրգան, զգայական եղջյուր, հազվագյուտ, չափազանց ազնիվ, չափազանց զգայուն օրգան, որը չունեն ուրիշները, եւ որը կարող է հոգալ իրենց փրկության եւ երջանկության մասին: Այդ եղջյուրը, շոշափելի այդ զգացողությունը չպետք է ընկալել բիրտ կերպով, որպես հեռազգացողության եւ կախարդանքի մի մաս, թեեւ տաղանդը կարող է նաեւ զարմանալի դրսեւորումներ ունենալ: Ավելի շուտ սա հիշեցնում է այն դեպքը, երբ նման «հիվանդը» իր հոգու տեղաշարժը ներկայացնում է որպես համընդհանուր եւ մարդասիրական քայլ: Բոլորն ունեն տեսլիքներ, ունեն երեւակայություն, ունեն երազանքներ: Եվ մարդկության ամեն մի տեսիլք, ամեն մի երազանք, ամեն մի գաղափար ու միտք, անգիտակցականից գիտակից դառնալու ճանապարհին, կարող է ունենալ հազար ու մի մեկնաբանություններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ճիշտ ընկալվել: Տեսանողն ու մարգարեն անձամբ չեն մեկնաբանում իրենց տեսիլքները, մղձավանջը, որոնք ճնշում են իրենց, չեն հիշեցնում անձամբ իրենց հիվանդության կամ մահվան մասին, այլ ամբողջի մասին, որպես նրա օրգանի, որպես իր եղջյուրի, որով նա ապրում է: Դա կարող է լինել ընտանիքը, կուսակցությունը, ժողովուրդը, կարող է լինել նաեւ ողջ մարդկությունը:
Այն, ինչը մենք այլ կերպ անվանում ենք հիստերիա, Դոստոեւսկու հոգում արտահայտվում էր որպես հիվանդության կամ տառապանքի ունակություն`մարդկությանը ծառայելու որպես ուղեցույց եւ բարոմետր: Նա պատրաստվում է դա գիտակցել: Եվրոպայի կեսը, գոնե Արեւելյան Եվրոպայի կեսն արդեն քաոսի ճանապարհին է, սրբազան երազանքների մեջ հարբած քշում է անդունդի երկայնքով եւ օրհներգ երգում, ինչպես Դմիտրի Կարամազովն էր երգում: Իսկ վիրավորված քաղաքացին ծիծաղում է այդ երգերի վրա, սուրբն ու տեսանողն արտասվելով է լսում դրանք:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի