Միլենա Բաղդասարյան | Կարևորի հետևից

-1, 2, 5․․․
-Ի՞նչ ես անում։
-Պղպջակներն եմ հաշվում։
-Նույն անգրագետն ես մնացել։ Պոլիտեխնիկն էլ քեզ չփրկեց։
-Թե չէ որ Ամերիկյան ընդունվեցիր ինչ․․․
Ու երկար մատներդ թեյի բաժակի ամբողջ երկայնքով փաթաթելով՝ անշնորքի պես շարունակում ես․
-Ասում ես՝ ի՞նչ գործ ունեիր Գյումրու Պոլիտեխնիկի տարածքում։
-Եկել էի ընկերուհուս տեսնեի, you know, Անուշիկին։
-Հաա, Անուշիկին։ Know, know։ Շա՜ տ անուշ աղջիկ ա։
-Հա՞։
-Հա՛։
«Նույն բաբնիկն ես մնացել»,- մտածում եմ ես ու փորձում կուլ տալ բերանիս աջ անկյունում անհարմար տեղավորած տորթի կտորը։ Արագությունից տորթը ծամելու փոխարեն լեզուս եմ ծամում ու ցավից կոպերս ուժեղ սեղմում աչքատակիս, որ չճչամ։
-Ուզում ես ասել՝ քունդ տարա՞վ ինձ հետ խոսելուց։
-Չէ՛։ Ուզում եմ ասել՝ հերիք է խոսես, թող տորթս ուտեմ։
Անսպասելիորեն ժպտում ես ու, ավելի անսպասելիորեն, լռում։ Դեռ մանկապարտեզից՝ քեզ լռեցնելը բարդ խնդիր էր, ֆիզիկայի լուծածդ խնդիրներից էլ բարդ։ Իսկ հիմա ընդամենը մի նախադասությամբ լռել ես սովորել։ Կամ ես եմ լռեցնելու ձևը սովորել։ Չգիտեմ։
-Ինչի՞ համար անհետացար։
-Փաստորեն լավ չեմ սերտել ձևը։
-Ի՞նչ ձև։
-Հեչ, մտածում եմ, բարձրաձայն։
-Հա, դա նորություն չի։ Բայց, ասում ես՝ ինչի համար անհետացա՞ր։
-Բանը…you know, դե մենք գնացինք Գյումրիից, Երևան եկանք, էլ ժամանակ չկար։
-Ինչի՞ն ժամանակ չկար, Արևի՛կ։
-Պիտի պարապեի, Արտա՛կ։
-Պարապեցի՞ր։
-Հա, անվճար եմ Ամերիկյանում։
-Ապրե՛ս։
Ու էլի լռում ես։ «Չէ, էսպես չի լինի․ լռությունը խրոնիկ ա դարձել սրա մոտ»,- մտածում եմ ես ու ճկույթովս հրում թեյիս բաժակը, որ լցվի քո վրա ու էլի բորբոքված խոսես։
-Վա՜յ, կներե՜ ս, Արտա՛կ։ Ճկույթս էր։ Արտա՞կ։
-Բան չեղավ։ Տորթդ վերջացրու, դուրս գանք էստեղից։
-Արդե՞ն։
-Քննության եմ վաղը։
-Դու լավ էիր ֆիզիկայից։
-Անգլի քննության եմ։
-Վա՜ յ, ես քեզ կօգնեմ, իրար հետ կպարապենք։
-Չէ՛, Արև։ Մեր կուրսի Լիլիթի հետ պայմանավորվել եմ արդեն։
-Հա՜ ։
-Վերջացրի՞ր տորթդ։
-Չէ դեռ։
Պատառաքաղի չորս ատամներով սկսում եմ ֆուտբոլ խաղալ տորթի վերջին կտորի հետ։ Չեմ ուզում գնանք։ Վազող տողի նման աչքերիս առջևով անցնում եմ ես՝ Գյումրիից Երևան եկող գնացքի մեջ։ Ուզում եմ թեյի քո բաժակն էլ շուռ տալ սեղանին, արագ հայացք եմ նետում բաժակիդ․ մեջը թեյ չկա։
-Էլի կուզե՞ս թեյ։
-Ինչպես տեսնում ես՝ չէ։ Ուզեի՝ կպատվիրեի։ Շտապում եմ, Արև։
-Որ հասնես Լիլիթի՞դ։
– Չէ, որ լիկվիդ չմնամ։
-Լիկվիդ, Լիլիթ․ ինչ էլ մոտ անուններ ես ընտրել։
-Քեզ համար մեկ չի՞։ Դու անվճար ես։
-Իմ անվճարը քո լիկվիդի հետ ի՞նչ կապ ունի։
-Բա ես քո անվճարի հետ ի՞նչ կապ ունեի։
Ինչպես միշտ՝ մեկ գոլիս տասը գոլով ես պատասխանում ու ստիպում, որ բիբերս քո բիբերից ամաչեն ու խուճապից տորթի կտորից բացի նայելու ուրիշ տեղ չգտնեն ու նույն տորթի կտորի հետ էլ շարունակեն ֆուտբոլ խաղալ։ «Դու աղջիկ ես, Արևի՛կ, իմաստուն աղջիկ»,- ասում եմ ինքս ինձ ու փորձում գոնե աղջկական հնարքներով քեզ ավելի երկար պահել սրճարանում։ Աչքերս տորթից բարձրացնում ու հառում եմ սրճարանի թափանցիկ պատուհանին՝ գլուխս ձախ ուսիս հենելով, որ վիզս երկար երևա ու որ հիանաս ինձնով։
-Ընձուղտ մի՛ խաղա, վիզդ կպոկվի։
-Ի՞նչ։
-Ես ձեր հնարքները տասը մատիս պես գիտեմ։ Հա, ու համ էլ գիտեմ, որ դու մյուս ընձուղտների նման չես։
Ասում ես ու աչքով մատուցողին հաշիվը բերելու նշան տալիս։ Ամոթից թաթախվում եմ տորթիս վերջին կտորի մեջ ու նորից ամուր սեղմում կոպերս։ Տատիկս ասել էր, որ երբ մարդ տխուր է լինում, սիրտը սկսում է ցավել, ու որ սրտի ցավն ամենաանտանելի ցավերից է։ Ես էլ ամեն անգամ տխրելիս դանակով մատս էի քերծում կամ ուժեղ կմճթում ձեռքս, որ այդ ցավը չեզոքացնի սրտինս ու որ ցավը «տանելի» դառնա։ Հիմա էլ ուժեղ կոպերս եմ սեղմում, որ բիբերս ցավեն։
-Գնացի՞նք։
-Չեմ վերջացրել։
-Խաղալու ժամանակ չունեմ, Արև․ կյանքում խաղերից ավելի կարևոր բաներ կան։
-Լիկվիդներից էլ։
-Անվճարից էլ։
Տորթի վերջին կտորը կուլ տալուն համընթաց քեզ նորից չկորցնելու հույսս եմ կուլ տալիս, վեր եմ կենում տեղիցս ու փորձում որքան հնարավոր է արագ շարֆս փաթաթել վզիս։ Մեկ անգամ ես եմ որոշել թողնել քեզ, թող այս անգամ էլ հպարտությամբ ընդունեմ ինձ թողնելու քո՛ որոշումը։
-Համալսարան ես գալիս, չէ՞։
-Չէ, կայարան կգնամ միանգամից։
-Անուշիկին չպիտի՞ տեսնեիր։
-Չէ, թող մնա մի ուրիշ օր։
-Լրիվ ընձուղտ ես դարձել,- ասում ես ու ինչքան հնարավոր է ուժեղ բացում սրճարանի դուռը։ Փորձում եմ լույսի արագությամբ անցնել բացածդ դռան միջով, որ արագ անցնի պարտությանս րոպեն, որ լեզուս հպարտությանս շինած վանդակից դուրս չթռչի ու չասի, որ Գյումրի գալուս միակ պատճառը քեզ նորից տեսնելն էր ու ամեն ինչ նորից սկսելը, որ մարմնիս բոլոր բջիջներով գիտակցել եմ սխալս ու հասկացել, որ անվճարից ու լիկվիդներից ավելի կարևոր բաներ կան կյանքում, դե օրինակ քեզ լռեցնել չկարողանալը կամ թեյի բաժակը ճկույթով դեպի քեզ հրելը։ Փորձում եմ որքան հնարավոր է արագ ճեղքել ինձ ու քեզ կապող դռնաչափ տարածությունը, որովհետև Գյումրի-Երևան գնացքը հասցրել էր սովորեցնել ինձ, որ ամենից շատ ես բաժանումներն ու հրաժեշտներն եմ ատում։ Վերջապես, շունչս պահած անցնում եմ բացածդ դռան միջով, հաջողություն ասելու համար նայում դեմքիդ, ու խոսելուս ունակությունը կրկին դավաճանում է ինձ, երբ տեսնում եմ դեմքիդ հանգիստ ու ներդաշնակ արտահայտությունը։ Փակում ես սրճարանի դուռն ու աչքերդ ձյան փաթիլների միջով հառում ինձ։
-Նույն կարմիր քիթիկովն ես մնացել։
-Ցրտից է, -պատասխանում եմ ու շշմած մտածում, թե ինչ հանգստությամբ կարող են մարդիկ կատակել հրաժեշտի պահերին։
Նայում ես քթիս կարմրած ծայրին, ապա՝ սրճարանի դռանը, երկու վայրկյան մտածելուց հետո բացում ես դուռն ու ցրտից կարմիր «շրթներկով» ներկված շուրթերիդ արանքից մեղմ արտաբերում․
-Սիրտս էլի թեյ ուզեց։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *