Կարինե Հարությունյան | Ընթացք

Լուսաբացը փողոցն ավլող կանայք են բերում. ոչինչ, որ նրանց հագուստը հին ու կարկատաններով է, դեմքները` մրոտ, ձեռքերին` քրքրված ձեռնոցներ, ձեռքերի մաշկը` հաստ ու ճաքճքած, փոխարենը` նրանք միշտ խնամքով շրթներկ են քսած լինում, մուգ կարմիր շրթներկ: Նոր-Արեշ, 10 փողոց` այստեղ միշտ երեք կին է ավլում` Սոնան, Էլիզն ու Նանեն: Սոնան ու Էլիզը պետք է ավլեն, իսկ Նանեն` աղբը հավաքի, բայց, իբրև սովորություն, երեքն էլ ավլում ու տեղում իրենց աղբը հավաքում են: Սպիտակ «Նիվա» է անցնում` բարձր երաժշտությամբ ու այնպիսի արագությամբ, որ կանանց` իրար գլխի կուտակած աղբը ցրիվ է գալիս: Կանայք շրջվում ու մեքենային են նայում, հետո գնում ու սկսում շաղ եկած աղբը հավաքել` ամեն առավոտ կանանց խոսակցության թեման նույնն է` տարբեր սկզբով:
-Մի տղայի եղածն ինչ է` չբաշարեցիր քեզնով անել, հետը լեզու գտնել ու տուն-ընտանիք ունենալ: Բայց, ոչինչ, եվրոպաներում մարդիկ 50-ում էլ են ամուսնանում, Նանե ջան: Դու մենակ մաքուր ավլիր, որ մարդդ սիրուն լինի,-ասում է Սոնան ու կանանց ծիծաղի զրնգոցը տարածվում է դատարկ փողոցում:
-Դու որ մարդ ունես` ո՞ւմ է պետք` երկուսիս օրն էլ ավելով է սկսվում: Այ, երեխան, ուրիշ բան, գոնե գիտես` ծերությանդ ժամանակ ջուր տվող կլինի,-հոգոց հանելով ասում է Նանեն:
Քանի որ խոսակցության լրջացումը ոչ մեկին ձեռնտու չէ` դրսում -10 է, իրենք էլ` ավլելու դեռ շատ փողոցներ ունեն, Սոնան ընդհատում է ծանրացած լռությունը:
-Նանե ջան, չմտածես, ես ու մարդս էլ ինչքան քնել-զարթնել ենք, երեխա ենք ունեցել, 9 երեխա ունեմ, մեկին ջրի շշով կուղարկեմ մոտդ` ծարավ չես մնա: Դու ավելի լավ է` մարդու մասին մտածիր, մեկը լինի` ջան ասեք-ջան լսեք, ձեզ ուրիշ անելու բան չի մնացել էս տարիքում,-ծիծաղով ասում է Սոնան:
Նանեն էլ է ծիծաղում, բայց վայրկյաններ անց երկար կոթով ավելն առնում, գալիս է Սոնայի մոտ:
-Սոն, բայց ինչի՞ ես էդպես ասում: Հլը ճիշտն ասա` մարդուդ հետ էն բանից էլ չե՞ք անում, թե՞ ողջ ուժը ծախսել է 9 երեխու մեջ,-ամաչելով հարցնում է Նանեն ու կանայք նորից խեղդվում են ծիծաղի մեջ:
Սոնան ուզում է ինչ-որ բան ասել, բայց Էլիզը խոսակցությունն իր ձեռքն է վերցնում ու սկսում.
-Տղամարդկանց մոտ 50-ից հետո երկրորդ շունչ է բացվում: Էն օրը գիրք էի կարդում, ասում է` կան տղամարդիկ, որոնց սեռակարողությունը…
Կանանց ծիծաղն ընդհատում է Էլիզի խոսքը:
-Ինչակարողությո՞ւն… Էլիզ ջան, առավոտ շուտ բարդ բառեր մի ասա, էլի: Էդ երկու բառը բաժանի իրարից, առանձին-առանձին ասա, թե չէ` ամուսնանալս ընդհանրապես չի գա,-ասում է Նանեն ու սկսում ավլել Սոնայի` արդեն իսկ ավլած տարածքը:
-Լավ, պարզ ասեմ` 50-ից հետո դեռ մի 10-15 տարի կարող ես վայելել տղամարդուդ, բնականաբար, ընդմիջումներով ու խնայողությամբ: Նկատի ունեմ` պետք է հաշվի առնել, որ ինքն արդեն այդ ընթացքում ծախսել է իրեն բաժին հասած սերմնաթելիկների զգալի մասը, իսկ ձեր ձվաբջիջներն անհուսությունից ինքնասպանություն են գործել,-հաղթական ասում է Էլիզը, փչելով հեռացնում դեմքին ընկած մազափունջն ու մտածում.«Տեսնե՞ս տեղ հասավ ասածս»:

Էլիզը երազում էր ֆիզիկայի ուսուցչուհի դառնալ: Մտածում էր` կամուսնանա, երեխա կունենա ու դպրոցում կաշխատի` աչքն իր երեխաների վրա: Էլիզն ամուսնացավ, բայց այդպես էլ երեխա չունեցավ, ինչի պատճառով էլ ուսումը կիսատ թողեց ու սկսեց տարբեր դռներ թակել` հեքիմ, սնխչի, բժշկություն, գուշակներ, աղոթք` ոչինչ չօգնեց: Էլիզի ամուսինը ժամագործ է, ըստ Էլիզի` հնացած մասնագիտություն. ժամանակի գոյության մասին միայն ջահելներն են մտածում, ովքեր էլ փող չունեն: Էլիզը, սակայն, երջանիկ կին է. ամուսինու հետ վարձով է ապրում, հնացած ժամացույցներով լեցուն սենյակում ամեն օր սիրով զբաղվում` հաճույքի ձայները կկվի «կու-կու»-ին խառնած ու սլաքների տկտկոցից մեկի ռիթմը բռնած: Էլիզի ամուսինը նաև լավ զրուցակից է, միայն թե` սեր անելուց հետո, մինչև սիրով զբաղվելը զրույցը կորած է: Էլիզը դեռ հավատում է, որ երեխա է ունենալու, դրա համար էլ երբեմն-երբեմն ռեժիմը խախտում ու օրը երկու անգամ է սեր անում:

 

***
Նանեն մտախոհ է` միտքն ինչ-որ բառերի տարածքն է չափչփում, ինչ-որ բան է պատկերացնում ու, ժպտում, հետո ներքևի շրթունքը կծում ու աչքերը երանությամբ փակում: Սոնան Էլիզին աչքով է տալիս` Նանեի կողմը նայելով:
-Նանե, էդ ի՞նչ ես պատկերացնում: Տունդ չքանդվի, հա՜, գոնե մի երկու սիրած ունենայիր, կիմանայինք` հիշելու բան ունես, հուշերով ես տարվել,-ասում է Սոնան ու ուզում շարունակել, բայց նորից նույն սպիտակ ավտոմեքենան է անցնում` այնքան արագ, որ կանայք չեն էլ հասցնում նայել` ինչ մեքենա էր:
-Նանե, կա-չկա, քո ասպետն է, «Պատահականությունների տեսության» մեջ էլ է այդպես ասվում` եթե մի բանը կրկնվում է մեկից ավելի անգամ, ուրեմն` մի շտապիր դրան պատահականություն անվանել,-ձեռնոցը հանելով ու սառած մատներով ճակատից մազափունջը հեռացնելով` շարունակում է Էլիզը.-Հաստատ էն սպիտակ բարձր ավտոն էր, չէ՞:
-Հա, էն մեքենան էր, որովհետև նույն երաժշտությունն էր հնչում: Ճաշակով տղա է երևում` անգլերենով երգեր է լսում, ուր է, թե մեր Նանեին հավանած լինի,-Սոնան նստել է սառած ցայտաղբյուրի վրա ու ուշադիր նայում է մեքենայի բարձրացրած փոշուն: -Մտածե՞լ եք` այսքան փոշի ոնց է հավաքվում քաղաքում` ամեն օր ավլում ենք. երևի մարդկանց միջի չարությունն է:
Էլիզն ու Նանեն զարմացած իրար են նայում, հետո Նանեն հեգնելով հարցնում է.
-Սոն, չլինի՞ սկեսուրդ գյուղից ձեզ մոտ է տեղափոխվել` չարությունից ես խոսում:
Երեքն էլ ծիծաղում են, ծիծաղում ու նորից սկսում ավլել:

Սոնան դպրոցն ավարտել ու տեխնիկում էր ընդունվել, բայց երկրորդ կուրսում սիրահարվել էր համակուրսեցուն, ամուսնացել, տարին տարվա վրա 9 երեխա ունեցել ու անցել տնային տնտեսուհու կյանքի: Ամեն երեխայից հետո տունն ավելի լցվել, բայց հոգսն ավելի էր շատացել: Սոնայի ամուսնու երկու եղբայրներն Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվել էին. ամուսինը խոստացել էր 9 երեխա ունենալ` երեքական` յուրաքանչյուր ծուխի համար: Սոնան այդ մասին 3-րդ երեխայից հետո էր իմացել, երբ ամուսնուն ակնարկել էր, թե երեքը բավ է: Սակայն ամուսինն ասել էր` 9 երեխա ենք ունենալու ու վերջ` հարցը քննարկման չէր էլ դրվել: Սոնան երջանիկ էր որպես մայր. առավոտյան փողոցներն էր ավլում, իսկ երեկոյան ռեստորաններից մեկում ափսե էր լվանում, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան: Իր և ամուսնու հարաբերությունների մասին փորձում էր երկար չմտածել, քանի որ դրանք հեռու էին իր պատկերացրածից: Ամուսինն աշխատասեր էր` առավոտյան կայարանում ապրանք էր դատարկում, ցերեկը շինարարություն անում, իսկ երեկոյան տաքսի վարում. իրար հետ շփվելու ժամանակ չէր լինում: Չոր մարդ էր ամուսինը. պատերազմ տեսած մարդը փափուկ չի լինի` արդարացնում էր ամուսնուն: Բայց տան մթնոլորտը միշտ ուրախ էր լինում` երեխաների աղմուկով լցված, միայն գիշերն էին անտանելի ու երկար, երբ ամուսինները մենակ էին մնում: Երկուսն էլ գիտեին` իրենց երազած կյանքով չեն ապրում, բայց իրավիճակը չբարդացնելու ու դիմացինին ցավ չպատճառելու համար երբեք չէին խոսում այդ մասին, և այդպես լուռ պառկում էին` Սոնան ամուսնու թևի տակ կծկված, ամուսինը Սոնային ամուր գրկած, մինչև հոգնածությունը կհաղթեր ու երկուսն էլ ֆսֆսոցով կքնեին:

 

***
Լռություն է: Միայն ավելի խշխշոցն է լսվում: Սոնան անհանգիստ շարժումներ է անում.
-Էդ եք, էլի, որ չխոսամ` ձայն-ծպտուն հանող չի լինի: Ինչի՞ց էինք խոսում… Հիշեցի` Նանե ջան, բայց արի ճիշտը խոսենք` տարիքի հետ քթի մազ ենք դառնում բոլորս` քանի շատ ուշ չէ, մեկին ուզի: Երկար-բարակ մի մտածիր` աշխատող լինի, տուն-տեղ ունենա, խմող, խաղացող չլինի` լավ է: Ճիշտ չե՞մ ասում:
Էլիզն ավլելով մոտենում է Նանեին`պատասխանը հետաքրքիր է: Նանեն չի շտապում պատասխանել, հետո լուրջ ձայնով ասում է.
-Ճիշտ ես, բայց կուզեմ նաև, որ ավտո ունենա` ոտքս գետնից կպոկվի, ու փոշեկուլ, որ էս ավելից պրծնեմ,-ասում է ու հաղթական նայում Սոնային` պատասխանը սպառի՞չ էր:
Սոնան ժպտում է ու ի նշան համաձայնության` գլխով անում, բայց Էլիզը զայրացած ձեռքերն օդում անորոշ պտտացնելով` հակաճառում է.
-Ավտոմեքենան կարևոր չի, Նանե ջան: Գիտե՞ս, որ տղամարդը շատ ապահովված է լինում, պահանջներն էլ շատ են լինում: Ավտոմեքենան…
Այդ պահին մեծ արագությամբ կանանց է մոտենում սպիտակ «Նիվա»-ն ու հասնելով նրանց` ընթացքը դանդաղեցնում: Ապակիները մուգ են, ներսը չի երևում` միայն երաժշտության ձայնն է բարձր հնչում: Մեքենան ազդանշան է տալիս և աջ ու ձախ շրջան գծելով` արագությամբ հեռանում:
-Վերջ, կա-չկա, մեր Նանեին հավանել է. տեսա՞ր` Նանեի կողքով անցնելիս ոնց սիգնալ տվեց: Իսկական տղամարդ` հավանել է ու տեղում զգացմունքներն ի ցույց է դնում, ափսոս, դեմքը չտեսանք,-ասում է Սոնան` աչքերը կկոցած նայելով հեռացած մեքենայի կողմը:
Նանեն ժպտում է, ձեռքով մազերն ուղղում, վերարկուի վրայից փոշին թափ տալիս և ավելը պտտեցնում` ասես թաքցնել է ուզում: Էլիզի աչքից չի վրիպում Նանեի քայլերը.
-Նանե ջան, ավելից մի ամաչիր, ինքը քեզ հենց էդպես է տեսել ու հավանել` ինչ տղամարդ է, է՜: Ոնց որ դու էլ ես հավանել, հա՞, արդեն քեզ ես կարգի բերում:
Կանայք Նանեի գլխին են հավաքվում:
-Վաղն իմ նոր վերարկուն կտամ, որ հագնես ու մեր հարևան Անոյին կասեմ` կգա, մազերդ կֆենի,-ասում է Սոնան:
-Որ համարն էիր հագնո՞ւմ: Ես էլ սապոգներս կտամ` նոր չի, բայց տեսքը լավն է` մաքուր կաշի է, մարդս է նվիրել ծնունդիս,-Սոնային շարունակում է Էլիզը ու հավելում.-մնաց օծանելիքի հարցը լուծենք, ես ունեմ, բայց հոտը երկար չի պահում:
-Գիտես` հիմա ի՞նչ կանենք: Մենք մի քիչ քեզնից հեռու կավլենք, որ կարողանա գալ ու քեզ խոսեցնել, էլ չեմուչում չանես: Վաղը կհավիրի հանդիպման, կգնաս, կհամբուրվեք, կուղեկցի տուն` մյուս ամիս էլ քեզ կտանի իրենց տուն,-Էլիզին ընդհատելով` ասում է Սոնան:
Նանեն խորը շունչ է քաշում.
-Բայց շատ արագ է վարում` ոնց որ խմած լինի: Իսկ եթե խմիչքի հետ սեր ունի` քաշվեցինք: Համ էլ մի հատ պատուհանն էլ չիջեցրեց` դեմքը տեսնեմ` աչքիս թաքցնելու բան ունի:
Էլիզը, որ լուրջ դեմքով լսում էր Նանեին, ճպպացնում է բերանն ու սկսում խոսել.
-Նանե ջան, սիրուց է խմել կամ էլ` ոչ էլ խմած է, ուղղակի ուզում է ուշադրություն գրավել, տղամարդ է, էլի:
-Է՛հ, թե դուք տղամարդկանցից ինչ եք հասկանում` արագ է քշում, խմած է, դեմքը ծածուկ է պահում: Կարևորը` մարդը քայլ է անում, լավ, թե վատ` փոփոխություն է, չնայած փոփոխության վատը չի լինում, այսինքն` դրա վատը ամենօրյա լավից էլ լավ է: Ինչեր եմ, է, խոսում: Մի խոսքով… Հե՜ն է, աչքիս ինքն է, Էլիզ, ավելդ վերցրու, գնացինք հեռու,-ասում է Սոնան ու գրեթե վազելով շարժվում դիմացի մայթ:

Նանեն նկարչուհի է, ժամանակին ինստիտուտում երկու ցուցահանդես է ունեցել: Այդ տարիներին Նանեն սիրահարվել էր ժամանակակից նկարիչներից մեկին, բայց այդպես էլ այդ սիրո մասին, Նանեից բացի, ոչ ոք չիմացավ: Տարիներ անցան`տղամարդն ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց Նանեի կյանքն այդպես էլ չդասավորվեց` Նանեն սպասում էր, սպասում էր, որ կգա նա, ով իր կյանքը միանգամից կփոխի: Նանեի ծնողները ծեր են, Նանեին համոզում էին «իր հետևից ընկած» հազար տղամարդկանցից մեկին ընտրել, որ թոռան երես տեսնեն: Բայց Նանեն ոչ մեկին չէր հավանում` շարունակելով սպասել երևակայական մեկին, ում հետ մտովի եթե երիտասարդ տարիներին ժամերով զրուցում էր, հիմա արդեն սկսել էր անընդհատ վիճել` ամեն փոքր առիթից, անպատեհ:

***
Սպիտակ «Նիվա»-ն մոտենում է: Էլիզն ու Սոնան արդեն դիմացի մայթ են անցել:
-Չշրջվե՛ս, որ չամաչեն,-ասում է Սոնան:
Երկուսն էլ կռացած, ավելը ձեռքներին բռնած, բայց լուռ կանգնած են, չեն ավլում` ձայներից են ուզում կատարվելիքի մասին իմանալ:
Մեքենան, աջ ու ձախ ոլորվելով, արագությամբ մոտենում է և հանկարծ մեքենայի անիվների բարձր ճռռոցը, թե Նանեի ճիչն է լսվում: Գերեզմանատներում տիրող խիտ լռություն է` կանայք չեն հանդգնում շրջվել, ուզում են` կատարվածին տեսք տալ, իրենց ուզած տեսքը: Ասֆալտի ու անիվների շփումից քամու սուլոցն է լսվում, մեքենան արագությամբ հեռանում է: Սոնան ու Էլիզն առանց իրար նայելու շրջվում են. Նանեի ավելը փողոցի մեջտեղում ընկած է, Նանեն` մայթի մոտ, մազերն ավելի պես շաղ տված, պառկած:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *